Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.10.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0558/01/18

Գործ թիվ ԵԴ/0558/01/18

Նախագահող դատավոր՝  Ն.Հովակիմյան

Դատավորներ՝

 Ա.Նիկողոսյան

 Ս.Համբարձումյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     

2021 թվականի հոկտեմբերի 15-ին

ք. Երևանում

        

գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Ջիվանի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքները,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հ.Մանանդյանի (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին)՝ 2018 թվականի մարտի 26-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 62209118 քրեական գործը:

2018 թվականի ապրիլի 6-ին Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով, որը հետագայում երկարացվել է:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ  Ա.Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ թիվ 62209118 քրեական գործից մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթում, որին շնորհվել է 62221118 համարը:

2018 թվականի հուլիսի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի կանոններով` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ՝ 3 (երեք) տարի ժամկետով: Միաժամանակ, Ա.Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և նա ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից: Նույն դատական ակտով Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է և նա ազատ է արձակվել:

3. Պաշտպաններ Ի.Գազարովայի, Հ.Սուքիասյանի, մեղադրող Վ.Սարգսյանի, տուժողի իրավահաջորդ Գ.Աղաջանյանի և ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 նոյեմբերի 26-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ։

4. Վերը նշված որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանը: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մարտի 5-ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքների պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Նախաքննության մարմնի կողմից Արմեն Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «[Ն]ա 2014 թվականի նոյեմբերի 5-ից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի N 478-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետի պաշտոնը և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, 2018 թվականի մարտի 16-ին՝ ժամը 00:35-ից մինչև 01:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք:

Այսպես.

2018 թվականի մարտի 15-ի լույս մարտի 16-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները հիշյալ բաժնից ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավված Արմեն Աղաջանյանին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը: Հիշյալ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս՝ 2018 թվականի մարտի 16-ին՝ ժամը 00:35-ին, Արմեն Աղաջանյանին ընդունել է նույն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ, արդարադատության մայոր Արմեն Հովհաննիսյանը: Այդ ժամանակ Արմեն Աղաջանյանի կողմից չբարևելու հարցի շուրջ խոսակցություն է ծավալվել վերջինիս և Արմեն Հովհաննիսյանի միջև, որի ընթացքում միջանցքում Արմեն Աղաջանյանը տվել է անհասցե հայհոյանքներ: Արմեն Հովհաննիսյանը դիտողություն է արել Արմեն Աղաջանյանին՝ պահանջելով իրեն կարգի հրավիրել և հայհոյանքներ չտալ՝ զգուշացնելով, որ շարունակելու դեպքում կտեղափոխի պատժախուց, ինչին Արմեն Աղաջանյանը հայհոյանք տալով պատասխանել է, որ չկա մեկը, ով կարող է իրեն տանել պատժախուց:

Այնուհետև Արմեն Հովհաննիսյանը Արմեն Աղաջանյանին ուղեկցել է հիմնարկի հավաքակայանում գտնվող խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ, և մինչ այդ հայհոյանքներ տալու համար պատժելու նպատակով առանց որևէ բառ ասելու ձեռքով հարվածել է նրա դեմքին, այնուհետև քրեակատարողական հիմնարկի մի խումբ ծառայողների հետ նշված սենյակում խոշտանգել է վերջինիս՝ դիտավորությամբ պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, այն է՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Արմեն Աղաջանյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ աջ և ձախ այտային շրջանների, ձախ սրունքի շրջանների քերծվածքների, վերին շրթունքի շրջանի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածքներ:

  Այնուհետև, կարճ ժամանակ անց Արմեն Աղաջանյանին խոշտանգելու դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, Արմեն Հովհաննիսյանը նույն քրեակատարողական հիմնարկի մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ կալանավոր Արմեն Աղաջանյանի նկատմամբ ֆիզիկական ուժ՝ ձեռքի հնարք, կիրառելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի մի խումբ ծառայողների հետ 2018 թվականի մարտի 16-ին կազմել է իրականությանը չհամապատասխանող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ արձանագրություն առ այն, թե իբր նույն օրը՝ ժամը  00:45-ի սահմաններում, հավաքակայանում Արմեն Աղաջանյանին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին, քրեակատարողական ծառայողների հասցեին տվել է հայհոյանքներ և զազրախոսել՝ խոչընդոտելով իրենց օրինական գործողությունների կատարմանը: Նկատի ունենալով, որ զգուշացվելուց հետո Արմեն Աղաջանյանը շարունակել է իրեն ագրեսիվ պահել և խոչընդոտել է իրենց օրինական գործողությունների կատարմանը, նրա ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ՝ ձեռնամարտի հնարք:

  Մինչդեռ, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ արձանագրության մեջ նշված՝ հավաքակայանում խուզարկելու ժամանակ Արմեն Աղաջանյանի կողմից քրեակատարողական հիմնարկի ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու և զազրախոսելով նրանց օրինական գործողությունների կատարմանը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Այսպիսով, Արմեն Աղաջանյանի կողմից հայհոյանքներ տալու համար պատժելու նպատակով քրեակատարողական հիմնարկի մի խումբ ծառայողների հետ Արմեն Հովհաննիսյանը խոշտանգել է նրան՝ դիտավորությամբ պատճառել ֆիզիկական ուժեղ ցավ, որից հետո խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, նույն քրեակատարողական հիմնարկի մի խումբ ծառայողների հետ կատարել է պաշտոնեական կեղծիք»1:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռում նշվել է հետևյալը. «(…) Դատարանը գտնում է, որ Ա.Հովհաննիսյանի արարքը որպես խոշտանգում որակելու համար բավարար չէ միայն այն հանգամանքը, որ ամբաստանյալը հանդիսանում է քրեակատարողական հիմնարկի աշխատակից՝ պաշտոնատար անձ և, որ նա բռնություն է գործադրել ՔԿՀ-ում գտնվող անձի նկատմամբ, քանի որ անհրաժեշտ է նաև, որ առկա լինի այլ պայման, մասնավորապես անհրաժեշտ է որպեսզի Արմեն Հովհաննիսյանն այդ բռնությունը գործադրի այնպիսի արարքի համար Ա.Աղաջանյանին պատժելու նպատակով, որը վերջինս կատարել է և այդպիսի արարք կատարելու հանգամանքը կամ փաստը պետք է հաստատված լինի համապատասխան ընթացակարգերով, այլ ոչ թե արարք կատարած լինելու հանգամանքը կազմի Ա.Հովհաննիսյանի սուբյեկտիվ ընկալման արդյունքը: Գործի նյութերի համաձայն Ա.Հովհաննիսյանը բռնություն է գործադրել կալանավոր Ա.Աղաջանյանի նկատմամբ նրա կողմից դրսևորած վարքագծի պատճառով: Կոնկրետ դեպքում պետք է հաշվի առնել, որ Ա.Հովհաննիսյանը դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել Ա.Աղաջանյանի իրավունքներին ու օրինական շահերին, ուստի նրա կատարած արարքը ենթակա էր որակման ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 (…)

Գնահատելով Արմեն Հովհաննիսյանի կատարած գործողությունները ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով ձևավորված պահանջների ներքո, պետք է արձանագրել հետևյալը,

- դաժան վերաբերմունքի բնույթը - դաժան վերաբերմունքը դրսևորվել է անձին ծեծի ենթարկելով,

- կիրառված միջոցները և մեթոդները - Արմեն Աղաջանյանը ծեծի է ենթարկվել ձեռքերով ու ոտքերով, ծեծի ընթացքում հատուկ միջոցներ չեն կիրառվել, ծեծը չի ուղեկցվել մշակված հատուկ մեթոդների կիրառմամբ,

- դաժան վերաբերմունքի կրկնությունը և տևողությունը - ըստ գործի նյութերի՝ դաժան վերաբերմունքը տևել է ոչ ավել քան երկու րոպե, ինչը երկարատև չի կարելի համարել: Դաժան վերաբերմունքը չի կրկնվել, չի կիրառվել ընդհատումներով,

- դաժան վերաբերմունքի ենթարկվող անձի տարիքը, սեռը և առողջական վիճակը-դաժան վերաբերմունքի ենթարկված անձը 30 տարեկան տղամարդ է, վատառողջ, նրա վատառողջ լինելու մասին (որովայնի հատվածում առկա պարկի, որում գտնվում են աղիները) Արմեն Հովհաննիսյանը տեղեկացել է մինչ Արմեն Աղաջանյանի ՔԿՀ մուտք գործելը (նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուսումնասիրելիս), Արմեն Աղաջանյանին հասցված վնասվածքներն ուղղված չեն եղել որովայնի շրջանին:

- հավանականությունը, որ նման վերաբերմունքը կարող է վնասել անձի ֆիզիկական, հոգեկան և հոգեբանական վիճակը - ցուցաբերված վերաբերմունքը չի վնասել Արմեն Աղաջանյանի ֆիզիկական, հոգեկան և հոգեբանական վիճակը, քանի որ հակառակ դեպքում նա չէր բարձրաձայնի այդ մասին: Հարկ է նշել նաև, որ դեպքից հետո ՔԿՀ-ի ծառայողներն Ա.Աղաջանյանին ուղեկցել են լվացվելու, նրա հետ հանգիստ պայմաններում զրուցել են, վերջինիս նկատմամբ վատ վերաբերմունքի որևէ դրսևորում այլևս չի կատարվել:

- հասցված վնասվածքների լուրջ հետևանքների կարճ և երկար տևողությունը,

- հասցված վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում, իսկ քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից տուժողի հոգեկան վիճակը պարզելու համար դատահոգեբանական փորձաքննություն չի նշանակվել, հետևաբար՝ չկան տվյալներ հետևանքների կարճատևության կամ երկարատևության մասին:

Այսպիսով, համակցության մեջ դիտարկելով ՄԻԵԴ-ի մատնանշած չափանիշները՝ դատարանն արձանագրում է, որ հաստատված փաստական տվյալներով ու գործի հանգամանքներով Արմեն Հովհաննիսյանի կատարած արարքը ենթակա չէ որակման ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով:

(…)

Դատարանը հնարավոր է համարում սույն քրեական գործով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը վերոնշյալ իրավական նորմի համատեքստում փոփոխելը, նկատի ունենալով, որ նրա արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական և մեղադրանքի նման փոփոխությունը ոչ միայն չի խախտում ամբաստանյալի պաշտպանության իրավունքը, այլև բարելավում է նրա վիճակը: Ընդ որում նման դիրքորոշում է հայտնել նաև պաշտպանական կողմը: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ Արմեն Հովհաննիսյանի կատարած արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներին, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներին: (…)»2:

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) Դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հանցակազմի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հանցակազմի քրեաիրավական բնութագրին, դրանց համատեքստում գնահատելով ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի գործողությունները և գործի փաստական հանգամանքները, եկել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ վերջինիս գործողությունները խոշտանգման տարրեր չեն պարունակում:

Դատարանը գործով հաստատված փաստական տվյալները գնահատելով «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի Կոնվենցիայի, խոշտանգման արգելքն ամրագրած ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածի լույսի ներքո, հղում կատարելով Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի վճիռներով ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումներին, գտել է, որ Արմեն Հովհաննիսյանի գործողություններում բացակայում է խոշտանգման հանցակազմը:

(...) [Ն]շված փաստական տվյալները համակցության մեջ դիտարկելով ՄԻԵԴ-ի սահմանած՝ խոշտանգման չափորոշիչների լույսի ներքո, Դատարանն իրավաչափ եզրահանգման է եկել Արմեն Հովհաննիսյանի արարքում խոշտանգման հանցակազմի բացակայության մասին: Այս առումով Դատարանի կողմից կատարված իրավական վերլուծությունները և դրանցից բխող եզրահանգումներն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար: Դատարանը կատարել է դատաքննությամբ հետազոտված ապացույցների բազմակողմանի և խորը իրավական վերլուծություն ու գնահատում, որոնց հետ Վերաքննիչ դատարանը համակարծիք է:

Մեղադրանքի կողմի փաստարկներն այն մասին, որ ամբաստանյալի գործողությունները նպատակ են ունեցել նվաստացնել տուժողին, վրեժխնդիր լինել նրանից, սուբյեկտիվ դատողության արդյունք է: Ճիշտ է, Արմեն Աղաջանյանը ՔԿՀ է մուտք գործել վատառողջ վիճակում (հաստ աղիքը եղել է պարկի մեջ, մարմնից դուրս), սակայն գործով չի հաստատվել, որ Արմեն Հովհաննիսյանը խմբի կազմում հարվածներ է հասցրել նաև տուժողի որովայնի շրջանին: Այդ մասին են վկայում տուժողի մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումը, ինչը հիմնավորվել է դատաբժշկական փորձաքննությամբ: Գործի ելքով շահագրգիռ անձի՝ տուժողի մոր ցուցմունքն այն մասին, որ Արմեն Հովհաննիսյանը խմբի կազմում ծեծի ենթարկելով իր որդուն, խփել են նաև աղիքներին ու վնասել հաստ աղիքը, չի հաստատվել որևէ այլ օբյեկտիվ ապացույցով: Անհիմն են նաև մեղադրանքի կողմի փաստարկներն այն մասին, թե Արմեն Աղաջանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը ունեցել է շարունակություն, քանի որ նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, ու տուժողը հարկադրված դիմել է ջրադուլի և հացադուլի: Գործով չի հիմնավորվել, որ կալանավորված անձ Արմեն Աղաջանյանի կողմից ջրադուլ և հացադուլ հայտարարելը ուղղակիորեն պայմանավորված է եղել խուզարկության սենյակում ծեծի ենթարկվելու հանգամանքով, ու որ նրա նկատմամբ շարունակական պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել: Այն հանգամանքը, որ Արմեն Աղաջանյանը հրաժարվել է ՔԿՀ-ի բժշկի կողմից մարմնական զննության ենթարկվելուց, չի նշանակում, որ դա հետևանք է իր նկատմամբ կիրառված բռնության, դրա հետևանքով առաջացած տագնապի և անվստահության:

Ամփոփելով Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ մեղադրանքի կողմի փաստարկները՝ Արմեն Հովհաննիսյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հանցակազմի առկայության մասին, բավարար չափով փաստարկված չեն, դրանք սուբյեկտիվ դատողության արդյունք են, չեն բխում գործի նյութերից:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ընդունելի չէ Դատարանի այն պնդումը, թե տեղի ունեցած բռնությունը խոշտանգում որակելու համար անհրաժեշտ պայման է, որ դեպքին նախորդած լինի տուժողի կողմից այնպիսի հակաօրինական արարքի կատարում, որը հաստատված է համապատասխան ընթացակարգով: Այդ պնդումը հակասում է ՄԻԵԴ կայուն նախադեպային իրավունքին, ինչպես իրավացիորեն ընդգծել է մեղադրողը իր բողոքի մեջ:

Ամփոփելով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բերված վերաքննիչ բողոքները պետք է մերժել, քանի որ Դատարանի կողմից նյութական կամ դատավարական նորմերի այնպիսի խախտումներ թույլ չեն տրվել, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, բացակայում են վիճարկվող դատական ակտը բեկանելու հիմքերը: Վիճարկվող դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված (…)»3:

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 3-րդ հոդվածի վերաբերյալ ձևավորած նախադեպային պրակտիկան, նշել է, որ սույն գործով տուժող Ա.Աղաջանյանի նկատմամբ կիրառված բռնությունը նպատակ է հետապնդել պատժել վերջինիս, ինչի արդյունքում էլ նրան պատճառվել է ուժեղ ցավ և տառապանք՝ հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ ունեցած առողջական խնդիրների պատճառով Ա.Աղաջանյանն արդեն իսկ գտնվել է հյուծված վիճակում, իսկ նրա նկատմամբ գործադրված բռնությունն ուղղված է եղել վերջինիս դիմադրությունը կոտրելուն։

Բողոքաբերն ընդգծել է, որ Ա.Աղաջանյանի կողմից քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու կամ որևէ այլ կերպ նրանց պարտականությունների կատարմանը խոչընդոտելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ քրեական գործում առկա չէ։

Ըստ բողոքի հեղինակի՝ Ա.Աղաջանյանի նկատմամբ քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելն ունեցել է վրեժխնդրության բնույթ, այն չի նպաստել քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից իրենց առջև դրված խնդիրների լուծմանը և տուժողի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի նպատակն է եղել նվաստացնել և հարկադրաբար ենթարկեցնել վերջինիս:

Բողոք բերած անձը նշել է, որ գործով ձեռք բերված փաստական տվյալների ամբողջության պայմաններում, ստորադաս դատարանները, տուժող Ա.Աղաջանյանի նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքի բնույթի, տևողության, հասցված վնասվածքների և դրանց արդյունքում առաջացած հետևանքների վերաբերյալ եկել են սխալ եզրահանգումների։

Բողոքաբերի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել գործով ձեռք բերված և մեղադրողի կողմից ներկայացված բողոքում վկայակոչված՝ թույլատրելի, վերաբերելի և հավաստի այն փաստական տվյալները, որոնք «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատում են ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի կողմից խմբի կազմում կալանավորված անձ Արմեն Աղաջանյանին խոշտանգելու հանգամանքը: Այդ կերպ ստորադաս դատարանը խախտել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված՝ համակցության մեջ ապացույցները գնահատելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված պահանջը: Արդյունքում՝ ստորադաս դատարանները սխալ են կիրառել քրեական օրենքը, մասնավորապես՝ չեն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որը ենթակա էր կիրառման, և կիրառել են նույն օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման:  

8.1. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի որոշումը, ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ նրա նկատմամբ նշանակելով համաչափ պատիժ:

9. Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքի՝ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման արդյունքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածների պահանջները, ինչի հետևանքով ամբաստանյալի արարքներում չի հաստատվել խոշտանգման փաստը։

Բողոքի հեղինակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մի շարք գործերով կայացված վճիռների և որոշումների լույսի ներքո՝ փաստարկել է, որ տուժողի նկատմամբ գործադրված բռնությունը պարունակել է խոշտանգման տարրեր, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը հակասել են դրանցով արտահայտված իրավական դիրքորոշումներին։

  9.1. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի որոշումը, ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և կայացնել մեղադրական դատավճիռ։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ա.Հովհաննիսյանի արարքը վերաորակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

11. ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի (այսուհետ նաև՝ ՄԱԿ-ի կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն՝ «(...) «[Խ]ոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։ Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց»։

Նույն կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն՝ «(...) Յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է իր իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում կանխել դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի ու պատժի մյուս ձևերը, որոնք չեն դասվում 1-ին հոդվածում որպես խոշտանգում սահմանվածների շարքը, երբ այդպիսի գործողությունները կատարվում են պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող մեկ այլ անձի կողմից, կամ նրանց հրահրմամբ, կամ նրանց գիտությամբ կամ լուռ համաձայնությամբ(...)»։

12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

12.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հղում կատարելով ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի ձևակերպմանը, սահմանել է, որ խոշտանգում է համարվում տեղեկություն ստանալու կամ պատժելու կամ վախեցնելու նպատակով անձին դիտավորյալ կերպով սաստիկ ցավ կամ տառապանք պատճառելը4։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածում սահմանված՝ վատ վերաբերմունք հավաքական հասկացությանը և խոշտանգման՝ այլ վերաբերմունքի ձևերից տարբերակելուն, իրավական դիրքորոշում է արտահայտել հետևյալի մասին. «Որոշելու համար, թե արդյո՞ք վատ վերաբերմունքի կոնկրետ դրսևորումը պետք է որակվի որպես խոշտանգում, Դատարանը պետք է հաշվի առնի 3–րդ հոդվածում ներկայացված այս հասկացության և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հասկացության տարբերությունները։ Ինչպես Դատարանը նախկինում գտել է, պարզ է դառնում, որ մտադրությունը եղել է այն, որ այս տարբերակման միջոցով Կոնվենցիայով պետք է հատուկ ամոթի խարան դրվեր շատ լուրջ և դաժան տառապանք պատճառող կանխամտածված անմարդկային վերաբերմունքի վրա (…)։ Բացի վերաբերմունքի լրջությունից առկա է նաև նպատակային տարր, ինչպես ճանաչվում է Միացյալ ազգերի կազմակերպության՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ (…) կոնվենցիայով, որով խոշտանգումը սահմանվում է որպես սուր ցավի կամ տառապանքի դիտավորյալ պատճառում, inter alia, տեղեկություն ստանալու, պատժելու կամ ահաբեկելու նպատակով (…)»5։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է. «(...) Վատ վերաբերմունքը պետք է որոշակի նվազագույն աստիճանի ծանրության լինի, որպեսզի այն դիտարկվի 3-րդ հոդվածի ներքո: Այս նվազագույն աստիճանի գնահատումը հարաբերական է, այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպես օրինակ՝ վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և մտավոր ազդեցությունը, իսկ որոշ դեպքերում նաև՝ սեռը, տարիքը և տուժողի առողջական վիճակը (…)»6:

Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ. «(…) [Ց]անկացած դեպքում ազատությունից զրկված անձի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը, որը նրա վարքագծի պատճառով խիստ անհրաժեշտ չի եղել, նսեմացնում է մարդու արժանապատվությունը և, ըստ էության, խախտում է 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքը (…):

 (…) [Կ]րած «ցավը կամ տառապանքը» կարող է համարվել «դաժան»՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով։ Դատարանը գտնում է, որ այս «դաժանությունը», ինչպես և 3-րդ հոդվածով պահանջվող «նվազագույն խստությունը» հարաբերական են. դա կախված է գործի հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական կամ հոգեկան հետևանքները, իսկ որոշ դեպքերում՝ զոհի սեռը, տարիքը, առողջական վիճակը և այլն»7։

Ընդ որում՝ խոշտանգման միջոցով գործադրված բռնության ֆիզիկական կամ հոգեկան հետևանքները, պարտադիր չէ, որ տուժողի առողջությանը պատճառեն տևական վնաս, և ցանկացած դեպքում հասցված ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի խոշտանգման տարրեր պարունակելու հարցը կախված է կոնկրետ գործի հանգամանքների ամբողջությունից։ Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ «(...) [Ի]շխանությունների գործադրած չհիմնավորված բռնության նպատակն էր եղել ճնշել բողոքի շարժումը, պատժել բանտարկյալներին վերջիններիս խաղաղ հացադուլի համար և օրորոցում խեղդել բողոքի ձայն բարձրացնելու բոլոր մտադրությունները: Դատարանի կարծիքով, գանգատաբերների նկատմամբ կիրառված վերաբերմունքը պետք է որ նրանց ծանր ցավ և տառապանք պատճառած լիներ՝ Խոշտանգման և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով (...), թեպետ այն ըստ երևույթին որևէ տևական վնաս չէր պատճառել նրանց առողջությանը: Այս հանգամանքներում Դատարանը եզրակացնում է, որ գանգատաբերների նկատմամբ կիրառվել էր վերաբերմունք, որը կարող է բնորոշվել որպես ոչ այլ ինչ, քան խոշտանգում»8:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ. «(…) Վերաբերմունքը Դատարանի կողմից ճանաչվել է որպես նվաստացնող և այդպիսով համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արգելք, եթե այն իր զոհի մոտ առաջացնում է վախի, տառապանքի և նվաստ լինելու զգացում9, եթե այն նվաստացնում կամ ցածրացնում է անհատին (նվաստացում իր իսկ աչքերում10, և (կամ) այլ անձանց աչքերում11, անկախ նրանից՝ դա եղել է նպատակը, թե ոչ12, եթե այն կոտրում է անձի ֆիզիկական կամ մտավոր դիմադրությունը կամ դրդում է նրան գործել իր կամքին կամ գիտակցությանը հակառակ13, կամ այն ցուցաբերում է հարգանքի բացակայություն կամ ցածրացնում մարդկային արժանապատվությունը14, (…)»15:

Վերոգրյալի հետ մեկտեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը համարելով ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքներից մեկը16, նշել է, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, ինչպես օրինակ՝ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, Կոնվենցիայով բացարձակ իմաստով արգելվում են խոշտանգումները և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ տուժողի վարքագծից17 և որևէ բացառություն չի նախատեսվում, ու Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ չի թույլատրվում որևէ շեղում կատարել այդ պայմանից, նույնիսկ բնակչության կյանքին սպառնացող արտակարգ դրության դեպքում18։

Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նկատել, որ Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է. «(…) երբ անհատը զրկված է ազատությունից կամ, ընդհանուր առմամբ, բախվել է իրավապահների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը խիստ անհրաժեշտ չի եղել այդ անձի վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և սկզբունքորեն հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում։

Դատարանը շեշտում է, որ «սկզբունքորեն» բառը չի կարող ընկալվել այն իմաստով, թե կարող են լինել իրավիճակներ, որոնցում խախտման հայտնաբերում չի նախատեսվում, քանի որ վերոնշյալ խստության շեմը (…) չի գերազանցվել։ Մարդկային արժանապատվության ցանկացած ոտնահարում խախտում է Կոնվենցիայի բուն էությունը (…)։ Այդ պատճառով vis-à-vis անհատի իրավապահների ցանկացած վարքագիծ, որը նվաստացնում է մարդկային արժանապատվությունը, հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Դա հատկապես վերաբերում է նրանց կողմից անհատի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառմանը, երբ դա խիստ անհրաժեշտ չէ վերջինի վարքագծի պատճառով՝ անկախ տվյալ անձի վրա այդ ուժի ունեցած ազդեցությունից։

(…)

Ամեն դեպքում Դատարանը շեշտում է, որ իրավապահի կողմից լիովին իր հսկողության տակ գտնվող անհատին հասցված ապտակը լուրջ հարձակում է անհատի արժանապատվության վրա։

Ապտակը խորն ազդեցություն է թողնում անձի վրա։ Դեմքին հասցված ապտակն ազդում է անձի մարմնի այն մասի վրա, որն արտահայտում է նրա անհատականությունը, դրսևորում նրա սոցիալական ինքնությունը և հանդիսանում նրա զգայարանների՝ տեսողության, խոսքի և լսողության կենտրոնը, որոնք օգտագործվում են այլոց հետ հաղորդակցվելու համար։ Հիրավի Դատարանն արդեն առիթ ունեցել է նշելու դեմքի նշանակությունը սոցիալական փոխազդեցության համար (…)։ Այն նաև հաշվի էր առել մարմնի այդ մասի առանձնահատկությունը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համատեքստում՝ նշելով, որ «հատկապես իր տեղակայման պատճառով» անհատի գլխին հասցված հարվածը նրա ձերբակալության ժամանակ, որն առաջացրել է այտուց և 2 սանտիմետրանոց արյունազեղում նրա ճակատին, բավականին լուրջ հիմք էր 3-րդ հոդվածով հարց բարձրացնելու համար (…):

Դա հատկապես ճիշտ է, երբ ապտակը հասցվել է իրավապահների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող անձանց, քանի որ դա ընդգծում է այն առավելությունը և ստորադասությունը, որոնք, ըստ սահմանման, բնորոշում են առաջինի և երկրորդի միջև հարաբերությունները նշված հանգամանքներում։ (…)

Բացի այդ, անձինք, ովքեր գտնվում են ոստիկանական կալանքի տակ կամ նույնիսկ պարզապես բերման են ենթարկվել կամ կանչվել են ոստիկանատուն ինքնության ստուգման կամ հարցաքննության համար, ինչպես դիմումատուների դեպքում, և, ընդհանուր առմամբ, բոլոր անձինք, ովքեր գտնվում են ոստիկանության կամ համանման մարմնի վերահսկողության ներքո, խոցելի իրավիճակում են։ Իշխանությունները, հետևաբար, նրանց պաշտպանելու պարտականություն ունեն (…)։ Իրենց ոստիկաններից որևէ մեկի կողմից ապտակելու միջոցով նվաստացում պատճառելով՝ իշխանություններն արհամարհում են այս պարտականությունը։

Այն փաստը, որ ապտակը կարող է ոստիկանի կողմից հասցված լինել չմտածված, ում համբերությունից հանել էր զոհի անհարգալից կամ սադրիչ վարքագիծը, այստեղ տեղին չէ։ Հետևաբար, Մեծ Պալատն այս կետում հրաժարվում է Պալատի մոտեցումից։ Ինչպես նախկինում նշել է Դատարանը, նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Կոնվենցիան բացարձակ իմաստով արգելում է խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ տվյալ անձի վարքագծից (…)։ Ժողովրդավարական հասարակությունում վատ վերաբերմունքը երբեք իշխանությունների առջև ի հայտ եկած խնդիրներին պատշաճ արձագանքը չէ»19։

13. ՄԱԿ-ի կոնվենցիայի և ներպետական օրենսդրությամբ խոշտանգման համար քրեական պատասխանատվության ոլորտում գործող իրավակարգավորումների միջև համապատասխանություն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև Եվրոպական դատարանի վճիռների կատարման պահանջով20՝ 2015 թվականի հունիսի 5-ի՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-69 օրենքի ընդունմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով և լրացումներով ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսվեց խոշտանգում հանցագործության կատարման համար, որի դիսպոզիցիան ունի հետևյալ բովանդակությունը. «Պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով

(…)

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

(…)

4) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից (…)»։

14. Սույն որոշման 12-13-րդ կետերում կատարված իրավական վերլուծության, այդ թվում նաև դրանցում վկայակոչված միջազգային չափանիշների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով դրսևորված վատ վերաբերմունքը, որպես խոշտանգում որակելու, հետևաբար նաև ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ ի կատարումն դրանում նշված նպատակների` դրսևորված վերաբերմունքի արդյունքում հասցված ուժեղ ցավը կամ հոգեկան տառապանքն իր բնույթով լինի «դաժան», ինչն էլ հաստատված համարելու չափորոշիչներ են հանդիսանում` գործադրված բռնության տևողությունը, դրա արդյունքում հասցված ֆիզիկական կամ հոգեկան հետևանքները, ազատությունից զրկված կամ  ոստիկանությունում կամ համանման մարմնում հանցավորի վերահսկողության ներքո լինելը, իսկ որոշ դեպքերում՝ տուժողի տարիքային, առողջական վիճակի և այլ առանձնահատկությունները։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Նախաքննության մարմնի կողմից Արմեն Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թվականի մարտի 16-ին՝ ժամը 00:35-ից մինչև 01:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք21,

- Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքում հաշվի առնելով, որ դաժան վերաբերմունքը դրսևորվել է անձին ծեծի ենթարկելով, ծեծի ընթացքում հատուկ միջոցներ չեն կիրառվել, ծեծը չի ուղեկցվել մշակված հատուկ մեթոդների կիրառմամբ, դաժան վերաբերմունքը տևել է ոչ ավել քան երկու րոպե, չի կրկնվել, չի կիրառվել ընդհատումներով, դաժան վերաբերմունքի ենթարկված անձը 30 տարեկան տղամարդ է, վատառողջ, նրա վատառողջ լինելու մասին (որովայնի հատվածում առկա պարկի, որում գտնվում են աղիները) Ա.Հովհաննիսյանը տեղեկացել է մինչ Ա.Աղաջանյանի քրեակատարողական հիմնարկ մուտք գործելը (նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուսումնասիրելիս), Ա.Աղաջանյանին հասցված վնասվածքներն ուղղված չեն եղել որովայնի շրջանին, ցուցաբերված վերաբերմունքը չի վնասել նրա ֆիզիկական, հոգեկան և հոգեբանական վիճակը, քանի որ հակառակ դեպքում նա չէր բարձրաձայնի այդ մասին, դեպքից հետո քրեակատարողական հիմնարկի ծառայողներն Ա.Աղաջանյանին ուղեկցել են լվացվելու, նրա հետ հանգիստ պայմաններում զրուցել են, վերջինիս նկատմամբ վատ վերաբերմունքի որևէ դրսևորում այլևս չի կատարվել, հասցված վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում, իսկ քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից տուժողի հոգեկան վիճակը պարզելու համար դատահոգեբանական փորձաքննություն չի նշանակվել, հետևաբար՝ չկան տվյալներ հետևանքների կարճատևության կամ երկարատևության մասին, հանգել է այն հետևության, որ Ա.Հովհաննիսյանի արարքը ենթակա էր որակման ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, այլ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ, դատարանը նշել է, որ Ա.Հովհաննիսյանի արարքը որպես խոշտանգում որակելու համար անհրաժեշտ է նաև, որ նա այդ բռնությունը գործադրի այնպիսի արարքի համար Ա.Աղաջանյանին պատժելու նպատակով, որը վերջինս կատարել է, և այդպիսի արարք կատարելու հանգամանքը կամ փաստը պետք է հաստատված լինի համապատասխան ընթացակարգերով, այլ ոչ թե արարք կատարած լինելու հանգամանքը կազմի Ա.Հովհաննիսյանի սուբյեկտիվ ընկալման արդյունքը22,

- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ բերված վերաքննիչ բողոքները պետք է մերժել, քանի որ Առաջին ատյանի դատարանի կողմից նյութական կամ դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, թույլ չեն տրվել, բացակայում են դատական ակտը բեկանելու հիմքերը, իսկ վիճարկվող դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ ընդունելի չի համարում Առաջին ատյանի դատարանի այն պնդումը, թե տեղի ունեցած բռնությունը խոշտանգում որակելու համար անհրաժեշտ պայման է, որ դեպքին նախորդած լինի տուժողի կողմից այնպիսի հակաօրինական արարքի կատարում, որը հաստատված է համապատասխան ընթացակարգով: Դատարանը գտել է, որ այդ պնդումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքին23։

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն Ա.Հովհաննիսյանի արարքում խոշտանգման հատկանիշների առկայության, հետևաբար նաև Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութական բաղադրիչն առկա համարելու փաստը գնահատելիս համակողմանի ուշադրության չեն արժանացրել գործի փաստական հանգամանքները։ Մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութական բաղադրիչի համատեքստում ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն, որ`

- տուժողի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը խիստ անհրաժեշտություն չի եղել. տուժող Ա.Աղաջանյանը գտնվել է քրեակատարողական հիմնարկի տարածքում, փաստացի անազատության վիճակում և նրա նկատմամբ բռնություն է գործադրվել քրեակատարողական հիմնարկի տարածքում անհասցե հայհոյանքներ հնչեցնելու կապակցությամբ։ Ա.Աղաջանյանը որևէ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, նրան որևէ պահանջ չի ներկայացվել, որը վերջինս հրաժարվել է կատարել, նա որևէ դիմադրություն ցույց չի տվել, ուստի տուժող Ա.Աղաջանյանի վարքագծով պայմանավորված նրա նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման անհրաժեշտությունը հիմնավորված չի եղել,

-  տուժողի առողջական վիճակը, վերջինիս վիճակի խոցելիության աստիճանը. տուժող ԱԱղաջանյանը գտնվել է քրեակատարողական հիմնարկում` պետության վերահսկողության ներքո գտնվող փակ տարածքում և դրանով իսկ պայմանավորված՝ խոցելի իրավիճակում24։ Ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանը մինչ միջադեպը զննել է Ա.Աղաջանյանի անձնական գործը և տեղեկացել վերջինիս առողջական վիճակի մասին առ այն, որ նա վիրահատվել է, նրա ձախ կողմում պարկ է առկա, որի մեջ է նրա աղին, բացի այդ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուն պես Ա.Աղաջանյանը պահանջել է շտապօգնություն հրավիրել: Գործի այս փաստական հանգամանքները համադրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` սույն որոշման 12.1-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետության պոզիտիվ պարտականությունն է հանդիսացել ապահովելու իր վերահսկողության ներքո, փակ տարածքում, առողջական վիճակով պայմանավորված արդեն իսկ խոցելի իրավիճակում գտնվող Ա.Աղաջանյանի պաշտպանությունը: Այս առումով կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ նշված պարտականության կատարումն ապահովելու համար պետության ներկայացուցիչները` ի դեմս քրեակատարողական հիմնարկի ծառայողների, պետք է անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերեն քրեակատարողական հիմնարկ ընդունվող անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի առումով։ Ինչպես նշվել է ՄԱԿ-ի խոշտանգումների վերաբերյալ Հատուկ զեկուցողի թեմատիկ զեկույցում` տարածված պրակտիկա են կալանավայրերում նոր կալանավորների նկատմամբ տարբեր կերպ արտահայտվող չարաշահումները` «ընդունելության հատուկ վերաբերմունք» ցույց տալու և վերջիններիս իրենց ենթարկեցնելու համար25, որպիսի մոտեցումն անընդունելի է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համատեքստում,

- տուժողի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի բնույթը, եղանակը, դրա արդյունքում վերջինիս մոտ առաջացած առողջական և հոգեբանական հետևանքները. դատաբժշկական փորձաքննության թիվ 0467 եզրակացության համաձայն՝ Ա.Աղաջանյանի մարմնական վնասվածքները՝ աջ և ձախ այտային շրջանների, ձախ սրունքի շրջանների քերծվածքների, վերին շրթունքի շրջանի սալջարդ վերքի ձևով, հասցվել են՝ բութ, կոշտ առարկաներով, չի բացառվում նաև՝ ձեռքերով, ոտքերով, հնարավոր է՝ որոշման մեջ նշված ժամկետին, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում26։ Դեպքից մի քանի օր անց՝ 2018 թվականի մարտի 19-ին, Ա.Աղաջանյանը գրավոր դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի պետին և հայտնել, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իրեն դաժանաբար ծեծի ենթարկելու և բուժօգնություն չցուցաբերելու կապակցությամբ հայտարարում է հացադուլ և ջրադուլ: Ավելին, գործի քննության ընթացքում մահացած տուժող Ա.Աղաջանյանի նախաքննական ցուցմունքի համաձայն` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իր նկատմամբ գործադրված բռնությունը, ծառայել է իրեն նվաստացնելու և պատժելու միջոց27:

Գործի փաստական հանգամանքների համատեքստում Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի արարքը խոշտանգումից որպես բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում վերաորակելու հիմքում դրվող այն փաստարկը, թե ծեծի ընթացքում հատուկ միջոցներ չեն կիրառվել, ծեծը չի ուղեկցվել մշակված հատուկ մեթոդների կիրառմամբ, դաժան վերաբերմունքը տևել է ոչ ավել քան երկու րոպե, ինչը երկարատև չի կարելի համարել, դաժան վերաբերմունքը չի կրկնվել, չի կիրառվել ընդհատումներով, Ա.Աղաջանյանին հասցված վնասվածքներն ուղղված չեն եղել որովայնի շրջանին, հասցված վնասվածքներն առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել, իսկ քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից տուժողի հոգեկան վիճակը պարզելու համար դատահոգեբանական փորձաքննություն չի նշանակվել, հետևաբար՝ չկան տվյալներ հետևանքների կարճատևության կամ երկարատևության մասին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ չեն կարող բացառել քրեաիրավական իմաստով խոշտանգման հանցակազմի հատկանիշների առկայությունը, խոշտանգման արդյունքում անձի առողջությանը կարող է նույնիսկ առհասարակ վնաս չպատճառվել, տվյալ դեպքում կարևոր է ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառումը։ Նշված հատկանիշի բովանդակությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Էրիկ Եղինյանի գործով կայացված որոշմամբ, որտեղ միջազգային չափորոշիչների հաշվառմամբ, ի թիվս այլնի, ընդգծվել է, որ «ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի» այլընտրանքային հետևանքների առաջացումը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ ցավի առկայությունը չի պահանջում, որ պարտադիր այն լինի ծայրահեղ, երկար, մշտական, սուբյեկտի համար դժվար դիմանալու, չպետք է ներառի մահ, օրգանի անբավարարություն կամ որոշակի ֆունկցիայի լուրջ խանգարում, ուժեղ ցավը կարող է նաև կարճատև լինել28։ Նշված դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ Վճռաբեկ դատարանի համար անընդունելի է նաև Առաջին ատյանի դատարանի այն պնդումը, թե ցուցաբերված վերաբերմունքը չի վնասել Արմեն Աղաջանյանի ֆիզիկական, հոգեկան և հոգեբանական վիճակը, քանի որ հակառակ դեպքում նա չէր բարձրաձայնի այդ մասին, որպիսի դիրքորոշումն ըստ էության ընդունելի է համարել նաև Վերաքննիչ դատարանը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հանցանքի կատարման մասին տուժողի կողմից իրավասու մարմիններին հայտնելը չի կարող որևէ կերպ վկայել այն մասին, որ տուժողի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքը չի վնասել նրա ֆիզիկական, առավել ևս՝ հոգեկան և հոգեբանական վիճակը։ Նշված մոտեցումը բացարձակապես անընդունելի է և ողջամտորեն չի կարող օգտագործվել դատարանի կողմից որպես դատական ակտի պատշաճ պատճառաբանություն։

Ինչ վերաբերում է դեպքից հետո քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից Ա.Աղաջանյանին լվացվելու ուղեկցելուն, նրա հետ հանգիստ պայմաններում զրուցելուն, վերջինիս նկատմամբ վատ վերաբերմունքի որևէ դրսևորում այլևս չկատարելուն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանքի կատարմանը հաջորդող նշված հանգամանքները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ ամբաստանյալին մեղսագրվող արարքի քրեաիրավական որակման վրա։ Ամբաստանյալի հետհանցավոր վարքագիծը` արտահայտված ամբաստանյալի նկատմամբ դրսևորած վերաբերմունքից հետո նրան լվացվելուն ուղեկցելու կամ առանց բռնության գործադրման զրուցելու (ինչը կարող էր նաև հետապնդել ամբաստանյալի նկատմամբ դրսևորած վերաբերմունքը թաքցնելու, քողարկելու նպատակ, որպիսի դատողությունը պայմանավորված է նաև հետագայում` խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքով) կամ կրկին վատ վերաբերմունք չդրսևորելու ձևով չէր կարող որևէ կերպ ազդել ամբաստանյալին մեղսագրված արարքի քրեաիրավական որակման վրա։

17. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ խոշտանգման հանցակազմի պարտադիր հատկանիշներից է օրենսդրի կողմից նախատեսված հատուկ նպատակների առկայությունը, որոնք նաև համապատասխանում են ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված նպատակներին։ Դրանց շարքում ներառված է նաև այն արարքի համար պատժելու նպատակը, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ նա կասկածվում կամ մեղադրվում է։ Այս նպատակի բովանդակության առումով Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է Վերաքննիչ դատարանի անհամաձայնությունն Առաջին ատյանի դատարանի այն պնդման հետ, որ արարքը որպես խոշտանգում որակելու համար անհրաժեշտ է նաև, որ ամբաստանյալն այդ բռնությունը գործադրի այնպիսի արարքի համար տուժողին պատժելու նպատակով, որը վերջինս կատարել է և այդպիսի արարք կատարելու հանգամանքը կամ փաստը պետք է հաստատված լինի համապատասխան ընթացակարգերով։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այդպիսի պահանջը չի համապատասխանում ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածում և ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածում նշված նպատակի բովանդակությանը։ Խնդրո առարկա նպատակի իմաստով «արարք»-ը ենթադրում է ցանկացած վարքագծային դրսևորման ակտ, որը պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի մոտ առաջացնում է այդպիսի վարքագիծ դրսևորած անձին խոշտանգելու միջոցով պատժելու նպատակ։ Պետական մարմնի ներկայացուցիչն իր դրսևորած վերաբերմունքով պետք է նպատակ հետապնդի իր առավելությունն ընդգծել անձի նկատմամբ, ցուցադրել իր գերակա դիրքը` տուժողին հնազանդեցնելու, իրեն ենթարկեցնելու նպատակով։ Միաժամանակ, հարկ է նշել, որ խոշտանգման հանցակազմի հատկանիշների առկայության համար պարտադիր կերպով տուժողի դրսևորած վարքագծի ընթացակարգային ամրագրման որևէ պահանջ նախատեսված չէ, այս առումով նախադատելի նշանակություն ունեցող պայմանի նախատեսումը չի բխում խոշտանգման դիսպոզիցիայի պահանջներից։

Վերոգրյալի հաշվառմամբ, սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի դատական ակտում տեղ գտած դիրքորոշումը, որով անընդունելի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին հակասող է համարվել Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ տեղի ունեցած բռնությունը խոշտանգում որակելու համար անհրաժեշտ պայման է, որ դեպքին նախորդած լինի տուժողի կողմից այնպիսի հակաօրինական արարքի կատարումը, որը հաստատված է համապատասխան ընթացակարգով։

18. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Հովհաննիսյանի արարքը վերաորակելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

19. Ուստի, հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից նույն օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելիս՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել խոշտանգման հանցակազմի հատկանիշները, ինչպես նաև պատշաճ գնահատման չի ենթարկել գործով ձեռքբերված ապացույցները։ Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, արարքի քրեաիրավական որակման հարցում պետք է հանգի համապատասխան հետևության:

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարության տվյալ փուլում չհեռանալու մասին ստորագրությունը կարող է լինել պատշաճ երաշխիք՝ ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի` ազատության մեջ գտնվելու դեպքում նրա հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը չեզոքացնելու համար։ Ուստի, ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Արմեն Ջիվանի Հովհաննիսյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի օգոստոսի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Ամբաստանյալ Արմեն Ջիվանի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

                  

__________________________________

1  Տե՛ս քրեական գործ. հատոր 2, թերթեր 263-282։

2  Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 11-39:

3  Տե՛ս քրեական գործ, հատոր 49-րդ, թերթեր 74-109:

4  Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Salman v. Turkey գործով 2000 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 21986/93, կետ 114:

Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, գանգատ թիվ 40094/05, կետ 156:

6  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Jalloh v. Germany [GC] գործով 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 54810/00, « 67:

Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Selmouni v. France գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճիռը, 1999 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 25803/94, կետեր 99-100, Bouyid v. Belgium [GC] գործով 2015 թվականի սեպտեմբերի 28 վճիռը, գանգատ թիվ 23380/09, կետեր 88 և 100:

Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Karabet and Others v. Ukraine գործով 2013 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատներ թիվ 38906/07 և 52025/07, կետ 332։

9  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ireland v. the United Kingdom գործով 1978 թվականի հունվարի 18-ի վճիռը, գանգատ թիվ 5310/71, կետ 167, Stanev v. Bulgaria [GC], 2012 թվականի հունվարի 12-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, կետ 203:

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Raninen v. Finland գործով 1997 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 20972/92, կետ 32:

11  Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Gutsanovi v. Bulgaria գործով 2013 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 34529/10, կետ 136:

12  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Labita v. Italy [GC] գործով 2000 թվականի ապրիլի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26772/95, կետ 120:

13  Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Jalloh v. Germany [GC] գործով 2006 թվականի հուլիսի 11-ի վճիռը, գանգատ թիվ 54810/00, կետ 68:

14  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Svinarenko and Slyadnev v. Russia [GC] գործով 2014 թվականի հուլիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32541/08 և 43441/08, կետեր 118 և 138:

15  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Hovhannisyan v. Armenia գործով 2018 թվականի հուլիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 18419/13, կետեր 48-49։

16  Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գործով 2015 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատներ թիվ 9935/06 և 2339/06, կետ 95:

17  Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Labita v. Italy գործով 2000 թվականի ապրիլի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26772/95, կետ 119, Chahal v. The United Kingdom գործով 1996 թվականի նոյեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 22414/93, կետ 79:

18  Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Selmouni v. France գործով 1999 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 25803/94, կետ 95, Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 90/1997/874/1086, կետ 93:

19  Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mushegh Saghatelyan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08, կետեր 100-101, 103-104, 106-108։

20  Տե՛ս օրենքի հիմնավորումները՝ www.parliament.am կայքում։

21  Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

22  Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

23  Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

24  Տե՛ս սույն որոշման 12.1-րդ կետը։

25  Տե՛ս ՄԱԿ-ի խոշտանգումների, դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ այլ պատժի վերաբերյալ Հատուկ զեկուցողի 2010 թվականի փետրվարի 5-ի թեմատիկ զեկույցը, A/HRC/13/39/Add.5, կետ 69։

26  Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 11-39:

27  Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 11-39:

28  Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էրիկ Եղինյանի գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ ԼԴ1/0030/01/16 որոշումը, կետ 19:

                  

Նախագահող`

Հ. Ասատրյանի

Դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

              

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան