Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.24-2022.02.06 Պաշտոնական հրապարակման օրը 03.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2022 թվականի N 124-Ն

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԳՅՈՒՏԵՐԸ) ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՅՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ հոդվածի 7-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը և 10-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետները և դրանք քննարկելու կարգն ու ժամկետները` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ շնորհելու և հանձնելու կարգն ու ժամկետները` համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 3-ի N 124-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԳՅՈՒՏԵՐԸ) ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՅՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույնով կարգավորվում են ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները պետական մրցանակի հայցման ներկայացնելու հարաբերությունները:

2. Պետական մրցանակի ներկայացվող ստեղծագործությունների հայցերը քննարկող հանձնաժողովի կամ կոմիտեի կողմից մրցանակաբաշխության մրցույթի հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներով և միջազգային գիտական ամսագրերում (ներառյալ ինտերնետային կայքէջերը) հրապարակվում է մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ից 15-ը՝ բացառությամբ Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի մրցանակաբաշխության մրցույթի հայտարարության, որը հրապարակվում է ոչ ուշ, քան մրցանակաբաշխության օրվանից՝ մրցանակաբաշխության տարվա սեպտեմբերի 18-ից, մեկ տարի առաջ:

3. Մրցանակի հավակնող աշխատանքները, սույն հավելվածի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին, պետական մրցանակի ներկայացվող ստեղծագործությունների հայցերը քննարկող հանձնաժողովին կամ կոմիտեին են ներկայացվում մրցանակաբաշխության հայտարարության հրապարակումից հետո՝ մրցանակաբաշխության տարվա հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝ բացառությամբ Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հայցի, որը ներկայացվում է մրցույթի մասին հայտարարության հրապարակումից հետո վեց ամսվանից ոչ ուշ:

4. Պետական մրցանակի ներկայացման հայցը կարող են ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» ՀՀ օրենքի 4րդ հոդվածի 3-6-րդ մասերով նախատեսված անձինք, մարմինները, կազմակերպությունները, խորհուրդները և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, բաժանմունքները, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը:

5. Մրցանակի հայցման համար հանձնաժողովին կամ կոմիտեին են ներկայացվում`

1) աշխատանքի բնութագիրը և հիմնավորումը (գիտական ուղղվածություն ունեցող աշխատանքների համար` աշխատանքի գիտական բնութագիրը և գիտության համար նշանակությունն ընդգրկող հիմնավորումը), հայցողների հրատարակված կամ այլ եղանակով հրապարակված աշխատությունների ցանկը.

2) մանրամասն տեղեկություններ հեղինակի մասին:

6. Մրցանակի հայցման համար առաջարկությունն ընդունվելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ որոշման ընդունման օրվանից հաշված, այդ մասին էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (փոստով կամ առձեռն) տեղեկացվում է առաջարկությունը ներկայացնողին:

7. Մրցանակի հայցման համար՝

1) առաջարկությունների ընդունումը մերժվում է, եթե`

ա․ ներկայացվող փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ,

բ․ ներկայացված աշխատանքն արդեն շահել է միջազգային այլ խոշոր մրցանակ (հինգ հարյուր հազար և ավելի ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամական պարգևով) կամ միաժամանակ ներկայացվել է նմանատիպ մրցանակի հայցման համար,

գ․ չեն պահպանվել մրցանակի հայցման համար առաջարկությունները ներկայացնելու` սույն կարգով նախատեսված պայմանները.

2) առաջարկությունները վերադարձվում են, եթե ներկայացվող փաստաթղթերում առկա են թերություններ կամ պահանջվող ոչ բոլոր փաստաթղթերն են ներկայացվել:

8. Մրցանակի հայցման համար առաջարկությունը մերժելու կամ վերադարձնելու որոշում ընդունվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ որոշման ընդունման օրվանից հաշված, այդ մասին էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (փոստով կամ առձեռն) տեղեկացվում է առաջարկությունը ներկայացնողին և վերադարձման ենթակա առաջարկությունը վերադարձվում է: Վերադարձված առաջարկությունը ներկայացնողն ստանալուց հետո կարող է երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները և առաջարկությունը վերադարձնել քննարկման:

9. Ներկայացված հայցերը սույն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում նշված ժամկետում քննարկում է այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը կամ կոմիտեն, ամփոփում և ընտրված ստեղծագործությունները, Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունների հետ միասին, ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

10. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ են ներկայացվում համապատասխան տեղեկանք-հիմնավորումով, հանձնաժողովի կամ կոմիտեի եզրակացությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 3-ի N 124-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Պետական մրցանակների շնորհման վերաբերյալ առաջարկները, ըստ մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ից 15-ը հրապարակված մրցանակաբաշխության հայտարարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ են ներկայացվում ոչ շուտ, քան մինչև մրցանակաբաշխության տարվա նոյեմբերի 1-ը և ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 15-ը՝ բացառությամբ Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի, որի շնորհման համար առաջարկները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ են ներկայացվում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրվան՝ սեպտեմբերի 18-ին, ընդառաջ:

2. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի առաջարկը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացվում ոչ շուտ, քան մինչև մրցանակաբաշխության (յուրաքանչյուր զույգ) տարվա հուլիսը 1-ը և ոչ ուշ, քան մինչև հուլիսի 15-ը:

3. Պետական մրցանակի ներկայացվող ստեղծագործությունների հայցերը քննարկող հանձնաժողովը կամ կոմիտեն հայցերը քննարկում է համապատասխան առաջարկությունները՝ հիմք ընդունելով հանձնաժողովի կողմից սահմանված չափանիշները մրցանակի հավակնորդների ընտրության համար: Հայցերը քննարկվում են հայցերի ընդունման ժամկետի ավարտից մինչև դրանք առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամանակահատվածում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 3-ի N 124-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները (այսուհետ` մրցանակ) շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին:

2. Մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` համապատասխան որոշմամբ:

3. Մրցանակը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ վարչապետի հանձնարարությամբ՝ Կառավարության այլ անդամ:

4. Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ բացառությամբ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների, որոնք շնորհվում են տարին մեկ անգամ և որպես կանոն հանձնվում են մրցանակաբաշխության տարվա դեկտեմբեր ամսին:

5. Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հանձնվում է երկու տարին մեկ անգամ` յուրաքանչյուր զույգ տարվա սեպտեմբերի 18-ին՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, այդ առիթով գումարված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում:

6. Մրցանակն ստեղծագործության համահեղինակներին շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև` յուրաքանչյուրին հանձնվում են նաև կրծքանշան և վկայագիր:

7. Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իսկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 փետրվարի 2022 թվական: