ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3273/02/17 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3273/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ն. Տավարացյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2021 թվականի սեպտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հովհաննես Վարդազարյանի և Մարիանա Ավետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հովհաննես Վարդազարյանի և Մարիանա Ավետյանի (այսուհետ` Համահայցվորներ) ընդդեմ Անժելա Վարդազարյանի ու ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Անահիտ Թավանցյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևանի ստորաբաժանման` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագրերը և դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները, նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Աշոտ Վարդազարյանին ճանաչել մոր` Սիլվա Մելքումյանի ժառանգությունն ընդունած ժառանգ, մասնակիորեն անվավեր ճանաչել 24.03.2017 թվականին Կարլեն և Անժելա Վարդազարյաններին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը, դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները, մասնակիորեն անվավեր ճանաչել 21.04.2017 թվականին Կարլեն և Անժելա Վարդազարյանների միջև կնքված անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, փաստացի տիրապետման հիմքով իրենց ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ և որպես հետևանք` ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևան քաղաքի Լեփսիուս փողոցի թիվ 10ա շենքի 36-րդ բնակարանի 1/6 բաժնի նկատմամբ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 22.06.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Աշոտ Վարդազարյանին ճանաչել իր մոր` Սիլվա Մելքումյանի ժառանգությունն ընդունած ժառանգ, անվավեր ճանաչել 24.03.2017 թվականին Կարլեն Վարդազարյանին և Անժելա Վարդազարյանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը` Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 10ա շենքի 36-րդ հասցեում գտնվող բնակարանի 1/8-ական մասով, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները նույն մասով, անվավեր ճանաչել 21.04.2017 թվականի նվիրատվության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Համահայցվորներին ճանաչել Աշոտ Վարդազարյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ և որպես հետևանք` ճանաչել Համահայցվորների սեփականության իրավունքը Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 10ա շենքի 36-րդ բնակարանի 1/8-ական բաժնի նկատմամբ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ․ Չիլինգարյան, դատավորներ՝ Ա․ Խառատյան, Մ․ Հարթենյան) 03․08․2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է և դրանում տեղ գտած թերությունները վերացնելու համար տրվել է ժամկետ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ․ Չիլինգարյան, դատավորներ՝ Ա․ Խառատյան, Մ․ Հարթենյան) 03․10․2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ առանց թերությունները վերացնելու համար ժամկետ տրամադրելու։
ՀՀ վճռաբեկ դատարանի 19․12․2018 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա․ Մխիթարյան, դատավորներ՝ Ն․ Կարապետյան, Ն․ Մարգարյան) 25․03․2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է։
ՀՀ վճռաբեկ դատարանի 15․05․2019 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.06.2020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ` Կարլեն Վարդազարյանի իրավահաջորդ Հասմիկ Վարդազարյանի բողոքը բավարարվել է՝ Դատարանի 22.06.2018 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչներ Գևորգ Մելքոնյան և Մայրամ Վարդանյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, 17.06.1998 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի 22.06.2018 թվականի վճռով որևէ կերպ չի շոշափվել վերաքննիչ բողոք ներկայացրած Հասմիկ Վարդազարյանի իրավունքների և պարտականությունների հարցը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հասմիկ Վարդազարյանը որևէ հավակնություն չի ցուցաբերել իր մոր՝ Սիլվա Մելքումյանին պատկանող ժառանգական գույքի նկատմամբ, դրանից հրաժարվել է հօգուտ իր քրոջ՝ Անժելա Վարդազարյանի, բացի այդ, Կարլեն Վարդազարյանի անունից վեճի առարկա բնակարանի բաժնեմասը նվիրել է Անժելա Վարդազարյանին, հետևաբար Հասմիկ Վարդազարյանի սեփականության իրավունքը չի խախտվել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հասմիկ Վարդազարյանը վեճի առարկա հանդիսացող ժառանգական գույքի նկատմամբ իր կամահայտությունը հայտնել է՝ հրաժարվելով դրանից հօգուտ Անժելա Վարդազարյանի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.06.2018 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 18.02.1975 թվականին տրված N029456 ծննդյան վկայականի համաձայն` Աշոտ Կարլենի Վարդազարյանի, ծնված` 11.02.1975 թվականին, ծնողներն են` Կարլեն Արտաշի Վարդազարյանը և Սիլվա Բաղդասարի Վարդազարյանը (Մելքումյանը` մինչ ամուսնական ազգանվամբ) (հատոր 1-ին, գ.թ 17, հատոր 7-րդ, գ.թ 9 )։
2. 25.09.2002 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 463308 վկայականի համաձայն` Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 10ա շենքի 36-րդ բնակարանի նկատմամբ Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման հիման վրա գրանցվել է Կարլեն Վարդազարյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ 11-16)։
3. 17.11.2012 թվականի Ռուսաստանի Դաշնության Յարոսլավսկի մարզի Պերելավսկի շրջանի ՔԿԱԳ բաժնի կողմից տրված թիվ 669420 ամուսնության վկայականի (ռուսերենից հայերեն թարգմանություն) համաձայն` Աշոտ Կարլենի Վարդազարյանը և Մարիանա Հարությունի Ավետյանն ամուսնացել են 17.11.2012 թվականին, որի մասին ամուսնության ակտերի գրանցման գրքում 17.11.2012 թվականին կատարվել է թիվ 87 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ 22)։
4. 09.01.2014 թվականի Ռուսաստանի Դաշնության Յարոսլավսկի մարզի Պերեսլավսկի շրջանի ՔԿԱԳ բաժնի կողմից տրված թիվ 800100 ծննդյան վկայականի (ռուսերենից հայերեն թարգմանություն) համաձայն` Հովհաննես Աշոտի Վարդազարյանի, ծնված` 22.12.2013 թվականին, ծնողներն են` Աշոտ Կարլենի Վարդազարյանը և Մարիանա Հարությունի Ավետյանը (հատոր 1-ին, գ.թ 23)։
5. 26.08.2015 թվականին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ԵՀՍ տարածքային բաժնի կողմից տրված թիվ ԱԲ 219917 մահվան վկայականի համաձայն` Աշոտ Վարդազարյանը, ծնված` 11.02.1975 թվականին, մահացել է 23.08.2015 թվականին (հատոր 1-ին, գ.թ 18)։
6. 11.09.2015 թվականին Կարլեն Վարդազարյանի կողմից տրված ժառանգությունից հրաժարվելու մասին հայտարարության համաձայն` Կարլեն Վարդազարյանը հրաժարվել է Աշոտ Վարդազարյանի (մահացած` 23.08.2015 թվականին) մահից հետո մնացած իրեն հասանելիք ժառանգությունից` հօգուտ ժառանգատուի կնոջ` Մարիանա Ավետյանի (հատոր 1-ին, գ.թ 19)։
7. Հասմիկ Կարլենի Վարդազարյանը հրաժարվել է իր մոր՝ Սիլվա Մելքումյանի ժառանգությունից հօգուտ իր քրոջ՝ Անժելա Կարլենի Վարդազարյանի (հատոր 3-րդ, գ.թ 106-114)։
8. 24.03.2017 թվականին ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն. Սարգսյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (թիվ 915/2016թ./ ժառանգական գործ, գրանցված է գրանցամատյան թիվ 6465) համաձայն` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ Սիլվա Բաղդասարի Մելքումյանի, մահացած` 01.08.1997 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում ամուսինը` Կարլեն Արտաշի Վարդազարյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը բաղկացած է` Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Լեփսիուսի փողոց, 10ա շենքի, թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 63.0քմ ընդհանուր մակերեսից և շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքից և այն իրավունքներից, որոնք անհրաժեշտ են շենք-շինության օգտագործման և սպասարկման համար, որը ժառանգատուի ամուսին` Կարլեն Արտաշի Վարդազարյանին է պատկանում անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից 25.09.2002 թվականին տրված թիվ 463308 սեփականության վկայականով (հատոր 1-ին, գ.թ 20)։
9. 24.03.2017 թվականին ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ն. Սարգսյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (ժառանգական գործ թիվ 915/2016թ./, գրանցված է գրանցամատյան թիվ 6464) համաձայն` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանը հաստատել է, որ Սիլվա Բաղդասարի Մելքումյանի, մահացած` 01.08.1997 թվականին, գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում դուստրը` Անժելա Կառլենի Վարդազարյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է` Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Լեփսիուսի փողոց, 10ա շենքի, թիվ 36 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4 բաժնից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 63.0քմ ընդհանուր մակերեսից և շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքից և այն իրավունքներից, որոնք անհրաժեշտ են շենք-շինության օգտագործման և սպասարկման համար, որը ժառանգատուի ամուսին` Կարլեն Արտաշի Վարդազարյանին է պատկանում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից 25.09.2002 թվականին տրված թիվ 463308 սեփականության վկայականով (հատոր 1-ին, գ.թ 21)։
10. 29.03.2017 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29032017-01-0212 վկայականի համաձայն` ՀՀ, քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Լեփսիուսի փողոց, 10ա շենքի թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանում է Կարլեն Արտաշի Վարդազարյանին 3/4, Անժելա Կառլենի Վարդազարյանին /1/4/, հիմք` Երևանի քաղգործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշումը, 24.03.2017 թվականին տրված թիվ 6465, թիվ 6464 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (հատոր 1-ին, գ.թ 26)։
11. 21.04.2017 թվականին նոտարական կարգով հաստատված անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագրի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` Հասմիկ Կարլենի Վարդազարյանը Կարլեն Արտաշի Վարդազարյանի անունից Անժելա Կառլենի Վարդազարյանին նվիրել է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Կարլեն Արտաշի Վարդազարյանին պատկանող ՀՀ, քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Լեփսիուսի փողոց 10ա շենքի թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքի 3/4 բաժնեմասը, իսկ Անժելա Կառլենի Վարդազարյանը Կարլեն Արտաշի Վարդազարյանից ընդունել է նվեր ՀՀ, քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Լեփսիուսի փողոց 10ա շենքի թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքի 3/4 բաժնեմասը: Համաձայն նշված պայմանագրի 4-րդ կետի` ՀՀ, քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն Լեփսիուսի փողոց 10ա շենքի թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքի 3/4 բաժնեմասը պատկանում է նվիրատուին` համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր սպասարկման գրասենյակի կողմից 29.03.2017 թվականին տրված թիվ 29032017-01-0212 սեփականության վկայականի (հատոր 1-ին, գ.թ 24-25)։
12. 27.04.2017 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27042017-01-0068 վկայականի համաձայն` ՀՀ, քաղաք Երևան, Լեփսիուսի փողոց 10ա շենքի թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանում է Անժելա Կառլենի Վարդազարյանին, հիմք` Երևանի քաղգործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշումը, 24.03.2017 թվականին տրված թիվ 6465, թիվ 6464 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, 21.04.2017 թվականի թիվ 1239 գրանցամատյանում գրանցված բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ 27)։
13. 15.08.2017 թվականի «Զեյթուն 2002» համատիրության նախագահի տեղակալի կողմից տրված և հաստատված տեղեկանքի համաձայն` Մարիանա Ավետյանն իր որդու` Հովհաննես Աշոտի Վարդազարյանի (ծնված` 22.12.2013 թվականին) հետ միասին 2015 թվականից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում բնակվել է Երևանի Լեփսիուսի փողոց, 10ա շենքի թիվ 36 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ 28)։
14. Կարլեն Արտաշի Վարդազարյանը մահացել է 24.06.2017 թվականին (հատոր 6-րդ, գ.թ 13):
15. 24.03.2020 թվականին Երևան նոտարական տարածքի նոտար Իռեն Սարգսյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (ժառանգական գործ թիվ 129/2019թ./, գրանցված է սեղանամատյանում թիվ 982-ով) համաձայն` Երևան նոտարական տարածքի նոտար Իռեն Սարգսյանը հաստատել է, որ Կարլեն Արտաշի Վարդազարյանի, մահացած` 24.06.2017 թվականին, ժառանգ է հանդիսանում դուստրը` Հասմիկ Կարլենի Վարդազարյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է` Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Լեփսիուսի փողոց, 10ա շենքի, թիվ 36 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի 11/16 բաժնից: Ժառանգատուի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը հաստատվում է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 08.08.2019 թվականին տրված թիվ 08082019-01-0252 սեփականության վկայականով (հատոր 6-րդ, գ.թ 75)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Նախկին օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Նախկին օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով վճիռը Դատարանի կողմից կայացվել է Նախկին օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումների կիրառմամբ, հարկ է համարում բողոքում բարձրացված հարցադրմանն անդրադառնալ նշված կարգավորումների համատեքստում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն oրենքով նախատեuված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
09.04.2019 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և սույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ), անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ այն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res jսdicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջել վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու՝ վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական և կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական և անհետաձգելի հանգամանքների դեպքում (տե՛ս, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի ՄԻԵԴ-ի 24.07.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 51-52):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մաuնակից չդարձված անձանց կողմից դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում այն կարող է բեկանվել միայն այն դեպքում, երբ դատական ակտն առնչվում է նշված անձանց իրավունքներին և պարտականություններին, ինչը կարող է ապահովել գործին մասնակցող և գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների միջև հավասարակշռությունը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Համահայցվորները պահանջել են Աշոտ Վարդազարյանին ճանաչել մոր` Սիլվա Մելքումյանի ժառանգությունն ընդունած ժառանգ, մասնակիորեն անվավեր ճանաչել 24.03.2017 թվականին Կարլեն և Անժելա Վարդազարյաններին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը, դրանց հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումները, մասնակիորեն անվավեր ճանաչել 21.04.2017 թվականին Կարլեն և Անժելա Վարդազարյանների միջև կնքված անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, փաստացի տիրապետման հիմքով իրենց ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ և որպես հետևանք` ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևան քաղաքի Լեփսիուս փողոցի թիվ 10ա շենքի 36-րդ բնակարանի 1/6 բաժնի նկատմամբ:
Դատարանը հայցը բավարարել է մասնակի` պատճառաբանելով, որ Աշոտ Վարդազարյանը մինչև մոր մահը` 01.08.1997 թվականը, երկու ամիս առաջ ժամանել է Երևան, այնուհետև իրականացրել է մոր հուղարկավորությունը և դրա հետ կապված մյուս միջոցառումները և մեկնել է ՌԴ միայն 1998 թվականի գարնանը, որով հիմնավորվում է, որ Աշոտ Վարդազարյանը մոր` Սիլվա Մելքումյանի մահից հետո շուրջ ութ ամիս բնակելով Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի 10ա շենքի թիվ 36 հասցեով բնակարանում, մյուս ժառանգների հետ հավասարապես փաստացի տիրապետման եղանակով ընդունել է մոր` Սիլվա Մելքումյանի ժառանգությունը, որպիսի փաստը թաքցվել է նոտարական գրասենյակում և հնարավոր է դարձրել 24.03.2017 թվականի ժառանգության վկայագրերի տրամադրումը միայն Կարլեն և Անժելա Վարդազարյանների անվամբ: Միաժամանակ դատարանը գտել է, որ Սիլվա Մելքումյանի ժառանգությունը փաստացի տիրապետման եղանակով ընդունել են ոչ թե երեք, այլ չորս ժառանգ` Կարլեն, Անժելա, Հասմիկ Վարդազարյանները և ներկայացման իրավունքով` Մարիանա Ավետյանն ու նրա որդին` Հովհաննես Վարդազարյանը, սակայն Հասմիկ Վարդազարյանը հրաժարվել է ժառանգությունից հօգուտ Անժելա Վարդազարյանի: Դատարանը գտել է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի, և անհրաժեշտ է Աշոտ Վարդազարյանին ճանաչել իր մոր` Սիլվա Մելքումյանի ժառանգությունն ընդունած ժառանգ, անվավեր ճանաչել 24.03.2017 թվականի Կարլեն Վարդազարյանին և Անժելա Վարդազարյանին տրված ժառանգության իրավունքի վկայագրերը` Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի 10ա շենքի թիվ 36 հասցեով բնակարանի 1/8-րդական մասով, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված պետական գրանցումները նույն մասով և անվավեր ճանաչել 21.04.2017 թվականի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, հայցվորներին ճանաչել Աշոտ Վարդազարյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ և որպես հետևանք ճանաչել հայցվորների սեփականության իրավունքը` Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի 10ա շենքի թիվ 36 բնակարանի 1/8-րդական բաժնի նկատմամբ:
Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ` Կարլեն Արտաշի Վարդազարյանի իրավահաջորդ Հասմիկ Կարլենի Վարդազարյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Հասմիկ Վարդազարյանը հանդիսանում է Կարլեն Վարդազարյանի ժառանգը և իրավահաջորդը, որը որպես գործին մասնակից չդարձված անձ` վերաքննիչ բողոք է ներկայացրել վճռի դեմ այն հիմքով, որ խախտելով նրա՝ որպես Կարլեն Վարդազարյանի ժառանգի և իրավահաջորդի սեփականատիրական իրավունքները, Դատարանը վճիռ է կայացրել վերջինիս իրավունքների մասին՝ անվավեր ճանաչելով Կարլեն Վարդազարյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրանից ծագած նրա իրավունքի գրանցումը, ինչպես նաև անվավեր է ճանաչել վերջինիս կողմից կնքված գործարքը, սակայն Կարլեն Վարդազարյանին կամ նրա իրավահաջորդին՝ Հասմիկ Վարդազարյանին գործին մասնակից չի դարձրել:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ փաստացի հայցադիմում է ներկայացվել և վճիռ է կայացվել՝ Կարլեն Վարդազարյանի գույքային իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ վերջինիս տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն է անվավեր ճանաչվել, ինչպես նաև անվավեր է ճանաչվել վկայագրից ծագած իրավունքի գրանցումը և նրա կողմից կնքված գործարքը, սակայն Կարլեն Վարդազարյանը կամ նրա իրավահաջորդը գործին մասնակից չեն դարձվել: Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոք բերող անձի կողմից ներկայացված փաստարկները հիմնավոր են և բողոքարկվող դատական ակտը վերաբերում է նրա իրավունքներին, ուստի բողոքարկվող դատական ակտը պետք է բեկանել և գործն ամբողջ ծավալով ուղարկել՝ նրա մասնակցությամբ նոր քննության:
Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքով բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հասմիկ Վարդազարյանը որևէ հավակնություն չի ցուցաբերել իր մոր՝ Սիլվա Մելքումյանին պատկանող ժառանգական գույքի նկատմամբ, դրանից հրաժարվել է հօգուտ իր քրոջ՝ Անժելա Վարդազարյանի, բացի այդ, Կարլեն Վարդազարյանի անունից վեճի առարկա բնակարանի բաժնեմասը նվիրել է Անժելա Վարդազարյանին, հետևաբար Հասմիկ Վարդազարյանի սեփականության իրավունքը չի խախտվել:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Կարլեն Վարդազարյանը կամ նրա իրավահաջորդ Հասմիկ Վարդազարյանը գործին մասնակից չեն դարձվել և բողոքարկվող դատական ակտը վերաբերում է վերջինիս իրավունքներին, հաշվի չի առել, որ 24.03.2017 թվականին ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի համաձայն` Սիլվա Մելքումյանի գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսացել ամուսինը` Կարլեն Արտաշի Վարդազարյանը` (ժառանգական գույքը` Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Լեփսիուսի փողոց, 10ա շենքի, թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4 բաժին) և դուստրը` Անժելա Կառլենի Վարդազարյանը` (ժառանգական գույքը` Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Լեփսիուսի փողոց, 10ա շենքի, թիվ 36 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4 բաժին), իսկ 21.04.2017 թվականին նոտարական կարգով հաստատված անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագրի համաձայն` Հասմիկ Վարդազարյանը Կարլեն Վարդազարյանի անունից Անժելա Վարդազարյանին է նվիրել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Կարլեն Վարդազարյանին պատկանող ՀՀ, քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Լեփսիուսի փողոց, 10ա շենքի, թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքի 3/4 բաժնեմասը, որից հետո Երևանի քաղգործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման, 24.03.2017 թվականի թիվ 6465, թիվ 6464 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վերը նշված վկայագրերի և վերը նշված 21.04.2017 թվականի թիվ 1239 բաժնեմասի նվիրատվության պայմանագրի հիման վրա 27.04.2017 թվականին ՀՀ, քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն Լեփսիուսի փողոց 10ա շենքի թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Անժելա Վարդազարյանի սեփականության իրավունքը:
Վերը նշված փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սիլվա Մելքումյանի ժառանգությունն ընդունել են Կարլեն և Անժելա Վարդազարյանները, Հասմիկ Վարդազարյանը վերը նշված ժառանգական գույքի նկատմամբ որևէ հավակնություն չի ներկայացրել։ Ավելին, իր հոր` Կարլեն Վարդազարյանի անունից Անժելա Վարդազարյանին է նվիրել Կարլեն Վարդազարյանին (3/4 բաժնեմաս) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող վիճելի անշարժ գույքի 3/4 բաժնեմասը, ինչից հետևում է, որ Հասմիկ Վարդազարյանը և Կարլեն Վարդազարյանը հրաժարվել են վիճելի անշարժ գույքի նկատմամբ իրենց ժառանգության իրավունքից հօգուտ Անժելա Վարդազարյանի (ՀՀ, քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն Լեփսիուսի փողոց 10ա շենքի թիվ 36 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Անժելա Վարդազարյանի սեփականության իրավունքը), ուստի սույն գործով Դատարանի վճիռը չի առնչվում Հասմիկ Վարդազարյանի և Կարլեն Վարդազարյանի իրավունքներին, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Նկատի ունենալով, որ Դատարանի 22.06.2018 թվականի դատական ակտը Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ բեկանվել է միայն Կարլեն Վարդազարյանին կամ վերջինիս իրավահաջորդ Հասմիկ Վարդազարյանին գործին մասնակից անձ դարձրած չլինելու հիմքով, իսկ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանի 22.06.2018 թվականի դատական ակտը չի առնչվում Հասմիկ Վարդազարյանի և Կարլեն Վարդազարյանի իրավունքներին և պարտականություններին, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է և ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Հասմիկ Վարդազարյանից հօգուտ Հովհաննես Վարդազարյանի և Մարիանա Ավետյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք, Հասմիկ Վարդազարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի ենթակա է բռնագանձման 80.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.10.2020 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2018 թվականի վճռին:
2. Հասմիկ Վարդազարյանից հօգուտ Հովհաննես Վարդազարյանի և Մարիանա Ավետյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:
Հասմիկ Վարդազարյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 80.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.10.2020 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ն. Տավարացյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2021 թվական: