Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.09.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
03.09.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0149/11/19

Գործ թիվ ԵԴ/0149/11/19

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 

2021 թվականի սեպտեմբերի 3-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Արմեն Սահակի Տեր-Սահակյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանի և Ա.Գալստյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 21 որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արմեն Տեր-Սահակյանի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված՝ 2018 թվականի հոկտեմբերի 30-ի դիմումին ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ` նաև ՀՔԾ) պետի տեղակալ Հ.Ենոքյանը 2018 թվականի նոյեմբերի 9-ին պատասխանել է գրությամբ:

Ա.Տեր-Սահակյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ 2019 թվականի հունվարի 17-ի բողոքին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ (այսուհետ` նաև Դատախազ) Ա.Մնացականյանը 2019 թվականի փետրվարի 5-ին պատասխանել է գրությամբ:

2. Վերոնշյալ գրությունների դեմ 2019 թվականի մարտի 11-ին դիմող Ա.Տեր-Սահակյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանը և Ա.Գալստյանը բողոք են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշմամբ ներկայացուցիչներ Ս.Սարգսյանի և Ա.Գալստյանի բողոքը մերժվել է:

3. Ներկայացուցիչներ Ս.Սարգսյանի և Ա.Գալստյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշումը բեկանել է և պարտավորեցրել է ՀՀ գլխավոր դատախազությանը վերացնել բողոքաբերի իրավունքների խախտումը, այն է՝ ներկայացված բողոքի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մարտի 9-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հուլիսի 1-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ի գրության համաձայն՝ Ա.Տեր-Սահակյանի՝ ՀՔԾ պետին հասցեագրված դիմումում բարձրացված հարցերը հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալներ չեն բովանդակում, ուստի այն չի կարող հանդիսանալ քրեական գործ հարուցելու հիմք1:

6. Դատախազ Ա.Մնացականյանի՝ 2019 թվականի փետրվարի 5-ի գրության համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով դատավարական որոշում կայացնելու, այն է՝ բողոքը վերադաս դատախազի կողմից քննության առնելու համար պարտադիր է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման առկայություն, որպիսին տվյալ դեպքում առկա չէ: Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի կողմից դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգման չենթարկելու հանգամանքին, ապա տվյալ գործողությունն իրավաչափ է2:

7. Դիմող Ա.Տեր-Սահակյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանը և Ա.Գալստյանն Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքում արձանագրել են, որ և՛ ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանը, և՛ Դատախազ Ա.Մնացականյանը թույլ են տվել անգործություն, որով խախտել են Ա.Տեր-Սահակյանի իրավունքները և օրինական շահերը: Բողոքաբերները խնդրել են Առաջին ատյանի դատարանին պարտավորեցնել դատախազությանը վերացնել Ա.Տեր-Սահակյանի իրավունքների խախտումը, այն է՝ Ա.Տեր-Սահակյանի հաղորդումը քննարկել ըստ էության և կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը3:

8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը (…) գտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքաբերի կողմից ներկայացված հաղորդմանը պատասխանելով գրությունով՝ դրսևորել են անգործություն, հետևաբար դատարանը գտնում է, որ նշված գրությունները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են:

(…) [Դ]ատարանն արձանագրում է, որ (…) Արմեն Տեր-Սահակյանի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված 2018թ. հոկտեմբերի 30-ի հաղորդումն առերևույթ չի համապատասխանել որոշակիության բովանդակային չափանիշին, մասնավորապես՝ չի բովանդակել տեղեկություններ կոնկրետ հանցավոր արարքի հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին, որոնք հնարավորություն կտան ողջամիտ ենթադրություն անել, որ այդ տեղեկությունների ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Հաղորդումը կրել է վերացական բնույթ, որի պայմաններում բացառվում է քրեադատավարական գործիքակազմի անհիմն և աննպատակահարմար կիրառումը, հետևաբար նաև՝ ոչ հանցավոր իրադարձությունների կապակցությամբ անձանց իրավունքների ու օրինական շահերի սահմանափակումները և հանրային ռեսուրսների վատնումը:

Դատարանը գտնում է, որ հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները բավարար չեն այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները գործողության մեջ դնելու նպատակով պետական գործիքակազմն օգտագործելու համար և ողջամիտ հավանականություն չկա, որ դրանց ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Այսինքն՝ դատարանը փաստում է, որ քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտում թույլ չի տրվել, որոնք կարող էին հանգեցնել Արմեն Տեր-Սահակյանի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, հետևաբար ներկայացված հաղորդումը չի առաջացրել վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քր. դատ. օր.-ի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը:

Վերոնշյալի հիման վրա դատարանն արձանագրում է, որ Ա.Տեր-Սահակյանի կողմից ներկայացված հաղորդումը չի համապատասխանում քրեական գործ հարուցելու առիթին ներկայացվող պահանջներին (…):

[Դ]ատարանը գտնում է, որ հաղորդումը քննարկող պաշտոնատար անձի գործողություններն օրինական և հիմնավորված են և բողոքաբերի իրավունքները և ազատությունները չեն խախտվել, հետևաբար բողոքը ենթակա է մերժման (…)»4:

9. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում դիմող Ա.Տեր-Սահակյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանը և Ա.Գալստյանը, եզրահանգելով, որ հաղորդման մեջ նշված փաստերն առերևույթ վկայում են կատարված հանցագործությունների մասին և նախաքննության մարմինը պարտավոր է հաղորդման հիման վրա կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված որոշումներից որևէ մեկը, խնդրել են բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն և պարտավորեցնել դատախազությանը հաղորդման հիման վրա կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված որոշումներից մեկը5:

10. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Հարկ է արձանագրել, որ (կոնկրետ դեպքում) բողոքաբեր կողմը դատարան է բողոքարկել ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը:

(…) [Ա]նդրադառնալով դատախազի (…) գրությամբ վկայակոչված (…) պատճառաբանությանը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, նկատի ունենալով, որ մինչդատական վարույթում դատախազական հսկողության առարկա են հանդիսանում ոչ միայն քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, այլև նախաքննության մարմնի այն անգործությունը, գործողությունները և որոշումները, որոնք դատավարության մասնակիցների իրավունքների ենթադրյալ խախտումներ են պարունակում:

Հետևաբար դատախազական հսկողության շրջանակներում նախաքննության մարմնի գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքի քննության արդյունքում դատախազը բավարար հիմքերի առկայության դեպքում պարտավոր է համապատասխան որոշում կայացնել և այդ հանգամանքը չի կարող պայմանավորված լինել միայն քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման առկայությամբ, ինչը տվյալ դեպքում նշել է դատախազը:

Տվյալ դեպքում, դատախազը չի պահպանել բողոքաբերի կողմից բողոքում բարձրացված պահանջի վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունելու օրենսդրական պահանջը և բողոքին պատասխանել է գրությամբ:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից չի իրացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված՝ քննիչի գործողությունների դեմ բերված բողոքը լուծելու լիազորությունը, չի պահպանվել նույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ պահանջի վերաբերյալ ընդունված որոշման պատճառաբանված լինելու պահանջը, ինչի արդյունքում խախտվել է բողոքաբեր Արմեն Տեր-Սահակյանի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված՝ գործի արդարացի քննության իրավունքը, ինչն էլ հանգեցրել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված իր գործի արդարացի քննության իրավունքի սահմանափակմանը:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում, ՀՀ գլխավոր դատախազությանը պետք է պարտավորեցնել վերացնել բողոքաբեր կողմի իրավունքների խախտումները, այն է՝ ներկայացված բողոքի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:

(…)»6:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 102-րդ, 103-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթները, դիմողի կողմից ՀՔԾ ներկայացված դիմումի, այնուհետև՝ դրա վերաբերյալ դատախազին ներկայացված բողոքի նկատմամբ կիրառելի իրավակարգավորումների շրջանակը և այդ իրավահարաբերությունների առարկան:

Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ պատշաճ չի գնահատել գործի հանգամանքներն իրենց համակցության մեջ՝ այդպիսով թույլ տալով դատական սխալ, որը, խաթարելով արդարադատության բուն էությունը, ազդել է գործի ելքի վրա, այն է՝ քրեական հետապնդման մարմնի համար առաջացրել է կատարման ոչ ենթակա պարտավորություն:

11.1. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում՝ իբրև խնդրո առարկա իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի քրեադատավարական դրույթներ, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը, 102-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, անտեսել է, որ այդ նորմերը և դրանցով կարգավորվող հարաբերությունների սուբյեկտները դիմումների քննարկման փուլում որպես այդպիսին գոյություն չունեն, քանի որ այդ իրավահարաբերությունները կարող են ծագել առնվազն քրեական գործի հարուցման փուլում, այսինքն՝ քրեադատավարական տիրույթ ներմուծվելու պահից, ինչը սույն դեպքում տեղի չի ունեցել, քանի որ թե՛ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, թե՛ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված գրություններն իրենցում չեն բովանդակել հանցագործության մասին մատնանշող փաստական տվյալներ:

11.2. Բողոքաբերը հատկանշական է համարել նաև այն, որ ներկայացուցիչ Ս.Սարգսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված բողոքի առարկան քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ըստ էության, գոյություն չունեցող որոշումն է: Ըստ բողոքաբերի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով դատավարական որոշում կայացնելու, այն է՝ բողոքը վերադաս դատախազի կողմից քննության առնելու համար պարտադիր է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման առկայությունը, որպիսին տվյալ դեպքում առկա չէ:

11.3. Բացի այդ, անդրադառնալով ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի կողմից դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգման չենթարկելու հանգամանքին, բողոքաբերը նշել է, որ տվյալ գործողությունն իրավաչափ է: Բողոքաբերը փաստել է, որ քրեական հետապնդման մարմնին հասցեագրված, անգամ «Հանցագործության մասին հաղորդում» վերնագրված որևէ դիմում ենթակա չէ ստուգման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերով, եթե այն չի բովանդակում տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին:

11.4. Ամփոփելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանի կողմից դատախազի համար սահմանվել է պահանջի կատարում, այն է՝ բողոքի կապակցությամբ որոշման կայացում, որն իր հիմքում չունի որևէ դատավարական և փաստական հիմք:

12. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Դատախազ Ա.Մնացականյանի՝ դատախազական հսկողության շրջանակներում կայացված գրությունն ինքնին մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելը:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`

1) (…) օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:

3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:

(…) 5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (…)»:

15. Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը նախ և առաջ պետք է պարզի, թե`

ա) բողոքարկված որոշումը կամ գործողությունը (անգործությունը) մտնում են արդյոք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ,

բ) բողոքաբերի կողմից պահպանվել են արդյոք այդ որոշման կամ գործողության (անգործության) բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը,

գ) բողոքաբերի կողմից պահպանվել են արդյոք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության թույլատրելի ժամանակային սահմանները,

դ) բողոքաբերն արդյոք ուներ բողոք բերելու իրավասություն,

ե) առկա է արդյոք բողոքին կցվող նյութերի ցանկը (դատավարական փաստաթղթերի պատճեններ, փորձագետի եզրակացություն, տեղեկանք և այլն),

զ) ստորագրված է արդյոք բողոքը:

Վերոնշյալ հանգամանքները պարզելուց հետո միայն դատարանը կարող է անդրադառնալ ներկայացված բողոքի հիմքերին7:

15.1. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումները՝

- մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների (անգործության) դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները (անգործությունը) ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների (անգործության) օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին8:

- մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները ենթակա են նաև դատախազական հսկողության: Ընդ որում, ինչպես հետևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից, անձն իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքն իրացնելուց առաջ պարտավոր է սպառել իրավունքների պաշտպանության արտադատական միջոցը՝ դատախազի առջև հայցել իր բողոքի բավարարում9:

- դատախազական հսկողության գործիքակազմի սպառումը նախապայման է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործադրելու համար: Որպես իրավական պաշտպանության միջոց` դրա շրջանակներում ստուգվում է անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման (գործողության) օրինականությունը, որի արդյունքում դատախազը կա՛մ արձանագրում է վիճարկվող որոշման (գործողության) իրավաչափության փաստը, կա՛մ հերքում այն: Այսինքն` դատախազական հսկողության կառուցակարգի սպառման արդյունքում կայացվող որոշումը հիմնվում է անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման (գործողության) վրա10:

- Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից՝ անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն11։

- Ընդ որում, այս դեպքում դատական վերահսկողության առարկան քրեական հետապնդման մարմնի որոշումն է, այլ ոչ թե դատախազական հսկողության արդյունքում կայացված դատավարական ակտը կամ դրսևորած անգործությունը12։

16. Վերահաստատելով սույն որոշման 15-15.1-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկան անմիջականորեն քրեական հետապնդման մարմինների որոշումները, գործողությունները կամ անգործությունն են, եթե դրանց դեմ բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից13՝ անկախ նրանից, թե դատախազական հսկողության շրջանակներում դատախազի կողմից քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն14: Ընդ որում, այս դեպքում դատական վերահսկողության առարկան քրեական հետապնդման մարմնի՝ որոշումը, գործողությունը կամ անգործությունն է, այլ ոչ թե դատախազական հսկողության արդյունքում կայացված դատավարական ակտը կամ դրսևորված անգործությունը:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Ա.Տեր-Սահակյանի՝ ՀՔԾ պետին հասցեագրված դիմումին ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանը պատասխանել է գրությամբ15,

- Ա.Տեր-Սահակյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված, ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրության դեմ բողոքին Դատախազ Ա.Մնացականյանը պատասխանել է գրությամբ16,

- Վերոնշյալ գրությունների դեմ դիմող Ա.Տեր-Սահակյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանի և Ա.Գալստյանի բողոքը17 Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 24-ի որոշմամբ մերժվել է18,

- Վերաքննիչ դատարանը, դիմող Ա.Տեր-Սահակյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանի և Ա.Գալստյանի վերաքննիչ բողոքը19 բավարարելով և Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելով, արձանագրել է, որ կոնկրետ դեպքում դատարան է բողոքարկվել ՀՀ գլխավոր դատախազության անգործությունը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատախազական հսկողության շրջանակներում նախաքննության մարմնի գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքի քննության արդյունքում դատախազը բավարար հիմքերի առկայության դեպքում պարտավոր է համապատասխան որոշում կայացնել և այդ հանգամանքը չի կարող պայմանավորված լինել միայն քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման առկայությամբ: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ տվյալ դեպքում դատախազը չի պահպանել բողոքաբերի կողմից բողոքում բարձրացված պահանջի վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունելու օրենսդրական պահանջը և բողոքին պատասխանել է գրությամբ: Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ դատախազի կողմից չի իրացվել քննիչի գործողությունների դեմ բերված բողոքը լուծելու լիազորությունը, չի պահպանվել պահանջի վերաբերյալ ընդունված որոշման պատճառաբանված լինելու պահանջը, ինչի արդյունքում խախտվել է Ա.Տեր-Սահակյանի՝ գործի արդարացի քննության իրավունքը:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ գլխավոր դատախազությանը պետք է պարտավորեցնել վերացնել բողոքաբերի իրավունքների խախտումը, այն է՝ ներկայացված բողոքի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում20:

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն դեպքում դատական վերահսկողության առարկան ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ի գրությունն է (որն էլ, ըստ էության, վիճարկել են բողոքաբերները), այլ ոչ թե Դատախազ Ա.Մնացականյանի՝ դատախազական հսկողության շրջանակում կազմված 2019 թվականի փետրվարի 5-ի գրությունը: Այս առնչությամբ հարկ է նաև փաստել, որ ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրությունը կարող էր վիճարկվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում՝ անկախ նրանից, թե դատախազական հսկողության շրջանակներում բողոքարկման արդյունքում դատախազի կողմից քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտ է կայացվել, թե դրսևորվել է անգործություն:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա է դիտարկել Դատախազ Ա.Մնացականյանի՝ դատախազական հսկողության շրջանակում կազմված գրությունը, արձանագրել է, որ դատախազը չի պահպանել բողոքաբերի կողմից բողոքում բարձրացված պահանջի վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունելու օրենսդրական պահանջը, արդյունքում պարտավորեցրել է ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրության դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ դատախազական հսկողության շրջանակներում կայացնել պատճառաբանված որոշում։ Այդպիսով Վերաքննիչ դատարանը չի քննարկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա հանդիսացող՝ ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրության իրավաչափությունը և որևէ հետևության չի հանգել դրա առնչությամբ, որպիսի մոտեցումը Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Դատախազ Ա.Մնացականյանի՝ դատախազական հսկողության շրջանակներում կազմված գրությունն ինքնին մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելն իրավաչափ չէ:

20. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Դատախազ Ա.Մնացականյանի գրությանը կարող էր իրավական գնահատական տրվել ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրության իրավաչափության ստուգման հետ մեկտեղ` նույն վարույթի շրջանակներում21:

21. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 290-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 21 որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար22:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտումների պայմաններում զրկված է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքում նշված մյուս փաստարկների կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից, քանի որ դրանք կարող են քննարկման առարկա դարձվել սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, պետք է քննության առնի դիմող Ա.Տեր-Սահակյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանի ու Ա.Գալստյանի վերաքննիչ բողոքը և հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Արմեն Սահակի Տեր-Սահակյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանի և Ա.Գալստյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 21 որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________________

1 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 27-28:

2 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 65-67:

3 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 2-10:

4 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 52-56:

5 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 1-13:

6 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 39-63:

7 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Հայկ Մելքոնյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԱԴԴ/0009/11/10 որոշման 12-րդ կետը, mutatis mutandis, «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԱՔԴ/0031/11/14 որոշումը:

8 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Հեղինե Պետրոսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0043/11/14 որոշումները:

9 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Գինոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0023/11/12 որոշման 13-րդ կետը:

10 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշման 21-րդ կետը:

11 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԱՔԴ/0031/11/14 որոշումը, ինչպես նաև Էրիկ Աբգարյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0018/11/17 որոշման 16.4-րդ կետը։

12 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Էրիկ Աբգարյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0018/11/17 որոշման 17-րդ կետը:

13 Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում քրեական հետապնդման մարմնի անգործությունը բողոքարկելու դեպքում դատախազական հսկողության գործիքակազմի սպառումը ոչ պարտադիր լինելու վերաբերյալ մանրամասն տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշումը:

14 Տե'ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասը:

15 Տե'ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը:

16 Տե'ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը:

17 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

18 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

19 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:

20 Տե'ս սույն որոշման 10-րդ կետը:

21 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշման 21-րդ կետը:

22 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան