Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1625
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.01.2022
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
18.01.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

18 հունվարի 2022 թ.

 

1957 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2021 թվականի հոկտեմբերի 28-ի N 1767-Ա որոշմամբ հավանություն է տվել 1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 1-ին:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2021 թվականի նոյեմբերի 1-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով վերոնշյալ համաձայնագիրը, Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 1957 թվականի սեպտեմբերի 30-ին` վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով` սահմանելով վտանգավոր նյութերի դասակարգման և պիտակավորման միասնական համակարգեր, ներդաշնակեցնելու այդ նյութերի փաթեթավորման, պիտակավորման և դրանց փոխադրման պահանջները, կանխելու վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին վնաս հասցնելը:

 

2. Համաձայնագրով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների, սարքավորումների կառուցվածքի և շահագործման վերաբերյալ պահանջներ, սահմանվում են անվտանգության ստանդարտներ, որոնցով ապահովվում է ռադիոակտիվ նյութերի փոխադրման հետ կապված՝ ճառագայթման, մարդկանց, գույքին և շրջակա միջավայրին սպառնացող ջերմային վտանգի կամ կրիտիկականության վերահսկողության պատշաճ մակարդակը։

 

3. 2019 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ Համաձայնագրին անդամակցում է 51 պետություն: Այն ուժի մեջ է մտել 1968 թվականի հունվարի 29-ին: Համաձայնագիրը փոփոխվել է 1975 թվականի օգոստոսի 21-ին Նյու Յորքում մշակված 14(3) հոդվածում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտել 1985 թվականի ապրիլի 19-ին:

 

4. Համաձայնագիրն ունի Ա և Բ Հավելվածներ, որոնք կազմում են դրա անբաժանելի մասը: Համաձայնագրի Ա և Բ Հավելվածները խմբավորված են ինը մասերում։ Ա Հավելվածը բաղկացած է 1-7 մասերից, Բ Հավելվածը՝ 8-9 մասերից։

Համաձայնագրի 2-րդ հոդվածի նպատակներից ելնելով՝ Ա Հավելվածով սահմանվում են այն վտանգավոր բեռները, որոնց միջազգային փոխադրումն արգելված է, այն վտանգավոր բեռները, որոնց միջազգային փոխադրումը թույլատրված է և որոնց նկատմամբ որոշակի պայմաններ են դրվում (ներառյալ բացառությունները), մասնավորապես` բեռների դասակարգման՝ ներառյալ դասակարգման չափորոշիչները և համապատասխան փորձարկման մեթոդները, փաթեթվածքների օգտագործում (ներառյալ խառը փաթեթավորումը), ցիստեռնների օգտագործման (ներառյալ լցնելը), մատակարարման ընթացակարգերի (ներառյալ փաթեթների մակնշումը և պիտակավորումը, տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ փակցնելը և մակնշելը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները), շինարարության, փաթեթվածքների և ցիստեռնների փորձարկման ու հաստատման մասին դրույթների, տրանսպորտային միջոցների օգտագործման (ներառյալ բեռնավորումը, խառը բեռնավորումը և բեռնաթափումը) առումով (Հավելված «Ա» կետ 1.1.2.1.):

Ա հավելվածը պարունակում է որոշակի դրույթներ, որոնք, Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն, պատկանում են Բ Հավելվածին կամ Ա ու Բ Հավելվածներին (Հավելված «Ա» կետ 1.1.2.2.):

Համաձայնագրի 2-րդ հոդվածի նպատակներից ելնելով՝ Բ Հավելվածով սահմանվում է թույլատրված վտանգավոր բեռները փոխադրող փոխադրամիջոցների կառուցվածքի, սարքավորումների և շահագործման պայմանները` փոխադրամիջոցների աշխատակազմի, սարքավորումների, շահագործման և փաստաթղթերի վերաբերյալ պայմանները, փոխադրամիջոցների կառուցման և հաստատման մասին պահանջներ (Հավելված «Ա» կետ 1.1.2.3.):

Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս համարվող Ստորագրման արձանագրություն, որն ունի նույն ուժը, նշանակությունը և գործողության ժամկետը, ինչ որ Համաձայնագիրը: Համաձայնագրի դրույթների նկատմամբ վերապահումներ չեն թույլատրվում՝ բացառությամբ Ստորագրման արձանագրությունում նշված և Համաձայնագրի 12-րդ հոդվածի համաձայն կատարված վերապահումների:

Համաձայնագրի «Ա» Հավելվածի 1.1.3. կետում սահմանվում են Համաձայնագրով սահմանված դրույթների կիրառման բացառությունները, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են տրանսպորտային գործունեության բնույթի վերաբերյալ բացառություններին (Հավելված «Ա» կետ 1.1.3.1.), գազերի փոխադրմանը վերաբերող բացառություններին (Հավելված «Ա» կետ 1.1.3.2.), հեղուկ վառելիքի փոխադրմանը վերաբերող բացառություններին (Հավելված «Ա» կետ 1.1.3.3.), էլեկտրաէներգիայի կուտակման և արտադրման համակարգերի փոխադրմանը վերաբերող բացառություններին (Հավելված «Ա» կետ 1.1.3.7.):

 

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որ, եթե փոխադրամիջոցը, որը Համաձայնագրի պահանջներին համապատասխան փոխադրումներ է իրականացնում, ուղերթի որևէ հատվածում փոխադրվում է ավտոճանապարհայինից բացի այլ եղանակով, ապա ճանապարհի այդ հատվածում կիրառվի միայն ազգային կամ միջազգային այն օրենսդրությունը, որը կարգավորում է վտանգավոր բեռների փոխադրումը տրանսպորտային միջոցներով, որոնք օգտագործվում են ճանապարհային փոխադրամիջոցի տեղափոխման համար (Հավելված «Ա» կետ 1.1.4.5.1.),

- վտանգավոր բեռներ փոխադրելիս ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ելնելով կանխատեսելի վտանգի բնույթից ու աստիճանից, նյութական և մարմնական վնասներից խուսափելու կամ վթարի դեպքում վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար, ինչպես նաև ապահովել, որ բոլոր դեպքերում բավարարվեն Համաձայնագրի պահանջները համապատասխան ոլորտներում (Հավելված «Ա» կետ 1.4.1.1.),

- «Ա» Հավելվածի 1.4.1.3. կետի 2-րդ մասում սահմանված դեպքերում` ՀՀ օրենսդրությամբ մասնակիցներից որևէ մեկի պարտավորությունները մեկ կամ մի քանի ուրիշ մասնակիցների փոխանցելու պարագայում, եթե կատարվում են «Ա» Հավելվածի 1.4.2. և 1.4.3. կետերով նախատեսված պարտավորությունները, այս շեղումների մասին տեղյակ պահել Եվրոպայի հարցերով ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի քարտուղարությանը, որն իր հերթին դրանք կներկայացնի պայմանավորվող կողմերի ուշադրությանը (Հավելված «Ա» կետ 1.4.1.3.),

- այն բեռները, որոնց դեպքում ռադիոակտիվ նյութերի նկատմամբ կիրառվող որևէ դրույթի հետ համապատասխանությունը գործնականում անհնար է իրականացնել, ապահովել, որ դրանք փոխադրվեն միայն հատուկ պայմաններով (Հավելված «Ա» կետ 1.7.4.2.),

- շահագործման հատուկ միջոցների կիրառման պարագայում, որոնք նպատակ ունեն նվազեցնելու ռիսկերը և վերաբերում են թունելներից օգտվող բոլոր կամ մի քանի փոխադրամիջոցների, ինչպես, օրինակ՝ պաշտոնական հայտարարություն ներկայացնելն այն մասին, որ թունել մտնելուց կամ անցնելուց փոխադրամիջոցներին կուղեկցեն այլ փոխադրամիջոցներ, նման շահագործման միջոցները պաշտոնապես հրապարակել և դարձնել հանրության համար հասանելի (Հավելված «Ա» կետ 1.9.5.3.8.),

- ապահովել, որ ժամանակավոր պահեստավորման տերմինալներում, ժամանակավոր պահեստներում, փոխադրամիջոցների դեպոներում, կառանատեղերում և տեսակավորման կայաններում, որոնք օգտագործվում են որպես ժամանակավոր պահեստներ՝ վտանգավոր բեռները փոխադրելու համար, պահպանվեն անվտանգության պայմանները, լինեն լավ լուսավորված, իսկ հնարավորության և հարկ եղած դեպքերում՝ փակ լինեն հանրության համար (Հավելված «Ա» կետ 1.10.1.3.),

- արգելել այն պայթյունավտանգ նյութերի փոխադրումը, որոնց զգայունությունը չափազանց բարձր է՝ «Փորձարկումների և չափորոշիչների ձեռնարկի» 1-ին մասի չափորոշիչների համաձայն, կամ որոնք կարող են ինքնուրույն մտնել ռեակցիայի մեջ, ինչպես նաև արգելել այն պայթյունավտանգ նյութերի ու պատրաստվածքների փոխադրումը, որոնք չեն ներառվել Համաձայնագրի «Ա» Հավելվածի 3.2 գլխի «Ա» աղյուսակի որևէ անվանման մեջ կամ «այլ կերպ չնշված» որևէ դիրքում (Հավելված «Ա» կետ 2.2.1.2.1.),

- չթույլատրել Համաձայնագրի «Ա» Հավելվածի 2.2.41.2.3. կետում նշված նյութերի փոխադրումը (Հավելված «Ա» կետ 2.2.41.2.3.),

- արգելել Համաձայնագրի «Ա» Հավելվածի 2.2.61.2.2. կետում նշված նյութերի և խառնուրդների փոխադրումը (Հավելված «Ա» կետ 2.2.61.2.2.),

- դասակարգել նյութերը որպես «շրջակա միջավայրի համար վտանգավոր նյութեր (ջրային միջավայր)», երբ դրանք Համաձայնագրի «Ա» Հավելվածի 2.2.9.1.10.3.1. աղյուսակի համաձայն բավարարում են սուր թունավորության 1-ին, քրոնիկ թունավորության 1-ին և 2-րդ կատեգորիաների չափորոշիչները (Հավելված «Ա» կետ 2.2.9.1.10.3.1.),

- Համաձայնագիրը չտարածել լուծույթի կամ խառնուրդի վրա, եթե դրանց բնութագրերը, հատկությունները, ձևը, ֆիզիկական վիճակն այնպիսին են, որ այն չի համապատասխանում որևէ դասի մեջ ներառվելու չափորոշիչներին, այդ թվում՝ մարդկային փորձի հետ կապված չափորոշիչներին (Հավելված «Ա» կետ 3.1.3.1.),

- ապահովել, որ մինչև փոխադրումը սահմանափակ քանակություններով փաթեթավորված վտանգավոր բեռներ առաքողները փոխադրողին գրավոր հայտնեն փոխադրման ենթակա այդ բեռների ընդհանուր անզուտ քաշը (Հավելված «Ա» կետ 3.4.12.),

- ապահովել, որ վտանգավոր բեռները չփաթեթավորվեն միևնույն արտաքին փաթեթվածքում կամ խոշոր փաթեթվածքներում վտանգավոր կամ այլ բեռների հետ միասին, եթե դրանք միմյանց հետ կարող են վտանգավոր ռեակցիայի մեջ մտնել և առաջացնել բռնկում կամ զգալի քանակությամբ ջերմության առաջացում, դյուրավառ, հեղձուցիչ, օքսիդացնող կամ թունավոր գազերի առաջացում, կոռոզիոն նյութերի գոյացում կամ անկայուն նյութերի գոյացում (Հավելված «Ա» կետ 4.1.1.6.),

- ապահովել, որ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ վթարային փաթեթվածքի կամ խոշոր վթարային փաթեթվածքի ներսում վնասված կամ արտահոսած փաթեթների՝ թույլատրելիից ավելի տեղաշարժվելը կանխելու համար, իսկ եթե վթարային փաթեթվածքը կամ խոշոր վթարային փաթեթվածքը հեղուկ է պարունակում, դրանում տեղադրվի բավականաչափ չեզոք կլանիչ նյութ՝ ազատ հեղուկը հեռացնելու համար (Հավելված «Ա» կետ 4.1.1.19.2.),

- ապահովել, որ սննդամթերքները չփոխադրվեն վտանգավոր նյութերի համար օգտագործվող ցիստեռններով` բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել՝ հանրության առողջությանը սպառնացող ցանկացած վտանգ կանխելու համար (Հավելված «Ա» կետ 4.3.2.1.6.),

- ապահովել, որ վտանգավոր բեռներով յուրաքանչյուր փաթեթ, որն ընդգրկված է տրանսպորտային կապոցի մեջ, համապատասխանի Համաձայնագրի բոլոր կիրառելի դրույթներին, և այդ կապոցը վնաս չհասցնի յուրաքանչյուր փաթեթի այն գործառույթին, որի համար վերջինս նախատեսված է (Հավելված «Ա» կետ 5.1.2.2.),

- ապահովել, որ վտանգավոր բեռներով բեռնված տրանսպորտային միավորը ոչ մի դեպքում չունենա մեկից ավելի կցորդ (կամ կիսակցորդ) (Հավելված «Բ» կետ 8.1.1.),

- ապահովել, որ իրականացվի Համաձայնագրի 8.2.2. կետով նախատեսված վարորդների վերապատրաստմանը ներկայացվող հատուկ պահանջների կատարումը (Հավելված «Բ» կետ 8.2.2.),

- ապահովել, որ թափքի պատրաստման համար չօգտագործվեն այնպիսի նյութեր, որոնք կարող են վտանգավոր միացություններ կազմել փոխադրվող պայթյունավտանգ նյութերի հետ (Հավելված «Բ» կետ 9.3.1.):

 

6. Սահմանադրական դատարանը նշում է, որ Կառավարության դիմումի հիման վրա նույն Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմում էր ներկայացվել նաև 24.01.2020թ., որը քննության էր ընդունվել Սահմանադրական դատարանի 2020 թվականի փետրվարի 7-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ: Այդ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում ի հայտ էին եկել Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության և դրա բնօրինակ տեքստերի միջև թարգմանչական էական, բովանդակային անհամապատասխանություններ: Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 14-ի ՍԴԱՈ-85 աշխատակարգային որոշմամբ նշված գործի վարույթը կասեցվել էր՝ մինչև Կառավարության կողմից Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տեքստը ստանալը: 2020 թվականի ապրիլի 2-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության ճշգրտված տարբերակը, որի ուսումնասիրության արդյունքներով պարզվել էր, որ բովանդակային անհամապատասխանություններն ամբողջությամբ վերացված չեն եղել: Այլ կերպ՝ խնդրո առարկա գործով չէին վերացել գործի վարույթը կասեցնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները, ուստի այդ գործի վարույթը Սահմանադրական դատարանի 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴԱՈ-87 աշխատակարգային որոշմամբ կարճվել էր՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով:

Սույն գործով ներկայացված Համաձայնագրի պաշտոնական հայերեն թարգմանության և դրա բնօրինակ տեքստերի միջև ևս առկա են մի շարք թարգմանչական անհամապատասխանություններ ու անճշտություններ (մասնավորապես, Համաձայնագրի 3.3.1. կետի 236 հատուկ դրույթի 2-րդ նախադասություն, «Ա» Հավելվածի 3.1.2.8.1 կետ, 4.2.1.13.6. կետի 2-րդ նախադասություն, 7.3.2.10.4. կետ, 1.7.4.1. կետ, 1.4.3.7.1. կետի «գ» ենթակետ և այլն) որոնք թեև բովանդակային առումով խնդիր չեն հարուցում Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության բացահայտման տեսանկյունից, այդուհանդերձ, կարող են որոշակի խնդիրներ առաջացնել Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ընթացքում։

Սահմանադրական դատարանը նաև փաստում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները վերաբերելի են Ազգային ժողովի ու Կառավարության լիազորություններին, և Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության հարցը գտնվում է հիշյալ մարմինների լիազորությունների տիրույթում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

18 հունվարի 2022 թվականի

ՍԴՈ-1625

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունվարի 2022 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «1957 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1625 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի հունվարի 18-ի ՍԴՈ-1625 որոշմամբ որոշել է, որ 1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի հունվարի 18-ի ՍԴՈ-1625 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

Նախ՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1625 որոշմամբ 1957 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը1։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ՝ կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում. նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը։

Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները։ Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ։

Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը։

Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում։ Մասնավորապես՝ էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը՝ խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները։ Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ։ Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար։

Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն՝ կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված՝ էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով։

Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։ Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը։ Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Այսպես՝ էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով։

Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.

Էլեկտրոնային փաստաթուղթ՝ տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ՝ ստորագրող անձ)՝ ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ՝ ստուգման տվյալներ)՝ պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ՝ ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

____________________________

1 Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը։

 

ԴԱՏԱՎՈՐ՝

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

«18» հունվարի 2022 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հունվարի 2022 թվական: