ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2022 թվականի N 64-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԻՍ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՄ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողների ծնողների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով սահմանված ծախսերի փոխհատուցման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում տրամադրվող աջակցությունը տարածվում է նաև այն շահառուների վրա, որոնք 2021 թվականի հունվարի 1-ից սկսած օգտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով սահմանված ծառայություններից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
20.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԻՍ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՄ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՃԱՌԱԿԱՆ ԿԱՊՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ ավարտից հետո պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին (այսուհետ՝ նաև շահառու) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով սահմանված ծախսերը փոխհատուցելու համար:
2. Փոխհատուցման չափը կազմում է`
1) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 (մեկ հարյուր) տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,500,000 (հինգ միլիոն հինգ հարյուր) դրամը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 (մեկ հարյուր) տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600,000 (վեց հարյուր հազար) դրամը։
3. Սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվում է շահառուին` վերջինիս հաշվեհամարին փոխանցման միջոցով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանը` տվյալ շահառուի արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակներում կազմակերպելու վերաբերյալ: Սույն կետով նախատեսված դեպքում փոխանցումը կատարվում է 3 փուլով` 25%, 30% և 45% համամասնությամբ` հղիության առաջին, երկրորդ եռամսյակների երրորդ տասնօրյակում և ծննդաբերությունից հետո` երկշաբաթյա ժամկետում:
4. Սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվում է միջոցառման շահառուի բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպությանը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանը` տվյալ շահառուի արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակներում կազմակերպելու վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով սահմանված ծախսերի համար ֆինանսական աջակցությունը տրամադրվում է մեկ անգամ՝ մեկ շահառուի (ծնողի) հաշվարկով։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |