ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԿԴ/0304/01/15 | ||||||
Գործ թիվ ԵԿԴ/0304/01/15 |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի նոյեմբերի 2-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 19-ի որոշման դեմ ամբաստանյալ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 15112615 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
2015 թվականի դեկտեմբերի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի հուլիսի 17-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով:
3. Ամբաստանյալ Հ.Առաքելյանի պաշտպան Կ.Քալանթարյանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Լ.Մարկոսյանի, տուժողներ Շուշանիկ Մանիջոյանի, Փարանձեմ Մուրադյանի, Նունե Արզումանյանի, Գայանե Ալաջյանի, Նաիրե Պետրոսյանի ներկայացուցիչ Վ.Զուռնաչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մայիսի 19-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը։ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Հ.Առաքելյանն ազատվել է նշանակված պատժից, իսկ տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը թողնվել են առանց քննության:
Վերաքննիչ դատարանի դատավոր Ն.Հովակիմյանը սույն գործով մնացել է հատուկ կարծիքի, նշելով որ գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները բավարար չեն հաստատված համարելու, որ Հ.Առաքելյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը, հետևաբար Հ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում պետք է ճանաչել անմեղ՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել տուժողների ներկայացուցիչ Վ.Զուռնաչյանը և ամբաստանյալ Հ.Առաքելյանը: Ներկայացուցիչ Վ.Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ թողնվել է առանց քննության, իսկ ամբաստանյալ Հ.Առաքելյանի վճռաբեկ բողոքը, Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի հուլիսի 17-ի դատավճռով հաստատված է համարել, որ. «ամբաստանյալ Հասմիկ Առաքելյանը չունենալով մշտական աշխատանք որպես արհեստ, ամսեկան եկամուտներ ստանալու նպատակով, զբաղվել է վաշխառությամբ, այն է՝ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցում գործող «Ֆիրդուսի» տոնավաճառում առևտրով զբաղվող Փարանձեմ Վաչագանի Մուրադյանից, Շուշանիկ Աշոտի Մանիջոյանից, Նաիրա Ռուդոլֆի Գևորգյանից, Նաիրե Գրիշայի Պետրոսյանից, Հայաստան Հրաչիկի Պողոսյանից, վերջինիս բարեկամ Նունե Յաշայի Արզումանյանից, Հայաստան Պողոսյանի ծանոթ Վարսենիկ Ազատի Մանուկյանից, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցում գործող «Փեթակ» տոնավաճառում առևտրով զբաղվող Գայանե Սերյոժայի Ալաջյանից ամսեկան յոթ, ութ, այնուհետև նաև ամսեկան տաս տոկոս տոկոսադրույքով, ստացել Է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.11.2010թ.–ի թիվ 283 Ն որոշմամբ սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքներ: Այսպես` Երևան քաղաքի «Ֆիրդուսի» տոնավաճառի նախկին աշխատակից Փարանձեմ Վաչագանի Մուրադյանը, գտնվելով ֆինանսական ծանր կացության մեջ և ունենալով գումարի կարիք, ծանոթ՝ «Ֆիրդուսի» տոնավաճառում նախկինում առևտրով զբաղվող Հայաստան Հրաչիկի Պողոսյանի միջոցով ծանոթացել է Հասմիկ Մակեդոնի Առաքելյանի հետ, ով առաջարկել է ամսեկան տոկոսավճարի դիմաց տրամադրել գումարներ։ Ընդհանուր առմամբ Փարանձեմ Մուրադյանը Հասմիկ Առաքելյանից 2013թ.–ի ապրիլ ամսից մինչև 2013թ.–ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ստացել է 2.400.000 ՀՀ դրամ և 1.024.225 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար գումար, որից 400.000 ՀՀ դրամը նախնական պայմանավորվածության համաձայն, փոխանցել է Հայաստան Պողոսյանին, ով պարտավորվել է նշված գումարի տոկոսավճարները տրամադրել Հասմիկ Առաքելյանին, իսկ Փարանձեմ Մուրադյանը 2013թ.–ի մայիս ամսից մինչև 2014թ.–ի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում իր կողմից վերցված գումարների դիմաց նախ՝ ամսեկան 7 տոկոս տոկոսադրույքով, իսկ հետագայում նաև ամսեկան 10 տոկոս տոկոսադրույքով պարբերաբար Հասմիկ Մակեդոնի Առաքելյանին վճարել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքներ: Նույն կերպ, վաշխառությամբ ամսեկան կայուն եկամուտներ ստանալու նպատակով՝ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանը, «Ֆիրդուսի» տոնավաճառի նախկին աշխատակից Շուշանիկ Աշոտի Մանիջոյանին 2013թ.–ի մայիս-հունիս ամիսներից մինչև 2014թ.–ի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում տրամադրել է ընդհանուր առմամբ 3.000.000 ՀՀ գումար և 2013 թվականի հուլիս ամսից մինչև 2014 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նախ ամսեկան 7 տոկոս տոկոսադրույքով, իսկ հետագայում նաև ամսեկան 10 տոկոս տոկոսադրույքով պարբերաբար Շուշանիկ Աշոտի Մանիջոյանից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքներ։ Նույն կերպ, վաշխառությամբ ամսեկան կայուն եկամուտներ ստանալու նպատակով՝ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանը «Ֆիրդուսի» տոնավաճառի նախկին աշխատակից Նաիրա Ռուդոլֆի Գևորգյանին 2013թ.–ի նոյեմբեր ամսին տրամադրել է 100.000 ՀՀ դրամ գումար և 2013թ.–ի դեկտեմբեր ամսից մինչև 2014թ.–ի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում ամսեկան 10 տոկոս տոկոսադրույքով պարբերաբար Նաիրա Ռուդոլֆի Գևորգյանից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքներ: Նույն կերպ, վաշխառությամբ ամսեկան կայուն եկամուտներ ստանալու նպատակով՝ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանը «Ֆիրդուսի» տոնավաճառի նախկին աշխատակից Նաիրե Գրիշայի Պետրոյանին 2013թ.–ի օգոստոս ամսից մինչև 2014թ.–ի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում տրամադրել է 1.400.000 ՀՀ դրամ և 2013թ.–ի սեպտեմբեր ամսից մինչև 2014թ.–ի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ամսեկան նախ 8 տոկոս տոկոսադրույքով, հետո ամսեկան 10 տոկոս տոկոսադրույքով Նաիրե Գրիշայի Պետրոսյանից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքներ: Բացի այդ, վաշխառությամբ ամսեկան կայուն եկամուտներ ստանալու նպատակով՝ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանը «Ֆիրդուսի» տոնավաճառի նախկին աշխատակից Հայաստան Հրաչիկի Պողոսյանին 2013թ.–ի ապրիլ ամսից մինչև 2014թ.-ի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում տրամադրել է 5.630.000 ՀՀ դրամ և 2013թ.–ի մայիս ամսից մինչև 2014թ.–ի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նախ՝ ամսեկան 7 տոկոս տոկոսադրույքով, իսկ հետագայում նաև ամսեկան 10 տոկոս տոկոսադրույքով պարբերաբար Հայաստան Հրաչիկի Պողոսյանից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքներ: Բացի այդ, վաշխառությամբ ամսեկան կայուն եկամուտներ ստանալու նպատակով՝ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանը, Հայաստան Պողոսյանի բարեկամ Նունե Յաշայի Արզումանյանին 2013թ.–ի օգոստոսի 15-ից մինչև 2014թ.–ի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում տրամադրել է ընդհանուր 4.950.000 ՀՀ դրամ գումար և 2013թ.–ի սեպտեմբեր ամսից մինչև 2015թ.–ի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում նախ ամսեկան 8 տոկոս տոկոսադրույթով, իսկ հետագայում նաև ամսեկան 10 տոկոս տոկոսադրույքով պարբերաբար Նունե Յաշայի Արզումանյանից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքներ: Բացի այդ, վաշխառությամբ ամսեկան կայուն եկամուտներ ստանալու նպատակով Հասմիկ Մակեդոնի Առաքելյանը, Հայաստան Պողոսյանի ծանոթ Վարսենիկ Ազատի Մանուկյանին 2014թ.–ի հունվար ամսին տրամադրել է 973.536 ՀՀ դրամին համարժեք 2.400 ԱՄՆ դոլար, որից նույն օրը Վարսենիկ Մանուկյանը Հասմիկ Առաքելյանի իմացությամբ 567.896 ՀՀ դրամին համարժեք 1.400 ԱՄՆ դոլար գումարը տրամադրել է Հայաստան Պողոսյանին, ով պարտավորվել է նշված գումարի տոկոսավճարները տրամադրել վերջինիս, իսկ մնացած 405.640 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց Հասմիկ Առաքելյանը 2014թ.–ի փետրվար ամսից մինչև 2015թ.–ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ամսեկան 10 տոկոս տոկոսադրույքով պարբերաբար Վարսենիկ Ազատի Մանուկյանից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքներ: Բացի այդ, վաշխառությամբ ամսեկան կայուն եկամուտներ ստանալու նպատակով՝ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանը, «Փեթակ» տոնավաճառի նախկին աշխատակից Գայանե Սերյոժայի Ալաջյանին 2013թ.–ի հունիս ամսից մինչև 2014թ.–ի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում տրամադրել է ընդհանուր առմամբ 600.000 ՀՀ դրամ և 370.000 ՀՀ դրամին համարժեք 900 ԱՄՆ դոլար գումար և 2013թ.–ի հուլիս ամսից մինչև 2015թ.-ի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում նախ ամսեկան 7 տոկոս տոկոսադրույքով, իսկ հետագայում նաև ամսեկան 10 տոկոս տոկոսադրույքով պարբերաբար Գայանե Սերյոժայի Ալաջյանից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքներ»1:
6. Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 19-ի որոշման համաձայն` «Առաջին ատյանի դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ՝ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու հանգամանքն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել մեղադրական դատավճռի հիմքում դրված՝ քրեական գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, և Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցների համակցությունը բացառում է ամբաստանյալ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք չկատարելու ողջամիտ հավանականությունը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ գործով որոշակիորեն շահագրգռված անձանց ցուցմունքները՝ դատաքննությամբ հետազոտված հարաբերականորեն չեզոք ապացույցների՝ որպես այլ փաստաթուղթ ճանաչված ապացույցների հետ համակցության մեջ, բավարար է ամբաստանյալի անմեղության կանխավարկածը հաղթահարելու համար:
(...)
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) վերաքննիչ բողոքները պետք է մերժել, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԵԿԴ/0304/01/15 քրեական գործով 2019 թվականի հուլիսի 17-ի դատավճիռը թողնել անփոփոխ, Հասմիկ Մակեդոնի Առաքելյանին «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ ազատել նշանակված պատժից, իսկ տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցերը՝ թողնել առանց քննության»2:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 35-րդ, 107-րդ, 127-րդ և 365-րդ հոդվածների պահանջները: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը առերևույթ թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական և նյութական իրավունքի հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա՝ ամբաստանյալն անհիմն ենթարկվել է քրեական պատասխանատվության, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով հայտնած դիրքորոշումներին:
8. Բողոքաբերի համոզմամբ՝ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտա հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք, քանի որ մեղադրանքի հիմքում դրվել են միայն գործի ելքով շահագրգիռ անձանց` տուժողների և նրանց ընտանիքի անդամների ցուցմունքները, իսկ դրանք հաստատված չեն այլ օբյեկտիվ ապացույցներով:
9. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջը, քանի որ ամբաստանյալ Հ.Առաքելյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի փոխարեն կիրառել է 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և ամբաստանյալի նկատմամբ չի դադարեցնել քրեական հետապնդումը:
10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը (դատավճիռն անփոփոխ թողնելու և պատժի մասով)` բեկանված մասով գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը, կամ մասնակի բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը` ճանաչելով ու հռչակելով Հ.Առաքելյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքում, կամ մասնակի բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը` կիրառելով Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք հիմնավորված և պատճառաբանված են ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Հ.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
12. Բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքում ամբաստանյալ Հ.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Առաքելյանի մեղքը հաստատվում է գործով ձեռք բերված և ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ, այն է՝ տուժողներ Փառանձեմ Մուրադյանի, Հայաստան Պողոսյանի, Գայանե Ալաջյանի, Նունե Արզումանյանի, Նաիրա Գևորգյանի, Նաիրե Պետրոսյանի, Վարսենիկ Մանուկյանի, Շուշանիկ Մանիջոյանի ցուցմունքներով, վկաներ Նինա Գևորգյանի, Կարինե Մարգարյանի, Ռիմա Արիստակեսյանի, Լուսինե Գևորգյանի, Անահիտ Ալաջյանի, Սոնա Արզումանյանի ցուցմունքներով, ապացույց ճանաչված՝ այլ փաստաթուղթ հանդիսացող՝ Հայաստան Հրաչիկի Պողոսյանի ներկայացրած՝ տոկոսագումարներ վճարելու հանգամանքները հաստատող գրությունների և Նունե Յաշայի Արզումանյանի կողմից ներկայացված՝ փաստաթղթի պատճեններով, ինչպես նաև դատավճռի հիմքում դրված այլ ապացույցներով3:
13. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանին վերագրվող մեղադրանքի հիմքում դրվել են միայն գործի ելքով շահագրգիռ անձանց` տուժողների և նրանց ընտանիքի անդամների ցուցմունքները, Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով տուժողի՝ որպես շահագրգիռ անձի ցուցմունքների գնահատման վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումները4, նախ արձանագրում է, որ տուժողի ցուցմունքն ապացույցի ինքնուրույն տեսակ է և ցուցմունքի միջոցով, տուժողը, որպես դատավարական սուբյեկտ, իրացնում է իր իրավունքները և օրինական շահերը: Տուժողի ցուցմունքը չի կարող ինքնաբերաբար անարժանահավատ գնահատվել, և տուժողի՝ դատավարության շահագրգիռ կողմ լինելը, ինքնին, չի նվազեցնում նրա ցուցմունքի ապացուցողական արժեքը: Անդրադառնալով տուժողների հարազատներ հանդիսացող վկաների ցուցմունքների վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ նրանց կողմից տրված ցուցմունքները նույնպես ենթակա են գնահատման արժանահավատության տեսանկյունից և որպես ածանցյալ ապացույցներ, գործում առկա այլ ապացույցների հետ համակցությամբ կարող են օգտագործվել ապացուցման առարկան կազմող հանգամանքները հաստատված համարելու համար5: Բացի այդ, սույն գործով ամբաստանյալ Հ.Առաքելյանի մեղքը հիմնավորվել է ոչ միայն բողոքաբերի կողմից մատնանշված՝ տուժողների և նրանց ընտանիքի անդամների ցուցմունքներով, այլև սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված՝ տոկոսագումարների վճարման վերաբերյալ փաստաթղթերի և այլ ապացույցների համակցությամբ: Ուստի մեղադրանքի հիմքում միայն շահագրգիռ անձանց ցուցմունքները դրված լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկները հիմնազուրկ են:
14. Վերգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը կատարելու մեջ ամբաստանյալ Հ.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված են։
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Հասմիկ Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը՝ կարճման՝ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի ուժով:
16. ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն` «1. Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը՝
(...)
2. Նույն արարքը՝
(...)
2) որը կատարվել է որպես արհեստ,
(...)
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
13) ընդունվել է համաներման մասին օրենք:
(...)
6. Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն պարբերությամբ նախատեսված կարգավորումը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ»:
Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է՝ «1. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել`
1) առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց:
(...)
5. Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝
1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում (...)։
6. Սույն հոդվածի 5-րդ մասը կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների պահպանմամբ» (...):
⚖17. Վերոնշյալ իրավադրույթների կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել առ այն, որ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասը, նախատեսելով քրեական գործի հարուցումը մերժելու, հարուցված քրեական գործի վարույթը կարճելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ կարգավորումներ, միաժամանակ, նույն հոդվածի 6-րդ մասով սահմանել է, որ հիշյալ 5-րդ մասը կիրառվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների պահպանմամբ: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ համաներման մասին օրենք ընդունելու հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ (2-րդ պարբերություն): Ընդ որում, Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ հիշյալ դրույթը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված իրավակարգավորումից տարբերվող այլ բան Համաներման մասին օրենքը չի նախատեսել6:
18. Մեջբերված նորմերի վերլուծության և ՀՀ Սահմանադրական դատարանի վերոգրյալ դիրքորոշման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված հանցավոր արարքի համար նախատեսված է ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներով օրենսդիրն արգելել է քրեական գործի հարուցումը մերժել, քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել հանցագործությամբ պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Միևնույն ժամանակ, հանցագործությամբ պատճառված վնասը հատուցված կամ այլ կերպ հարթված չլինելը կամ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ վեճի առկայությունը խոչընդոտ չէ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց պատժից ազատելու համար։
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանի կողմից չի հարթվել հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասը, ինչպես նաև առկա է վեճ՝ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ7, ինչն արգելք է հանդիսանում Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ ամբաստանյալ Հ.Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթ կարճելու համար:
20. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա չէ դադարեցման, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճման։
21. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի մայիսի 19-ի որոշումն օրինական է և հիմնավորված: Հետևաբար, վճռաբեկ բողոքը պետք է մերժել, Վերաքննիչ դատարանի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Հասմիկ Մակեդոնի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 19-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 15, թերթեր 112-115։
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 18, թերթեր 129-135։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 15, թերթեր 97-112։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Մարտիրոսյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵՇԴ/0121/01/12 որոշման 25-րդ կետը։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Մարտիրոսյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵՇԴ/0121/01/12 որոշման 27-րդ կետը։
6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի փետրվարի 26-ի թիվ ՍԴՈ-1447 որոշման 4.2-րդ կետը:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 18, թերթեր 97-135։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2021 թվական: