Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ3/0056/01/16

Քրեական գործ թիվ ՇԴ3/0056/01/16

Նախագահող դատավոր՝  Մ. Պետրոսյան

 

 Ա. Վարդանյան

 Մ. Պապոյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազներ՝

Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

պաշտպան՝

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

 

2019 թվականի դեկտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Պետրոս Գագիկի Նազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 22-ի որոշման դեմ պաշտպան Գ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Փիլոյանի՝ 2016 թվականի հունիսի 1-ի որոշմամբ հարուցվել է թիվ 68105116 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2016 թվականի հունիսի 16-ին նախաքննության մարմնի կողմից թիվ 68105116 քրեական գործով Պետրոս Գագիկի Նազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 17-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2016 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ Պ.Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերահաստատվել է:

2016 թվականի նոյեմբերի 15-ին նախաքննության մարմնի որոշմամբ Պ.Նազարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով։

2016 թվականի նոյեմբերի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Դատական քննության արագացված կարգի կիրառմամբ՝ Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի հունվարի 30-ի որոշմամբ, Պ.Նազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործի վարույթը՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ կարճել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցրել:

3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի մայիսի 22-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 30-ի որոշումը բեկանել է, և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Գ.Հարությունյանը: Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Պետրոս Նազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն]ա օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով, ինքնակամ իրականացրել է իր ենթադրյալ իրավունքները, որն էական վնաս է պատճառել անձի իրավունքներին և օրինական շահերին: Այսպես. Պետրոս Նազարյանը 2016 թվականի մայիսի 31-ին` ժամը 20:00-ի սահմաններում, «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ Քորփորեյշն» ՍՊ ընկերությանը պատկանող Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի 55/1 հասցեում գտնվող բենզալցակայանում վիճաբանել է աշխատակիցներ Արա Գալստյանի և Ռուբիկ Կարապետյանի հետ, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, որից հետո Արա Գալստյանն ու Ռուբիկ Կարապետյանը դիմել են փախուստի: Պետրոս Նազարյանը բենզալցակայանի աշխատակիցների վարքագծի հետ կապված հարցերը տնօրենի հետ քննարկելու նպատակով մտել է բենզալցակայանի սրահ, տեսնելով, որ սրահում ոչ ոք չկա, ոտքով հարվածել է այնտեղ գտնվող սեղանին, ինչի արդյունքում կոտրվել է սեղանի դարակը և դրանում գտնվող գումարի կապոցն ընկել է գետնին: Հետագայում բենզալցակայանի աշխատակիցների հետ հարցեր պարզելու, նրանց կողմից ներողություն խնդրելու ակնկալիքով վերջիններին կրկին հանդիպելու նպատակով Պետրոս Նազարյանն ինքնագլուխ վերցրել է առևտրային գործունեությամբ զբաղվող ընկերության դրամարկղում տվյալ պահին առկա 472.000 ՀՀ դրամը: Այնուհետև` դուրս գալով սրահից, դանակով բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել Արա Գալստյանին և օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով` իր հետ տարել է դրամարկղի գումարը, խաթարել է առևտրային գործունեությամբ զբաղվող ընկերության բնականոն աշխատանքը` արդյունքում բռնություն գործադրելու սպառնալիքով էական վնաս պատճառելով իրավաբանական անձի իրավունքներին ու օրինական շահերին»1:

6. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(...) Դատական քննության արագացված կարգի անցնելուց հետո (…) դատական նիստի ընթացքում պաշտպան Գ.Հարությունյանը միջնորդեց ամբաստանյալ Պետրոս Գագիկի Նազարյանի նկատմամբ կիրառել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը և կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը, քանի որ արագացված դատական քննության արդյունքում վերջինիս նկատմամբ նշանակվելիք պատիժը չի գերազանցելու 3 տարի 4 ամիսը:

Ամբաստանյալը հայտնեց, որ չի առարկում՝ համաներման ակտի կիրառմամբ իր նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվի և դադարեցվի քրեական հետապնդումը:

Մեղադրողը միջնորդության դեմ չառարկեց:

(…)

[Ա]մբաստանյալ Պ.Նազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով վերագրվող հանցագործության համար օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը երկու երրորդով կրճատվելու արդյունքում իջեցվել է` բավարարելով չորս տարի ժամկետով ազատազրկումը չգերազանցելու չափանիշը, որպիսի հանգամանքը թույլ է տալիս Համաներման ակտի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավադրույթները սույն քրեական գործով ամբաստանյալի նկատմամբ կիրառելու համար:

ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի «Ձև 8» տեղեկանքի, ինչպես նաև գործի նյութերի ուսումնասիրությամբ` դատարանը արձանագրում է, որ Պետրոս Գագիկի Նազարյանի նկատմամբ բացակայում է Համաներման ակտով նախատեսված համաներման կիրառման սահմանափակումները (…)»2:

7․Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Թ]իվ ՇԴ3/0056/01/16 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող ամբաստանյալ Պետրոս Գագիկի Նազարյանի վերաբերյալ նույն դատարանում քննվում է թիվ ՇԴ/0033/01/17 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանը, 2019 թվականի հունվարի 30-ի որոշմամբ` Պետրոս Գագիկի Նազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործի վարույթը կարճել է և քրեական հետապնդումը դադարեցրել է` «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի (…) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով:

(…) Դատարանն ամբաստանյալ Պ.Նազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ թիվ ՇԴ3/0056/01/16 քրեական գործի վարույթը կարճելով և քրեական հետապնդումը դադարեցնելով` թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:

(…) Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը հստակ սահմանում է, որ հանցագործությունների համակցության դեպքում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ` հանցագործությունների համակցության կանոններով այն սահմանելուց հետո:

Մինչդեռ` ամբաստանյալ Պետրոս Նազարյանը ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ/0033/01/17 քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, ուստի Դատարանը Համաներման մասին օրենքի կիրառելիության հարցը պետք է լուծեր թիվ ՇԴ3/0056/01/16 և ՇԴ/0033/01/17 քրեական գործերը մեկ վարույթում միացնելով` հանցագործությունների համակցության կանոններով այն սահմանելուց հետո:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործի փաստական հանգամանքներով պայմանավորված` թիվ ՇԴ3/0056/01/16 և ՇԴ/0033/01/17 քրեական գործերի միացման նպատակը քրեական գործերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության մասին օրենսդրության պահանջի ճշգրիտ իրականացման ապահովումն է, ինչը սույն գործի շրջանակներում կբխի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից և չի հակասի Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին:

(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության:

Նոր քննության ընթացքում Դատարանը, սույն որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելու համար, պետք է ձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ` թիվ ՇԴ3/0056/01/16 և ՇԴ/0033/01/17 քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, ըստ այդմ էլ` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Պետրոս Գագիկի Նազարյանի վերաբերյալ գործի քննության արդյունքներով հանգի համապատասխան հետևության (…)»3:

8. Թիվ ՇԴ/0033/01/17 քրեական գործով, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, 2019 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռով Պետրոս Նազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար առաջադրված մեղադրանքում արդարացրել է՝ ճանաչելով և հռչակելով վերջինիս անմեղությունը4։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Պ.Նազարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածին և Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 13-ի՝ թիվ ԵԱՔԴ/0185/01/17, ինչպես նաև 2019 թվականի հունիսի 26-ի՝ թիվ ՇԴ/0053/01/18 որոշումներում միևնույն նորմերին տրված մեկնաբանությանը:

9.1. Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ, Վերաքննիչ դատարանի որոշման մեջ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է Վարուժան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմերին տրված մեկնաբանությանը։ Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը չի պահպանել Համաներման մասին օրենքում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են այն անձանց շրջանակը, ում նկատմամբ համաներումը կիրառելի է, և շեղվելով Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից՝ գտել է, որ դատարաններն իրենց հայեցողությամբ կարող են այդ շրջանակն ընդլայնել:

10. Արդյունքում բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, ինչպես նաև թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 18-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով, 394-րդ, 395-րդ, 398-րդ հոդվածներով նախատեսված քրեադատավարական նորմերի էական խախտումներ: Բողոքաբերի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ քրեական գործերը միացնելու լիազորությունը հայեցողական է, քանի որ նշված նորմը քրեական գործերը միացնելու համար նախատեսում է հատուկ պայման՝ դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտության առկայությունը: Բողոքաբերը նաև գտել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից հիշյալ նորմի մեկնաբանությունը կարող է էական նշանակություն ունենալ հետագայում միասնական պրակտիկա ձևավորելու և տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար:

11. Անդրադառնալով գործի ելքի վրա ազդած՝ ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատական սխալներին՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն ուժի մեջ մտնելու դեպքում Համաներման մասին օրենքի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված՝ համաներումը չկիրառելու պայմանների բացակայության դեպքում Պ.Նազարյանը ոչ իրավաչափորեն զրկվում է համաներման իրավունքից։

12. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 22-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2019 թվականի հունվարի 30-ի որոշմանը:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործերը միացնելու դատավարական ինստիտուտի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

14. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանելու և գործը Պ.Նազարյանի վերաբերյալ քննվող մեկ այլ քրեական գործին միացնելու համար նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը կամ մի անձի կողմից կատարված մի քանի հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործեր, եթե, դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված, առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն»:

16. Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործերի միացման ինստիտուտի դատավարական նշանակության ուսումնասիրության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ամրագրում է կազմակերպական-տեխնիկական բնույթի դատավարական լիազորություն, որի միջոցով ապահովվում է քրեական գործերի քննության արդյունավետությունը։ Մասնավորապես, նշված դատավարական լիազորությամբ քրեական գործի քննության սահմանների ընդարձակումը նպատակ է հետապնդում ապահովել դատավարական ռեսուրսների խնայողությունը, երաշխավորել ողջամիտ ժամկետում գործի քննությունը, ինչպես նաև նպաստել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը։ Այսինքն` քրեական գործերի միացման դատավարական լիազորության կենսագործումը պայմանավորվում է քրեական գործերի քննության արդյունավետության ապահովման օբյեկտիվ չափանիշով։

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված չափանիշի առկայության գնահատմամբ քրեական գործերի միացման` քրեական վարույթն իրականացնող մարմնի լիազորությունը կրում է դիսպոզիտիվ բնույթ։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվող` «մեկ վարույթում կարող են միացվել» օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործերը միացնելու լիազորությունը հայեցողական է։ Այսինքն` քրեական գործերի միացման հայեցողական լիազորությունն իրականացնելու յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել միացվող քրեական գործերի միջև գոյություն ունեցող կապը, և թե այդ միացումը որքանով կնպաստի քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը։

17. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քրեական գործերի միացմամբ քննության արդյունավետության բարձրացումը պետք է պայմանավորված լինի քրեադատավարական օրենքում մատնանշված` քրեական գործերի միացման հիմքերի շրջանակով։ Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ քննիչի, դատախազի կամ դատարանի կողմից մեկ վարույթում կարող են միացվել`

ա) մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը։ Այսինքն` տվյալ դեպքում քրեական գործերի միացումը և նույն վարույթի շրջանակներում միաժամանակյա քննությունը պայմանավորվում է ինչպես in rem (արարքների), այնպես էլ in personae (անձանց) շրջանակով։ Մասնավորապես, նշված հիմքով քրեական գործերի միացումը հնարավոր է`

- in personae-ի բազմակիության դեպքում` միևնույն in rem-ի նկատմամբ, երբ մեկ հանցագործության կատարման մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը միացվում են՝ քննության արդյունավետությունը բարձրացնելու համար,

- in personae-ի և in rem-ի բազմակիության դեպքում, երբ մի քանի հանցագործության կատարման մեջ մեղադրվող մի քանի անձանց գործերը միացվում են քննության արդյունավետությունը բարձրացնելու համար,

բ) մի անձի կողմից մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակցելու մեղադրանքով գործերը։ Այսինքն` տվյալ դեպքում քրեական գործերի միացումը քննության արդյունավետության բարձրացման համար հնարավոր է միևնույն in personae-ի կողմից կատարված in rem-ի բազմակիության դեպքում,

գ) ցանկացած այլ քրեական գործեր, եթե դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն։ Այսինքն` տվյալ դեպքում քրեական գործերի միացման հիմքն օրենսդիրը պայմանավորում է ոչ թե in personae-ի կամ in rem-ի քանակական, այլ որակական բաղադրիչով, այն է` բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության նկատառումներով գործի հանգամանքների պարզման արդյունավետության ապահովմամբ։

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ՝ Պ.Նազարյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել է, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել՝ հաշվի առնելով, որ դատական քննության արագացված կարգի կիրառման արդյունքում Պ.Նազարյանի նկատմամբ նշանակվելիք առավելագույն պատիժը չի կարող գերազանցել չորս տարի ժամկետով ազատազրկումը5,

- Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության՝ փաստելով, որ Պ.Նազարյանը, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գտնվող թիվ ՇԴ/0033/01/17 քրեական գործով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, ուստի Առաջին ատյանի դատարանը համաներման կիրառելիության հարցը պետք է լուծեր այդ քրեական գործը սույն քրեական գործի հետ մեկ վարույթում միացնելուց և հանցագործությունների համակցության կանոններով պատիժ սահմանելուց հետո, ինչը կբխեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից և չէր հակասի Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին6։

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում մեջբերված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի այն պնդումը, թե Առաջին ատյանի դատարանը համաներման կիրառելիության հարցը պետք է լուծեր սույն քրեական գործը Պ.Նազարյանի վերաբերյալ քննվող մեկ այլ քրեական գործին միացնելուց և հանցագործությունների համակցության կանոններով պատիժ սահմանելուց հետո, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական գործերը միացնելու օրենսդրական նպատակից: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ քրեական գործերը միացնելը վարույթն իրականացնող մարմնի հայեցողական լիազորությունն է՝ հիմնված բացառապես քրեական գործի քննության արդյունավետության ապահովման պահանջի վրա, իսկ համաներման կիրառելիության հարցը նշված պահանջից չի բխում։

Ինչ վերաբերում է Համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորմանն առ այն, որ հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ՝ հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո, եթե մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն չի կարող մեկնաբանվել որպես նույն անձին մեղսագրվող մի քանի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու ինքնուրույն հիմք։ Նման մեկնաբանությունը չի համապատասխանում քրեական գործերի միացման ինստիտուտի դատավարական նշանակությանը և տվյալ դեպքում ուղղված չէ քրեական գործերի քննության արդյունավետության ապահովմանը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում, երբ Համաներման մասին օրենքի կիրառելիության հարցը դատաքննության փուլում պայմանավորվում է անձի վերաբերյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և հանցագործությունների համակցության կանոններով պատիժ սահմանելու հետ, ողջամտորեն վտանգվում է անձի անմեղության կանխավարկածը։ Տարբեր վարույթներով քննվելու դեպքում հանցագործությունների համակցության կանոնների կիրառման անխուսափելիությունը չի կարող ի սկզբանե կանխորոշվել, քանի որ անձը կարող է ճանաչվել անմեղ և արդարացվել, ինչպես տեղի է ունեցել սույն գործով․ Պ.Նազարյանն իր վերաբերյալ քննվող մեկ այլ քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար առաջադրված մեղադրանքում արդարացվել է7:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Պ.Նազարյանի վերաբերյալ քրեական գործերը մեկ վարույթում չմիացնելով, ինչպես նաև, Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ, սույն քրեական գործի վարույթը կարճելով և Պ.Նազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով, թույլ չի տվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

20. Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնություն է արտահայտում բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ըստ էության նախատեսել է Համաներման մասին օրենքի կիրառման նոր սահմանափակում՝8 հակասելով Վարուժան Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արտահայտված այն դիրքորոշմանը, որ համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն, այդ թվում՝ համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ9։ Ուստի, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի այն պնդումը, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտով Համաներման մասին օրենքի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված՝ համաներումը չկիրառելու պայմանների բացակայության դեպքում Պ.Նազարյանը ոչ իրավաչափորեն կզրկվի համաներման իրավունքից10։

21. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանելու և գործը Պ.Նազարյանի վերաբերյալ քննվող մեկ այլ քրեական գործին միացնելու համար նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

22. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, 358-րդ հոդվածի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի հունվարի 30-ի որոշմամբ Պ.Նազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործի վարույթը Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ կարճելով և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով, կայացրել է օրինական և հիմնավոր դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ։ Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 30-ի որոշմանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ հոդվածի 6-րդ մասով, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Պետրոս Գագիկի Նազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 22-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունվարի 30-ի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 281։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 44-49:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 65-67:

4 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՇԴ/0033/01/17 քրեական գործը։

5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան