Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.11.2006
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ քրեական և զինվորական գործերով

վերաքննիչ դատարանի որոշում

ՎԲ-152/06

Քրեական գործ ՎԲ-251/06

Նախագահող դատավոր՝  Ա. Պողոսյան

Դատավորներ՝

 Եվ. Դարբինյան

 Ա. Հովհաննիսյան

քրեական գործ հ. ՔԳՀ 11-91/06թ.

         

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ՝ Վճռաբեկ դատարան/

 

նախագահությամբ

Մ. ՍԻՄՈՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

 

 

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

 

 

Ս. Օհանյանի

 

քարտուղար

Ք. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատախազ

Ա. ԵՐԻՑՅԱՆԻ

 

փաստաբան

 Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

     

24 նոյեմբերի 2006 թ.

ք. Երևան

դռնբաց դատական նիստում, քննելով մեղադրյալներ Էդգար Արմենի Հովհաննիսյանի և Գևորգ Սարգսի Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006թ. փետրվարի 2-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Երևան քաղաքի դատախազության վարույթում քննվող Էդգար Հովհաննիսյանի և Գևորգ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալները ներկայացրել են դիմում և ցանկություն են հայտնել, որ իրենց շահերը պաշտպանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը։

Դիմումը ստացվելուց հետո գործի նախաքննությունը վարող քննչական խմբի անդամներից Արամ Գրիգորյանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ փաստաբան Կրոմվել Գրիգորյանն իր ազգականն է, որն էլ հիմք ընդունելով, քննչական խմբի ղեկավար Ս.Խաչատրյանը 25.07.2005թ. գրությամբ հայտնել է փաստաբանին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նա որպես պաշտպան չի կարող մասնակցել տվյալ քրեական գործով վարույթին։

Փաստաբան Կ.Գրիգորյանը բողոքարկել է քննիչ Ս.Խաչատրյանի գործողությունները` պատճառաբանելով, որ քննիչ Ա.Գրիգորյանի հետ ազգակցական կապի մեջ չի գտնվում։

Երևան քաղաքի դատախազի ավագ օգնականի 01.08.2005թ. որոշմամբ նրա բողոքը մերժվել է։

Նշված որոշման դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, որը 07.10.2005թ. որոշմամբ ևս մերժվել է։

Կ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը` ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանն իր 27.10.2005թ. որոշմամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի 07.10.2005թ. որոշումը և Կ.Գրիգորյանին թույլատրել է մասնակցելու Էդ.Հովհաննիսյանի ու Գ.Սարգսյանի վերաբերյալ թիվ 12152005 քրեական գործով որպես պաշտպան։

Երևան քաղաքի դատախազի ավագ օգնական Վ.Մուրադյանի վճռաբեկ բողոքով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 25.11.2005թ. որոշմամբ վերաքննիչ դատարանի 27.10.2005թ. որոշումը բեկանել և նյութերը վերադարձրել է նույն դատարան` նոր քննության` նկատի ունենալով, որ նոր դատաքննությամբ պետք է ճշտել Արամ և Կրոմվել Գրիգորյանների միջև ազգակցական կապի առկայության կամ բացակայության փաստը և հանգել համապատասխան եզրակացության։

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, կրկին անգամ քննելով գործը, 02.02.2006թ. որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.10.2005թ. որոշումը թողել է անփոփոխ, իսկ Կ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը` առանց բավարարման։

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 02.02.2006թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Կ.Գրիգորյանը։

Վճռաբեկ դատարանի 09.08.2006թ. որոշմամբ Կ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է` տրամադրելով մեկ ամսյա ժամկետ վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար։

Կ.Գրիգորյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 20.09.2006թ. որոշմամբ ընդունվել է վարույթ։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սույն վեճի նկատմամբ կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր, իսկ նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 39-րդ կետի համաձայն` ազգականներ են համարվում ազգակցական կապի մեջ գտնվող և մինչև նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձինք։

Ըստ բողոք բերած անձի` Երևան քաղաքի դատախազի ավագ օգնական Վ.Մուրադյանի և Երևան քաղաքի դատախազության քննիչ Ս.Խաչատրյանի անօրինական և չհիմնավորված գործողությունների հետևանքով խախտվել է իր և իր պաշտպանյալների պաշտպանության իրավունքը, որովհետև սկսած 21.07.2005թ. պաշտպանի կարգավիճակ ձեռք բերելու պահից` իրեն հնարավորություն չեն ընձեռում իրականացնելու նրանց պաշտպանությունը։

Բողոքի հեղինակը նաև նշում է, որ ինքը և Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ Արամ Գրիգորյանը որևէ ազգակցական կապի մեջ չեն գտնվում։ Բացի այդ, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ հերքվել է նախաքննական մարմնի այն փաստարկը, որ ինքը և Ա.Գրիգորյանը Հաթերք գյուղի նախկին բնակիչներ են և իրենց պապի պապը նույն անձնավորությունն է։

Վճռաբեկ բողոք բերած անձը վերը նշված հիմքերով խնդրել է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.10.2005թ., ինչպես նաև ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 02.02.2006թ. որոշումները և կարճել վարույթը։

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն վերաքննիչ դատարանի որոշմամբ հաստատված հետևյալ փաստերը՝

1. Երևան քաղաքի դատախազի 15.07.05թ. որոշմամբ 12152005 քրեական գործով նախաքննության կատարման համար կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են նաև քննիչներ Ս.Խաչատրյանը և Ա. Գրիգորյանը։

2. Մեղադրյալներ Էդ.Հովհաննիսյանի և Գ.Սարգսյանի ցանկությամբ փաստաբան Կ.Գրիգորյանը 21.07.2005թ. ներգրավվել է որպես պաշտպան, և ձեռք է բերել պաշտպանի կարգավիճակ։

3. Կ.Գրիգորյանը քրեական գործով կազմված քննչական խմբի անդամ Ա.Գրիգորյանի 21.07.05թ. զեկուցագրի հիման վրա հեռացվել է գործով վարույթից` վերջինս հետ ազգակցական կապի մեջ գտնվելու պատճառաբանությամբ։

4. Երևան քաղաքի դատախազի ավագ օգնական Վ.Մուրադյանի 01.08.2005թ. որոշմամբ Կ.Գրիգորյանի բողոքը մերժվել է։

5. Ա.Գրիգորյանը և Կ.Գրիգորյանը գտնվում են ազգակցական կապի մեջ։

6. Մեղադրյալներ Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Սարգսյանը ամբողջ նախաքննության ընթացքում այլ պաշտպան ունենալ չեն ցանկացել և պնդել են, որ իրենց շահերը պաշտպանի միայն փաստաբան Կրոմվել Գրիգորյանը։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Ծանոթանալով վճռաբեկ բողոքի փաստարկներին և բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով ներկայացված նյութերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

Մարդու իրավունքների պաշտպանությունը և դրա իրականացման համար համապատասխան երաշխիքների սահմանումը իրավական համարվող պետության առաջնակարգ խնդիրն է։

Քրեական դատավարությունում մեղադրվող անձի համար պաշտպանության իրավունքի ապահովումն ունի առանցքային նշանակություն։ Քրեական դատավարությունում մեղադրվող անձի պաշտպան ունենալու իրավունքը նրան վերապահված բոլոր իրավունքներից հիմնականն է։

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդված 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Իսկ նույն հոդվածի 2-րդ մասը հռչակում է, որ «յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, խափանման միջոցի ընտրման կամ մեղադրանքի առաջադրման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունք»։ Այսպիսով, քրեական դատավարությունում մեղադրվող անձի համար հայեցողական ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքը ստացել է սահմանադրական կարգավորում։

Սահմանադրական հիշյալ կարգավորումը համահունչ է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի պահանջներին, համաձայն որի` քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի համար երաշխավորվում է իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` պաշտպանը և ներկայացուցիչը գործի վարույթից հեռացվում են, եթե «գտնվում է ազգակցական կամ անձնական ծառայողական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցում կամ մասնակցել է քրեական գործի քննությանը»։

Ներկայացված նյութերից երևում է, որ մեղադրյալներ Էդգար Հովհաննիսյանի և Գևորգ Սարգսյանի շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը քրեական գործի վարույթից հեռացվել է, քանի որ նա ազգակցական հարաբերությունների մեջ է գտնվում քննչական խմբի անդամներից մեկի` Արամ Գրիգորյանի հետ։ Գործի նյութերից նաև երևում է, որ մեղադրյալներ Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Սարգսյանը ամբողջ նախաքննության ընթացքում այլ պաշտպան ունենալ չեն ցանկացել և պնդել են, որ իրենց շահերը պաշտպանի միայն փաստաբան Կրոմվել Գրիգորյանը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ պայմաններում խախտվել է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 2-րդ մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետով մեղադրյալներ Էդգար Հովհաննիսյանի և Գևորգ Սարգսյանի՝ իրենց հայեցողությամբ պաշտպան ընտրելու և ունենալու իրավունքը, քանի որ տվյալ դեպքում ՀՀ Սահմանադրության և Եվրոպական կոնվենցիայի նորմերը գերակայություն ունեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի նկատմամբ։

Բացի վերոգրյալից, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վարույթն իրականացնող մարմինները, այդ թվում նաև դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստը։

Նշված հոդվածում խոսք է գնում ոչ միայն դատավարությանը մասնակցող անձանց ազգակցական լինելու, այլ ազգակցական հարաբերությունների մեջ լինելու մասին, որի պայմաններում պաշտպանին և ներկայացուցչին գործով վարույթից հեռացնելու հիմք պետք է հանդիսանա ոչ միայն նրանց կենսաբանական կապը, այլ նաև ազգակցական հարաբերությունները։ Այդ առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթը չէր կարող քննարկվել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 39-րդ կետի իմաստով։ Իսկ ազգակցական հարաբերություններն առկա են միայն այն դեպքում, երբ ազգակցական կապը զուգորդվում է ազգակցական հարաբերություններով (մարդկային շփումներ, այդ կապը կարևորող դրսևորումներ և այլն)։

Սույն գործի փաստերը վկայում են, որ պաշտպան Կ.Գրիգորյանը չի ընդունել և չի ընդունում քննիչ Ա.Գրիգորյանի հետ ունեցած ազգակցական հարաբերությունները, իսկ քրեական վարույթ իրականացնող մարմինն այդպիսիք հիմնավորող փաստական տվյալներ չի ներկայացրել։

Մինչդեռ, ինչպես նախաքննական մարմինը, այնպես էլ դատարանները պաշտպան Կ.Գրիգորյանին վարույթից հեռացնելու հիմք են համարել միայն նրա և քննիչ Ա.Գրիգորյանի ազգական լինելու փաստը։ Ընդ որում, այդ փաստը հաստատված համարվել չի կարող, քանի որ դրան վերաբերող տեղեկությունները հակասական են և իրարամերժ։

Վերոգրյալի հիման վրա Կ.Գրիգորյանին քրեական գործի վարույթից հեռացնելը չի բխում գործի փաստական տվյալներից և հակասում է ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածին ու Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին։

Հետևաբար վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, իսկ այդ կապակցությամբ ստեղծված վարույթը՝ կարճման։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-407-րդ, 415-419-րդ, 421-424-րդ հոդվածներով` ՀՀ վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 07.10.2005թ. և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 02.02.2006թ. որոշումները բեկանել և այդ կապակցությամբ ստեղծված վարույթը կարճել։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Դատավորներ`

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս. Օհանյան