Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.08.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԿԴ/0011/11/19

Գործ թիվ ԿԴ/0011/11/19

Նախագահող դատավոր՝  Վ. Ռշտունի

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի օգոստոսի 27-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ի որոշման դեմ շահագրգիռ անձ Զաքարիա Ավետիսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի ոստիկանության բաժնում 2019 թվականի հունիսի 10-ին հարուցվել է թիվ 46163319 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Հ.Հակոբյանը (այսուհետ՝ նաև Նախաքննության մարմին) 2019 թվականի հունիսի 29-ին որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու և Զ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Վերոհիշյալ որոշման դեմ դիմող «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Մարտիրոսյանի (այսուհետ՝ նաև Դիմող) բողոքը Կոտայքի մարզի դատախազ Ռ.Խաչատրյանի՝ 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ մերժվել է:

2019 թվականի օգոստոսի 5-ին Դիմողը բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունիսի 29-ի, Կոտայքի մարզի դատախազ Ռ.Խաչատրյանի՝ 2019 թվականի հուլիսի 17-ի որոշումները, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերսկսել գործով վարույթը և իրականացնել օբյեկտիվ նախաքննություն:

2. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ Դիմողի բողոքը մերժել է:

3. Դիմողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը՝ բեկանել և փոփոխել՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Դիմողի իրավունքների խախտումը:

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ շահագրգիռ անձ Զ.Ավետիսյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Նախաքննության մարմնի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2019 թվականի հունիսի 29-ի որոշման համաձայն՝ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունում «Ապարան թան» գրառումը պարունակող, ինչպես նաև «Աղբյուր» ՍՊ ընկերության իրավատիրոջ՝ ԱՁ Զաքարիա Ավետիսյանի կողմից օգտագործվող «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» գրառումը պարունակող ապրանքային նշաններ գրանցված չեն, իսկ նրանց կողմից օգտագործվող ապրանքային նշանները նույնական չեն, սակայն շփոթելու աստիճան նման են դրանց վրա առկա «Ապարան» բառային տարրը, որը համակցված ապրանքային նշաններում հանդիսանում է այսպես կոչված «անվանում»: Սույն քրեական գործով տվյալներ ձեռք չեն բերվել, որ ԱՁ Զաքարիա Ավետիսյանի կողմից օգտագործվող «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» ապրանքային նշանի օգտագործումով վնաս է պատճառվել «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերությանը, քանի որ ապրանքային շրջանառությունը համեմատական կարգով ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշներից:

«Ապարան թան» գրառումը պարունակող ապրանքային նշանը գրանցված չէ, իսկ «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» գրառումը արտաքին բազմաթիվ հատկանիշներով տարբերվում է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության ապրանքային նշանից, ուստի Զաքարիա Ավետիսյանի և «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության միջև ծագած հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա են լուծման քաղաքացիական դատավարության կարգով»1:

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման համաձայն. «(…) Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քննիչ Հ.Հակոբյանը նախաքննության ընթացքում հարցում է կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն` «Գանա գրուպ պլյուս» ՍՊԸ-ի անվամբ «Ապարան թան» գրառումը պարունակող ապրանքային նշանի գրանցման մասին, որին ի պատասխան` տեղեկացվել է, որ այդպիսի ապրանքային նշան այդ ընկերության անվամբ գրանցված չէ: Հետևաբար, «Գանա գրուպ պլյուս» ՍՊԸ-ն իր անվամբ գրանցված չունենալով «Ապարան թան» ապրանքային նշանը` չի օգտվել այդ նշանի իրավական պաշտպանությունից:

Բացի այդ, Դատարանն արձանագրում է, որ նախաքննության ընթացքում չի հիմնավորվել Զ.Ավետիսյանի արարքների հետևանքով խոշոր վնասի պատճառման փաստը, դեռ ավելին` 2019 թվականի մայիս ամսին «Գանա գրուպ պլյուս» ՍՊԸ-ի շրջանառությունը 2.110.433 ՀՀ դրամով գերազանցել է 2018 թվականի մայիս ամսվա շրջանառությանը: Իսկ բողոքաբերի կողմից չի ներկայացվել որևէ փաստական տվյալ այդպիսի վնաս կրելը հիմնավորելու համար:

Ելնելով վերոգրյալից, Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները, սակայն հնարավոր չի եղել հիմնավորել Զ.Ավետիսյանի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը: Որպիսի պայմաններում Զ.Ավետիսյանի անմեղության կանխավարկածը մնում է չհաղթահարված և սպառվել է այլ ապացույցներ ձեռք բերելու օբյեկտիվ հնարավորությունը (…)»2։

7. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ի որոշման համաձայն. «(…) [Թ]եև «Ապարան թան» անվանմամբ ապրանքային նշան գրանցված չէ, այնուամենայնիվ քրեական գործում առկա ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կայքից արտատպված ապրանքային նշանին վերաբերող տվյալներից երևում է, որ թեև նշանի անվանումն «Ապարան MA» է, այնուամենայնիվ մտավոր սեփականության գործակալությունում գրանցված է ապրանքային նշանի պատկերը, որի վրա նշված է «Ապարան թան»: Ավելին՝ նշվածից նաև երևում է, որ բացի «Ապարան» անվանումից, մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանման օբյեկտներ չեն, իսկ ՀՀ մտավոր սեփականության գործակալության գրության համաձայն՝ երկու ապրանքային նշաններում օգտագործված «Ապարան» անվանումները շփոթելու աստիճան նման են: Բացի այդ, նշանը պահպանվում է բաց և մուգ կանաչ, սև սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր և դեղին գունային համակցությամբ, ինչը նաև առկա է «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» գրառումը պարունակող ապրանքային նշանի պատկերի վրա: Հետևաբար վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ գնահատականի չի ենթարկվել նշված պայմաններում ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հանգամանքի առկայության կամ բացակայության, ինչպես նաև սպառողներին մոլորության մեջ գցելու հարցերը:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով նշված վնասի պարտադիր չափին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ այդ ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը բավարար գործողություններ չի կատարել և հիմնվել է միայն «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության 2018 և 2019 թվականների մարտ, ապրիլ և մայիս ամիսների շրջանառության վերաբերյալ տեղեկությունների վրա՝ փաստացի արձանագրելով, որ 2019 թվականի այդ եռամսյակում ընդհանուր առմամբ ընկերության շրջանառությունն աճել է, մինչդեռ առանձին վերցված՝ 2019 թվականի մարտի շրջանառությունը մոտ 4 միլիոն դրամով քիչ է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ շրջանառության ընդհանուր առմամբ աճն ինքնին չի կարող վկայել հասցված վնասի բացակայության մասին, այն էլ այն պայմաններում, երբ այդ աճը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով:

Վարույթն իրականացնող մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ պարզելու համար, թե արդյոք սպառողներն ընդունել են ԱՁ Զաքարիա Ավետիսյանի կողմից «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» ապրանքային նշանով արտադրանքը՝ կարծելով, որ այն «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության «Ապարան թան» արտադրանքն է, և, եթե այդպիսի դեպքեր եղել են, ապա ինչ ծավալով են ձեռքբերվել, որպիսի պայմաններում նույնպես հնարավոր կլիներ պարզել «Ապարան թան» արտադրանքի փոխարեն իրացված ապրանքների ծավալը և չափն արդյոք համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածում նշված չափին: Վարույթն իրականացնող մարմինը տվյալ հարցը պարզելու համար առնվազն հարցումներ պետք է ուղարկեր մեծածախ, համեմատաբար խոշոր իրացում կամ ցանցային կազմակերպաիրավական ձև ունեցող և մթերքի առևտրով զբաղվող կազմակերպություններին (…)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

 8. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է Զ.Ավետիսյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի պահանջները:

Ի հիմնավորումն բողոքի փաստարկների՝ Զ.Ավետիսյանը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հաստատել է «Ապարան թան» անվանման՝ «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ի ապրանքային նշանը լինելու փաստն այն պայմաններում, երբ վերջինիս անունով օրենքով սահմանված կարգով նման ապրանքային նշան գրանցված չէ՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին միջոցներ ձեռնարկել պարզելու «Ապարան թան» և «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» «ապրանքային նշանների»՝ շփոթության աստիճանի նման լինելու հանգամանքը:

Վերոհիշյալի կապակցությամբ բողոքաբերն արձանագրել է, որ ապրանքային նշանի՝ որպես մտավոր սեփականության օբյեկտի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1171-1178-րդ հոդվածներով, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով, որոնցով սահմանված է ապրանքային նշանի հասկացությունը, դրա բովանդակությունը, գրանցման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, որոնք քաղաքացիաիրավական բնույթի հարցեր են, և դրանց լուծումը վերապահված է ապրանքային նշանը գրանցելու իրավասություն ունեցող, ինչպես նաև վերջինիս գործողությունների (անգործության) իրավաչափությունը գնահատելու իրավասություն ունեցող սուբյեկտներին:

8.1. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ այս կամ այն նիշին որպես ապրանքային նշան իրավական պահպանություն տրամադրված լինելու, այս կամ այն նիշը մյուսի հետ նույնը կամ շփոթության աստիճանի նման լինելու հարցերը բացառապես քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով են սահմանված, դրանք որոշելու իրավասությամբ օժտված են բացառապես համապատասխան վարչական կամ դատական մարմինները՝ վարչական վարույթի, վարչական կամ քաղաքացիական դատավարության շրջանակներում՝ համապատասխան ապացուցման կանոնների կիրառմամբ: Ուստի, բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը «Ապարան թան» նիշը որպես ապրանքային նշան իրավական պահպանության ենթակա լինելու, դրա և «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» նիշի՝ շփոթության աստիճանի նման լինելու հանգամանքների կապակցությամբ եզրահանգումներ կատարելիս չի գործել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» և դուրս է եկել իր իրավասության սահմաններից՝ քրեական դատավարության սահմաններում հաստատված համարելով փաստեր, որոնք կարող էին հաստատվել բացառապես վարչական վարույթի, քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով, արդյունքում խախտել է քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերությունների ներքին տրամաբանությունը։ Ավելին, բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է նշված փաստերի ապացուցմանն ուղղված քրեադատավարական գործողություններ կատարել քրեական վարույթն իրականացնող մարմնին, ով նույնպես օժտված չէ նման իրավասությամբ:

9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դիմող «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ի տնօրեն Հ.Մարտիրոսյանի իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)»։

11.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) [Դ]ատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի`

ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,

բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել»4։

12. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ։ Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների՝ քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ։ Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից։ Ուստի, ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ: Հակառակ պարագայում կարող է առաջանալ իրավիճակ, երբ նույն փաստի վերաբերյալ առկա լինեն քաղաքացիական դատավարության կարգով և քրեական դատավարության կարգով կայացված օրինական ուժի մեջ մտած իրար հակասող դատական ակտեր, ինչն անթույլատրելի է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի5:

12.1. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում։ Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ6:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված, ի թիվս այլնի, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել:

Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է ուրիշի ապրանքային նշանն ապօրինի օգտագործելով: Հանցակազմի նշված տարրի պարտադիր հատկանիշ է նաև, ի թիվս այլնի, նաև ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հետևանքով խոշոր վնաս պատճառելը։

Քննարկվող հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է հանցավոր հետևանքների նկատմամբ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ: Այլ կերպ՝ անձը պետք է գիտակցի, որ ապօրինի օգտագործում է ուրիշի ապրանքային նշանը, նախատեսի և ցանկանա կամ գիտակցաբար թույլ տա դրա հետևանքով խոշոր վնասի պատճառումը։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- Նախաքննության մարմինը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացրել այն պատճառաբանությամբ, որ «Աղբյուր» ՍՊ ընկերության սեփականատեր, անհատ ձեռնարկատեր Զ.Ավետիսյանի կողմից օգտագործվող՝ «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» գրառումը արտաքին բազմաթիվ հատկանիշներով տարբերվում է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ի ապրանքային նշանից, և հետևաբար նրանց միջև ծագած հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա են լուծման քաղաքացիական դատավարության կարգով։ Նախաքննության մարմինը փաստարկել է, որ քրեական գործով տվյալներ ձեռք չեն բերվել, որ ԱՁ Զաքարիա Ավետիսյանի կողմից «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» ապրանքային նշանի օգտագործումով վնաս է պատճառվել «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերությանը, քանի որ ապրանքային շրջանառությունը համեմատական կարգով ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշներից: Բացի այդ, Նախաքննության մարմինն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ «Ապարան թան» գրառումը պարունակող ապրանքային նշանը գրանցված չէ, իսկ «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» գրառումը արտաքին բազմաթիվ հատկանիշներով տարբերվում է «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության ապրանքային նշանից7:

- Նշված որոշման դեմ Դիմողի բողոքը Կոտայքի մարզի դատախազ Ռ.Խաչատրյանի՝ 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ մերժվել է8: Վերոնշյալ որոշման դեմ ներկայացված բողոքն Առաջին ատյանի դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ «Ապարան թան» գրառումը պարունակող ապրանքային նշան «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊԸ-ի անվամբ գրանցված չէ, հետևաբար վերջինը, չունենալով «Ապարան թան» ապրանքային նշանը, չէր կարող օգտվել այդ նշանի իրավական պաշտպանությունից, և որ չի հիմնավորվել այդ ապրանքային նշանի օգտագործմամբ խոշոր վնասի պատճառման փաստը9:

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Դիմողի խախտված իրավունքները, արձանագրել է, որ թեև «Ապարան թան» անվանմամբ ապրանքային նշան գրանցված չէ, այնուամենայնիվ քրեական գործում առկա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կայքից արտատպված ապրանքային նշանին վերաբերող տվյալներից երևում է, որ չնայած նշանի անվանումն «Ապարան MA» է, այնուամենայնիվ մտավոր սեփականության գործակալությունում գրանցված է ապրանքային նշանի պատկերը, որի վրա նշված է «Ապարան թան», իսկ ՀՀ մտավոր սեփականության գործակալության գրության համաձայն՝ երկու ապրանքային նշաններում օգտագործված՝ «Ապարան» անվանումները շփոթելու աստիճան նման են: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ նշանը պահպանվում է բաց և մուգ կանաչ, սև սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր և դեղին գունային համակցությամբ, ինչը նաև առկա է «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» գրառումը պարունակող ապրանքային նշանի պատկերի վրա: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ գնահատականի չեն ենթարկվել նշված պայմաններում ապրանքային նշանի ապօրինի օգտագործման հանգամանքի առկայության կամ բացակայության, ինչպես նաև սպառողներին մոլորության մեջ գցելու հարցերը։ Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով նշված վնասի պարտադիր չափին՝ Վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինը բավարար գործողություններ չի կատարել, մասնավորապես, չի ձեռնարկել համապատասխան միջոցներ պարզելու համար, թե արդյո՞ք սպառողներն ընդունել են անհատ ձեռնարկատեր Զ.Ավետիսյանի կողմից «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» ապրանքային նշանով արտադրանքը՝ կարծելով, որ այն «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության «Ապարան թան» արտադրանքն է, և, եթե այդպիսի դեպքեր եղել են, ապա ի՞նչ ծավալով են ձեռքբերվել, որպիսի պայմաններում նույնպես հնարավոր կլիներ պարզել, թե «Ապարան թան» արտադրանքի փոխարեն իրացված ապրանքների ծավալը և չափն արդյո՞ք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածում նշված չափին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը տվյալ հարցը պարզելու համար առնվազն հարցումներ պետք է ուղարկեր մեծածախ, համեմատաբար խոշոր իրացում կամ ցանցային կազմակերպաիրավական ձև ունեցող և մթերքի առևտրով զբաղվող կազմակերպություններին10:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով Դիմողի բողոքը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնելու դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումները, պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն, որ սույն գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել Զ.Ավետիսյանին մեղսագրվող արարքում ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմի տարրերի առկայությունը:

Բացի այդ, քրեական գործի քննության ընթացքում տվյալներ ձեռք չեն բերվել, որ ԱՁ Զաքարիա Ավետիսյանի կողմից «Ապարանի ջրով և տնական մածուկով թան, ցմփորիկ» ապրանքային նշանի օգտագործումով վնաս է պատճառվել «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերությանը, ինչը քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է։ Հետևաբար, վերոնշյալ պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված միջոցառումների11 իրականացումը սույն գործի լուծման համար որևէ նշանակություն ունենալ չէր կարող։

16. Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր չեն դիմող «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության իրավունքների խախտման և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, դիմող «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության իրավունքների խախտման փաստն արձանագրելով և վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ, 358-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, մերժելով դիմող «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Հ.Մարտիրոսյանի բողոքը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 57-61:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 71-77:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, 143-148:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մանվել և Լիդա Հովհաննիսյանների վերաբերյալ թիվ ԱՐԱԴ/0001/11/14 գործով 2015 թվականի փետրվարի 27-ի որոշման 13-րդ կետը:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով 2011 թվականի փետրվարի 29-ի որոշման 30-րդ կետը, Վարդան Մաթևոսյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0037/01/11 գործով 2012 թվականի հունիսի 8-ի որոշման 25-27-րդ կետերը, Ռուդիկ Բալասանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0199/01/13 գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման 17-րդ կետը։

6 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 գործով որոշման 12.1-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

11 Տե՛ս նույն տեղում։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական: