Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (22.10.2021-01.06.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.03.01/5(641) Հոդ.50
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.02.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 փետրվարի 2019 թվականի

թիվ 16-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻՑ ԲԱՐՁՐ ՇԵՄԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նպաստել բանկային համակարգի կայունության ու տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակության ամրապնդմանը, բարձրացնել Կենտրոնական բանկի կողմից մակրոպրուդենցիալ գործիքների կիրառման արդյունավետությունը և համապատասխանեցնել կապիտալի պահանջը միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4.1-րդ մասը, 37.1-րդ հոդվածի 3-րդ կետը, 44-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը և 54.1-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

  

2019 թ. փետրվարի 7

Երևան

 

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2019 թվականի փետրվարի 4-ի

թիվ 16-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԲԱՆԿԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻՑ ԲԱՐՁՐ ՇԵՄԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

Գլուխ 1. Կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր սահմանված շեմերը և դրանց մեծությունները

 

1. Կենտրոնական բանկը բանկերի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ով (այսուհետ՝ Կանոնակարգ 2) սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվների նվազագույն սահմանային հարաբերակցություններից բարձր հետևյալ շեմերը.

1) Կապիտալի պահպանման շեմ,

2) Կապիտալի հակացիկլիկ շեմ,

3) Համակարգայնության շեմ:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են Կանոնակարգ 2-ում օգտագործվող հասկացություններին:

3. Կապիտալի պահպանման շեմը սահմանվում է.

1) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ)՝ 0.5 տոկոսի չափով,

2) 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ)՝ 1 տոկոսի չափով,

3) 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ)՝ 1.5 տոկոսի չափով,

4) 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ)՝ 2 տոկոսի չափով,

5) 2024 թվականի հունվարի 1-ից սկսած՝ 2.5 տոկոսի չափով:

4. Կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանվում է համաձայն սույն կարգի 2-րդ գլխի:

5. Համակարգայնության շեմը սահմանվում է համաձայն սույն կարգի 3-րդ գլխի:

6. Կապիտալի պահպանման շեմը և կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանվում են բոլոր բանկերի համար, իսկ համակարգայնության շեմը սահմանվում է համակարգային նշանակություն ունեցող բանկերի համար՝ համաձայն սույն կարգի 3-րդ գլխի:

7. Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվների նվազագույն սահմանային հարաբերակցություններից բարձր համախմբված շեմը (այսուհետ՝ համախմբված շեմ) որոշվում է որպես կապիտալի պահպանման շեմի և կապիտալի հակացիկլիկ շեմի, իսկ համակարգային նշանակություն ունեցող բանկերի համար՝ նաև համակարգայնության շեմի հանրագումար:

8. Բանկը բավարարում է համախմբված շեմի պահանջին, եթե ստորև նշված տարբերություններից յուրաքանչյուրը մեծ կամ հավասար է համախմբված շեմից.

1) (Հիմնական կապիտալ առանց արտոնյալ բաժնետոմսերի/ՌԿԱ)X100% - 7.5%,

2) (Հիմնական կապիտալ/ՌԿԱ)X100% - 9%,

3) (Ընդհանուր կապիտալ/ՌԿԱ)X100% - 12%,

որտեղ՝ «Հիմնական կապիտալ առանց արտոնյալ բաժնետոմսերի» տարրը՝ Կանոնակարգ 2-ի 28.1-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-«գ» պարբերություններում նշված տարրերի հանրագումարի և 28.1-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն կատարվող պակասեցումների տարբերություն է:

(8-րդ կետը փոփ. 14.09.21 թիվ 138-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 14.09.21 թիվ 138-Ն)

10. Համախմբված շեմի՝ սույն կարգի 8-րդ կետում նշված հաշվարկն իրականացվում է ամսվա միջին օրական հաշվարկով՝ Կանոնակարգ 2-ով սահմանված պահանջներին համապատասխան:

 

Գլուխ 2. Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանումը

 

11. Կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանվում է 0 տոկոսից (ներառյալ) մինչև 2.5 տոկոս (ներառյալ) միջակայքում, ընդ որում՝ նվազագույն քայլի մեծությունը կազմում է 0.25 տոկոս, և կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանվում է սույն կետում նշված նվազագույն քայլի բազմապատիկի չափով:

12. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը և ոչ ուշ, քան տվյալ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա վերջին աշխատանքային օրը, հրապարակում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) տվյալ եռամսյակի համար հաշվարկված կապիտալի հակացիկլիկ շեմի մեծությունը,

2) վարկ/ՀՆԱ հարաբերակցությունը և դրա շեղումը իր պատմական տրենդից,

3) տվյալ եռամսյակի կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած հիմնավորումը,

4) կապիտալի հակացիկլիկ շեմի փոփոխման դեպքում (աճ, նվազում)՝ դրա ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

13. Կենտրոնական բանկն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը:

14. Կապիտալի հակացիկլիկ շեմը Կենտրոնական բանկի կողմից առաջին անգամ 0 տոկոսից բարձր սահմանվելու կամ գործող շեմից բարձր շեմ սահմանելու դեպքում, այն ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում, բայց ոչ պակաս, քան նշված շեմի հրապարակման օրվան հաջորդող 6-ամսյա ժամկետը: Կապիտալի հակացիկլիկ շեմը Կենտրոնական բանկի կողմից գործող շեմից ցածր շեմ սահմանելու դեպքում, այդ թվում՝ 0 տոկոս շեմ սահմանելու դեպքում, այն ուժի մեջ է մտնում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում:

 

Գլուխ 3. Համակարգայնության շեմի սահմանումը

 

15. Համակարգայնության շեմը սահմանվում է.

1) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ)՝ 0.5 տոկոսի չափով,

2) 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ)՝ 1 տոկոսի չափով,

3) 2023 թվականի հունվարի 1-ից սկսած՝ 1.5 տոկոսի չափով:

16. Յուրաքանչյուր տարի Կենտրոնական բանկը՝ Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշմամբ հաստատում է այն բանկերի ցանկը, որոնք համարվում են համակարգային նշանակություն ունեցող և մինչև տվյալ տարվա հունիսի 30-ը առանձին գրությամբ ծանուցում է սույն կետում նշված ցանկում ընդգրկված բանկերին: Մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը Կենտրոնական բանկը առանձին գրությամբ ծանուցում է նաև այն բանկերին, որոնք տվյալ տարում դադարել են համարվել համակարգային նշանակություն ունեցող:

17. Այն բանկերի համար, որոնք սույն կարգի 16-րդ կետի համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ առաջին անգամ համարվել են համակարգային նշանակություն ունեցող, կամ որոնք նախորդ տարվա ընթացքում չեն համարվել համակարգային նշանակություն ունեցող, սակայն տվյալ տարում համարվել են համակարգային նշանակություն ունեցող, սույն կարգի 15-րդ կետով սահմանված համակարգայնության շեմն ուժի մեջ է մտնում սույն կարգի 16-րդ կետում նշված ծանուցման օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: Այն բանկերի համար, որոնք նախորդ տարվա ընթացքում համարվել են համակարգային նշանակություն ունեցող, սակայն տվյալ տարում չեն համարվել համակարգային նշանակություն ունեցող Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, համակարգայնության շեմը չի կիրառվում սույն կարգի 16-րդ կետում նշված ծանուցման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

 

Գլուխ 4. Համախմբված շեմով սահմանվող սահմանափակումները

 

18. Բանկին արգելվում է սույն կետի 1-3 ենթակետերով սահմանված վճարումներ (մարումներ) կատարել, եթե դրանց վճարման (մարման) օրվան նախորդող երեք ամիսների ընթացքում բանկն առնվազն մեկ անգամ խախտել է տվյալ բանկի համար սահմանված համախմբված շեմը, կամ եթե դրանց վճարումը (մարումը) կհանգեցնի համախմբված շեմի խախտմանը.

1) բանկի սովորական և արտոնյալ բաժնետոմսերի գծով միջանկյալ և տարեկան շահութաբաժինների բաշխում,

2) բանկի մասնակիցներին որևէ այլ ձևով եկամուտների կամ հատուցումների հայեցողական վճարումները, եթե դրանք հանգեցնում են բանկի ընդհանուր կապիտալի նվազեցմանը, այդ թվում՝ մասնակցության հետգնման միջոցով,

3) բանկի ղեկավարներին պարգևատրումների և այլ խրախուսական վճարումների (հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ և այլն) վճարումը:

Սույն կետում օգտագործվող «բանկի ղեկավար» հասկացությունը համապատասխանում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օգտագործվող հասկացությանը:

19. Այն դեպքում, երբ բանկը խախտել է տվյալ բանկի համար սահմանված համախմբված շեմը, ապա բանկն այդ խախտման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանում (այսուհետ՝ ՖՎՊՍ) պետք է ներկայացնի կապիտալի պլան, որը պետք է առնվազն ներառի բանկի կանխատեսումը առաջիկա մեկ տարվա ընթացքում բանկի հաշվեկշռի, եկամուտների ու ծախսերի և կապիտալի համարժեքության նորմատիվների վերաբերյալ, ինչպես նաև տվյալ բանկի համար սահմանված համախմբված շեմը բավարարելու նպատակով կապիտալի համարժեքության բարձրացմանն ուղղված՝ բանկի կողմից նախատեսվող քայլերը (միջոցառումները)՝ հստակ ժամանակացույցով: Սույն կետի իմաստով համախմբված շեմի խախտման օր է համարվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված համապատասխան հաշվետվության ներկայացման ամսաթիվը, որով արձանագրվել է համախմբված շեմի խախտումը:

20. ՖՎՊՍ-ն կարող է բացասական եզրակացություն տալ բանկի կողմից ներկայացված կապիտալի պլանին, եթե ողջամիտ չեն բանկի կողմից ներկայացված կանխատեսումները, կապիտալի համարժեքության բարձրացմանն ուղղված բանկի կողմից նախատեսվող քայլերը (միջոցառումները) և/կամ համախմբված շեմը բավարարելու բանկի կողմից նշված ժամկետները:

21. Բանկի կողմից ներկայացված կապիտալի պլանի վերաբերյալ ՖՎՊՍ կողմից բացասական եզրակացություն տալու դեպքում՝

1) ՖՎՊՍ-ն կարող է առևտրային բանկից պահանջել՝ փոփոխել կապիտալի պլանը և ՖՎՊՍ կողմից նշված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել վերանայված կապիտալի պլանը՝ ըստ ՖՎՊՍ կողմից ներկայացված առաջարկների, և (կամ)

2) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ տվյալ բանկի համար կարող է սահմանվել կապիտալի համարժեքության ավելի խիստ նորմատիվ (նորմատիվներ): Ընդ որում՝ բանկի նկատմամբ կապիտալի համարժեքության ավելի խիստ նորմատիվ (նորմատիվներ) կարող է սահմանվել նաև այն դեպքում, երբ բանկը սույն կարգի 19-րդ կետով կամ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում ՖՎՊՍ չի ներկայացրել համապատասխան կապիտալի պլանը, կամ չի գործել Կենտրոնական բանկ ներկայացված կապիտալի պլանին համապատասխան:

22. Սույն կարգի 20-րդ կետով սահմանված կապիտալի պլանը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ՖՎՊՍ կողմից բանկին եզրակացություն չտալու դեպքում, կապիտալի պլանի վերաբերյալ ՖՎՊՍ դրական եզրակացությունը համարվում է տրված:

23. Այն դեպքում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ որևէ բանկի նկատմամբ սահմանվում է կապիտալի համարժեքության ավելի խիստ նորմատիվ, ապա տվյալ բանկի համար համախմբված շեմը նվազեցվում է տվյալ բանկի համար սահմանված կապիտալի համարժեքության ավելի խիստ նորմատիվի սահմանաչափի և Կանոնակարգ 2-ով սահմանված կապիտալի համարժեքության նվազագույն սահմանաչափի տարբերության չափով (բայց ոչ ավել, քան տվյալ բանկի համախմբված շեմը), եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ այլ բան սահմանված չէ:

(հավելվածը փոփ. 14.09.21 թիվ 138-Ն)