Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-170-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (03.09.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1028
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-185, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի «ա» և «բ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների (այդ թվում` ոչ հիմնական) շինարարության, վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) իրականացնելու նպատակով շինարարության թույլտվության, իսկ ոչ հիմնական շինությունների մասով` տեղադրման թույլտվության համար.

բ) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար.»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

հիմնական օբյեկտների համար`

ա) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` մինչև 15000 դրամ.

բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`

բա) 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 30000 դրամ,

բբ) 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 50000 դրամ,

բգ) 1001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 70000 դրամ.

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

գ) մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 3000 դրամ,

դ) 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` մինչև 5000 դրամ:

2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման, աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն` մինչև 3000 դրամ.

բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ սենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ սենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է մինչև 5000 դրամ:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի տասնմեկերորդ մասը «Սույն հոդվածով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի)» բառերով և ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս`

«111. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում հաշվարկվում են 0.3, գյուղական այլ համայնքներում` 0.5, քաղաքային այլ համայնքներում` 1.0, իսկ թաղային համայնքներում` 5.0 գործակիցների կիրառմամբ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
 Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 13
 Երևան
ՀՕ-170-Ն


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան