Գլխավոր տեղեկություն
Համար
N 327-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2021
Ընդունող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.11.2021
Ստորագրող մարմին
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

9 նոյեմբերի 2021 թվականի

Երևան

N 327-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

ՍՏՈՒԳՈՒՄ, ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄ, ԴԻՏԱՆՑՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը և 2-րդ մասը, 54-րդ հոդվածի 1-ին մասը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

    

ՈՐՈՇՈՒՄ Է

             

1. Սահմանել ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսաձայնագրման և լուսանկարահանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշմամբ սահմանված կարգը կիրառվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ընդունված հրամանների հիման վրա ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելիս։

     

Նախագահ

Գ. Գևորգյան

 

2021 թ. նոյեմբերի 10

Երևան

 

Հավելված

Մրցակցության

պաշտպանության հանձնաժողովի

2021 թվականի նոյեմբերի 9-ի

թիվ 327-Ն որոշման

       

Կ Ա Ր Գ

  

ՍՏՈՒԳՈՒՄ, ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄ, ԴԻՏԱՆՑՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ

     

ԳԼՈՒԽ 1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

      

1. Սույնով կարգավորվում է ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսաձայնագրման և լուսանկարահանման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված իմաստով:

3. Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսանկարահանումը և լուսանկարահանումն իրականացվում է ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման և մշտադիտարկման ամբողջ ընթացքի կամ դրա մի մասի (այսուհետ՝ ընթացք) լրացուցիչ արձանագրման նպատակով։

4. Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսանկարահանման և լուսանկարահանման չիրականացումը կամ սույն կարգի խախտմամբ իրականացումը ինքնին չի կարող ազդեցություն ունենալ ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման և մշտադիտարկման ընթացքի լրիվության ու ամբողջականության, ինչպես նաև ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման արդյունքում կազմված արձանագրության և մշտադիտարկման արդյունքների արժանահավատության վրա։

5. Ստուգում, հսկիչ գնում և դիտանցում իրականացնելու ընթացքը սույն կարգի իմաստով ներառում է համապատասխանաբար ստուգման ընթացակարգի, ապրանքի գնման, դիտարկման փաստացի սկսման պահից մինչև ստուգման, հսկիչ գնման և դիտանցման արդյունքներով արձանագրության օրինակը տնտեսվարող սուբյեկտին հանձնումը։

6. Արտաքին դիտում իրականացնելու ընթացքը սույն կարգի իմաստով ներառում է դիտարկման փաստացի սկսման պահից մինչև արտաքին դիտման արդյունքներով արձանագրության կազմումը։

7. Մշտադիտարկում իրականացնելու ընթացքը սույն կարգի իմաստով ներառում է դիտարկման փաստացի սկսման պահից մինչև մշտադիտարկման արդյունքների ամփոփումը։

8. Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու դեպքում կարող է տեսաձայնագրվել և լուսանկարահանվել դրանց ամբողջ ընթացքը կամ դրանց ընթացքում կատարվող առանձին գործողությունները։

9. Սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նշված ընթացքը գործում է, եթե այլ բան նախատեսված չէ ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու մասին հրամանով։

     

ԳԼՈՒԽ 2.

     

ՍՏՈՒԳՈՒՄ, ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄ, ԴԻՏԱՆՑՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

    

10. Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքը տեսաձայնագրվում և լուսանկարահանվում է ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ ընդունված հրամանում նշված լինելու դեպքում կամ ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնող անձի նախաձեռնությամբ։

    

ԳԼՈՒԽ 3.

    

ՍՏՈՒԳՈՒՄ, ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄ, ԴԻՏԱՆՑՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

      

11. Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացվում է տեսաձայնագրման և լուսանկարահանման հնարավորություն ունեցող մեկ կամ մի քանի թվային սարքերի միջոցով՝ ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնող առնվազն մեկ անձի կողմից։

12. Տեսաձայնագրումը և լուսանկարահանումը պետք է հնարավորինս իրականացվի այնպես, որ չպարունակի ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում իրականացնելու հետ առնչություն չունեցող անձանց (բացառությամբ, եթե նրանք խոչընդոտում են ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում իրականացնելուն) վերաբերյալ անձնական տվյալներ, ինչպես նաև ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում իրականացնելու հետ առնչություն չունեցող օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Նշված անձնական տվյալների առկայության դեպքում դրանք ապանձնավորվում են, իսկ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները ներկայացվում են դրանց բովանդակությունը բացահայտելու հնարավորությունը բացառող եղանակով։

      

ԳԼՈՒԽ 4.

        

ՍՏՈՒԳՈՒՄ, ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄ, ԴԻՏԱՆՑՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

             

13. Ստուգման, հսկիչ գնման, դիտանցման և արտաքին դիտման ընթացքի տեսաձայնագրում և լուսանկարահանում իրականացնելու ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, էլեկտրոնային և այլ սարքավորումների վերաբերյալ տվյալները (տեսակ, մակնիշ և մոդել) արտացոլվում են ստուգման, հսկիչ գնման, դիտանցման և արտաքին դիտման արդյունքներով կազմված արձանագրությունում։

14. Մշտադիտարկման ընթացքի տեսաձայնագրում և լուսանկարահանում իրականացնելու ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, էլեկտրոնային և այլ սարքավորումների վերաբերյալ տվյալները (տեսակ, մակնիշ և մոդել) նշվում են մշտադիտարկման արդյունքներն ամփոփելիս։

15. Ստուգման, հսկիչ գնման, դիտանցման և արտաքին դիտման ընթացքի հրամանի հիման վրա տեսաձայնագրում և լուսանկարահանում իրականացնելու անհնարինության դեպքում այդ մասին նշում է կատարվում ստուգման, հսկիչ գնման, դիտանցման և արտաքին դիտման արդյունքներով կազմված արձանագրությունում։

16. Մշտադիտարկման ընթացքի հրամանի հիման վրա տեսաձայնագրում և լուսանկարահանում իրականացնելու անհնարինության դեպքում դրա մասին նշում է կատարվում մշտադիտարկման արդյունքներն ամփոփելիս։

17. Ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, արտաքին դիտման և մշտադիտարկման հրամանով նախատեսված լինելու, սակայն տեսաձայնագրում ու լուսանկարահանում չիրականացվելու դեպքում ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնող անձինք տեսաձայնագրում և լուսանկարահանում չիրականացնելու հանգամանքների ու պատճառների վերաբերյալ զեկուցագիր են ներկայացնում Հանձնաժողովի նախագահին։

         

ԳԼՈՒԽ 5.

    

ՍՏՈՒԳՈՒՄ, ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄ ԵՎ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

          

18. Ստուգում, հսկիչ գնում և դիտանցում իրականացնելու ընթացքի տեսաձայնագրման և լուսանկարահանման մասին տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչները տեղեկացվում են ստուգում, հսկիչ գնում և դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանը հանձնելիս։

  

ԳԼՈՒԽ 6.

     

ՍՏՈՒԳՈՒՄ, ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄ, ԴԻՏԱՆՑՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԴԻՏՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑՔԻ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

         

19. Տեսաձայնագրման և լուսանկարահանման արդյունքները արտացոլվում են թվային կրիչների վրա, իսկ լուսանկարները անհրաժեշտության դեպքում նաև տպագրվում են։

20. Տեսաձայնագրման և լուսանկարահանման արդյունքները արձանագրող թվային կրիչները և լուսանկարները կցվում են գործի նյութերին և պահպանվում գործավարության կանոններով սահմանված կարգով, իսկ վարչական վարույթի ընթացքում վարույթի մասնակիցները կարող են ծանոթանալ միայն տեսաձայնագրման և լուսանկարահանման սույն կարգի 12-րդ կետին համապատասխանող տարբերակին։

                

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան