Գլխավոր տեղեկություն
Համար
N 60
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2012-02.01.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.07.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                      

20 հուլիսի 2012 թվականի N 60

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Փոփոխող փաստաթղթերի ցանկը

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի նոյեմբերի 30-ի N 126 որոշման խմբագրությամբ)

      

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 031/2012) (կցվում է)։

2. Սահմանել, որ «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2015 թվականի փետրվարի 15-ից։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր անց։

  

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

    

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

Ս. Ռումաս

Կ. Կելիմբետով

Ի. Շուվալով

     

   

 

Ընդունված է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2012 թվականի հուլիսի 20-ի

N 60 որոշմամբ

          

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ՄՄ ՏԿ 031/2012

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

     

Փոփոխող փաստաթղթերի ցանկը

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի նոյեմբերի 30-ի N 126 որոշման խմբագրությամբ)

 

ՆԱԽԱԲԱՆ

     

1. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան։

2. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում գյուղատնտեսական և անտառատնտեսական անվավոր ու թրթուրավոր տրակտորների և դրանց կցորդների նկատմամբ կիրառման ու իրականացման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ բաց թողնվող գյուղատնտեսական և անտառատնտեսական անվավոր ու թրթուրավոր տրակտորների և դրանց կցորդների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով։

3. Եթե տրակտորների և կցորդների մասով ընդունվել են Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են տրակտորներին և կցորդներին ներկայացվող պահանջները, ապա տրակտորները և կցորդները պետք է համապատասխանեն Մաքսային միության այդ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

Հոդված 1. ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է կրկին արտադրվող և ներմուծվող գյուղատնտեսական և անտառատնտեսական անվավոր ու թրթուրավոր տրակտորների (այսուհետ՝ տրակտորներ) և դրանց կցորդների (այսուհետ՝ կցորդներ) վրա, որոնք, անկախ ծագման երկրից, բաց են թողնվում շրջանառության մեջ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում։

Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը տարածվում է այն տրակտորների և կցորդների վրա, որոնք ունեն 6 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն հաշվարկային արագություն։

Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են նաև տրակտորների և կցորդների՝ կրկին արտադրվող ու ներմուծվող բաղադրամասերի վրա (այսուհետ՝ բաղադրամասեր), որոնք ազդում են դրանց անվտանգության վրա և բաց են թողնվում շրջանառության մեջ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում տրակտորներից և կցորդներից առանձին` անկախ ծագման երկրից։ Այն բաղադրամասերի ցանկը, որոնց վրա տարածվում են Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները, բերված է Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում։

2. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում՝

այն տրակտորների և կցորդների վրա, որոնք արտադրվում են առանձին անհատական կարգով, ինչպես նաև անհատական գործունեության կարգով.

այն տրակտորների և կցորդների վրա, որոնք Մաքսային միության միասնական մաքսային տարածքում բաց են թողնվել շրջանառության մեջ նախքան Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը, օգտագործվել, շահագործվել կամ նորոգվել են Մաքսային միության միասնական մաքսային տարածքում։

3. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են տրակտորներին, կցորդներին և դրանց բաղադրամասերին ներկայացվող պահանջները՝ մարդու կյանքի և առողջության, գույքի, շրջակա միջավայրի պաշտպանության, ինչպես նաև դրա նշանակությանն ու անվտանգությանը վերաբերող՝ սպառողներին (օգտագործողներին) մոլորեցնող գործողությունների կանխարգելման նպատակով։

Հոդված 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները՝

բալաստային բեռներ՝ տրակտորի վրա տեղադրելու համար նախատեսված բեռներ՝ առջևի և (կամ) հետին սռնիները լիաբեռնելու համար.

քարշակման սարքվածք՝ տրակտորի առջևի հատվածում գտնվող տրակտորի կառուցվածքի տարր, որն ապահովում է դրա քարշակման համար նախատեսված հարմարանքների (օրինակ՝ մետաղաձողի կամ քարշակման ճոպանի) միացումը.

շահագործման մեջ դնել՝ փաստաթղթերով ձևակերպված իրադարձություն, որը ցույց է տալիս տրակտորի կամ կցորդի՝ ըստ նշանակության օգտագործվելու համար պատրաստ լինելը.

տրակտորի բարձրություն՝ հեռավորություն, որը չափվում է ուղղաձիգ գծով հենման մակերևույթի և հենման մակերևույթից ամենամեծ հեռավորության վրա գտնվող հենակետի միջև՝ առանց անտենայի։ Բարձրությունը որոշելիս տրակտորը պետք է սարքավորված լինի նոր դողերով, որոնք ունեն արտադրողի կողմից սահմանված ամենամեծ ստատիկ շառավիղը.

տրակտորի երկարություն՝ հեռավորություն, որը չափվում է հորիզոնական գծով՝ ուղղահայաց հարթությունների միջև, որոնք ուղղահայաց են տրակտորի երկայնական առանցքին և անցնում են դրա ծայրակետերով՝ բացառությամբ բոլոր հայելիների, գործարկման բռնակի, առջևի կամ հետին եզրաչափքային լույսերի.

թույլատրելի քարշակվող զանգված՝ զանգված, որը տրակտորը կարող է քարշակել։ Թույլատրելի քարշակվող զանգվածը կարող է ներառել մեկ կամ մի քանի քարշակվող կցորդների զանգվածը, գյուղատնտեսական կամ անտառատնտեսական մեքենաների զանգվածը.

արտադրող՝ որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկող ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձ, որն իր անունից իրականացնում է տրակտորի, կցորդի կամ բաղադրամասերի արտադրություն և իրացում ու պատասխանատվություն է կրում Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին դրա համապատասխանության համար.

ներմուծող՝ Մաքսային միության անդամ պետության ռեզիդենտ, որը Մաքսային միության անդամ պետության ոչ ռեզիդենտի հետ կնքել է տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի փոխանցման վերաբերյալ արտաքին առևտրային պայմանագիր, իրականացնում է տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի իրացում և պատասխանատվություն է կրում Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին դրանց համապատասխանության համար.

տրակտորի (կցորդի) կատեգորիա՝ տրակտորի (կցորդի) բնութագիր, որը կիրառվում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում պահանջները սահմանելու համար.

բաղադրամաս՝ տրակտորի կամ կցորդի բաղկացուցիչ մաս կազմող՝ հավաքման արտադրություն կամ որպես շահագործման մեջ գտնվող տրակտորի կամ կցորդի փոխովի մասեր (պահեստամասեր) մատակարարվող սարքվածք, , որի սերտիֆիկացումը կարող է իրականացվել տրակտորից կամ կցորդից առանձին.

տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի շրջանառություն շուկայում՝ տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում սպառողին (օգտագործողին) անցնելու ընթացակարգեր, որոնց ենթարկվում է տրակտորը, կցորդը կամ բաղադրամասը դրա արտադրումից հետո.

կցորդ՝ տրակտորով քարշակվող տրանսպորտային միջոց, որը նախատեսված է գյուղատնտեսական կամ անտառատնտեսական նշանակության բեռները տեղափոխելու համար։ Կցորդների թվին են դասվում նաև այն կցորդները, որոնց ուղղաձիգ բեռնվածության մի մասը փոխանցվում է քարշակող տրակտորին (կիսակցորդներ).

դողի գլորման շառավիղ՝ անիվի առաջընթաց արագության երկայնական բաղադրիչի հարաբերակցությունը նրա անկյունային արագությանը.

սերտիֆիկացման փորձարկումներ՝ տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի տիպային նմուշի (նմուշների) փորձարկումներ, որոնց արդյունքների հիման վրա եզրակացություն է արվում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի համապատասխանության վերաբերյալ.

տրակտորի լրակազմված և լիցքավորված զանգված՝ տրակտորի զանգվածն աշխատելիս՝ ներառյալ շրջվելու դեպքում պաշտպանիչ սարքվածքը, հովացնող հեղուկով, քսանյութերով, վառելիքով (բաք, որը լցված է անվանական տարողության 90%-ից ոչ պակաս), գործիքի և օպերատորի հետ միասին.

ամրացման սխեմա՝ սխեմա, որի համաձայն տրանսպորտային փոխադրման ժամանակ իրականացվում է բեռնամբարձիչ սարքավորման միակցումը.

տեխնիկապես թույլատրելի քարշակվող զանգված՝ տրակտորն արտադրողի կողմից սահմանված առավելագույն զանգված, որը տրակտորը կարող է քարշակել.

տեխնիկական նկարագիր՝ Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում ներկայացված փաստաթուղթ, որը պարունակում է այն տեղեկությունների ցանկը, որոնք պետք է նշի արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), ներմուծողը՝ սերտիֆիկացումն անցկացնելու համար.

տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի տիպ՝ տրակտորներ, կցորդներ կամ բաղադրամասեր, որոնք բնութագրվում են մեկ արտադրողի կողմից պատրաստված տեխնիկական նկարագրերում նշված միևնույն կառուցվածքային հատկանիշների ամբողջությամբ։ Տիպը կարող է ունենալ տարբեր տարբերակներ և տարատեսակներ.

տրակտոր՝ անվավոր կամ թրթուրավոր մեխանիկական տրանսպորտային միջոց, որն ունի երկուսից ոչ պակաս սռնի և 6 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն արագություն, առավելապես գործադրվում է քարշային ճիգ և հիմնականում նախատեսված է աշխատանքային սարքավորումները քարշակելու, հրելու, փոխադրելու կամ գործի գցելու համար, օգտագործվում է գյուղատնտեսության կամ անտառատնտեսության մեջ.

կցաքարշակային սարքվածք (ԿՔՍ)՝ սարքվածք, որի՝ տրակտորի և կցորդի վրա տեղադրված միացնող տարրերն ապահովում են դրանց միջև մեխանիկական միացումը.

արտադրողի կողմից լիազորված անձ՝ Մաքսային միության անդամ պետության կողմից սահմանված կարգով գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն արտադրողի կողմից նրա հետ կնքված պայմանագրի հիման վրա սահմանվել է համապատասխանությունը հավաստելիս և տրակտորը, կցորդը կամ բաղադրամասը Մաքսային միության միասնական մաքսային տարածքում տեղավորելիս իր անունից գործողություններ կատարելու համար, ինչպես նաև Մաքսային միության տեխնիկական պահանջներին տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի անհամապատասխանության համար պատասխանատվություն կրելու համար.

տրակտորի լայնություն՝ հեռավորություն, որը չափվել է հորիզոնական գծով տրակտորի երկայնական առանցքին զուգահեռ ուղղահայաց հարթությունների միջև և անցնում է նրա ծայրակետերով՝ բացառությամբ բոլոր հայելիների, շրջադարձի ցուցիչների, առջևի կամ հետին կողային եզրաչափքային լույսերի, արգելակման ազդանշանների, տրակտորի քաշից առաջ եկած դողերի ձևախախտման, հավաքվող տարրերի։ Հավաքվող տարրերի թվին կարող են դասվել, օրինակ՝ ամբարձիչ հենակները։

Հոդված 3. ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Տրակտորները, կցորդները և բաղադրամասերը բաց են թողնվում շուկայում շրջանառության մեջ Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանելու դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա պայմանով, որ դրանք անցել են համապատասխանության հավաստումը՝ Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի, ինչպես նաև Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգերի համաձայն, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

2. Այն տրակտորները, կցորդները և բաղադրամասերը, որոնց համապատասխանությունը Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հավաստված չէ, չպետք է մակնշվեն Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով և չեն թույլատրվում շուկայում շրջանառության մեջ բաց թողնել։

3. Տրակտորները, կցորդները և բաղադրամասերը, որոնք մակնշված չեն Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով, չեն թույլատրվում շուկայում շրջանառության մեջ բաց թողնել։

Հոդված 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Տրակտորների և կցորդների կառուցվածքը պետք է ապահովի անվտանգությունը կենսական պարբերաշրջանի բոլոր փուլերում։

2. Տրակտորների և կցորդների՝ ըստ կատեգորիաների և տիպերի դասակարգումը ներկայացված է Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում։

3. Т1, Т2, Т3, Т5, С (բացի С4-ից) կատեգորիաների տրակտորներին և R կատեգորիայի կցորդներին ներկայացվող անվտանգության պահանջների, ինչպես նաև անվտանգության պահանջները և դրանց հսկողության մեթոդները սահմանող ստանդարտների ու ՄԱԿ ԵՏՀ կանոնների ցանկը բերված է Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածի 4.1 աղյուսակում։

4. Т4, С4 կատեգորիաների հատուկ նշանակության տրակտորներին ներկայացվող անվտանգության պահանջների, ինչպես նաև անվտանգության պահանջները և դրանց հսկողության մեթոդները սահմանող ստանդարտների ու ՄԱԿ ԵՏՀ կանոնների ցանկը բերված է Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածի 4.2 աղյուսակում։

5. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի համաձայն տրակտորներին և կցորդներին ներկայացվող անվտանգության պահանջները ներկայացված են Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածում։

Հոդված 5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգին տրակտորների և կցորդների համապատասխանությունն ապահովվում է անմիջապես դրա պահանջների կատարմամբ և ստանդարտների ու ՄԱԿ ԵՏՀ կանոնների պահանջների, ինչպես նաև Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ և 5-րդ հավելվածներում բերված պահանջների կատարմամբ։

Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգին բաղադրամասերի համապատասխանությունն ապահովվում է անմիջապես դրա պահանջների կատարմամբ և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում ներկայացված ստանդարտների ու ՄԱԿ ԵՏՀ կանոնների պահանջների կատարմամբ։

2. Տրակտորների և կցորդների՝ համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ հսկողության մեթոդները սահմանվում են Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածում բերված ստանդարտներով ու ՄԱԿ ԵՏՀ կանոններով։

Բաղադրամասերի՝ համապատասխանության գնահատման (հավաստման) համար անհրաժեշտ հսկողության մեթոդները սահմանվում են Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում բերված ստանդարտներով ու ՄԱԿ ԵՏՀ կանոններով։

Հոդված 6. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

1. Նախքան շուկայում շրջանառության մեջ բաց թողնելը տրակտորները, կցորդները կամ բաղադրամասերը պետք է ենթարկվեն Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին համապատասխանության հավաստման։

Համապատասխանության հավաստումն իրականացվում է ըստ ընթացակարգերի՝ Մաքսային միության հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) հաստատված Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում համապատասխանության գնահատման (հավաստման) տիպային ընթացակարգերի կիրառության կարգի մասին հիմնադրույթին համապատասխան։

Համապատասխանությունը հավաստելու նպատակներով տրակտորների և կցորդների՝ ըստ կատեգորիաների և տիպերի դասակարգումը ներկայացված է Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում։

Այն բաղադրամասերը, որոնց համապատասխանության հավաստումն իրականացվում է առանձին, բերված են Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում։

Եթե տրակտորների կամ կցորդների արտադրողը հանդես է գալիս որպես այն բաղադրամասերի արտադրող, որոնք մատակարարվում են միայն սեփական հավաքման արտադրություն, ապա Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում նշված բաղադրամասերի համապատասխանության հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) Միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից տրված փորձարկումների արձանագրությունների կամ համապատասխանության սերտիֆիկատների հիման վրա։

Տրակտորների և կցորդների սերտիֆիկացման փորձարկումներն անցկացվում են սույն հոդվածի 1-ին կետի 5-րդ պարբերության համապատասխան փորձարկումների դրական արդյունքների կամ Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում բերված՝ բաղադրամասերի վերաբերյալ համապատասխանության սերտիֆիկատների առկայության դեպքում։

2. Տրակտորները, կցորդները կամ բաղադրամասերը ենթակա են համապատասխանության հավաստման՝ սերտիֆիկացման եղանակով (1ս, 3ս, 4ս ընթացակարգեր)։

3. Սերիական թողարկման տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի սերտիֆիկացումն իրականացվում է ըստ 1ս ընթացակարգի։ Տրակտորները, կցորդները կամ բաղադրամասերը սերտիֆիկացման է ներկայացնում արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը)։

Տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի խմբաքանակի սերտիֆիկացումն իրականացվում է ըստ 3ս ընթացակարգի, իսկ եզակի արտադրատեսակի սերտիֆիկացումը՝ ըստ 4ս ընթացակարգի։ Տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի (եզակի արտադրատեսակ) խմբաքանակը, որն արտադրվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում, ներկայացնում է արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի (եզակի արտադրատեսակ) խմբաքանակը, որը ներմուծվում է Մաքսային միության միասնական մաքսային տարածք, ներկայացնում է ներմուծողը կամ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը)։

4. Տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի սերտիֆիկացումն իրականացվում է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) հավատարմագրված մարմնի կողմից։

Սերտիֆիկացման նպատակներով փորձարկումներն իրականացվում են Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից։

5. Տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի սերտիֆիկացումն իրականացնելիս (1ս, 3ս, 4ս ընթացակարգեր)՝

5.1. արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), ներմուծողը սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմին է ներկայացնում Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի համապատասխանությունը հավաստող տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի վերաբերյալ փաստաթղթերի լրակազմ, որում ընդգրկված են՝

տրակտորների կամ կցորդների տեխնիկական նկարագիրը։ Տեխնիկական նկարագիրը պետք է պարունակի համապատասխանության սերտիֆիկատին կից հավելվածը ձևակերպելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։ Տեխնիկական նկարագրերի ձևը բերված է Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում։ Տեխնիկական նկարագրում պետք է նաև ընդգրկվի այն բաղադրամասերի ցանկը, որոնք ունեն համապատասխանության սերտիֆիկատներ՝ նշելով այդ սերտիֆիկատների, հաղորդումների համարները որոնք վերաբերում են տիպի՝ ըստ ՄԱԿ ԵՏՀ կանոնների պաշտոնական հաստատմանը,

հիմնական կառուցվածքային փաստաթղթերը, որոնք վերաբերում են ընդհանուր առմամբ բաղադրամասին (տեխնիկական պայմաններ, տեխնիկական նկարագիր, ընդհանուր բնույթի գծագրեր, մասնագիր) (բաղադրամասերի սերտիֆիկացման դեպքում),

շահագործման փաստաթղթերը,

Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածի 4.1 և 4.2 աղյուսակներում նշված տրակտորներին ու կցորդներին ներկայացվող անվտանգության պահանջների ցանկից տրակտորի կամ կցորդի բնութագրերի կամ ցուցանիշների ցանկը,

պայմանագիրը (մատակարարման պայմանագիրը) կամ ապրանքաուղեկից փաստաթղթերը (տրակտորների, կցորդների կամ (եզակի արտադրատեսակի) բաղադրամասերի խմբաքանակի համար) (3ս, 4ս ընթացակարգեր)։

Որպես ապացուցողական նյութեր կարող են ներկայացվել՝

Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածի 4.1 և 4.2 աղյուսակների առանձին պահանջների առնչությամբ փորձարկման հավատարմագրված լաբորատորիայի (կենտրոնի) կողմից տրված փորձարկումների արձանագրությունները.

ՄԱԿ ԵՏՀ կանոններով տիպի պաշտոնական հաստատմանն առնչվող հաղորդումները.

5.2. արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու արտադրության գործընթացի կայունությունը և արտադրվող տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի համապատասխանությունը Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

5.3. սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմինը՝

5.3.1. իրականացնում է նմուշի (նմուշների) վերցնումը.

5.3.2. անցկացնում է տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի նույնականացումը՝ Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին հոդվածով սահմանված հատկանիշների, Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հոդվածով սահմանված դրույթների և սույն հոդվածի 5-րդ կետի 5.1 ենթակետում նշված փաստաթղթերի հետ դրանց բնութագրերի նույնությունը որոշելու համար.

5.3.3. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի նմուշը (նմուշները) փորձարկման նպատակով ուղարկում է փորձարկման հավատարմագրված լաբորատորիա (կենտրոն).

5.3.4. անցկացնում է արտադրության վիճակի վերլուծություն (ընթացակարգ 1ս)։

Արտադրողի մոտ տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի արտադրության որակի կառավարման կամ մշակման ու արտադրության սերտիֆիկացված համակարգի առկայության դեպքում գնահատվում է տվյալ համակարգի՝ Մաքսային միության սույնտ կանոնակարգի պահանջներին համապատասխանող սերտիֆիկացվող տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի կայուն թողարկումն ապահովելու հնարավորությունը.

5.3.5. ընդհանրացնում է տրակտորի, կցորդի կամ բաղադրամասի նմուշի (նմուշների) փորձարկման և արտադրության վիճակի վերլուծության արդյունքները.

5.3.6. տրամադրում է Հանձնաժողովի կողմից հաստատված միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատ՝ վերջինիս կցելով հավելվածը, որում ներկայացվում են տրակտորների կամ կցորդների տեխնիկական նկարագրերը։ Սերիական թողարկման տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը 5 տարի է, տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի (եզակի արտադրատեսակի) խմբաքանակի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետ չի սահմանվում, ընդ որում, համապատասխանության սերտիֆիկատի մեջ նշվում են արտադրանքի խմբաքանակի տարբերակիչ հատկանիշները՝ նույնականացման համարներ, պայմանագրի (մատակարարման պայմանագրի) մասին տեղեկություններ և այլն.

5.4. արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը), ներմուծողը՝

5.4.1. զետեղում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը.

5.4.2. համապատասխանության հավաստումն ավարտելուց հետո կազմում է տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, որում ընդգրկվում են՝

սույն հոդվածի 5-րդ կետի 5.1 ենթակետով նախատեսված փաստաթղթերը,

փորձարկումների արձանագրությունը (արձանագրությունները),

արտադրության վիճակի վերլուծության արդյունքները,

համապատասխանության սերտիֆիկատը,

5.5. սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) մարմինը փորձարկման հավատարմագրված լաբորատորիայում (կենտրոնում) նմուշի (նմուշների) փորձարկումների և (կամ) արտադրության վիճակի վերլուծություն (ընթացակարգ 1ս) կատարելու միջոցով տեսչական հսկողություն է անցկացնում սերտիֆիկացված տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի նկատմամբ։

6. Տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի վերաբերյալ փաստաթղթերի լրակազմը պետք է պահվի Մաքսային միության անդամ պետությունների տարածքում հետևյալի առնչությամբ՝

սերիական թողարկման տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի՝ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) մոտ այդ տրակտորները, կցորդները կամ բաղադրամասերը արտադրությունից հանելու (արտադրությունը դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարվա ընթացքում.

տրակտորների, կցորդների կամ բաղադրամասերի խմբաքանակի՝ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի մոտ խմբաքանակից վերջին արտադրատեսակն իրացնելու օրվանից առնվազն 10 տարվա ընթացքում։

7. Փաստաթղթերի լրակազմը պետք է՝

շարադրվի ռուսերենով և Մաքսային միության անդամ պետության պետական լեզվով (լեզուներով)` Մաքսային միության անդամ պետության (պետությունների) օրենսդրության (օրենսդրությունների) մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում։

տրամադրվի պետական վերահսկողության մարմիններին՝ ըստ նրանց պահանջի։

Հոդված 7. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ ՄԱԿՆՇՈՒՄԸ

                  

1. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջներին համապատասխանող և Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ հոդվածի համաձայն համապատասխանության հավաստումն անցած տրակտորները, կցորդները և բաղադրամասերը պետք է ունենան Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշում։

2. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը կատարվում է նախքան տրակտորը, կցորդը կամ բաղադրամասը շուկայում շրջանառության մեջ դնելը։

3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է յուրաքանչյուր տրակտորի և կցորդի կամ արտադրողի ցուցանակի (մակնշման ցուցանակի) վրա ցանկացած եղանակով, որով ապահովվում է պարզ ու հստակ պատկերը տրակտորի կամ կցորդի շահագործման ամբողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև ներկայացվում դրանց կցվող շահագործման փաստաթղթերում։

4. Բաղադրամասերը մակնշելիս Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը պետք է զետեղվի անմիջապես յուրաքանչյուր բաղադրամասի (տեխնիկապես հնարավոր լինելու դեպքում) և փաթեթվածքի վրա, ինչպես նաև բերվի դրան կցվող շահագործման փաստաթղթերում։

Բաղադրամասերի՝ պաշտոնական հավաստման նշաններով մակնշումը հավասարազոր է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշմանը։ Եթե բաղադրամասերի վրա առկա է պաշտոնական հավաստման նշանով մակնշվածք, ապա այդ բաղադրամասերը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշելու անհրաժեշտություն չկա ։

5. Տրակտորները, կցորդները կամ բաղադրամասերը մակնշվում են Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, եթե դրանք համապատասխանում են Մաքսային միության այն բոլոր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

Հոդված 8. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ

1. Մաքսային միության անդամ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները՝ տրակտորների, կցորդների և բաղադրամասերի՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ բացթողումը սահմանափակելու, արգելք սահմանելու համար, ինչպես նաև շուկայից հետ կանչելու այն տրակտորները, կցորդները և բաղադրամասերը, որոնք չեն համապատասխանում սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

 

             

 

Հավելված 1

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012)

     
 

Հավելված 2

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012)

        

 

Հավելված 3

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012)

        

 

Հավելված 4

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012)

       

 

Հավելված 5

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012)

              

 

Հավելված 6

«Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012)