Գլխավոր տեղեկություն
Համար
N 888-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (02.02.2022-20.09.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 04.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2020 թվականի N 888-Ն

 

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ձևավորել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա աշխատակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 3

Երևան

   

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2020 թ.

օգոստոսի 3-ի N 888-Ն

որոշման

 

ա շ խ ա տ ա կ ա ր գ

 

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ աշխատանքային խմբի

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Աշխատակարգը կարգավորում է սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) գործունեության նպատակի, խնդիրների և աշխատանքի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Աշխատանքային խմբի գործունեության նպատակն է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած զինծառայողների՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ հարուցված՝ սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերը (այսուհետ՝ գործեր)։ Նշված գործերից յուրաքանչյուրով աշխատանքային խումբը կազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդատվական եզրակացություն։

3. Աշխատանքային խմբի խնդիրներն են՝

1) վերհանել գործերի քննության ընթացքում քրեաիրավական և քրեադատավարական նորմերի ենթադրյալ խախտումները.

2) վերհանել քննության լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության ենթադրյալ խախտումները.

3) վերհանել քննության համար պատասխանատու անձանց կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումներն ու չարաշահումները:

4. Աշխատանքային խմբի գործունեությունը չի կասեցնում կամ որևէ կերպ սահմանափակում քննվող գործերի շրջանակներում տուժողների իրավահաջորդների կողմից իրենց իրավունքների իրականացումը, այդ թվում՝ գործերի քննության ընթացքում միջնորդությունների և առարկությունների ներկայացումը, քննչական կամ այլ դատավարական գործողություններին մասնակցությունը, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի գործողությունների և որոշումների, այդ թվում` դատավճիռների և դատարանի այլ վերջնական ակտերի բողոքարկումը։

5. Աշխատանքային խմբի գործունեությունը չի կարող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի շրջանակներում դիտվել որպես պետության կողմից գործերի քննությանն ուղղված արդյունավետ միջոց, և աշխատանքային խմբի գործունեության արդյունքները չեն կարող ազդել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների և որոշումների՝ պետության կողմից պատշաճ կատարման պարտականության վրա։

6. Աշխատանքային խմբի գործունեության ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սույն որոշման N 3 հավելվածում նշված՝ ուսումնասիրության ենթակա գործով խախտման արձանագրմամբ վճիռ կայացվելու դեպքում աշխատանքային խումբը դադարեցնում է տվյալ գործի ուսումնասիրությունը։

 

II. Աշխատանքային խմբի ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Աշխատանքային խումբը կազմված է վեց անդամից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և սույն որոշման N 3 hավելվածով թվարկված գործերով տուժողների իրավահաջորդների երեք ներկայացուցիչներից։ Աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատվում է սույն որոշման N 2 hավելվածով։

8. Աշխատանքային խմբի անդամն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով, ինչպես նաև սույն աշխատակարգով։

9. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցները) միջամտությունը աշխատանքային խմբի գործունեությանը:

10. Աշխատանքային խումբը սույն աշխատակարգի 2-րդ կետով սահմանված խնդիրներն իրականացնելիս առաջնորդվում է նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ գործող մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմինների իրավական դիրքորոշումներով:

11. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործել խմբի գործունեության շրջանակներից դուրս, անձնական կամ մասնավոր այլ նպատակներով, հրապարակել դրանք կամ այլ կերպ հասանելի դարձնել հասարակությանը։ Խմբի գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը պարբերաբար հանրությանը տեղեկացնում է աշխատանքների ընթացքի և միջնաժամկետ արդյունքների վերաբերյալ:

12. Աշխատանքային խումբն իր գործունեության շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմնի աջակցությամբ կարող է ստանալ իր կողմից ուսումնասիրության ենթակա քրեական գործերի պատճեններն ամբողջությամբ՝ բացառությամբ պետական գաղտնիք կազմող նյութերի, ինչպես նաև կարող է պետական իրավասու մարմիններ ուղարկել հարցումներ, ստանալ պատասխաններ, պարզաբանումներ:

13. Քրեական գործերում առկա փորձաքննության արդյունքների ոչ բավարար հիմնավորվածության կամ դրանցում դատավարական կանոնների ենթադրյալ խախտումների առկայության վերաբերյալ դիտարկումներն աշխատանքային խմբի կողմից ամրագրվում են խորհրդատվական եզրակացությունների մեջ:

14. Աշխատանքային խումբը յուրաքանչյուր գործով ուսումնասիրությունն սկսելուց առաջ և գործով եզրակացությունը կազմելուց առաջ հանդիպում է տվյալ գործով տուժողի իրավահաջորդի (իրավահաջորդների) հետ։

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ արդյունքները եվ գործունեության ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

15. Աշխատանքային խումբը սույն աշխատակարգով նախատեսված քրեական գործերից յուրաքանչյուրի ուսումնասիրությունն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում իր գործունեության և դրա արդյունքների մասին գրավոր խորհրդատվական եզրակացություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև բանավոր պարզաբանումներ։ Եզրակացությունների համառոտ՝ նախաքննության կամ պետական գաղտնիք, ինչպես նաև անձնական տվյալ հանդիսացող տեղեկություններ չպարունակող տարբերակները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից։

16. Եզրակացությունները կազմվում են աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի կողմից ուսումնասիրության առարկա յուրաքանչյուր գործի կապակցությամբ ներկայացված գրավոր կարծիքների հիման վրա: Եթե խնդրո առարկա որևէ հարցի վերաբերյալ խմբի անդամներին չի հաջողվում ձևավորել միասնական մոտեցում, ապա խորհրդատվական եզրակացությունների մեջ շարադրվում են խմբի անդամների կողմից գրավոր ներկայացված բոլոր կարծիքները:

17. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խումբը կարող է իր կողմից վեր հանված առանձին հարցերի վերաբերյալ եզրակացություններն ուղարկել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» N 1441-Լ որոշման N 1 հավելվածով նախատեսված Փաստահավաք հանձնաժողովին:

18. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է սույն որոշման N 3 հավելվածով թվարկված քրեական գործերի ուսումնասիրության և դրա արդյունքում կազմված բոլոր գրավոր խորհրդատվական եզրակացությունները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև բանավոր պարզաբանումները Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելուց հետո։
      19. Մինչև աշխատանքային խմբի գործունեության դադարումն աշխատանքային խմբի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառմամբ նախատեսված միջոցների հաշվին ապահովելու է որոշման N 2 հավելվածով հաստատված աշխատանքային խմբի անհատական կազմում ներգրավված և ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակից չհանդիսացող անձանց վարձատրության ֆինանսավորումը:

(19-րդ կետը լրաց.17.09.20 N 1059-Ն)

(հավելվածը լրաց. 17.09.20 N 1059-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2020 թ.

օգոստոսի 3-ի N 888-Ն

որոշման

 

Ա ն հ ա տ ա կ ա ն  կ ա զ մ

 

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ աշխատանքային խմբի

 

Աննա Վարդապետյան

- ՀՀ վարչապետի օգնական

Արայիկ Պապիկյան

- փաստաբան, արտոնագիր թիվ 970

Դավիթ Գյուրջյան

- փաստաբան, արտոնագիր թիվ 1897

Զարուհի Մեջլումյան

- փաստաբան, արտոնագիր թիվ 2511

Լալա Բեգոյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբան

Պետիկ Մկրտչյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի տեղակալ:

(հավելվածը փոփ. 10.05.21 N 492-Ն, 31.08.21 N 922-Ն, 01.02.22 N 137-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2020 թվականի

օգոստոսի 3-ի N 888-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ

 

Հ/Հ

Զինծառայող

Գործի համար

1.

Տիգրան Սուրենի Օհանջանյան

90603807

2.

Վալերիկ Ազատի Մուրադյան

90951310

3.

Արթուր Սումբատի Ղազարյան

90150611

4.

Անդրանիկ Արմենի Մկրտչյան

90556717

5.

Լևոն Արսենի Թորոսյան

90753018

6.

Արսեն Արթուրի Մխիթարյան

90757016

7.

Արման Հովսեփի Մուրադյան

90857913

8.

Էմիլ Գագիկի Մաթևոսյան

90404996

(հավելվածը խմբ. 01.02.22 N 137-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի
ՏԵՂԱԿԱԼ

Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2020 թվական: