Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0937/02/20

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0937/02/20

Նախագահող դատավոր՝  Մ. Հարթենյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. Հակոբյան
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ներկայացուցիչ Փիրուզա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ըստ հայցի Կազմակերպության ընդդեմ Շալիկո և Արթուր Ուսուբյանների` համապարտության կարգով գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է համապարտության կարգով Շալիկո և Արթուր Ուսուբյաններից հօգուտ իրեն բռնագանձել 209.223 ՀՀ դրամ, ինչպես նաև Շալիկո և Արթուր Ուսուբյաններից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 55.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 4.184 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

ՀՀ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Բալյան) (այսուհետ` Դատարան) 01.09.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է: Միաժամանակ, վճռվել է պատասխանողներ Շալիկո և Արթուր Ուսուբյաններից համապարտության կարգով հօգուտ Կազմակերպության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 4.184 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.11.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության անունից ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2016 թվականի թիվ ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը, 51-րդ, 55-րդ, 59-րդ և 66-րդ հոդվածները, 368-րդ հոդվածի 4-րդ մասը, 370-րդ հոդվածի 1-ին մասը, 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 372-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 51-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2016 թվականի թիվ ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, իսկ այնուհետև՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով բյուրոյի կազմակերպական-իրավական ձևը փոփոխվել է՝ իրավաբանական անձանց միությունից այն վերածվել է հասարակական կազմակերպության: Հետագայում, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը վերագրանցվել է որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպություն, ինչն իրենից չի ենթադրում կանոնադրության և/կամ խորհրդի կողմից կայացված որոշումների փոփոխություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բացի ներկայացված ապացույցներից, այլ ապացույցներ և հիմնավորումներ Կազմակերպությունը չի կարող ներկայացնել, Վերաքննիչ դատարանը չի կարող պահանջել այնպիսի ապացույցներ և հիմնավորումներ, որոնք նախատեսված չեն օրենքով և որոնք Կազմակերպությունը չի կարող ձեռք բերել և ներկայացնել:

Սույն գործով Կազմակերպությունը վերաքննիչ բողոքի օրինակն ուղարկել է պատասխանողներին՝ Արթուր և Շալիկո Ուսուբյաններին, մինչդեռ փոստային անդորրագրերի վրա նշվել է Շալիկո Ուսարյան և Արթուր Ուսուրյան, որն էլ հիմք է հանդիսացել վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բոլոր փաստաթղթերը մշտապես ուղարկվել են պատասխանողներին նույն հասցեներով և գործում բացակայում է ապացույց այն մասին, որ որևէ ծրար վերադարձվել է կամ չի հանձնվել վերջիններիս։ Հետևաբար փոստային անդորրագրերի վրա առկա թերություններն այնպիսին չեն, որ կասկածի տակ դրվեր Կազմակերպության կողմից իր դատավարական պարտականությունները կատարված լինելու հանգամանքը։

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել Կազմակերպության կողմից ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության` խախտելով Կազմակերպության դատարանի մատչելիության իրավունքը: Վերաքննիչ դատարանը դրսևորել է կամայական վերաբերմունք, ներկայացված ապացույցների հիման վրա հանգել է այնպիսի հետևությունների, որոնք չեն բխում օրենքի պահանջներից և դրանով լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում Կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրացման ճանապարհին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ և 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի կայուն դատական պրակտիկայի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ իրավական նորմերին: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև՝ նույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (...): Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու hամար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշվածը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավաբանական անձի անունից դատարանում գործը կարող են վարել օրենքով սահմանված կարգով կամ այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք (ի պաշտոնե ներկայացուցիչները): Ընդ որում, ի պաշտոնե ներկայացուցիչն իր հերթին իրավունք ունի դատարանում գործի վարումը հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված այլ անձի (անձանց)՝ պահպանելով տվյալ ներկայացուցչին լիազորագրի տրման օրենքով սահմանված ձևը և կարգը: Ըստ այդմ էլ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձի անունից դատարանում գործը վարելու համար փաստաբանին հասարակ գրավոր ձևով լիազորագիրն իրավասու է տալ օրենքով կամ տվյալ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 01.09.2020 թվականի վճռի դեմ Կազմակերպության անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել փաստաբան Փիրուզա Վարդանյանը (գ.թ.53-59):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Փիրուզա Վարդանյանը: Գործում առկա է որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի կողմից փաստաբան Փիրուզա Վարդանյանին 14.10.2019 թվականին տրված լիազորագիր, ինչը, սակայն, Փիրուզա Վարդանյանի՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի անունից վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող ապացույց չի կարող գնահատվել այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքին կից կամ քաղաքացիական գործում առկա չէ Վահան Ավետիսյանի՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ»:

Միաժամանակ, անդրադառնալով գործում առկա «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի (իրավաբանական անձանց միություն) խորհրդի 15.09.2015 թվականի որոշմանը, ըստ որի՝ որոշում է ընդունվել Վահան Ավետիսյանին նշանակել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի գործադիր տնօրենի պաշտոնում, Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ այն Վահան Ավետիսյանի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ չէ, քանի որ որևէ կերպ չի արտահայտում դրանում ամրագրված որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցելու փաստը: Բացի այդ, առկա չէ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի և Կազմակերպության իրավահաջորդության փաստը հիմնավորող ապացույց (գ.թ. 61-65):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշմամբ Վահան Ավետիսյանը 05.10.2015 թվականից նշանակվել է «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրենի պաշտոնում (գ.թ. 20):

Ըստ գործում առկա 14.10.2019 թվականին տրված լիազորագրի՝ «Հայաստանի ապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունը, ի դեմս գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի, լիազորել է «ԱԳՈՍ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի (…), փաստաբան Փիրուզա Հովիկի Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության (…) բոլոր դատարաններում ներկայացնել Բյուրոն, Բյուրոյի անունից վարել գործերը՝ կատարելով ցանկացած դատավարական գործողություն, (…) բողոքարկել դատական ակտերը, (…) (գ.թ. 22):

Անդրադառնալով իրավաբանական անձին ներկայացնելու համար փաստաբանին տրված հասարակ գրավոր լիազորագրի վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված իրավական վերլուծություններին Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումները պետք է վերլուծել և մեկնաբանել հետևյալ իրավական նորմերի լույսի ներքո: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան, իսկ օրենքով սահմանված դեպքում պետական գրանցման համար փոխանցման ակտ կարող է չներկայացվել: Վերակազմակերպման մասին դրույթները կիրառվում են նաև օտարերկրյա իրավաբանական անձի նկատմամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ վերակազմավորման դեպքում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 16.12.2016 թվականի թիվ ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին և վերագրանցվել։

Մինչև 16.12.2016 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ նույն օրենքում, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերում (եթե դրանցում այլ բան սահմանված չէ) օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո (Բյուրո)` իրավաբանական անձանց միության կազմակերպական-իրավական ձև ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ինքնակարգավորվող կազմակերպություն, որին անդամակցում են նույն օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, իսկ նույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև Կենտրոնական բանկը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն (ընդունվել է՝ 16.12.2016 թվականին, ուժի մեջ է մտել՝ 04.02.2017 թվականին) ՝ նույն օրենքում, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերում (եթե դրանցում այլ բան սահմանված չէ) օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո (Բյուրո)` հասարակական կազմակերպություն, որին անդամակցում են նույն օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, իսկ նույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև Կենտրոնական բանկը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բյուրոյի կառավարման մարմիններն են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովը, Բյուրոյի խորհուրդը և Բյուրոյի գործադիր տնօրենը (նույն օրենքի տեքստում` նաև համապատասխանաբար ժողով, խորհուրդ և գործադիր տնօրեն):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բյուրոյի խորհուրդն իրականացնում է Բյուրոյի ընդհանուր ղեկավարումը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Խորհուրդը նշանակում է գործադիր տնօրենին, (…), :

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բյուրոյի գործադիր տնօրենն իրականացնում է Բյուրոյի ընթացիկ գործունեության ղեկավարումը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բյուրոյի գործադիր տնօրենը նշանակվում է խորհրդի կողմից և հաշվետու է նրան: (…):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ գործադիր տնօրենը իրականացնում է նույն օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Բյուրոյի կանոնադրության 168-րդ կետի 12-րդ ենթակետի համաձայն՝ գործադիր տնօրենն առանց լիազորագրի` ներկայացնում է Բյուրոն երրորդ անձանց հետ հարաբերություններում, դատարանում և պետական այլ մարմիններում, Բյուրոյի անունից հանդես գալու համար տալիս է լիազորագրեր:

Վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ մինչև 16.12.2016 թվականի օրենսդրական փոփոխությունները Բյուրոն իրենից ներկայացնում էր իրավաբանական անձանց միության կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձ, իսկ 16.12.2016 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո այն վերակազմավորվել է մեկ այլ՝ կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձի, այն է՝ հասարակական կազմակերպության: Այսինքն, օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը վերածվել է (վերակազմավորվել է) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության:

Հետևաբար, Կազմակերպությունն օրենքի ուժով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) իրավահաջորդն է, որպիսի պայմաններում սույն գործով հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «առկա չէ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի իրավահաջորդության փաստը հիմնավորող ապացույց»:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի խորհրդի 15.09.2015 թվականի որոշման պատճենը չի կարող դիտվել Վահան Ավետիսյանի՝ որպես ընկերության ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, քանի որ տվյալ փաստաթուղթը որևէ կերպ չի արտահայտում դրանում ամրագրված որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցելու փաստը», ապա հարկ ենք համարում արձանագրել հետևյալը՝

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բյուրոյի գործադիր տնօրենը նշանակվում է խորհրդի կողմից և հաշվետու է նրան: Գործադիր տնօրեն կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ապահովագրական ոլորտի ղեկավար պաշտոնում և փոխկապակցված չէ որևէ ապահովագրական ընկերության հետ: Բյուրոյի գործադիր տնօրենը պետք է համապատասխանի ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի համար օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման և Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ապահովագրական ընկերությունների (այսուհետ` Ընկերություն) կառավարման մարմիններն են՝ գործադիր մարմինը՝ գործադիր տնօրենը, իսկ Ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ Ընկերության տնօրինությունը:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները և օտարերկրյա Ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում` ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերի համաձայն՝ լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`

1) լիազորագրի ժամկետը լրացել է.

3) լիազորագրողը վերացրել է այն.

4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝լիազորագիր տված և այն հետագայում վերացրած անձը պարտավոր է դրա վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը: Նման պարտականություն դրվում է նաև լիազորագիր տված անձի իրավահաջորդների վրա, եթե լիազորագիրը դադարում է նույն օրենսգրքի 324 հոդվածի 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերում նախատեսված հիմքերով:

Սույն գործով ՝ «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշմամբ Վահան Ավետիսյանը 05.10.2015 թվականից նշանակվել է «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրենի պաշտոնում (գ.թ. 20):

Ըստ գործում առկա 14.10.2019 թվականին տրված լիազորագրի «Հայաստանի ապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունը, ի դեմս գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի, լիազորել է «ԱԳՈՍ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՍՊԸ-ի (…), փաստաբան Փիրուզա Հովիկի Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության (…) բոլոր դատարաններում ներկայացնել Բյուրոն, Բյուրոյի անունից վարել գործերը՝ կատարելով ցանկացած դատավարական գործողություն, (…) բողոքարկել դատական ակտերը, (…): Լիազորագիրը տրվել է մինչև 31.12.2020 թվականը՝ գործողության ժամկետով (գ.թ. 22):

Վերը նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն, այդ պաշտոնում նշանակվել է դեռևս «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշմամբ և շարունակել է պաշտոնավարել, որպես գործադիր տնօրեն նաև Կազմակերպությունում՝ իրավահաջորդության տեղի ունենալուց հետո:

Ավելին 14.10.2019 թվականին՝ հասարակ գրավոր լիազորագիրը տալու պահին Վահան Ավետիսյանը հանդիսացել է Կազմակերպության գործադիր տնօրեն: Այսինքն, 14.10.2019 թվականի հասարակ գրավոր լիազորագիրը փաստաբան Փիրուզա Վարդանյանին տալու պահին Կազմակերպության ղեկավար կազմի, այն է՝ գործադիր տնօրենի փոփոխություն տեղի չի ունեցել, որպիսի պայմաններում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ուժով սույն գործով կիրառելի չէր:

Այսինքն՝ 14.10.2019 թվականի հասարակ գրավոր լիազորագիրը փաստաբան Փիրուզա Վարդանյանին տրվել է իրավասու անձի կողմից՝ օրենքի պահանջներին համապատասխան: Ընդ որում լիազորագիրը տրվել է մինչև 31.12.2020 թվականը և դրանում հստակ նշվել է դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Վերաքննիչ բողոքը բերվել է փոստային ծառայության միջոցով՝ 02.10.2020 թվականին, այսինքն լիազորագրի գործողության ժամկետում: Իսկ սույն գործում առկա չէ, որևէ ապացույց այն մասին, որ 14.10.2019 թվականին տրված հասարակ գրավոր լիազորագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով Կազմակերպության կողմից վերացվել է:

Նշված հետևությունը բխում է նաև այն հանգամանքից, որ իրավաբանական անձի կողմից տրված լիազորագրով ներկայացուցիչը հանդես է գալիս տվյալ իրավաբանական անձի անունից և ներկայացնում է նրա շահերը, հետևաբար այդ լիազորագիրն օրենքին համապատասխան տրված լինելու պայմաններում այն պահպանում է իր ուժը մինչև դրանում նշված ժամկետի լրանալը, անկախ տվյալ իրավաբանական անձի ղեկավար կազմում փոփոխություն ունենալու հանգամանքից, քանի դեռ տվյալ իրավաբանական անձի նոր ղեկավար կազմը այն չի վերացրել:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վերաքննիչ բողոքին կցված չեն վերաքննիչ բողոքի օրինակը պատասխանողներին՝ Արթուր և Շալիկո Ուսուբյաններին ուղարկելու վերաբերյալ ապացույցները, քանի որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրերը հասցեագրված են Շալիկո Ուսարյանին և Արթուր Ուսուրյանին, ովքեր սույն գործին մասնակցող անձինք չեն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործում առկա են Կազմակերպության կողմից պատասխանող կողմին ուղարկած և վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրերը, որոնց վրա Արթուր և Շալիկո Ուսուբյանների փոխարեն նշվել է Շալիկո Ուսարյան և Արթուր Ուսուրյան (գ.թ. 58), որն էլ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող համարվել վերաքննիչ բողոքի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկված լինելու փաստը հավաստող պատշաճ ապացույց։

Վերը նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը, մինչդեռ 5-րդ մասով սահմանված՝ բողոքը գործին մասնակցող անձանց դատարան ուղարկելու մասին ապացույցները կցված լինելու պահանջը չի պահպանվել։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, իրավաչափորեն է վերադարձրել Կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

 

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. Հակոբյան
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԱՎԴ1/0937/02/20 քաղաքացիական գործով 22.07.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ

 

22.07.2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հուլիսի 22-ին գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ներկայացուցիչ Փիրուզա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ Կազմակերպության հայցի ընդդեմ Շալիկո և Արթուր Ուսուբյանների` համապարտության կարգով գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ որոշման պատճառաբանություններով:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է համապարտության կարգով Շալիկո և Արթուր Ուսուբյաններից հօգուտ իրեն բռնագանձել 209.223 ՀՀ դրամ, ինչպես նաև Շալիկո և Արթուր Ուսուբյաններից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 55.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 4.184 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

ՀՀ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Բալյան) (այսուհետ` Դատարան) 01.09.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է: Միաժամանակ, վճռվել է պատասխանողներ Շալիկո և Արթուր Ուսուբյաններից համապարտության կարգով հօգուտ Կազմակերպության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 4.184 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.11.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության անունից ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է և տրամադրվել է ժամկետ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2016 թվականի թիվ ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը, 51-րդ, 55-րդ, 59-րդ և 66-րդ հոդվածները, 368-րդ հոդվածի 4-րդ մասը, 370-րդ հոդվածի 1-ին մասը, 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 372-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 51-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 16.12.2016 թվականի թիվ ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, իսկ այնուհետև՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով բյուրոյի կազմակերպական-իրավական ձևը փոփոխվել է՝ իրավաբանական անձանց միությունից այն վերածվել է հասարակական կազմակերպության: Հետագայում, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը վերագրանցվել է որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպություն, ինչն իրենից չի ենթադրում կանոնադրության և/կամ խորհրդի կողմից կայացված որոշումների փոփոխություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բացի ներկայացված ապացույցներից, այլ ապացույցներ և հիմնավորումներ Կազմակերպությունը չի կարող ներկայացնել, Վերաքննիչ դատարանը չի կարող պահանջել այնպիսի ապացույցներ և հիմնավորումներ, որոնք նախատեսված չեն օրենքով և որոնք Կազմակերպությունը չի կարող ձեռք բերել և ներկայացնել:

Սույն գործով Կազմակերպությունը վերաքննիչ բողոքի օրինակն ուղարկել է պատասխանողներին՝ Արթուր և Շալիկո Ուսուբյաններին, մինչդեռ փոստային անդորրագրերի վրա նշվել է Շալիկո Ուսարյան և Արթուր Ուսուրյան, որն էլ հիմք է հանդիսացել վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բոլոր փաստաթղթերը մշտապես ուղարկվել են պատասխանողներին նույն հասցեներով և գործում բացակայում է ապացույց այն մասին, որ որևէ ծրար վերադարձվել է կամ չի հանձնվել վերջիններիս։ Հետևաբար փոստային անդորրագրերի վրա առկա թերություններն այնպիսին չեն, որ կասկածի տակ դրվեր Կազմակերպության կողմից իր դատավարական պարտականությունները կատարված լինելու հանգամանքը։

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել Կազմակերպության կողմից ներկայացված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության` խախտելով Կազմակերպության դատարանի մատչելիության իրավունքը: Վերաքննիչ դատարանը դրսևորել է կամայական վերաբերմունք, ներկայացված ապացույցների հիման վրա հանգել է այնպիսի հետևությունների, որոնք չեն բխում օրենքի պահանջներից և դրանով լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում Կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրացման ճանապարհին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ և 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի կայուն դատական պրակտիկայի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետևյալ իրավական նորմերին: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում ներկայացուցչությունն իրականացնում են փաստաբանները, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով հավատարմագրված օտարերկրյա փաստաբանները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանում ներկայացուցիչ կարող են լինել նաև՝ նույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են փաստաբանին հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ (...): Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչություն իրականացնելու համար ներկայացուցիչը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով տրված լիազորություն, ինչն իր հերթին հնարավորություն կտա ներկայացուցչին ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` ներկայացվողի դատական պաշտպանության իրավունքը: Ըստ այդմ էլ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր գործով դատարանները պետք է պարզեն դատավարական գործողություններ իրականացնելու hամար անձին տրված լիազորագրի պատշաճ ձևակերպված լինելու հանգամանքը (արդյո՞ք այն տրվել է օրենքով սահմանված կարգով, արդյո՞ք պահպանված է լիազորագրի գործողության ժամկետը և այլն): Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատարանը պարզում է, որ դատավարական գործողություններ իրականացնելու համար տրված լիազորագիրը ներկայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, կամ դադարել է լիազորագրի գործողության ժամկետը, ապա դատարանն իրավասու է կիրառելու դրանից բխող դատավարական հետևանքները:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկելու ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով` օրենքով սահմանված կարգով տրված և ձևակերպված լիազորագրի հիման վրա: Ըստ այդմ էլ` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ընդ որում, այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը պարզում է, որ վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ներկայացուցչի ներկայացված լիազորագիրը չի համապատասխանում օրենքով սահմանված կարգին, կամ դադարել է ներկայացված լիազորագրի գործողության ժամկետը, Վերաքննիչ դատարանն իրավասու է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վերադարձնելու վերաքննիչ բողոքը` սահմանելով ժամկետ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Բագրատ Մարությանի, «Յումակս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/0748/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշվածը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ իրավաբանական անձի անունից դատարանում գործը կարող են վարել օրենքով սահմանված կարգով կամ այդ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք (ի պաշտոնե ներկայացուցիչները): Ընդ որում, ի պաշտոնե ներկայացուցիչն իր հերթին իրավունք ունի դատարանում գործի վարումը հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված այլ անձի (անձանց)՝ պահպանելով տվյալ ներկայացուցչին լիազորագրի տրման օրենքով սահմանված ձևը և կարգը: Ըստ այդմ էլ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաբանական անձի անունից դատարանում գործը վարելու համար փաստաբանին հասարակ գրավոր ձևով լիազորագիրն իրավասու է տալ օրենքով կամ տվյալ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 01.09.2020 թվականի վճռի դեմ Կազմակերպության անունից վերաքննիչ բողոք է ներկայացրել փաստաբան Փիրուզա Վարդանյանը (գ.թ.53-59):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2020 թվականի որոշմամբ Կազմակերպության անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Փիրուզա Վարդանյանը: Գործում առկա է որպես «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի կողմից փաստաբան Փիրուզա Վարդանյանին 14.10.2019 թվականին տրված լիազորագիր, ինչը, սակայն, Փիրուզա Վարդանյանի՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի անունից վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող ապացույց չի կարող գնահատվել այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքին կից կամ քաղաքացիական գործում առկա չէ Վահան Ավետիսյանի՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի գործադիր տնօրենի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ»:

Միաժամանակ, անդրադառնալով գործում առկա «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի (իրավաբանական անձանց միություն) խորհրդի 15.09.2015 թվականի որոշմանը, ըստ որի՝ որոշում է ընդունվել Վահան Ավետիսյանին նշանակել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի գործադիր տնօրենի պաշտոնում, Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ այն Վահան Ավետիսյանի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ չէ, քանի որ որևէ կերպ չի արտահայտում դրանում ամրագրված որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցելու փաստը: Բացի այդ, առկա չէ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի և Կազմակերպության իրավահաջորդության փաստը հիմնավորող ապացույց (գ.թ. 61-65):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշմամբ Վահան Ավետիսյանը 05.10.2015 թվականից նշանակվել է «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրենի պաշտոնում (գ.թ. 20):

Ըստ գործում առկա 14.10.2019 թվականին տրված լիազորագրի՝ «Հայաստանի ապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունը, ի դեմս գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի, լիազորել է «ԱԳՈՍ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի (…), փաստաբան Փիրուզա Հովիկի Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության (…) բոլոր դատարաններում ներկայացնել Բյուրոն, Բյուրոյի անունից վարել գործերը՝ կատարելով ցանկացած դատավարական գործողություն, (…) բողոքարկել դատական ակտերը, (…) (գ.թ. 22):

Անդրադառնալով իրավաբանական անձին ներկայացնելու համար փաստաբանին տրված հասարակ գրավոր լիազորագրի վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված իրավական վերլուծություններին Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումները պետք է վերլուծել և մեկնաբանել հետևյալ իրավական նորմերի լույսի ներքո: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան, իսկ օրենքով սահմանված դեպքում պետական գրանցման համար փոխանցման ակտ կարող է չներկայացվել: Վերակազմակերպման մասին դրույթները կիրառվում են նաև օտարերկրյա իրավաբանական անձի նկատմամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ վերակազմավորման դեպքում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 16.12.2016 թվականի թիվ ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին և վերագրանցվել։

Մինչև 16.12.2016 թվականը գործող խմբագրությամբ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ նույն օրենքում, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերում (եթե դրանցում այլ բան սահմանված չէ) օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո (Բյուրո)` իրավաբանական անձանց միության կազմակերպական-իրավական ձև ունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, ինքնակարգավորվող կազմակերպություն, որին անդամակցում են նույն օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, իսկ նույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև Կենտրոնական բանկը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն (ընդունվել է՝ 16.12.2016 թվականին, ուժի մեջ է մտել՝ 04.02.2017 թվականին) ՝ նույն օրենքում, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերում (եթե դրանցում այլ բան սահմանված չէ) օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո (Բյուրո)` հասարակական կազմակերպություն, որին անդամակցում են նույն օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունները, իսկ նույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև Կենտրոնական բանկը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բյուրոյի կառավարման մարմիններն են Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովը, Բյուրոյի խորհուրդը և Բյուրոյի գործադիր տնօրենը (նույն օրենքի տեքստում` նաև համապատասխանաբար ժողով, խորհուրդ և գործադիր տնօրեն):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բյուրոյի խորհուրդն իրականացնում է Բյուրոյի ընդհանուր ղեկավարումը:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Խորհուրդը նշանակում է գործադիր տնօրենին, (…), :

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բյուրոյի գործադիր տնօրենն իրականացնում է Բյուրոյի ընթացիկ գործունեության ղեկավարումը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բյուրոյի գործադիր տնօրենը նշանակվում է խորհրդի կողմից և հաշվետու է նրան: (…):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ գործադիր տնօրենը իրականացնում է նույն օրենքով, ինչպես նաև Բյուրոյի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Բյուրոյի կանոնադրության 168-րդ կետի 12-րդ ենթակետի համաձայն՝ գործադիր տնօրենն առանց լիազորագրի` ներկայացնում է Բյուրոն երրորդ անձանց հետ հարաբերություններում, դատարանում և պետական այլ մարմիններում, Բյուրոյի անունից հանդես գալու համար տալիս է լիազորագրեր:

Վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ մինչև 16.12.2016 թվականի օրենսդրական փոփոխությունները Բյուրոն իրենից ներկայացնում էր իրավաբանական անձանց միության կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձ, իսկ 16.12.2016 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո այն վերակազմավորվել է մեկ այլ՝ կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձի, այն է՝ հասարակական կազմակերպության: Այսինքն, օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը վերածվել է (վերակազմավորվել է) «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության:

Հետևաբար, Կազմակերպությունն օրենքի ուժով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) իրավահաջորդն է, որպիսի պայմաններում սույն գործով հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «առկա չէ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի իրավահաջորդության փաստը հիմնավորող ապացույց»:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի խորհրդի 15.09.2015 թվականի որոշման պատճենը չի կարող դիտվել Վահան Ավետիսյանի՝ որպես ընկերության ի պաշտոնե ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, քանի որ տվյալ փաստաթուղթը որևէ կերպ չի արտահայտում դրանում ամրագրված որոշումը Կենտրոնական բանկի կողմից գրանցելու փաստը», ապա հարկ ենք համարում արձանագրել հետևյալը՝

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բյուրոյի գործադիր տնօրենը նշանակվում է խորհրդի կողմից և հաշվետու է նրան: Գործադիր տնօրեն կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, բարձր հեղինակություն, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ապահովագրական ոլորտի ղեկավար պաշտոնում և փոխկապակցված չէ որևէ ապահովագրական ընկերության հետ: Բյուրոյի գործադիր տնօրենը պետք է համապատասխանի ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի համար օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության, որակավորման և Կենտրոնական բանկում գրանցման պահանջներին:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ապահովագրական ընկերությունների (այսուհետ` Ընկերություն) կառավարման մարմիններն են՝ գործադիր մարմինը՝ գործադիր տնօրենը, իսկ Ընկերության կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ Ընկերության տնօրինությունը:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները և օտարերկրյա Ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո` տասնօրյա ժամկետում` ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատական ներկայացուցչության նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի՝ ներկայացուցչության մասին դրույթները, նույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ ենթակետերի համաձայն՝ լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`

1) լիազորագրի ժամկետը լրացել է.

3) լիազորագրողը վերացրել է այն.

4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝լիազորագիր տված և այն հետագայում վերացրած անձը պարտավոր է դրա վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը: Նման պարտականություն դրվում է նաև լիազորագիր տված անձի իրավահաջորդների վրա, եթե լիազորագիրը դադարում է նույն օրենսգրքի 324 հոդվածի 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերում նախատեսված հիմքերով:

Սույն գործով ՝ «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշմամբ Վահան Ավետիսյանը 05.10.2015 թվականից նշանակվել է «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրենի պաշտոնում (գ.թ. 20):

Ըստ գործում առկա 14.10.2019 թվականին տրված լիազորագրի «Հայաստանի ապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպությունը, ի դեմս գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի, լիազորել է «ԱԳՈՍ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՍՊԸ-ի (…), փաստաբան Փիրուզա Հովիկի Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության (…) բոլոր դատարաններում ներկայացնել Բյուրոն, Բյուրոյի անունից վարել գործերը՝ կատարելով ցանկացած դատավարական գործողություն, (…) բողոքարկել դատական ակտերը, (…): Լիազորագիրը տրվել է մինչև 31.12.2020 թվականը՝ գործողության ժամկետով (գ.թ. 22):

Վերը նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպության գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն, այդ պաշտոնում նշանակվել է դեռևս «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշմամբ և շարունակել է պաշտոնավարել, որպես գործադիր տնօրեն նաև Կազմակերպությունում՝ իրավահաջորդության տեղի ունենալուց հետո:

Ավելին 14.10.2019 թվականին՝ հասարակ գրավոր լիազորագիրը տալու պահին Վահան Ավետիսյանը հանդիսացել է Կազմակերպության գործադիր տնօրեն: Այսինքն, 14.10.2019 թվականի հասարակ գրավոր լիազորագիրը փաստաբան Փիրուզա Վարդանյանին տալու պահին Կազմակերպության ղեկավար կազմի, այն է՝ գործադիր տնօրենի փոփոխություն տեղի չի ունեցել, որպիսի պայմաններում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ուժով սույն գործով կիրառելի չէր:

Այսինքն՝ 14.10.2019 թվականի հասարակ գրավոր լիազորագիրը փաստաբան Փիրուզա Վարդանյանին տրվել է իրավասու անձի կողմից՝ օրենքի պահանջներին համապատասխան: Ընդ որում լիազորագիրը տրվել է մինչև 31.12.2020 թվականը և դրանում հստակ նշվել է դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Վերաքննիչ բողոքը բերվել է փոստային ծառայության միջոցով՝ 02.10.2020 թվականին, այսինքն լիազորագրի գործողության ժամկետում: Իսկ սույն գործում առկա չէ, որևէ ապացույց այն մասին, որ 14.10.2019 թվականին տրված հասարակ գրավոր լիազորագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով Կազմակերպության կողմից վերացվել է:

Նշված հետևությունը բխում է նաև այն հանգամանքից, որ իրավաբանական անձի կողմից տրված լիազորագրով ներկայացուցիչը հանդես է գալիս տվյալ իրավաբանական անձի անունից և ներկայացնում է նրա շահերը, հետևաբար այդ լիազորագիրն օրենքին համապատասխան տրված լինելու պայմաններում այն պահպանում է իր ուժը մինչև դրանում նշված ժամկետի լրանալը, անկախ տվյալ իրավաբանական անձի ղեկավար կազմում փոփոխություն ունենալու հանգամանքից, քանի դեռ տվյալ իրավաբանական անձի նոր ղեկավար կազմը այն չի վերացրել:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վերաքննիչ բողոքին կցված չեն վերաքննիչ բողոքի օրինակը պատասխանողներին՝ Արթուր և Շալիկո Ուսուբյաններին ուղարկելու վերաբերյալ ապացույցները, քանի որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրերը հասցեագրված են Շալիկո Ուսարյանին և Արթուր Ուսուրյանին, ովքեր սույն գործին մասնակցող անձինք չեն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործում առկա են Կազմակերպության կողմից պատասխանող կողմին ուղարկած և վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրերը, որոնց վրա Արթուր և Շալիկո Ուսուբյանների փոխարեն նշվել է Շալիկո Ուսարյան և Արթուր Ուսուրյան (գ.թ. 58), որն էլ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող համարվել վերաքննիչ բողոքի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկված լինելու փաստը հավաստող պատշաճ ապացույց։

Վերը նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը, մինչդեռ 5-րդ մասով սահմանված՝ բողոքը գործին մասնակցող անձանց դատարան ուղարկելու մասին ապացույցները կցված լինելու պահանջը չի պահպանվել։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, իրավաչափորեն է վերադարձրել Կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

 

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 11.11.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը բացառապես պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նշելով, որ «Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ և 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, գտնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը պահպանված է, իսկ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջը՝ կապված բողոքը գործին մասնակցող անձանց դատարան ուղարկելու մասին ապացույցները կցված լինելու հետ, պահպանված չէ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը կիրառելու արդյունքում եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն է վերադարձրել Կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, ու վճռաբեկ բողոքը մերժել է:

Համաձայն լինելով վերաքննիչ բողոքը ներկայացնելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պահանջը պահպանված չլինելու կապակցությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ համարելու հիմքով այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունների հետ՝ միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ՝ կապված վերաքննիչ բողոքը ներկայացնելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասում նշված պահանջը պահպանված լինելու հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը ոչ իրավաչափ համարելու հետ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ (...) Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում առկա չէ լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ի պաշտոնե և օրինական ներկայացուցիչը կարող է գործի վարումը դատարանում նույն օրենսգրքով սահմանված կարգով հանձնարարել իր կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ կամ մի քանի անձի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրինական և ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են նրա կարգավիճակը հավաստող համապատասխան փաստաթղթերով:

Տվյալ դեպքում սույն գործով վերաքննիչ բողոքն ստորագրել է Փիրուզա Վարդանյանը՝ որպես Կազմակերպության ներկայացուցիչ: Քաղաքացիական գործում առկա է Վահան Ավետիսյանի՝ որպես Կազմակերպության տնօրենի կողմից Փիրուզա Վարդանյանին տրված` նաև դատական ակտը բողոքարկելու համար լիազորությունը հավաստող ապացույցը՝ լիազորագիրը: Մինչդեռ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել, ինչպես նաև քաղաքացիական գործում առկա չէ Վահան Ավետիսյանի` Կազմակերպությանն ի պաշտոնե ներկայացնելու իրավասություն ունենալու վերաբերյալ ապացույցը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթուղթը: Ինչ վերաբերում է քաղաքացիական գործում առկա՝ Վահան Ավետիսյանին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու վերաբերյալ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշմանը, ապա նշված ապացույցը չի կարող բավարար հիմք հանդիսանալ Վահան Ավետիսյանին՝ Կազմակերպությանն ի պաշտոնե ներկայացնելու իրավասություն ունեցող համարելու համար, քանի որ վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել, ինչպես նաև քաղաքացիական գործում առկա չէ Վահան Ավետիսյանին «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու վերաբերյալ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության խորհրդի 15.09.2015 թվականի թիվ 87-Ա որոշումն ուժի մեջ մտած լինելու փաստը հավաստող ապացույցը՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից այն գրանցված լինելը, որի անհրաժեշտությունը բխում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի, 51-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և նույն հոդվածի 5-րդ մասի համակարգային վերլուծությունից:

Վերոգրյալից ելնելով՝ գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 11.11.2020 թվականի որոշումն իրավաչափ է նաև այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու պատճառաբանությունների առումով:

Նման պայմաններում կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող Վերաքննիչ դատարանին վերագրել վերը նշված դատավարական իրավունքի նորմերի խախտումները:

 

Դատավոր`

Գ. հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան