Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.06.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2709/02/14

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2709/02/14

Նախագահող դատավոր՝

 Լ. Գրիգորյան

Դատավորներ՝

 Գ. Խանդանյան

 Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ա. Մկրտչյան
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունիսի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Գրիգորյանի ընդդեմ Սամվել և Տիգրան Օհանյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Աշոտ Գրիգորյանը պահանջել է Սամվել և Տիգրան Օհանյաններից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 185.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 15.10.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է պատասխանողներ Սամվել Օհանյանից և Տիգրան Օհանյանից համապարտության կարգով հօգուտ Աշոտ Գրիգորյանի բռնագանձել 185.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.04.2018 թվականի որոշմամբ Տիգրան Օհանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 15.10.2014 թվականի վճիռը մասնակիորեն` Տիգրան Օհանյանից համապարտության կարգով 185.000 ԱՄՆ դոլար բռնագանձելու մասով, բեկանվել է և քաղաքացիական գործի վարույթն այդ մասով կարճվել է: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Գրիգորյանը (ներկայացուցիչ` Էրիկ Հայրապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացրել, իսկ հետազոտված ապացույցները չեն համապատասխանում շարադրված եզրահանգումներին, ինչն էլ իր հերթին հանգեցրել է դատական սխալի: Մասնավորապես` բողոքարկվող դատական ակտի պատճառաբանական մասում Վերաքննիչ դատարանը նշել է` իբրև հայցվորը միջնորդել է բեկանել Դատարանի վճիռը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Հայցվորը նման պահանջ չէր էլ կարող ներկայացնել, քանի որ Դատարանի վճռով իր պահանջը բավարարվել է ամբողջությամբ, իսկ վերաքննիչ բողոքը ներկայացրել է պատասխանող կողմը:

Վերաքննիչ դատարանը բավարարել է պատասխանողի վերաքննիչ բողոքն առանց վերջինիս կողմից վերաքննիչ բողոքում արծարծված որևէ հիմքի կամ հիմնավորման հղում կատարելու և այդ հիմքերի ու հիմնավորումների վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու:

Ավելին, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը սույն գործով կիրառելի չէ, քանի որ թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2016 թվականի վճռի հիմքում դրվել է սույն գործով Դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.10.2014 թվականի վճիռը, և Տիգրան Օհանյանը սնանկ է ճանաչվել նույն վճռից բխող վճարային պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցելու հիմքով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.04.2018 թվականի որոշումը և Դատարանի 15.10.2014 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 15.10.2014 թվականի վճռով Աշոտ Գրիգորյանի հայցը` Սամվել և Տիգրան Օհանյաններից համապարտության կարգով 185.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 60-62):

2) Թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2016 թվականի վճռով Աշոտ Գրիգորյանի դիմումը` Տիգրան Օհանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Տիգրան Օհանյանի պարտավորություններն Աշոտ Գրիգորյանի հանդեպ բխում են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱՔԴ/2709/02/14 վճռից, մարված չեն, դրանք գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ինչպես նաև բացակայում է հաշվանցի հնարավորությունը, որպիսի պայմաններում դատարանը գտել է, որ Տիգրան Օհանյանին պետք է ճանաչել սնանկ (հիմք` www.court.am ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայք):

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2017 թվականի որոշմամբ Տիգրան Օհանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է թիվ ԵԱՔԴ/0199/04/15 գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2016 թվականին կայացված վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության (հիմք` www.court.am ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայք):

4) Թիվ ԵԱՔԴ/0199/04/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.12.2017 թվականի որոշմամբ Աշոտ Գրիգորյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2016 թվականի վճռին (հատոր 3-րդ, գ.թ. 70-77):

5) Տիգրան Օհանյանի ներկայացուցչի կողմից 07.12.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքի և հիմնավորումների սահմաններում.

- Դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 28-րդ և 78-րդ հոդվածների խախտում: Ներկայացված հայցադիմումը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, կայացված բոլոր դատական նիստերի նշանակման ծանուցագրերը Տիգրան Օհանյանը չի ստացել, դատական նիստերին մասնակցելու հնարավորություն չի ունեցել, այսինքն Դատարանը հնարավորություն չի տվել Տիգրան Օհանյանին` ներկայացնելու իր դիրքորոշումը (հատոր 2-րդ, գ.թ. 5-10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` վիճելի իրավահարաբերության իրավակարգավորման համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կիրառման վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

կարող է արդյոք պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքով կարճվել տվյալ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում դրված, պարտավորության անվիճելիությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանման դեպքում գործի նոր քննության վարույթը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում` նույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը։ Դա այն է, որ պարտապանի և պարտատերերի շահերից ելնելով` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է` սնանկության վարույթում: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության (տե՛ս, Մարինե Ավետիսյանն ընդդեմ Արտեմ Ավետիսյանի թիվ ԵՄԴ/1140/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով օրենսդիրն ամրագրել է պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկը` պարտապանների պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը, որը կիրառվում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Հետևաբար` օրենսդիրը, սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, այլ դատարաններին պարտավորեցնում է կարճել բոլոր այն գործերը, որոնք վերաբերում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներին: Օրենսդրի նշված պահանջը նպատակ ունի ապահովել պարտապանի շահերի պաշտպանությունը և խթանել վերջինիս վճարունակության վերականգնմանն ուղղված միջոցների ճիշտ գործադրումը կամ ապահովել պարտատերերի պահանջների հավասարակշռված բավարարման գործընթացը:

Փաստորեն, օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով հստակեցրել է, որ այլ դատարաններում, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, բռնագանձման կամ պարտապանի ակտիվների նվազեցման դատական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով, չպետք է դառնան դատական քննության առարկա: Օրենսդիրը, սակայն որևէ իրավակարգավորում չի նախատեսել այն դեպքերի համար, երբ օրենքով սահմանված հիմքերի շրջանակներում վիճարկվում է այն դատական ակտը, որը դրվել է պարտապանին սնանկ ճանաչելու վճռի հիմքում: Ուստի, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իրավակարգավորմանը` նույն օրենքի 3-րդ հոդվածի համատեքստում:

Այսպես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակությունՎճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հարկադրված սնանկության դեպքում պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով, որ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, միաժամանակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նույնիսկ պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու դեպքում պարտավորությունն անվիճելի է: Այդ հիմքերն են`

- երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

- երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նման մոտեցումը պայմանավորված է դատական ակտերի պարտադիրության հատկանիշով, այսինքն` քանի դեռ առկա է օրինական ուժի մեջ մտած չկատարված վերջնական դատական ակտ, որով հաստատվել է որոշակի պարտավորություն, նշված պարտավորությունը վիճարկվել չի կարող (բացառությամբ հաշվանց կատարելու հնարավորության դեպքի): Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտավորության անվիճելիությունը կարող է վերանալ, եթե միայն վերացվի համապատասխան դատական ակտը (օրինակ` նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով) (տե՛ս, Տիգրան Մարտիրոսյանն ընդդեմ Սուրեն Սադոևի թիվ ԵՇԴ/0133/04/14 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.08.2018 թվականի որոշումը):

Զարգացնելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկությունը պարտապանի անկարողությունն է` կատարելու (վճարելու) սեփական երկարաժամկետ պարտավորությունները, այլ կերպ` սնանկությունն անձի անվճարունակությունն է: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով օրենսդիրը սպառիչ կերպով ներկայացրել է այն վավերապայմանները, որոնց առկայության դեպքում միայն անձը պարտատիրոջ պահանջով կարող է ճանաչվել սնանկ: Մասնավորապես, այլ պահանջների հետ մեկտեղ, օրենսդիրն ամրագրել է, որ պարտատիրոջ հանդեպ պարտապանի պարտավորությունը պետք է լինի անվիճելի: Հետևաբար, անձին սնանկ ճանաչելու հարցի լուծումը և դրա արդյունքում համապատասխան վճիռ կայացնելն անմիջականորեն կախված են պարտավորության անվիճելիությունը հիմնավորող փաստի առկայությամբ: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով պարտավորությունն անվիճելի է, ի թիվս այլ դեպքերի, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը: Միաժամանակ, պարտավորության անվիճելիությունը, որը պայմանավորված է եղել մեկ այլ դատական ակտով պարտապանից գումարի բռնագանձման բավարարմամբ, դադարեցնում է իր անվիճելի բնույթը, երբ իր հիմքում դրված դատական ակտը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի կանոններին համապատասխան, բեկանվում և նույն գործի վարույթը կարճվում է: Արդյունքում դատական ակտը, որը դրվել էր անձին սնանկ ճանաչելու վճռի հիմքում, կորցնում է իր իրավական ուժը: Նման պայմաններում օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի հիման վրա պարտավորության անվիճելիության փաստի վերացումը` դատական ակտի բեկանումն ու գործի վարույթի կարճումը, դադարեցնում է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի կիրառության իրավական հնարավորությունը, ինչն էլ իր հերթին բացառում է ընդհանրապես սնանկության վարույթի հարուցման և հետագայում նաև նշված օրենքի 39-րդ հոդվածի պահանջների կիրառման իրավական հնարավորությունը, քանի որ այդ իրավանորմը կիրառելի կարող է լինել բացառապես անվիճելի պարտավորությունների` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում սահմանված փաստական հանգամանքների առկայության դեպքում միայն:

Այսպիսով, պարտավորությունն անվիճելի է այնքան ժամանակ, քանի դեռ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կամ այլ կերպ` պարտավորության անվիճելիությունը կարող է վերանալ, եթե վերացվի համապատասխան դատական ակտը: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերանում է անձին սնանկ ճանաչելու իրավական հիմքը:

Վերոգրյալ դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից այլ դատարանների վարույթներում գտնվող պարտապանից գումար բռնագանձելու կամ գույք հանձնելու պահանջով կայացած դատական ակտերը, որոնք բողոքարկվել են վերաքննության կարգով, ենթակա են բեկանման, իսկ տվյալ գործի վարույթը` կարճման: Ըստ օրենսդրի, նման դեպքերում պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում: Միաժամանակ, նման պայմաններում այլ դատարանների վարույթներում գտնվող դատական ակտի բեկանումը և գործի վարույթի կարճումն օրենսդիրը հնարավոր է համարել միայն այն դեպքերում, երբ դրա արդյունքում պարտապանին սնանկ ճանաչելու հիմք հանդիսացած պարտավորության անվիճելիությունը պահպանում է իր իրավական ուժը:

Վերը նշվածից հետևում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի և 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթներն ըստ էության փոխկապակցված են միմյանց հետ: Հետևաբար, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջը չի կարող կիրառվել այն քաղաքացիական գործով կայացված դատական ակտի վերաբերյալ, որը դրվել է անձին սնանկ ճանաչելու վճռի հիմքում: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ անձին սնանկ ճանաչելու վճռի հիմքում դրված դատական ակտի վերացմամբ դադարում է գոյություն ունենալ նաև պարտավորության անվիճելիության փաստը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի և սնանկության հետագա փուլերի վերացման:

Ավելին, հարկ է նշել նաև, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով հստակեցրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ բոլոր դեպքերում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չի կարող բեկանվել միայն պարտապանի սնանկ լինելու հիմքով, եթե գործի քննության ժամանակ նման հիմք առկա չի եղել:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Աշոտ Գրիգորյանը, դիմելով Դատարան, պահանջել է Սամվել և Տիգրան Օհանյաններից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 185.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը Դատարանի 15.10.2014 թվականի վճռով բավարարվել է:

Թիվ ԵԱՔԴ/0199/04/15 գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2016 թվականի վճռով Տիգրան Օհանյանը ճանաչվել է սնանկ: Դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ Տիգրան Օհանյանի պարտավորություններն Աշոտ Գրիգորյանի հանդեպ բխում են Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 15.10.2014 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԱՔԴ/2709/02/14 վճռից, մարված չեն, դրանք գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ինչպես նաև բացակայում է հաշվանցի հնարավորությունը, որպիսի պայմաններում դատարանը գտել է, որ Տիգրան Օհանյանին պետք է ճանաչել սնանկ:

Թիվ ԵԱՔԴ/0199/04/15 գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2017 թվականի որոշմամբ բեկանվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2016 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Թիվ ԵԱՔԴ/0199/04/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.12.2017 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2017 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2016 թվականի վճռին:

Տիգրան Օհանյանի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել Դատարանի 15.10.2014 թվականի վճռի դեմ:

Վերաքննիչ դատարանի 19.04.2018 թվականի որոշմամբ Տիգրան Օհանյանից համապարտության կարգով 185.000 ԱՄՆ դոլար բռնագանձելու մասով Դատարանի 15.10.2014 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել է և քաղաքացիական գործի վարույթն այդ մասով կարճվել է: Որոշման հիմքում դրվել է թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.12.2017 թվականի որոշումը: Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է, որ «պատասխանող Տիգրան Օհանյանի նկատմամբ առկա է սնանկության վարույթ, իսկ սույն քաղաքացիական գործի լուծումը կարող է հանգեցնել նրա գույքային զանգվածի փոփոխության, հետևաբար առկա են հիմքերը բողոքարկվող վճիռը մասնակի` Տիգրան Օհանյանի մասով բեկանելու և այդ մասով գործի վարույթը կարճելու համար, հաշվի առնելով այն փաստը, որ գործի կրկնակի քննության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ գործով հաստատված փաստական հանգամանքները թույլ են տալիս նման դատական ակտ կայացնել և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով Տիգրան Օհանյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում, որպես պարտավորության անվիճելիությունը հիմնավորող փաստ, դրվել է սույն քաղաքացիական գործով կայացված գումարի բռնագանձման մասին դատական ակտը` Դատարանի 15.10.2014 թվականի վճիռը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը 19.04.2018 թվականի որոշմամբ կիրառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը Դատարանի 15.10.2014 թվականի վճիռը մասնակիորեն` Տիգրան Օհանյանից համապարտության կարգով 185.000 ԱՄՆ դոլար բռնագանձելու մասով, բեկանել է և գործի վարույթն այդ մասով կարճել է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, սակայն, որ սույն գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելիս վերանում է թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու վճռի հիմքում դրված անվիճելի պարտավորությունը: Վերաքննիչ դատարանը, մինչդեռ հաշվի չի առել նշված հանգամանքը` անտեսելով նաև, որ թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով սնանկ ճանաչելու դիմումի փաստական հիմքում այլ պարտավորություններ կամ պարտավորության անվիճելիությունը հաստատող հիմքեր նշված չեն եղել:

Միաժամանակ, ինչպես արդեն վերը նշվեց, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենքի 3-րդ հոդվածի իրավակարգավորումները փոխկապակցված են միմյանց հետ, ինչը ենթադրում է, որ սույն գործի վարույթը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով կարճվել չէր կարող: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ սույն քաղաքացիական գործով կայացված դատական ակտը հանդիսանում է թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով կայացված` պարտապանին սնանկ ճանաչելու վճռի հիմքում դրված պարտավորության անվիճելիությունը հիմնավորող միակ փաստը: Հետևաբար սույն գործի շրջանակներում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթի կիրառման պարագայում` ինքնըստինքյան հերքվում է թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործով պարտապանի պարտավորության անվիճելիությունը, իսկ քանի դեռ պարտապանի պարտավորությունը մնում է վիճելի` վերջինս սնանկ ճանաչվել չի կարող: Նման պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` սույն գործի վարույթը կարճելու անհրաժեշտության մասին:

Դատարանի 15.10.2014 թվականի վճռի կայացման պահին Տիգրան Օհանյանը դեռևս սնանկ ճանաչված չի եղել: Հետևաբար, բոլոր դեպքերում, Դատարանի օրինական ուժի մեջ մտած 15.10.2014 թվականի վճիռը Վերաքննիչ դատարանի կողմից չէր կարող բեկանվել, իսկ գործի վարույթը` կարճվել, միայն Տիգրան Օհանյանի սնանկ լինելու հիմքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տիգրան Օհանյանի մասով Դատարանի 15.10.2014 թվականի վճռի բեկանման և գործի վարույթի կարճման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը ոչ միայն իրավաչափ չէ, այլ նաև խաթարում է թիվ ԵԱՔԴ/0199/04/15 սնանկության գործի հետագա ընթացքը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 15.10.2014 թվականի վճիռը Տիգրան Օհանյանի ներկայացուցչի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է այն հիմքերով և հիմնավորումներով, որ Դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում, այն է` Դատարանը չի ապահովել Տիգրան Օհանյանի մասնակցությունը գործի քննությանը:

Նման պայմաններում, նկատի ունենալով բողոքարկման ինստիտուտի կարևորությունը և այն, որ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը սահմանափակել է անձի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացել վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն, հետևաբար առկա է գործը նույն դատարան ուղարկելու անհրաժեշտություն` վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու համար:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Գրիգորյանի բողոքը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.04.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ա. Մկրտչյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: