Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.11.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

 Վարչական գործ թիվ ՎԴ5/0118/05/19

2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ5/0118/05/19

Նախագահող դատավոր՝  Ա. Պողոսյան

Դատավորներ՝

 Ա. Բաբայան

 Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
հ. Բեդևյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ընդդեմ «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն), երրորդ անձինք՝ «ԷՐՍՏԵԴ», «ԼԱՅԹԷԿՈ» և «ՖԵՆՀԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (այսուհետ` Կազմակերպություններ)՝ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հանձնաժողովը պահանջել է դադարեցնել Ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության թիվ 0322 լիցենզիայի գործողությունը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 24.10.2019 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2021 թվականի որոշմամբ Հանձնաժողովի և Կազմակերպությունների վերաքննիչ բողոքները մերժվել են և Դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Գ. Բաղրամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Ա Հարությունյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ, 79-րդ, 80-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնց կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

1) Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը սկսել է հոսել 05.06.2019 թվականից, երբ Հանձնաժողովը համապատասխան լսումից հետո կոլեգիալ կազմով հաստատել է համապատասխան տեղեկատվության խեղաթյուրման հայտնաբերման փաստը, որպիսի պարագայում Հանձնաժողովը Դատարան է դիմել օրենքով սահմանված ժամկետի շրջանակում, հետևաբար այս առնչությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են։

2) Վերաքննիչ դատարանի դատական ակտը հիմնավորված և պատճառաբանված չէ։ Մասնավորապես, արձանագրելով հանդերձ, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված 15-օրյա ժամկետն իր բնույթով ոչ թե դատավարական ժամկետ է, այլ նյութական իրավունքի նորմով սահմանված ժամկետ և եզրահանգելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետի բացթողման, դրա վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու և համապատասխան հիմքերի պայմաններում այդ ժամկետի վերականգնման վերաբերյալ հայեցակարգը տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ նշված ժամկետը դատավարական ժամկետ չէ, Վերաքննիչ դատարանը, սակայն, չի հիմնավորել, թե ինչ սկզբունքով ու հիմքով է տարբերակել ժամկետները դատավարական ու նյութական իրավունքով սահմանված ժամկետների, չի կոնկրետացրել, թե վարչական դատարան դիմելու համար սահմանված ժամկետն առհասարակ կարող է դուրս գտնվել դատավարական իրավահարաբերությունների դաշտից ու չհամարվել դատավարական ժամկետ կամ գտնվել այլ իրավական ռեժիմում։ Նյութական իրավունքով սահմանված ժամկետի վերաբերյալ իր եզրահանգումները շարադրելիս Վերաքննիչ դատարանը, որպես ընդհանուր նկատառում, բավարարվել է անհիմն ու կիսատ եզրահանգումներով և չի վերլուծել, թե առհասարակ ինչ իրավական ռեժիմում է գտնվում նյութական իրավունքով նախատեսված՝ դատարան դիմելու ժամկետը, եթե ընդունելի չէ տվյալ ժամկետի՝ դատավարական ժամկետ լինելը։

3) Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատավարական ժամկետն օրենքով սահմանված կամ դատարանի կողմից նշանակված որոշակի ժամանակամիջոցն է, որի ընթացքում դատարանը, գործին մասնակցող անձինք և դատավարության մյուս մասնակիցները իրավունք ունեն կամ պարտավոր են իրականացնել որոշակի դատավարական գործողություններ: Դատավարական ժամկետներն ավանդաբար դասակարգվում են տարբեր հիմքերով: Ելնելով սահմանման ձևից՝ դատավարական ժամկետները դասակարգվում են օրենքով սահմանված ժամկետների (կամ օրինական ժամկետներ) և դատարանի կողմից նշանակված ժամկետների (դատական ժամկետներ):

4) Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հանձնաժողովն իրացրել է դատարան հայց ներկայացնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախանշված դատավարական գործողությունը, հետևաբար եթե անգամ խախտել է նշված դատավարական գործողությունը կատարելու ժամկետը (Հանձնաժողովը միանշանակորեն ժխտում է դա), ապա պետք է հնարավորություն ստանար ներկայացնելու համապատասխան միջնորդություն, ինչպես նախատեսված է դատավարական ժամկետների իրավական ռեժիմի համար։ Ուստի մերժելով սույն գործով Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանը, կոպտորեն խախտել է սահմանադրորեն երաշխավորված արդարադատության մատչելիության ողջ հայեցակարգը, ինչպես նաև հակասել է ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներով արտահայտած դիրքորոշմանը։

Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ դատարան դիմելու ժամկետի հարցը այլ դատավարական գործողություններ կատարելուց, այդ թվում՝ վկաներին հարցաքննելուց հետո քննարկելով, Դատարանը չի հակասել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված որևէ հայեցակարգի վարչական արդարադատության նպատակներին հասնելու տեսանկյունից, չի համապատասխանում գործի դատական քննությունը ողջամիտ ժամկետում և արդյունավետորեն կազմակերպելու առանցքային ու սկզբունքային նշանակություն ունեցող կանոններին։

Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ Հանձնաժողովի կողմից հայցի ներկայացման ժամկետի ենթադրյալ խախտման մասին հարցը բարձրացվել է հայցադիմումով, ապա գործով կայացած հենց առաջին նիստի ժամանակ, այդուհանդերձ Դատարանը որոշել է չանդրադառնալ գործի վարույթը կարճելու վերը նշված հիմքի առկայության գնահատման հարցին և որոշել է շարունակել գործի քննությունը՝ Հանձնաժողովից պահանջելով ապացույցներ ներկայացնել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին, որոնք վերջինս պետք է ստանար ՀՀ կադաստրի կոմիտեից, ներգրավել է վկաներ, ինչպես նաև հայտնել է Կայանի կառուցման նախագծի տեքստի՝ հայերեն թարգմանության անհրաժեշտության մասին։ Այնուհետև, շուրջ մեկուկես ամիս հետո անցկացված հաջորդ դատական նիստում՝ շարունակելով գործով ապացույցների հետազոտումը, լսելով հրավիրված վկաներին ու կողմերին գործի հանգամանքների հետ կապված հարցերի վերաբերյալ, և արդյունքում, երբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ, այդ թվում՝ վկաների ցուցմունքներով, ըստ էությա հավաստվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար անհրաժեշտ հիմքի առկայության փաստը, միանգամայն ոչ կանխատեսելի գործելաոճով հայտարարել է գործի վարույթը կարճելու մասին և ավարտել դատական նիստը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Հանձնաժողովի պնդումն առ այն, որ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 16.05.2019 թվականի թիվ 0-25/191-19 գրությունը չէր կարող ինքնին հանդիսանալ անվերապահ հիմք և այդ փաստին եզրահանգելու համար պահանջվում էր Հանձնաժողովի կողմից կոլեգիալ որոշում ընդունել, անտրամաբանական է և ոչ իրավաչափ։

Հանձնաժողովն այն մարմինը չէ, որը կարող է լուծել խեղաթյուրված տեղեկատվության հիմքով լիցենզիայի դադարեցման հարցը, այդպիսի լիազորությամբ օժտված է միայն դատարանը, ուստի 24.05.2019 թվականին համայնքի պատասխանը ստանալուց հետո Հանձնաժողովը պետք է դատարան դիմելու կամ չդիմելու կապակցությամբ իր աշխատանքներն այնպես կազմակերպեր, որպեսզի ապահովեր օրենքով իմպերատիվ սահմանված 15-օրյա ժամկետը։

Այսինքն, Դատարանի կողմից Հանձաժողովի համար խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օր առնվազն 24.05.2019 թվականը մատնանշելը և այդ օրվանից սկսած 15-օրյա ժամկետ հաշվարկելը իրավաչափ է և բխում է առկա կարգավորումներից, ուստի Հանձնաժողովի բողոքը ենթակա է մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հանձնաժողովի 15.07.2009 թվականի թիվ 375Ա որոշմամբ բավարարվել է Ընկերության ներկայացրած հայտը և տրամադրվել է ՀՀ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքում Ախուրյան գետի աջ ափին գտնվող ոռոգման ջրատարի վրա կառուցված «ՋՐԱՁՈՐ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության թիվ 0322 լիցենզիան՝ 15 տարի ժամկետով (չվիճարկվող փաստ).

2) Կազմակերպությունները 26.03.2019 թվականին դիմում են ներկայացրել Հանձնաժողով` խնդրելով քննարկել Ընկերության «ՋՐԱՁՈՐ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության թիվ 0322 լիցենզիան դադարեցնելու խնդիրը (հատոր 1-ին, գ.թ. 46-50).

3) Հանձնաժողովը 05.06.2019 թվականին կայացրել է թիվ 201Ա որոշումը, որով որոշվել է.

«1. Ν0322 լիցենզիայի պայմանների 13-րդ կետի խախտման հիմքով կասեցնել լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

 2. Ընդունել ի գիտություն, որ.

1) Հանձնաժողովը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով թիվ 0322 լիցենզիայի գործողության դադարեցման համար դիմում կներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: (...)» (հատոր 1-ին, գ.թ. 75-84).

4) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Ընկերության թիվ 0322 լիցենզիայի գործողության դադարեցման պահանջը Հանձնաժողովի կողմից դատարան է ներկայացվել 20.06.2019 թվականին.

5) Դատարանի 24.10.2019 թվականի որոշմամբ սույն գործի վարութը կարճվել է՝ լիցենզիայի գործողության դադարեցման հայցադիմումն օրենքով սահմանված 15 օրվա ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, առկա է իրավունքի զարգացման խնդիր նշված հոդվածի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ, 80-րդ, 96-րդ հոդվածների և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ:

Միևնույն ժամանակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 96-րդ հոդվածների, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցերին.

- օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում ներկայացնելու համար «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետն արդյոք նյութական, թե դատավարական ժամկետ է,

- արդյո՞ք դատարանը կարող է կարճել լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջով գործի վարույթը՝ այդ պահանջի մասին հայցադիմումը դատարան ներկայացնելու օրենքով նախատեսված ժամկետը լրացած լինելու հիմքով այն պայմաններում, երբ հայցվոր կողմին իրական (ռեալ) հնարավորություն չի ընձեռնվել ներկայացնելու դատարան դիմելու համար օրենքով սահմանված և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ (...)

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև օրենսդրությամբ տրված չէ դատավարական ժամկետի բնորոշումը, սակայն այն կարելի է դիտարկել որպես օրենքով կամ դատարանի կողմից սահմանված որոշակի ժամանակահատված, որի ընթացքում դատավարության մասնակիցները կարող են իրացնել իրենց դատավարական իրավունքներն ու պարտականությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով դատավարական գործողությունների կատարման համար ժամկետների սահմանումը և պահպանումը իրավական որոշակիության սկզբունքի պահպանման երաշխիք են, ինչը հնարավորություն է տալիս բոլոր սուբյեկտներին իրենց վարքագիծը համապատասխանեցնել օրենսդրական կարգավորումներին:

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական գործողություններ կատարելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետները բնորոշվում են որպես դատավարական ժամկետներ: Մասնավորապես՝ դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում շահագրգիռ սուբյեկտները կարող են դիմել դատարան: Այլ կերպ ասած՝ անձանց վարչադատավարական կարգով տրամադրվող իրավական պաշտպանության պայմաններից մեկը նրա կողմից իրավունքի պաշտպանության պահանջ ներկայացնելն է՝ օրենքով սահմանված դատավարական ժամկետի սահմաններում:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նյութական ժամկետների համեմատ դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք սահմանում են կոնկրետ դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը: Դատավարական ժամկետները չեն կարող ազդել նյութական վիճելի իրավահարաբերության բովանդակության վրա: Մասնավորապես, սահմանված դատավարական ժամկետում հայց հարուցելու հանգամանքը դատական պաշտպանություն տրամադրելու որոշիչ նախապայման է հանդիսանում, մինչդեռ այդ հանգամանքն ինքնին չի ենթադրում դատավարության մասնակիցների միջև նյութաիրավական վեճի դրական կամ բացասական լուծում: Որպես նյութական իրավունքի ժամկետի օրինակ կարելի է բերել քաղաքացիաիրավական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետը, որը, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի, իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն դատավարական ժամկետների, որոնց լրացած լինելը՝ դրանք վերականգնելու հիմքերի բացակայության պարագայում անձի դատական պաշտպանության իրավունքն սահմանափակելու հիմք է, ինչի արդյունքում անձը զրկվում է այդ իրավունքի իրացման հնարավորությունից, նյութական իրավունքի նորմերով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելն ինքնին չի կարող դատական պաշտպանության իրավունքից զրկելու պատճառ հանդիսանալ և այդ իրավունքը հայցվորին տրամադրվում ու իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ, իսկ հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը կարող է անձի նյութաիրավական պահանջը մերժելու հիմք հանդիսանալ միայն այն դեպքում, երբ հայցային վաղեմության ժամկետի կիրառման պահանջով դիմում է վիճող կողմը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետեր):

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում իրավական դիրքորոշում արտահայտել օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում ներկայացնելու համար «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի վերաբերյալ:

Այսպես.

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը, ի թիվս այլնի, կարող է դադարեցվել նաև լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել (...) նույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ ժամկետն այլ օրենքով, տվյալ դեպքում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում Հանձնաժողովը կարող է հայցադիմում ներկայացնել դատարան՝ օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով: Ընդ որում, սահմանված դատավարական ժամկետում ներկայացված հայցի հիման վրա հարուցված վարչական գործով դատավարության մասնակիցների միջև նյութաիրավական վեճի լուծումը, այն է՝ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի բավարարումը կամ մերժումը բնավ պայմանավորված չէ այդ ժամկետով, այլ պայմանավորված է միայն լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմքերի առկայության հանգամանքով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 15-օրյա ժամկետը հանդիսանում է դատավարական ժամկետ, որի ընթացքում Հանձնաժողովը կարող է օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում ներկայացնել ՀՀ վարչական դատարան: Ընդ որում, կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու դեպքերում հայց ներկայացնելու ժամկետը հաշվարկվում է նշված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից սկսած, հետևաբար էական նշանակություն ունի յուրաքանչյուր դեպքում այդ տեղեկատվությունը հայտնաբերելու պահը ճիշտ որոշելը:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե´ նորմաստեղծ, թե´ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից:

Ակնհայտ է, որ առաջին հերթին այս պահանջը վերաբերում է դատարաններին, քանի որ այդ մարմիններն են, որ օժտված են իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով: Բացի դրանից, դատական իշխանությունն է, որ անկախ է բոլոր այլ մարմիններից և պարտավոր է վերահսկել իշխանության մյուս ճյուղերին պատկանող բոլոր մարմինների կողմից իրավաչափ գործելու իրենց պարտականության կատարումը, վերացնելով այդ մարմինների այն իրավական ակտերը, գործողությունները կամ անգործությունը, որոնք խախտում են անձանց սուբյեկտիվ իրավունքները կամ, այլ կերպ` ոտնձգում են Սահմանադրությամբ երաշխավորված իրավակարգի դեմ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի` դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` Ազգային-դատական համակարգերի արդյունավետության խնդիրների վերաբերյալ 12.05.2004 թվականի R (2004)6 հանձնարարականում սահմանվել է Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների հնարավոր խախտման վերաբերյալ հայցերի քննության առարկա դարձնելու չափանիշները. Մասնավորապես`

 - անդամ երկրները պետք է արդյունավետ ընթացակարգեր նախատեսեն ըստ էության քննության առնելու և լուծում տալու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումների վերաբերյալ դատական բողոքներին,

 - բողոքների ընդունման և քննության ընթացակարգերը պետք է դիտարկվեն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման համատեքստում,

 - ներպետական համակարգերում դատական բողոքները պետք է հանգամանալից ու հիմնավոր քննության առարկա դառնան,

 - Կոնվենցիայով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ազգային-իրավական համակարգում պետք է արդյունավետ ձևով երաշխավորված լինի և այլն:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում։

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել (...) նույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետ սահմանելով` օրենսդիրը թեև նախատեսել է դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմք, այդուհանդերձ այդ ժամկետը բաց թողնված լինելու կամ չլինելու հարցի գնահատումը թողել է դատարանի հայեցողությանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Փաստորեն, վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները սահմանելու հետ միաժամանակ օրենսդիրը սահմանել է ինչպես դատավարական ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքները, այնպես էլ այդ ժամկետները վերականգնելու ինստիտուտը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմումն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվա հետ, ուստի դիմումը կարող է ներկայացվել կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15-օրյա ժամկետում, իսկ այդ ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվորը պարտավոր է ներկայացնել նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմումը կարող է համարվել դատավարական ժամկետների խախտմամբ ներկայացված, եթե այն ներկայացվել է կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15-օրյա ժամկետը լրանալուց հետո։ Նշված դեպքում հայցվորը պարտավոր է ներկայացնել նաև դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Մինչդեռ այն դեպքում, երբ դիմումը դատարան է ներկայացվել կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից 15-օրյա ժամկետում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցվորի վրա չի կարող դրվել դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշմանն ի հավելումն նշել, որ այն դեպքում, երբ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը վիճելի է, այսինքն` առկա է դատական պաշտպանության դիմած անձի կողմից դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, անձը գործնականում պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու, իսկ դատարանն էլ պարտավոր է քննարկման առարկա դարձնել և գնահատել դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները, որովհետև այդ փաստը վիճելի մնալու դեպքում անձին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, ինչի հետևանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ անձն այլևս կզրկվի իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու հնարավորությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումները լրացուցիչ երաշխիք են հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքը չսահմանափակելու իրավաչափ նպատակի իրագործման համար, քանի որ դատավարական նորմերի ճիշտ մեկնաբանման ու կիրառման պարագայում գործնականում ապահովվում է դատավարական ժամկետները բաց չթողնելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները քննարկելու և համապատասխան եզրահանգում կատարելու օբյեկտիվ հնարավորություն (տե՛ս, Հովհաննես Չամսարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը):

 

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Եվրոպական դատարանն այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես. Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52): Այնուամենայնիվ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանել է, որ վարչական դատարանում գործի հարուցման հիմքը համապատասխան հայցն է՝ միաժամանակ ամրագրելով այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Ընդ որում, օրենսդիրը հատուկ նախատեսել է բաց թողնված դատավարական, այդ թվում նաև՝ հայց ներկայացնելու ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների համալիր վերլուծությունից բխում է, որ դատավարական ժամկետները բաց թողնելու և վերականգնելու մասին իրավակարգավորումները վերաբերում են ոչ միայն հայցադիմումի ընդունելիության, այլև վարչական դատավարության մյուս փուլերին: Ըստ այդմ, վարչական դատավարության բոլոր փուլերում վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի իրավակարգավորմանը համապատասխան պարտավոր է կատարել մատնանշման իր պարտականությունը, այդ թվում նաև՝ մատնանշելով կողմերին դատավարական ժամկետների բացթողնման դեպքում դրանք վերականգնելու նպատակով միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այնուամենայնիվ, եթե դատավարության որոշակի փուլում վարչական դատարանը մատնանշման իր պարտականությունը չի կատարել, ապա նա զրկված չէ իր այդ պարտականությունը կատարելու հնարավորությունից դատավարության հետագա փուլերում՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունների և ներկայացրած նոր ապացույցների հիման վրա, իսկ այդ պարտականության կատարման պարագայում դատավարության մասնակցի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու դեպքում կիրառվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական հետևանքը, այն է՝ դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը (տե՛ս, Աշոտ Ուլիխանյանն ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք Լուսիկ Պետրոսյանի, «Բաբայան ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/2731/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե գործի քննության ընթացքում դատարանի մոտ ձևավորվել է համոզմունք առ այն, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջով հայցը դատարան է ներկայացվել դատավարական ժամկետի խախտմամբ, ապա դատարանը չի կարող հայցադիմումը դատարան ներկայացնելու՝ օրենքով նախատեսված ժամկետը լրացած լինելու հիմքով կարճել գործի վարույթն այն պայմաններում, երբ հայցվոր կողմին չի ընձեռել դատարան դիմելու համար օրենքով սահմանված և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրական (ռեալ) հնարավորություն:

 

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով Դատարան՝ Հանձնաժողովը պահանջել է դադարեցնել Ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության թիվ 0322 լիցենզիայի գործողությունը:

Դատարանը, վկայակոչելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, 24.10.2019 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, կարճել է գործի վարույթն այն պատճառաբանությամբ, որ Հանձնաժողովը Ընկերության թիվ 0322 լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերել է առնվազն 24.05.2019 թվականին, մինչդեռ լիցենզիայի գործողության դադարեցման հայցադիմումը դատարան է ներկայացվել 20.06.2019 թվականին` օրենքով սահմանված 15 օրվա ժամկետի խախտմամբ:

Վերաքննիչ դատարանը մերժել է Հանձնաժողովի և Կազմակերպությունների վերաքննիչ բողոքները և Դատարանի որոշումը թողել է անփոփոխ՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը. «() դատավարական իրավունքի նորմի խախտման հարցը հնարավոր է քննարկել այն պարագայում, եթե հաստատվի, որ հայցվորի կողմից բաց է թողնվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դատարան դիմելու ժամկետը: Այսինքն, հայցվորին դատարան դիմելու ժամկետի բացթողման մասով միջնորդություն ներկայացնելու հնարավորության ընձեռնման հարցը կարող է ի հայտ գալ բացառապես այն պարագայում, եթե հաստատվի, որ այդ ժամկետը բաց է թողնվել, հակառակ պարագայում բացակայում է նաև նման հնարավորության ընձեռնման և ընդհանրապես միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը:

(…) լիցենզիայի դադարեցման վարույթը լիցենզիայից ըստ էության զրկումն է ընդհանրապես, որպիսի որոշման պայմաններում լիցենզիա ձեռք բերած անձը զրկվում է դրանից և ըստ այդմ, լիցենզավորմամբ սահմանված գործունեություն իրականացնելու հնարավորությունից: Լիցենզիայից զրկելու հիմքերը սահմանված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով: Հատկանշական է, որ լիցենզիայի դադարեցման վարույթներով կախված դադարեցման հիմքից, տարբեր են նաև նման որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմինները: Մասնավորպես քննարկվող հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով՝ լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն, իսկ նույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

Փաստորեն, լիցենզիայի դադարեցման վարույթի առանձնահատկություններից է այն, որ այդ վարույթը միշտ չէ որ ավարտվում է վարույթը հարուցած լիազոր մարմնի որոշմամբ` վարչական ակտով, այլ կապված դադարեցման հիմքերից, դադարեցման վարույթը կարող է ավարտվել դատարան համապատասխան դիմում ներկայացնելով` այսինքն գործողությամբ:
(
) ըստ էության դադարեցման վարույթի` դատարան դիմելու ելքով ավարտը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչարարության բնորոշմանը.
«վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ»:

() հայցվոր վարչական մարմինը լիցենզիայի դադարեցման վերաբերյալ հայցադիմումի հիմքում դրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքը, որի դեպքում դատարան հայց կարող է ներկայացվել կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում: (…) հայցադիմումով վկայակոչված կեղծ կամ խեղաթյուրող փաստեր ներկայացնելու հնարավոր դեպքի մասին հայցվոր վարչական մարմինը տեղեկացել է առնվազն 24.05.2019 թվականին: Մասնավորապես, (…) հայցվոր վարչական մարմինը 2019 թվականի մայիսի 6-ին հարցում է կատարել Շիրակի մարզի Ամասիա համայնքին` խնդրելով հայտնել, թե արդյո՞ք «ՋՐԱՁՈՐ» փոքր հիդրոէլեկտրակայանի կողմից օգտագործվող թունելից դուրս եկող մոտ 900 մետր երկարությամբ դյուկերը, 1200գ/ծ մետր բաց ջրանցքը կառուցելու վերաբերյալ փաստաթղթերը հաստատվել են շինարարության շահագործման փաստագրման ակտով, այդ թվում ջրանցքի բետոնե հատվածի երկաթբետոնյա սալերով ծածկման և դյուկերի վերազինման կատարման փաստը: Ի պատասխան նշված հարցման Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարը 16.05.2019 թվականի թիվ 0-25/191-19 և 31.05.2019 թվականի թիվ 0-25/208-19 նույնաբովանդակ գրություններով, հայտնել է, որ «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կողմից օգտագործվող թունելից դուրս եկող 900 մ երկարությամբ դյուկերը և 1200 գմ ջրանցքը գտնվում են նախկին Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի վարչական տարածքում և այդ տարածքում որևէ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Ամասիայի նախկին գյուղապետարանի կողմից շինարարության թույլտվություն չի տրվել և շինարարության շահագործման փաստագրման ակտ չի կազմվել:
Նման պայմաններում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված դատարան դիմելու հիմքը և ըստ այդմ դատարան դիմելու համար սահմանված ժամկետի սկիզբը, մեկնարկել է 24.05.2019 թվականից, քանզի այդ ժամանակ վարչական մարմինը հայտնաբերել է կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը:

Ուստի սույն գործով լիցենզիայի դադարեցման պահանջ ՀՀ վարչական դատարան կարող էր ներկայացվել առ 10.06.2019 թվականը ներառյալ (08.06.2019 և 09.06.2019 թվականները ոչ աշխատանքային շաբաթ և կիրակի օրեր են եղել):

()»:

Անդրադառնալով դատարան դիմելու ժամկետը վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտի` 05.06.2019 թվականի թիվ 201Ա որոշումից հաշվարկելու հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «() սույն դեպքում խոսքը վերաբերում է պատասխանողին տրված լիցենզիայի դադարեցմանը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով, որպիսի պայմաններում վարույթը պետք է եզրափակվեր կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելուց հետո 15-օրյա ժամկետում դատարան հայց ներկայացնելով: Իսկ 05.06.2019 թվականի թիվ 201Ա որոշումը չի կարող համարվել քննարկվող վարույթը եզրափակող վարչական ակտ, քանզի ի սկզբանե քննարկվող վարույթը հարուցվել է «ԷՐՍՏԵԴ», «ԼԱՅԹԷԿՈ» և «ՖԵՆՀԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 26.03.2019 թվականի դիմումի հիման վրա, որպիսի դիմումով դիմումատուները խնդրել են դադարեցնել «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության «ՋՐԱՁՈՐ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության N0322 լիցենզիան: ()

Արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից բաց է թողնվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքով դատարան հայց ներկայացնելու համար նույն հոդվածի 2-րդ կետով սահմանված 15-օրյա ժամկետը, որպիսի փաստն իրավացիորեն արձանագրել է ՀՀ վարչական դատարանը:

() Տվյալ պարագայում, ՀՀ վարչական դատարանը դատարան դիմելու ժամկետի հարցը քննարկել է այլ դատավարական գործողություններ կատարելուց, այդ թվում վկաներին հարցաքննելուց հետո, որպիսի վարքագիծը չի հակասում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված որևէ հայեցակարգի:

() լոկ մինչ դատավարական ժամկետի քննարկումը այլ դատավարական գործողություններ կատարելու հիմքով դատական ակտը չի կարող բեկանվել, ուստի այս մասով բողոքները ևս հիմնազուրկ են»:

Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև ՀՀ վարչական դատարանի կողմից Հանձնաժողովին բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությամբ հանդես գալու հնարավորություն չընձեռելու հարցին՝ արձանագրելով հետևյալը.

«() ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետի բացթողման, դրա վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու և համապատասխան հիմքերի պայմաններում այդ ժամկետի վերականգման վերաբերյալ հայեցակարգը վերաբերում է բացառապես դատավարական ժամկետին: Քննարկվող նորմն ուղղակի սահմանում է, որ խոսքը վերաբերում է դատավարական ժամկետի բացթողմանը, դրա վերաբերյալ միջնորդություն ներկայացնլուն և այդ միջնորդության քննարկմանը:

() հայցադիմումի ներկայացման` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ընդհանուր վարույթների մասով, դատավարական ժամկետները սահմանված են օրենսգրքի 72-րդ հոդվածով:

() օրենսդրի կողմից նախատեսվել են հատուկ վարույթներ, որոնցով իրականացվող դատական քննությունը թեև ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին, սակայն դատարանում քննության կարգի վերաբերյալ դրույթները սահմանված են ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, այլ այն իրավական ակտով, որը սահմանում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճի` ՀՀ վարչական դատարանում քննության ենթակա լինելու պայման:

Սույն դեպքում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը որոշակի դեպքերում լիցենզիայի դադարեցման վերաբերյալ վարչական մարմնի դիմումի քննությունը վերապահել է ՀՀ վարչական դատարանին` միաժամանակ նույն օրենքով սահմանելով նման դիմում ներկայացնելու ժամկետ:

Ուստի () «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված դատարան դիմելու ժամկետը չի հանդիսանում դատավարական ժամկետ, այն սահմանված է նյութական իրավունքի նորմով և ըստ այդմ դուրս է դատավարական ժամկետների վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայեցակարգի տիրույթից:
(
) նման դեպքերում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում ժամկետի վերականգման հնարավորություն: Ինչպես նշվեց վերը ժամկետի բացթողման վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված միակ հայեցակարգը սահմանված է 54-րդ հոդվածով, որը վերաբերում է բացառապես դատավարական ժամկետներին:

() հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարան դիմելու համար ժամկետները կարող են սահմանված լինել թե՛ դատավարական իրավական ակտով, թե՛ նյութական իրավական ակտով, օրենդրի կողմից սահմանվել են երկու տարբեր կարգավորումներ, որոնցից մեկը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը և 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, նախատեսված են դատավարական իրավական ակտով սահմանված ժամկետների համար, իսկ երկրորդը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նյութական իրավունքով սահմանված ժամկետների համար: Ընդ որում, դատավարական ժամկետների մասով օրենսդիրը հատկորոշում է «լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է» սահմանումը, որը երկրորդ դեպքում բացակայում է: Մասնավորպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում օրենդրի կողմից գործածվել է «լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը» սահմանումը, որպիսի պայմաններում ակներև է, որ խոսքը գնում է նյութական իրավունքի նորմով սահմանված ժամկետի մասին և բացակայում է որևէ հայեցակարգ ժամկետի բացթողման դեպքում համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար:

Սույն դեպքում ՀՀ վարչական դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտով վկայակոչվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, իսկ որպես բաց թողնված ժամկետ վկայակոչվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 15-օրյա ժամկետը:

Նման պայմաններում ակներև է, որ դատարանը չէր կարող հնարավորություն ընձեռել հայցվորին հանդես գալու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությամբ ()»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

 «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով թիվ 0322 լիցենզիայի գործողության դադարեցման պահանջը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու իր իրավունքը Հանձնաժողովը կարող է իրացնել միայն նշված հոդվածով սահմանված անհրաժեշտ փաստակազմի վերաբերյալ բավարար և հիմնավոր տեղեկություններ ունենալու դեպքում, ինչպիսին լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելն է: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ այդ տեղեկությունները պետք է բավարար և հիմնավոր լինեն, հետևաբար վերացական կամ ենթադրություններ պարունակող որևէ տեղեկություն չի կարող հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող տեղեկատվությունը կեղծ կամ խեղաթյուրված որակելու և այդ հիմքով լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջ դատարան ներկայացնելու համար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալը կարևորվում է նաև նրանով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված է, որ հայցադիմումը պետք է պարունակի այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները: Այսինքն՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին հայցադիմումում պետք է նշվեն լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու վերաբերյալ փաստերը, ինչպես նաև հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացի վերոգրյալից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանվել են նաև հայցադիմումին ներկայացվող այլ պահանջներ, ինչպիսին հանդիսանում է նաև նույն հոդվածի 3-րդ մասում ամրագրված այն պահանջը, որ եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, ի թիվս այլնի նաև այն դեպքում, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 73-րդ հոդվածի պահանջները:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ հայցադիմումին ներկայացվող պահանջները հայցվորի կողմից պահպանված չլինելը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցադիմումը վերադարձնելու ինստիտուտը դրանում առկա ձևական սխալների պատճառով անձանց դատական պաշտպանության իրավունքը չսահմանափակելու լրացուցիչ երաշխիք է հանդիսանում, քանի որ այն հնարավորություն է տալիս վերացնել հայցադիմումում առկա սխալները և հայցադիմումը կրկին ներկայացնել դատարան:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել նույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն նույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավակարգավորումից ուղղակի հետևում է, որ հայցադիմումը վերադարձնելու հիմքերի առկայության պարագայում ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ կայացնելու հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, հետևաբար հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման առկայությունն ինքնին բավարար է փաստելու, որ ներկայացված հայցադիմումը լիովին համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի պահանջներին, այդ թվում՝ հայցադիմումը սահմանված դատավարական ժամկետներում ներկայացնելու պահանջին:

Սույն գործով Ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության թիվ 0322 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին հայցադիմումը Հանձնաժողովի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 20.06.2019 թվականին:

Դատարան ներկայացված հայցադիմումով Հանձնաժողովը հայտնել է, որ որպես Ընկերության «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության ավարտը հավաստող փաստաթուղթ, Ընկերությունը Հանձնաժողովին ներկայացրել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 27.05.2009 թվականի ակտն ու Ջրաձոր համայնքի ղեկավարի 02.06.2009 թվականի շինարարության շահագործման փաստագրման ակտը, որոնցով իրավասու հանձնաժողովի և համայնքի կողմից փաստվել է «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի պատշաճ շինարարության ավարտը: Մինչդեռ «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծով նախատեսված աշխատանքների մի մասի` ջրանցքի բետոնյա հատվածի ծածկման և դյուկերի վերազինման աշխատանքների ավարտը ենթակա էր հավաստման ոչ թե Շիրակի մարզի Ջրաձոր, այլ Ամասիա համայնքի ղեկավարի կողմից, քանի որ դրանք գտնվել են այդ բնակավայրի վարչական տարածքում:

Հանձնաժողովը հայտնել է նաև, որ Ընկերության կողմից թիվ 0322 լիցենզիայի ստացման համար` որպես «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի շինարարության ավարտը հավաստող փաստաթուղթ, պետք է ներկայացվեր նաև Ամասիա համայնքի ղեկավարի կողմից տրամադրված շինարարության ավարտը հավաստող փաստաթուղթ, ինչը, սակայն, չի արվել:

Այսինքն` Ընկերության կողմից, ըստ էության, խեղաթյուրվել է թիվ 0322 լիցենզիան ստանալու համար էական նշանակություն ունեցող` «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքները նախագծին համապատասխան ավարտելու վերաբերյալ Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը, որը, սակայն, համարվում է էական նշանակություն ունեցող, քանի որ «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծով նախատեսված աշխատանքների մի մասի ավարտն այլ համայնքի ղեկավարի կողմից հավաստման ենթակա լինելու հանգամանքը Հանձնաժողովին ի սկզբանե հայտնի լինելու պարագայում Ընկերությանը թիվ 0322 լիցենզիան չէր տրամադրվի, առանց այդ համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան ավարտական փաստաթղթերի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիցենզիայի դադարեցման վերաբերյալ հայցադիմումը Հանձնաժողովը ներկայացրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքով, որի դեպքում դատարան հայց կարող է ներկայացվել կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում:

Դատարանը 02.07.2019 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և 04.09.2019 թվականին հրավիրել է նախնական դատական նիստ՝ ըստ էության փաստելով, որ հայցադիմումը ներկայացվել է խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ 04.09.2019 թվականին տեղի ունեցած նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը կատարել է անհրաժեշտ դատավարական գործողություններ, այդ թվում պարզել է հայցի առարկան և դրա հիմքը, և համարելով գործը դատաքննության նախապատրաստված, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասը, որոշում է կայացրել դատաքննության անցնելու մասին:

Դատաքննության ընթացքում դատավարության մասնակիցները հանդես են եկել բացման խոսքերով, պատասխանել են Դատարանի և դատավարության մասնակիցների հարցերին, որից հետո Դատարանը որոշել է գործով որպես վկաներ դատարան հրավիրել Աղասի Աշոտի Ամիրյանին և Գևորգ Վազգենի Հովակյանին, ինչով պայմանավորված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 24.10.2019 թվականին (տե՛ս, դատական նիստի արձանագրման համառոտագրումը՝ հատոր 3-րդ, գ.թ. 71-76 և դատական նիստի արձանագրությունը՝ հատոր 4-րդ, գ.թ. 56):

24.10.2019 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանը հրապարակել է ներկայացված փաստաթղթերը, լսել է վկաների ցուցմունքները, որից հետո հրապարակել է գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճելու մասին որոշումը (տե՛ս, դատական նիստի արձանագրման համառոտագրումը՝ հատոր 4-րդ, գ.թ. 52-55 և դատական նիստի արձանագրությունը՝ հատոր 4-րդ, գ.թ. 56):

Նախևառաջ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքով լիցենզիայի դադարեցման վերաբերյալ սույն գործով հայցադիմումը խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հարցին Դատարանը չի անդրադարձել ոչ հայցադիմումը վարույթ ընդունելիս և ոչ էլ նախնական դատական նիստի ընթացքում, այլ այդ փաստն արձանագրել է միայն դատաքննության ավարտին և հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը լրացած լինելու հիմքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ կարճել է սույն գործի վարույթը: Փաստորեն, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջով հայցը դատարան դատավարական ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու համոզմունքը Դատարանի մոտ ձևավորվել է միայն գործի քննության ընթացքում, սակայն հայցադիմումը դատարան ներկայացնելու՝ օրենքով նախատեսված ժամկետը լրացած լինելու հիմքով գործի վարույթը կարճելուց առաջ Դատարանը հայցվոր կողմին չի ընձեռել դատարան դիմելու համար օրենքով սահմանված և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրական (ռեալ) հնարավորություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու իրենց եզրահանգումները ստորադաս դատարանները պատճառաբանել են նրանով, որ Ընկերության թիվ 0322 լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող խեղաթյուրված տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից հայտնաբերվել է առնվազն 24.05.2019 թվականին, երբ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 16.05.2019 թվականի թիվ 0-25/191-19 գրությունը մուտք է եղել Հանձնաժողովում, մինչդեռ լիցենզիայի գործողության դադարեցման հայցադիմումը դատարան է ներկայացվել 20.06.2019 թվականին:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով թիվ 0322 լիցենզիայի գործողության դադարեցման հայցադիմումը կարող էր դատարան ներկայացվել խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում որոշիչ նշանակություն ունի այն հարցը, թե երբ է սույն գործով Հանձնաժողովը հայտնաբերել խեղաթյուրված տեղեկատվությունը: Ընդ որում, տեղեկատվության խեղաթյուրված լինելու մասին տարբեր սուբյեկտների կողմից Հանձնաժողով ներկայացված յուրաքանչյուր տվյալ ինքնին չի կարող համարվել հավաստի, քանի դեռ Հանձնաժողովն օրենքով սահմանված գործառույթների իրականացման միջոցով չի պարզել տեղեկատվության խեղաթյուրված լինելու մասին ներկայացված տվյալի իսկությունը: Հակառակ մեկնաբանման դեպքում կստացվի, որ Հանձնաժողովը պարտավորված է լինելու ցանկացած տվյալ ստանալուց հետո, առանց պատշաճ ստուգելու դրա հավաստիությունը, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հայց հարուցել ՀՀ վարչական դատարան:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հանձնաժողովի 15.07.2009 թվականի թիվ 375Ա որոշմամբ բավարարվել է Ընկերության ներկայացրած հայտը և նրան տրամադրվել է ՀՀ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքում Ախուրյան գետի աջ ափին գտնվող ոռոգման ջրատարի վրա կառուցված «ՋՐԱՁՈՐ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության թիվ 0322 լիցենզիան՝ 15 տարի ժամկետով:

Կազմակերպությունները 26.03.2019 թվականին դիմում են ներկայացրել Հանձնաժողով` խնդրելով դադարեցնել Ընկերության «ՋՐԱՁՈՐ» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության թիվ 0322 լիցենզիան:

Նշված դիմումը հիմք է հանդիսացել Հանձնաժողովի կողմից վարչարարության իրականացման համար, որը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով բնորոշվում է, որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

Տվյալ դեպքում Հանձնաժողովի կողմից իրականացված վարչարարությունը եզրափակվել է 05.06.2019 թվականի թիվ 201Ա որոշման կազմմամբ, որով որոշվել է.

«1. Ν0322 լիցենզիայի պայմանների 13-րդ կետի խախտման հիմքով կասեցնել լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

 2. Ընդունել ի գիտություն, որ.

1) Հանձնաժողովը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով թիվ 0322 լիցենզիայի գործողության դադարեցման համար դիմում կներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: (...)» (հատոր 1-ին, գ.թ. 75-84):

Ընդ որում, նշված վարչարարության ընթացքում Հանձնաժողովը ձեռնամուխ է եղել լիցենզիա ստանալու համար Ընկերության ներկայացրած փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվության առկայության փաստերը պարզելուն:

Մասնավորապես, Հանձնաժողովը Կազմակերպությունների կողմից ներկայացված գրությունները՝ կից փաստաթղթերով 16.04.2019 թվականի թիվ ՄՍ/2.3-71/614-19 գրությամբ ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հաշվի առնելով, որ թիվ 0322 լիցենզիայի տրամադրման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի կեղծ լինելու գնահատումը դուրս է Հանձնաժողովի իրավասությունների շրջանակից և այդ հանգամանքը ենթակա է գնահատման համապատասխան քրեական գործի շրջանակում:

ՀՀ գլխավոր դատախազությունը 23.04.2019 թվականին Հանձնաժողով մուտքագրված 22.04.2019 թվականի թիվ 12/26(4)-19 գրությամբ տեղեկացրել է, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն՝ դրանում նշված հանգամանքներն արդեն իսկ հարուցված թիվ 61211918 քրեական գործի քննության ընթացքում ստուգելու համար, իսկ Կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու գործընթացի օրինականության վերաբերյալ հարցերը համարվում են քրեական գործով քննության առարկա:

Հանձնաժողովը հարցումներ է ուղարկել Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարին և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք Կայանը շահագործման ընդունող հանձնաժողովի 27.05.2009 թվականի ակտով և Ջրաձոր համայնքի ղեկավարի 02.06.2009 թվականի շինարարության շահագործման փաստագրման ակտով հաստատվել է Կայանի կառուցման նախգծով նախատեսված բոլոր աշխատանքների, այդ թվում՝ ջրանցքի բետոնե հատվածի երկաթբետոնյա սալերով ծածկման և դյուկերի վերազինման կատարման փաստը, թե՝ ոչ:

Վարչարարության ընթացքում Կազմակերպությունների կողմից Հանձնաժողով են ներկայացվել լրացուցիչ փաստաթղթեր: Հանձնաժողովը նույնպես իր նախաձեռնությամբ (կատարված հարցումների միջոցով) ձեռք է բերել լրացուցիչ փաստաթղթեր, որոնցում պարունակվող տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում թիվ 201Ա որոշմամբ ի վերջո փաստվել է, որ

- Ընկերության կողմից «կեղծված և (կամ) խեղաթյուրված» որակվող փաստաթղթերից միայն Կայանի շինարարության ավարտը հավաստող փաստաթուղթն է հիմք հանդիսացել թիվ 0322 լիցենզիայի տրամադրման համար, հետևաբար մյուս փաստաթղթերին (այդ թվում՝ ջրօգտագործման թույլտվությանը, ջրատարի վարձակալման պայմանագրին կամ ջրատարին միացման թույլտվությանը) առնչվող Դիմողների պնդումները նշված վարույթի շրջանակներում քննության առարկա դառնալ չեն կարող,

- որպես Կայանի շինարարության ավարտը հավաստող փաստաթուղթ Ընկերությունը ներկայացրել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 27.05.2009 թվականի ակտը և համայնքի ղեկավարի 02.06.2009 թվականի շինարարության շահագործման փատագրման ակտը, որոնցով իրավասու հանձնաժողովի և համայնքի կողմից փաստվել է Կայանի պատշաճ շինարարության ավարտը,

- Կայանի կառուցման նախագծով նախատեսված աշխատանքների մի մասի՝ ջրանցքի բետոնյա հատվածի ծածկման և դյուկերի վերազինման աշխատանքների ավարտը ենթակա էր հավաստման ոչ թե ՀՀ Շիրակի մարզի Ջրաձոր, այլ Ամասիա համայնքի ղեկավարի կողմից, քանի որ դրանք գտնվել են այդ բնակավայրի վարչական տարածքում, այսինքն՝ Ընկերության կողմից թիվ 0322 լիցենիզայի ստացման համար, որպես Կայանի շինարարության ավարտը հավաստող փաստաթուղթ, պետք է ներկայացվեր նաև Ամասիա համայնքի ղեկավարի կողմից տրամադրված շինարարության ավարտը հավաստող փաստաթուղթ, ինչը, սակայն, չի արվել՝ ըստ էության խեղաթյուրելով լիցենզիա ստանալու համար էական նշանակություն ունեցող՝ կայանի կառուցման աշխատանքները նախագծին համապատասխան ավարտելու վերաբերյալ Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվությունը, ինչը հիմք է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով թիվ 0322 լիցենզիայի դադարեցման համար: Ընդ որում, նույն հոդվածի համաձայն՝ նշված հիմքով թիվ 0322 լիցենզիայի դադարեցման իրավասությունը վերապահված է դատարանին,

- տվյալ դեպքում Դիմողների կողմից մատնանշված հիմքով (կեղծված կամ խեղաթյուրված տեղեկությունների ներկայացում) լիցենզիայի դադարեցման վերաբերյալ կարգավորումներն ամրագրված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով՝ հատուկ նորմերով, որոնք էլ ենթակա են կիրառման սույն վարչական վարույթի շրջանակում,

- Դիմողների կողմից «կեղծ» որակված փաստաթղթերի իսկության ստուգումը դուրս է Հանձնաժողովի իրավասությունների շրջանակից և դրա կեղծ լինելու հանգամանքը՝ թիվ 0322 լիցենզիայի տրամադրման գործընթացի օրինականության վերաբերյալ հարցերի քննության ընթացքում, ենթակա է գնահատման թիվ 61211918 քրեական գործի շրջանակում:

Այսինքն՝ վերը նշված որոշմամբ, ըստ էության, փաստվել է Հանձնաժողովի կողմից համապատասխան գործողություն կատարելու, այն է՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով թիվ 0322 լիցենզիայի գործողության դադարեցման համար ՀՀ վարչական դատարան դիմում ներկայացնելու հիմքերի առկայությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով թիվ 0322 լիցենզիայի գործողության դադարեցման պահանջի մասին հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու համար Հանձնաժողովը պարտավոր էր ձեռք բերել նույն հոդվածով սահմանված անհրաժեշտ փաստակազմի առկայությունը հիմնավորող բավարար տեղեկություններ, որի դեպքում միայն կարող էր եզրահանգում անել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու մասին և դրա վերաբերյալ հիմնավորված փաստարկ ներառել հայցադիմումում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում միայն վարչարարության ընթացքում իրականացված արտաքին ներգործություն ունեցող գործողությունների միջոցով է Հանձնաժողովը պարզել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող խեղաթյուրված տեղեկատվության առկայության մասին Կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալների իսկությունը և այն փաստագրել է 05.06.2019 թվականի թիվ 201Ա որոշմամբ: Այսինքն՝ թիվ 0322 լիցենզիայի գործողության դադարեցման պահանջը դատարան ներկայացնելու «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով նախատեսված փաստակազմի հայտնաբերման օրն է հանդիսանում 05.06.2019 թվականը, որից սկսած 15 օրյա ժամկետում էլ՝ 20.06.2019 թվականին սույն գործով հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատարան: Մինչդեռ Դատարանը, գործի քննության արդյունքում եզրահանգելով, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջով հայցը դատարան է ներկայացվել դատավարական ժամկետի խախտմամբ, հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը լրացած լինելու հիմքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ կարճել է սույն գործի վարույթը՝ հայցվոր կողմին չընձեռելով դատարան դիմելու համար օրենքով սահմանված և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրական (ռեալ) հնարավորություն: Այնինչ, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված և սույն որոշմամբ վերահաստատած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույնիսկ եթե ստորադաս դատարանների մոտ ձևավորվել էր համոզմունք առ այն, որ լիցենզիայի գործողության դադարեցման հայցադիմումը դատարան է ներկայացվել օրենքով սահմանված 15 օրվա ժամկետի խախտմամբ, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի իրավակարգավորմանը համապատասխան Դատարանը պարտավոր էր կատարել մատնանշման իր պարտականությունը՝ մատնանշելով հայցվորին դատավարական ժամկետների բացթողնման դեպքում դրանք վերականգնելու նպատակով միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այսինքն՝ Դատարանը չի ձեռնարկել համարժեք միջոցներ, չի կատարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության մասին հայցվորին մատնանշելու իր դատավարական պարտականությունը և թույլ է տվել սույն գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատավարական իրավունքի նորմերի խախտում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված դատարան դիմելու ժամկետը չի հանդիսանում դատավարական ժամկետ, այն սահմանված է նյութական իրավունքի նորմով և ըստ այդմ դուրս է դատավարական ժամկետների վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայեցակարգի տիրույթից, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այդ եզրահանգումը փաստարկված և հիմնավորված չէ, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 15-օրյա ժամկետն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում Հանձնաժողովը կարող է հայցադիմում ներկայացնել դատարան՝ օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով, այսինքն՝ այդ ժամկետը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքով լիցենզիայի դադարեցման վերաբերյալ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու նույն օրենքով սահմանված դատավարական ժամկետն է: Այլ կերպ ասած, տվյալ դեպքում օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով հայցադիմումը դատարան ներկայացնելու համար ժամկետը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի ուժով սահմանվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով, որպիսի պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի դատողությունն այն մասին, որ նշված ժամկետը դատավարական ժամկետ չէ:

Ընդ որում, Հանձնաժողովի կողմից ներկայացված հայցի հիման վրա հարուցված սույն վարչական գործով դատավարության մասնակիցների միջև նյութաիրավական վեճի լուծումը պայմանավորված չէ այդ ժամկետով, հետևաբար լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին հայցվորի պահանջը չի կարող մերժվել այդ ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ դատարան դիմելու ժամկետը դատավարական ժամկետ չհանդիսանալու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը չի համապատասխանում իր իսկ կողմից կիրառված իրավանորմի, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բովանդակությանը, քանի որ այդ իրավանորմում ամրագրված «լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը» կարգավորումը վերաբերում է հենց դատավարական ժամկետներին, ուստի համաձայնելով նշված իրավական հիմքով սույն գործի վարույթը կարճելու մասին Դատարանի եզրահանգման հետ, Վերաքննիչ դատարանը, ըստ էության, փաստել է այդ ժամկետի դատավարական ժամկետ հանդիսանալու հանգամանքը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Դատարանը հայցվոր կողմին չի ընձեռել դատարան դիմելու համար օրենքով սահմանված և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրական (ռեալ) հնարավորություն, այդուհանդերձ նշված դատավարական խախտումը սույն գործի փաստերի հաշվառմամբ որոշիչ նշանակություն չունի, քանի որ տվյալ դեպքում հայցադիմումը Հանձնաժողովի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել օրենքով սահմանված ժամկետում, հետևաբար հայցվորի վրա ոչ միայն չէր կարող դրվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու պարտականություն, այլ նաև այդպիսին ներկայացվելու պարագայում միջնորդությունը կլիներ առարկայազուրկ և ենթակա չէր լինի քննարկման:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին հայցադիմումը Հանձնաժողովը ՀՀ վարչական դատարան է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով սույն գործի վարույթը չէր կարող կարճվել, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

Վճռաբեկ բողոքի դեմ Ընկերության վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Հ. բեդևյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. Մկրտչյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ5/0118/05/19

Վարչական գործ թիվ ՎԴ5/0118/05/19
2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան  

Դատավորներ՝

Ա. Բաբայան

 

Ա. Սարգսյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ5/0118/05/19 վարչական գործով 18.11.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

«18» նոյեմբերի 2021 թ.

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), 18.11.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հանձնաժողովի ընդդեմ «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձինք «ԷՐՍՏԵԴ», «ԼԱՅԹԷԿՈ» և «ՖԵՆՀԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների՝ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Արսեն Մկրտչյանս և Հովսեփ Բեդևյանս, համաձայն չլինելով 18.11.2021 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, այն է՝ լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու հիմքով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում ներկայացնելու՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը դատավարական, այսինքն՝ լիազորված պետական մարմնի կողմից դատավարական գործողություններ կատարելուն ուղղված ժամանակամիջոց լինելու և այս գործով Հանձնաժողովի կողմից խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու, հետևաբար լիցենզիայի գործողության դադարեցման դիմում ներկայացնելու 15-օրյա ժամկետի սկիզբը 05.06.2019 թվականը լինելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Այս հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները, վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներն ու վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր պետք է համարվեն նաև հետևյալ փաստերը.

1) 21.06.2019 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով Հանձնաժողովը պահանջել է դադարեցնել Ընկերությանը տրամադրված թիվ 0322 լիցենզիայի գործողությունը, որպիսի պահանջի հիմքում դրել է Կայանի կառուցման աշխատանքները նախագծին համապատասխան ավարտելու վերաբերյալ Հանձնաժողովին ներկայացված տեղեկատվությունն Ընկերության կողմից խեղաթյուրված լինելու փաստը և պատճառաբանել, որ այդ տեղեկատվությունն էական է եղել թիվ 0322 լիցենզիան տրամադրելիս, քանի որ Կայանի կառուցման նախագծով նախատեսված աշխատանքների մի մասի ավարտն այլ համայնքի կողմից հավաստման ենթակա լինելու պայմաններում առանց համապատասխան համայնքի ղեկավարի կողմից ավարտական փաստաթղթերը ներկայացնելու Ընկերությանը լիցենզիա չէր տրամադրվի (հատոր 1-ին, գ.թ. 2-9):

2) Հանձնաժողովը 06.05.2019 թվականին հարցում է կատարել Շիրակի մարզի Ամասիա համայնքին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք «ՋՐԱՁՈՐ» փոքր հիդրոէլեկտրակայանի կողմից օգտագործվող թունելից դուրս եկող շուրջ 900 մետր երկարությամբ դյուկերը, 1200գ/ծ մետր բաց ջրանցքը կառուցելու վերաբերյալ փաստաթղթերը հաստատվել են շինարարության շահագործման փաստագրման ակտով, այդ թվում ջրանցքի բետոնե հատվածի երկաթբետոնյա սալերով ծածկման և դյուկերի վերազինման կատարման փաստը:

Ի լրումն 06.05.2019 թվականի հարցման Հանձնաժողովը 21.05.2019 թվականի գրությամբ Շիրակի մարզի Ամասիա համայնքին է տրամադրել «ԷՐՍՏԵԴ», «ԼԱՅԹԷԿՈ» և «ՖԵՆՀԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացված գրությունների պատճենները և հայտնել, որ վարչական վարույթի ժամկետը լրանում է 05.06.2019 թվականին, ուստի անհրաժեշտ է սեղմ ժամկետներում պատասխանել 06.05.2019 թվականի հարցմանը և 21.05.2019 թվականի գրությանը (հատոր 1, գ.թ. 21, 116):

3) Ի պատասխան Հանձնաժողովի 06.05.2019 թվականի հարցման՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 16.05.2019 թվականի թիվ 0-25/191-19 թվականի գրությամբ հայտնել է, որ Ընկերության «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանի կողմից օգտագործվող թունելից դուրս եկող 900 մ երկարությամբ դյուկերը և 1200 գմ ջրանցքը գտնվում են նախկին Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի վարչական տարածքում և այդ տարածքում որևէ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Ամասիայի նախկին գյուղապետարանի կողմից շինարարության թույլտվություն չի տրվել և շինարարության շահագործման փաստագրման ակտ չի կազմվել:

Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 16.05.2019 թվականի թիվ 0-25/191-19 գրությունը Հանձնաժողովում մուտքագրվել է 24.05.2019 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 115):

 

2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Հատուկ կարծիքը շարադրվում է լիցենզիայի գործողության դադարեցման դիմում ներկայացնելու՝ Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը դատավարական, այսինքն՝ լիազորված պետական մարմնի կողմից դատավարական գործողություններ կատարելուն ուղղված ժամանակամիջոց լինելու և այս գործով Հանձնաժողովի կողմից խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու, հետևաբար լիցենզիայի գործողության դադարեցման դիմում ներկայացնելու 15-օրյա ժամկետի սկիզբը 05.06.2019 թվականը լինելու վերաբերյալ Որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ համաձայն չլինելու հիմնավորմամբ:

(Ա). Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում ներկայացնելու՝ Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը դատավարական լինելու հարց քննարկելիս նախ պետք է պարզել, թե ինչ է դատավարական ժամկետը և իրավական ակտերով սահմանված բոլոր ժամկետներն են արդյոք հանդիսանում դատավարական ժամկետներ, թե ոչ։

Դատավարական ժամկետը օրենքով սահմանված կամ դատարանի կողմից նշանակված որոշակի ժամանակամիջոցն է, որի ընթացքում դատարանը, գործին մասնակցող անձինք և դատավարության մյուս մասնակիցները իրավունք ունեն կամ պարտավոր են իրականացնել որոշակի դատավարական գործողություններ1:

Մինչդեռ «ժամկետ» եզրույթը լայնորեն կիրառվում է նյութական իրավունքի ճյուղերում ևս, և այդ պատճառով պետք է առանձնացնել դատավարական ժամկետների տարբերակման հիմք հանդիսացող այն հատկանիշները, որոնք հնարավորություն են տալիս դատավարական ժամկետները տարբերակել այն ժամկետներից, որոնց օրենսդիրը տալիս է իրավաբանական նշանակություն:

Այսպես, դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանցով անմիջականորեն սահմանվում է դատավարական գործողություն իրականացնելու ժամանակահատված (պահ): Դատավարական ժամկետները չեն կարող ազդել նյութական վիճելի իրավահարաբերության բովանդակության վրա: Դատավարական ժամկետները գործում են դատավարական իրավահարաբերություններում՝ սահմանելով նյութաիրավական պարտավորություններն իրականացնելու ժամանակահատվածը:

Շարադրվածը վկայում է այն մասին, որ դատավարական են օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այն ժամկետները միայն, որոնք անմիջականորեն սահմանում են դատավարության մասնակիցների կողմից դատավարական գործողություններ կատարելու ժամկետները և որոնց բաց թողնելը հանգեցնում է այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու դատավարական իրավունքի կորսման: Մինչդեռ օրենքով և իրավական այլ ակտերով կարող են նախատեսվել նաև նյութական ժամկետներ, որոնք իրենց գոյությունը պահպանում են դատավարական գործընթացներից դուրս և դրանցից անկախ ու սահմանում են նյութաիրավական պարտավորություններն իրականացնելու ժամանակահատվածը:

Ընդ որում՝ ի տարբերություն դատավարական ժամկետների, որոնք համապատասխան միջնորդություն ներկայացվելու դեպքերում դատարանի կողմից կարող են վերականգնվել՝ վերացնելով դրանք բաց թողնելու հետևանքով դատական պաշտպանության իրավունքը սահմանափակող հիմքերը, նյութական ժամկետները կարող են վերականգնվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում: Այսպիսի իրավական դիրքորոշում է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ 3-1862(Ա) քաղաքացիական գործով՝ ըստ Արամայիս Ներսիսյանի դիմումի՝ հողամասի նկատմամբ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու պահանջի մասին 28.09.2006 թվականին կայացրած որոշմամբ:

Տվյալ դեպքում անդրադառնալով Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 15-օրյա ժամկետի դատավարական լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական գործողությունները կատարելու «(...) այլ օրենքով, տվյալ դեպքում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում Հանձնաժողովը կարող է հայցադիմում ներկայացնել դատարան՝ օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով»: Արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 15-օրյա ժամկետը հանդիսանում է դատավարական ժամկետ, որի ընթացքում Հանձնաժողովը կարող է օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում ներկայացնել ՀՀ վարչական դատարան: Ընդ որում, կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու դեպքերում հայց ներկայացնելու ժամկետը հաշվարկվում է նշված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից սկսած, հետևաբար էական նշանակություն ունի յուրաքանչյուր դեպքում այդ տեղեկատվությունը հայտնաբերելու պահը ճիշտ որոշելը»:

Օրենքի կարգավորման առարկան սահմանող 1-ին հոդվածի համաձայն՝ այն սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունների բովանդակությունը բացահայտող 3-րդ հոդվածի համաձայն՝ լիցենզավորումը լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված գործընթաց է, իսկ լիցենզավորող մարմիններն այն պետական մարմիններ են, որոնք Օրենքով սահմանված կարգով իրականացնում են լիցենզավորում:

Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ լիցենզավորման սկզբունքներից է նաև լիցենզավորման գործընթացի օրինականությունն ապահովվելը:

Շարադրվածից բխում է, որ իրականացնելով լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված գործունեություն՝ լիցենզավորող մարմիններն առաջնորդվում են օրինականության՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան և իրենց իրավասության շրջանակում գործելու սկզբունքով:

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով հստակ թվարկված են լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմքերը, իսկ նույն հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով՝ լիցենզիայի գործողությունը դադարեցնող իրավասու պետական մարմինները:

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝

1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.

3) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառվել է ծանր վնաս.

4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները պարբերաբար կատարելու դեպքում.

5) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

6) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

7) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

8) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում.

9) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում՝ այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ նույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում՝ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում:

Օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով՝ լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն:

Օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

Շարադրվածից բխում է, որ լիցենզիայի գործողության ժամկետը դադարեցնելու հիմքով պայմանավորված՝ տարբեր են այդպիսի իրավական ակտ ընդունող մարմինները. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատարանի վճռով, իսկ նույն հոդվածի 2-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով՝ լիցենզավորող մարմնի որոշմամբ:

Նշվածից բխում է նաև, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հարց քննարկելիս վարույթ հարուցած լիցենզավորող մարմնի արտաքին գործունեությունը ոչ միշտ է ավարտվում վարչական ակտի ընդունմամբ, այլ ըստ դադարեցման հիմքի՝ կարող է ավարտվել դատարան դիմում ներկայացնելու գործողությամբ: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է այդ գործողությունը կատարելու հստակ ժամկետներ: Այդ ժամկետները ըստ դադարեցման հիմքի ևս տարբերվում են: Լիցենզիայի գործողության ժամկետն օրենսդրության պահանջների խախտման հիմքով դադարեցվելու դեպքերում լիցենզավորող մարմինը դիմումը դատարան կարող է ներկայացնել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում՝ այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում՝այդ տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում:

Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը դատավարական գործողություններ իրականացնելու համար որևէ ժամանակահատված չի սահմանում, ուստի այդ մասով սահմանված ժամկետը ոչ թե դատավարական գործողություն իրականացնելու նպատակով սահմանված դատավարական ժամկետ է, որպիսի հետևության հանգել է Վճռաբեկ դատարանը, այլ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը դատարան ներկայացնելու՝ նյութական օրենքով լիցենզավորող մարմնին վերապահված լիազորությունն իրականացնելու նյութական ժամկետ է:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը նպատակային մեկնաբանման կանոնով մեկնաբանելու պայմաններում պարզ է դառնում, որ լիցենզավորող մարմնին վերապահելով լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում արդեն տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետը դադարեցնելու դիմում ներկայացնելու իրավունք՝ օրենսդիրն ունեցել է լիցենզիայի հայտը մերժելու Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքն ուշացմամբ բացահայտելու դեպքում Օրենքի խախտմամբ տրված լիցենզիայի գործողության ժամկետը դադարացնելու և լիցենզավորման գործընթացի օրինականությունը վերականգնելու նպատակ: Օրենսդիրը թեև լիցենզավորման մարմնի համար սահմանել է օրինականության սկզբունքով առաջնորդվելու պահանջ, այդուհանդերձ չի բացառել լիցենզավորող մարմնի կամքից անկախ հանգամանքներում՝ դիմողի ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով, Օրենքի խախտմամբ լիցենզիա տրամադրվելու հնարավորությունը: Այդպիսի դեպքերի համար Օրենքով սահմանվել են լիցենզավորող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելու հստակ ժամկետներ՝ գործընթացի արդյունավետությունն ապահովելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը:

Նկատի ունենալով, որ Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լիցենզավորող մարմնի կողմից դիմումը դատարան ներկայացնելու Օրենքով նախատեսված ժամկետ է, հետևաբար այն բաց թողնելը կարող է հանգեցնել արդեն քննվող գործի վարույթը կարճելու հետևանքի:

(Բ). Անդրադառնալով սույն գործով Հանձնաժողովի կողմից լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու, հետևաբար լիցենզիայի գործողության դադարեցման դիմում ներկայացնելու 15-օրյա ժամկետի սկիզբը որոշելու հարցին՝ կարծում ենք, որ այն պետք է համարել 24.05.2019 թվականը, երբ Հանձնաժողովում ստացվել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 16.05.2019 թվականի թիվ 0-25/191-19 գրությունը, հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով թիվ 0322 լիցենզիայի գործողության ժամկետը դադարեցնելու դիմումը դատարան ներկայացնելու 15-օրյա ժամկետի, այսինքն՝ Հանձնաժողովի կողմից կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու, սկիզբ Վճռաբեկ դատարանը համարել է 05.06.2019 թվականը, երբ Հանձնաժողովը կայացրել է թիվ 201Ա որոշումը՝ հետևյալի մասին.

«1. Ν0322 լիցենզիայի պայմանների 13-րդ կետի խախտման հիմքով կասեցնել լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

 2. Ընդունել ի գիտություն, որ.

1) Հանձնաժողովը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով թիվ 0322 լիցենզիայի գործողության դադարեցման համար դիմում կներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: (...)» (հատոր 1-ին, գ.թ. 75-84):

Արձանագրելով, որ որոշիչ նշանակություն ունի §(...) այն հարցը, թե երբ է սույն գործով Հանձնաժողովը հայտնաբերել խեղաթյուրված տեղեկատվությունը», Վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ §(...) տեղեկատվության խեղաթյուրված լինելու մասին տարբեր սուբյեկտների կողմից Հանձնաժողով ներկայացված յուրաքանչյուր տվյալ ինքնին չի կարող համարվել հավաստի, քանի դեռ Հանձնաժողովն օրենքով սահմանված գործառույթների իրականացման միջոցով չի պարզել տեղեկատվության խեղաթյուրված լինելու մասին ներկայացված տվյալի իսկությունը: Հակառակ մեկնաբանման դեպքում կստացվի, որ Հանձնաժողովը պարտավորված է լինելու ցանկացած տվյալ ստանալուց հետո, առանց պատշաճ ստուգելու դրա հավաստիությունը, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հայց հարուցել ՀՀ վարչական դատարան»: Այնուհանդերձ Վճռաբեկ դատարանը հանգել է այն հետևության, որ §(...) տվյալ դեպքում միայն վարչարարության ընթացքում իրականացված արտաքին ներգործություն ունեցող գործողությունների միջոցով է Հանձնաժողովը պարզել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող խեղաթյուրված տեղեկատվության առկայության մասին Կազմակերպությունների կողմից ներկայացված տվյալների իսկությունը և այն փաստագրել է 05.06.2019 թվականի թիվ 201Ա որոշմամբ» և §(...) նշված վարչարարության ընթացքում Հանձնաժողովը ձեռնամուխ է եղել լիցենզիա ստանալու համար Ընկերության ներկայացրած փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվության առկայության փաստերը պարզելուն»:

 Համաձայնելով Վճռաբեկ դատարանի իրավական այն դիրքորոշման հետ, որ լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացված լինելու մասին տարբեր սուբյեկտների կողմից Հանձնաժողովին ներկայացված տվյալների իսկությունը ենթակա է ստուգման և նման ցանկացած տվյալ չի կարող հիմք ծառայել Հանձնաժողովի կողմից դիմում ներկայացնելու համար, կարծում ենք, որ այդ դիրքորոշումը կիրառելի կլիներ այն դեպքում, երբ համապատասխան փաստը հայտնաբերվեր նիստում հետազոտված ապացույցների համակցությամբ:

Սույն դեպքում կարևորվում են հետևյալ փաստերը՝

1. 21.06.2019 թվականին ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումի փաստական հիմքում Հանձնաժողովը դրել է միայն Կայանի կառուցման աշխատանքները նախագծին համապատասխան ավարտելու վերաբերյալ Հանձնաժողովին ներկայացված տեղեկատվությունն Ընկերության կողմից խեղաթյուրված լինելու փաստը, որի իսկությունը հաստատվել է Հանձնաժողովում 24.05.2019 թվականին ստացված՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 16.05.2019 թվականի թիվ 0-25/191-19 գրությամբ,

2. Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշված տեղեկատվության իսկությունը հաստատող այլ ապացույցներ և/կամ թիվ 0322 լիցենզիան ստանալու համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող այլ տեղեկատվություն կեղծ կամ խեղաթյուրված լինելու մասին տվյալներ ձեռք չեն բերվել:

 Շարադրվածը վկայում է այն մասին, որ Հանձնաժողովն Ընկերությանը տրված թիվ 0322 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումը ներկայացրել է Կայանի կառուցման աշխատանքները նախագծին համապատասխան ավարտելու վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրված լինելու փաստի վկայակոչմամբ, որի իսկության հարցում Հանձնաժողովը հավաստվել է 24.05.2019 թվականին, երբ ստացվել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 16.05.2019 թվականի թիվ 0-25/191-19 գրությունը: Տվյալ դեպքում կարևորում ենք այն հանգամանքը, որ Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատարան դիմելու համար բավարար են լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն ներկայացված լինելու և այդ մասին ներկայացված տվյալների իսկությանը վստահելու համար բավարար ապացույցներ ձեռք բերված լինելու փաստերը: Այդ դեպքերում չի պահանջվում անգամ վարչական մարմնի կողմից վարչական ակտի կայացում, քանի որ վարչարարությունը փաստացի ավարտվում է դատարան դիմելու գործողությամբ:

 Ուստի Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով դատարան դիմելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը Հանձնաժողովը հայտնաբերել և դրա իսկության հարցում համոզվել է 24.05.2019 թվականին, որ օրվանից սկսել է հոսել դատարան դիմում ներկայացնելու՝ Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 15-օրյա ժամկետը: 24.05.2019 թվականին Հանձնաժողովն արդեն ունեցել է դատարան դիմելու բավարար հիմքեր և բացակայել է այլ ապացույցների հետ համադրման և որևէ վարչական ակտ կայացնելու անհրաժեշտությունը:

Այդ ժամկետի մեկնարկն այլ, տվյալ դեպքում՝ վարչական մարմնի կողմից վարչական ակտ ընդունելու, փաստով պայմանավորելու դեպքերում կխախտվի վարչական մարմնի կողմից արագ գործելու և վարչական վարույթը բարդացնելուց ձեռնպահ մնալու՝ §Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով ամրագրված պարտականությունը:

 Այս պայմաններում Հանձնաժողովը դատարան հայցադիմում կարող էր ներկայացնել 24.05.2019 թվականից 15-օրյա ժամկետում՝ մինչ 10.06.2019 թվականը ներառյալ, բայց ներկայացրել է 21.06.2019 թվականին, այսինքն՝ Օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով գործի վարույթը կարճելու հիմք է: Հետևաբար՝ նշված հիմքի վկայակոչմամբ գործի վարույթը կարճելով, իսկ այդ որոշումն էլ անփոփոխ թողնելով ստորադաս դատարանները որևէ խախտում թույլ չեն տվել և առկա չէ բողոքարկվող որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու հնարավորությունը:

 

_____________________

1 Տե՛ս «Դատավարական ժամկետների իրավական ընդհանուր բնութագիրը և հաշվարկը քաղաքացիական դատավարությունում», Վարդուշ Եսայան, 2020 թվական, էջ 53:

 

Դատավորներ`

Ա. Մկրտչյան

Հ. բեդևյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան