Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

08 փետրվարի 2022 թվականի

թիվ 24-Ն

               

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Նպատակ ունենալով սահմանել քրաուդֆանդինգի հարթակի օպերատորների նկատմամբ իրենց գործունեության բնույթին համահունչ պահանջներ և միաժամանակ խրախուսել այս հարթակում թողարկողների և ներդրողների մուտքը՝ ամրագրելով քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման համար հստակ, արդյունավետ և ներդրողների շահերը պաշտպանող պահանջներ,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին» թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգի 1-ին գլուխը «պահանջները։» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սույն կանոնակարգը տարածվում է միայն արժեթղթերի հրապարակային առաջարկի միջոցով իրականացվող քրաուդֆանդինգի (ներդրումային քրաուդֆանդինգ) հետ կապված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման վրա։»։

2) Կանոնակարգի 1-ին կետը 19-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-33-րդ ենթակետերով.

«

20) «Քրաուդֆանդինգի ծառայություն». քրաուդֆանդինգի հարթակի միջոցով նախագծերի ֆինանսավորման նպատակով արժեթղթերում ներդրողների և դրանց թողարկողների հանդիպման միջոցի տրամադրում, որը բաղկացած է Oրենքի 25-րդ հոդվածով սահմանված հետևյալ ծառայություններից միաժամանակ.

ա. հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում և

բ. արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխման իրականացում:

21) «Քրաուդֆանդինգի հարթակի օպերատոր» կամ «հարթակի օպերատոր». ներդրումային ծառայություններ մատուցող անձ, որը մատուցում է քրաուդֆանդինգի ծառայություն:

22) «Քրաուդֆանդինգի հարթակ». ներդրումային ծառայություններ մատուցող անձի ինտերնետային կայքի միջոցով հանրությանը հասանելի հարթակ, որը կառավարվում է կամ որի գործունեությունը կազմակերպվում է հարթակի օպերատորի կողմից:

23) «Քրաուդֆանդինգի առաջարկ». քրաուդֆանդինգի հարթակի միջոցով իրականացվող արժեթղթերի հրապարակային առաջարկ, որը ներառում է քրաուդֆանդինգի հարթակում հրապարակված նախագծերի վերաբերյալ ներդրումային որոշում կայացնելու համար սույն կանոնակարգով նախատեսված և այլ անհրաժեշտ տեղեկությունները:

24) «Հաճախորդ». համաձայն Օրենքում կիրառվող նշանակության։ Ընդ որում՝ քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում հաճախորդ են համարվում ներդրողները և թողարկողները, որոնք օգտվում են հարթակի օպերատորի կողմից մատուցվող քրաուդֆանդինգի ծառայությունից, կամ որոնք դիմել են հարթակի օպերատորին քրաուդֆանդինգի ծառայությունից օգտվելու նպատակով։

25) «Թողարկող». համաձայն Օրենքում կիրառվող նշանակության։ Ընդ որում՝ քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում թողարկող է համարվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ցանկացած ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձը, որը քրաուդֆանդինգի առաջարկի միջոցով արժեթղթերի թողարկմամբ ֆինանսավորում է կամ նախատեսում է ֆինանսավորել իր նախագիծը:

26) «Նախագիծ». ծրագիր կամ բիզնես գործունեություն, որը թողարկողը ֆինանսավորում է կամ նախատեսում է ֆինանսավորել քրաուդֆանդինգի առաջարկի միջոցով:

27) «Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթ». թողարկողի, իր կողմից առաջարկվող նախագծի և արժեթղթերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որի հիման վրա իրականացվում է քրաուդֆանդինգի առաջարկը:

28) «Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի բանկային հաշիվ». Կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 20-Ն որոշմամբ հաստատված «Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի հատուկ բանկային հաշիվը, դրանում ներդրված միջոցների օգտագործման ուղղությունները, դեպքերը և պայմանները» կանոնակարգ 4/23-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 4/23) սահմանված քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի հատուկ բանկային հաշիվ:

29) «Հաշվարկային բանկ». առևտրային բանկ, որը Կանոնակարգ 4/23-ի համաձայն վարում է քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի բանկային հաշիվը:

30) «Կանոնակարգ 4/04». Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04:

31) «Խոշոր բաժնետեր». համաձայն Կանոնակարգ 4/04-ում կիրառվող նշանակության:

32) «Կառավարման մարմին». համաձայն Կանոնակարգ 4/04-ում կիրառվող նշանակության:

33) «Երաշխավորություն». համաձայն Կանոնակարգ 4/04-ում կիրառվող նշանակության:»:

3) Կանոնակարգի 38-րդ կետը 8.1-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-8.5-րդ ենթակետերով.

«8.2) Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի և թողարկողի միջև կնքվող պայմանագիրը ներառում է նաև.

ա. թողարկողի կողմից հավաստիացում առ այն, որ հարթակի օպերատորին տրամադրվող տեղեկատվությունը ճշգրիտ է, ամբողջական, առանց էական տեղեկությունների կամ փաստերի բացթողման կամ խեղաթյուրման,

բ. դրույթ առ այն, որ տվյալ նախագծին առնչվող քրաուդֆանդինգի բոլոր առաջարկները պետք է հրապարակվեն միայն տվյալ քրաուդֆանդինգի հարթակում,

գ. դրույթ առ այն, որ նախքան քրաուդֆանդինգի առաջարկի հրապարակումը, թողարկողը պարտավոր է թողարկվող արժեթղթերի ռեեստրի վարումը հանձնել մասնագիտացված ռեեստրավարին,

դ. դրույթ առ այն, որ թողարկողը պարտավորվում է ներկայացնել սույն կանոնակարգի 104-րդ և 105-րդ կետերով սահմանված լրացումներն ու փոփոխությունները,

ե. ներդրողներից ներգրավված գումարների՝ քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի բանկային հաշվից թողարկողի բանկային հաշվին փոխանցման կարգն ու պայմանները:

8.3) Սույն կետի 8.2-րդ ենթակետով սահմանված պայմանագիրը կնքված է համարվում թողարկողի կողմից քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի կողմից կազմակերպվող քրաուդֆանդինգի հարթակում դրա հաստատման պահից:

8.4) Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի և ներդրողի միջև կնքվող պայմանագիրը ներառում է նաև.

ա. ներդրողի կողմից արժեթղթերում ներդրումը կատարելու և իր ներդրման դիմաց նախատեսվող եկամուտը (շահութաբաժինը) ստանալու կարգը,

բ. դրույթ առ այն, որ ներդրողը հնարավորություն ունի սույն կանոնակարգով սահմանված դեպքերում (այդ թվում՝ ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող ներդրողների դեպքում՝ սույն կանոնակարգի 22-րդ գլխով սահմանված մտածելու ժամանակի ընթացքում) չեղյալ համարել նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ իր կողմից ներկայացված հայտը,

գ. հարթակի օպերատորի միջոցով ձեռքբերված արժեթղթերի պահառության իրականացման կարգը։

8.5) Սույն կետի 8.4-րդ ենթակետով սահմանված պայմանագիրը կնքված է համարվում ներդրողի կողմից քրաուդֆանդինգի հարթակում դրա հաստատման պահից:»։

4) Կանոնակարգը 15-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ գլխով.

«

  

ԳԼՈՒԽ 15.1.

 

ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

     

75.1. Ի լրումն սույն կանոնակարգի 13-րդ, 14-րդ և 15-րդ գլուխներով սահմանված գրանցումներ կատարելու պահանջների, քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման դեպքում հարթակի օպերատորն իրականացնում է սույն գլխով սահմանված գրանցումները:

75.2. Քրաուդֆանդինգի առաջարկի ավարտից հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալ աշխատանքային օրվա ավարտը, հարթակի օպերատորը կատարում է գրանցումներ քրաուդֆանդինգի առաջարկի էական պայմանների վերաբերյալ, որոնք առնվազն ներառում են.

1) թողարկողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում անունը, ազգանունը),

2) թողարկողի գտնվելու վայրը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում պետական հաշվառման համարը և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն), կապի միջոցները,

3) ներգրավված նպատակային գումարի մեծությունը,

4) տեղաբաշխված արժեթղթի դասը,

5) միավոր արժեթղթի գինը,

6) արժեկտրոնի տոկոսադրույքը (առկայության դեպքում), արժեթղթի տարեկան եկամտաբերությունը կամ շահութաբաժինները (առկայության դեպքում),

7) մարման ժամկետը (առկայության դեպքում),

8) ներդրողների քանակը:

75.3. Հարթակի օպերատորն ապահովում է իր հաճախորդների հետ կնքած պայմանագրերի պահպանումը պայմանագրի կնքման պահից առնվազն 7 տարի:

75.4. Հարթակի օպերատորն ապահովում է, որպեսզի իր հաճախորդները մշտապես հասանելիություն ունենան իրենց գործարքների հետ կապված գրանցումներին:»:

5) Կանոնակարգը 17-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ գլուխներով.

«

   

Գ Լ ՈՒ Խ 18. ՔՐՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՈՂԻՆ ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՇՎԻ ՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ

        

85. Հարթակի օպերատորը իր կողմից կազմակերպվող քրաուդֆանդինգի հարթակում թողարկողներին օգտատիրոջ կարգավիճակ է տրամադրում (գրանցում է թողարկողի օգտատիրոջ հաշիվը (անձնական էջը)) առնվազն հետևյալ պայմանների միաժամանակյա բավարարման դեպքում.

1) հարթակում առցանց գրանցում,

2) սույն կանոնակարգի 9-րդ գլխով սահմանված պահանջներին բավարարող պայմանագրի կնքում:

86. Թողարկողի կարգավիճակ տրամադրելու կամ քրաուդֆանդինգի հարթակում թողարկողի քրաուդֆանդինգի առաջարկը հրապարակելու վերաբերյալ որոշում կայացնելու համար հարթակի օպերատորը թողարկողից պահանջում է հետևյալ փաստաթղթերը.

1) թողարկողի կարգավիճակ ստանալու կամ քրաուդֆանդինգի առաջարկ իրականացնելու հայտը,

2) սույն կանոնակարգի 19-րդ գլխով և հարթակի օպերատորի կանոններով սահմանված թողարկողի ընտրության չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը,

3) սույն կանոնակարգի 20-րդ գլխով սահմանված քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը,

4) թողարկողի գործարար ծրագիրը,

5) բանկային հաշվի տվյալները, որին փոխանցվելու են սույն կանոնակարգի համաձայն քրաուդֆանդինգի առաջարկի արդյունքում ներդրողներից ներգրավված միջոցները,

6) վերջին հաշվետու ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունները (առկայության դեպքում), իսկ 1 տարուց պակաս գործունեություն ծավալած ընկերության դեպքում հաշվետվությունները ներկայացվում են գործունեության ողջ ժամանակահատվածի համար, անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում` ֆինանսական վիճակը բնութագրող էական ցուցանիշների հակիրճ նկարագրությունը,

7) քրաուդֆանդինգի հարթակում հրապարակվող նախագծի` Օրենքի և սույն կանոնակարգի պահանջներին բավարարող գովազդը (առկայության դեպքում),

8) հարթակի օպերատորի պահանջով անհրաժեշտ այլ տեղեկություններ։

87. Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորը սույն կանոնակարգի 86-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո՝ իր կանոններով սահմանված ժամկետում, որոշում է կայացնում թողարկողի կարգավիճակ տրամադրելուն (բացառությամբ, եթե թողարկողն արդեն ունի թողարկողի կարգավիճակ) և իր կողմից կազմակերպվող քրաուդֆանդինգի հարթակում տվյալ թողարկողի քրաուդֆանդինգի առաջարկի հրապարակմանը համաձայնություն տալու կամ այն մերժելու վերաբերյալ:

88. Հարթակի օպերատորը մերժում է թողարկողի կարգավիճակ ստանալու կամ քրաուդֆանդինգի առաջարկի հրապարակման հայտը, եթե առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը.

1) նախագծի և դրա վերաբերյալ քրաուդֆանդինգի առաջարկի պայմանները չեն բավարարում Օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ հարթակի օպերատորի կանոններով սահմանված պահանջներին,

2) թողարկողը չի բավարարում սույն կանոնակարգի 19-րդ գլխով կամ հարթակի օպերատորի կանոններով սահմանված թողարկողների ընտրության չափանիշներին,

3) եթե առկա են հիմնավոր կասկածներ, որ կարող են խախտվել Օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները,

4) հարթակի օպերատորի կանոններով կամ հարթակի օպերատորի և թողարկողի միջև կնքված պայմանագրով նախատեսված այլ մերժման հիմքերի առկայության դեպքում։

89. Հարթակի օպերատորը սույն կանոնակարգի 87-րդ կետով սահմանված որոշումը կայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է թողարկողին:

90. Հարթակի օպերատորը տեղեկացնում է Կենտրոնական բանկին իր կողմից կազմակերպվող քրաուդֆանդինգի հարթակում հրապարակվող քրաուդֆանդինգի առաջարկի մասին քրաուդֆանդինգի հարթակում դրա հրապարակումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ՝ ներկայացնելով սույն կանոնակարգի 86-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Նշված փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստով (առկայության դեպքում՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով), ՓիԴԻԷֆ ֆորմատով: Փաստաթղթերը պետք է լինեն պաշտպանված, որպեսզի հնարավոր չլինի նրանում ներառված տեղեկատվությունում կատարել որևէ փոփոխություն: Եթե փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ կամ լրացումներ, ապա այդ լրացված կամ փոփոխված մասերը ներկայացում են Կենտրոնական բանկ սույն կետում սահմանված կարգով:

91. Թողարկողի քրաուդֆանդինգի առաջարկի հրապարակմանը համաձայնություն տալուց հետո հարթակի օպերատորն իրավասու է կասեցնել կամ հետ կանչել թողարկողի կարգավիճակ տրամադրելուն կամ իր կողմից կազմակերպվող քրաուդֆանդինգի հարթակում տվյալ թողարկողի քրաուդֆանդինգի առաջարկի հրապարակմանը համաձայնություն տալու վերաբերյալ որոշումը սույն կանոնակարգի 88-րդ կետով սահմանված դեպքերից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում: Այս դեպքում հարթակի օպերատորը կասեցման կամ հետկանչման որոշման, ինչպես նաև ներդրում կատարելու վերաբերյալ ներկայացրած հայտը չեղարկելու հնարավորության մասին անհապաղ տեղեկացնում է այն ներդրողներին, որոնք սույն կանոնակարգի 22-րդ գլխի համաձայն քրաուդֆանդինգի հարթակի միջոցով ներկայացրել են հայտ տվյալ նախագծում ներդրումներ կատարելու վերաբերյալ:

           

Գ Լ ՈՒ Խ 19. ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

              

92. Հարթակի օպերատորը սույն կանոնակարգի 87-րդ կետով սահմանված որոշումը կայացնելու համար պետք է առնվազն թողարկողի համբավի վերլուծություն իրականացնի:

93. Թողարկողի համբավի վերլուծության համար հարթակի օպերատորի կողմից առնվազն.

1) պահանջվում է տեղեկանք այն մասին, որ թողարկողը կամ նրա կառավարման մարմինները չունեն դատվածություն կամ որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չեն տնտեսական հանցագործությունների կամ խարդախության համար,

2) ստուգվում է, թե արդյոք թողարկողը կամ նրա կառավարման մարմինները ներառված չեն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում:

94. Հարթակի օպերատորը սահմանում է սույն գլխով նախատեսված թողարկողների ընտրության չափանիշներին համապատասխանության գնահատման գործընթացը կարգավորող կանոններ:

         

Գ Լ ՈՒ Խ 20. ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

              

95. Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորը քրաուդֆանդինգի հարթակում՝ յուրաքանչյուր թողարկողի առանձին էջում, յուրաքանչյուր քրաուդֆանդինգի առաջարկի իրականացման համար հրապարակում է սույն գլխով սահմանված պահանջներին բավարարող քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթ:

96. Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը կազմված է.

1) դիմային էջից,

2) «Բովանդակություն» մասից,

3) «Պատասխանատու անձինք» մասից,

4) սույն կանոնակարգի հավելված 2-ում սահմանված «Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթում ներառվող տեղեկություններ» մասից:

97. Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթի դիմային էջն առնվազն ներառում է.

1) թողարկողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում անունը, ազգանունը),

2) արժեթղթի տեսակը (դասը) և «ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» բառերը,

3) հեշտ ընթեռնելի (աչքի ընկնող, առավել մեծ) տառաչափով, տառատեսակով և տեսանելի ձևով նշում հետևյալ բովանդակությամբ. «Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը գրանցված չէ Կենտրոնական բանկի կողմից»,

4) փաստաթղթի աչքի ընկնող հատվածում հեշտ ընթեռնելի (աչքի ընկնող, առավել մեծ) տառաչափով և տառատեսակով նշում հետևյալ բովանդակությամբ. «Այս արժեթղթերում ներդրումը կարող է պարունակել զգալի ռիսկեր և կարող է հանգեցնել ներդրված գումարի ամբողջությամբ կամ մասնակի կորստի: Ձեռքբերված արժեթղթերի վաճառքը ցանկացած պահի կարող է հնարավոր չլինել կամ հնարավոր լինել մեծ կորուստներով։»:

98. «Բովանդակություն» մասը պետք է պարզ և մատչելի ձևով արտացոլի քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթի բովանդակությունը:

99. «Պատասխանատու անձինք» մասում ներկայացվում են բոլոր այն անձանց վերաբերյալ տեղեկությունները, որոնք պատասխանատու են քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթում ներառվող տեղեկությունների (կամ դրա որոշակի մասերի) ճշգրտության և ամբողջականության համար: Սույն բաժնում առնվազն ներկայացվում է.

1) պատասխանատու անձանց անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, պաշտոնը) և կապի միջոցը,

2) դրույթ հետևյալ բովանդակությամբ. «Հավաստիացնում ենք, որ գործադրել ենք բոլոր ողջամիտ ջանքերը, որպեսզի պարզենք քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթում ներառված տեղեկությունների ճշգրիտ և ամբողջական լինելը: Ըստ այդմ, հավաստիացնում ենք, որ մեր լավագույն տեղեկացվածության համաձայն՝ սույն փաստաթղթում ներառված տեղեկությունները ճշգրիտ և ամբողջական են, չեն պարունակում բացթողումներ, որոնք կարող են խեղաթյուրել քրաուդֆանդինգի վերաբերյալ ամփոփ փաստաթղթի, ուստի և՝ քրաուդֆանդինգի առաջարկի բովանդակությունը։»:

100. Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը կազմվում և հրապարակվում է առնվազն հայերեն լեզվով: Սույն կետով սահմանված պահանջը չի սահմանափակում քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթի կազմումը և հրապարակումը հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով: Եթե հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով հրապարակված փաստաթղթերի միջև առկա է իմաստային անհամապատասխանություն, կամ դրանք կարող են մեկնաբանվել տարբեր իմաստներով, ապա գերակայում է հայերեն լեզվով հրապարակված փաստաթուղթը:

101. Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը պետք է պարունակի հստակ, ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ներդրողին կայացնել իրազեկ ներդրումային որոշում: Այն պետք է կազմված լինի առավելագույնը 10 էջից (А4 ձևաչափ, 12 տառաչափ):

102. Յուրաքանչյուր առանձին քրաուդֆանդինգի առաջարկի դեպքում կազմվում և հրապարակվում է առանձին քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթ:

103. Հարթակի օպերատորը պետք է ունենա և կիրառի ողջամիտ ընթացակարգեր քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթում ներառված տեղեկությունների ամբողջականությունն ու հստակությունը ապահովելու, ինչպես նաև տվյալ փաստաթղթում ոչ ճշգրիտ տեղեկությունների հրապարակումը բացառելու համար:

104. Հարթակի օպերատորը պետք է պահանջի թողարկողից իրեն տեղեկացնել քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթում ներառված տեղեկությունների փոփոխությունների կամ նոր էական փաստերի ի հայտ գալու մասին քրաուդֆանդինգի առաջարկի ողջ ընթացքում՝ թողարկողի տեղեկանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Հարթակի օպերատորը պարտավոր է սույն կետով սահմանված փոփոխված տեղեկությունների և նոր էական փաստերի, ներդրում կատարելու վերաբերյալ ներկայացրած հայտը չեղյալ համարելու հնարավորության մասին անհապաղ տեղեկացնել այն ներդրողներին, որոնք սույն կանոնակարգի 22-րդ գլխի համաձայն քրաուդֆանդինգի հարթակի միջոցով ներկայացրել են հայտ տվյալ նախագծում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Փաստաթղթում յուրաքանչյուր լրացման կամ փոփոխության կատարման դեպքում նշվում է այդ լրացման կամ փոփոխության կատարման ժամկետը՝ պահպանելով հին տեղեկությունները:

105. Եթե հարթակի օպերատորը քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթում բացահայտում է բացթողում, սխալ կամ անճշտություն կամ նոր փաստ, որը կարող է էական ազդեցություն ունենալ ներդրումից ակնկալվող եկամտի վրա, ապա հարթակի օպերատորը անհապաղ տեղեկացնում է տվյալ բացթողման, սխալի կամ անճշտության մասին թողարկողին, որը պետք է անհապաղ իրականացնի փաստաթղթի համապատասխան լրացումը կամ փոփոխությունը: Եթե փաստաթղթի լրացումը կամ փոփոխությունը չի իրականացվում անհապաղ, ապա հարթակի օպերատորը կասեցնում է քրաուդֆանդինգի առաջարկը մինչև փաստաթղթի համապատասխան լրացումը կամ փոփոխությունը, սակայն ոչ ավել, քան 30 օրով: Հարթակի օպերատորը անհապաղ տեղեկացնում է սույն կետով սահմանված թերությունների, նախաձեռնված և նախաձեռնվելիք միջոցառումների, ներդրում կատարելու վերաբերյալ ներկայացրած հայտը չեղյալ համարելու հնարավորության մասին այն ներդրողներին, որոնք սույն կանոնակարգի 22-րդ գլխի համաձայն քրաուդֆանդինգի հարթակի միջոցով ներկայացրել են հայտ տվյալ նախագծում ներդրումներ կատարելու վերաբերյալ:

106. Քրաուդֆանդինգի առաջարկը չեղյալ է համարվում, եթե թողարկողը չի թարմացնում քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը սույն կանոնակարգի 105-րդ կետով սահմանված ժամկետում, որի մասին հարթակի օպերատորը տեղեկացնում է ներդրողներին և թողարկողին:

107. Սույն գլխով սահմանված բոլոր ծանուցումները թողարկողներին և ներդրողներին իրականացվում են էլեկտրոնային տարբերակով:

108. Քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը Կենտրոնական բանկի նախնական համաձայնությանը չի ներկայացվում:

             

Գ Լ ՈՒ Խ 21. ՀԱՐԹԱԿԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

                  

109. Հարթակի օպերատորը իր կողմից կազմակերպվող քրաուդֆանդինգի հարթակում ներդրողներին օգտատիրոջ կարգավիճակ է տրամադրում (գրանցում է ներդրողի օգտատիրոջ հաշիվը (անձնական էջը)) առնվազն հետևյալ պայմանների միաժամանակ բավարարման դեպքում.

1) հարթակում առցանց գրանցում,

2) սույն կանոնակարգի 9-րդ գլխով սահմանված պահանջներին բավարարող պայմանագրի կնքում:

110. Օգտատիրոջ հաշվի գրանցումից հետո հարթակի օպերատորը ներդրողներին ներդրողի կարգավիճակ է տրամադրում առնվազն ռիսկերի վերաբերյալ իրազեկող տեղեկատվությանը ծանոթացման մասին ներդրողի կողմից հավաստիացման դեպքում:

111. Քրաուդֆանդինգի հարթակում ներդրողի առցանց գրանցման համար հարթակի օպերատորը ներդրողից պահանջում է առնվազն նրա անվանումը (անուն, ազգանունը), էլեկտրոնային հասցեն, գրանցման վայրը:

112. Ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող յուրաքանչյուր ռեզիդենտ ֆիզիկական անձ ներդրողի կողմից մեկ նախագծում ներդրվող գումարը 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցելու դեպքում հարթակի օպերատորը տվյալ ներդրողին հնարավոր ռիսկերի մասին լրացուցիչ նախազգուշացում է ներկայացնում: Տվյալ նախազգուշացումը պետք է ներառի դրույթ այն մասին, որ հաճախորդը կարող է կորցնել ներդրած ամբողջ գումարը: Հաճախորդը պետք է հաստատի, որ ստացել է տվյալ նախազգուշացումը հարթակի օպերատորի կողմից և գիտակցում է իրեն սպառնացող ռիսկերը:

         

Գ Լ ՈՒ Խ 22. ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ԱՌԱՋԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

             

113. Քրաուդֆանդինգի առաջարկը սկսվում է հարթակի օպերատորի կողմից քրաուդֆանդինգի առաջարկը հրապարակելու և միաժամանակ նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ ներդրողների կողմից հայտ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու պահից:

114. Քրաուդֆանդինգի առաջարկն ավարտվում է հետևյալ դեպքերում.

1) քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթում նշված վերջնաժամկետը լրանալու դեպքում, կամ

2) նախքան սույն կետի 1-ին ենթակետով նշված վերջնաժամկետի լրանալը նպատակային գումարը (միաժամանակ նվազագույն և առավելագույն նպատակային գումար նախատեսված լինելու դեպքում՝ առավելագույն նպատակային գումարը) հավաքագրելու դեպքում (այդ թվում՝ ներդրողների կողմից ներկայացված և սույն կանոնակարգի 116-րդ կետով սահմանված մտածելու ժամանակի ընթացքում չեղյալ չհամարված հայտերի հիման վրա), կամ

3) սույն կանոնակարգով սահմանված դեպքերում քրաուդֆանդինգի առաջարկը չեղյալ համարվելու դեպքում:

115. Հարթակի օպերատորը պետք է ապահովի նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ ներդրողների կողմից ներկայացված հայտերի ժամանակագրական կարգով հաշվառումն ու պահպանումը:

116. Հարթակի օպերատորը ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող ներդրողներին տրամադրում է մտածելու ժամանակ, որի ընթացքում տվյալ ներդրողները կարող են չեղյալ համարել նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ իրենց կողմից ներկայացրած հայտը՝ առանց որևէ իրավական հետևանքների և չեղյալ համարելու պատճառների բացահայտման պարտավորության (այսուհետ՝ մտածելու ժամանակ):

117. Սույն կանոնակարգի 116-րդ կետով նախատեսված մտածելու ժամանակը սկսվում է ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող ներդրողի կողմից նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ հայտը ներկայացնելու պահից և տևում է առնվազն չորս օր։

118. Մտածելու ժամանակ կարող է չտրամադրվել այն ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող ներդրողներին, որոնք նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ հայտ են ներկայացրել սույն կանոնակարգի 114-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վերջնաժամկետին նախորդող չորս օրվա ընթացքում: Եթե սույն կանոնակարգի 114-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վերջնաժամկետին նախորդող չորս օրվա ընթացքում չի տրամադրվում մտածելու ժամանակ, ապա բոլոր ներդրողների մտածելու ժամանակն ավարտվում է վերջնաժամկետին նախորդող չորրորդ օրը՝ անկախ նրանից, թե երբ է սկսվել մտածելու ժամանակը։

119. Մտածելու ժամանակի ընթացքում ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող ներդրողների կողմից քրաուդֆանդինգի հարթակի միջոցով պրոյեկտում ներդրումներ կատարելու վերաբերյալ հայտ ներկայացնելու և չեղյալ համարելու մեթոդները պետք է լինեն նույնը:

120. Հարթակի օպերատորը պարտավոր է

1) ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող ներդրողներին տեղեկացնել մտածելու ժամանակի առկայության (բացակայության), դրա տևողության, ինչպես նաև ներկայացրած հայտը չեղյալ համարելու մեթոդների մասին նախագծում ներդրումներ կատարելու վերաբերյալ հայտը ներդրողների կողմից ներկայացնելուց անմիջապես առաջ,

2) ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող ներդրողներին տեղեկացնել մտածելու ժամանակը սկսելու մասին նախագծում ներդրումներ կատարելու վերաբերյալ հայտը ներդրողների կողմից ներկայացնելուց անմիջապես հետո:

121. Քրաուդֆանդինգի առաջարկի ամբողջ ընթացքում հարթակի օպերատորն ապահովում է ներդրողների կողմից նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ հայտ ներկայացնելու հնարավորությունը, իսկ քրաուդֆանդինգի առաջարկի կասեցման, ավարտի կամ սույն կանոնակարգի 122-րդ կետով սահմանված դեպքում ներդրողների կողմից նախագծում ներդրումներ կատարելու վերաբերյալ հայտ ներկայացնելու հնարավորության կասեցումը (դադարեցումը):

122. Այն պահին, երբ ներդրողների կողմից ներկայացված հայտերի հիման վրա (այդ թվում՝ այն ներդրողների հայտերի հիման վրա, որոնց մտածելու ժամանակը դեռ չի ավարտվել) նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ նպատակային գումարը (միաժամանակ նվազագույն և առավելագույն նպատակային գումար նախատեսված լինելու դեպքում՝ առավելագույն նպատակային գումարը) հավաքագրվում է, հարթակի օպերատորը կասեցնում է ներդրողների կողմից նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ հայտերի ընդունումը։ Եթե մտածելու ժամանակի ընթացքում նախագծում ներդրման վերաբերյալ ներկայացված հայտը չեղյալ է համարվում որևէ ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող ներդրողի կողմից, որի արդյունքում սույն կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն քրաուդֆանդինգի առաջարկն այլևս չի ապահովում նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ նպատակային գումարը (միաժամանակ նվազագույն և առավելագույն նպատակային գումար նախատեսված լինելու դեպքում՝ առավելագույն նպատակային գումարը), հարթակի օպերատորը շարունակում է ներդրողների կողմից նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ նոր հայտերի ընդունումը մինչև սույն կանոնակարգի 114-րդ կետով սահմանված քրաուդֆանդինգի առաջարկի ավարտը:

123. Քրաուդֆանդինգի առաջարկի արդյունքների մասին հարթակի օպերատորը քրաուդֆանդինգի առաջարկի ավարտից հետո անմիջապես ծանուցում է ուղարկում քրաուդֆանդինգի հարթակի միջոցով նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ հայտ ներկայացրած ներդրողներին և թողարկողին, այդ թվում՝ սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանված հաշվետվությունը (քրաուդֆանդինգի առաջարկի կայացման դեպքում)։

124. Հարթակի օպերատորն ապահովում է, որ ներդրումային հայտ ներկայացրած ներդրողներից դրամական միջոցներ չհավաքագրվեն, եթե տվյալ ներդրողի մտածելու ժամանակը չի ավարտվել։

            

Գ Լ ՈՒ Խ 23. ՀԱՐԹԱԿԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ՀԱՐԹԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

                 

125. Հարթակի օպերատոր կարող են լինել միայն այն ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, որոնք իրավունք ունեն մատուցել հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունման և հաղորդման ու արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխման իրականացման ներդրումային ծառայություններ:

126. Հարթակի օպերատորը պարտավոր է ունենալ քրաուդֆանդինգի ծառայությունները կարգավորող գործունեության կանոններ, որոնք կներառեն նաև սույն կանոնակարգով պահանջվող ընթացակարգերը և կանոնները:

127. Հարթակի օպերատորի կողմից կազմակերպվող քրաուդֆանդինգի հարթակում շրջանառվող արժեթղթերի գծով հարթակի օպերատորը չի կարող հաճախորդներին տրամադրել արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվություն։

128. Հարթակի օպերատորը կարող է մատուցել քրաուդֆանդինգի ծառայություններ ներդրողներին և թողարկողներին միայն նրանցից յուրաքանչյուրի հետ կնքված քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:

129. Հարթակի օպերատորն ապահովում է ներդրողների կողմից ձեռքբերված արժեթղթերի պահառության արագ և պատշաճ իրականացումը։

130. Հարթակի օպերատորը քրաուդֆանդինգի ծառայության մատուցման հետ կապված իր հաճախորդներից ստացված գումարները կուտակում է հաշվարկային բանկում բացված քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի բանկային հաշվին: Ընդ որում՝ հարթակի օպերատորը պետք է ապահովի այնպիսի հաշվառում, որը թույլ կտա ցանկացած պահի առանձնացնել յուրաքանչյուր նախագծի համար քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի բանկային հաշվին կուտակված ներդրումները և դրանցում ներդրում կատարած ներդրողներին։

131. Հարթակի օպերատորը պետք է ունենա գործունեության անընդհատության ծրագիր, որը կսահմանի այն միջոցառումներն ու ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են հարթակի օպերատորի ծառայությունների՝ սույն կանոնակարգի համաձայն և անխափան իրականացումն ապահովելու համար, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների դեպքում: Հարթակի օպերատորը պետք է պարբերաբար վերանայի գործունեության անընդհատության ծրագիրը սույն կետով սահմանված պահանջներին մշտապես բավարարելու նպատակով:

132. Հարթակի օպերատորը պետք է ունենա քրաուդֆանդինգի ծառայությունների բնույթին և բարդությանը, ինչպես նաև սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանող տեխնիկա-ծրագրային համակարգ:

133. Հարթակի օպերատորը պետք է ապահովի ծրագրային համակարգի հուսալիությունը, ապահովությունը, անվտանգությունն ու գործունեության անընդհատությունը, այդ թվում՝ ապահովի գործառնական ռիսկերի բացահայտումը, գնահատումը և դրանց կառավարումը։

134. Հարթակի օպերատորն ապահովում է, որ իր կողմից կազմակերպվող քրաուդֆանդինգի հարթակում իրականացվող քրաուդֆանդինգի առաջարկներն իրականացվեն միայն քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթի հիման վրա, ինչպես նաև բավարարեն Կանոնակարգ 4/04-ի 10-րդ կետի 3-րդ ենթակետով քրաուդֆանդինգի առաջարկների համար սահմանված պայմաններին և առաջարկվող արժեթղթերի ընդհանուր արժեքի առավելագույն շեմին:

135. Հարթակի օպերատորն ապահովում է, որ իր կողմից կազմակերպվող քրաուդֆանդինգի հարթակում ոչ ռեզիդենտ թողարկողների կողմից իրականացվող քրաուդֆանդինգի առաջարկներն իրականացվեն միայն Հայաստանի Հանրապետության դրամով։

136. Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում բոլոր փաստաթղթերը շրջանառվում են էլեկտրոնային տարբերակով։

             

Գ Լ ՈՒ Խ 24. ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

              

137. Քրաուդֆանդինգի օպերատորը պետք է ունենա և կիրառի ներքին կանոններ՝ քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման հետ կապված հնարավոր շահերի բախումները կանխարգելելու համար:

138. Հարթակի օպերատորը չպետք է ունենա մասնակցություն իր կողմից կազմակերպվող հարթակում հրապարակված որևէ նախագծում:

139. Հարթակի օպերատորի կողմից կազմակերպվող հարթակում թողարկող չեն կարող լինել հարթակի օպերատորի հետ փոխկապակցված անձինք, հարթակի օպերատորի հետ փոխկապակցված անձանց հսկող անձինք, հարթակի օպերատորի կառավարման մարմինները, աշխատակիցները:

140. Եթե քրաուդֆանդինգի հարթակում հրապարակված նախագծում ներդրումներ են իրականացնում սույն կանոնակարգի 139-րդ կետով նախատեսված անձինք, ապա հարթակի օպերատորը պետք է իր ինտերնետային կայքում բացահայտի այդ տեղեկատվությունը, այդ թվում՝ նշելով նախագծերի անվանումները, որտեղ տվյալ անձինք ներդրում են կատարել: Այս դեպքում հարթակի օպերատորն ապահովում է, որ սույն կանոնակարգի 139-րդ կետով նախատեսված անձանց համար և այլ ներդրողների համար հրապարակվող տեղեկություններին հասանելիությունը և այլ ներդրումային պայմանները լինեն նույնը:

141. Հարթակի օպերատորը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները հարթակի օպերատորի, իր հետ փոխկապակցված անձի կամ նրանց հսկող անձանց, իր կառավարման մարմինների, աշխատակիցների և իր հաճախորդների կամ իր տարբեր հաճախորդների միջև շահերի հնարավոր բախումները բացահայտելու, կանխարգելելու, իսկ դրա անհնարինության դեպքում նվազեցնելու և հրապարակելու համար:

142. Հարթակի օպերատորը պետք է իր հաճախորդներին բացահայտի քրաուդֆանդինգի ծառայությունների մատուցման հետ կապված շահերի բախումների ընդհանուր բնույթը և աղբյուրները, ինչպես նաև դրանց նվազեցման նպատակով ձեռնարկված միջոցառումները: Սույն կետով սահմանված բացահայտումը պետք է ներառի բավարար տեղեկություններ, որպեսզի հաճախորդները հնարավորություն ունենան իրազեկ որոշում կայացնել այն քրաուդֆանդինգի ծառայություններից օգտվելու հետ կապված, որոնց դեպքում առաջանում է շահերի բախում:

143. Հարթակի օպերատորը չպետք է որևէ կերպ ուղղորդի ներդրողներին իր կամ այլ քրաուդֆանդինգի հարթակում հրապարակված որևէ նախագծում ներդրում իրականացնելու համար, ներառյալ՝ ներդրողներին ուղղորդելու համար վճարի կամ ընդունի որևէ վարձատրություն, տրամադրի կամ ընդունի զեղչ կամ այլ հատուցում:»։

6) Կանոնակարգը Հավելված 1-ից հետո լրացնել Հավելված 2-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

        

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. փետրվարի 10

ք. Երևան

           

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 24-Ն որոշման

          

«ՀԱՎԵԼՎԱԾ 2

«Ներդրումային ծառայություններ

մատուցող անձանց գործունեության

նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ի

  

ՔՐԱՈՒԴՖԱՆԴԻՆԳԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

            

1. Թողարկողի և նախագծի վերաբերյալ տեղեկությունները

1) թողարկողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում անունը, ազգանունը),

2) թողարկողի գտնվելու վայրը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում պետական հաշվառման համարը և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն), կապի միջոցները,

3) թողարկողի ստեղծման ամսաթիվը և փաստացի գործունեություն ծավալելու ժամանակահատվածը,

4) խոշոր բաժնետերերը (անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում անունը, ազգանունը, բնակության վայրը), նրանցից յուրաքանչյուրի կապի միջոցը և մասնակցության չափը), կամ խոշոր բաժնետերի բացակայության մասին նշում,

5) կառավարման մարմինների անդամների անունը, ազգանունը, բնակության վայրը, կապի միջոցը, զբաղեցրած պաշտոնը, իրավասություններն ու պարտականությունները,

6) թողարկողի կողմից իրականացվող գործունեության նկարագիրը, այդ թվում՝ առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները,

7) հղում թողարկողի հրապարակած վերջին տարեկան հաշվետվության (իսկ մեկ տարուց պակաս գործունեություն ծավալած թողարկողի դեպքում թողարկողի գործունեության ողջ ժամանակահատվածի համար կազմված հաշվետվության (առկայության դեպքում)) ինտերնետային էջին (ինտերնետային էջի բացակայության դեպքում հաշվետվությունը կցվում է քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթղթին), ինչպես նաև՝ հիմնական ֆինանսական ցուցանիշները տարեկան կտրվածքով վերջին երեք տարվա համար (երեք տարուց պակաս գործունեություն ծավալած թողարկողի դեպքում թողարկողի գործունեության ողջ ժամանակահատվածի համար),

8) անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում ֆինանսական վիճակը բնութագրող էական ցուցանիշների հակիրճ նկարագրությունը,

9) թողարկողի պարտավորությունների հակիրճ նկարագրությունը (փոխառության, վարկի, թողարկած բաժնային և ոչ բաժնային արժեթղթերի և այլ էական պարտավորությունների ծավալը),

10) նախագծի նկարագրությունը, այդ թվում՝ նպատակը:

2. Քրաուդֆանդինգի առաջարկի իրականացման ընթացակարգը և դրամական միջոցների ներգրավման պայմանները

1) նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ նվազագույն նպատակային գումարը, ինչպես նաև տվյալ նախագծի համար նախկինում իրականացված քրաուդֆանդինգի առաջարկների քանակը և ներգրավված միջոցների ընդհանուր մեծությունը,

2) առավելագույն գումարը, որը տվյալ քրաուդֆանդինգի առաջարկի միջոցով նախատեսվում է հավաքագրել (եթե առավելագույն գումարը տարբեր է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված նպատակային գումարից),

3) նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ նպատակային գումարի ներգրավման վերջնաժամկետը և դրույթ հետևյալ բովանդակությամբ.

«Նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ նպատակային գումարի ներգրավման վերջնաժամկետը ….. ….. ..թ. է: Այնուամենայնիվ, եթե քրաուդֆանդինգի առաջարկի իրականացման ընթացքում նախագծում ներդրում կատարելու վերաբերյալ ներկայացված հայտերում նշված ծավալը բավարար լինի նպատակային գումարը հավաքագրելու համար կամ քրաուդֆանդինգի առաջարկը իրավական ակտերով սահմանված դեպքերում չեղյալ համարվի, քրաուդֆանդինգի առաջարկը կարող է ավարտվել ավելի շուտ, քան նախատեսված վերջնաժամկետն է:»,

4) նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ նպատակային գումարը (միաժամանակ նվազագույն և առավելագույն նպատակային գումար նախատեսված լինելու դեպքում նվազագույն նպատակային գումարը) սահմանված ժամկետում չհավաքագրելու դեպքում հետևանքների մասին տեղեկություններ,

5) տվյալ նախագծում թողարկողի կողմից նախատեսվող ներդրումների մեծությունը,

6) ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող ներդրողների համար մտածելու ժամանակի առկայությունը (բացակայությունը) և պայմանները:

3. Ռիսկային գործոնները

1) Նախագծին, թողարկողին և քրաուդֆանդինգի հարթակում թողարկվող արժեթղթերին առնչվող էական ռիսկերի նկարագիրը:

4. Քրաուդֆանդինգի հարթակում առաջարկվող արժեթղթերը

1) արժեթղթի տեսակը և դասը,

2) արժեթղթի անվանական արժեքը և քանակը (առկայության դեպքում),

3) արժեթղթերի տեղաբաշխման գինը,

4) թողարկման արժույթը,

5) նախագծում (արժեթղթում) ներդրում կատարելու վերաբերյալ հայտ ներկայացնելու պայմանները, այդ թվում՝ այն նվազագույն և առավելագույն գումարները, որոնք կարող են նշվել նախագծում (արժեթղթում) ներդրում կատարելու վերաբերյալ հայտերում,

6) արժեթղթերի դիմաց վճարման կարգը,

7) արժեթղթերի պահառության իրականացման կարգը,

8) արժեթղթերի մարման կարգը, այդ թվում՝ ժամկետը և մարման գինը (կիրառելիության դեպքում),

9) արժեթղթերով ստանձնած պարտավորությունների կատարման համար երաշխավորության կամ գրավի վերաբերյալ տեղեկություններ (առկայության դեպքում).

ա. երաշխավորություն տրամադրող անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, բնակության վայրը), կապի միջոցները,

բ. երաշխավորության կամ գրավի բնույթը և պայմանները (այդ թվում՝ երաշխավորությունը կամ գրավը ամբողջությամբ, թե մասնակի է ծածկում ստանձնած պարտավորությունը (մասնակիի դեպքում դրա չափը)),

10) թողարկողի պարտավորությունը՝ արժեթղթերի հետգնման հետ կապված, և հետգնման ժամանակաշրջանը, հետգնման պարտավորության բացակայության դեպքում հստակ դրույթ այդ մասին,

11) արժեկտրոնի (շահութաբաժնի, այլ եկամտի) վերաբերյալ տեղեկությունները և վճարման պայմանները, մասնավորապես, մեծությունը, հաշվարկման առաջին օրը, վճարման պարբերականությունը, վճարման հստակ օրերը (օր, ամիս, տարի), օրերի հաշվարկման կարգը (օրինակ 30/360, Փաստացի/Փաստացի, Փաստացի/360 և այլն): Եթե արժեկտրոնի տոկոսադրույքը լողացող է, ապա ներկայացվում է նաև տեղեկատվություն, թե ինչ ցուցանիշից (դրա փոփոխությունից) է կախված տոկոսադրույքի մեծությունը, և որտեղ կարելի է ստանալ այդ ցուցանիշի (դրա փոփոխության) մասին տեղեկատվություն: Եթե պարտատոմսը զրոյական արժեկտրոնով է, ապա նշվում է դրա մասին:

12) արժեթղթերից բխող իրավունքների և պարտավորությունների ընդհանուր նկարագրությունը, այդ թվում՝

ա. արժեթղթերից բխող իրավունքների սահմանափակումների նկարագրությունը, ներառյալ՝ արժեթղթերի ազատ շրջանառելիությունը սահմանափակող ցանկացած պայմանագրի առկայությունը և սահմանափակման նկարագրությունը,

բ. արժեթղթերի վերավաճառքի հնարավորությունը,

գ. բաժնային արժեթղթերից բխող իրավունքները (շահութաբաժնի ստացման իրավունքը (շահութաբաժնի բաշխման քաղաքականություն), ձայնի իրավունքը, նույն դասի բաժնետոմսերի տեղաբաշխման դեպքում նախապատվության իրավունքը, լուծարման դեպքում մնացած գույքից բաժին ստանալու իրավունքը, փոխարկման իրավունքը):

5. Վճարները, ծախսերը և այլ տեղեկություններ

1) հարթակի օպերատորի կողմից ներդրման համար գանձվող միջնորդավճարը, ծախսերը և այլ վճարները, ինչպես նաև հարկային վճարների մեծությունն ու դրանց վճարման համառոտ նկարագիրը,

2) տեղեկատվություն, թե որտեղից և ինչպես կարելի է անվճար լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերել նախագծի և թողարկողի վերաբերյալ,

3) տեղեկատվություն, թե ներդրողը ինչպես և ում կարող է դիմել հարցերի դեպքում կամ բողոքել՝ կապված ներդրման, թողարկողի կամ հարթակի օպերատորի գործունեության հետ:»։

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան