Գլխավոր տեղեկություն
Համար
N 1111-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (21.01.2022-20.12.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.08.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

            

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

21 օգոստոսի 2018 թվականի N 1111-Ա

  

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 02.09.21 N 935-Ա)

 

Համաձայն «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հաստատել բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի և կազմը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 02.09.21 N 935-Ա)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշումը:

         

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2018 թ. օգոստոսի 21

Երևան

       

   

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

օգոստոսի 21-ի N 1111-Ա

որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը կարգավորում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

(3-րդ կետը փոփ. 02.09.21 N 935-Ա)

4. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բարեգործության մասնակիցների ներկայացուցիչներ:

5. Հանձնաժողովի անդամներ են նաև հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը:

6. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

7. Հանձնաժողովի գործունեության ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը, որի պետն ի պաշտոնե հանդիսանում է հանձնաժողովի նախագահի տեղակալ:

(7-րդ կետը փոփ. 19.02.19 N 145-Ա)

   

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  

8. Հանձնաժողովի նպատակը, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն, լիազորված մարմնին առաջարկություններ ներկայացնելն է՝ լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ:

9. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև բարեգործության մասնակիցների և այլ կազմակերպությունների հետ:

10. Իր գործառույթների իրականացման նպատակով հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կազմակերպություններին՝ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր և այլ փաստաթղթեր ստանալու համար:

11. Հանձնաժողովը կարող է հրավիրել համաժողովներ՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցերի քննարկման նպատակով:

          

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  

12. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր իրավասությունների սահմաններում, նիստերի, հարցման կարգով (հեռակա քվեարկությամբ) առաջարկությունների (այսուհետ՝ առաջարկություններ) ներկայացման միջոցով:

(12-րդ կետը փոփ. 19.02.19 N 145-Ա)

13. Հանձնաժողովի աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է հանձնաժողովի հանձնարարությամբ և աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան:

14. Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատողների և մասնագետների:

15. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

16. Հանձնաժողովի նախագահի հրավերով կամ հանձնաժողովի որոշմամբ խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձինք:

17. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի առաջարկություններն ընդունվում են նիստին ներկա անդամների, իսկ հարցման կարգով քննարկում կազմակերպելու դեպքում՝ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

(17-րդ կետը փոփ. 19.02.19 N 145-Ա)

18. Հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում ընդունված առաջարկության մասին նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:

(18-րդ կետը փոփ. 19.02.19 N 145-Ա)

19. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի քարտուղարը:

(19-րդ կետը փոփ. 19.02.19 N 145-Ա)

20. Հանձնաժողովի նախագահը՝

1) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը, ապահովում նրա բնականոն աշխատանքը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը.

3) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը, իսկ անհրաժեշտության դեպքում առանձին հարցերի քննարկումը կազմակերպում է հարցման միջոցով, ընդ որում, եթե ծրագիրը բարեգործական որակելու կամ հարակից գործարքների շրջանակը որոշելու վերաբերյալ հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, կամ դրանց պարունակած տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների, ապա 10 օրացուցային օրվա ընթացքում ծրագիրն իրականացնողին տեղեկացվում է դրա մասին, և եթե 30 օրացուցային օրվա ընթացքում չի ստացվում պատասխանը, ապա հայտը հանվում է քննարկումից.

4) վարում է հանձնաժողովի նիստերը.

5) ստորագրում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները.

6) հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ՝ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերի լուծման համար.

7) հանձնաժողովի կազմի փոփոխման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին.

8) ապահովում է հանձնաժողովի աշխատանքի լուսաբանումն ու հրապարակայնությունը.

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

(20-րդ կետը փոփ. 19.02.19 N 145-Ա)

21. Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝

1) կատարում է հանձնաժողովի նախագահի՝ հանձնաժողովի աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հանձնարարականները.

2) հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան.

3) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի գործունեությունը.

4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքային խմբերի աշխատանքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

22. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը, անհրաժեշտ նյութերն ու լիազորված մարմնի որոշումների նախագծերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

2) ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստից երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին է ուղարկում նիստի օրակարգի նախագիծն ու նախատեսված հարցերին առնչվող նյութերը.

3) կազմակերպում է հանձնաժողովի նիստի նախապատրաստումը.

4) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) կազմակերպում է հանձնաժողովի գործավարությունը.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

23. Հանձնաժողովի անդամները՝

1) պարտավոր են սահմանված կարգով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

2) պատասխանատու են հանձնաժողովի որոշմամբ իրենց տրված հանձնարարականների կատարման համար.

3) իրավունք ունեն ծանոթանալու ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի աշխատակազմում առկա նյութերին ու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.

4) հանձնաժողովի նիստից առաջ կարող են առաջադրել հարցեր հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև հայտնել իրենց կարծիքն օրակարգի մասին.

5) իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված այլ լիազորություններ:

(հավելվածը փոփ. 19.02.19 N 145-Ա, 02.09.21 N 935-Ա)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. օգոստոսի 21

Երևան

  

 

   

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

օգոստոսի 21-ի N 1111-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը խմբ. 02.09.21 N 935-Ա)

          

Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի օգնական

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)

Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար):

(հավելվածը փոփ. 29.10.18 N 1441-Ա, 19.11.18 N 1536-Ա, 03.12.18 N 1613-Ա, խմբ. 19.02.19 N 145-Ա, փոփ. 27.03.19 N 307-Ա, 22.04.19 N 440-Ա, 15.08.19 N 1128-Ա, լրաց. 06.03.20 N 308-Ա, փոփ. 25.03.20 N 389-Ա, 04.09.20 N 1013-Ա, 26.11.20 N 1284-Ա, 15.12.20 N 1373-Ա, խմբ. 02.09.21 N 935-Ա, լրաց. 20.01.22 N 71-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան