Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 11.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2022 թվականի N 145-Լ

 

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-133-14.01.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

10.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-133-14.01.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 15-րդ (պաշտպանի, մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցելը) հոդվածն ամրագրում է, որ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` դրա մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Նախագծով առաջարկվում է օրենսդրի կողմից սահմանված բացառությունը, ըստ որի, ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները, քննության շահերից ելնելով, կարող են արգելվել` վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ օրենքով նախատեսված դեպքերում ընդլայնել՝ ավելացնելով օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը:

2. Օրենքի 48-րդ (մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր) հոդվածը նախատեսում է այն անձանց կամ մարմինների ցանկը, որոնք առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն: Համանման կարգավորում է նախատեսված նաև Քրեակատարողական օրենսգրքում՝ պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունքի մասով:

Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 48-րդ հոդվածով նախատեսվում է այն անձանց կամ մարմինների ցանկը, որոնք առանց հատուկ թույլտվության կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սահմանափակումների վերացման՝ ձերբակալվածներին պահելու վայր կամ կալանավորվածներին տեսակցելու, ինչպես նաև նրանց պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստորև ներկայացնում է հետևյալ նկատառումները՝

Օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված օրենքով նախատեսված բացառությունները վերաբերելի են միայն փաստաբաններին, Մարդու իրավունքների պաշտպանին, Պաշտպանի ներկայացուցչին, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողին, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման պետական ծառայողներին և փորձագետներին, որոնց Պաշտպանի գրավոր որոշմամբ սահմանված կարգով և ծավալով վերապահվում են Պաշտպանի լիազորությունները: Այդ իրավունքներն ամրագրված են նաև համապատասխան օրենքներով, մասնավորապես՝

1) «Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման: Նույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում: Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը.

2) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ սահմանադրական օրենք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք կամ ներկայացուցիչները պարտավոր են երաշխավորել ազատության սահմանափակման կամ ազատությունից զրկման վայրում գտնվող անձի հետ Պաշտպանի կամ նրա ներկայացուցչի անարգել և խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունը: Նույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Պաշտպանն իրավասու է իր ընտրությամբ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) և անարգել տեսակցելու ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունենալու նրանց հետ, համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող կամ համապատասխան տեղեկություն ունեցող ցանկացած այլ անձի հետ, անհրաժեշտության դեպքում ներգրավել թարգմանիչ, օգտագործելու տեխնիկական միջոցներ: Առանձնազրույցները ենթակա չեն միջամտության կամ գաղտնալսման որևէ մարմնի կամ երրորդ անձի կողմից:

Օրենքի 48-րդ հոդվածով սահմանված անձանց ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտք գործելը հետապնդում է ընդհանուր վերահսկողական նպատակ, օրինակ՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց նյութակենցաղային կամ բուժսանիտարական պայմանները դիտարկելու, նրանց տրամադրվող սննդի, հիգիենայի կամ այլ պարագաների տեսականին և քանակը պարզելու համար և այլն:

Սակայն, կոնկրետ ձերբակալված կամ կալանավորված անձի հետ տեսակցելու իրավունքը սահմանափակելը նպատակ է հետապնդում, քննության շահերից ելնելով, վարույթ իրականացնող մարմնի կողմից կիրառվող սահմանափակումներին:

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոնները` կարող ենք փաստել, որ «տեսակցություն» և «անարգել մուտք և ելք» հասկացությունները տարբեր իրավական բովանդակություն ունեն և որևէ կերպ չեն նույնանում: Ասվածն ամրապնդվում է նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթով, ըստ որի նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

Վերոնշյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում կարող ենք փաստել, որ օրենսդիրը քննարկման առարկա երկու հասկացությունները նույնացնելու նպատակ չի հետապնդել, և թերևս դա է պատճառը, որ օրենքում սահմանվել են միմյանցից տարբեր երկու ռեժիմներ, այն է` տեսակցությունն ու անարգել մուտք և ելքը:

Այդ առումով տեղին է նշել, որ «Դատական օրենսգրքի» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ դատավորին ազատությունից զրկած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ազատությունից զրկված դատավորը, և ապահովել նրանց տեսակցությունը դատավորի հետ, եթե Բարձրագույն դատական խորհրդի տվյալ անդամի վերաբերյալ քրեական հետապնդման մարմինը տեսակցությունը սահմանափակող որոշում չի կայացրել:

Նույն տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրամանի 68-րդ կետում հստակ տարանջատում է դրվում՝

1) մուտքի և ելքի իրավունքի և

2) տեսակցություն ունենալու իրավունքի միջև` սահմանելով, որ`

«Յուրաքանչյուր անձի մուտքը հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա՝ բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ հիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների: Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը չի ենթադրում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ տեսակցություն ունենալու իրավունք: Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ տեսակցությունները տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:»:

Ասվածից հետևում է, որ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունքը ենթադրում է միայն առանց հատուկ թույլտվության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը: Ըստ այդմ, վերջինս չի ընդգրկում անարգել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցություն ունենալու իրավունք, եթե առկա է տեսակցությունն արգելելու վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում: Հետևաբար, քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ տեսակցությունն արգելելու վերաբերյալ որոշման առկայության պայմաններում ազատազրկման վայր մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց չի թույլատրվում տեսակցել կալանավորված անձի հետ:

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվող՝ բացի փաստաբանից, Մարդու իրավունքների պաշտպանից և նրա իրավասու աշխատակցից այլ անձանց համար առանց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սահմանափակումների վերացման ձերբակալված կամ կալանավորված անձին տեսակցելու կարգավորումը նախատեսելը չի բխում օրենսդրության տրամաբանությունից, ինչպես նաև կոնկրետ հոդվածի էությունից: Այս համատեքստում հարկ է նշել նաև, որ նախագծի հիմնավորումներում որպես առաջարկվող կարգավորման համանման օրինակի՝ հղում է տրվել Ռուսաստանի Դաշնության «Հանցագործությունների կատարման մեջ կասկածվող և մեղադրվող անձանց կալանքի տակ պահելու մասին» դաշնային օրենքի 7-րդ հոդվածին, մինչդեռ, մատնանշված հոդվածում խոսքը վերաբերում է միայն առանց հատուկ թույլտվության ազատությունից զրկելու վայրեր այցելությանը, որն ըստ էության նախատեսված է նաև օրենքի 48-րդ հոդվածի ներկայիս խմբագրությամբ:

Հատկանշական է նաև, որ գործող օրենսդրությամբ արդեն իսկ առկա են հստակ կառուցակարգեր, որոնք միտված են երաշխավորելու ազատությունից զրկված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների հայտնաբերումն ու հետագա կանխումը: Մասնավորապես, օրենքի մակարդակով առանձնացվել է սուբյեկտային այնպիսի կազմ, որի դեպքում գործնականում հնարավոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց իրավունքի ցանկացած խախտման բացահայտումն ու դրա ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: Սուբյեկտային նշված կազմում ընդգրկելով Պաշտպանին և փաստաբանին՝ օրենսդիրը հիմքում դրել է այն հանգամանքը, որ նշված անձինք անմիջականորեն (ոչ միջնորդավորված եղանակով) կարող են ապահովել ենթադրյալ խախտման դեպքի հետագա ընթացքը: Այլ կերպ, մի դեպքում՝ ազատությունից զրկված անձի փաստաբանը, լինելով իր վստահորդի շահերի պաշտպանը, վստահորդի անունից լիազորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են խախտված իրավունքների վերականգնմանը, իսկ մյուս դեպքում՝ Պաշտպանը սահմանադրական օրենքով իրեն վերապահված լիազորությունների ուժով կարող է բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման արդյունքում արձանագրել մարդու իրավունքների կամ ազատությունների խախտում:

Ինչ վերաբերում է այլ անձանց, ապա վարույթն իրականացնող մարմնի համապատասխան արգելքի բացակայության պայմաններում նրանց տեսակցությունները ձերբակալված կամ կալանավորված անձի հետ կարող են տեղի ունենալ ընդհանուր կարգով՝ չազդելով տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:

Ամփոփելով վերը շարադրվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ: