Գլխավոր տեղեկություն
Համար
N 2142-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.06.2022-09.12.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2142-Ն

 

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2142-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բուժաշխատողների ռեգիստր (այսուհետ` ռեգիստր) ձևավորելու և վարելու հետ կապված հարաբերությունները:

2. Բուժաշխատողների ռեգիստրը առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող ավագ և միջին բուժաշխատողների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող տվյալների բազա է:

3. Ռեգիստրում ներառվող անձնական տվյալները պաշտպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Ռեգիստրի ձևավորումն իրականացվում է երկու եղանակով` տվյալների մուտքագրման և տվյալների ինքնաշխատ լրացման կամ փոխանցման:

5. Ռեգիստրում տվյալների մուտքագրումն իրականացվում է բուժաշխատողի կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի (այսուհետ՝ գործատու) կողմից:

6. Ինքնաշխատ եղանակով տվյալները ստացվում են տվյալների հետևյալ բազաներից` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3», ՀՀ ոստիկանության «Բնակչության պետական ռեգիստր», ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության «Ազգակցական կապերի համակարգ», ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ»:

7. Բուժաշխատողը կամ գործատուն իրականացնում են տվյալների մուտքագրում կամ թարմացում՝ աշխատանքային կարգավիճակի փոփոխության դեպքում, այդ փոփոխության ի հայտ գալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

8. Ռեգիստրում ինքնաշխատ եղանակով հավաքագրվող տվյալների թարմացումն իրականացվում է տվյալ պահին հարցում կատարելով:

9. Ռեգիստրը ձևավորվում է բուժաշխատողների վերաբերյալ հետևյալ տվյալներից.

1) Անձնական տվյալներ՝

ա. անուն, ազգանուն, հայրանուն,

բ. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ. ծննդյան օր, ամիս, տարի,

դ. սեռ,

ե. քաղաքացիություն,

զ. հաշվառման հասցե (մարզ, փոստային ինդեքս, քաղաք/գյուղ, փողոց շենք/տուն),

է. բնակության վայրի հասցե (մարզ, փոստային ինդեքս, քաղաք/գյուղ, փողոց շենք/տուն),

ը. հեռախոսահամար (բջջային, ֆիքսված, կոնտակտային),

թ. էլեկտրոնային փոստի հասցե,

ժ. Հայաստանի Հանրապետությունից հեռանալու օր, ամիս, տարի,

ժա. բուժաշխատողի` Հայաստանի Հանրապետությունից երեք և ավելի ամիս ժամկետով բացակայելու դեպքում` բացակայության ժամկետներ,

ժբ. լեզուների իմացություն.

2) Կրթության վերաբերյալ տվյալներ՝

ա. կրթության տեսակը` մասնագիտական և (կամ) հարբժշկական, բարձրագույն և հետբուհական կամ միջին մասնագիտական (նախնական արհեստագործական), նեղ մասնագիտացման վերաբերյալ տվյալներ,

բ. տրամադրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի սերիան և համարը, գործողության ժամկետը, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների քանակը,

գ. ուսումնական հաստատության անվանումը, լիցենզիայի վկայականի համարը, գտնվելու վայրը,

դ. ուսումնական հաստատություն ընդունվելու օր, ամիս, տարի,

ե. ուսումնական հաստատությունն ավարտելու օր, ամիս, տարի,

զ. դիպլոմի համար, կրթական աստիճան, որակավորում, մասնագիտություն, մասնագիտացում,

է. գիտական կոչում,

ը. զինվորական կոչում.

3) Աշխատանքի վերաբերյալ տվյալներ (հիմնական աշխատանքի, ինչպես նաև համատեղության դեպքում)՝

ա. կազմակերպության անվանում, հարկ վճարողի հաշվառման համար, գտնվելու վայր, հեռախոսահամար, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անուն, ազգանուն, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի հաշվառման համար, բնակության վայր, գործունեության իրականացման վայր,

բ. աշխատանքի ընդունման օր, ամիս, տարի,

գ. աշխատանքից ազատման օր, ամիս, տարի,

դ. զբաղեցրած պաշտոն,

ե. մասնագիտական աշխատանքային փորձ (տարի, ամիս, օր):

10. Ռեգիստրը վարվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից:

11. Գործատուներին լիազոր մարմինը տրամադրում է ռեգիստրի բաժանորդային հաշիվ, որը հնարավորություն է տալիս ռեգիստրում ստեղծել տվյալ բժշկական հաստատությունում աշխատող բուժաշխատողի անձնական հաշիվ` իր և տվյալ բուժաշխատողի կողմից վարելու համար:

12. Գործատուն տրամադրում է ռեգիստրի բաժանորդային հաշիվ բուժաշխատողին, որից հետո վերջինս իր անձնական հաշիվը հաստատում է` տալով համաձայնություն իր վերաբերյալ տվյալները ռեգիստրում հասանելի լինելու համար:

13. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգում» բուժաշխատողի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում բուժաշխատողի անձնական հաշիվը ստեղծվում է ինքնաշխատ եղանակով:

14. Ռեգիստրում արձանագրվում է տվյալների թարմացման արդյունքում կատարված յուրաքանչյուր փոփոխության և այն իրականացնողի վերաբերյալ տեղեկատվությունը, թարմացման ամսաթիվը և պահպանվում:

15. Ռեգիստրում բուժաշխատողի տվյալների մշակումը դադարեցվում է վերջինիս՝

1) աշխատանքից ազատվելու դեպքում.

2) մահվան դեպքում:

16. Բուժաշխատողի մահվան դեպքում վերջինիս մահվան վերաբերյալ տվյալները (մահվան օրը, ամիսը, տարին) Համակարգ մուտքագրվում են գործատուի կողմից:

17. Բուժաշխատողի աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները (աշխատանքից ազատման օրը, ամիսը, տարին) Համակարգ մուտքագրվում են գործատուի կամ բուժաշխատողի կողմից:

18. Սույն կարգի 15-րդ կետում նշված դեպքերի վերաբերյալ տվյալները Համակարգ մուտքագրելուց հետո տվյալ բուժաշխատողի տվյալների մշակումը դադարեցվում է, և բուժաշխատողի անձնական հաշիվը փակվում է:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2024, N 1887-Ն 09.12.2024, N 2142-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան