Գլխավոր տեղեկություն
Համար
N 904-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.11.2021-01.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.08.09/50(1325) Հոդ.777
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2017 թվականի N 904-Ն

 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 14-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը՝ համաձայն հավելվածի:

1.1. Հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին հսկիչ գնում իրականացրած ֆիզիկական անձանց ստացված ծառայությունների, աշխատանքների դիմաց կատարված վճարումները համարվում են հսկիչ գնում իրականացրած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումներ, իսկ սույն որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքներ ստացող ֆիզիկական անձանց համար ստացված ապրանքները հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ:

(1.1-ին կետը լրաց. 21.11.19 N 1671-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. օգոստոսի 1 
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 27-ի N 904-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) նախատեսված դեպքերում հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման, ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման, ինչպես նաև արժութային գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման ուսումնասիրության նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

2. Կանխիկ դրամով (արտարժույթով) հսկիչ գնում կատարելու համար ֆինանսական աղբյուր են համարվում`

1) Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցները.

2) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով կազմավորված՝ հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցները:

3. Մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան տարվա համար պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով հսկիչ գնումներ կատարելու նպատակով գումարների հատկացումը, հսկիչ գնումները կատարվում են հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

4. Օրենսգրքով սահմանված կարգով հսկիչ գնում կատարելու համար տրված գրավոր հանձնարարագրի և այդ հանձնարարագրի շրջանակներում գնվող ապրանքների համար պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա հարկային մարմնի ղեկավարին կամ հարկային տեսչության պետին ներկայացվում է միջնորդագիր` հսկիչ գնում կատարելու նպատակով անհրաժեշտ դրամական միջոցների հատկացման համար:

5. Հսկիչ գնում կատարելու համար դրամական միջոցները հատկացվում են հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի գրավոր թույլտվությամբ` վերադաս հարկային մարմնի ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանման կամ հարկային տեսչության հաշվապահական հաշվառման վարման լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի կողմից:

6. Հսկիչ գնման նպատակով դրամական միջոցներ ստանալու համար ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանում կամ հարկային տեսչության հաշվապահական հաշվառման վարման լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձին ներկայացվում են միջնորդագիրը` հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի թույլտվությամբ, հանձնարարագրի պատճենը, հսկիչ գնում կատարելու համար գումար ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը:

 

III. ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Հսկիչ գնում կատարած հարկային մարմնի պաշտոնատար անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, հարկային մարմնի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքները հարկային մարմնի պահեստ ի պահ հանձնելու (եթե դրանք ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով) կամ մուտքագրելու (եթե դրանք ձեռք են բերվել հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին) մասին՝ կցելով նաև հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվությունը: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով և հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տնօրինմանը:

(7-րդ կետը փոփ. 11.11.21 N 1838-Ն)

8. Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հսկիչ գնում կատարելու պահից հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված` շուտ փչացող (որոնց պահպանման ժամկետը սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան չի գերազանցում 72 ժամը) ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) տնօրինվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

(8-րդ կետը լրաց. 21.11.19 N 1671-Ն)

9. Սույն կարգի դրույթները կիրառվում են նաև հարկային մարմնի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության թեմատիկ ստուգման ընթացքում:

(հավելվածը լրաց. 21.11.19 N 1671-Ն, փոփ. 11.11.21 N 1838-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան