ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/3238/02/17 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/3238/02/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021
թվականի սեպտեմբերի 10-ինգրավոր ընթացակարգով քննելով Վարազդատ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարազդատ Հակոբյանի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետի` Արմավիրի մարզպետի 30.10.2017 թվականի թիվ 412-Ա որոշումը վերացնելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վարազդատ Հակոբյանը պահանջել է իրեն վերականգնել նախկին աշխատանքում` «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում, պատասխանողից բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, վերացնել Արմավիրի մարզպետի 30.10.2017 թվականի թիվ 412-Ա որոշումը։
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 06.09.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է անվավեր ճանաչել ՀՀ Արմավիրի մարզպետի 30.10.2017 թվականի թիվ 412-Ա որոշումը և Վարազդատ Հակոբյանին վերականգնել «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին աշխատանքում: ՀՀ Արմավիրի մարզպետարանից հօգուտ Վարազդատ Հակոբյանի բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` 30.10.2017 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ հօգուտ ՀՀ պետական բյուջեի` բռնագանձվող գումարի 2%-ը: Նշված գումարի նկատմամբ 30.10.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված ըստ համապատասխան ժամանակահատվածներում ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսները և այդ գումարը նույնպես բռնագանձել ՀՀ Արմավիրի մարզպետարանից հօգուտ հայցվոր Վարազդատ Հակոբյանի, իսկ հօգուտ ՀՀ պետական բյուջեի` բռնագանձվող տոկոսների գումարի 2%-ը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.12.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Արմենուհի Տեր-Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` մասնակիորեն բեկանվել է Դատարանի 06.09.2018 թվականի վճիռը և այն փոփոխվել` հայցը` Վարազդատ Հակոբյանին «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին, մերժվել է: Որոշվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանից հօգուտ Վարազդատ Հակոբյանի բռնագանձել միջին աշխատավարձ` հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար` սկսած 30.10.2017 թվականից մինչև 30.07.2018 թվականը ներառյալ: Դատարանի 06.09.2018 թվականի վճիռը` մնացած մասով, թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարազդատ Հակոբյանը (ներկայացուցիչ` Կարեն Մեժլումյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Արմենուհի Տեր-Խաչատրյանի (ներկայացուցիչ` Սերինե Խաչատրյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 4-րդ մասը, 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, չունենալով լիազորություն գործին մասնակից չդարձած անձի բողոքի հիման վրա մասնակիորեն բեկանելու և փոփոխելու վճիռը, բողոքարկվող դատական ակտը բեկանել և փոփոխել է, դրանով իսկ դուրս գալով իր լիազորություններից և խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 4-րդ մասը, 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերը: Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը չի գործել որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան, քանի որ իրականացրել է այնպիսի դատավարական լիազորություն, ինչը չէր կարող իրականացնել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցները հայցվոր կողմը չի ստացել և գործը գրավոր ընթացակարգով քննելու պայմաններում զրկված է եղել գործի մեջ առաջին անգամ հայտնված այդ ապացույցների` դատական նիստով հետազոտմանը մասնակցելու և դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Արդյունքում խախտվել են մրցակցության և արդար դատաքննության իրավունքը երաշխավորող նորմերը:
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, քանի որ ո՛չ հայցվորը և ո՛չ պատասխանող գործատուն միմյանց միջև աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության մասին չեն խոսել, նման դիրքորոշում չեն հայտնել:
Վերաքննիչ դատարանը խախտել է նաև հայցվորի սեփականության իրավունքը` կենսաթոշակի տարիքի անցնելու կապակցությամբ անհնարին համարելով նրա վերականգնվելը նախկին աշխատանքին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կենսաթոշակի տարիքի հասած աշխատակցին աշխատանքից ազատելու դեպքում աշխատակցի համար կան երաշխիքներ, այդ թվում` դրամական` արձակման նպաստի ձևով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը` վերաքննիչ բողոքը մերժել»:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Գործին մասնակից չդարձած անձը Դատարանին և Վերաքննիչ դատարանին անծանոթ որևէ ապացույց կամ փաստաթուղթ չի ներկայացրել, բացի այդ` վերջինս պարտականություն չի ունեցել հայցվոր կողմին ուղարկելու գործում առկա և հայցվորին քաջածանոթ փաստաթղթերը: Հակառակ պարագայում` հայցվորը կարող էր համապատասխան դիմում ներկայացնել Վերաքննիչ դատարան և ծանոթանալ դրանց բովանդակությանը կամ ստանալ պատճենները:
Վճռաբեկ բողոքով կատարված վերլուծություններով բողոքաբերն ըստ էության ձևակերպել է նոր հայցապահանջ, որն իրականում չի ներկայացվել Դատարան և դուրս է սույն գործով քննվող պահանջի շրջանակներից:
Սույն գործով Դատարանի կայացրած որոշումը ոչ թե գործին մասնակից չդարձած երրորդ անձի` որպես նոր հայտնած տեղեկատվություն է, այլ գործում արդեն իսկ առկա, պատասխանողի կողմից ներկայացրած, սակայն Դատարանի կողմից պատշաճ իրավական գնահատականի չարժանացած ապացույցները և փաստերը, ինչպես նաև դրանց համակարգային վերլուծությունը գործով կիրառելի իրավական ակտերի համատեքստում:
Վճռաբեկ բողոքում ներկայացված վերլուծությունները թեև աշխատանքային իրավական այլ վեճերով կարող են վերաբերելի լինել, սակայն սույն գործով չեն կարող «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի տեքստից կտրված մեկնաբանվել և նույնացվել գործատու-աշխատող սովորական հարաբերություններին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ Արմավիրի մարզպետի 04.05.2017 թվականի թիվ 179-Ա որոշման համաձայն` «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընտրված տնօրեն Վարազդատ Հակոբյանի հետ 04.05.2017 թվականից կնքվել է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով (գ.թ. 9):
2) Համաձայն «Փարաքարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու և գույք հետ վերցնելու մասին ՀՀ կառավարության 24.08.2017 թվականի թիվ 1051-Ա որոշման 2-րդ կետի` «Փարաքարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Նույն որոշման 3-րդ կետով սահմանվել է, որ «Փարաքարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան (գ.թ. 72-73):
3) ՀՀ Արմավիրի մարզպետի 30.10.2017 թվականի թիվ 412-Ա որոշման համաձայն, ի կատարումն ՀՀ կառավարության 24.08.2017 թվականի թիվ 1051-Ա որոշման, «Փարաքարի միջնակարգ դպրոց» և «Փարաքարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների վերակազմակերպման իրականացման նպատակով որոշվել է 30.10.2017 թվականից դադարեցնել «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարազդատ Հակոբյանի լիազորությունները` լուծելով նրա հետ 04.05.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը (գ.թ. 11):
4) ՀՀ Արմավիրի մարզի «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը «Հայրենականչ» մշակութային թերթի 12.12.2017 թվականի համարում հայտարարել է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (գ.թ. 12):
5) ՀՀ Արմավիրի մարզպետի 07.02.2018 թվականի թիվ 23-Ա որոշման համաձայն` «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընտրված տնօրեն Արմենուհի Տեր-Խաչատրյանի հետ 07.02.2018 թվականից կնքվել է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով (գ.թ. 53):
6) Դատարանի 06.09.2018 թվականի վճռի դեմ 03.10.2018 թվականին փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Արմենուհի Տեր-Խաչատրյանի ներկայացուցիչը` հայտնելով, որ Դատարանի վճիռը կայացվել է Արմենուհի Տեր-Խաչատրյանի իրավունքների վերաբերյալ, քանի որ «հայցվորի` զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում խախտվում են վստահորդիս աշխատանքային իրավունքները և ՀՀ օրենսդրությամբ սահմանված` դպրոցի տնօրենին ներկայացվող պահանջները սահմանող իրավանորմերը» (գ.թ. 101-106, 114):
7) Վերաքննիչ դատարանի 26.12.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Արմենուհի Տեր-Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` մասնակիորեն բեկանվել է Դատարանի 06.09.2018 թվականի վճիռը և այն փոփոխվել` հայցը` Վարազդատ Հակոբյանին «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին, մերժվել է: Որոշվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանից հօգուտ Վարազդատ Հակոբյանի բռնագանձել միջին աշխատավարձ` հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար` սկսած 30.10.2017 թվականից մինչև 30.07.2018 թվականը ներառյալ: Դատարանի 06.09.2018 թվականի վճիռը` մնացած մասով, թողնվել է անփոփոխ (գ.թ. 142-151):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 4-րդ մասի, 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում ամրագրված իրավանորմերի կիրառման առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։
ՀՀ վճռաբեկ դատարանն նախկինում կայացված իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձած անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից` գործին մասնակից չդարձած այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումների առկայության դեպքում վերաքննիչ դատարանը չի կարող կիրառել նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը` առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ կամ չհաստատված համարելով դատարանի հաստատած փաստը, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ նույն հոդվածի նույն մասի 5-րդ կետի համաձայն` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից` բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես դատական ակտի պարտադիր բեկանման հիմք, սահմանել է նաև այն դատական ակտի բեկանումը, որն ազդել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա: Ընդ որում, որպես ընդհանուր կանոնից բացառություն, օրենսդիրը նախատեսել է այն դեպքը, երբ դատարանը գործի քննության մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն վերջինս չի ցանկացել ներգրավվել այդ գործին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, սահմանելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ըստ էության առանձնացրել է այնպիսի դատավարական սխալները, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը` անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո` գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման անվերապահ որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած վերը նշված դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերաքննիչ դատարանին վերապահել է դատական ակտը բեկանելու լիազորություն, այդուհանդերձ` օրենսդիրն ամրագրել է, որ այն դեպքում, երբ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` դատական ակտի բեկանման անվերապահ հիմքերից մեկը, ապա վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը չի կարող բեկանել և տեղում փոփոխել առաջին ատյանի դատարանի վճիռը: Այսինքն` օրենսդրորեն վերաքննիչ դատարանին արգելվել է վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում հայտնաբերելիս կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորությունները: Հետևաբար, պատասխանելով վերոգրյալ իրավական հարցադրմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանը հանգում է եզրակացության, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, ապա պարտավոր է բեկանել դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանը համանման դիրքորոշում է հայտնել նաև Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով, արձանագրելով, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և դատական ակտը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի բեկանման անվերապահ որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը (տե՛ս, Տաթևիկ Գալստյանն ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1118/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Վերը նշված դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` ըստ ՀՀ Արմավիրի մարզպետի 04.05.2017 թվականի թիվ 179-Ա որոշման` «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընտրված տնօրեն Վարազդատ Հակոբյանի հետ 04.05.2017 թվականից կնքվել է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով:
Այնուհետ` ՀՀ Արմավիրի մարզպետի 30.10.2017 թվականի թիվ 412-Ա որոշմամբ, ի կատարումն ՀՀ կառավարության 24.08.2017 թվականի թիվ 1051-Ա որոշման, «Փարաքարի միջնակարգ դպրոց» և «Փարաքարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների վերակազմակերպման իրականացման նպատակով որոշվել է 30.10.2017 թվականից դադարեցնել «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարազդատ Հակոբյանի լիազորությունները` լուծելով նրա հետ 04.05.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Հետագայում` ըստ ՀՀ Արմավիրի մարզպետի 07.02.2017 թվականի թիվ 23-Ա որոշման` «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընտրված տնօրեն Արմենուհի Տեր-Խաչատրյանի հետ 07.02.2018 թվականից կնքվել է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով:
Դատարանը 06.09.2018 թվականի վճռով բավարարել է Վարազդատ Հակոբյանի հայցը` պատճառաբանելով, որ «հայցվորի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ուստի հայցվորի խախտված աշխատանքային իրավունքները ենթակա են վերականգնման և հայցվորի օգտին պատասխանողից պետք է գանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար»:
Դատարանի 06.09.2018 թվականի վճռի դեմ 03.10.2018 թվականին փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Արմենուհի Տեր-Խաչատրյանի ներկայացուցիչը` հայտնելով, որ Դատարանի վճիռը կայացվել է Արմենուհի Տեր-Խաչատրյանի իրավունքների վերաբերյալ, քանի որ «հայցվորի` զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում խախտվում են վստահորդիս աշխատանքային իրավունքները և ՀՀ օրենսդրությամբ սահմանված` դպրոցի տնօրենին ներկայացվող պահանջները սահմանող իրավանորմերը»:
Վերաքննիչ դատարանը 26.12.2018 թվականի որոշմամբ դատական ակտը մասնակիորեն բեկանելով և փոփոխելով արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերած անձ Արմենուհի Տեր-Խաչատրյանը, սույն գործով գործին մասնակից չդարձած անձ է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանել է, որ «մի կողմից աշխատանքից ազատված Վարազդատ Հակոբյանի հաստիքը ներկայումս զբաղեցված է (…) աշխատանքի ընդունված նոր աշխատողի կողմից, մյուս կողմից էլ բողոքարկվող դատական ակտի, որով Վարազդատ Հակոբյանը վերականգնվել է իր նախկին աշխատանքում, կայացման պահին արդեն իսկ լրացած է եղել Վարազդատ Հակոբյանի 65 տարին, որպիսի հանգամանքները գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունները ինքնին վերականգնելու անհնարինության հիմք են հանդիսանում: (...) հիմնավոր չհամարելով հայցվոր Վարազդատ Վիլիկի Հակոբյանին «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձումը մինչև վճռի օրինական ուժի մետ մտնելու պահը շարունակելու վերաբերյալ Առաջին ատյանի դատողությունները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ արդեն իսկ հիշատակված պատճառաբանություններով Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ (...)»:
Վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործով Դատարանի 06.09.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել է գործին մասնակից չդարձած անձ Արմենուհի Տեր-Խաչատրյանի կողմից: Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ «սույն գործով վճիռը ոչ թե պետք է բեկանել և ուղարկել նոր քննության, այլ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու` Վերաքննիչ դատարանի լիազորությունը», քանի որ «առաջին ատյանի դատարանի կողմից առկա է հաստատված փաստ, որը հնարավորություն է ընձեռում Վերաքննիչ դատարանին դատական ակտը բեկանելիս փոփոխել այն: Ընդ որում, Առաջին ատյանի դատական ակտը փոփոխելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»:
Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգելով, որ բողոքարկված վճիռը կայացվել է գործին մասնակից չդարձված անձի` Արմենուհի Տեր-Խաչատրյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ և այն ուղղակիորեն ազդում է վերջինս իրավունքների վրա, միաժամանակ հանգել է այն հետևության, որ դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է օրենսդրի պահանջն այն մասին, որ դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտման առկայության հիմքով բեկանելիս չի կարող կիրառվել դատական ակտը բեկանելու և փոփոխելու վերաքննիչ դատարանի լիազորությունը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձած անձի` Արմենուհի Տեր-Խաչատրյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինելու մասին եզրահանգման գալու պարագայում Վերաքննիչ դատարանի կողմից ենթակա էր կիրառման դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերաքննիչ դատարանի լիազորությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. Միքայելյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2021 թվական: