Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-5-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.01.2006-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.15
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) 30-րդ հոդվածում ութերորդ և իններորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել և ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս՝

«Հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում են տեղեկատվություն՝

1) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`

ա) հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ,

բ) օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ,

գ) հաշվետու տարվան նախորդող և հաշվետու տարում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով սահմանված շահութահարկի հիսուն և հարյուր տոկոս նվազեցման արտոնությունից օգտվող օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտ կազմակերպությունների վերաբերյալ,

դ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ,

ե) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի և նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ,

զ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 3 մլն դրամ և ավելի եկամտահարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ,

է) հաշվետու տարվա արդյունքներով պարզեցված հարկ վճարողներին պատկանող խանութների մասով ցույց տված 50.0 մլն դրամ և ավելի գումարի չափով իրացման շրջանառություն ունեցող և հաշվետու տարվա ընթացքում 15.0 մլն դրամը գերազանցող ապրանքային մնացորդ ունեցող և հարկման ընդհանուր կարգին անցած պարզեցված հարկ վճարողների վերաբերյալ.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով, իսկ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով տեղադրվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2006 թ. հունվարի 5
Երևան
ՀՕ-5-Ն