Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.08.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1761/05/14

2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1761/05/14

Նախագահող դատավոր՝

 Կ. Բաղդասարյան

Դատավորներ՝

Կ. Մաթևոսյան

Կ. Ավետիսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի օգոստոսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.04.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աշոտ Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), Կարապետ Մարտիրոսյանի, Ալվարդ Վարդանյանի` 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով պատճառված վնասը հատուցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Աշոտ Մարտիրոսյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին հատուցել 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով պատճառված վնասը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Խանդանյան) 16.04.2015 թվականի վճռով Աշոտ Մարտիրոսյանի հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան, դատավորներ՝ Ք. Մկոյան, Գ. Ղարիբյան) 11.11.2015 թվականի որոշմամբ Կոմիտեի և Նախարարության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 16.04.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.12.2016 թվականի որոշմամբ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.11.2015 թվականի որոշումը Նախարարության վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Արթուր Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 12.06.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.04.2019 թվականի որոշմամբ Դատարանի 12.06.2017 թվականի վճռի դեմ Աշոտ Մարտիրոսյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վարչական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Մարտիրոսյանը (ներկայացուցիչ Արմեն Ասատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27, հոդվածները, 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել օրենսդրի կողմից նախատեսված այն իրավակարգավորումը, որ վարչական մարմինների` վարչարարության արդյունքում պատասխանատվության ծագման անհրաժեշտ պայման է նրանց կողմից իրականացված վարչարարությունը սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչելը, ինչը տվյալ դեպքում հաստատվել է ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/3778/05/12 վճռով:

Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է, քանի որ հայցվորի կողմից չէր կարող վարչական ակտ վիճարկվել այն պարզ պատճառով, որ մեկ պետական մարմինը Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված տեղեկատվությունը մեկ այլ պետական մարմնի՝ ԴԱՀԿ ծառայությանը տրամադրել էր վարչական մարմինների փոխօգնության շրջանակներում, նման պայմաններում վարչական ակտ լինել չէր կարող: Տվյալ դեպքում վիճարկվել և անվիճելի է դարձել վարչական մարմնի գործողությունը, որը դրսևորվել է Ծառայության ոչ իրավաչափ տեղեկատվության տրամադրմամբ, որի հետևանքով Աշոտ Մարտիրոսյանը վնաս է կրել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը պատշաճ գնահատական չի տվել գործում առկա ապացույցներին, որի հետևանքով սխալ է մեկնաբանել Աշոտ Մարտիրոսյանին պատճառված վնասի և Կոմիտեի ոչ իրավաչափ ճանաչված տեղեկատվության միջև եղած պատճառահետևանքային կապը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Աշոտ Մարտիրոսյանի ընդդեմ Գայանե, Շուշան Մկրտչյանների և Վահե Գրիգորյանի՝ պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Երևան

քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 12.04.2010 թվականի «Հայցի ապահովում կիրառելու մասին» որոշմամբ արգելանք է դրել Գայանե, Շուշան Մկրտչյանների և Վահե Գրիգորյանի անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 12).

2) Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանման 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ Ծառայությանը հայտնվել է, որ Շուշան Մկրտչյանի անվամբ Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հատոր 1-ին, գ.թ. 13).

3) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով 15.12.2011 թվականին կայացրած վճռով հաստատված հաշտության համաձայնության համաձայն` Շուշան Մկրտչյանը և Վահե Գրիգորյանը պարտավորվել են նշված քաղաքացիական գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր ամիս Աշոտ Մարտիրոսյանին վճարել 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ մինչև 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի մարումը: Նշված հաշտության համաձայնությամբ կողմերը համաձայնել են նաև, որ վերացվի Վահե Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող «Մերսեդես C 240» մակնիշի 17 ՏՏ 934 համարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը: Նույն վճռով մասնակի վերացվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2010 թվականի «Հայցի ապահովում կիրառելու մասին» որոշմամբ դրված արգելանքը` արգելանքից հանվել է «Մերսեդես C 240» մակնիշի 17 ՏՏ 934 համարանիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 8-10).

4) Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի 06.09.2012 թվականի որոշման համաձայն՝ թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով 26.03.2012 թվականին վերսկսված թիվ 01/07-1402/12 կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` կատարողական գործողությունների ընթացքում պարտապանը և նրան պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 18).

5) Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի 11.09.2014 թվականի թիվ 15298/07 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.03.2012 թվականի թիվ ԵԱՆԴ/0525/02/10 կատարողական թերթերի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում հարուցված թիվ 01/07-1402/12 և թիվ 01/07-1550/12 կատարողական վարույթներով պարտապաններ Վահե Գրիգորյանից և Շուշանիկ Մկրտչյանից հօգուտ պահանջատեր Աշոտ Մարտիրոսյանի գումար չի բռնագանձվել (հատոր 1-ին, գ.թ. 69).

6) թիվ ՎԴ/3778/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.07.2013 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված տեղեկատվությունը ճանաչվել է ոչ իրավաչափ (հատոր 1-ին, գ.թ. 19-23).

7) Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 20.02.2014 թվականի թիվ Ե-09 գրության համաձայն` Աշոտ Մարտիրոսյանի դիմումը՝ պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 77):

 8) Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի 11.09.2014 թվականի թիվ Ել15298/7 գրությամբ ի պատասխան 08.09.2014 թվականի գրության` հայցվորի լիազորված անձ Արմեն Ասատրյանին հայտնվել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21.03.2012 թվականին տրված թիվ ԵԱՆԴ/0525/02/10 կատարողական թերթի հիման վրա Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում հարուցված թիվ 01/07-1402/12 և թիվ 01/07-1550/12 կատարողական վարույթներով պարտապաններ Վահե Գրիգորյանից և Շուշանիկ Մկրտչյանից հօգուտ պահանջատեր Աշոտ Մարտիրոսյանի գումար չի բռնագանձվել (հատոր 1-ին, գ.թ. 69):

 9)Կադաստրի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավարի 20.02.2014 թվականի թիվ Ե-09 գրությամբ հայցվորի լիազորված անձ Արմեն Ասատրյանին հայտնվել է, որ դիմումում հիշատակված վնասն առաջացել է (եթե իրոք պարտավորությունը չի կատարվել) ոչ թե կադաստրի գործողությունների հետևանքով, այլ նրա վստահորդի պարտապանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով՝ մինչև ՀՀ վարչական դատարանի վճռով ոչ իրավաչափ ճանաչված գործողությունները կատարելը: Բացի այդ թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով կայացված վճռով հաստատված հաշտությամբ կողմերը համաձայնել են, որ վերացվի նույն գործով կիրառված հայցի ապահովումը և սահմանել են պարտքը վերադարձնելու կարգ: Հետևաբար բացակայում է Կադաստրի գործողությունների և նրա կողմից վկայակոչվող վնասի առաջացման միջև պատճառահետևանքային կապը և Կադաստրն այդ վնասը հատուցելու պարտականություն չի կրում (հատոր 1-ին, գ.թ. 77-78)

10) Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողի 15.04.2010 թվականի որոշումներով որոշվել է պարտապան Շուշան Մկրտչյանին պատկանող գույքի նկատմամբ հայտարարել հետախուզում, արգելանք դնել պարտապան Շուշան Մկրտչյանի դրամական միջոցների վրա, ինչպես նաև պարտապան Շուշան Մկրտչյանին պատկանող գույքի վրա (հատոր 5-րդ, գ.թ. 56-58):

11) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 03.04.2017 թվականի թիվ 17-7-8428 գրությամբ տեղեկացվել է, որ «MERCEDES-BENZ 200» մակնիշի 17UU934 համարանիշի ավտոմոբիլը 26.11.2008 թվականից մինչև 07.03.2012 թվականը հաշվառված է եղել Վահե Գրիգորյանի անվամբ (հատոր 5-րդ, գ.թ. 59):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածների և 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` արդյո՞ք վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ գործի վարույթը կարող է կարճվել այն պայմաններում, երբ վնասի հատուցման պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը կամ վարչական մարմնի գործողությունը (անգործությունը) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է ոչ իրավաչափ:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1) գնահատում է ապացույցները.

2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել.

3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.

4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները, անմիջականորեն գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, ապա դրանց հետազոտման և գնահատման միջոցով պարզել նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և այդ պահանջների պահպանման արդյունքում միայն որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է նաև, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե բացահայտվել են սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վնասի հատուցման անհրաժեշտ նախապայման է վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչվելը (բացի իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման դեպքերից): Դա նշանակում է, որ եթե վարչական մարմնի ակտը, գործողությունը կամ անգործությունը, մասնավորապես՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է ոչ իրավաչափ, ապա վնասի հատուցում իրականացնելու մյուս նախապայմանների առկայությամբ, մասնավորապես՝ վարչական մարմին վնասի հատուցման պահանջ ներկայացնելու կարգը և ժամկետը պահպանված լինելու պայմաններում վնասի հատուցման վերաբերյալ վարչական գործի վարույթը կարճվել չի կարող:

Ինչ վերաբերում է իրականացված վարչարարության և առաջացած վնասի միջև պատճառական կապին, ապա Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է այդ հարցին և արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապ: Այլ կերպ ասած` վարչարարության արդյունքը ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց այդ վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ: Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը (տե՛ս, Աշոտ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը կրկին հաստատում է, որ վարչարարության ոչ իրավաչափ լինելն ինքնին բավարար չէ վնասի հատուցում իրականացնելու համար: Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջը կարող է բավարարվել միայն այն դեպքում, երբ վնասը պատճառվել է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում, դրա ուղղակի հետևանք է, այսինքն` եթե վարչարարության և վնասի միջև առկա է անմիջական պատճառահետևանքային կապ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Աշոտ Մարտիրոսյանի ընդդեմ Գայանե, Շուշան Մկրտչյանների և Վահե Գրիգորյանի՝ պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 12.04.2010 թվականի «Հայցի ապահովում կիրառելու մասին» որոշմամբ արգելանք է դրել Գայանե, Շուշան Մկրտչյանների և Վահե Գրիգորյանի անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև դրամական միջոցների վրա: Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանման 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ Ծառայությանը հայտնվել է, որ Շուշան Մկրտչյանի անվամբ Հայաստանի Հանրապետությունում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով 15.12.2011 թվականին կայացրած վճռով հաստատված հաշտության համաձայնության համաձայն` Շուշան Մկրտչյանը և Վահե Գրիգորյանը պարտավորվել են նշված քաղաքացիական գործով վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր ամիս Աշոտ Մարտիրոսյանին վճարել 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ մինչև 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի մարումը: Նշված հաշտության համաձայնությամբ կողմերը համաձայնել են նաև, որ վերացվի Վահե Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող` «Մերսեդես C 240» մակնիշի 17 ՏՏ 934 համարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը: Նույն վճռով մասնակի վերացվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2010 թվականի հայցի ապահովում կիրառելու մասին որոշմամբ դրված արգելանքը` արգելանքից հանվել է «Մերսեդես C 240» մակնիշի 17 ՏՏ 934 համարանիշի ավտոմեքենան:

Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի 06.09.2012 թվականի որոշման համաձայն՝ թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով 26.03.2012 թվականին վերսկսված թիվ 01/07-1402/12 կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է` կատարողական գործողությունների ընթացքում պարտապանը և նրան պատկանող գույք կամ դրամական միջոցներ չեն հայտնաբերվել:

Թիվ ՎԴ/3778/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.07.2013 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված տեղեկատվությունը ճանաչվել է ոչ իրավաչափ:

Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի 11.09.2014 թվականի թիվ Ել15298/7 գրությամբ ի պատասխան 08.09.2014 թվականի գրության` հայցվորի լիազորված անձ Արմեն Ասատրյանին հայտնվել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21.03.2012 թվականին տրված թիվ ԵԱՆԴ/0525/02/10 կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում հարուցված թիվ 01/07-1402/12 և թիվ 01/07-1550/12 կատարողական վարույթներով պարտապաններ Վահե Գրիգորյանից և Շուշանիկ Մկրտչյանից հօգուտ պահանջատեր Աշոտ Մարտիրոսյանի գումար չի բռնագանձվել:

 Կադաստրի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման ղեկավարի 20.02.2014 թվականի թիվ Ե-09 գրությամբ հայցվորի լիազորված անձ Արմեն Ասատրյանին հայտնվել է, որ դիմումում հիշատակված վնասն առաջացել է (եթե իրոք պարտավորությունը չի կատարվել) ոչ թե Կադաստրի գործողությունների հետևանքով, այլ նրա վստահորդի պարտապանի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով՝ մինչև ՀՀ վարչական դատարանի վճռով ոչ իրավաչափ ճանաչված գործողությունները կատարելը: Բացի այդ թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով կայացված վճռով հաստատված հաշտությամբ կողմերը համաձայնել են, որ վերացվի նույն գործով կիրառված հայցի ապահովումը և սահմանել են պարտքը վերադարձնելու կարգ: Հետևաբար բացակայում է Կադաստրի գործողությունների և նրա կողմից վկայակոչվող վնասի առաջացման միջև պատճառահետևանքային կապը և Կադաստրն այդ վնասը հատուցելու պարտականություն չի կրում

 ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողի 15.04.2010 թվականի որոշումներով որոշվել է պարտապան Շուշան Մկրտչյանին պատկանող գույքի նկատմամբ հայտարարել հետախուզում, արգելանք դնել պարտապան Շուշան Մկրտչյանի դրամական միջոցների վրա, ինչպես նաև պարտապան Շուշան Մկրտչյանին պատկանող գույքի վրա:

 ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 03.04.2017 թվականի թիվ 17-7-8428 գրությամբ տեղեկացվել է, որ «MERCEDES-BENZ 200» մակնիշի 17UU934 համարանիշի ավտոմոբիլը 26.11.2008 թվականից մինչև 07.03.2012 թվականը հաշվառված է եղել Վահե Գրիգորյանի անվամբ:

Դատարանը, սույն գործով Աշոտ Մարտիրոսյանի հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2011 թվականի թիվ ԵԱՆԴ/0525/02/10 վճռի շրջանակներում կնքել է հաշտության համաձայնություն, որով համաձայնել է, որ վերացվի նույն գործով կիրառված հայցի ապահովումը` վերացվի պատասխանող Վահե Գրիգորյանին պատկանող Մերսեդես C 240 մակնիշի 17 ՏՏ 934 համարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը: Աշոտ Մարտիրոսյանի համաձայնությամբ արգելանքը վերացվելու պայմաններում իր իսկ կամքով և ռիսկով զրկվել է թիվ ԵԱՆԴ/0525/02/10 քաղաքացիական գործով կայացված դատական ակտի կատարման հնարավորությունից, որպիսի պայմաններում այլևս Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված ոչ իրավաչափ տեղեկատվության առկայությունը կամ բացակայությունը որևէ էական դեր չէր կարող ունենալ Աշոտ Մարտիրոսյանի կրած վնասի առաջացման համար: Այսպիսով, Աշոտ Մարտիրոսյանին պատճառված վնասը եղել է հաշտության համաձայնության շրջանակներում իր իսկ համաձայնությամբ կիրառված հայցի ապահովումը վերացվելու հետևանքով, որպիսի պայմաններում Կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված ոչ իրավաչափ տեղեկատվության և հայցվոր Աշոտ Մարտիրոսյանի կրած վնասի միջև անմիջական պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերաքննիչ դատարանը վարչական գործի վարույթը կարճելիս եզրահանգել է, որ ՀՀ վարչական դատարանի 11.07.2013 թվականի թիվ ՎԴ/3778/05/12 վճռով ոչ իրավաչափ ճանաչված` Կադաստրի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված տեղեկատվությունը վարչական մարմնի կողմից իրականացված վարչարարության արդյունք չէ, այլ ընդամենը տեղեկատվություն է, որը Կադաստրի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից տրամադրվել է մեկ այլ վարչական մարմնի` այս դեպքում ՀՀ ԱՆ Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնին` վերջինիս 16.04.2010 թվականի թիվ Ել-6305/07 գրությանը ի պատասխան: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վարչական մարմնի կողմից վարչարարության արդյունքում ոչ իրավաչափ գործողություն կատարելու կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորելու փաստի բացակայության պայմաններում հայցվորը չի կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի միջոցով հայց ներկայացնել Դատարան՝ ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորած վարչական մարմնից վնասի հատուցման պահանջով։ 

Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործի քննության ընթացքում ի հայտ է եկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և դրանից բխող՝ 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հիմքը, ուստի նման պարագայում գործի վարույթը ենթակա է կարճման:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ թիվ ՎԴ/3778/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 11.07.2013 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով Կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 29.04.2010 թվականի թիվ ԱԱ-3/3843 գրությամբ տրամադրված տեղեկատվությունը ճանաչվել է ոչ իրավաչափ:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանում բացակայել է սույն վարչական գործի վարույթը կարճելու վերը նշված հիմքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ նկատի ունենալով, որ գործի վարույթը կարճելով, Վերաքննիչ դատարանը չի քննել վերաքննիչ բողոքն ըստ էության Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.04.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան