ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2022 թվականի N 128-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1246-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերության միջև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագրի ձևը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրի կնքումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 3-ի N 128-Ա որոշման |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1246-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան |
« » ——— 20 թ. |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)` ի դեմս նախարար Վահան Քերոբյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա մի կողմից, «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս տնօրեն Մհեր Բաղդասարյանի (այսուհետ՝ ներդրող), որը գործում է «ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հիման վրա` մյուս կողմից, այսուհետ միասին հիշատակելիս՝ կողմեր, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետը՝ կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Ներդրողը պարտավորվում է իրագործել որոշմամբ հավանության արժանացած՝ լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն պայմանագրի հավելվածով հաստատված ժամանակացույցի։
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Ներդրողը պարտավորվում է՝
2.1.1. Պատշաճ կերպով և սահմանված ժամկետներում իրականացնել սույն պայմանագրով նախատեսված բոլոր գործողությունները:
2.1.2. Պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու անհնարինության և/կամ այդ պարտավորությունների կատարման հնարավոր ուշացումների մասին սույն պայմանագրով սահմանված ժամանակացույցով տվյալ պարտավորության համար սահմանված ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնել նախարարությանը:
2.1.3. Առավելագույնը վեցամսյա ժամկետում վերացնել իր պարտավորությունների ոչ պատշաճ կամ ուշացումով կատարման հետևանքները։
2.1.4. Ծրագիրը չիրականացնելու դեպքում ապահովել ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 7-ի N 1661-Ա որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նշված դրույթների համաձայն օտարումը:
Սույն կետով նշված դեպքերում՝
ա. եթե օտարված սեփականության գնորդը հանդիսանում է դրա նախկին սեփականատերը, ներդրողը հատուցում է սեփականությունը նախկին վիճակին բերելու հետ կապված ծախսերը, ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում։
Հատուցման ենթակա ծախսերը և ձևը սահմանվում են ներդրողի և գնորդի միջև եղած փոխհամաձայնությամբ,
բ. եթե օտարված սեփականության գնորդը չի հանդիսանում դրա նախկին սեփականատերը, ներդրողը հատուցում է իր գործունեության արդյունքում պատճառված վնասը, մասնավորապես, օտարված սեփականությունը հանրության գերակա շահ ճանաչելու պահի դրությամբ ունեցած տեսքին բերելու մասով։
Սույն կետով սահմանված սեփականության օտարման դեպքում դրա ձեռքբերման կամ պատճառված վնասների հատուցման նպատակով ՀՀ կառավարությունը որևէ պարտավորություն չի կրում։
2.1.5. Ծրագիրը չիրականացնելու դեպքում ներդրողը հատուցում է դրա շրջանակներում ՀՀ կառավարության կամ համայնքի կողմից իրականացված ծախսերը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը։
2.1.6. Նախարարությանը կիսամյակային պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ և արդյունքները հիմնավորող փաստաթղթեր։ Հաշվետվությունը պետք է լինի գրավոր, առնվազն ունենա միջոցառման նկարագրական մաս, կատարված աշխատանքների նկարագրական մաս, տեղեկատվություն կատարված ներդրումների չափի մասին և դրանց հիմնավորող փաստաթղթեր։
2.2. Նախարարությունը պարտավորվում է՝
2.2.1. Իր լիազորությունների շրջանակում օժանդակել ներդրողի կողմից ծրագրով նախատեսված աշխատանքների կատարմանը:
2.2.2. Իր լիազորությունների շրջանակում օժանդակել ներդրողի կողմից ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքում առաջացող խնդիրների (այդ թվում՝ պետական մարմինների հետ) լուծմանը:
2.3. Ներդրողն իրավունք ունի՝
2.3.1. Ծրագրի իրականացման ընթացքում պարտավորությունները կատարելու անհնարինության և/կամ այդ պարտավորությունների կատարման հնարավոր ուշացումների առաջացման պարագայում անհրաժեշտ հիմնավորումների ներկայացման դեպքում առաջարկել պայմանագրի հավելվածով հաստատված ժամանակացույցի փոփոխություն։
2.3.2. Ծրագրի իրականացման ընթացքում նախարարությունից ստանալ օժանդակություն վերջինիս լիազորությունների շրջանակում։
2.4. Նախարարությունն իրավունք ունի՝
2.4.1. Իրականացնել ծրագրի մոնիթորինգ սույն պայմանագրի 2.1.6-րդ կետում նշված հաշվետվությունների հիման վրա։
2.4.2. Պահանջել ներդրողից չխոչընդոտել մոնիթորինգի իրականացմանը։
2.4.3. Պահանջել ներդրողից վերացնել պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը և/կամ դրանց պատճառները, իսկ դրանց չկատարման դեպքում լուծել պայմանագիրը միակողմանի նախապես տեղեկացնելով ներդրողին:
2.4.4. Պահանջել ներդրողից իրեն տրամադրել ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն և հիմնավորող փաստաթղթեր, իսկ տարեկան կտրվածքով ֆինանսական փաստաթղթերն անկախ աուդիտի եզրակացությամբ։
3. Պայմանագրի գործողության ժամկետը
3.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից և գործում է մինչև պայմանագրով սահմանված պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը։
3.2. Ներդրողի կողմից ծրագրի չկատարում է համարվում սույն պայմանագրի հավելվածով նախատեսված բոլոր գործողությունների 20 և ավելի տոկոսով չկատարումը, որի դեպքում նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծել սույն պայմանագիրը։
3.3. Կողմերի՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ուշացման դեպքում ծրագրի համապատասխան փուլի ժամկետները կարող են կողմերի համաձայնությամբ երկարաձգվել ուշացման կամ չկատարման ժամկետով, սակայն ոչ ավելի, քան 12 ամիսը։
3.4. Ֆորս-մաժորային հանգամանքների (անհաղթահարելի ուժի ազդեցություն) դեպքում ծրագրի համապատասխան փուլի, ինչպես նաև համամասնորեն դրան հաջորդող փուլերի իրականացման ժամկետները երկարաձգվում են ուշացման կամ չկատարման ժամկետով։
3.5. Ծրագրի իրականացման ժամկետների վերաբերյալ բոլոր այն դեպքերում, երբ պայմանագրով սահմանված չեն կոնկրետ ժամկետներ, դրանք սահմանվում են կողմերի միջև կնքված համաձայնագրով։
3.6. Պայմանագրի գործողության ընթացքում կողմերի միջև առաջացած վեճերի դեպքում, եթե դրանք խոչընդոտում են կողմերի պարտավորությունների կատարմանը, ապա այդ պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է վեճի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան 12 ամիսը։
4. Կողմերի հաղորդակցությունը
4.1. Կողմերը երաշխավորում են, որ միմյանց հետ հարաբերությունները պահպանելու են պաշտոնական գրավոր հաղորդակցության միջոցով, որը կլինի վավեր, եթե իրականացվում է պայմանագիրն ստորագրած անձանց կամ նրանց կողմից պատշաճ կարգով լիազորված ներկայացուցիչների միջոցով:
4.2. Պաշտոնական և վավեր հաղորդակցությունը կարող է իրականացվել բացառապես կողմերի համաձայնեցված և տրամադրված կապի միջոցներով՝ սահմանված հասցեներով, հեռախոսահամարներով, էլեկտրոնային փոստի հասցեներով կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով։
5. Վեճերի լուծման կարգը
5.1. Պայմանագրի կապակցությամբ կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ հակառակ դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս մաժոր).
6.1. Ֆորս մաժորային հանգամանքներ (անհաղթահարելի ուժ) են հանդիսանում բնական հանգամանքները՝ բնական աղետներ՝ ջրհեղեղներ, հրդեհներ, երկրաշարժեր, տեխնածին աղետներ, ռազմական գործողություններ, այլ պետության կողմից կիրառված սահմանափակումներ, արտակարգ դրության կամ ռազմական դրության իրավական ակտերից բխող սահմանափակումներ, ինչպես նաև սոցիալական և/կամ քաղաքական իրադարձություններ՝ գործադուլներ, սաբոտաժներ, քաղաքական հուզումներ, զանգվածային անկարգություններ, քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ և այլն:
6.2. Ֆորս մաժորային հանգամանքների առկայության դեպքում (անհաղթահարելի ուժի ազդեցություն), երբ պայմանագրի կատարման անհնարինությունը ծագել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում և դրանց կանխման, վերացման կամ ազդեցության նվազեցման համար ի զորու չէ, ապա կողմերն ազատվում են անհաղթահարելի ուժի ազդեցություն ընթացքում իրենց պարտավորությունների չկատարման հետևանքով պատասխանատվությունից: Ֆորս մաժորային հանգամանքների (անհաղթահարելի ուժի ազդեցություն) վերացման պահից կողմերը պարտավորվում են շարունակել պայմանագրի կատարումը և չեն կարող հրաժարվել ստանձնած պարտավորությունների և պայմանագրի կատարումից կամ դադարեցնել պայմանագրի գործողությունը:
6.3. Սույն կետով նախատեսված դեպքում՝ ֆորս մաժորային հանգամանքների (անհաղթահարելի ուժի ազդեցություն) վերացումից հետո, կողմերի միջև կազմվում է արձանագրություն և կատարվում են փոխադարձ հաշվարկներ, կազմվում և հաստատվում է ծրագրի իրականացման նոր ժամկետ, որը կցվում է պայմանագրին որպես հավելված:
6.4. Անհաղթահարելի ուժի ազդեցության վերաբերյալ դրույթները կիրառելի են միայն այն դեպքում, երբ դրանք ծրագրի իրականացման համար անհրաժեշտ՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման վրա ունեցել են անմիջական ազդեցություն։
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրի կնքման պահից ուժը կորցրած են համարվում պայմանագրի առարկայի վերաբերյալ կողմերի միջև նախկինում եղած բոլոր բանավոր բանակցություններն ու պայմանավորվածությունները, որոնք չեն ամրագրվել պայմանագրով և որոշմամբ։
7.2. Կողմերն իրավասու են հայտնել միմյանց ծրագրի բարելավման հնարավորությունների մասին՝ դրանք քննարկելու նպատակով։
7.3. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբա- նական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից։
7.4. Պայմանագիրը կազմված է հայերենով, երկու օրինակից, 9 էջից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
7.5. Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հետ կապված, ինչպես նաև սույն պայմանագրով չնախատեսված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
8. Կողմերի հասցեները, բանկային և այլ վավերապայմանները և ստորագրությունները
Հայաստանի Հանրապետության
Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 ՀՎՀՀ՝ 02698604 ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն հ/հ 900011018695 նախարար՝ Վահան Քերոբյան ____________________________ |
«ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ, 0014, ք. Երևան, Ադոնցի փ. 8, 170, Արաբկիր, ՀՎՀՀ՝ 00908656 Բանկ՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հ/հ՝ 16063014346101 տնօրեն՝ Մհեր Բաղդասարյան ____________________________ |
Հավելված « »_______ 20 թ. կնքված պայմանագրի |
Փուլեր |
1-ին փուլ |
2-րդ փուլ |
3-րդ փուլ | |||||||||||||||||||||
Տարիներ |
2021 |
2022 |
2023 |
2024 |
2025 |
2026 |
2027 | |||||||||||||||||
Միջոցառման անվանումը |
Q1- Q3 |
Q4 |
Q1 |
Q2 |
Q3 |
Q4 |
Q1 |
Q2 |
Q3 |
Q4 |
Q1 |
Q2 |
Q3 |
Q4 |
Q1 |
Q2 |
Q3 |
Q4 |
Q1 |
Q2 |
Q3 |
Q4 |
Q1 |
Q2-Q4 |
Հողի ձեռքբերման աշխատանքների մեկնարկ* |
||||||||||||||||||||||||
Հողի ձեռքբերման գործընթացների իրականացում, 1-ին փուլ |
||||||||||||||||||||||||
Հողի ձեռքբերման գործընթացների իրականացում, 2-րդ փուլ |
||||||||||||||||||||||||
Հողի ձեռքբերման գործընթացների իրականացում, 3-րդ փուլ |
||||||||||||||||||||||||
Հողի ձեռքբերման գործընթացների իրականացում, 4-րդ փուլ |
||||||||||||||||||||||||
Հանրային լսումներ 1 |
||||||||||||||||||||||||
Հանրային լսումներ 2 |
||||||||||||||||||||||||
Նախագծահաշվարկային փաստաթղթերի մշակում և հաստատում |
||||||||||||||||||||||||
Շինարարական աշխատանքների (ճոպանուղիների մասով) մեկնարկ և գործարկում |
||||||||||||||||||||||||
Ժամանցի համալիրի (ռեստորան, 2 հյուրանոց, սահադաշտ) շինարարական աշխատանքների մեկնարկ և գործարկում** |
||||||||||||||||||||||||
Հյուրանոցի, որում առկա է խաղատուն, շինարարական աշխատանքների մեկնարկ և գործարկում** |
||||||||||||||||||||||||
Ներքին ճանապարհների կառուցում |
*Հետայսու մեկնարկ է համարվում նախագծահաշվարկային փաստաթղթերի ներկայացումը տեղական ինքնակառավարման մարմիններին (կտևի երկու եռամսյակ):
** Նշված ժամկետը ներառում է նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում շինարարական աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել:
Հայաստանի Հանրապետության
Հասցե՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 ՀՎՀՀ՝ 02698604 ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն հ/հ 900011018695 նախարար՝ Վահան Քերոբյան ____________________________ |
«ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԲԸ
Հասցե՝ ՀՀ, 0014, ք. Երևան, Ադոնցի փ. 8, 170, Արաբկիր, ՀՎՀՀ՝ 00908656 Բանկ՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ հ/հ՝ 16063014346101 տնօրեն՝ Մհեր Բաղդասարյան ____________________________ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|