Գլխավոր տեղեկություն
Համար
N 281-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.03.2022-06.05.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2022 թվականի N 281-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի իրականացման նպատակով բացել գանձապետական ավանդային հաշիվներ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի 0044..0033..220022222 պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով բացված հաշիվների նկատմամբ պատասխանատվությունը և գործողությունների իրականացման լիազորությունը վերապահել համայնքներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 281-Լ որոշման

   

Ծ Ր Ա Գ Ի Ր

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

  

1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

      

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես, հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:

2. Ծրագիրը կիրականացվի 2022 թվականին` Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։

3. Ծրագրի մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (այսուհետ՝ մարզպետարան).

3) Հայաստանի Հանրապետության համայնքները (այսուհետ՝ համայնք).

4) պարարտանյութերի վաճառք իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ մատակարար), որոնք՝

ա. ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկատվության` դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունեն ձևավորված վարկային պատմություն,

բ. ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն, դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումը ներկայացնելու օրը 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ առկա չեն.

5) գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու)։

4. Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։

5. Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով՝ 9000 դրամը։ Ծրագրի շրջանակում մարզերից ներկայացված նախնական պահանջարկը՝ ըստ պարարտանյութերի տեսակների, ներկայացված է N 1 աղյուսակում։

6. Ծրագրի շրջանակում մատակարարների կողմից վաճառվող պարարտանյութերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1692-Ն որոշմամբ հաստատված հանքային պարարտանյութերի տեխնիկական կանոնակարգին, մասնավորապես, տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտներին՝

1) ազոտական պարարտանյութ, ԳՕՍՏ 2-2013 «Սելիտրա՝ ամոնիակային. Տեխնիկական պայմաններ», ԳՕՍՏ 2081-2010 «Կարբամիդ. Տեխնիկական պայմաններ».

2) ֆոսֆորական պարարտանյութ, ԳՕՍՏ 16306-80 «Սուպերֆոսֆատ՝ կրկնակի հատիկավորված. Տեխնիկական պայմաններ».

3) կալիումական պարարտանյութ, ԳՕՍՏ 4568-95 «Կալիումի քլորիդ. Տեխնիկական պայմաններ»։

7. Ծրագրի շրջանակում վաճառված պարարտանյութի որակի համար պատասխանատվությունը կրում է մատակարարը։

8. Ելնելով շահառուի կողմից մշակվող հողատարածքի չափից՝ պարարտանյութերի վաճառքն իրականացվում է հետևյալ չափաքանակներով՝

1) ազոտական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 500 կգ.

2) ֆոսֆորական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 400 կգ.

3) կալիումական պարարտանյութ` 1 հեկտարի համար մինչև 300 կգ։

9. Ծրագրի շրջանակում մատակարարների կողմից շահառուներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն՝ պարարտանյութերի արդյունավետ կիրառման վերաբերյալ։

10. Մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքն իրականացվում է մարտի 17-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։

11. Փոխհատուցման կամ սուբսիդավորման գործընթացն իրականացնում է նախարարությունը:

12. Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև մարտի 11-ը ներառյալ դիմում են նախարարություն՝ ներկայացնելով ծրագրի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տեղեկատվությունը հիմնավորող փաստաթղթերը, առաջարկվող պարարտանյութերի (ըստ տեսակների) նախնա կան քանակները ու նախարարության հետ կնքում սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր (պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով), որի արդյունքում ձևավորվում է մատակարարների տվյալների ցանկ։

13. Նախարարությունը մինչև մարտի 14-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է մատակարարների (անվանումը/անունը, ազգանունը, գտնվելու վայրը, հասցեն, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը (հեռախոսահամարները) և այլն) վերաբերյալ տեղեկատվությունը և նրանց կողմից վաճառքի ենթակա պարարտանյութերի տեսակները։

14. Շահառուները պարարտանյութեր կարող են ձեռք բերել միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։

15. Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 21-ը ներառյալ դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակները՝ ըստ տեսակների։ Դիմումին կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները), պայմանագրային հիմունքներով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում՝ նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), կամ համայնքի (բնակավայրի վարչական) ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն)։

16. Համայնքի ղեկավարը հավաքագրում է ծրագրի 15-րդ կետում նշված տեղեկատվությունը, ստեղծում շահառուների բանկ։

17. Համայնքի ղեկավարը, ամփոփելով պարարտանյութերի պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը, մատակարարին (մատակարարներին) է ներկայացնում նախնական հայտ, որում պարտադիր նշվում են առաջարկություններ մատակարարման և վճարումների ժամկետների, մատակարարման վայրի վերաբերյալ։

18. Մատակարարը (մատակարարները) նախնական հայտն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին մատակարարման և վճարումների ժամկետների, մատակարարման վայրի, ինչպես նաև պարարտանյութերի վաճառքի գների վերաբերյալ։

19. Տեղեկացումից հետո շահառուները պարարտանյութերի գումարի չսուբսիդավորված մասը սույն որոշման 2-րդ կետում նշված բանկային հաշվեհամարին վճարում են անկանխիկ եղանակով՝ փոխանցումը հավաստող փաստաթղթի պատճենը ներկայացնելով համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին։

20. Պարարտանյութերի մատակարարումն իրականացվում է մատակարարի և համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի միջև կազմված հանձնման-ընդունման ակտով (որում պարտադիր նշվում են մատակարարված պարարտանյութերի քանակները և վաճառքի գները), որին կցվում է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված ներմուծման եզրակացությունը, պարարտանյութերի ներմուծումը հավաստող փաստաթղթերը և պարտավորագիր՝ համայնքի ղեկավարի կողմից 19-րդ կետում նշված գումարը՝ հանձնման-ընդունման ակտը (ակտերը) ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարի հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ։ Համայնքի ղեկավարը կնքված հանձնման-ընդունման ակտի (ակտերի) պատճենը (պատճենները) 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մարզպետարան։

21. Համայնքի ղեկավարը հանձնման-ընդունման ակտի հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարին է փոխանցում 19-րդ կետում նշված բանկային հաշվեհամարին մուտքագրված գումարը։

22. Համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պարարտանյութերի հանձնումը շահառուներին իրականացվում է շահառուների հետ կնքվող հանձնման-ընդունման ակտի հիման վրա։

23. Ծրագրի 20-րդ կետում նշված հանձնման-ընդունման ակտի շրջանակում պարարտանյութերի փաստացի վաճառքի ավարտից հետո համայնքի ղեկավարը 15 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կամ թղթային տարբերակով նախարարություն է ներկայացնում՝

1) ծրագրի 20-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները.

2) վաճառված պարարտանյութերի վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն նախարարության կողմից սահմանված ձևաչափի (ձևաչափը հրապարակվում է մինչև մարտի 11-ը)։

24. Նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է 23-րդ կետում ներկայացված փաստաթղթերը և ուսումնասիրության ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը փոխանցում է մատակարարի համապատասխան հաշվեհամարին՝ 12-րդ կետում նշված պայմանագրի շրջանակում երկկողմ ստորագրված համաձայնագրի հիման վրա։

25. Համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացվում է ընտրանքային մոնիթորինգ՝ շահառուների կողմից ձեռք բերված պարարտանյութերը սույն ծրագրում նշված նպատակներին համապատասխան օգտագործելու փաստերը և մատակարարի կողմից սույն ծրագրի և 12-րդ կետում նշված պայմանագրի դրույթների խախտումը բացահայտելու նպատակով։ Շահառուի մոտ իրականացված մոնիթորինգի բացասական արդյունքների դեպքում համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարը 2 աշխատանքային օրվա ընթացքում պարարտանյութերի սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարները պետական բյուջե վերադարձնելու մասին գրավոր տեղեկացնում է շահառուին, մարզպետարանին և նախարարությանը։ Շահառուի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գումարը չվճարելու դեպքում այն գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

26. Համայնքի ղեկավարը մինչև հուլիսի 15-ը հաշվետվություն է ներկայացնում նախարարություն և մարզպետարան։ Հաշվետվությունը պետք է ներառի տեղեկատվություն համայնքում ծրագրի շրջանակում ցանքատարածքներում իրականացված պարարտացման կամ սնուցման մակերեսի, վաճառք իրականացրած մատակարարների, ընտրված շահառուների մոտ իրականացված մոնիթորինգի արդյունքների, արձանագրված խախտումների և առկայության դեպքում պետական բյուջե վերադարձված միջոցների վերաբերյալ։

27. Ծրագրի շրջանակում մարզպետարանների կողմից իրականացվում է ընտրանքային մոնիթորինգ (նախարարության հետ համաձայնեցված կարգով)՝ շահառուների կողմից ձեռք բերված պարարտանյութերը սույն ծրագրում նշված նպատակներին համապատասխան օգտագործելու փաստերը և մատակարարի կողմից սույն ծրագրի և 12-րդ կետում նշված պայմանագրի դրույթների խախտումը բացահայտելու նպատակով։ Շահառուի մոտ իրականացված մոնիթորինգի բացասական արդյունքների դեպքում մարզպետարանը 2 աշխատանքային օրվա ընթացքում պարարտանյութերի սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարները պետական բյուջե վերադարձնելու մասին գրավոր տեղեկացնում է շահառուին, համայնքի ղեկավարին և նախարարությանը։ Շահառուի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գումարը չվճարելու դեպքում այն գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

28. Եթե 25-րդ և 27-րդ կետերում նշված մոնիթորինգի ընթացքում մատակարարի մոտ հայտնաբերվել է ծրագրի պայմանների կամ 12-րդ կետում նշված պայմանագրի դրույթների խախտում, ապա տվյալ պայմանագրի (պայմանագրերի) շրջանակում վաճառված պարարտանյութերի համար մատակարարին սուբսիդավորման կամ փոխհատուցման գումար չի տրամադրվում, իսկ տրամադրված լինելու դեպքում ներկայացվում է հետվերադարձման պահանջ։ Հետվերադարձման պահանջ ներկայացվելու դեպքում մատակարարի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում գումարը չվճարելու դեպքում այն գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

29. Ծրագրի հնարավոր ռիսկերն են՝

1) պարարտանյութերի ներմուծման լոգիստիկ, մասնավորապես, Լարսի անցակետում առաջացող խնդիրները.

2) ծրագրով գնահատված պահանջարկի և փաստացի վաճառված ծավալների շեղումները.

3) պարարտանյութերի ներկրումների ուշացումները.

4) արդյունավետ վերահսկողական մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարությունը.

5) արտաքին շուկայում պարարտանյութերի գնային էական տատանումները։

30. Ծրագրի ռիսկերի մեղմմանն են ուղղված՝

1) պարարտանյութերի գնի սուբսիդավորումը.

2) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված պարարտանյութերի ներմուծման եզրակացության ներկայացման պարտադիր պահանջը.

3) պահանջարկի նախնական գնահատումը.

4) լոգիստիկ խնդիրների կառավարումը.

5) համայնքի և մարզպետարանի կողմից մոնիթորինգի իրականացումը։

31. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ծրագրի բյուջեն 2022 թվականի համար կկազմի շուրջ 4.9 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել մարզերից ստացված պահանջարկը։

32. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝

1) շուրջ 55.000 հա ցանքատարածությունների պարարտացման ապահովում.

2) պարարտանյութերի նորմավորված չափաքանակների և համատեղ օգտագործման պայմաններում բերքատվության բարձրացում.

3) հողերի բերրիության բարձրացում։

   

Աղյուսակ N 1

  

ՄԱՐԶԵՐԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԸՍՏ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

  

NN

ը/կ

Մարզի անվանումը

Ազոտական պարարտանյութ

(տոննա)

Ֆոսֆորական պարարտանյութ

(տոննա)

Կալիումական պարարտանյութ

(տոննա)

Ընդամենը (տոննա)

1.

Արագածոտն

2811

140

137

3088

2.

Արարատ

3500

200

150

3850

3.

Արմավիր

5000

200

200

5400

4.

Գեղարքունիք

3000

50

50

3100

5.

Լոռի

2000

150

120

2270

6.

Կոտայք

1300

100

50

1450

7.

Շիրակ

5000

50

50

5100

8.

Սյունիք

2250

30

10

2290

9.

Վայոց ձոր

400

10

10

420

10.

Տավուշ

350

3

3

356

Ընդամենը

25611

933

780

27324

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

  

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.2022, N 618-Լ 06.05.2022, N 281-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան