ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2021 թվականի N 1791-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 818-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի «Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումներից բխող՝ ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատելու մասին» N 818-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու կամ նրա ազատությունն այլ կերպ սահմանափակելու պահից սկսած իրավունք ունի անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր ծանուցագրով պարզաբանում ստանալու՝ ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու իրավունքի մասին, և այդ իրավունքի մասին ծանուցման պահից 15 օրվա ընթացքում ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմում ներկայացնելու: Ոստիկանության ծառայողն ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:»:
2. Որոշման N 2 հավելվածի 6-րդ կետը «Մարդուն` իր ցանկության դեպքում» բառերից հետո լրացնել «, իսկ ցանկի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ պարտադիր,» բառերով, իսկ «ցանկի 2-րդ կետով» բառերը փոխարինել «ցանկի 2-րդ կամ 3-րդ կետերով» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
04.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2021 թվական: