ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2021 թվականի N 2129-Լ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-104-30.11.2021-ԳԿ011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-104-30.11.2021-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ստորև ներկայացնում է իր առաջարկությունները:
1. Նախագծի 1-ին հոդվածով 3-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող՝
1) 1.11-րդ կետում «արդյունքները գնահատված և ճանաչված անձանց, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի մոնիտորինգ իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատող անձանց» բառերը փոխարինել «արդյունքների գնահատում և ճանաչում անցած անձանց, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի նկատմամբ մոնիտորինգ իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատող և ճանաչող անձանց (կազմակերպությունների)» բառերով և «շտեմարան» բառից հետո լրացնել «անհատական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասխան» բառերով:
Այդուհանդերձ անհրաժեշտ է նշել, որ «ուսուցման ազգային ռեեստր» հասկացության առաջարկվող ձևակերպումից բաց է մնում կրթական հիմնական ծրագրերի ռեգիստրի խնդիրը.
2) 1.12-րդ և 1․14-րդ կետերի տեղերը փոխել.
3) 1.15-րդ կետը «անձի» բառից հետո լրացնել «փաստացի» բառով:
2. Նախագծի 2-րդ հոդվածով 26-րդ հոդվածում լրացվող՝
1) 3.1-ին մասում «Լրացուցիչ կրթություն (ուսուցում) կարող է իրականացնել ցանկացած իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձ, որը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով գրանցվել է ուսուցման ազգային ռեեստրում:» նախադասությունը փոխարինել «Լրացուցիչ կրթություն (ուսուցում) կարող է իրականացնել ուսուցման ազգային ռեեստրում` որպես ուսուցում իրականացնող գրանցված ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ:» նախադասությամբ.
2) 3.2-րդ մասում սահմանված չեն «մուտքային պահանջների» ընդհանրական չափանիշները, օգտագործվում է «պատվիրատու» արտահայտությունը, որի վերաբերյալ ինչպես «Կրթության մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք), այնպես էլ նախագծով պարզաբանված չէ, թե ով է պատվիրատուն: Ուստի առաջարկում ենք նախագծով սահմանել «մուտքային պահանջների» ընդհանրական չափանիշները և «պատվիրատու» հասկացությունը.
3) 3.3-րդ կետը «համակարգում» բառից հետո լրացնել «է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով և «ինչպես նաև» բառերը փոխարինել «իսկ» բառով.
4) 3.4-րդ մասի՝
ա. 1-ին կետում «ձեռք բերելու ենթակա կարողությունների, գիտելիքների ու հմտությունների» բառերը փոխարինել «կարողություններ, գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու» բառերով.
բ. 6-րդ կետում «մասնագետների» բառը փոխարինել «մասնագետներից ձևավորված մասնագիտական խմբի» բառերով.
գ. 7-րդ կետում «ներդիրները համարվում են» բառերը փոխարինել «ներդիրը համարվում է» բառերով, իսկ «անհատական» բառը՝ «անձնական» բառով:
3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մինչդեռ, նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման ընթացակարգը սահմանվելու են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից: Հաշվի առնելով, որ օրենքով նախատեսվում է, որ վերը նշված կարգը սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից, իսկ նախագծով՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ անհրաժեշտ է վերոնշյալ կարգավորումները խմբագրել՝ նորմատիվ իրավական ակտի ներքին հակասություններից խուսափելու համար: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ օրենքի 26-րդ հոդվածով կարգավորվում են լրացուցիչ կրթությանը վերաբերող կարգավորումները, ուստի դրանում նշված՝ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման հետ կապված կարգավորումներն անհրաժեշտ է հանել՝ դրանք նախատեսելով նախագծով նոր լրացվող 26.1-ին հոդվածի շրջանակներում:
4. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 26.1-ին հոդվածի՝
1) 3-րդ մասից անհրաժեշտ է հանել «(կարողություններ)», «(որոնք)» և «(բավարար են)» բառերը, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումները, համաձայն որի՝ եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից.
2) 5-րդ մասի՝
ա. 1-ին նախադասության «գնահատումը և ճանաչումը» բառերը փոխարինել «գնահատումը, ճանաչումը և հավաստագրումը» բառերով,
բ. 5-րդ կետում «արդյունքները գնահատված» բառերը փոխարինել «արդյունքների գնահատում», իսկ «համարվում են» բառերը՝ «համարվում է» բառերով:
5. Նախագծի 7-րդ հոդվածը «ենթաօրենսդրական» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «նորմատիվ» բառով:
6. Հաշվի առնելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածով այլևս նախատեսված չէ «և (կամ)» շաղկապը, անհրաժեշտ է նախագծի ամբողջ տեքստում կիրառված «և (կամ)» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|