Գլխավոր տեղեկություն
Համար
N 377-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 25.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2022 թվականի N 377-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-177-01.03.2022-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-177-01.03.2022-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանի կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-287-Ն օրենքի 4-րդ հոդվածով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած է ճանաչվել, որով նախատեսվում էր, որ բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում բաց բաժնետիրական ընկերության տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի և վնասների հաշիվը:

Միաժամանակ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բոլոր կազմակերպությունները և խմբերը, բացի փոքր կազմակերպություններից և խմբերից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բաց բաժնետիրական ընկերությունը պարտավոր է ամեն տարի, ի գիտություն բոլորի հրապարակել իր տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը:

Վերոգրյալ դրույթների հաշվառմամբ՝ նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, համաձայն որի՝ ոչ բոլոր բաց բաժնետիրական ընկերություններն են պարտավոր ամեն տարի ի գիտություն բոլորի հրապարակել իրենց տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը, այլ միայն նրանք, որոնք 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություններ կամ բավարարում են նույն օրենքով սահմանված քանակային որոշ չափանիշների (օրինակ՝ գործունեությունից հասույթ, ակտիվների հաշվեկշռային արժեք, աշխատողների թվաքանակ):

Նախագծին կից հիմնավորման համաձայն՝ «Ներկայումս ԲԲԸ-ների գերակշիռ մասը որևէ գործունեություն չիրականացնող կազմակերպություններ են, որոնց ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան՝ ֆորմալ բնույթ է կրում»։

Ուստի նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բաց բաժնետիրական ընկերությունը օրենքով սահմանված կարգով պարտավոր է ամեն տարի ի գիտություն բոլորի հրապարակել իր տարեկան հաշվետվությունը և հաշվապահական հաշվեկշիռը»:

Այս առումով գտնում ենք, որ նախագծով առաջարկվող փոփոխության պարագայում ԲԲԸ-ների համար առաջանում են նախատեսված պահանջի մեկնաբանության հետ կապված բարդություններ: Մասնավորապես՝ խմբագրումից ակնառու չէ, որ հրապարակման են ենթակա միայն այն ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունները, որոնք բավարարում են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ գտնում ենք, որ անկախ ընկերության կազմակերպաիրավական տեսակից՝ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջները նպատակահարմար է նախատեսել հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությամբ, և այլ օրենքով կամ օրենսգրքով նույն պահանջը սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:

Բացի այդ, նույնաբովանդակ իրավակարգավորում է առկա նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասում և 115-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով ներկայացված փոփոխության փոխարեն ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը, 108-րդ հոդվածի 3-րդ մասը և 115-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունը:

Միաժամանակ նախագծի վերնագրում «լրացում» բառն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն» բառով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 33-ի պահանջը։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան