Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.01.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.01.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2022 թվականի N 33-Ն

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԹՐԵՅԴ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 18-րդ բաժնի 1.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշմամբ հաստատված կարգով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

13.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունվարի 13-ի N 33-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ) ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԹՐԵՅԴ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված՝ հասարակական անվտանգության, հանրության առողջության, այլոց իրավունքների և ազատությունների ապահովման նպատակով ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացման լիցենզավորման համար անհրաժեշտ պահանջները և պայմաններն են`

1) ավտոարտադրողի կամ դրա տարածքային ստորաբաժանման (ներկայացուցչություն կամ մասնաճյուղ) հետ պայմանագրի առկայություն, որի հիման վրա ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուր իրականացնողը կատարում է ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) վաճառք և տեխնիկական սպասարկում.

2) փակ առևտրային տարածքի առկայություն.

3) փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայություն:

3. Լիցենզավորված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են զբաղվել ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտրի իրականացմամբ` պահպանելով սույն որոշմամբ սահմանված պարտադիր պայմանները և պահանջները:

4. Լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում՝ լիցենզավորված անձը 15-oրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին) հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը (պատճենները):

5․ Սույն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում փոփոխությունների մասին լիազոր մարմնին ժամանակին չհայտնելու կամ համապատասխան փաստաթղթերի պատճենները լիազոր մարմին չներկայացնելու դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով։

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Լիցենզիա ստանալու համար հայտատուն (իրավաբանական անձը, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիայի ձևակերպման նպատակով) լիազոր մարմին է ներկայացնում գրություն` նշելով կցված փաստաթղթերը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն.

3) փաստաթղթեր, որոնք հիմնավորում են՝

ա) ավտոարտադրողի կամ դրա տարածքային ստորաբաժանման հետ պայմանագրի առկայություն.

բ) փակ առևտրային տարածքի առկայություն.

գ) փակ տեխսպասարկման կայանի առկայություն.

4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:

7. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում գրությունը և հայտը (այսուհետ միասին՝ հայտ) անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

8. Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում, հայտի մուտքագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրամադրվում է լիցենզիա կամ մերժվում է հայտը:

9. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը հայտի մուտքագրման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով, իսկ ըստ անհրաժեշտության նաև կապի այլ միջոցներով առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

10. Սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե պատշաճ ձևով նախազգուշացումը լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված հիմքերի դեպքում։

11. Լիցենզիան տրամադրվում է անժամկետ՝ համաձայն N 2 ձևի:

12․ Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15 օրվա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ: Լիազոր մարմինը լիցենզիայի վերաձևակերպումն իրականացնում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Միաժամանակ՝ վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը նոր վայրում թրեյդ-ին առևտրի գործունեություն կարող է իրականացնել լիցենզիայի վերաձևակերպումից հետո։

13. Լիցենզիայի կորստի դեպքում լիազորված մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։ Համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման համար օրենքով սահմանված կարգով և չափով գանձվում է պետական տուրք։

14. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը` ___________________________________________

2. Իրավաբանական անձի պետական գրանցման համարը`__________________________

3. Իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն` ______________________________________________

4. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային

փոստի և ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում)՝ _____________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________ 

5. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (որին հավակնում է իրավաբանական անձը)՝

_____________________________________________________________________________

6. Կից ներկայացվող փաստաթղթերը`

1) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).

2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

3) ավտոարտադրողի և (կամ) դրա տարածքային ստորաբաժանման հետ պայմանագրի պատճենը.

4) փակ առևտրային տարածքի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.

5) փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը։

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:

 

_____________________________________________________________________________

(իրավաբանական անձի իրավասու ներկայացուցչի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

_____ __________ 20  թ.

 

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ս Ե Ր Ի Ա  _____ N ______

 

Տրված՝  ____ ________________ 20   թ.

 

Գործունեության տեսակը` ______________________________________________________

_____________________________________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը` _____________________________

_____________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը` __________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

_____________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2022 թվական: