ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0665/02/08 2021 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0665/02/08 |
|
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան |
2021 թվականի դեկտեմբերի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպութուն) բողոքը՝ ըստ հայցի Իջևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմԿազմակերպության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Ազգ օրաթերթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Քաղաքապետարանի գործարար համբավը և Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի (այսուհետ` Քաղաքապետ) պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունը հերքել պարտավորեցնելու ու վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է պարտավորեցնել Կազմակերպությանը նույն զանգվածային լրատվամիջոցներով («Ազգ» օրաթերթ, «www.hetq.am» ինտերնետային կայք) հերքել Քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները, գործարար համբավը և Քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաև Կազմակերպությունից որպես վնասի հատուցում բռնագանձել փաստաբանական ծախսերը՝ 930.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ․ Ափինյան) 10.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Կ․ Հակոբյան, դատավորներ Տ․ Սահակյան, Տ․ Նազարյան) 13.11.2009 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի և Քաղաքապետի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 10.07.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվելնոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի20.01.2010 թվականի որոշմամբ Կազմակերպության և Ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ․ Խանդանյան) (այսուհետ՝ Դատարան) 09.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է: Պարտավորեցվել է Կազմակերպությանը, «ԱԶԳ» օրաթերթի և «www.hetq.am» ինտերնետային կայքի միջոցով, հերքելու 20․05․2008 թվականին «ԱԶԳ» օրաթերթի ներդիրում «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» և 09․07․2008 թվականին «Երեք հանձնաժողովները «կտեսնեն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրերով տպագրված հոդվածներում հրապարակված անհիմն տեղեկությունները` Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող փաստերը և հաստատել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
Կազմակերպությունից հօգուտ Քաղաքապետարանի բռնագանձվել է 930․000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծախս։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն․ Տավարացյան, դատավորներ Ս․ Միքայելյան, Ա․ Մկրտչյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.12.2010 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է Դատարանի 09.07.2010 թվականի վճիռը, Կազմակերպությունից հօգուտ Քաղաքապետարանի 930.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծախս բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարվել է մասնակիորեն` 450.000 ՀՀ դրամի չափով։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Գրիշա Բալասանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 64023/11) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 18․05․2021 թվականի վճիռը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի խախտում: Մասնավորապես, Եվրոպական դատարանը նշել է, որ « (․․․) ներպետական դատարանները սահմանափակվել են պարզելով, որ վիճարկվող հրապարակումը արատավորել է հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը և որ դիմումատու կազմակերպությունը չի կարողացել արտացոլել իր ճշմարտացիությունը (․․․)» (կետ 42): «Ներպետական դատարանները նաև չեն փորձելտարբերակում կատարել փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև: Ուստի, առանց քննելու այն հարցը, թե արդյոք վիճարկվող հոդվածում պարունակող հայտարարությունները կարող են համարվել գնահատողական դատողություններ, դատարանները շարունակել են ենթադրել, որ դրանք եղել են ապացուցելի, և դրանք ապացուցման պարտականությունը դրված է եղել դիմումատու կազմակերպության վրա։ (․․․)» (կետ 43): «Վերոնշյալ տարրերը Դատարանին հանգեցնում են այն եզրակացության, որ ներպետական դատարանների կողմիցդիմումատու կազմակերպության՝ 10-րդ հոդվածով սահմանված իրավունքներին միջամտությունը հիմնավորելու նպատակով ներկայացված պատճառները «համապատասխան և բավարար»չեն եղել» (կետ 43):
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) «Ազգ» օրաթերթի 20.05.2008 թվականի ներդիրում, տպագրվել է Ոսկան Սարգսյանի «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածը, որում մասնավորապես նշվել է. «Դիլիջան քաղաքում ընթացող շինարարության համար այստեղ ավազ տեղափոխող վարորդը վկայեց, որ լճից մի մեքենա ավազ վերցնելու համար 8.000 դրամ են վճարում, ավելի մեծ տարողությամբ մեքենա բեռնելու համար մինչև 20.000 դրամ է պահանջվում: Ովքեր են այս ջրամբարի հարստությունից օգտվողները, որոնք լիճը տիղմից մաքրելու պատճառաբանությամբ, անօրինական չհարկվող մեծ եկամուտներ են ստանում:
Մեր ունեցած տեղեկությամբ այս բիզնեսը գտնվում է Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերահսկողության ներքո: Այն պաշտոնապես ճշտելու համար 2007թ. հոկտեմբերին լճից ավազի արդյունահանման կապակցությամբ նամակով դիմեցինք Տավուշի մարզի դատախազություն …» (հատոր 1-ին, գ.թ. 10)։
26.05.2008 թվականին նույն թեմայի վերաբերյալ տեղեկություն է տեղադրվել www.hetq.am ինտերնետային կայքում:
2) Քաղաքապետարանը պահանջել է պարտավորեցնել Կազմակերպությանը նույն զանգվածային լրատվամիջոցներով հերքել Քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները, գործարար համբավը և Քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաև Կազմակերպությունից որպես վնասի հատուցում բռնագանձել փաստաբանական ծախսերը՝ 930.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 4-5):
3)Դատարանի 09.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է (հատոր 4-րդ, գ.թ. 44-55):
4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2010 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է Դատարանի 09.07.2010 թվականի վճիռը, Կազմակերպությունից հօգուտ Քաղաքապետարանի 930.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծախս բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարվել է մասնակիորեն` 450.000 ՀՀ դրամի մասով (հատոր 4-րդ, գ.թ. 122-127)։
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 4-րդ, գ.թ. 177-180).
4) Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 64023/11) Եվրոպական դատարանի 18․05․2021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում (Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 64023/11) Եվրոպական դատարանի 18․05․2021 թվականի վճիռը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են նույն Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: (…) Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, գլխավոր դատախազը և նրա տեղակալը՝ օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Այսպես` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1.Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2.կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3.restitutio in integrum սկզբունքից բխող՝ մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունըհնարավորինսվերականգնելուպարտավորությունը:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսmսկզբունք) նպատակով:
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece (Article 50) գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, 34-րդ կետ, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, 125-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, 210-րդ կետ):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորություն, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:
ՀՀ սահմանադրական դատարանը 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին՝ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Հետաքննող լրրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով 10-րդ հոդվածով իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Քաղաքապետարանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Կազմակերպությանը նույն զանգվածային լրատվամիջոցներով («Ազգ» օրաթերթ, «www.hetq.am» ինտերնետային կայք) հերքել Քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները, գործարար համբավը և Քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաև Կազմակերպությունից որպես վնասի հատուցում բռնագանձել փաստաբանական ծախսերը՝ 930.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Դատարանի 09.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է: Պարտավորեցվել է Կազմակերպությանը, «ԱԶԳ» օրաթերթի և «www.hetq.am» ինտերնետային կայքի միջոցով, հերքելու 20․05․2008 թվականին «ԱԶԳ» օրաթերթի ներդիրում «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» և 09․07․2008 թվականին «Երեք հանձնաժողովները «կտեսնեն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրերով տպագրված հոդվածներում հրապարակված անհիմն տեղեկությունները` Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող փաստերը և հաստատել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Կազմակերպությունից հօգուտ Քաղաքապետարանի բռնագանձվել է 930․000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծախս։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2010 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է Դատարանի 09.07.2010 թվականի վճիռը, Կազմակերպությունից հօգուտ Քաղաքապետարանի 930.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծախս բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարվել է մասնակիորեն` 450.000 ՀՀ դրամի չափով։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 64023/11) Եվրոպական դատարանի 18․05․2021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով «հայտարարվել է», որ Կոնվենցիայի թիվ 10-րդ հոդվածի մասով բողոքն ընդունելի է, և վճռվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները սույն գործով հանգում են նրան, որ «42. Դատարանը նշում է, որ (․․․) այս գործում, ներպետական դատարանները սահմանափակվել են՝ պարզելով, որ վիճարկվող հրապարակումը արատավորել է հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, և որ դիմումատու կազմակերպությունը չի կարողացել ապացուցել իր ճշմարտացիությունը։ Նրանք հաշվի չեն առել հետևյալ տարրերը. դիմումատու կազմակերպության դիրքորոշումը որպես հետաքննական լրագրության ՀԿ, ինչպես նաև դրա կողմից բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, հայցվորների՝ որպես ընտրված պաշտոնատար անձանց դիրքորոշումը, հոդվածը հրապարակելիս դիմումատու կազմակերպության կողմից հետապնդվող նպատակը, վիճարկվող հոդվածում հանրային հետաքրքրություն կամ ընդհանուր մտահոգություն ներկայացնող հարցի առկայությունը, և քաղաքապետի՝ ենթադրյալ կոռուպցիոն գործելակերպի վերաբերյալ տեղեկության վերաբերելիությունը։ Բաց թողնելով այդ տարրերի հետ կապված որևէ վերլուծություն՝ ներպետական դատարաններն ուշադրություն չեն դարձնել այն էական գործառույթին, որը մամուլն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում: 43. Ներպետական դատարանները նաև չեն փորձել տարբերակում կատարել փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև։ Ուստի առանց քննելու այն հարցը, թե արդյոք վիճարկվող հոդվածում պարունակվող հայտարարությունները կարող են համարվել գնահատողական դատողություններ, դատարանները շարունակել են ենթադրել, որ դրանք եղել են ապացուցելի, և դրանք ապացուցելու պարտականությունը դրված է եղել դիմումատու կազմակերպության վրա։ Սա, կարծես, պայմանավորված է եղել տվյալ ժամանակահատվածում զրպարտության վերաբերյալ Հայաստանի օրենսդրության՝ մասնավորապես ՔՕ-ի 19-րդ հոդվածում առկա թերությամբ, որը հղում է կատարում միայն «տեղեկություններին» և անկախ այդ «տեղեկության» իրական բովանդակությունից՝ առաջ է քաշում ենթադրություն, ինչպես պարզ է դառնում այս գործում, որ ցանկացած այդպիսի «տեղեկություն» հնարավոր է ապացուցել քաղաքացիական վարույթի շրջանակներում (համեմատել, օրինակ`Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի [Grinberg v. Russia], թիվ 23472/03, § 29, 2005 թվականի հուլիսի 21, Գորելիշվիլին ընդդեմ Վրաստանի [Gorelishvili v. Georgia], թիվ 12979/04, § 38, 2007 թվականի հունիսի 5, Դյուլդինը և Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի [Dyuldin and Kislov v. Russia], թիվ 25968/02, § 47, 2007 թվականի հուլիսի 31 և վերևում հիշատակված՝ Տերենտևի գործի հետ, § 23)։ 44. Ավելին, ներպետական վճիռներում չկա որևէ վկայություն առ այն, որ դատարանները ձեռնարկել են հայցվորների համբավի պաշտպանության անհրաժեշտության և մամուլի՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկություններ տարածելու իրավունքի միջև հավասարակշռություն հաստատելու նախաձեռնություն։ Նրանք չեն կշռադատել երկու մրցակցող շահերը և իրենց վերլուծությունները սահմանափակել են հայցվորների համբավին վնաս հասցնելու վերաբերյալ քննարկմամբ՝ ակնհայտ դիրքորոշում ունենալով, որ «այլոց պատվի և արժանապատվության» պաշտպանությանն առնչվող շահերը, մասնավորապես նրանց, ում վերապահված են պետական լիազորություններ, բոլոր հանգամանքներում գերակայում են արտահայտվելու ազատությանը (տե՛ս Ռոմանենկոն և այլք ընդդեմ Ռուսաստանի [Romanenko and Others v. Russia], թիվ 11751/03, § 42, 2009 թվականի հոկտեմբերի 8, վերևում հիշատակված՝ Սկուդաևայի գործը, § 38, 2019 թվականի մարտի 5 և վերևում հիշատակված՝ Մարգուլևի գործը, § 53)։ 45. Վերոնշյալ տարրերը Դատարանին հանգեցնում են այն եզրակացության, որ ներպետական դատարանների կողմից դիմումատու կազմակերպության՝ 10-րդ հոդվածով սահմանված իրավունքներին միջամտությունը հիմնավորելու նպատակով ներկայացված պատճառները «համապատասխան և բավարար» չեն եղել։ Դատարանը հաշվի է առնում Կոնվենցիայի համակարգի հիմնարար օժանդակ դերը (տե՛ս Դուբսկան և Կրեժովան ընդդեմ Չեխիայի Հանրապետության [ՄՊ] [Dubská and Krejzová v. the Czech Republic [GC]], թիվ 28859/11 և 28473/12, § 175, ՄԻԵԴ 2016)։ Իսկապես, եթե հավասարակշռություն հաստատելու նախաձեռնությունն ազգային իշխանությունների կողմից իրականացված լիներ Դատարանի նախադեպային իրավունքի նորմերում սահմանվածի համաձայն, ապա Դատարանից ծանրակշիռ հիմնավորումներ պետք է պահանջվեին իր տեսակետները դրանցով փոխարինելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Փերինչեքի գործը, § 198)։ Այնուամենայնիվ, ազգային մակարդակում հավասարակշռություն հաստատելու այդպիսի նախաձեռնության բացակայության դեպքում Դատարանի վրա դրված չէ համամասնության ամբողջական վերլուծություն իրականացնելու պարտավորությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մարգուլևի գործը, § 54)։ Առերեսվելով այն իրողությանը, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել համապատասխան և բավարար պատճառներ այդ միջամտությունը հիմնավորելու համար, Դատարանը գտնում է, որ չի կարելի ասել, որ կիրառվել են «Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ», կամ որ «հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա» (տե՛ս, հետագա հղումներով, վերևում հիշատակված՝ Տերենտևի գործը, § 24)։ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատու կազմակերպության՝ արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությունը «անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում»։ 46. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել հայցվորի կոնվենցիոն իրավունքի խախտում, այն է՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ազատ արտահայտվելու իրավունքի խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի(գանգատ թիվ 64023/11) Եվրոպական դատարանի 18․05․2021 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 18․05․2021 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնել Կազմակերպության խախտված կոնվենցիոն իրավունքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև վերջինիս այդ իրավունքների խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 27.12.2010 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշումը բեկանելու ու գործը Դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27․12․2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Է. Սեդրակյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵՔԴ/0665/02/08 քաղաքացիական գործով 02.12.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ
02.12.2021 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի դեկտեմբերի 12-ին գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպութուն) բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին՝ ըստ հայցի Իջևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Կազմակերպության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Ազգ օրաթերթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Քաղաքապետարանի գործարար համբավը և Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի (այսուհետ` Քաղաքապետ) պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունը հերքել պարտավորեցնելու ու վնասը հատուցելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27․12․2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է պարտավորեցնել Կազմակերպությանը նույն զանգվածային լրատվամիջոցներով («Ազգ» օրաթերթ, «www.hetq.am» ինտերնետային կայք) հերքել Քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները, գործարար համբավը և Քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաև Կազմակերպությունից որպես վնասի հատուցում բռնագանձել փաստաբանական ծախսերը՝ 930.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ․ Ափինյան) 10.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Կ․ Հակոբյան, դատավորներ Տ․ Սահակյան, Տ․ Նազարյան) 13.11.2009 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի և Քաղաքապետի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 10.07.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվելնոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.01.2010 թվականի որոշմամբ Կազմակերպության և Ընկերության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ․ Խանդանյան) (այսուհետ՝ Դատարան) 09.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է: Պարտավորեցվել է Կազմակերպությանը, «ԱԶԳ» օրաթերթի և «www.hetq.am» ինտերնետային կայքի միջոցով, հերքելու 20․05․2008 թվականին «ԱԶԳ» օրաթերթի ներդիրում «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» և 09․07․2008 թվականին «Երեք հանձնաժողովները «կտեսնեն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրերով տպագրված հոդվածներում հրապարակված անհիմն տեղեկությունները` Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող փաստերը և հաստատել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
Կազմակերպությունից հօգուտ Քաղաքապետարանի բռնագանձվել է 930․000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծախս։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն․ Տավարացյան, դատավորներ Ս․ Միքայելյան, Ա․ Մկրտչյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.12.2010 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է Դատարանի 09.07.2010 թվականի վճիռը, Կազմակերպությունից հօգուտ Քաղաքապետարանի 930.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծախս բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարվել է մասնակիորեն` 450.000 ՀՀ դրամի չափով։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Գրիշա Բալասանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 64023/11) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 18․05․2021 թվականի վճիռը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի խախտում: Մասնավորապես, Եվրոպական դատարանը նշել է, որ « (․․․) ներպետական դատարանները սահմանափակվել են պարզելով, որ վիճարկվող հրապարակումը արատավորել է հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը և որ դիմումատու կազմակերպությունը չի կարողացել արտացոլել իր ճշմարտացիությունը (․․․)» (կետ 42): «Ներպետական դատարանները նաև չեն փորձելտարբերակում կատարել փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև: Ուստի, առանց քննելու այն հարցը, թե արդյոք վիճարկվող հոդվածում պարունակող հայտարարությունները կարող են համարվել գնահատողական դատողություններ, դատարանները շարունակել են ենթադրել, որ դրանք եղել են ապացուցելի, և դրանք ապացուցման պարտականությունը դրված է եղել դիմումատու կազմակերպության վրա։ (․․․)» (կետ 43): «Վերոնշյալ տարրերը Դատարանին հանգեցնում են այն եզրակացության, որ ներպետական դատարանների կողմիցդիմումատու կազմակերպության՝ 10-րդ հոդվածով սահմանված իրավունքներին միջամտությունը հիմնավորելու նպատակով ներկայացված պատճառները «համապատասխան և բավարար»չեն եղել» (կետ 43):
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) «Ազգ» օրաթերթի 20.05.2008 թվականի ներդիրում, տպագրվել է Ոսկան Սարգսյանի «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածը, որում մասնավորապես նշվել է. «Դիլիջան քաղաքում ընթացող շինարարության համար այստեղ ավազ տեղափոխող վարորդը վկայեց, որ լճից մի մեքենա ավազ վերցնելու համար 8.000 դրամ են վճարում, ավելի մեծ տարողությամբ մեքենա բեռնելու համար մինչև 20.000 դրամ է պահանջվում: Ովքեր են այս ջրամբարի հարստությունից օգտվողները, որոնք լիճը տիղմից մաքրելու պատճառաբանությամբ, անօրինական չհարկվող մեծ եկամուտներ են ստանում:
Մեր ունեցած տեղեկությամբ այս բիզնեսը գտնվում է Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերահսկողության ներքո: Այն պաշտոնապես ճշտելու համար 2007թ. հոկտեմբերին լճից ավազի արդյունահանման կապակցությամբ նամակով դիմեցինք Տավուշի մարզի դատախազություն …» (հատոր 1-ին, գ.թ. 10)։
26.05.2008 թվականին նույն թեմայի վերաբերյալ տեղեկություն է տեղադրվել www.hetq.am ինտերնետային կայքում:
2) Քաղաքապետարանը պահանջել է պարտավորեցնել Կազմակերպությանը նույն զանգվածային լրատվամիջոցներով հերքել Քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները, գործարար համբավը և Քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաև Կազմակերպությունից որպես վնասի հատուցում բռնագանձել փաստաբանական ծախսերը՝ 930.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին, գ.թ. 4-5):
3) Դատարանի 09.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է (հատոր 4-րդ, գ.թ. 44-55):
4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2010 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է Դատարանի 09.07.2010 թվականի վճիռը, Կազմակերպությունից հօգուտ Քաղաքապետարանի 930.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծախս բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարվել է մասնակիորեն` 450.000 ՀՀ դրամի մասով (հատոր 4-րդ, գ.թ. 122-127)։
3) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 4-րդ, գ.թ. 177-180).
4) Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 64023/11) Եվրոպական դատարանի 18․05․2021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում (Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 64023/11) Եվրոպական դատարանի 18․05․2021 թվականի վճիռը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են նույն Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: (…) Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, գլխավոր դատախազը և նրա տեղակալը՝ օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե´ս, Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Այսպես` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1.Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2.կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3.restitutio in integrum սկզբունքից բխող՝ մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունըհնարավորինսվերականգնելուպարտավորությունը:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչrestitսtiօ in integrսmսկզբունք) նպատակով:
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece (Article 50) գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, 34-րդ կետ, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, 125-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, 210-րդ կետ):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորություն, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:
ՀՀ սահմանադրական դատարանը 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին՝ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Հետաքննող լրրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով 10-րդ հոդվածով իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Քաղաքապետարանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Կազմակերպությանը նույն զանգվածային լրատվամիջոցներով («Ազգ» օրաթերթ, «www.hetq.am» ինտերնետային կայք) հերքել Քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները, գործարար համբավը և Քաղաքապետի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող լուրերը, ինչպես նաև Կազմակերպությունից որպես վնասի հատուցում բռնագանձել փաստաբանական ծախսերը՝ 930.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Դատարանի 09.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է: Պարտավորեցվել է Կազմակերպությանը, «ԱԶԳ» օրաթերթի և «www.hetq.am» ինտերնետային կայքի միջոցով, հերքելու 20․05․2008 թվականին «ԱԶԳ» օրաթերթի ներդիրում «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» և 09․07․2008 թվականին «Երեք հանձնաժողովները «կտեսնեն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրերով տպագրված հոդվածներում հրապարակված անհիմն տեղեկությունները` Իջևանի քաղաքապետարանի գործարար համբավը և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող փաստերը և հաստատել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Կազմակերպությունից հօգուտ Քաղաքապետարանի բռնագանձվել է 930․000 ՀՀ դրամ` որպես փաստաբանական ծախս։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2010 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է Դատարանի 09.07.2010 թվականի վճիռը, Կազմակերպությունից հօգուտ Քաղաքապետարանի 930.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծախս բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարվել է մասնակիորեն` 450.000 ՀՀ դրամի չափով։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 64023/11) Եվրոպական դատարանի 18․05․2021 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով «հայտարարվել է», որ Կոնվենցիայի թիվ 10-րդ հոդվածի մասով բողոքն ընդունելի է, և վճռվել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքների խախտումները սույն գործով հանգում են նրան, որ «42. Դատարանը նշում է, որ (․․․) այս գործում, ներպետական դատարանները սահմանափակվել են՝ պարզելով, որ վիճարկվող հրապարակումը արատավորել է հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, և որ դիմումատու կազմակերպությունը չի կարողացել ապացուցել իր ճշմարտացիությունը։ Նրանք հաշվի չեն առել հետևյալ տարրերը. դիմումատու կազմակերպության դիրքորոշումը որպես հետաքննական լրագրության ՀԿ, ինչպես նաև դրա կողմից բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, հայցվորների՝ որպես ընտրված պաշտոնատար անձանց դիրքորոշումը, հոդվածը հրապարակելիս դիմումատու կազմակերպության կողմից հետապնդվող նպատակը, վիճարկվող հոդվածում հանրային հետաքրքրություն կամ ընդհանուր մտահոգություն ներկայացնող հարցի առկայությունը, և քաղաքապետի՝ ենթադրյալ կոռուպցիոն գործելակերպի վերաբերյալ տեղեկության վերաբերելիությունը։ Բաց թողնելով այդ տարրերի հետ կապված որևէ վերլուծություն՝ ներպետական դատարաններն ուշադրություն չեն դարձնել այն էական գործառույթին, որը մամուլն իրականացնում է ժողովրդավարական հասարակությունում: 43. Ներպետական դատարանները նաև չեն փորձել տարբերակում կատարել փաստական տվյալների և գնահատողական դատողությունների միջև։ Ուստի առանց քննելու այն հարցը, թե արդյոք վիճարկվող հոդվածում պարունակվող հայտարարությունները կարող են համարվել գնահատողական դատողություններ, դատարանները շարունակել են ենթադրել, որ դրանք եղել են ապացուցելի, և դրանք ապացուցելու պարտականությունը դրված է եղել դիմումատու կազմակերպության վրա։ Սա, կարծես, պայմանավորված է եղել տվյալ ժամանակահատվածում զրպարտության վերաբերյալ Հայաստանի օրենսդրության՝ մասնավորապես ՔՕ-ի 19-րդ հոդվածում առկա թերությամբ, որը հղում է կատարում միայն «տեղեկություններին» և անկախ այդ «տեղեկության» իրական բովանդակությունից՝ առաջ է քաշում ենթադրություն, ինչպես պարզ է դառնում այս գործում, որ ցանկացած այդպիսի «տեղեկություն» հնարավոր է ապացուցել քաղաքացիական վարույթի շրջանակներում (համեմատել, օրինակ`Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի [Grinberg v. Russia], թիվ 23472/03, § 29, 2005 թվականի հուլիսի 21, Գորելիշվիլին ընդդեմ Վրաստանի [Gorelishvili v. Georgia], թիվ 12979/04, § 38, 2007 թվականի հունիսի 5, Դյուլդինը և Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի [Dyuldin and Kislov v. Russia], թիվ 25968/02, § 47, 2007 թվականի հուլիսի 31 և վերևում հիշատակված՝ Տերենտևի գործի հետ, § 23)։ 44. Ավելին, ներպետական վճիռներում չկա որևէ վկայություն առ այն, որ դատարանները ձեռնարկել են հայցվորների համբավի պաշտպանության անհրաժեշտության և մամուլի՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկություններ տարածելու իրավունքի միջև հավասարակշռություն հաստատելու նախաձեռնություն։ Նրանք չեն կշռադատել երկու մրցակցող շահերը և իրենց վերլուծությունները սահմանափակել են հայցվորների համբավին վնաս հասցնելու վերաբերյալ քննարկմամբ՝ ակնհայտ դիրքորոշում ունենալով, որ «այլոց պատվի և արժանապատվության» պաշտպանությանն առնչվող շահերը, մասնավորապես նրանց, ում վերապահված են պետական լիազորություններ, բոլոր հանգամանքներում գերակայում են արտահայտվելու ազատությանը (տե՛ս Ռոմանենկոն և այլք ընդդեմ Ռուսաստանի [Romanenko and Others v. Russia], թիվ 11751/03, § 42, 2009 թվականի հոկտեմբերի 8, վերևում հիշատակված՝ Սկուդաևայի գործը, § 38, 2019 թվականի մարտի 5 և վերևում հիշատակված՝ Մարգուլևի գործը, § 53)։ 45. Վերոնշյալ տարրերը Դատարանին հանգեցնում են այն եզրակացության, որ ներպետական դատարանների կողմից դիմումատու կազմակերպության՝ 10-րդ հոդվածով սահմանված իրավունքներին միջամտությունը հիմնավորելու նպատակով ներկայացված պատճառները «համապատասխան և բավարար» չեն եղել։ Դատարանը հաշվի է առնում Կոնվենցիայի համակարգի հիմնարար օժանդակ դերը (տե՛ս Դուբսկան և Կրեժովան ընդդեմ Չեխիայի Հանրապետության [ՄՊ] [Dubská and Krejzová v. the Czech Republic [GC]], թիվ 28859/11 և 28473/12, § 175, ՄԻԵԴ 2016)։ Իսկապես, եթե հավասարակշռություն հաստատելու նախաձեռնությունն ազգային իշխանությունների կողմից իրականացված լիներ Դատարանի նախադեպային իրավունքի նորմերում սահմանվածի համաձայն, ապա Դատարանից ծանրակշիռ հիմնավորումներ պետք է պահանջվեին իր տեսակետները դրանցով փոխարինելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Փերինչեքի գործը, § 198)։ Այնուամենայնիվ, ազգային մակարդակում հավասարակշռություն հաստատելու այդպիսի նախաձեռնության բացակայության դեպքում Դատարանի վրա դրված չէ համամասնության ամբողջական վերլուծություն իրականացնելու պարտավորությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մարգուլևի գործը, § 54)։ Առերեսվելով այն իրողությանը, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել համապատասխան և բավարար պատճառներ այդ միջամտությունը հիմնավորելու համար, Դատարանը գտնում է, որ չի կարելի ասել, որ կիրառվել են «Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ներառված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ», կամ որ «հիմնվել են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա» (տե՛ս, հետագա հղումներով, վերևում հիշատակված՝ Տերենտևի գործը, § 24)։ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատու կազմակերպության՝ արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությունը «անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում»։ 46. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրվել է, որ ներպետական դատարանների կողմից թույլ է տրվել հայցվորի կոնվենցիոն իրավունքի խախտում, այն է՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ազատ արտահայտվելու իրավունքի խախտում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի(գանգատ թիվ 64023/11) Եվրոպական դատարանի 18․05․2021 թվականի վճիռը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Հետաքննող լրագրողներն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 18․05․2021 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնել Կազմակերպության խախտված կոնվենցիոն իրավունքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև վերջինիս այդ իրավունքների խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Վերաքննիչ դատարանի 27.12.2010 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու միջոցով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշումը բեկանելու ու գործը Դատարան` նոր քննության ուղարկելու համար»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն:
Վերը նշված նորմի վերլուծությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածում նշված անձինք նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է իրենց` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե տվյալ գործով կամ տվյալ հարցով վերադաս դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում բողոք է բերվել ստորադաս դատարանի դատական ակտի դեմ:
Վերը նշված իրավական կարգավորումները համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հետ՝ գտնում եմ, որ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների գործառույթներից է բխում վերջիններիս պարտականությունը յուրաքանչյուր դեպքում, երբ ներկայացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դատական ակտի վերանայման բողոք պարզելու, թե որն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը բողոք բերած անձի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս խախտել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքը: Այսինքն՝ եթե նշված իրավունքը խախտվել է առաջին ատյանի դատարանի կողմից, ապա դատական ակտը վերանայող դատարանը վերաքննիչ դատարանն է, իսկ եթե այդ իրավունքը խախտվել է վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների կողմից՝ ապա Վճռաբեկ դատարանն է, և բոլոր այն դեպքերում, երբ խախտվում է օրենսդրի կողմից սահմանված այդ պահանջը, ապա նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը ենթակա է վերադարձման:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը 08.09.2021 թվականին որոշում է կայացրել Կազմակերպության կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով բերված դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին: Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով որոշում չի կայացրել դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, որի պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն էհանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը բողոք բերած անձի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս խախտել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքը: Ավելին՝ Վճռաբեկ դատարանը Կազմակերպության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, իսկ վճռաբեկ բողոքը քննելով այն հիմքի սահմաններում, որ առկա է նոր հանգամանք, որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը բավարարելու, նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու մասին, որպիսի եզրահանգման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ լիովին համաձայն եմ:
Մինչդեռ միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի այն մասերի վերաբերյալ, որոնք վերաբերում են նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշումը բեկանելուն հետևյալ պատճառաբանությամբ:
Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով որոշումը, որի վերաբերյալ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը, կայացրել է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու դիմումի (վճռաբեկ բողոքի) հիման վրա, և որպես վերանայման ենթակա դատական ակտ վերանայել է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Սակայն դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշումը:
Կարծում եմ, որ 1-ին որոշման առումով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իրավաչափ է և բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումներից, քանի որ տվյալ դեպքում հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն էհանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որը բողոք բերած անձի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս խախտել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքը:
Ինչ վերաբերում է նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշումը բեկանելուն, որպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը, ապա այդ մասով ցանկանում եմ հայտնել, որ վերը նշված պատճառաբանությամբ Եվրոպական դատարանի համապատասխան որոշումը Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշումը վերանայելու համար նոր հանգամանք չէ, և Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանը կարող էր ստուգման ենթարկել և դրա արդյունքում բեկանել բացառապես այն դեպքում, երբ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06․04․2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելուց հետո նույն կամ առանձին որոշմամբ որուշում կայացներ Կազմակերպության կողմից առաջին անգամ բերված վերը նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 27․12․2010 թվականի որոշումը բեկանել է առանց դրա դեմ առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու՝ բացառապես հիմք ընդունելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ ներկայացված նույն վճռաբեկ բողոքը, որը, կարծում եմ, դատավարական օրենսդրության կարգավորումների համատեքստում անթույլատրելի է:
Դատավոր` Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|