Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

                    

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/11722/05/18

2021 թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/11722/05/18

Նախագահող դատավոր՝  Ա. Սարգսյան

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

      

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

է. սեդրակյան

Ն. Տավարացյան

           

2021 թվականի հուլիսի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անդրիաս Ապրիյանի, Արաիկ Իկիլիկյանի, Արսեն Բաբայանի և Նորա Նազարյանի (այսուհետ` Համահայցվորներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքները բավարարելու մասին» որոշման դեմ` ըստ Համահայցվորների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձինք Ղևոնդ Ղալումյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր)` որոշումը ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

     

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման 6-րդ կետը մասնակիորեն` Ղևոնդ Ղալումյանին համայնքային սեփականություն հանդիսացող 343,72քմ տարածքից 134,94քմ հատվածի համար ձեռքբերման իրավունք տալու մասով, ճանաչել անվավեր, որպես անվավերության հետևանք` մասնակիորեն` 134,94քմ մակերեսի մասով, անվավեր ճանաչել Ղևոնդ Ղալումյանի անվամբ Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և որպես գոյություն ունեցող ու վիճարկվող վարչական ակտի ընդունման հետևանք Ղևոնդ Ղալումյանին պարտավորեցնել ապամոնտաժել Երևանի Աբովյան փողոցի թիվ 11 և Թումանյան փողոցի թիվ 30 շենքերի բակային հատվածում գտնվող` բնակիչների ընդհանուր օգտագործման կանաչապատ ու բարեկարգված տարածքի շուրջ գոյություն ունեցող երկաթյա պարիսպը և վերացնել տվյալ տարածք բնակիչների մուտք գործելու բոլոր խոչընդոտները: Միաժամանակ ներկայացվել է միջնորդություն հայցադիմումը ներկայացնելու դատավարական ժամկետը վերականգնելու մասին:

ՀՀ վարչական դատարանի 04.12.2018 թվականի որոշմամբ Համահայցվորների կողմից ներկայացված հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի 24.12.2018 թվականի որոշմամբ Համահայցվորների կողմից կրկին ներկայացված հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի 31.01.2019 թվականի որոշմամբ Համահայցվորների կողմից կրկին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 20.03.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Համահայցվորների միջնորդությունը բավարարվել է, և վերականգնվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված երկամսյա ժամկետով պայմանավորված հայց ներկայացնելու իրավունքը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.05.2019 թվականի որոշմամբ երրորդ անձ Ղևոնդ Ղալումյանի ներկայացուցչի և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 20.03.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդության մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ Արմեն Ղազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Հայկուհի Բաղդասարյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար  ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 25-րդ և  27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ո՛չ վիճարկվող որոշման բովանդակությունից, ո՛չ Կադաստրի կողմից իրեն 30.08.2018 թվականին տրամադրված կադաստրային քարտեզի հատվածից և ո՛չ էլ որևէ այլ փաստաթղթից ակնհայտորեն չի բխել, որ բնակիչներին պատկանող կանաչապատ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 204,7քմ, որից 134,94քմ տարածքը ներառված է Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում սեփականության իրավունքով Ղևոնդ Ղալումյանին պատկանող հողամասի սահմաններում: Այսինքն, որպեսզի բնակիչները սույն վարչական գործով պահանջը կարողանային ներկայացնել դատարան, առնվազն պետք է տեղեկատվություն ունենային այն մասին, որ Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում գտնվող հողամասի մեջ ներառված է բնակիչներին պատկանող և ընդհանուր 204,7քմ մակերես ունեցող կանաչապատ տարածքից 134,94քմ տարածքը: Նշված տեղեկատվությունն իրեն և Համահայցվորներին հասու է դարձել միայն Քաղաքապետարանի կողմից իրեն 08.11.2018 թվականի թիվ 18-06/2-7893 ելքի համարով հասցեագրված գրությունից, որի էլեկտրոնային տարբերակն առանց ստորագրության իրեն տրամադրվել է իր կողմից Քաղաքապետարան բազմաթիվ այցելություններից հետո, այսինքն՝ շատ ավելի ուշ, քան այն թվագրված է:

 Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել, որ Համահայցվորներն իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններն սկսել են կատարել դեռևս 2018 թվականի հուլիս ամսից, որի մասին են վկայում ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից Համահայցվորներին ուղղված 17.07.2018 թվականի և 28.08.2018 թվականի գրությունները, բաց թողնված դատավարական ժամկետի հարգելի լինելու հարցը գնահատելիս Համահայցվորների կողմից իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների կատարման ժամկետի սկիզբ է համարել 10.09.2018 թվականը, երբ ինքը` որպես Համահայցվորների լիազոր ներկայացուցիչ, փաստաբանական հարցում է կատարել Քաղաքապետարանին:

   

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 15.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքները բավարարելու մասին» որոշումը:

   

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Համահայցվորները, 2018 թվականի հուլիս ամսին իմանալով վիճարկվող որոշման մասին, իրենց ներկայացուցչի միջոցով 10.09.2018 թվականին և 27.10.2018 թվականին դիմել են Քաղաքապետարան համապատասխան տեղեկատվություն ստանալու համար: Դատարանում գործի քննության ժամանակ ևս Համահայցվորներն ընդունել են, որ վիճարկվող որոշման օրինակն իրենց տիրապետության ներքո է հայտնվել 2018 թվականի հուլիս ամսին, սակայն դրա բովանդակությունից պարզ չի եղել, թե ինչ հողամաս է տրամադրվել Ղևոնդ Ղալումյանին: Ի պատասխան վերը նշված դիմումների` Համահայցվորների ներկայացուցչին 08.11.2018 թվականի գրությամբ հայտնվել է, որ տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող բարեկարգված, կանաչապատված և սալիկապատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է ընդհանուր 204,7քմ, որից 134,94քմ ներառված է Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում սեփականության իրավունքով Ղևոնդ Ղալումյանին պատկանող հողամասի սահմաններում:

Համահայցվորները, հանդիսանալով Երևանի Թումանյան փողոցի թիվ 30 և Աբովյան փողոցի թիվ 11 շենքերի բնակիչներ, առնվազն 17.11.2017 թվականից, այսինքն` շինարարական աշխատանքներն սկսվելու ամսաթվից իրազեկ են եղել Երևանի Թումանյան փողոցի 30/1 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների մասին, և առնվազն 17.11.2017 թվականից սկսած կարող էին ձեռնամուխ լինել իրենց իրավունքների պաշտպանության ու այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելուն:

Բացի այդ, համապատասխան միջնորդությունը բավարարելիս Դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, թե ինչով է պայմանավորված 2018 թվականի հուլիս ամսին Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մասին իմանալուց հետո ողջամիտ ժամկետում անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռքբերելու ուղղությամբ գործողություններ չձեռնարկելը, և միայն ավելի քան երկու ամիս անց Քաղաքապետարանին հարցում ուղղելը:

Համահայցվորները, վիճարկման հայցով Դատարան դիմելով 29.11.2018 թվականին, առանց հարգելի պատճառի բաց են թողել դատարան դիմելու երկամսյա դատավարական ժամկետը, որի պայմաններում բացակայել է միջնորդությունը բավարարելու հիմքը:

     

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ  ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ  ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

29.11.2017 թվականին դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են մասնակի` Ղևոնդ Ղալումյանին համայնքային սեփականություն հանդիսացող 343,72քմ տարածքից 134,94քմ հատվածի համար ձեռքբերման իրավունք տալու մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման 6-րդ կետը և որպես անվավերության հետևանք` մասնակիորեն` 134,94քմ մակերեսի մասով, անվավեր ճանաչել Ղևոնդ Ղալումյանի անվամբ Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և որպես գոյություն ունեցող ու վիճարկվող վարչական ակտի ընդունման հետևանք Ղևոնդ Ղալումյանին պարտավորեցնել ապամոնտաժել Երևանի Աբովյան փողոցի թիվ 11 և Թումանյան փողոցի թիվ 30 շենքերի բակային հատվածում գտնվող` բնակիչների ընդհանուր օգտագործման կանաչապատ ու բարեկարգված տարածքի շուրջ գոյություն ունեցող երկաթյա պարիսպը և վերացնել տվյալ տարածք բնակիչների մուտք գործելու բոլոր խոչընդոտները:

Միևնույն ժամանակ Համահայցվորները միջնորդել են հարգելի համարել դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը և վերականգնել այն՝ պատճառաբանելով, որ մասնակից չեն դարձվել վարչական վարույթին և տեղեկացված չեն եղել վարչական վարույթի ընթացքում կայացված որոշման մասին։ Թեև վիճարկվող որոշման օրինակը 2018 թվականի հոկտեմբեր ամսից է հասու եղել իրենց, սակայն դրա բովանդակությունից պարզ չի եղել, թե Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 11 և Թումանյան փողոցի թիվ 30 հասցեներում գտնվող միջբակային տարածքի ընդհանուր օգտագործման կանաչապատ և բարեկարգված հատվածը տրամադրվե՞լ է երրորդ անձին, թե՝ ոչ։ Հետագայում կատարված հարցումների արդյունքում է պարզվել, որ այդ որոշմամբ երրորդ անձին է տրամադրվել վիճելի հողամասը: Մասնավորապես՝ Քաղաքապետարանի 23.11.2018 թվականի պատասխան գրության և վերոնշյալ գրությանը կից փաստաթղթերի համադրման ու վերլուծության արդյունքում է հայցվորներին հայտնի դարձել, որ շենքերի բակային տարածքում առկա կանաչապատ տարածքն ընդգրկված է երրորդ անձին օտարվող 343,72քմ տարածքի մեջ, որի ձեռքբերման իրավունքը պատասխանողի կողմից վիճարկվող որոշման 6-րդ կետով վերապահվել է երրորդ անձին  (հատոր 1-ին, գ.թ. 155, հատոր 2-րդ, գ.թ. 31-40, 75):

Դատարանը 20.03.2019 թվականի որոշմամբ բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Համահայցվորների միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ «(...) միայն վիճարկվող որոշումով հնարավոր չէ հասկանալ, թե արդյոք դրանով երրորդ անձին տրամադրվել է վիճելի հողամասը, թե ոչ: Ուստի հիմնավոր է հայցվորի փաստարկն առ այն, որ անհրաժեշտ է եղել լրացուցիչ ճշտումներ անելու: Նշված ճշտումները հայցվոր կողմն իրականացրել է 10.09.2018 և 27.10.2018 թվականներին հանձնված դիմումներով, որոնց պատասխանները ստանալուց հետո երկամսյա ժամկետում (29.11.2018 թվական) դիմել է դատարան: Ուստի ժամկետի բացթողումը հայցվորների անգործության հետևանք չէ, այլ դատարան դիմելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է եղել (...)»:

Վերաքննիչ դատարանը, 15.05.2019 թվականի որոշմամբ բավարարել է Քաղաքապետարանի և Ղևոնդ Ղալումյանի վերաքննիչ բողոքներն ու Դատարանի 20.03.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդության մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին, վերացրել է: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Կադաստրի կողմից 30.08.2018 թվականին տրված թիվ NԱՏ-28/08/2018-2-0302 «Քարտեզագրական նյութերի վերաբերյալ» տեղեկանքով Համահայցվորների ներկայացուցիչ Արմեն Ղազարյանին տրամադրվել է հատված կադաստրային քարտեզից, որտեղ հստակ պատկերված են 01-006-0417-0083 կադաստրային ծածկագրով հողամասի և հարակից գույքերի սահմանները, նշված կադաստրային ծածկագրով հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները, ինչպես նաև գծային չափերը: Հետևաբար սույն գործում առկա տվյալներից հետևում է, որ Համահայցվորները տեղյակ են եղել վիճարկվող վարչական ակտի մասին առնվազն 30.08.2018 թվականից, սակայն դատական պաշտպանության իրավունքի իրացմանն ուղղված գործողությունները ձեռնարկել և հայցը դատարան են ներկայացրել միայն 29.11.2018 թվականին և չեն ներկայացրել 31.10.2018 թվականից մինչև 29.11.2018 թվականը հայց չներկայացնելու որևէ հարգելի պատճառ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճելի որոշման մասին հայցվորների կողմից տեղեկանալու կոնկրետ օրը պարզելը տվյալ դեպքում էական նշանակություն է ունեցել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու հարցը գնահատելու տեսանկյունից, քանի որ «2018 թվականի հուլիս ամիս» ժամանակահատվածն իր մեջ ներառում է ընդհանուր առմամբ 31 օր և էական է պարզել Քաղաքապետարանին ուղղված 10.09.2018 թվականի դիմումը ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկանալուն հաջորդող երկամսյա ժամկետում, թե` ոչ: Այսինքն` հուլիս ամսվա մինչև 10-ը թե 10-ից հետո: Տվյալ պարագայում, չբացահայտված է մնում` հայցվորները վիճարկվող վարչական ակտի մասին 2018թ. հուլիս ամսին տեղեկանալուց հետո երկու ամիս անց են կատարել փաստաբանական հարցումը, թե մինչ այդ կամ, որ նույնն է` Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մասին իմանալուց հետո վիճարկման հայց ներկայացնելու ժամկետները բաց թողնելուց հետո են հայցվորները սկսել ձեռնարկել անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու գործողությունները, թե` ոչ:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետը 03.04.2013 թվականին կայացրել է «Երևան քաղաքի Աբովյան փողոցի հ.հ. 11/3, 11/4, 13/4 և հ. 13 շենքի հ. 2 հասցեներում Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած հողամասերի նկատմամբ գնման նախապատվության իրավունք տրամադրելու և օտարելու, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու, հատակագիծ թողարկելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 1439-Ա որոշումը, որի 6-րդ կետով Երևանի Աբովյան փողոցի թիվ 11/3, 11/4, 13/4 և  13 շենքերի 2-րդ հասցեների հարակից տարածքում գտնվող ընդհանուր 343,72քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել են Ղևոնդ Ղալումյանին (...): Նույն որոշման 7-րդ կետով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը լիազորվել է Երևանի քաղաքապետի անունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ղևոնդ Ղալումյանի հետ կնքել 343,72քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր: Նույն որոշման 11-րդ կետով Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող 1.217,92քմ ընդհանուր մակերեսով հողա մասին տրամադրվել է «Թումանյան փողոց, համար 30/1» հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 38-40, հատոր 2-րդ, գ.թ. 52-54, 135-139):  Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ նաև Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման հիման վրա 16.05.2013 թվականին գրանցվել է Ղևոնդ Ղալումյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 52, 53, հատոր 2-րդ, գ.թ. 55, 56):

Ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին ուղղված Երևանի Աբովյան փողոցի թիվ 30/1 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ Անդրիաս Ապրիյանի դիմում-բողոքի` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Մկրտչյանը 17.07.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ Երևանի Կենտրոն համայնքի գոտևորման նախագծով (հաստատված է Երևանի քաղաքապետի 28.11.2007 թվականի թիվ 5074-Ա հրամանով) նշված տարածքը նախատեսված է որպես ընդհանուր օգտագործման և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ (...), ինչպես նաև նշված տարածքում նոր բազմաբնակարան շենքի կառուցում նախատեսելը հակասում է գրությամբ նշված նորմերի պահանջներին (հատոր 1-ին, գ.թ. 54, 55, հատոր 2-րդ, գ.թ. 57, 58):

Ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին ուղղված Երևանի Աբովյան փողոցի թիվ 30/1 հասցեում գտնվող կանաչապատ տարածքների վերաբերյալ Անդրիաս Ապրիյանի դիմումի` ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Անահիտ Հախումյանը 28.08.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ դիմումում նշված տարածքը հանդիսանում է պարագծային եղանակով կառուցապատված բնակելի շենքերով կազմավորված բակային տարածք: Համաձայն Երևան քաղաքի Կենտրոն համայնքի գոտևորման նախագծի նշված հատվածը նախատեսված է որպես ընդհանուր օգտագործման և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ: Բացի այդ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված է, որ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր են (հատոր 1-ին, գ.թ. 56, 57, հատոր 2-րդ, գ.թ. 59, 60): Կադաստրի կողմից 30.08.2018 թվականին տրված քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկանքի համաձայն, տրված դիմող Արմեն Ղազարյանի 28.08.2018 թվականի դիմումին ի պատասխան, տրամադրվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի կադաստրային քարտեզից հատված (հատոր 1-ին, գ.թ. 58-60, հատոր 2-րդ, գ.թ. 61-63):

Համահայցվորների ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը 10.09.2018 թվականին փաստաբանական հարցում է ներկայացրել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանին, որով խնդրել է հանձնարարել տրամադրել տեղեկատվություն, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մեջ նշված տարածքներից որն է հանդիսանում Երևանի Թումանյան փողոցի թիվ 30 և Աբովյան փողոցի թիվ 11 շենքերի բակային տարածքում գտնվող կանաչապատ գոտին և որքան է կազմում այդ կանաչապատ գոտու մակերեսն ըստ նշված որոշման (հատոր 1-ին, գ.թ. 61, 62, հատոր 2-րդ, գ.թ. 64, 65):

Ի պատասխան վերը նշված հարցման՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 13.09.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ հաշվի առնելով, որ վերը նշված տարածքում հստակ սահմանազատում չկա, հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է սահմանված կարգով Քաղաքապետարան ներկայացնել քննարկվող տարածքի ճշգրտված տեղագրական հանույթը սահմանանիշերի տեղադրմամբ (էլեկտրոնային կրիչով նույնպես), որն իրականացնում է Քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն (հատոր 1-ին, գ.թ. 63, հատոր 2-րդ, գ.թ. 66):

«Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից տրված Աբովյան փողոց թիվ  11 և Թումանյան թիվ 30 շենքերի տեղագրական հանույթը թվագրված է 09.10.2018 ամսաթվով (հատոր 2-րդ, գ.թ. 67, 68), սակայն գործում չկա հստակ ապացույց, թե երբ են հայցվորներն այն ստացել։ Միևնույն ժամանակ հայցվորների պնդմամբ նրանք այն ստացել են «քիչ ավելի ուշ»:

Արմեն Ղազարյանը 25.10.2018 թվականին փոստային առաքմամբ դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որով հայտնել է, որ դիմումին կից ներկայացնում է պահանջված փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչն ու խնդրել է հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին իր 10.09.2018 թվականի գրության մեջ նշված հարցերին տալ հստակ պատասխաններ (հատոր 1-ին, գ.թ. 66, 67, հատոր 2-րդ, գ.թ. 69, 70):

Ի պատասխան վերը նշված դիմումի՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 08.11.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող բարեկարգված, կանաչապատված և սալիկապատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է ընդհանուր 204,7քմ, որից 134,94քմ մակերեսը ներառված է Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում գտնվող և Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմաններում (հատոր 1-ին, գ.թ. 69, հատոր 2-րդ, գ.թ. 72):

Արմեն Ղազարյանը 13.11.2018 թվականին կրկին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որով կրկին խնդրել է հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին հստակ պատասխան տալ նախկինում ներկայացված դիմումներին, ինչպես նաև տրամադրել Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մեջ նշված և Ղևոնդ Ղալումյանին ընդլայնման նպատակով լրացուցիչ օտարված 343,72քմ մակերեսով հողամասի օտարման հետ կապված Քաղաքապետարանում առկա բոլոր հիմքերը, քանի որ  նախկին հարցման պատասխանը մինչ այդ օրը չէր ստացել (հատոր 1-ին, գ.թ. 70, 71, հատոր 2-րդ, գ.թ. 73, 74):

Ի պատասխան վերը նշված դիմումի՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 23.11.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ հարցի առնչությամբ դեռևս 08.11.2018 թվականին տրվել է մասնագիտական եզրակացություն: Միաժամանակ ի լրումն 08.11.2018 թվականի գրության` կից ներկայացվել են Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի 1439-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 155, հատոր  2-րդ, գ.թ. 75):

Բացի այդ, Արմեն Ղազարյանը 03.10.2018 թվականին դիմում է ներկայացրել Կադաստր, որով խնդրել է տրամադրել դիմումում նշված սեփականության իրավունքի գրանցման վկայականների կադաստրային գործերում առկա բոլոր փաստաթղթերի բոլոր պատճենները, ինչպես նաև նշված կանաչապատ տարածքի ձեռքբերման հիմքերը (հատոր 2-րդ, գ.թ. 94- 95):

Կադաստրի կողմից 05.10.2018 թվականին տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ տրամադրվել է Երևանի Աբովյան փողոցի թիվ 13 շենքի 2-րդ, Շմիդտի փողոցի թիվ 7, Շմիդտի փողոցի թիվ 5 բնակելի տան, Աբովյան փողոցի թիվ 11/3, Աբովյան փողոցի թիվ 11/4 հասցեների անշարժ գույքերի կադաստրային գործերի լուսապատճեններն արխիվային բնօրինակից, միևնույն ժամանակ նշվել է, որ 23032012-01-0516 իրավունքի գրանցման վկայականով կադաստրային գործ չի հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 76, հատոր 2-րդ գթ 96):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով (տե՛ս, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համահայցվորները որպես դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու փաստարկ և այդ փաստարկը հաստատող ապացույցներ վկայակոչել և դատարան են ներկայացրել իրենց կողմից կատարված հարցումներն ու դրանց վերաբերյալ տրված պատասխան գրությունները: Այսինքն՝ տվյալ դեպքում վիճարկման հայց ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետի բացթողնումը համահայցվորները պայմանավորել են այն հանգամանքներով, որ իրենք վարչական վարույթի մասնակից չեն դարձվել հետևաբար տեղեկացված չեն եղել վիճարկվող որոշման վերաբերյալ, իսկ հետագայում նույնիսկ ոչ պաշտոնական եղանակով այդ որոշումը ձեռքբերելուց հետո էլ դրա բովանդակությունից հնարավոր չէր պարզել, թե արդյոք վեճի առարկա տարածքը ներառված է Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, թե՝ ոչ, ինչը հնարավորություն կտար հիմնավորելու, որ վիճարկվող վարչական ակտը միջամտում է իրենց իրավունքներին։

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորների և վերջիններիս ներկայացուցչի բազմաթիվ հարցումների միջոցով ստացած տեղեկատվությունների վերլուծության արդյունքում, մասնավորապես՝ Քաղաքապետարանի 23.11.2018 թվականի թիվ 18-06/2-83408 գրությամբ տրված տեղեկատվության և վիճարկվող Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները ստանալուց հետո ողջամտորեն հնարավոր դարձավ հաստատելու այն փաստը, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 30 և Աբովյան փողոցի թիվ 11 շենքերի բակային տարածքում գտնվող բարեկարգված, կանաչապատված և սալիկապատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է ընդհանուր 2047քմ մակերես, որից 13494 քմ մակերեսը ներառված է Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում սեփականության իրավունքով Ղևոնդ Ղալումյանին պատկանող հողամասի սահմաններում։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ համահայցվորներն իրենց կողմից ձեռնարկված անհրաժեշտ և ողջամիտ գործողություններով ստացած տեղեկատվության, այն է՝ վերոգրյալ հարցումների պատասխանների բովանդակությունից կարող էին միայն պարզել, որ Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշմամբ խախտվում են կամ կարող են խախտվել իրենց իրավունքները, հետևաբար այդ պահից սկսած երկամսյա ժամկետում էլ հայցվորները վիճարկման հայցով դիմել են վարչական դատարան:

Սույն գործով հայցադիմումը հայցվորները ՀՀ վարչական դատարան են ներկայացրել 29.11.2018 թվականին՝ միաժամանակ միջնորդելով հարգելի համարել դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու բաց թողնված ժամկետը, որը սակայն հայցադիմումի ընդունելության փուլում չի քննարկվել, սակայն 19.03.2019 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը պնդել է իր միջնորդությունը՝ հայտնելով, որ թեև 2018 թվականի ամառվա ամիսներից վիճարկվող որոշման օրինակը ոչ պաշտոնապես հայտնվել է իրենց տիրապետության ներքո, սակայն դրա բովանդակությունից պարզ չի եղել, թե ինչ հողամաս է տրամադրվել երրորդ անձին: Եվ միայն հետագայում կատարված հարցումների արդյունքում է պարզվել, որ այդ որոշմամբ երրորդ անձին է տրամադրվել վիճելի հողամասը, որն էլ Դատարանի որոշմամբ բավարարվել է

Վերը նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի արձանագրած այն պնդումը, որ «(...) վիճելի որոշման մասին հայցվորների կողմից տեղեկանալու կոնկրետ օրը պարզելը տվյալ դեպքում էական նշանակություն է ունեցել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու հարցը գնահատելու տեսանկյունից, քանի որ «2018 թվականի հուլիս ամիս» ժամանակահատվածն իր մեջ ներառում է ընդհանուր առմամբ 31 օր և էական է պարզել՝ Երևանի քաղաքապետարանին ուղղված 10.09.2018 թվականի դիմումը ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկանալուն հաջորդող երկամսյա ժամկետում, թե` ոչ: Այսինքն` հուլիս ամսվա մինչև 10-ը թե 10-ից հետո: Տվյալ պարագայում, չբացահայտված է մնում` հայցվորները վիճարկվող վարչական ակտի մասին 2018 թվականի հուլիս ամսին տեղեկանալուց հետո երկու ամիս անց են կատարել փաստաբանական հարցումը, թե մինչ այդ, կամ, որ նույնն է` Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի հ. 1439-Ա որոշման մասին իմանալուց հետո վիճարկման հայց ներկայացնելու ժամկետները բաց թողնելուց հետո են հայցվորները սկսել ձեռնարկել անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու գործողությունները, թե` ոչ», հետևյալ պատճառաբանությամբ

քանի որ Քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշումից հնարավոր չէր պարզել, թե Ղևոնդ Ղալումյանին տրված նշված տարածքներից որն է հանդիսանում Երևանի Թումանյան փողոցի թիվ 30 և Աբովյան փողոցի թիվ 11 շենքերի բակային տարածքում գտնվող կանաչապատ գոտին ու որքան է կազմում այդ կանաչապատ գոտու մակերեսը, ուստի 10.09.2018 թվականին Համահայցվորների ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը հարցում է ուղղել Քաղաքապետարան՝ պահանջվելով տրամադրել վերոնշյալ տեղեկատվությունը։ Մինչդեռ նշված հարցման պատասխանը տրվել է 13.09.2018 թվականի գրությամբ՝ հայտնելով, որ նշված տարածքում հստակ սահմանազատում չկա և հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է սահմանված կարգով Քաղաքապետարան ներկայացնել քննարկվող տարածքի ճշգրտված տեղագրական հանույթը սահմանանիշերի տեղադրմամբ (էլեկտրոնային կրիչով նույնպես), որն իրականացնում է Քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն: Սույն գործում առկա «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից տրված Աբովյան փողոց 11 և Թումանյան 30 շենքերի տեղագրական հանույթը 09.10.2018 ամսաթվով թվագրված ստանալուց հետո հաջորդ դիմումը Արմեն Ղազարյանը ներկայացրել է 25.10.2018 թվականին՝ դիմումին կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչը՝ միաժամանակ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին իր 10.09.2018 թվականի գրության մեջ նշված հարցերին տալ հստակ պատասխաններ: Թղթային տարբերակով չստանալով նշված հարցման պատասխանը՝ համահայցվորների ներկայացուցիչը 13.11.2018 թվականին կրկին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին հստակ պատասխան տալ նախկինում ներկայացված դիմումներին, ինչպես նաև տրամադրել Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մեջ նշված և Ղևոնդ Ղալումյանին ընդլայնման նպատակով լրացուցիչ օտարված 343,72քմ մակերեսով հողամասի օտարման հետ կապված Քաղաքապետարանում առկա բոլոր հիմքերը, միաժամանակ նշելով, որ նախկին հարցման պատասխանը մինչ այդ օրը չի ստացել։ Ի պատասխան վերը նշված դիմումի՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 23.11.2018 թվականի գրությամբ հայտնել է պահանջված տեղեկատվությունը՝ միաժամանակ կցելով վիճարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հայցվորները վիճարկվող որոշմամբ իրենց իրավունքներին միջամտելու փաստի մասին կարող էին պարզել միայն Քաղաքապետարանի 23.11.2018 թվականի գրությունը և դրան կցված փաստաթղթերը ստանալուց և ուսումնասիրելուց հետո։ Այսինքն՝  վիճարկման հայց ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու համահայցվորների փաստարկները հիմնավորված են, քանի որ միայն նշված տեղեկատվությունն ունենալու արդյունքում վերջիններս կարող էին հստակ եզրահանգման գալ, թե վիճարկվող վարչական ակտը խախտում կամ կարող է խախտել իրենց իրավունքները, թե՝ ոչ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Համահայցվորների միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ վերջիններս Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման վիճարկման ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով, իսկ այդ ընթացքում ողջամիտ ժամկետում ձեռնարկել են դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ գործողություններ, և այդ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի լինելու վերաբերյալ վերջիններիս փաստարկները նույնպես հիմնավոր են։ Նման իրավաչափ եզրահանգման էր եկել նաև Դատարանը, որը սակայն անտեսվել էր Վերաքննիչ դատարանի կողմից։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի քննությամբ  հաստատվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության, այն է` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկա լինելու հանգամանքը, ուստի բողոքը ենթակա է բավարարման։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

     

Ո Ր Ո Շ Ե Ց

     

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքները բավարարելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

է. սեդրակյան

Ն. Տավարացյան

      

Հատուկ կարծիք

      

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/11722/05/18 վարչական գործով 13.07.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

      

 13.07.2021 թվական

      

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հուլիսի 13-ին գրավոր ընթացակարգով քննելով Անդրիաս Ապրիյանի, Արաիկ Իկիլիկյանի, Արսեն Բաբայանի և Նորա Նազարյանի (այսուհետ` Համահայցվորներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքները բավարարելու մասին» որոշման դեմ՝ ըստ Համահայցվորների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձինք Ղևոնդ Ղալումյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր)` որոշումը ու դրա հիման վրա կատարված պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքները բավարարելու մասին»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ռ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

    

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման 6-րդ կետը մասնակիորեն` Ղևոնդ Ղալումյանին համայնքային սեփականություն հանդիսացող 343,72քմ տարածքից 134,94քմ հատվածի համար ձեռքբերման իրավունք տալու մասով, ճանաչել անվավեր, որպես անվավերության հետևանք` մասնակիորեն` 134,94քմ մակերեսի մասով, անվավեր ճանաչել Ղևոնդ Ղալումյանի անվամբ Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և որպես գոյություն ունեցող ու վիճարկվող վարչական ակտի ընդունման հետևանք Ղևոնդ Ղալումյանին պարտավորեցնել ապամոնտաժել Երևանի Աբովյան փողոցի թիվ 11 և Թումանյան փողոցի թիվ 30 շենքերի բակային հատվածում գտնվող` բնակիչների ընդհանուր օգտագործման կանաչապատ ու բարեկարգված տարածքի շուրջ գոյություն ունեցող երկաթյա պարիսպը և վերացնել տվյալ տարածք բնակիչների մուտք գործելու բոլոր խոչընդոտները: Միաժամանակ ներկայացվել է միջնորդություն հայցադիմումը ներկայացնելու դատավարական ժամկետը վերականգնելու մասին:

ՀՀ վարչական դատարանի 04.12.2018 թվականի որոշմամբ Համահայցվորների կողմից ներկայացված հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի 24.12.2018 թվականի որոշմամբ Համահայցվորների կողմից կրկին ներկայացված հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի 31.01.2019 թվականի որոշմամբ Համահայցվորների կողմից կրկին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 20.03.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Համահայցվորների միջնորդությունը բավարարվել է, և վերականգնվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված երկամսյա ժամկետով պայմանավորված հայց ներկայացնելու իրավունքը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.05.2019 թվականի որոշմամբ երրորդ անձ Ղևոնդ Ղալումյանի ներկայացուցչի և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 20.03.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդության մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ Արմեն Ղազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Հայկուհի Բաղդասարյան)»։

     

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար  ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ո՛չ վիճարկվող որոշման բովանդակությունից, ո՛չ Կադաստրի կողմից իրեն 30.08.2018 թվականին տրամադրված կադաստրային քարտեզի հատվածից և ո՛չ էլ որևէ այլ փաստաթղթից ակնհայտորեն չի բխել, որ բնակիչներին պատկանող կանաչապատ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 204,7քմ, որից 134,94քմ տարածքը ներառված է Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում սեփականության իրավունքով Ղևոնդ Ղալումյանին պատկանող հողամասի սահմաններում: Այսինքն, որպեսզի բնակիչները սույն վարչական գործով պահանջը կարողանային ներկայացնել դատարան, առնվազն պետք է տեղեկատվություն ունենային այն մասին, որ Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում գտնվող հողամասի մեջ ներառված է բնակիչներին պատկանող և ընդհանուր 204,7քմ մակերես ունեցող կանաչապատ տարածքից 134,94քմ տարածքը: Նշված տեղեկատվությունն իրեն և Համահայցվորներին հասու է դարձել միայն Քաղաքապետարանի կողմից իրեն 08.11.2018 թվականի թիվ 18-06/2-7893 ելքի համարով հասցեագրված գրությունից, որի էլեկտրոնային տարբերակն առանց ստորագրության իրեն տրամադրվել է իր կողմից Քաղաքապետարան բազմաթիվ այցելություններից հետո, այսինքն՝ շատ ավելի ուշ, քան այն թվագրված է:

 Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել, որ Համահայցվորներն իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններն սկսել են կատարել դեռևս 2018 թվականի հուլիս ամսից, որի մասին են վկայում ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից Համահայցվորներին ուղղված 17.07.2018 թվականի և 28.08.2018 թվականի գրությունները, բաց թողնված դատավարական ժամկետի հարգելի լինելու հարցը գնահատելիս Համահայցվորների կողմից իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների կատարման ժամկետի սկիզբ է համարել 10.09.2018 թվականը, երբ ինքը` որպես Համահայցվորների լիազոր ներկայացուցիչ, փաստաբանական հարցում է կատարել Քաղաքապետարանին:

   

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 15.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքները բավարարելու մասին» որոշումը»:

     

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Համահայցվորները, 2018 թվականի հուլիս ամսին իմանալով վիճարկվող որոշման մասին, իրենց ներկայացուցչի միջոցով 10.09.2018 թվականին և 27.10.2018 թվականին դիմել են Քաղաքապետարան համապատասխան տեղեկատվություն ստանալու համար: Դատարանում գործի քննության ժամանակ ևս Համահայցվորներն ընդունել են, որ վիճարկվող որոշման օրինակն իրենց տիրապետության ներքո է հայտնվել 2018 թվականի հուլիս ամսին, սակայն դրա բովանդակությունից պարզ չի եղել, թե ինչ հողամաս է տրամադրվել Ղևոնդ Ղալումյանին: Ի պատասխան վերը նշված դիմումների` Համահայցվորների ներկայացուցչին 08.11.2018 թվականի գրությամբ հայտնվել է, որ տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող բարեկարգված, կանաչապատված և սալիկապատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է ընդհանուր 204,7քմ, որից 134,94քմ ներառված է Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում սեփականության իրավունքով Ղևոնդ Ղալումյանին պատկանող հողամասի սահմաններում:

Համահայցվորները, հանդիսանալով Երևանի Թումանյան փողոցի թիվ 30 և Աբովյան փողոցի թիվ 11 շենքերի բնակիչներ, առնվազն 17.11.2017 թվականից, այսինքն` շինարարական աշխատանքներն սկսվելու ամսաթվից իրազեկ են եղել Երևանի Թումանյան փողոցի 30/1 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների մասին, և առնվազն 17.11.2017 թվականից սկսած կարող էին ձեռնամուխ լինել իրենց իրավունքների պաշտպանության ու այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելուն:

Բացի այդ, համապատասխան միջնորդությունը բավարարելիս Դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, թե ինչով է պայմանավորված 2018 թվականի հուլիս ամսին Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մասին իմանալուց հետո ողջամիտ ժամկետում անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռքբերելու ուղղությամբ գործողություններ չձեռնարկելը, և միայն ավելի քան երկու ամիս անց Քաղաքապետարանին հարցում ուղղելը:

Համահայցվորները, վիճարկման հայցով Դատարան դիմելով 29.11.2018 թվականին, առանց հարգելի պատճառի բաց են թողել դատարան դիմելու երկամսյա դատավարական ժամկետը, որի պայմաններում բացակայել է միջնորդությունը բավարարելու հիմքը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ  ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ   ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

29.11.2017 թվականին դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են մասնակի` Ղևոնդ Ղալումյանին համայնքային սեփականություն հանդիսացող 343,72քմ տարածքից 134,94քմ հատվածի համար ձեռքբերման իրավունք տալու մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման 6-րդ կետը և որպես անվավերության հետևանք` մասնակիորեն` 134,94քմ մակերեսի մասով, անվավեր ճանաչել Ղևոնդ Ղալումյանի անվամբ Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և որպես գոյություն ունեցող ու վիճարկվող վարչական ակտի ընդունման հետևանք Ղևոնդ Ղալումյանին պարտավորեցնել ապամոնտաժել Երևանի Աբովյան փողոցի թիվ 11 և Թումանյան փողոցի թիվ 30 շենքերի բակային հատվածում գտնվող` բնակիչների ընդհանուր օգտագործման կանաչապատ ու բարեկարգված տարածքի շուրջ գոյություն ունեցող երկաթյա պարիսպը և վերացնել տվյալ տարածք բնակիչների մուտք գործելու բոլոր խոչընդոտները:

Միևնույն ժամանակ Համահայցվորները միջնորդել են հարգելի համարել դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը և վերականգնել այն՝ պատճառաբանելով, որ մասնակից չեն դարձվել վարչական վարույթին և տեղեկացված չեն եղել վարչական վարույթի ընթացքում կայացված որոշման մասին։ Թեև վիճարկվող որոշման օրինակը 2018 թվականի հոկտեմբեր ամսից է հասու եղել իրենց, սակայն դրա բովանդակությունից պարզ չի եղել, թե Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 11 և Թումանյան փողոցի թիվ 30 հասցեներում գտնվող միջբակային տարածքի ընդհանուր օգտագործման կանաչապատ և բարեկարգված հատվածը տրամադրվե՞լ է երրորդ անձին, թե՝ ոչ։ Հետագայում կատարված հարցումների արդյունքում է պարզվել, որ այդ որոշմամբ երրորդ անձին է տրամադրվել վիճելի հողամասը: Մասնավորապես՝ Քաղաքապետարանի 23.11.2018 թվականի պատասխան գրության և վերոնշյալ գրությանը կից փաստաթղթերի համադրման ու վերլուծության արդյունքում է հայցվորներին հայտնի դարձել, որ շենքերի բակային տարածքում առկա կանաչապատ տարածքն ընդգրկված է երրորդ անձին օտարվող 343,72քմ տարածքի մեջ, որի ձեռքբերման իրավունքը պատասխանողի կողմից վիճարկվող որոշման 6-րդ կետով վերապահվել է երրորդ անձին  (հատոր 1-ին, գ.թ. 155, հատոր 2-րդ, գ.թ. 31-40, 75):

Դատարանը 20.03.2019 թվականի որոշմամբ բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Համահայցվորների միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ «(...) միայն վիճարկվող որոշումով հնարավոր չէ հասկանալ, թե արդյոք դրանով երրորդ անձին տրամադրվել է վիճելի հողամասը, թե ոչ: Ուստի հիմնավոր է հայցվորի փաստարկն առ այն, որ անհրաժեշտ է եղել լրացուցիչ ճշտումներ անելու: Նշված ճշտումները հայցվոր կողմն իրականացրել է 10.09.2018 և 27.10.2018 թվականներին հանձնված դիմումներով, որոնց պատասխանները ստանալուց հետո երկամսյա ժամկետում (29.11.2018 թվական) դիմել է դատարան: Ուստի ժամկետի բացթողումը հայցվորների անգործության հետևանք չէ, այլ դատարան դիմելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է եղել (...)»:

Վերաքննիչ դատարանը, 15.05.2019 թվականի որոշմամբ բավարարել է Քաղաքապետարանի և Ղևոնդ Ղալումյանի վերաքննիչ բողոքներն ու Դատարանի 20.03.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդության մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին, վերացրել է: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Կադաստրի կողմից 30.08.2018 թվականին տրված թիվ NԱՏ-28/08/2018-2-0302 «Քարտեզագրական նյութերի վերաբերյալ» տեղեկանքով Համահայցվորների ներկայացուցիչ Արմեն Ղազարյանին տրամադրվել է հատված կադաստրային քարտեզից, որտեղ հստակ պատկերված են 01-006-0417-0083 կադաստրային ծածկագրով հողամասի և հարակից գույքերի սահմանները, նշված կադաստրային ծածկագրով հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները, ինչպես նաև գծային չափերը: Հետևաբար սույն գործում առկա տվյալներից հետևում է, որ Համահայցվորները տեղյակ են եղել վիճարկվող վարչական ակտի մասին առնվազն 30.08.2018 թվականից, սակայն դատական պաշտպանության իրավունքի իրացմանն ուղղված գործողությունները ձեռնարկել և հայցը դատարան են ներկայացրել միայն 29.11.2018 թվականին և չեն ներկայացրել 31.10.2018 թվականից մինչև 29.11.2018 թվականը հայց չներկայացնելու որևէ հարգելի պատճառ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճելի որոշման մասին հայցվորների կողմից տեղեկանալու կոնկրետ օրը պարզելը տվյալ դեպքում էական նշանակություն է ունեցել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու հարցը գնահատելու տեսանկյունից, քանի որ «2018 թվականի հուլիս ամիս» ժամանակահատվածն իր մեջ ներառում է ընդհանուր առմամբ 31 օր և էական է պարզել Քաղաքապետարանին ուղղված 10.09.2018 թվականի դիմումը ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկանալուն հաջորդող երկամսյա ժամկետում, թե` ոչ: Այսինքն` հուլիս ամսվա մինչև 10-ը թե 10-ից հետո: Տվյալ պարագայում, չբացահայտված է մնում` հայցվորները վիճարկվող վարչական ակտի մասին 2018թ. հուլիս ամսին տեղեկանալուց հետո երկու ամիս անց են կատարել փաստաբանական հարցումը, թե մինչ այդ կամ, որ նույնն է` Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մասին իմանալուց հետո վիճարկման հայց ներկայացնելու ժամկետները բաց թողնելուց հետո են հայցվորները սկսել ձեռնարկել անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու գործողությունները, թե` ոչ:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետը 03.04.2013 թվականին կայացրել է «Երևան քաղաքի Աբովյան փողոցի հ.հ. 11/3, 11/4, 13/4 և հ. 13 շենքի հ. 2 հասցեներում Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած հողամասերի նկատմամբ գնման նախապատվության իրավունք տրամադրելու և օտարելու, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու, հատակագիծ թողարկելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 1439-Ա որոշումը, որի 6-րդ կետով Երևանի Աբովյան փողոցի թիվ 11/3, 11/4, 13/4 և  13 շենքերի 2-րդ հասցեների հարակից տարածքում գտնվող ընդհանուր 343,72քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել են Ղևոնդ Ղալումյանին (...): Նույն որոշման 7-րդ կետով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը լիազորվել է Երևանի քաղաքապետի անունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ղևոնդ Ղալումյանի հետ կնքել 343,72քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր: Նույն որոշման 11-րդ կետով Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող 1.217,92քմ ընդհանուր մակերեսով հողամասին տրամադրվել է «Թումանյան փողոց, համար 30/1» հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 38-40, հատոր 2-րդ, գ.թ. 52-54, 135-139):  Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ նաև Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման հիման վրա 16.05.2013 թվականին գրանցվել է Ղևոնդ Ղալումյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 52, 53, հատոր 2-րդ, գ.թ. 55, 56):

Ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին ուղղված Երևանի Աբովյան փողոցի թիվ 30/1 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ Անդրիաս Ապրիյանի դիմում-բողոքի` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Մկրտչյանը 17.07.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ Երևանի Կենտրոն համայնքի գոտևորման նախագծով (հաստատված է Երևանի քաղաքապետի 28.11.2007 թվականի թիվ 5074-Ա հրամանով) նշված տարածքը նախատեսված է որպես ընդհանուր օգտագործման և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ (...), ինչպես նաև նշված տարածքում նոր բազմաբնակարան շենքի կառուցում նախատեսելը հակասում է գրությամբ նշված նորմերի պահանջներին (հատոր 1-ին, գ.թ. 54, 55, հատոր 2-րդ, գ.թ. 57, 58):

Ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին ուղղված Երևանի Աբովյան փողոցի թիվ 30/1 հասցեում գտնվող կանաչապատ տարածքների վերաբերյալ Անդրիաս Ապրիյանի դիմումի` ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Անահիտ Հախումյանը 28.08.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ դիմումում նշված տարածքը հանդիսանում է պարագծային եղանակով կառուցապատված բնակելի շենքերով կազմավորված բակային տարածք: Համաձայն Երևան քաղաքի Կենտրոն համայնքի գոտևորման նախագծի նշված հատվածը նախատեսված է որպես ընդհանուր օգտագործման և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ: Բացի այդ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված է, որ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր են (հատոր 1-ին, գ.թ. 56, 57, հատոր 2-րդ, գ.թ. 59, 60): Կադաստրի կողմից 30.08.2018 թվականին տրված քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկանքի համաձայն, տրված դիմող Արմեն Ղազարյանի 28.08.2018 թվականի դիմումին ի պատասխան, տրամադրվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի կադաստրային քարտեզից հատված (հատոր 1-ին, գ.թ. 58-60, հատոր 2-րդ, գ.թ. 61-63):

Համահայցվորների ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը 10.09.2018 թվականին փաստաբանական հարցում է ներկայացրել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանին, որով խնդրել է հանձնարարել տրամադրել տեղեկատվություն, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մեջ նշված տարածքներից որն է հանդիսանում Երևանի Թումանյան փողոցի թիվ 30 և Աբովյան փողոցի թիվ 11 շենքերի բակային տարածքում գտնվող կանաչապատ գոտին և որքան է կազմում այդ կանաչապատ գոտու մակերեսն ըստ նշված որոշման (հատոր 1-ին, գ.թ. 61, 62, հատոր 2-րդ, գ.թ. 64, 65):

Ի պատասխան վերը նշված հարցման՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 13.09.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ հաշվի առնելով, որ վերը նշված տարածքում հստակ սահմանազատում չկա, հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է սահմանված կարգով Քաղաքապետարան ներկայացնել քննարկվող տարածքի ճշգրտված տեղագրական հանույթը սահմանանիշերի տեղադրմամբ (էլեկտրոնային կրիչով նույնպես), որն իրականացնում է Քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն (հատոր 1-ին, գ.թ. 63, հատոր 2-րդ, գ.թ. 66):

«Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից տրված Աբովյան փողոց թիվ  11 և Թումանյան թիվ 30 շենքերի տեղագրական հանույթը թվագրված է 09.10.2018 ամսաթվով (հատոր 2-րդ, գ.թ. 67, 68), սակայն գործում չկա հստակ ապացույց, թե երբ են հայցվորներն այն ստացել։ Միևնույն ժամանակ հայցվորների պնդմամբ նրանք այն ստացել են «քիչ ավելի ուշ»:

Արմեն Ղազարյանը 25.10.2018 թվականին փոստային առաքմամբ դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որով հայտնել է, որ դիմումին կից ներկայացնում է պահանջված փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչն ու խնդրել է հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին իր 10.09.2018 թվականի գրության մեջ նշված հարցերին տալ հստակ պատասխաններ (հատոր 1-ին, գ.թ. 66, 67, հատոր 2-րդ, գ.թ. 69, 70):

Ի պատասխան վերը նշված դիմումի՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 08.11.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող բարեկարգված, կանաչապատված և սալիկապատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է ընդհանուր 204,7քմ, որից 134,94քմ մակերեսը ներառված է Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում գտնվող և Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմաններում (հատոր 1-ին, գ.թ. 69, հատոր 2-րդ, գ.թ. 72):

Արմեն Ղազարյանը 13.11.2018 թվականին կրկին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որով կրկին խնդրել է հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին հստակ պատասխան տալ նախկինում ներկայացված դիմումներին, ինչպես նաև տրամադրել Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մեջ նշված և Ղևոնդ Ղալումյանին ընդլայնման նպատակով լրացուցիչ օտարված 343,72քմ մակերեսով հողամասի օտարման հետ կապված Քաղաքապետարանում առկա բոլոր հիմքերը, քանի որ  նախկին հարցման պատասխանը մինչ այդ օրը չէր ստացել (հատոր 1-ին, գ.թ. 70, 71, հատոր 2-րդ, գ.թ. 73, 74):

Ի պատասխան վերը նշված դիմումի՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 23.11.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ հարցի առնչությամբ դեռևս 08.11.2018 թվականին տրվել է մասնագիտական եզրակացություն: Միաժամանակ ի լրումն 08.11.2018 թվականի գրության` կից ներկայացվել են Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի 1439-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 155, հատոր  2-րդ, գ.թ. 75):

Բացի այդ, Արմեն Ղազարյանը 03.10.2018 թվականին դիմում է ներկայացրել Կադաստր, որով խնդրել է տրամադրել դիմումում նշված սեփականության իրավունքի գրանցման վկայականների կադաստրային գործերում առկա բոլոր փաստաթղթերի բոլոր պատճենները, ինչպես նաև նշված կանաչապատ տարածքի ձեռքբերման հիմքերը (հատոր 2-րդ, գ.թ. 94- 95):

Կադաստրի կողմից 05.10.2018 թվականին տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ տրամադրվել է Երևանի Աբովյան փողոցի թիվ 13 շենքի 2-րդ, Շմիդտի փողոցի թիվ 7, Շմիդտի փողոցի թիվ 5 բնակելի տան, Աբովյան փողոցի թիվ 11/3, Աբովյան փողոցի թիվ 11/4 հասցեների անշարժ գույքերի կադաստրային գործերի լուսապատճեններն արխիվային բնօրինակից, միևնույն ժամանակ նշվել է, որ 23032012-01-0516 իրավունքի գրանցման վկայականով կադաստրային գործ չի հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 76, հատոր 2-րդ գթ 96):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով (տե՛ս, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համահայցվորները որպես դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու փաստարկ և այդ փաստարկը հաստատող ապացույցներ վկայակոչել և դատարան են ներկայացրել իրենց կողմից կատարված հարցումներն ու դրանց վերաբերյալ տրված պատասխան գրությունները: Այսինքն՝ տվյալ դեպքում վիճարկման հայց ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետի բացթողնումը համահայցվորները պայմանավորել են այն հանգամանքներով, որ իրենք վարչական վարույթի մասնակից չեն դարձվել հետևաբար տեղեկացված չեն եղել վիճարկվող որոշման վերաբերյալ, իսկ հետագայում նույնիսկ ոչ պաշտոնական եղանակով այդ որոշումը ձեռքբերելուց հետո էլ դրա բովանդակությունից հնարավոր չէր պարզել, թե արդյոք վեճի առարկա տարածքը ներառված է Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, թե՝ ոչ, ինչը հնարավորություն կտար հիմնավորելու, որ վիճարկվող վարչական ակտը միջամտում է իրենց իրավունքներին։

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորների և վերջիններիս ներկայացուցչի բազմաթիվ հարցումների միջոցով ստացած տեղեկատվությունների վերլուծության արդյունքում, մասնավորապես՝ Քաղաքապետարանի 23.11.2018 թվականի թիվ 18-06/2-83408 գրությամբ տրված տեղեկատվության և վիճարկվող Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները ստանալուց հետո ողջամտորեն հնարավոր դարձավ հաստատելու այն փաստը, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 30 և Աբովյան փողոցի թիվ 11 շենքերի բակային տարածքում գտնվող բարեկարգված, կանաչապատված և սալիկապատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է ընդհանուր 2047քմ մակերես, որից 13494 քմ մակերեսը ներառված է Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում սեփականության իրավունքով Ղևոնդ Ղալումյանին պատկանող հողամասի սահմաններում։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ համահայցվորներն իրենց կողմից ձեռնարկված անհրաժեշտ և ողջամիտ գործողություններով ստացած տեղեկատվության, այն է՝ վերոգրյալ հարցումների պատասխանների բովանդակությունից կարող էին միայն պարզել, որ Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշմամբ խախտվում են կամ կարող են խախտվել իրենց իրավունքները, հետևաբար այդ պահից սկսած երկամսյա ժամկետում էլ հայցվորները վիճարկման հայցով դիմել են վարչական դատարան:

Սույն գործով հայցադիմումը հայցվորները ՀՀ վարչական դատարան են ներկայացրել 29.11.2018 թվականին՝ միաժամանակ միջնորդելով հարգելի համարել դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու բաց թողնված ժամկետը, որը սակայն հայցադիմումի ընդունելության փուլում չի քննարկվել, սակայն 19.03.2019 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը պնդել է իր միջնորդությունը՝ հայտնելով, որ թեև 2018 թվականի ամառվա ամիսներից վիճարկվող որոշման օրինակը ոչ պաշտոնապես հայտնվել է իրենց տիրապետության ներքո, սակայն դրա բովանդակությունից պարզ չի եղել, թե ինչ հողամաս է տրամադրվել երրորդ անձին: Եվ միայն հետագայում կատարված հարցումների արդյունքում է պարզվել, որ այդ որոշմամբ երրորդ անձին է տրամադրվել վիճելի հողամասը, որն էլ Դատարանի որոշմամբ բավարարվել է

Վերը նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի արձանագրած այն պնդումը, որ «(...) վիճելի որոշման մասին հայցվորների կողմից տեղեկանալու կոնկրետ օրը պարզելը տվյալ դեպքում էական նշանակություն է ունեցել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու հարցը գնահատելու տեսանկյունից, քանի որ «2018 թվականի հուլիս ամիս» ժամանակահատվածն իր մեջ ներառում է ընդհանուր առմամբ 31 օր և էական է պարզել՝ Երևանի քաղաքապետարանին ուղղված 10.09.2018 թվականի դիմումը ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկանալուն հաջորդող երկամսյա ժամկետում, թե` ոչ: Այսինքն` հուլիս ամսվա մինչև 10-ը թե 10-ից հետո: Տվյալ պարագայում, չբացահայտված է մնում` հայցվորները վիճարկվող վարչական ակտի մասին 2018 թվականի հուլիս ամսին տեղեկանալուց հետո երկու ամիս անց են կատարել փաստաբանական հարցումը, թե մինչ այդ, կամ, որ նույնն է` Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի հ. 1439-Ա որոշման մասին իմանալուց հետո վիճարկման հայց ներկայացնելու ժամկետները բաց թողնելուց հետո են հայցվորները սկսել ձեռնարկել անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու գործողությունները, թե` ոչ», հետևյալ պատճառաբանությամբ

քանի որ Քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշումից հնարավոր չէր պարզել, թե Ղևոնդ Ղալումյանին տրված նշված տարածքներից որն է հանդիսանում Երևանի Թումանյան փողոցի թիվ 30 և Աբովյան փողոցի թիվ 11 շենքերի բակային տարածքում գտնվող կանաչապատ գոտին ու որքան է կազմում այդ կանաչապատ գոտու մակերեսը, ուստի 10.09.2018 թվականին Համահայցվորների ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը հարցում է ուղղել Քաղաքապետարան՝ պահանջվելով տրամադրել վերոնշյալ տեղեկատվությունը։ Մինչդեռ նշված հարցման պատասխանը տրվել է 13.09.2018 թվականի գրությամբ՝ հայտնելով, որ նշված տարածքում հստակ սահմանազատում չկա և հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է սահմանված կարգով Քաղաքապետարան ներկայացնել քննարկվող տարածքի ճշգրտված տեղագրական հանույթը սահմանանիշերի տեղադրմամբ (էլեկտրոնային կրիչով նույնպես), որն իրականացնում է Քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն: Սույն գործում առկա «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից տրված Աբովյան փողոց 11 և Թումանյան 30 շենքերի տեղագրական հանույթը 09.10.2018 ամսաթվով թվագրված ստանալուց հետո հաջորդ դիմումը Արմեն Ղազարյանը ներկայացրել է 25.10.2018 թվականին՝ դիմումին կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչը՝ միաժամանակ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին իր 10.09.2018 թվականի գրության մեջ նշված հարցերին տալ հստակ պատասխաններ: Թղթային տարբերակով չստանալով նշված հարցման պատասխանը՝ համահայցվորների ներկայացուցիչը 13.11.2018 թվականին կրկին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին հստակ պատասխան տալ նախկինում ներկայացված դիմումներին, ինչպես նաև տրամադրել Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մեջ նշված և Ղևոնդ Ղալումյանին ընդլայնման նպատակով լրացուցիչ օտարված 343,72քմ մակերեսով հողամասի օտարման հետ կապված Քաղաքապետարանում առկա բոլոր հիմքերը, միաժամանակ նշելով, որ նախկին հարցման պատասխանը մինչ այդ օրը չի ստացել։ Ի պատասխան վերը նշված դիմումի՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 23.11.2018 թվականի գրությամբ հայտնել է պահանջված տեղեկատվությունը՝ միաժամանակ կցելով վիճարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հայցվորները վիճարկվող որոշմամբ իրենց իրավունքներին միջամտելու փաստի մասին կարող էին պարզել միայն Քաղաքապետարանի 23.11.2018 թվականի գրությունը և դրան կցված փաստաթղթերը ստանալուց և ուսումնասիրելուց հետո։ Այսինքն՝  վիճարկման հայց ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու համահայցվորների փաստարկները հիմնավորված են, քանի որ միայն նշված տեղեկատվությունն ունենալու արդյունքում վերջիններս կարող էին հստակ եզրահանգման գալ, թե վիճարկվող վարչական ակտը խախտում կամ կարող է խախտել իրենց իրավունքները, թե՝ ոչ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Համահայցվորների միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ վերջիններս Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման վիճարկման ժամկետը բաց են թողել հարգելի պատճառով, իսկ այդ ընթացքում ողջամիտ ժամկետում ձեռնարկել են դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ գործողություններ, և այդ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի լինելու վերաբերյալ վերջիններիս փաստարկները նույնպես հիմնավոր են։ Նման իրավաչափ եզրահանգման էր եկել նաև Դատարանը, որը սակայն անտեսվել էր Վերաքննիչ դատարանի կողմից։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի քննությամբ  հաստատվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության, այն է` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկա լինելու հանգամանքը, ուստի բողոքը ենթակա է բավարարման։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ռ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այն մասին, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.05.2019 թվականի «Վերաքննիչ բողոքները բավարարելու մասին» որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնման հետևյալ պատճառաբանությամբ:

 

Այսպես՝

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա գտնում ենք, որ oրենսդրի  կողմից  անձին  իրավունք  է  վերապահվել  հայց ներկայացնել ՀՀ  վարչական  դատարան  այն  դեպքում,  երբ  վարչական  մարմնի կողմից կայացված վարչական ակտերով,  գործողություններով կամ անգործությամբ խախտվում  են  կամ  կարող են  խախտվել  իր  իրավունքները։ 

Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում փաստել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավունքի իրացման կարգը և պայմանները:

Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

  Ցանկանում ենք արձանագրել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները  թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57): 

  Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, նույն օրենսգրքի  72-րդ հոդվածում նախատեսել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, ամրագրելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ նախատեսել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել է, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ու վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց։

  Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով (տե՛ս, օրինակ, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը)։

Գտնում ենք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն ու կիրառվեն անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

  ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը:

  ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):

  ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն. առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ կարծում ենք, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողնումը պայմանավորված է սուբյեկտիվ գործոնով, ապա անդրադառնալով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցին՝ դատարանը պետք է գնահատի այդ ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու վերաբերյալ հայցվորի փաստարկների հիմնավորվածությունը: Մասնավորապես՝ այն, թե վերջինս վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո իրենից կախված ողջամիտ ու բավարար ինչ միջոցներ է ձեռնարկել դատարան դիմելու, իր պահանջը հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, որքանով են դրանք անհրաժեշտ եղել դատական պաշտպանության դիմելու համար և արդյոք այդ միջոցները ձեռնարկվել են վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո վիճարկման հայց ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետի ընթացքում: Մեր գնահատմամբ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողնումը կարող է հարգելի համարվել և վերականգնվել միայն այն պարագայում, երբ ներկայացված ապացույցներով կհիմնավորվի, որ հայցվորի կողմից ձեռնարկված գործողություններն անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության դիմելու համար և իրականացվել են վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո վիճարկման հայց ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետի ընթացքում: Հակառակ պարագայում կխաթարվի դատավարության կողմերի իրավունքների պաշտպանության ողջամիտ հարաբերակցությունը, քանի որ հնարավոր չի լինի ապահովել ժամկետային սահմանափակումների սահմանման օրենսդրական նպատակի իրագործումը, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը:

 

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` ցանկանում ենք արձանագրել հետևյալը.

29.11.2017 թվականին դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են մասնակի` Ղևոնդ Ղալումյանին համայնքային սեփականություն հանդիսացող 343,72քմ տարածքից 134,94քմ հատվածի համար ձեռքբերման իրավունք տալու մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման 6-րդ կետը և որպես անվավերության հետևանք` մասնակիորեն` 134,94քմ մակերեսի մասով, անվավեր ճանաչել Ղևոնդ Ղալումյանի անվամբ Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և որպես գոյություն ունեցող ու վիճարկվող վարչական ակտի ընդունման հետևանք Ղևոնդ Ղալումյանին պարտավորեցնել ապամոնտաժել Երևանի Աբովյան փողոցի թիվ 11 և Թումանյան փողոցի թիվ 30 շենքերի բակային հատվածում գտնվող` բնակիչների ընդհանուր օգտագործման կանաչապատ ու բարեկարգված տարածքի շուրջ գոյություն ունեցող երկաթյա պարիսպը և վերացնել տվյալ տարածք բնակիչների մուտք գործելու բոլոր խոչընդոտները:

Միևնույն ժամանակ նախնական դատական նիստի ընթացքում Համահայցվորները միջնորդել են հարգելի համարել դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը և վերականգնել այն՝ պատճառաբանելով, որ թեև վիճարկվող որոշման օրինակը 2018 թվականի հուլիս ամսին հասու է եղել իրենց, սակայն դրա բովանդակությունից պարզ չի եղել, թե ինչ հողամաս է տրամադրվել երրորդ անձին, և միայն հետագայում կատարված հարցումների արդյունքում է պարզվել, որ այդ որոշմամբ երրորդ անձին է տրամադրվել վիճելի հողամասը:  Մասնավորապես՝ 23.11.2018 թվականի գրությանը կից փաստաթղթերի և գործում առկա փաստաթղթերի համադրման ու վերլուծության արդյունքում է հայցվորներին հայտնի դարձել, որ շենքերի բակային տարածքում առկա կանաչապատ տարածքն ընդգրկված է երրորդ անձին օտարվող 343,72քմ տարածքի մեջ, որի ձեռքբերման իրավունքը պատասխանողի կողմից վիճարկվող որոշման 6-րդ կետով վերապահվել է երրորդ անձին (հատոր 2-րդ, գ.թ. 31-40):

Դատարանը 20.03.2019 թվականի որոշմամբ բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Համահայցվորների միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ «(...) միայն վիճարկվող որոշումով հնարավոր չէ հասկանալ, թե արդյոք դրանով երրորդ անձին տրամադրվել է վիճելի հողամասը, թե ոչ: Ուստի հիմնավոր է հայցվորի փաստարկն առ այն, որ անհրաժեշտ է եղել լրացուցիչ ճշտումներ անելու: Նշված ճշտումները հայցվոր կողմն իրականացրել է 10.09.2018 և 27.10.2018 թվականներին հանձնված դիմումներով, որոնց պատասխանները ստանալուց հետո երկամսյա ժամկետում (29.11.2018 թվական) դիմել է դատարան: Ուստի ժամկետի բացթողումը հայցվորների անգործության հետևանք չէ, այլ դատարան դիմելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է եղել (...)»:

Վերաքննիչ դատարանը, 15.05.2019 թվականի որոշմամբ բավարարել է Քաղաքապետարանի և Ղևոնդ Ղալումյանի վերաքննիչ բողոքներն ու Դատարանի 20.03.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդության մասին» որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին, վերացրել է: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Կադաստրի կողմից 30.08.2018 թվականին տրված թիվ NԱՏ-28/08/2018-2-0302 «Քարտեզագրական նյութերի վերաբերյալ» տեղեկանքով Համահայցվորների ներկայացուցիչ Արմեն Ղազարյանին տրամադրվել է հատված կադաստրային քարտեզից, որտեղ հստակ պատկերված են 01-006-0417-0083 կադաստրային ծածկագրով հողամասի և հարակից գույքերի սահմանները, նշված կադաստրային ծածկագրով հողամասի շրջադարձային կետերի կոորդինատները, ինչպես նաև գծային չափերը: Հետևաբար սույն գործում առկա տվյալներից հետևում է, որ Համահայցվորները տեղյակ են եղել վիճարկվող վարչական ակտի մասին առնվազն 30.08.2018 թվականից, սակայն դատական պաշտպանության իրավունքի իրացմանն ուղղված գործողությունները ձեռնարկել և հայցը դատարան են ներկայացրել միայն 29.11.2018 թվականին և չեն ներկայացրել 31.10.2018 թվականից մինչև 29.11.2018 թվականը հայց չներկայացնելու որևէ հարգելի պատճառ:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 03.04.2013 թվականին կայացրել է «Երևան քաղաքի Աբովյան փողոցի հ.հ. 11/3, 11/4, 13/4 և հ. 13 շենքի հ. 2 հասցեներում Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած հողամասերի նկատմամբ գնման նախապատվության իրավունք տրամադրելու և օտարելու, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու, հատակագիծ թողարկելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 1439-Ա որոշումը, որի 6-րդ կետով Երևանի Աբովյան փողոցի թիվ 11/3, 11/4, 13/4 և  13 շենքերի 2-րդ հասցեների հարակից տարածքում գտնվող ընդհանուր 343,72քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարվել են Ղևոնդ Ղալումյանին (...): Նույն որոշման 7-րդ կետով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Արամյանը լիազորվել է Երևանի քաղաքապետի անունից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ղևոնդ Ղալումյանի հետ կնքել 343,72քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր: Նույն որոշման 11-րդ կետով Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող 1.217,92քմ ընդհանուր մակերեսով հողամասին տրամադրվել է «Թումանյան փողոց, համար 30/1» հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 38-40, հատոր 2-րդ, գ.թ. 52-54, 135-139):  Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ նաև Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման հիման վրա 16.05.2013 թվականին գրանցվել է Ղևոնդ Ղալումյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 52, 53, հատոր 2-րդ, գ.թ. 55, 56):

Ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին ուղղված Երևանի Աբովյան փողոցի թիվ 30/1 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ Անդրիաս Ապրիյանի դիմում-բողոքի` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Մկրտչյանը 17.07.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ Երևանի Կենտրոն համայնքի գոտևորման նախագծով (հաստատված է Երևանի քաղաքապետի 28.11.2007 թվականի թիվ 5074-Ա հրամանով) նշված տարածքը նախատեսված է որպես ընդհանուր օգտագործման և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ (...), ինչպես նաև նշված տարածքում նոր բազմաբնակարան շենքի կառուցում նախատեսելը հակասում է գրությամբ նշված նորմերի պահանջներին (հատոր 1-ին, գ.թ. 54, 55, հատոր 2-րդ, գ.թ. 57, 58):

Ի պատասխան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին ուղղված Երևանի Աբովյան փողոցի թիվ 30/1 հասցեում գտնվող կանաչապատ տարածքների վերաբերյալ Անդրիաս Ապրիյանի դիմումի` ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Անահիտ Հախումյանը 28.08.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ դիմումում նշված տարածքը հանդիսանում է պարագծային եղանակով կառուցապատված բնակելի շենքերով կազմավորված բակային տարածք: Համաձայն Երևան քաղաքի Կենտրոն համայնքի գոտևորման նախագծի նշված հատվածը նախատեսված է որպես ընդհանուր օգտագործման և ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ: Բացի այդ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված է, որ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր են (հատոր 1-ին, գ.թ. 56, 57, հատոր 2-րդ, գ.թ. 59, 60): Կադաստրի կողմից 30.08.2018 թվականին տրված քարտեզագրական նյութերի վերաբերյալ տեղեկանքի համաձայն, տրված դիմող Արմեն Ղազարյանի 28.08.2018 թվականի դիմումին ի պատասխան, գործող կադաստրային քարտեզից տրամադրվել է պահանջվող տեղեկատվությունը (հատոր 1-ին, գ.թ. 58-60, հատոր 2-րդ, գ.թ. 61-63):

Համահայցվորների ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը 10.09.2018 թվականին փաստաբանական հարցում է ներկայացրել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանին, որով խնդրել է հանձնարարել տրամադրել տեղեկատվություն, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մեջ նշված տարածքներից որն է հանդիսանում Երևանի Թումանյան փողոցի թիվ 30 և Աբովյան փողոցի թիվ 11 շենքերի բակային տարածքում գտնվող կանաչապատ գոտին և որքան է կազմում այդ կանաչապատ գոտու մակերեսն ըստ նշված որոշման (հատոր 1-ին, գ.թ. 61, 62, հատոր 2-րդ, գ.թ. 64, 65):

Ի պատասխան վերը նշված հարցման՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 13.09.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ հաշվի առնելով, որ վերը նշված տարածքում հստակ սահմանազատում չկա, հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է սահմանված կարգով Քաղաքապետարան ներկայացնել քննարկվող տարածքի ճշգրտված տեղագրական հանույթը սահմանանիշերի տեղադրմամբ (էլեկտրոնային կրիչով նույնպես), որն իրականացնում է Քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն (հատոր 1-ին, գ.թ. 63, հատոր 2-րդ, գ.թ. 66):

«Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից տրված Աբովյան փողոց 11 և Թումանյան 30 շենքերի տեղագրական հանույթը թվագրված է 09.10.2018 ամսաթվով (հատոր 2-րդ, գ.թ. 67, 68), սակայն գործում չկա հստակ ապացույց, թե երբ են հայցվորներն այն ստացել։ Միևնույն ժամանակ հայցվորների պնդմամբ նրանք այն ստացել են «քիչ ավելի ուշ»:

Արմեն Ղազարյանը 25.10.2018 թվականին փոստային առաքմամբ դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որով հայտնել է, որ դիմումին կից ներկայացնում է պահանջված փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչն ու խնդրել է հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին իր 10.09.2018 թվականի գրության մեջ նշված հարցերին տալ հստակ պատասխաններ (հատոր 1-ին, գ.թ. 66, 67, հատոր 2-րդ, գ.թ. 69, 70):

Ի պատասխան վերը նշված դիմումի՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 08.11.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող բարեկարգված, կանաչապատված և սալիկապատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է ընդհանուր 204,7քմ, որից 134,94քմ մակերեսը ներառված է Երևանի Թումանյան փողոցի թիվ 30/1 հասցեում գտնվող և Ղևոնդ Ղալումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմաններում (հատոր 1-ին, գ.թ. 69, հատոր 2-րդ, գ.թ. 72):

Արմեն Ղազարյանը 13.11.2018 թվականին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որով կրկին խնդրել է հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին հստակ պատասխան տալ նախկինում ներկայացված դիմումներին, ինչպես նաև տրամադրել Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մեջ նշված և Ղևոնդ Ղալումյանին ընդլայնման նպատակով լրացուցիչ օտարված 343,72քմ մակերեսով հողամասի օտարման հետ կապված Քաղաքապետարանում առկա բոլոր հիմքերը (հատոր 1-ին, գ.թ. 70, 71, հատոր 2-րդ, գ.թ. 73, 74):

Ի պատասխան վերը նշված դիմումի՝ Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Աղաբեկյանը 23.11.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ հարցի առնչությամբ դեռևս 08.11.2018 թվականին տրվել է մասնագիտական եզրակացություն: Միաժամանակ ի լրումն 08.11.2018 թվականի գրության` կից ներկայացվել են Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի 1439-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները (հատոր 1-ին, գ.թ. 155, հատոր  2-րդ, գ.թ. 75):

Բացի այդ, Արմեն Ղազարյանը 03.10.2018 թվականին դիմում է ներկայացրել Կադաստրին, որով խնդրել է տրամադրել դիմումում նշված կանաչապատ տարածքի ձեռքբերման հիմքերը (հատոր 2-րդ, գ.թ. 94, 95):

Կադաստրի կողմից 05.10.2018 թվականին տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ տրամադրվել է Երևանի Աբովյան փողոցի թիվ 13 շենքի 2-րդ, Շմիդտի փողոցի թիվ 7, Շմիտի փողոցի թիվ 5 բնակելի տան, Աբովյան փողոցի թիվ 11/3, Աբովյան փողոցի թիվ 11/4 հասցեների անշարժ գույքերի կադաստրային գործերի լուսապատճեններն արխիվային բնօրինակից, միևնույն ժամանակ նշվել է, որ 23032012-01-0516 իրավունքի գրանցման վկայականով կադաստրային գործ չի հայտնաբերվել (հատոր 1-ին, գ.թ. 76):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով (տե՛ս, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):

Գտնում ենք, որ տվյալ դեպքում անվիճելի է և հայցվորներն էլ ընդունել են այն փաստը, որ վիճարկվող որոշման օրինակն իրենց հասու է եղել 2018 թվականի հուլիս ամսին, այսինքն՝ առնվազն 2018 թվականի հուլիս ամսին հայցվորներն իրազեկված են եղել Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մասին, ուստի այդ պահից սկսած երկամսյա ժամկետում կարող էին վիճարկման հայցով դիմել վարչական դատարան: Սույն հայցադիմումը հայցվորները ՀՀ վարչական դատարան են ներկայացրել 29.11.2018 թվականին, այսինքն՝ օրենքով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ՝ միաժամանակ միջնորդելով հարգելի համարել դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու բաց թողնված ժամկետը, որը սակայն հայցադիմումի ընդունելության փուլում չի քննարկվել, քանի որ ըստ հայցադիմումի՝ վիճարկվող որոշման մասին հայցվորները տեղեկացել են 23.11.2018 թվականին, և այդ պահին նշված տեղեկատվությունը հերքող փաստ առկա չի եղել: Սակայն 19.03.2019 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը պնդել է իր միջնորդությունը՝ հայտնելով, որ «թեև 2018 թվականի հուլիս ամսին վիճարկվող որոշման օրինակը ոչ պաշտոնապես հայտնվել է իրենց տիրապետության ներքո, սակայն դրա բովանդակությունից պարզ չի եղել, թե ինչ հողամաս է տրամադրվել երրորդ անձին: Եվ միայն հետագայում կատարված հարցումների արդյունքում է պարզվել, որ այդ որոշմամբ երրորդ անձին է տրամադրվել վիճելի հողամասը»: 

Կարծում ենք, որ Համահայցվորները որպես դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու փաստարկ և այդ փաստարկը հաստատող ապացույցներ վկայակոչել և դատարան են ներկայացրել իրենց կողմից կատարված հարցումներն ու դրանց վերաբերյալ տրված պատասխան գրությունները: Այսինքն՝ տվյալ դեպքում վիճարկման հայց ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետի բացթողնումը Համահայցվորները պայմանավորել են սուբյեկտիվ գործոնով, այն է՝ դատարան դիմելու և իրենց պահանջը հիմնավորող ապացույցները ներկայացնելու ու այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ ձեռնարկված որոշակի գործողություններով:

Թեև ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ Համահայցվորների կողմից ձեռնարկվել են որոշակի գործողություններ դատական պաշտպանության դիմելու համար, քանի որ վիճարկման հայց ներկայացնելու համար հարկ էր հիմնավորել վիճարկվող վարչական ակտի՝ Համահայցվորների իրավունքներին միջամտելու (վարչական ակտի միջամտող հանդիսանալու) հանգամանքը, այդուհանդերձ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյո՞ք այդ գործողությունները եղել են անհրաժեշտ, և արդյոք դրանք իրականացվել են այն հաշվառմամբ, որպեսզի ողջամտորեն ապահովեին վիճարկման հայցն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու հնարավորությունը:

Վերը նշվածի համատեքստում իրավաչափ ենք համարում Վերաքննիչ դատարանի արձանագրած այն պնդումը, որ «(...) վիճելի որոշման մասին հայցվորների կողմից տեղեկանալու կոնկրետ օրը պարզելը տվյալ դեպքում էական նշանակություն է ունեցել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու հարցը գնահատելու տեսանկյունից, քանի որ «2018 թվականի հուլիս ամիս» ժամանակահատվածն իր մեջ ներառում է ընդհանուր առմամբ 31 օր և էական է պարզել՝ Երևանի քաղաքապետարանին ուղղված 10.09.2018 թվականի դիմումը ներկայացվել է վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկանալուն հաջորդող երկամսյա ժամկետում, թե` ոչ: Այսինքն` հուլիս ամսվա մինչև 10-ը թե 10-ից հետո: Տվյալ պարագայում, չբացահայտված է մնում` հայցվորները վիճարկվող վարչական ակտի մասին 2018 թվականի հուլիս ամսին տեղեկանալուց հետո երկու ամիս անց են կատարել փաստաբանական հարցումը, թե մինչ այդ, կամ, որ նույնն է` Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի հ. 1439-Ա որոշման մասին իմանալուց հետո վիճարկման հայց ներկայացնելու ժամկետները բաց թողնելուց հետո են հայցվորները սկսել ձեռնարկել անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու գործողությունները, թե` ոչ»:

Ցանկանում ենք արձանագրել, որ սույն հայցադիմումը ներկայացնելու համար անհրաժեշտ առաջին հարցումը, որով պահանջվել է տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման մեջ նշված տարածքներից որն է հանդիսանում Երևանի Թումանյան փողոցի թիվ 30 և Աբովյան փողոցի թիվ 11 շենքերի բակային տարածքում գտնվող կանաչապատ գոտին ու որքան է կազմում այդ կանաչապատ գոտու մակերեսն ըստ նշված որոշման, Համահայցվորների ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը կատարել է 10.09.2018 թվականին, այսինքն՝ վիճարկվող վարչական ակտի մասին 2018 թվականի հուլիս ամսին իրազեկվելուց հետո ավելի քան մեկ ամիս անց:

Վերը նշված հարցման պատասխանը տրվել է 13.09.2018 թվականի գրությամբ, որի համաձայն՝ նշված տարածքում հստակ սահմանազատում չկա և հետագա թյուրիմացություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է սահմանված կարգով Քաղաքապետարան ներկայացնել քննարկվող տարածքի ճշգրտված տեղագրական հանույթը սահմանանիշերի տեղադրմամբ (էլեկտրոնային կրիչով նույնպես), որն իրականացնում է Քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նյութերից պարզ չէ, թե երբ է այն ստացվել Համահայցվորների կողմից:

Սույն գործում առկա «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից տրված Աբովյան փողոց 11 և Թումանյան 30 շենքերի տեղագրական հանույթը թվագրված է 09.10.2018 ամսաթվով, սակայն այս դեպքում ևս գործում չկա հստակ ապացույց, թե երբ են Համահայցվորներն այն ստացել։ Հայցվորների պնդմամբ նրանք այն ստացել են «քիչ ավելի ուշ»:

Վերը նշվածից հետո հաջորդ դիմումը փոստային առաքմամբ Արմեն Ղազարյանը ներկայացրել է 25.10.2018 թվականին՝ դիմումին կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչը՝ միաժամանակ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին իր 10.09.2018 թվականի գրության մեջ նշված հարցերին տալ հստակ պատասխաններ: Այսինքն՝ նշված հարցումը ներկայացվել է նախորդ հարցման պատասխան գրությունից հետո ավելի քան մեկ ամիս անց:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ կարծում ենք, որ վիճարկման հայց ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելի լինելու Համահայցվորների փաստարկները հիմնավորված չեն, քանի որ տևական ընդմիջումներով, որոնց մասին նշվեց վերը, հարցումներ ներկայացնելը չի կարող հարգելի պատճառ հանդիսանալ դատավարական ժամկետի բացթողնման համար: Այսինքն՝ դատական պաշտպանության դիմելու համար համապատասխան միջոցները Համահայցվորները ձեռնարկել են վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո այնպիսի ժամկետներում, որն ինքնին պատճառ է հանդիսացել ժամկետը բաց թողնելու համար, մինչդեռ ողջամիտ ժամկետում անհրաժեշտ հարցումները կատարելու պարագայում հնարավոր կլիներ ապահովել վարչական ակտի մասին իրազեկվելուց հետո երկամսյա ժամկետում վիճարկման հայցը դատարան ներկայացնելու իրավունքի իրացումը:

Միաժամանակ արձանագրում ենք, որ տվյալ դեպքում վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Համահայցվորների միջնորդությունը ենթակա չի եղել բավարարման, քանի որ վերջիններս Երևանի քաղաքապետի 03.04.2013 թվականի թիվ 1439-Ա որոշման վիճարկման ժամկետը բաց են թողել անհարգելի պատճառով, այն է՝ 2018 թվականի հուլիս ամսից իրազեկված լինելով վիճարկվող վարչական ակտի մասին, այդուհանդերձ ողջամիտ ժամկետում չեն ձեռնարկել դատական պաշտպանության դիմելու համար անհրաժեշտ գործողություններ, և այդ ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի լինելու վերաբերյալ վերջիններիս փաստարկները հիմնավոր չեն, ուստի վերացնելով ՀՀ վարչական դատարանի 20.03.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդության մասին» որոշումը՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ:

Նման պայմաններում գտնում ենք, որ սույն բողոքի քննությամբ չի կարող հաստատվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության, այն է` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկա լինելու հանգամանքը, ուստի բողոքը ենթակա էր մերժման։

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէր Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

    

Դատավորներ`

      

 

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան