Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0231/04/16

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0231/04/16

Նախագահող դատավոր՝

 Ն. Մարգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. Մկրտչյան
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Ավագյանի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.03.2019 թվականի որոշման դեմ ըստ դիմումի Կարեն Սավզյանի ընդդեմ Արմեն Ավագյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարեն Սավզյանը պահանջել է Արմեն Ավագյանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 22.08.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Դատարանի 26.08.2016 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հայկ Կոշեցյանը (այսուհետ՝ Կառավարիչ):

Դատարանի 22.05.2017 թվականի որոշմամբ պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.03.2019 թվականի որոշմամբ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է: Դատարանի՝ «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» 22.05.2017 թվականի որոշումը մասնակի` Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/1 շինության օտարումը թույլատրելու մասով բեկանվել է, և հարցն ուղարկվել է նույն դատարան` «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի մասնակցությամբ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը։

Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ստուգել և պարզել «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի և վերջինիս ներկայացուցչի լիազորությունների օրինականությունը, ինչը, սակայն, չի իրականացրել:

Վերաքննիչ դատարանը չի ուսումնասիրել փաստերն առ այն, որ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի մասով դեռևս 16.02.2016 թվականից սկսված էր թիվ ԱՎԴ/0001/04/16 սնանկության վարույթը, և «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի մասով առկա է եղել լուծարման գործընթաց։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է. «բավարարել վճռաբեկ բողոքը՝ վերացնելով ՀՀ վերաքննիչ դատարանի 2019 թվականի մարտի 01-ի որոշումը՝ անհրաժեշտության դեպքում կայացնելով նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Թիվ ԱՎԴ/0001/04/16 գործով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 16.02.2016 թվականի վճռով «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, 14.03.2016 թվականին սնանկության կառավարիչ է նշանակվել Վարդգես Բալաբեկյանը, իսկ 01.09.2016 թվականի որոշմամբ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ (հիմք՝ www.court.am պաշտոնական կայք)

2) «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, և Արմեն Ավագյանի միջև 27.12.2014 թվականին կնքված ներդրումային վարկային պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն պարտավորվում է Արմեն Ավագյանին տրամադրել վարկ 650.000 ԱՄՆ դոլար գումարի չափով, երեք տարի ֆիքսված, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, իսկ Արմեն Ավագյանը պարտավորվում է վերադարձնել վարկը և վճարել դրա օգտագործման համար հաշվարկված տոկոսները

3) «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, Արմեն Ավագյանի, «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի միջև 27.12.2014 թվականին կնքված թիվ 246601 պարտապան չհանդիսացող անձին պատկանող անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` Արմեն Ավագյանի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջև 27.12.2014 թվականին կնքված թիվ VP030105 ներդրումային վարկավորման պայմանագրով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հանդեպ Արմեն Ավագյանի ստանձնած պարտավորությունները վերջինիս կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն իրավունք ունի Արմեն Ավագյանի նկատմամբ իր պահանջները բավարարել Պայմանագրի 1.2 կետում նշված անշարժ գույքի հաշվին:

- Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` գրավի առարկա են հանդիսանում Արարատի մարզի, գ. Այնթապ 1 փողոց, թիվ 1/1 Մ. Մելքոնյանի անվան Այնթապի գործ. ԲԲԸ շենքերը, շինությունները և հողամասը,

- Պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն` պայմանագիրը կնքելու պահի դրությամբ գրավադրված գույքը սեփականության իրավունքով պատկանում է «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ին, ինչը հավաստվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից 04.10.2007 թվականին տրված թիվ 2407879 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 21-28)

4) Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի անունից, որը ստորագրել է «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից լիազորված անձը (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 36-42, 49):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Օրենքի 47-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկ ճանաչված պարտապանը կարող է իր անունից ինքնուրույն իրացնել իր դատավարական իրավունքներն ու պարտականությունները:

 

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը սնանկության գործով դիմում է դատարան` նույն օրենքով նախատեսված դեպքերում:

Նույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը՝ պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի դատավարական իրավունքներն իրացնում է կառավարիչը: Մասնավորապես` վերջինս պարտապանի անունից դիմում է դատարաններ դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից: Նշվածից հետևում է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքը ևս իրացնում է կառավարիչը (տե´ս, Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանն ընդդեմ Լեյլի Պետրոսյանի, Թերեզա և Մարի Նախոյանների ԱՐԱԴ/0333/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ (…) Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանը (ղեկավարը) գործում է նույն օրենքի 47-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով նախատեսված կարգով:

Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի համաձայնությամբ և նրա հսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու կամ պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող ցանկացած գործողություն կատարել առանց կառավարչի թույլտվության: Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը` նույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պարտապանի կողմից նույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջների խախտումով կնքված ցանկացած գործարք առոչինչ է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Օրենքի 47-րդ հոդվածին, արձանագրել, որ սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են կառավարչին, որն էլ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք (տե´ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):

Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 26.01.2021 թվականի ՍԴՈ-1572 որոշմամբ արձանագրել է, որ պարտապանի՝ սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը: Նման իրավակարգավորումը չի կարող դիտարկվել որպես պարտապանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, քանի որ բոլոր դեպքերում այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո այլ դատական գործերով իր անունից ինքնուրույն չի կարող իրացնել իր դատավարական իրավունքներն ու պարտականությունները, քանի որ նրա անունից ի պաշտոնե հանդես է գալիս սնանկության գործով կառավարիչը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո չի կարող զրկվել նույն սնանկության գործի շրջանակներում իր դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից (օրինակ՝ Օրենքի 31-րդ հոդվածի հիմքով կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը, սնանկության գործի շրջանակներում կայացված դատական ակտերը բողոքարկելը, Օրենքով սահմանված դեպքերում առարկություններ ներկայացնելը և այլն):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կարեն Սավզյանը դիմել է դատարան Արմեն Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջով: Դատարանի վճռով դիմումը բավարարվել է։

22.05.2017 թվականին Դատարանը կայացրել է «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշում:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 16.02.2016 թվականի վճռով «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը և պահանջել է «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը մասնակի` Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/1 շինության օտարումը թույլատրելու մասով, վերացնել:

Վերաքննիչ դատարանի 01.03.2019 թվականի որոշմամբ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է: Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը մասնակի` Արարատի մարզի Այնթապ 1-ին փողոցի թիվ 1/1 շինության օտարումը թույլատրելու մասով, բեկանվել և հարցն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության՝ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի մասնակցությամբ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշումն ուղղակիորեն առնչվում է բողոքաբեր «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի իրավունքներին և պարտականություններին, առաջացնում է որոշակի պարտականություններ, հետևաբար «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ն պետք է մասնակից դարձվեր սույն սնանկության գործի քննությանը, երբ որոշվում էր նրա գույքին վերաբերող հարցեր: Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել բողոքաբերի այն փաստարկը, որ բողոքարկվող որոշումը կայացվել է դատավարական նորմերի խախտումներով, քանզի վերաբերել է «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի գույքին, որի մասին, սակայն, ծանուցված չի եղել:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացված այն փաստարկներին, որ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ն չի կարող հանդես գալ ի դեմս տնօրենի, քանի որ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ չեն ներկայացվել ապացույցներ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի լուծարման կամ գործողությունը կասեցված լինելու վերաբերյալ, և գտել է, որ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ն կարող է հանդես գալ ի դեմս տնօրենի։

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է (տե´ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը մի կողմից ապահովել է անձի դատական պաշտպանության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող դատական ակտերի բողոքարկման իրավունքը, մյուս կողմից սահմանել է այդ իրավունքն օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնելու պարտադիրությունը։ Այսինքն՝ երբ օրենքով հստակ սահմանված է բողոքարկման իրավունք ունեցող անձանց շրջանակը, բողոքարկման ժամկետները, բողոքարկման ենթակա դատական ակտերը, ապա նշված հանգամանքների խախտումը հանգեցնում է անձի դատական պաշտպանության՝ այդ թվում բողոքարկման իրավունքի իրավաչափ սահմանափակմանը։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են կառավարչին, որն էլ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 22.05.2017 թվականի «Պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու վերաբերյալ կառավարչի միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի անունից: Բողոքը ներկայացվել է «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից լիազորված անձի կողմից և վերջինիս ստորագրությամբ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ թիվ ԱՎԴ/0001/04/16 գործով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 16.02.2016 թվականի վճռով «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Ավելին, Դատարանի որոշմամբ «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ։

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

(…)

3) գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները`

(…)

15) այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները.

(…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկ ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց շահերը օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնում է սնանկության կառավարիչը (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը, որի նպատակն արդարադատության պատշաճ իրականացման ապահովումն է: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման անմիջական և հետաձգված կարգեր: Անմիջական բողոքարկման են ենթակա այն միջանկյալ դատական ակտերը, որոնց չբողոքարկման արդյունքում օբյեկտիվ արգելքներ են առաջանում գործի հետագա քննության համար, իսկ դրանց բողոքարկման անհնարինությունը դատական ակտի կայացման չարդարացված ձգձգումների և քաղաքացու իրավունքների խախտման է հանգեցնում, որոնց հետագա դատական պաշտպանությունն ապագայում չի կարող ապահովվել կամ չի կարող հանգեցնել արդյունավետ վերականգնման:

ՀՀ սահմանադրական դատարանը 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719, 28.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-918 և 02.11.2010 թվականի թիվ ՍԴՈ-922 որոշումներում արձանագրել է, որ օրենսդիրը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սահմանելով տվյալ միջանկյալ ակտի անմիջական բողոքարկման հնարավորություն` չի բացառել միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությունը գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման շրջանակներում: Փաստորեն օրենսդիրը տարբերակել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և, ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումները, իրավակարգավորումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բացակայում է «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի տնօրենի անունից սույն գործով վերաքննիչ բողոք բերելու իրավական հնարավորությունը, նկատի ունենալով, որ թիվ ԱՎԴ/0001/04/16 գործով Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 16.02.2016 թվականի վճռով «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Այսինքն տվյալ դեպքում վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել բացառապես «Այնթապի տեքստիլագործ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի կողմից, որպես ի պաշտոնե ներկայացուցչի, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար Վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փոխարեն, պետք է այն վերադարձներ՝ իրավական հնարավորություն ընձեռելով շահագրգիռ անձին իր բողոքարկման իրավունքն իրացնելու պատշաճ ներկայացուցչի կողմից։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ է ընդունել և այն ըստ էության քննության առնելով՝ բավարարել։ Ընդ որում, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով հանդիսանալով միջանկյալ դատական ակտ, անմիջականորեն ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով։ Հետևաբար նշված դատական ակտի նկատմամբ կիրառման ենթակա է հետաձգված բողոքարկման կառուցակարգը, որը և իրացվել է սույն վճռաբեկ բողոքի շրջանակներում։

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը վերացնելու լիազորությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե բացակայում են վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.03.2019 թվականի որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. Մկրտչյան
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան