Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-29-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (02.02.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.01/6(461) Հոդ.135
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին


«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 փետրվարի 2004 թվականի, ՀՕ-40-Ն, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հարկադիր կատարման ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:

Հարկադիր կատարման ծառայության համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից:

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներն են`

- վերահսկողության և օրենսդրության կատարելագործման վարչությունը.

- հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմինը: 

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են ունենալ բաժիններ: Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի բաժինները սպասարկում են նաև վերահսկողության և օրենսդրության կատարելագործման վարչությանը:

Գլխավոր հարկադիր կատարողը կարող է ունենալ օգնականներ, որոնք համարվում են կենտրոնական մարմնի ծառայողներ:

Հարկադիր կատարման ծառայության տարածքային մարմիններն են հարկադիր կատարման մարզային (Երևանի քաղաքային) բաժինները, որոնց կազմում գործում են բաժանմունքներ:

Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Հոդված 2.

Օրենքի 4-րդ հոդվածում`


ա) առաջին մասի 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- Հայաստանի  Հանրապետության  դատական  ակտերի  գլխավոր հարկադիր կատարող (այսուհետ` գլխավոր հարկադիր կատարող),».

բ) առաջին մասի 1-ին կետի 2-րդ ենթակետում «հարկադիր կատարման ապահովման» բառերը փոխարինել «վերահսկողության և օրենսդրության կատարելագործման» բառերով.

գ) երկրորդ մասի «հարկադիր կատարողներ» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ծառայողներ (այսուհետ՝ հարկադիր կատարողներ)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5.

Հարկադիր կատարողների կոչումները

 

1. Հարկադիր կատարողներին շնորհվում են արդարադատության հետևյալ կոչումները, որոնք դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) բարձրագույն խմբի կոչում`

- արդարադատության գեներալ-մայոր.

2) գլխավոր խմբի կոչումներ`

- արդարադատության գնդապետ,

- արդարադատության փոխգնդապետ.

3) առաջատար խմբի կոչումներ`

- արդարադատության մայոր,

- արդարադատության կապիտան,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ:

Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանված արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, շնորհում է գլխավոր հարկադիր կատարողը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

6. Հարկադիր կատարողը, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները

 

Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետևյալ առավելագույն կոչումները.

Պաշտոնի անվանումը Առավելագույն կոչումը
գլխավոր հարկադիր կատարող արդարադատության գեներալ-մայոր
վարչության պետ,
վարչության պետի տեղակալ,
գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
արդարադատության գեներալ-մայոր
կենտրոնական մարմնի բաժնի պետ,
վարչության բաժնի պետ,
Երևանի քաղաքային բաժնի պետ,
մարզային բաժնի պետ
արդարադատության գնդապետ
բաժնի պետի տեղակալ,
բաժանմունքի պետ,
գլխավոր խորհրդատու
արդարադատության փոխգնդապետ
առաջատար խորհրդատու,
առաջին կարգի խորհրդատու,
ավագ հարկադիր կատարող 
արդարադատության մայոր
հարկադիր կատարող, տեսուչ արդարադատության կապիտան»:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

- արդարադատության լեյտենանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- արդարադատության կապիտան` 3 տարի,

- արդարադատության մայոր` 4 տարի,

- արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:

Արդարադատության գնդապետի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում:».

բ) երկրորդ մասը «համապատասխան կոչում» բառերից հետո լրացնել «, պաշտոնի նշանակվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում» բառերով.

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ և հինգերորդ մասեր.

«4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում առաջին անգամ նշանակված քաղաքացիներին լեյտենանտից ցածր զինվորական կամ հատուկ կոչում, դասային աստիճան, որակավորման դաս ունենալու, ինչպես նաև կոչում չունենալու դեպքում շնորհվում է արդարադատության լեյտենանտի կոչում:

5. Հարկադիր կատարողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`

1) նրա նկատմամբ ատեստավորումից հետո ընդունվել է որոշում ատեստավորումը հետաձգելու և վերապատրաստման գործուղելու մասին.

2) նա ունի կարգապահական տույժ.

3) նա գտնվում է քրեական հետապնդման մեջ, կամ նրա նկատմամբ կատարվում է ծառայողական քննություն:

Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին կետում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունում «հանվում է» բառը փոխարինել «չի հաշվարկվում» բառով:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարման ծառայությունում, որպես հարկադիր կատարող, ծառայության կարող է անցնել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը, անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի).

2) տիրապետում է հայերենին.

3) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր ծառայողի պարտականությունները:

Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի կարող են նշանակվել նաև սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով և 13-րդ հոդվածով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.

«1.1 Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ մասնագիտական գիտելիքներին, գործնական և անձնական հատկանիշներին ներկայացվող պահանջների) բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները  մինչև պաշտոնի նշանակվելը կարող են ներգրավվել մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների գործունեությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:

Հարկադիր կատարման ծառայության վարչության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մյուս պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Հարկադիր կատարման ծառայության վարչության պետի տեղակալներին և վարչության ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` վարչության պետի ներկայացմամբ:»:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

1. Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում:

2. Վարչության պետ, վարչության պետի տեղակալ կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

3. Հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, որը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երկու տարի առաջատար խմբի պաշտոն:

4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով` մրցույթի արդյունքների հիման վրա:

5. Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները:

Այլ մարմնում ծառայություն անցած  և հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի թափուր պաշտոնի նշանակված հարկադիր կատարողին ավելի բարձր պաշտոնի նշանակելիս հաշվի է առնվում նաև այլ մարմնում ծառայության ժամկետը: 

Զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնների համապատասխանությունը հարկադիր կատարման ծառայության պաշտոններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հարկադիր կատարման ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, այդ թվում` ծառայողական քննության դեպքում, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` հարկադիր կատարման ծառայության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով:

Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր կամ իր համաձայնությամբ ավելի ցածր պաշտոնի:»:

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ և 12.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 12.1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

2. Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասին տրվում է հայտարարություն առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ: Մրցույթի հայտարարության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցելու մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:

4. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

5. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի:

6. Թեստավորումը անցկացվում է գրավոր: Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

բ) հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրության.

գ)  հարկադիր կատարողի գործառույթները սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության (մասնագիտական հարցեր):

Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է տրամադրվի մասնակիցներին:

Թեստավորման առաջադրանքներում ընդգրկված յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:

7. Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց` նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկությունից հետո հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

8. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը:

9. Մրցույթի արդյունքների հրապարակվելուց հետո մասնակիցը (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամը արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ օրվա ընթացքում, այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

11. Եթե մրցույթից հետո մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկությունից հետո չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, կամ մրցույթում հաղթած մասնակիցներից ոչ մեկը մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ երեք օրվա ընթացքում, պաշտոնում նշանակվելու համար դիմում չի ներկայացրել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

Նոր մրցույթը հայտարարվում է մեկ ամիս հետո սույն հոդվածով սահմանված կարգով:

12. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Մրցութային հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 12.2. Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը


1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի տևողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

2. Փորձաշրջանի ընթացքում ծառայողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված են հարկադիր կատարողների համար:

3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից ծառայողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.

1) սահմանված կարգով ծառայողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը.

2) ծառայողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը:

4. Եթե ծառայողը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ:

Եթե փորձաշրջանն անցնելուց հետո ծառայողը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:»:

 

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Հարկադիր կատարողի ատեստավորման կարգն ու պայմանները

 

1. Յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Ատեստավորումն անցկացվում է հարկադիր կատարողի անմիջական մասնակցությամբ:

4. Ատեստավորման ենթակա չեն`

1) հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

Հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:

5. Ատեստավորման ենթակա հարկադիր կատարողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

6. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է հարկադիր կատարողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ հարկադիր կատարողի գործնական, մարդկային հատկանիշների մասին և ներառի ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:

Հարկադիր կատարողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հարկադիր կատարողի ատեստավորման արդյունքների վրա:

7. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ելնելով ծառայության առանձնահատկություններից՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

8. Ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ատեստավորումը հետաձգել և հարկադիր կատարողին գործուղել վերապատրաստման.

3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Սույն մասի 2-րդ կետին համապատասխան՝ վերապատրաստման գործուղված հարկադիր կատարողի ատեստավորումն անցկացվում է վերապատրաստման ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, որի մասին ծառայողը տեղեկացվում է ոչ ուշ, քան ատեստավորման անցկացման օրվանից 5 օր առաջ:

9. Հարկադիր կատարողն ատեստավորման արդյունքներին ծանոթացվում է դրա անցկացման օրը: Հարկադիր կատարողն իրավունք ունի ատեստավորման հանձնաժողովին բողոքարկելու ատեստավորման արդյունքները դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ մեկ օրվա ընթացքում:

10. Ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքները, այդ թվում` բողոքարկումները և դրանց քննարկման արդյունքներն ու կայացված որոշումները, ատեստավորման օրվանից հետո՝ 7 օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

11. Ատեստավորման արդյունքները հավաստող փաստաթղթերը պահվում են հարկադիր կատարողի անձնական գործում:»:

 

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասում «10-րդ մասի 4-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ մասի 2-րդ կետով» բառերով:

Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը

 

1. Հարկադիր կատարողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (իսկ մինչև մեկ տարին լրանալը՝ միայն իր համաձայնության դեպքում).

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի, եթե ատեստավորումից հետո կայացվել է որոշում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին: Նման պաշտոնի բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է ազատվել ծառայությունից.

4) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

2. Առանց իր համաձայնության ծառայողին այլ մարզ ծառայության փոխադրելը թույլատրվում է, եթե տվյալ ծառայողի նկատմամբ վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ:

3. Հարկադիր կատարողը, իր դիմումի համաձայն, կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր:»:

 

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածում «առաջատար խմբի ծառայողներին՝» բառերը փոխարինել «առաջատար խմբի ծառայողներին (բացառությամբ վարչության ծառայողների, որոնց փոխադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը)՝ » բառերով:

Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածում`

ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) իր անձնական գործի բոլոր նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերի ծանոթանալն ու բացատրություններ ներկայացնելը.».

բ) 9-րդ կետի «նշանակման և» բառերը փոխարինել «պաշտոնի նշանակման և» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19. Հարկադիր կատարողի պարտականությունները

 

1. Հարկադիր կատարողի պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները կատարելը.

5) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

7) եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:

2. Հարկադիր կատարողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն: Ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Հարկադիր կատարողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:»:

 

Հոդված 18. Օրենքի 20-22-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, վերահսկում և մեթոդական ղեկավարում է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը`

1) կազմակերպում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության գործունեության նկատմամբ.

2) ընդունում է հարկադիր կատարման ծառայության գործունեության կազմակերպմանն  ուղղված հրամաններ և որոշումներ, տալիս է ցուցումներ.

3) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամաններն ու ցուցումները.

4) նշանակում կամ դադարեցնում է ծառայողական քննությունները, փոփոխում է ծառայողական քննություն կատարողին.

5) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել ծառայողի լիազորությունները.

6) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 21. Գլխավոր հարկադիր կատարողի լիազորությունները

 

1. Գլխավոր հարկադիր կատարողը`

1) ղեկավարում և հսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության (բացառությամբ վարչության) գործունեության նկատմամբ.

2) ապահովում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.

3) ընդունում է հարկադիր կատարման ծառայության (բացառությամբ վարչության) գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.

4) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ծառայության կառուցվածքի վերաբերյալ.

5) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` հարկադիր կատարման ծառայության ծառայողներին (բացառությամբ վարչության ծառայողների) խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

6) քննում է հարկադիր կատարողների (բացառությամբ վարչության ծառայողների) նկատմամբ բերված բողոքները, վերացնում է անօրինական որոշումները.

7) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ.

8) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է միջնորդել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ժամանակավորապես դադարեցնել ծառայողի լիազորությունները.

9) իրականացնում է հարկադիր կատարման ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.

10) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է ծառայության դեպոզիտ հաշիվը.

11) սահմանում է մարզային (Երևանի քաղաքային) բաժինների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.

12) կազմակերպում է ծառայողների մասնագիտական և հատուկ ուսուցումը.

13) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության ծառայողներին (բացառությամբ վարչության ծառայողների):

Գլխավոր հարկադիր կատարողն ունի նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Գլխավոր հարկադիր կատարողը պատասխանատվություն է կրում ծառայության խնդիրների իրականացման համար:

3. Գլխավոր հարկադիր կատարողի բացակայության ժամանակ նրա լիազորություններն իրականացնում է նրա տեղակալը: Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը կատարում է նաև գլխավոր հարկադիր կատարողի այլ հանձնարարություններ:

Հոդված 22. Վարչության պետի լիազորությունները

1. Վարչության պետը`

1) կազմակերպում և հսկողություն է իրականացնում վարչության գործունեության նկատմամբ.

2) ստուգումների միջոցով վերահսկողություն է իրականացնում հարկադիր կատարման ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների (բաժիններ, (բաժանմունքներ) գործունեության նկատմամբ.

3) ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների և ցուցումների կատարումը.

4) ընդունում է վարչության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ, տալիս է ցուցումներ.

5) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` վարչության ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

6) քննում է վարչության ծառայողների նկատմամբ բերված բողոքները.

7) զեկուցագրեր կամ եզրակացություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` հարկադիր կատարման ծառայության գործունեության ընթացքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ.

8) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ծառայողական քննություն նշանակելու համար.

9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հանձնարարությամբ անցկացնում է ծառայողական քննություններ.

10) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

11) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Վարչության պետը պատասխանատվություն է կրում վարչության խնդիրների իրականացման համար:»:

 

Հոդված 19. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3) իրականացնում է սույն օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների, որոշումների և ցուցումների, գլխավոր հարկադիր կատարողի հրամանների, ցուցումների կատարումը, միջնորդություն է ներկայացնում գլխավոր հարկադիր կատարողին բաժնի ծառայողներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին.»:

 

Հոդված 20. Օրենքի 25-րդ հոդվածում`

 

ա) երրորդ մասի աղյուսակ 1-ի՝

1) 5-րդ սյունակի վերջը «առաջատար խորհրդատու» բառերից հետո լրացնել «առաջին կարգի խորհրդատու» բառերով,  աղյուսակի վերջին տողի նախավերջին սյունակում «3.6» թիվը փոխարինել «3.30» թվով,

2) 10-րդ սյունակում «ապահովման վարչության պետ» բառերը փոխարինել «վարչության պետի տեղակալ, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ» բառերով,

3) 9-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «վարչության բաժնի պետ, կենտրոնական մարմնի բաժնի պետ»,

4) 11-րդ սյունակում «գլխավոր հարկադիր կատարող» բառերը փոխարինել «վարչության պետ» բառերով.

բ) աղյուսակ 2-ից հանել «գեներալ-լեյտենանտ 33» (1-ին տողը) բառերը.

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ  3.1-րդ մաս.

«3.1. Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնային դրույքաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:»:

 

Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով.

 

«4. Հարկադիր կատարողին չի տրվում իր` պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:»:

 

Հոդված 22. Օրենքի 32-րդ հոդվածում`

 

ա) առաջին մասի «28 օրացուցային օր» բառերը փոխարինել «28 օրացուցային օր, որում չեն ներառվում տոնական և հիշատակի օրերը» բառերով.

բ) երկրորդ մասի «նախածննդյան և հետծննդյան» բառերը փոխարինել «հղիության և ծննդաբերության» բառերով.

գ) ութերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին արձակուրդ տրամադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ գլխավոր և առաջատար խմբի ծառայողներին` գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ վարչության ծառայողների): Վարչության գլխավոր և առաջատար խմբի ծառայողների արձակուրդը տրամադրում է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:

 

Հոդված 23. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 33. Ժամանակավոր անաշխատունակության դեպքում հարկադիր կատարողին ծառայությունից ազատելը

Ժամանակավոր անաշխատունակության դեպքում հարկադիր կատարողը առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապես ազատվել իր պաշտոնական պարտականությունների կատարումից ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր:»:

Հոդված 24. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 34. Հարկադիր կատարողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա  ծառայության,  ինչպես  նաև  ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար հարկադիր կատարողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) արտահերթ կոչման շնորհում.

5) կրծքանշանով պարգևատրում:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադասի կողմից: Եթե կարգապահական տույժը նշանակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, ապա նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ կարող է հանել միայն նա:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:

4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքի:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ վարչության ծառայողների նկատմամբ)` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը վարչության ծառայողների նկատմամբ կիրառելու միջնորդությունը վարչության պետը, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, ներկայացնում է գլխավոր հարկադիր կատարողին, որը յոթնօրյա ժամկետում արձակում է համապատասխան հրաման:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաև գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ վարչության ծառայողների նկատմամբ):

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքը վարչության ծառայողների նկատմամբ կարող է կիրառել նաև վարչության պետը:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:»:

 

Հոդված 25. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու դեպքերում հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում.

4) կոչման իջեցում մեկ աստիճանով.

5) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող հարկադիր ծառայողի, ինչպես նաև վարչության ծառայողների նկատմամբ)` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը վարչության ծառայողի նկատմամբ կիրառելու միջնորդությունը վարչության պետը, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ, ներկայացնում է գլխավոր հարկադիր կատարողին, որը յոթնօրյա ժամկետում արձակում է համապատասխան հրաման:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև գլխավոր հարկադիր կատարողը (բացառությամբ վարչության ծառայողների նկատմամբ):

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը վարչության ծառայողների նկատմամբ կարող է կիրառել նաև վարչության պետը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ չի կիրառվում:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի և արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ:»:

 

Հոդված 26. Օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 36. Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

2. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին հարկադիր կատարողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, հարկադիր կատարողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կիրառող պաշտոնատար անձի կամ նրա վերադասի կողմից կարող է հանվել նաև նշանակումից վեց ամիս հետո` մինչև մեկ տարին լրանալը, եթե հարկադիր կատարողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող է հանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

6. Հարկադիր կատարողների նկատմամբ սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

7. Ծառայողական քննության ժամանակահատվածում հարկադիր կատարողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:

8. Հարկադիր կատարողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են մինչև քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

Հոդված 37. Հարկադիր կատարողին հրամաններ տալու սահմանափակումները

1. Հարկադիր կատարողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ կամ ցուցումներ, որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և իրավական այլ ակտերին.

2) հրամաններ կամ ցուցումներ տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Հարկադիր կատարողը սույն հոդվածի 1-ին մասում նշված հրամաններ կամ ցուցումներ ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

3. Ակնհայտ անօրինական հրամանը կամ ցուցումը չկատարելը հարկադիր կատարողին ազատում է հրամանը կամ ցուցումը չկատարելու համար պատասխանատվությունից:»:

 

Հոդված 27. Օրենքի 38-րդ հոդվածում`

 

ա) առաջին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.».

բ) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ և 14-րդ կետերով.

«13) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.

14) ատեստավորման արդյունքների հիման վրա, եթե համապատասխան թափուր պաշտոնի բացակայության պատճառով ավելի ցածր պաշտոնի նշանակելն անհնար է:»:

 

Հոդված 28. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները և կենսաթոշակի ապահովումը

Հարկադիր կատարման ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:»:

Հոդված 29. Օրենքի 44-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այլ աշխատանքից ստացած ամսական եկամուտը ավելի քիչ է, քան զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափը: Հատուցումը վճարվում է նրանց` ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:»:

Հոդված 30. Օրենքի 46-րդ հոդվածի երրորդ մասը «Հարկադիր կատարողի» բառերից հետո լրացնել «օրինական» բառով:


Հոդված 31. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության հարկադիր կատարման ծառայության առաջատար և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:»:

Հոդված 32. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված դրույթների:

Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոնների համալրման համար սույն օրենքով սահմանված մրցութային կարգին վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում սույն օրենքի հրապարակումից 6 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունվարի 16
      Երևան
    ՀՕ-29-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան