Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.06.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

  Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0158/02/18

2021 թ.     

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ2/0158/02/18

Նախագահող դատավոր՝  Ա. Խառատյան

Դատավորներ՝

 Ս. Թորոսյան

 Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

          

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. Մկրտչյան
Տ. պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

  

2021 թվականի հունիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գեղամ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Գեղամ Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

       

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Գեղամ Հովհաննիսյանից բռնագանձել 692.417,5 ՀՀ դրամ` որպես վարկի ընդհանուր պարտքի, 13.848,4 ՀՀ դրամ` նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկը 13.11.2017 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0,1%-ով` հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.1 կետով նախատեսված տոկոսադրույքը, միաժամանակ ժամկետանց տոկոսի նկատմամբ տույժերի հաշվարկը 13.11.2017 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0,3%-ով` հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.2 կետը և այն ևս բռնագանձել հօգուտ Բանկի:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 11.04.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.09.2019 թվականի որոշմամբ Գեղամ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.04.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գեղամ Հովհաննիսյանը (ներկայացուցիչ` Սուրեն Բաղրամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

      

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ, 369-րդ, 408-րդ, 880-րդ, 881-րդ և 887-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 1495-րդ, 1498-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը սույն գործով դատաքննություն նշանակելու մասին որոշում չի կայացրել, ավելին` 08.02.2018 թվականին կայացրել է բացառապես «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն իրազեկված է եղել Ռոբերտ Առուստամյանի կողմից կեղծված վարկային պայմանագրեր կնքած լինելու հանգամանքի մասին, քանի որ ընդհանուր իրավասության դատարանում Բանկի մասնակցությամբ կեղծված պայմանագրերի հիման վրա հարուցված բավականին շատ հայցեր են քննության առարկա դարձել։ Բացի այդ, պատասխանողը ներկայացել է թիվ ԱՎԴ2/0037/02/18 քաղաքացիական գործով 25.01.2019 թվականին նշանակված դատական նիստին և դատարանին տեղեկացրել է ինչպես հարուցված քրեական գործի, այնպես էլ այն մասին, որ կեղծված վարկային պայմանագիրն իր կողմից չի ստորագրվել, ինչի հիման վրա դատարանը փորձաքննություն է նշանակել։ Հաշվի առնելով նշված հանգամանքները` Դատարանի կողմից սույն գործը մեկ դատական նիստով ավարտելու հանգամանքը ողջամիտ չի կարող համարվել։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանը` բողոքաբերի կողմից հայցադիմումի պատասխան չներկայացնելու վերաբերյալ, ապա եթե Դատարանը սույն գործով նախապատրաստական նիստն իրականացներ Նախկին օրենսգրքի 1498-րդ հոդվածի պահպանմամբ, այնուհետ նշանակեր դատաքննություն և այդ մասին պատշաճ ծանուցեր պատասխանողին, ապա բողոքաբերը հնարավորություն կունենար ներկայանալու դատաքննությանը և այդ նիստի ժամանակ կհայտներ թիվ RL616697 վարկային պայմանագրի կեղծված լինելու ու նաև այդ հիմքով քրեական գործ հարուցված լինելու մասին։ Բողոքաբերը, սակայն, օբյեկտիվ պատճառով` հիվանդ լինելու արդյունքում, չի կարողացել ներկայանալ դատական նիստին և ներկայացնել սույն գործի քննության համար կարևոր և էական նշանակություն ունեցող փաստերը։

Վերաքննիչ դատարանը չի հետազոտել վերաքննիչ բողոքին կից ներկայացված «Այնթապ ԲԱ» ՀՈԱԿ-ի կողմից տրված քաղվածքը, որով հիմնավորվել է, որ 16.03.2019 թվականից մինչև 30.03.2019 թվականը բողոքաբերը եղել է հիվանդ, ինչպես նաև Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կարապետյանի կողմից տրված տեղեկանքն առ այն, որ 06.07.2016 թվականին որոշում է կայացվել Ռոբերտ Առուստամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ռոբերտ Առուստամյանի կողմից վարկային պայմանագրերի կեղծման փաստի առթիվ հարուցված թիվ 44105516 քրեական գործով 06.07.2016 թվականին կայացված որոշմամբ Բանկը ճանաչվել է տուժող, ինչն ինքնին բավարար է արձանագրելու, որ սույն գործով կիրառելի չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.09.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.  

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Բանկի և Գեղամ Հովհաննիսյանի միջև 02.10.2015 թվականին կնքվել է վարկային և կոշտ գրավի, բանկային հաշվի բացման թիվ RL619539 պայմանագիր, որի համաձայն` վերջինիս տրամադրվել է 420.000 ՀՀ դրամի չափով վարկ մինչև 02.10.2017 թվականը մարման ժամկետով, տարեկան 21% տոկոսադրույքով (գ.թ. 8-9):

2) Դատարանը 08.02.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ և գործի քննությունը նշանակել 27.03.2019 թվականին` ժամը 11:25-ին (գ.թ. 1):

3) Դատարանի կողմից Գեղամ Հովհաննիսյանին 27.03.2019 թվականին` ժամը 11:25-ին, նշանակված դատական նիստի մասին ուղարկված ծանուցումը վերջինիս կողմից ստացվել է 25.06.2018 թվականին (գ.թ. 16-17):

4) Գեղամ Հովհաննիսյանը 27.03.2019 թվականին` ժամը 11:25-ին, նշանակված դատական նիստին չի ներկայացել (գ.թ. 18-19):

5) Դատարանը 27.03.2019 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում գործի քննությունը համարել է ավարտված և նշանակել դատական ակտի հրապարակման օր (գ.թ. 18-19):

6) Համաձայն Գեղամ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքին կից ներկայացված` ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կարապետյանի կողմից 20.05.2019 թվականին տրված տեղեկանքի պատճենի` (...) Ռոբերտ Առուստամյանը, առանց Գեղամ Հովհաննիսյանի (...) գիտության և թույլտվության, նրա անունից ստորագրություններ դնելով, 22.09.2015 թվականին և 02.10.2015 թվականին Բանկի հետ կնքել է համապատասխանաբար թիվ RL616697 (գումարի չափը` 560.000 ՀՀ դրամ) և թիվ RL619539 (գումարի չափը` 420.000 ՀՀ դրամ) կեղծ վարկային պայմանագրերը:

Ըստ տեղեկանքի` 06.07.2016 թվականի որոշումներով թիվ 44105516 քրեական գործով «Յունիբանկ» ԲԲԸ-ն և Բանկը ճանաչվել են տուժող: Միաժամանակ 06.04.2016 թվականին որոշում է կայացվել Ռոբերտ Առուստամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, նույն օրը մեղադրյալ  Ռ. Առուստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով վարույթը կասեցվել է` մինչև մեղադրյալին հայտնաբերելը (գ.թ.  44-45):

7) Ըստ Գեղամ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքին կից ներկայացված` «Այնթապ ԲԱ» ՀՈԱԿ-ի կողմից տրված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի պատճենի` Գեղամ Հովհաննիսյանը 16.03.2019 թվականից մինչև 30.03.2019 թվականը գտնվել է ամբուլատոր բուժման մեջ` անկողնային ռեժիմով (գ.թ. 46):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք Նախկին օրենսգրքի 22.2-րդ գլխում ամրագրված` գործը դատաքննությանը նախապատրաստելու ընթացակարգը դատարանի հայեցողական լիազորությունն է, թե՞ օրենքով սահմանված պարտադիր պահանջ,

- այն դեպքում, երբ դատարանը գործի քննությունն անցկացրել է միայն մեկ դատական նիստով` առանց գործը դատաքննության նախապատրաստելու, արդյո՞ք իրավաչափ է վերաքննիչ բողոքին կից ներկայացված` վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստը հաստատող նոր ապացույցը Վերաքննիչ դատարանի կողմից չընդունելը միայն այն պատճառաբանությամբ, որ կողմը, պատշաճ ծանուցված լինելով, այդ ապացույցը չի ներկայացրել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, եթե բողոք բերած անձը հիմնավորում է, որ դատական նիստին չի ներկայացել իր կամքից անկախ հանգամանքներով` հիվանդության պատճառով:

 

1. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Նախկին օրենսգրքի 1495-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:

Նախկին օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ։ Կողմերը և դատավարության այլ մասնակիցները պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:

Նույն հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում (...) (5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, (6) կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշանակությանը քաղաքացիական դատավարությունում` այդ թվում անդրադառնալով այդ փուլում ապացուցման բեռի բաշխմանը (տե՛ս, օրինակ` Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի, երրորդ անձ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը, ըստ Արեգնազ Կարապետյանի դիմումի թիվ ԳԴ4/0504/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշում

Ընդ որում, անդրադառնալով Նախկին օրենսգրքի 1495-րդ հոդվածի վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ չնայած այն վերնագրված է «Գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ որոշումը», այդուհանդերձ, դատարանին չի պարտավորեցնում առանձին ակտի ձևով համապատասխան որոշում կայացնել: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պարզելու համար, թե արդյոք գործը քննվում է դատաքննության նախապատրաստության փուլով, հարկ է գնահատել գործի հարուցման փուլից հետո դատարանի և գործին մասնակցող անձանց գործողությունները (տե՛ս, Գագիկ Խաչատրյանն ընդդեմ Իսակ Դիլանչյանի և մյուսների թիվ ԵԿԴ/4715/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը)։

Նույն` Գագիկ Խաչատրյանն ընդդեմ Իսակ Դիլանչյանի և մյուսների գործով անդրադառնալով նախնական դատական նիստի` որպես գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրի նշանակությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ գործը կարող է դատաքննության նախապատրաստվել` ինչպես այդ մասին համապատասխան որոշում կայացնելով, այնպես էլ առանց հատուկ որոշման կայացման` ինչպես նախնական դատական նիստում, այնպես էլ նախնական դատական նիստից դուրս իրականացվող գործողությունների միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է նաև այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել` ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից։ Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքին, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի  6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործը այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում (տե՛ս, օրինակ, Ալբերտ Հակոբյանն ընդդեմ «Դավիթ Երթուղային Տաքսի» ՓԲԸ-ի թիվ 3-346(ՏԴ) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ  0351/02/08-(ՇԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ն ընդդեմ Սուսաննա Հարությունյանի գործով կայացված որոշման շրջանակներում անդրադարձել է նաև նախնական դատական նիստ նշանակված լինելու դեպքում գործով դատաքննություն նշանակելու հարցին: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, գտել է, որ այն դեպքում, երբ անձը չի տեղեկացվում դատաքննության փուլին անցնելու վերաբերյալ, որպես հետևանք զրկվում է դատավարության այդ փուլում օրենսդրորեն իրեն վերապահված դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից` հայտնվելով դատավարության մյուս կողմի հետ համեմատ էականորեն նվազ բարենպաuտ վիճակում, ինչն իրավահավասարության սկզբունքի խախտում է:

Նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, ելնելով գործի արդյունավետ քննության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից, հավելել է, որ դատարանը նախնական դատական նիստի ավարտից անմիջապես հետո կարող է որոշում կայացնել դատաքննությունն սկսելու մասին բացառապես այն դեպքում, երբ նախնական դատական նիստին ներկայացել են գործին մասնակցող բոլոր անձինք, և նրանց հնարավոր է իրազեկել գործը դատաքննության նշանակելու մասին որոշման վերաբերյալ (տե՛ս, թիվ ԵՄԴ/0826/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Միաժամանակ Օռլեանա Նուրիջանովան, Լիանա և Մարինե Սիմոնյաններն ընդդեմ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Ռուզաննա Բասմաջյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության համակարգ ներմուծելով նախնական դատական նիստի ինստիտուտը, այն բոլոր գործերով պարտադիր չի համարել` այդպիսի դատական նիստ հրավիրելու հարցը թողնելով դատավորի հայեցողությանը, որը վերջինս պետք է իրականացնի` ելնելով գործի քննության արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից: Հետևաբար այն դեպքում, երբ դատավորը գործով նախնական դատական նիստ չի հրավիրել, այլ գործը միանգամից նշանակել է դատաքննության, նախնական դատական նիստից դատաքննության անցնելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՄԴ/0826/02/12 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի չեն (տե՛ս, թիվ ԵԿԴ/4415/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախկին օրենսգրքի 1495-րդ հոդվածի վերլուծությունից բխում է հետևյալը.

1. ըստ դիսպոզիցիայում ամրագրված վարքագծի կանոնի` նշված իրավանորմը պարտավորեցնող է` դատարանին պարտավորեցնում է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո ձեռնամուխ լինել գործը դատաքննությանը նախապատրաստելուն,

2. այն բացարձակ որոշակի իրավանորմ է, քանի որ ճշգրտորեն ներկայացնում է իրավանորմի հիփոթեզում ամրագրված այն վավերապայմանը, ինչպես նաև այն միակ վարքագծի կանոնը (իրավական հետևանք), որը դատարանը պարտավոր է իրականացնել հիփոթեզում ամրագրված փաստական հանգամանքը վրա հասնելուց հետո։

Ըստ այդմ, որպես հիփոթեզ հանդես է գալիս հայցադիմումը վարույթ ընդունելու իրավաբանական փաստը, որի ուժով դատարանի մոտ առաջ է գալիս պարտավորություն` ձեռնամուխ լինելու գործը դատաքննությանը նախապատրաստելուն։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող պարագայում օրենսդիրը դատարանի համար չի սահմանել այնպիսի ինքնավարության աստիճան, որի ուժով վերջինս ինքնուրույնաբար հնարավորություն կունենար որոշելու այն իրավական հետևանքը, որը կարող էր առաջ գալ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո։ Այսինքն` միակ իրավական հետևանքը, որն օրենսդիրը սահմանել է հայցադիմումը վարույթ ընդունելու դեպքում, դատարանի կողմից գործի քննությանը նախապատրաստվելուն ձեռնամուխ լինելն է, և այլ իրավական հետևանք դատարանն իրավասու չէ որոշել։ Բացի այդ, օրենսդիրը, նշված իրավանորմին տալով բացարձակ որոշակի բնույթ, դատարանի համար բացառել է հայցադիմումը վարույթ ընդունելու իրավաբանական փաստի վրա հասնելու արդյունքում ընտրելու այլ իրավական հետևանք, ինչը վերջինիս իրավական հնարավորություն կտար սեփական հայեցողությամբ ընտրելու այլընտրանքային իրավական հետևանքներից մեկը կամ մի քանիսը։

Վերոգրյալը թույլ է տալիս արձանագրել, որ Նախկին օրենսգրքի 1495-րդ հոդվածում ամրագրված իրավանորմը թույլ չի տալիս դատարանին ինքնուրույնաբար որոշելու կամ ընտրելու այն իրավական հետևանքը, որը բնորոշ է հայեցողական իրավական ռեժիմին։

Հարկ է նշել նաև, որ օրենսդիրը, դատարանին պարտավորեցնելով գործի քննությունն իրականացնել նախապատրաստական փուլով, բացահայտել է նաև այն նպատակը, որի ապահովմանն ուղղված է նախապատրաստական փուլի գործառնական նշանակությունը, այն է` գործի արդյունավետ քննության ապահովումը։ Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ թեև գործը դատաքննության նախապատրաստելը Նախկին օրենսգրքի կարգավորման պայմաններում պարտադիր էր, այդուհանդերձ, գործը դատաքննության նախապատրաստելու եղանակը (նախնական դատական նիստով, թե առանց դրա) որոշում էր դատարանը։

 

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակցող անձը վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացվել առաջին ատյանի դատարան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը և գործն ուղարկում է համապատասխան դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում բազմիցս անդրադարձել է ոչ լրիվ վերաքննության առանձնահատկություններին, վերաքննության սահմաններին և մասնավորապես վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույց ընդունելու հնարավորությանը (տե՛ս, օրինակ` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Պապյանի թիվ ՀՔԴ3/0049/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Համբարձում Բեգլարյանի և Արմեն Գրիգորյանի թիվ ԳԴ4/0092/02/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, ամրագրելով ոչ լրիվ վերաքննության ինստիտուտը, սահմանափակել է վերանայման այս վարույթում ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը` բացառությամբ այն դեպքի, երբ ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով: Այս դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է բեկանել գործը և այն ուղարկել համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե ներկայացված ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար: Հետևաբար վերաքննության փուլում նոր ապացույց ներկայացված լինելու պայմաններում վերաքննիչ դատարանը պետք է պարզի`

- ապացույցի` առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ներկայացնելու հնարավորությունը, և

- դրա` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հանգամանքը (տե՛ս, Քաթրին Միրզայանսն ընդդեմ Վահե Կարապետյանի և Աննա Նազարյանի թիվ ԵԱՔԴ/2488/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում ներկայացվել են այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնք չեն ներկայացվել ու քննության առարկա չեն դարձվել առաջին ատյանի դատարանում, սակայն վերաքննիչ բողոքում պատճառաբանվել է դրանք հայտնելու և ներկայացնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանը պարտավոր է դրանք քննության առնել ու դրանց վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումը: Ընդ որում, բողոք բերած անձի կամքից անկախ ապացույցը չներկայացնելը կամ վերաքննիչ բողոքում նոր փաստարկներ հայտնելը կարող են պայմանավորված լինել ոչ միայն այնպիսի օբյեկտիվ հանգամանքներով, որոնց վրա հասնելու արդյունքում վերջինս չի կարողացել ձեռք բերել ապացույցը կամ հայտնել իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում, այնպես էլ կարող են լինել դատարանի այնպիսի գործողությունների հետևանք, որոնց արդյունքում բողոք բերած անձը բավարար հնարավորություն չի ունեցել դատարան ներկայացնելու այդ ապացույցը կամ հայտնելու իր դիրքորոշումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի ներկայացրած հայցադիմումը Դատարանը 08.02.2018 թվականի որոշմամբ ընդունել է վարույթ և գործի քննությունը նշանակել 27.03.2019 թվականին` ժամը 11:25-ին։ Դատական նիստի մասին ծանուցվել է նաև Գեղամ Հովհաննիսյանը, սակայն նիստին չի ներկայացել։ Դատարանը 27.03.2019 թվականին նշանակված դատական նիստի ընթացքում գործի քննությունը համարել է ավարտված և նշանակել դատական ակտի հրապարակման օր։

Դատարանը հայցը բավարարել է` արձանագրելով, որ պատասխանողը, պատշաճ ձևով տեղեկացված լինելով դատական նիստի ժամանակի և վայրի մասին, դատական նիստին չի ներկայացել և հայցադիմումի պատասխան չի ներկայացրել։

Գեղամ Հովհաննիսյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է.

ա. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կարապետյանի կողմից 20.05.2019 թվականին տրված տեղեկանքի պատճենը, որով, ըստ վերաքննիչ բողոք բերած անձի, հիմնավորվել է, որ Բանկի հետ կնքված վարկային պայմանագիրը կեղծ է:

բ. «Այնթապ ԲԱ» ՀՈԱԿ-ի կողմից տրված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի պատճենը, համաձայն որի` Գեղամ Հովհաննիսյանը 16.03.2019 թվականից մինչև 30.03.2019 թվականը գտնվել է ամբուլատոր բուժման մեջ` անկողնային ռեժիմով: Ըստ վերաքննիչ բողոք բերած անձի` այդ ապացույցով հիմնավորվել է, որ գործով 27.03.2019 թվականին նշանակված դատական նիստին չներկայանալը պայմանավորված է եղել 16.03.2019 թվականից մինչև 30.03.2019 թվականն իր վատառողջ լինելու հանգամանքով:

Վերաքննիչ դատարանը Գեղամ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է հետևյալ հանգամանքները.

1. «(...) բողոքաբերն ինքը չի վիճարկում այն փաստը, որ դեռևս 2018 թվականի հունիսին ստացել է 27.03.2019 թվականի դատական նիստի վերաբերյալ ծանուցումը, սակայն դատական նիստին չի ներկայացել, ավելին օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել նաև հայցադիմումի պատասխան, ինչից էլ հետևում է, որ Դատարանը (...) իրավացիորեն գործը քննել և ավարտել է պատշաճ ծանուցված պատասխանողի բացակայությամբ: (...)

2. (...) բողոքաբերը, Դատարանում զրկված չլինելով իր դիրքորոշումը, այդ թվում` պատասխան, ներկայացնելու հնարավորությունից, չի իրացրել իր դատավարական իրավունքը և չի ներկայացրել վերաքննիչ բողոքում նշված դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, մասնավորապես` դատական նիստին չի ներկայացել, հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:

3. (...) վերաքննիչ դատարանն իրավասու չէ նոր ապացույց ընդունել, բացառությամբ այն դեպքի, երբ գործին մասնակցող անձն ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացրել դատարան, ընդ որում ապացույցը գործի քննության համար պետք է ունենա էական նշանակություն: (...) Վերաքննիչ դատարանն այս կապակցությամբ արձանագրում է, որ ապացույցն իր կամքից անկախ ներկայացված լինելու վերաբերյալ փաստարկը վերոգրյալով արդեն իսկ հերքվեց, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը չի կարող ներկայացված ապացույցն ընդունել, առավել ևս դրանք դնել դատական ակտի հիմքում: (...)»:

 

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ Գեղամ Հովհաննիսյանը 27.03.2019 թվականի դատական նիստի օրվա և ժամի մասին եղել է պատշաճ ծանուցված, այդուհանդերձ` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պատասխանողն այդ ժամանակահատվածում գտնվել է ամբուլատոր բուժման մեջ, նշանակված է եղել անկողնային ռեժիմ: Այդ փաստը հիմնավորվել է վերաքննիչ բողոքին կից ներկայացված «Այնթապ ԲԱ» ՀՈԱԿ-ի կողմից տրված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի պատճենով: Արդյունքում` վերոգրյալով հիմնավորվում է, որ Գեղամ Հովհաննիսյանն օբյեկտիվորեն զրկված է եղել իր դիրքորոշումները Դատարանում հայտնելու իրավունքից` նկատի ունենալով, որ Դատարանը գործի քննությունն անց է կացրել մեկ դատական նիստով։ Վճռաբեկ դատարանը նաև կարևորում է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ նշանակելով դատական նիստ` Դատարանը չի մասնավորեցրել դատական նիստի տեսակը` նախնական դատական նիստ, թե դատաքննություն, որի պայմաններում պատասխանողը հնարավորություն չի ունեցել կանխատեսել գործի քննությունը մեկ նիստով ավարտելու հնարավորությունը։

Նման պայմաններում անդրադառնալով Գեղամ Հովհաննիսյանի կողմից ներկայացված նոր ապացույցը Վերաքննիչ դատարանի կողմից չընդունելու վերաբերյալ պատճառաբանության իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը դարձյալ փաստում է, որ կողմերի կամքից անկախ ապացույցը չներկայացնելը կարող է պայմանավորված լինել օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ դատարանի այնպիսի գործողություններով, որոնց արդյունքում կողմը հնարավորություն չի ունեցել դատարան ներկայացնելու այդ ապացույցը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Գեղամ Հովհաննիսյանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կարապետյանի կողմից տրված տեղեկանքին, նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի համաձայն` իրավասու չէ նոր ապացույցներ ընդունելու, իսկ տվյալ դեպքում բողոք բերած անձը չի հիմնավորել այդ ապացույցն իր կամքից անկախ պատճառներով ներկայացված չլինելը:

Մինչդեռ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից միայն մեկ դատական նիստ նշանակված լինելու և այդ ժամանակահատվածում Գեղամ Հովհաննիսյանի վատառողջ լինելու պայմաններում հիմնավորվում է վերը նշված ապացույցը Դատարանում գործի քննության ժամանակ ներկայացնելու անհնարինությունը կողմի կամքից անկախ հանգամանքներով:

Անդրադառնալով այդ ապացույցի` սույն գործի լուծման համար նշանակություն ունենալու հարցին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Բանկի կողմից ներկայացված հայցի առարկան գումարի բռնագանձման պահանջն է, իսկ հիմքը` պատասխանողի կողմից թիվ RL619539 վարկային պայմանագրի դրույթների խախտումը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, Գեղամ Հովհաննիսյանի կողմից ներկայացված` Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Կարապետյանի կողմից տրված տեղեկանքի բովանդակությունը համադրելով սույն գործով հայցի առարկայի և հիմքի հետ, գտնում է, որ առերևույթ այդ ապացույցը կարող է սույն գործի լուծման համար ունենալ էական նշանակություն: Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր հաշվի առնել նաև Գեղամ Հովհաննիսյանի կողմից ներկայացված ապացույցի վերաբերելի և գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատմանն ուղղված լինելու հանգամանքը։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր են նաև բողոք բերած անձի փաստարկները` Դատարանի կողմից գործը դատաքննության նախապատրաստելու փուլով քննության առնելու անհրաժեշտության վերաբերյալ, վերը ներկայացված պատճառաբանությամբ` նաև հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքից բխող` յուրաքանչյուր կողմին ողջամիտ հնարավորության տրամադրման անհրաժեշտությունը` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում (այդ թվում` ապացույց ներկայացնելու), որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, օրինակ, Ankerl v. Switzerland գործով (գանգատ թիվ 17748/91) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման մասին վճռաբեկ բողոք բերած անձի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում դրանց անդրադառնալը` գործում առկա նոր ապացույցը և վերաքննիչ բողոքի նյութական իրավունքի խախտման հիմքերը Վերաքննիչ դատարանում քննության առարկա չդարձվելու պատճառով և գտնում է, որ դրանք պետք է քննության առարկա դառնան գործի նոր քննության ընթացքում։

 

Այսպիսով` սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրվել է դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի արդյունքում Գեղամ Հովհաննիսյանի արդար դատաքննության իրավունքը սահմանափակվել է` փաստացի դառնալով անիրացվելի։

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նշում է, որ գործի նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է քննության առարկա դարձնի Գեղամ Հովհաննիսյանի կողմից ներկայացված ապացույցը` այն համադրելով գործում առկա այլ ապացույցների հետ, գործի փաստական հանգամանքները պարզելու համար կատարի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որից հետո միայն հանգի եզրակացության` հայցը մերժելու կամ բավարարելու տեսանկյունից: Միաժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի հայտնած դիրքորոշումները` առաջին ատյանի դատարանը պետք է դիտարկի նաև սույն գործն ընդհանուր` հայցային վարույթի կարգով քննելու, հետևաբար նաև` դատաքննության նախապատրաստելու անհրաժեշտության հարցերը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.09.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. Մկրտչյան
Տ. պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: