Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1939/05/16

2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1939/05/16

Նախագահող դատավոր՝

 Ա. Բաբայան

Դատավորներ՝

 Ա. Առաքելյան

 Ա. Թովմասյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անուշ Պողոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայության)՝ թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Անուշ Պողոսյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության 22.01.2016 թվականի թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները։

Անուշ Պողոսյանը 24.01.2017 թվականին կայացած դատական նիստում ներկայացրել է հայցի առարկայի փոփոխություն՝ խնդրելով ճանաչել Ծառայության թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 18.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2018 թվականի որոշմամբ Ծառայության բողոքը մերժվել է, և Դատարանի 18.05.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

 Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, 28-րդ հոդվածի 1-ին մասը, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետը և 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, 42-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածը, 51-րդ հոդվածի 1-ին մասը, 78-80-րդ և 83-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հարկադիր կատարողը, պարտավոր էր սահմանված ժամկետում քննել և ընթացք տալ դիմումներին, բողոքներին և առաջարկություններին: Սույն գործով պահանջատերը ներկայացրել է մի քանի դիմում՝ խնդրելով ստուգել արդյոք պարտապանն օգտագործում է վերը նշված գույքերը: Տվյալ դեպքում հարկադիր կատարողը պարտավոր էր վերսկսել կատարողական վարույթը և կատարել համապատասխան գործողություններ: Իսկ ավարտված կատարողական վարույթի շրջանակներում որևէ կատարողական գործողություն կատարելու լիազորություն հարկադիր կատարողը չունի:

 Դատարանը, պարտապանին համարելով շահագրգիռ անձ, վճռում չի նշել, թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված որ պայմանն է տվյալ դեպքում առկա, մասնավորապես, կատարողական վարույթը վերսկսելու մասին որոշման կայացման դեպքում ՝

- նրա որ իրավունքները կամ ազատություններն են խախտվել կամ կարող են անմիջականորեն խախտվել,

- նրա որ իրավունքների կամ ազատությունների իրականացման համար են խոչընդոտներ հարուցվել,

- նրա որ իրավունքների իրականացման համար չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ,

- ինչպիսի ոչ իրավաչափ պարտավորություն է դրվել նրա վրա,

- ինչպիսի վարչական պատասխանատվության է նա ոչ իրավաչափորեն ենթարկվել:

 Դատարանը միայն նշել է, որ պարտապանի կողմից կատարողական գործողություններին չմասնակցելու, ինչպես նաև մուտքի դուռը չբացելու համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որով արդեն իսկ խախտվել են պարտապանի իրավունքները և վերջինիս վրա դրվել են անհիմն պարտականություններ: Ստացվում է, որ Դատարանն արդեն իսկ իր կողմից ընդունել է այն փաստը, որ պարտապանի կողմից չեն կատարվել հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումները, որով խախտվել է նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կատարողական վարույթը վերսկսվել է՝ պարզելու պարտապանի կողմից կատարողական թերթի պահանջների խախտման հանգամանքը, հակառակ պարագայում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու գործառույթը կդառնար առարկայազուրկ: Հարկադիր կատարողի գործողություններն ուղղված են եղել արդեն իսկ կիրառված հայցի ապահովման շրջանակներում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված պարտականությունների կատարումն ապահովելուն:

 Դատարանը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը, իրենց դատական ակտերի հիմքում դրել են այն հանգամանքը, որ Ծառայությանն օրենքով վերապահված չէ ավարտված կատարողական վարույթն անձի դիմումի հիման վրա վերսկսելու իրավասություն՝ ուշադրություն չդարձնելով, թե ի վերջո այդ վերսկսելն ինչ նպատակ է հետապնդում:

 Վարչական մարմինը պարտավոր է հետևել օրենքների պահանջներին և գործողությունները կազմակերպել օրենսդրությամբ սահմանված իրավասությունների սահմաններում: Հարկադիր կատարողի համար կատարողական գործողությունների հիմքը դատարանի կողմից տրված կատարողական թերթն է, որի հիման վրա հարուցվում է կատարողական վարույթ, և իրականացվում են օրենսդրությամբ նախատեսված կատարողական գործողություններ կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ընդ որում կատարողական գործողությունների եղանակները կախված են համապատասխան կատարողական թերթի պահանջներից, ավելին, կատարողական գործողություններն իրենց մեջ ներառում են նաև համապատասխան կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու նպատակով արդեն իսկ հարկադիր կատարողի կողմից ձեռնարկված միջոցների, կայացված որոշումների, ինչպես նաև որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու վերաբերյալ որոշումների կատարման վերաբերյալ ստուգումը, հսկողությունը, քանզի վերջին հաշվով, կատարողական գործողությունների ամբողջական նպատակը՝ կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելն է:

 Վերաքննիչ դատարանը փաստել է՝ ավարտված կատարողական վարույթները 22.01.2018 թվականի որոշումներով չէին կարող վերսկսվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 39-ր հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, քանի որ այդ հիմքերը վերաբերում են կասեցված կատարողական վարույթները վերսկսելուն, ինչպես նաև այն պատճառաբանությամբ, որ 21.01.2018 թվականին, մինչև վերսկսելու մասին որոշումները կայացնելը, հարկադիր կատարողն արդեն իսկ կատարել է պահանջատիրոջ նշված դիմումով արծարծված փաստերը ստուգելու անհրաժեշտ գործողությունը, հետևաբար և վարույթները վերսկսելու անհրաժեշտությունը բացակայում էր: Սակայն Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 22.01.2018 թվականի կատարողական վարույթները վերսկսելու մասին որոշումներն ինքնին նպատակ են հետապնդել կատարողական գործողություններ ծավալել, մասնավորապես՝ ստուգել կատարողական թերթի պահանջների կատարված լինելը, այդ պահանջների խախտված լինելը և այլն: Ավելին, կատարողական գործողությունների ընթացքը հենց փաստում է այդ ամենի մասին, քանզի Ծառայության կողմից ձեռնարկվել են միջոցներ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով՝ կատարողական թերթի պահանջները չկատարելու համար: Մինչ այդ, Ծառայությունը՝ որպես վարչական մարմին, պարտավոր է պահանջատիրոջ կողմից ներկայացված փաստական տեղեկությունները ստուգել, դա պայմանավորված է նաև կատարողական թերթի կատարման էությամբ, իսկ վարչական մարմինը չի կարող այլ կերպ իրականացնել իր կատարողական գործողությունները, քան ընթացիկ կատարողական վարույթ ունենալու պարագայում, ուստի կայացրել է որոշումներ վարույթները վերսկսելու համար:

 

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

 1. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/3721/02/15 գործով 04.09.2015 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` Արմեն Մկրտչյանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին` բավարարվել է մասնակի։

 Որպես հայցի ապահովման միջոց հայցագնի` 5.582.000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանող Անուշ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա։

 Որպես հայցի ապահովման միջոց արգելանք է դրվել նաև Արմեն Մկրտչյանի կողմից 01.08.2015 թվականին կազմված` «վարձատու Անուշ Պարգևի Պողոսյանին պատկանող` Երևան քաղաքի, Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124-րդ բնակարանի համար իր` վարձակալ Արմեն Միշայի Մկրտչյանի կողմից գնված ապրանքա-նյութական արժեքների ցանկը և արժեքը» վերնագրով ցուցակի 2-րդ և 7-րդ սյունակում ըստ արժեքների նշված ընդհանուր 558.600 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վրա (թվարկված են գույքերը) և արգելվել է պատասխանող Անուշ Պողոսյանին՝ նշված կահույքի և իրերի նկատմամբ որևէ գործողություն կատարելը, այդ թվում` օգտագործելը, տեղափոխություններ կատարելը, և/կամ այնպիսի գործողությունների կատարումը, որը կհանգեցնի նշված գույքի մաշվածության, կոմպլեկտայնության կամ արտաքին տեսքի փոփոխության (վնասման)։

 Կատարողական թերթում նշվել է, որ որոշումն ուժի մեջ է մտել 04.09.2015 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 23):

 2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի 17.09.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշման համաձայն` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/3721/02/15 գործով 04.09.2015 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01389446 կատարողական վարույթ և հայցի ապահովման նպատակով հայցագնի` 5.582.000 ՀՀ դրամի չափով` արգելանք է դրվել պատասխանող Անուշ Պողոսյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 3-րդ, գ.թ. 24):

 3. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/3721/02/15 գործով 24.09.2015 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` Արմեն Մկրտչյանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, բավարարվել է։

 Որպես հայցի ապահովման միջոց՝ արգելանք է դրվել պատասխանող Անուշ Պողոսյանի ապօրինի տիրապետման տակ` Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124-րդ բնակարանում գտնվող և հայցվոր Արմեն Մկրտչյանին պատկանող ընդհանուր 6.210.000 ՀՀ դրամի իրերի վրա (թվարկված են իրերը), ինչպես նաև արգելվել է պատասխանող Անուշ Պողոսյանին՝ նշված իրերի նկատմամբ որևէ գործողություն կատարելը, այդ թվում` օգտագործելը, տեղափոխություններ կատարելը, և/կամ այնպիսի գործողությունների կատարումը, որը կհանգեցնի նշված իրերի մաշվածության, կոմպլեկտայնության կամ արտաքին տեսքի փոփոխության (վնասման

 Կատարողական թերթում նշվել է, որ որոշումն ուժի մեջ է մտել 24.09.2015 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 45):

 4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» և «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» 06.10.2015 թվականի որոշումների համաձայն` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/3721/02/15 գործով 24.09.2015 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01436022 կատարողական վարույթ և արգելանք է դրվել Անուշ Պողոսյանի ապօրինի տիրապետման տակ` Երևան քաղաքի, Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124-րդ բնակարանում գտնվող և հայցվոր Արմեն Մկրտչյանին պատկանող ընդհանուր 6.210.000 ՀՀ դրամի իրերի վրա (թվարկված են իրերը), ինչպես նաև արգելվել է պատասխանող Անուշ Պողոսյանին՝ նշված իրերի նկատմամբ որևէ գործողություն կատարելը, այդ թվում` օգտագործելը, տեղափոխություններ կատարելը, և/կամ այնպիսի գործողություններ կատարելը, որը կհանգեցնի նշված իրերի մաշվածության, կոմպլեկտայնության կամ արտաքին տեսքի փոփոխության (վնասման) (հատոր 3-րդ, գ.թ. 46-47, 49-50):

 5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի 30.11.2015 թվականի որոշումների համաձայն` թիվ ԵԱՆԴ/3721/02/15 կատարողական թերթի պահանջը կատարելու վերաբերյալ 17.09.2015 թվականին հարուցված թիվ 01389446 և 06.10.2015 թվականին հարուցված թիվ 01436022 կատարողական վարույթներն ավարտվել են` հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթերի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողություններն ավարտված լինելու հիմքով (հատոր 3-րդ, գ.թ. 33, 51):

 6. «Հասցե այցելելու մասին» 25.01.2016 թվականի արձանագրության համաձայն` հարկադիր կատարողը ձեռնարկել է պահանջատիրոջ կողմից տրված հայտարարությամբ նշված հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի տեղակալի, հարկադիր կատարողներ Մ. Կոգանյանի և Էդ. Եղիազարյանի հետ այցելել է Երևան քաղաքի Արգիշտի փողոց, թիվ 11/4 շենք, 124-րդ բնակարան` ստուգելու համար 27.11.2015 թվականին կազմված արձանագրության իրերն օգտագործվել են, թե` ոչ (հատոր 3-րդ, գ.թ. 60):

 7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 22.01.2016 թվականի որոշումների համաձայն` հիմք ընդունելով պահանջատեր Արմեն Մկրտչյանի 15.01.2016 թվականի դիմումը, 30.11.2015 թվականին ավարտված թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսվել են` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի հիմքով (հատոր 3-րդ, գ.թ. 38, 52):

 8. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի «Որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին» 23.02.2016 թվականի որոշման համաձայն` որոշվել է պարտադրել պարտապան Անուշ Պողոսյանին 10.03.2016 թվականին, ժամը` 15:00-ին, ներկա գտնվել հարկադիր կատարողի կողմից Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124-րդ բնակարանում իրականացվող կատարողական գործողություններին, ինչպես նաև պարտադրել նշված հասցեում գտնվող բնակարանի մուտքի դուռը բացելուն (հատոր 3-րդ, գ.թ. 53-54):

 9. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ուղղված «Բնակարան մուտք գործելու թույլտվություն ստանալու մասին» դիմումի համաձայն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանը խնդրել է իր վարույթում գտնվող 17.09.2015 թվականի թիվ 01389446 և 06.10.2015 թվականի թիվ 01436022 կատարողական վարույթների շրջանակներում թույլատրել մուտք գործել պարտապան Անուշ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124-րդ բնակարան` համապատասխան կատարողական գործողություններ կատարելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 55-58):

 10. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.12.2016 թվականի թիվ ԴԴ-17Ե-61763 գրության համաձայն` Անուշ Պողոսյանը հրավիրվել է 01.02.2017 թվականին, ժամը` 16:30-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի կողմից 15.12.2016 թվականին դատարան ներկայացված` «Բնակարան մուտք գործելու թույլտվություն ստանալու միջնորդության մասին» դիմումի քննարկմանը (հատոր 3-րդ, գ.թ. 105):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները էական նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադիր կատարողի կողմից կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ծագած իրավահարաբերությունների գնահատման որոշ հարցերի:

 

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, սահմանել է նաև հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան։

Թիվ ՎԴ/3804/05/15 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, թե հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթում կայացված որոշումները վարչական ակտ դիտելու համար դրանք ինչ բնութագրեր պետք է ունենան, իսկ այդպիսիք չլինելու դեպքում օրենքով նախատեսված ինչ հայցատեսակներով ինչպիսի պահանջներ կարող են ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Այս համատեքստում սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն է ստանում վարչական իրավահարաբերության բովանդակության պարզումը: Այս առումով չքննարկելով իրավահարաբերության սուբյեկտային կազմը, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչ իրավական նորմերի կարգավորման տիրույթում է գտնվում այդ իրավահարաբերությունը և արդյոք առկա է կարգավորման ենթակա հասարակական իրավահարաբերություն:

Ընդհանուր առմամբ իրավահարաբերության բովանդակությունն իրավահարաբերության մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների ու պարտականությունների ամբողջությունն է, որի շրջանակը որոշվում է իրավահարաբերությունում սուբյեկտիվ իրավունքներ ու պարտականություններ կրող մասնակից սուբյեկտով և իրավահարաբերության օբյեկտով` ինչին ուղղված են սուբյեկտիվ իրավունքներն ու պարտականությունները:

Սույն վարչական գործով հայցվորը պահանջել է ճանաչել կատարողական գործողություները վերսկսելու իրավահարաբերության բացակայության փաստը` հայցապահանջի իրավական հիմքում դնելով հարկադիր կատարողի կողմից օրենքի սխալ կիրառման հանգամանքը:

Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ հաշվի առնելով այն փաստը, որ Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի` «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 22.01.2016 թվականի որոշումներով 30.11.2015 թվականին ավարտված թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու ուժով հայցվորի համար` որպես տվյալ իրավահարաբերությունում կողմ, ծագել են որոշակի գործողություններ կատարելու պարտականություններ, այն է` ներկա գտնվել հարկադիր կատարողի կողմից Երևան քաղաքի Արգիշտի փողոցի, թիվ 11/4 շենքի, 124-րդ բնակարանում իրականացվող կատարողական գործողություններին և բացել նշված հասցեում գտնվող բնակարանի մուտքի դուռը, իսկ այդ պահանջը չկատարելու համար կազմվել է նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, մինչդեռ, վերոնշյալ հիմնավորումներով, այդ կատարողական վարույթների վերսկսման իրավահարաբերությունները բացակայել են, հետևաբար` Դատարանը գտել է, որ կատարողական վարույթների վերսկսմամբ խախտվել են հայցվորի իրավունքները, այդ թվում նաև՝ վերջինիս համար սահմանվել են պարտավորություններ, ուստի Դատարանը գտել է, որ Անուշ Պողոսյանը սույն գործով հանդիսանում է շահագրգիռ անձ։

Վերաքննիչ դատարանը մերժելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով՝ պատճառաբանել է, որ ավարտված կատարողական վարույթի վերսկսման սպառիչ հիմքերի վերաբերյալ վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների պայմաններում բացակայել է վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ավարտված թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու համապատասխան իրավական հիմքը՝ մասնավորապես, ինչպես նաև բացակայել է թիվ 01389446 և թիվ 01436022 ավարտված կատարողական վարույթները կասեցված կատարողական վարույթի վերսկսման կանոններով վերսկսելու հիմքը՝ ընդհանրապես: Հետևաբար 22.01.2016 թվականի որոշումները կայացվել են թիվ 01389446 և թիվ 01436022 ավարտված կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերության բացակայության պայմաններում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև անդրադառնալ թիվ ՎԴ/3804/05/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման կիրառելիությանը` սույն գործի փաստական հանգամանքների վերաբերյալ: Նշված գործով ներկայացված հայցապահանջի հիմքում դրված է եղել հանրային դրամական պահանջի հիմքում դրած վարչական ակտի ուժի մեջ մտնելու, անբողոքարկելի դառնալու անվիճելի փաստի հիման վրա հարկադիր կատարման իրավահարաբերության ծագած լինելու հարցը: Այսինքն նշված գործով Վճռաբեկ դատարանի իրավական դիտարկման և վերլուծության առարկան եղել է հարկադիր կատարման համար անհրաժեշտ վավերապայմանների բացակայության պայմաններում հարուցված կատարողական վարույթի առկայությունը, մինչդեռ սույն գործով հայցապահանջի իրավական հիմքում դրված է այն հանգամանքը, որ Ծառայության կողմից պարտապանի նկատմամբ կիրառվել է սխալ օրենք:

Պետք է նշել, որ քննարկվող դեպքում իրավահարաբերությունը վարույթային է իր բնույթով: Այսինքն իրավահարաբերության սուբյեկտներ կարող են լինել տվյալ վարույթի մասնակիցները, որոնց սուբյեկտիվ իրավունքներն ու պարտականությունները պետք է ուղղվեն այդ իրավահարաբերության օբյեկտին:

Այն պարագայում, երբ առկա է հարկադիր կատարողի կատարողական վարույթը վերսկսելու մասին որոշում և դրան հաջորդել են կատարողական վարույթի այլ գործողություններ, ապա խախտված իրավունքների վերականգնման համար վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակի ընտրության համար առաջնահերթ է դառնում որոշել, թե կատարողական վարույթում նախատեսված ինչ գործողությամբ կամ անգործությամբ է խախտվել վարույթի մասնակցի իրավունքը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ կատարողական վարույթի վերսկսման համար առիթ է հանդիսացել վարույթի մասնակից պարտատիրոջ դիմումը պարտապանի կողմից կատարողական թերթի պահանջները խախտելու մասին: Կատարողական վարույթի պարտատիրոջ դիմումի պահանջն ըստ էության ուղղված է հայցի ապահովման միջոցի մասին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման պահանջների կատարման խախտումների վերացմանը և այդ կապակցությամբ հարկադիր կատարողն օրենքով սահմանված կարգով դիմել է Անուշ Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ հայցվորի իրավունքի ենթադրյալ խախտումը կապված է ոչ թե կատարողական վարույթի վերսկսման իրավահարաբերության առկայության կամ բացակայության հետ, այլ կատարողական թերթի պահանջները խախտելու փաստի առկայությունը որոշելու և պարտապանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարկադիր կատարողի գործողությունների հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը պետք է պարզեր և ի պաշտոնե համապատասխան իրավական գնահատական տար հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթի պահանջները խախտելու փաստի առկայությունը որոշելու գործողությունների իրավաչափությունը:

Ինչ վերաբերում է թիվ ՎԴ/3804/05/15 և թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, ապա դրանք սույն գործով կիրառելի չեն, քանի որ թիվ ՎԴ/3804/05/15 գործով փաստական հանգամանքներն այլ են և վերաբերում են հանրային դրամական պահանջներով անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հարկադիր կատարմանը` մասնավորապես հարկադիր կատարման ներկայացված վարչական ակտի հիման վրա կատարողական վարույթի հարուցմանը, այն պայմաններում, երբ բացակայում է հանրային դրամական պահանջով վարչական ակտի կատարման իրավական հնարավորությունը, այսինքն բացակայում էր բուն իրավահարաբերությունը և ոչ թե օրենքի սխալ կիրառումը։ Իսկ թիվ ՎԴ/0794/05/14 գործով Անահիտ Սարգսյանը վիճարկում է Ծառայության 29.10.2013 թվականի և 10.03.2014 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշումները։ Նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կրկին կատարման ներկայացրած կատարողական թերթի հիման վրա կարող է նոր կատարողական վարույթ հարուցվել, եթե կատարողական թերթը կրկին կատարման է ներկայացվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կրկին կատարման ներկայացված կատարողական թերթի հիման վրա նոր կատարողական վարույթ չի կարող հարուցվել, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է կատարողական թերթ տված դատարանի որոշումը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Մինչդեռ սույն վարչական գործով վեճի առարկա է արդեն իսկ հարուցված և ավարտված կատարողական վարույթի վերսկսման իրավաչափությունը, այսինքն՝ ոչ թե իրավահարաբերության տարրերի առկայության կամ բացակայության փաստի ամրագրումը, այլ հարկադիր կատարողի կոնկրետ գործողության իրավաչափությունը: Հետևաբար կատարողական վարույթում իրավահարաբերության առկայության կամ բացակայության փաստը ճանաչելու հայցատեսակի կիրառման դեպքում խախտված իրավունքի վերականգման համար պետք է բացառվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված մյուս հայցատեսակների կիրառման հնարավորությունը, մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործով կատարողական վարույթի վերսկսման իրավահարաբերության նկատմամբ կիրառելի էր համարել վիճարկման հայցատեսակը։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/1939/05/16 վարչական գործով 23.07.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

23.07.2021 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հուլիսի 23-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անուշ Պողոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայության)՝ թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Անուշ Պողոսյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության 22.01.2016 թվականի թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները։

Անուշ Պողոսյանը 24.01.2017 թվականին կայացած դատական նիստում ներկայացրել է հայցի առարկայի փոփոխություն՝ խնդրելով ճանաչել Ծառայության թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 18.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2018 թվականի որոշմամբ Ծառայության բողոքը մերժվել է, և Դատարանի 18.05.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, 28-րդ հոդվածի 1-ին մասը, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետը և 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, 42-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածը, 51-րդ հոդվածի 1-ին մասը, 78-80-րդ և 83-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հարկադիր կատարողը, պարտավոր էր սահմանված ժամկետում քննել և ընթացք տալ դիմումներին, բողոքներին և առաջարկություններին: Սույն գործով պահանջատերը ներկայացրել է մի քանի դիմում՝ խնդրելով ստուգել արդյոք պարտապանն օգտագործում է վերը նշված գույքերը: Տվյալ դեպքում հարկադիր կատարողը պարտավոր էր վերսկսել կատարողական վարույթը և կատարել համապատասխան գործողություններ: Իսկ ավարտված կատարողական վարույթի շրջանակներում որևէ կատարողական գործողություն կատարելու լիազորություն հարկադիր կատարողը չունի:

Դատարանը, պարտապանին համարելով շահագրգիռ անձ, վճռում չի նշել, թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված որ պայմանն է տվյալ դեպքում առկա, մասնավորապես, կատարողական վարույթը վերսկսելու մասին որոշման կայացման դեպքում ՝

- նրա որ իրավունքները կամ ազատություններն են խախտվել կամ կարող են անմիջականորեն խախտվել,

- նրա որ իրավունքների կամ ազատությունների իրականացման համար են խոչընդոտներ հարուցվել,

- նրա որ իրավունքների իրականացման համար չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ,

- ինչպիսի ոչ իրավաչափ պարտավորություն է դրվել նրա վրա,

- ինչպիսի վարչական պատասխանատվության է նա ոչ իրավաչափորեն ենթարկվել:

 Դատարանը միայն նշել է, որ պարտապանի կողմից կատարողական գործողություններին չմասնակցելու, ինչպես նաև մուտքի դուռը չբացելու համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որով արդեն իսկ խախտվել են պարտապանի իրավունքները և վերջինիս վրա դրվել են անհիմն պարտականություններ: Ստացվում է, որ Դատարանն արդեն իսկ իր կողմից ընդունել է այն փաստը, որ պարտապանի կողմից չեն կատարվել հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումները, որով խախտվել է նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կատարողական վարույթը վերսկսվել է՝ պարզելու պարտապանի կողմից կատարողական թերթի պահանջների խախտման հանգամանքը, հակառակ պարագայում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու գործառույթը կդառնար առարկայազուրկ: Հարկադիր կատարողի գործողություններն ուղղված են եղել արդեն իսկ կիրառված հայցի ապահովման շրջանակներում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված պարտականությունների կատարումն ապահովելուն:

Դատարանը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը, իրենց դատական ակտերի հիմքում դրել են այն հանգամանքը, որ Ծառայությանն օրենքով վերապահված չէ ավարտված կատարողական վարույթն անձի դիմումի հիման վրա վերսկսելու իրավասություն՝ ուշադրություն չդարձնելով, թե ի վերջո այդ վերսկսելն ինչ նպատակ է հետապնդում:

Վարչական մարմինը պարտավոր է հետևել օրենքների պահանջներին և գործողությունները կազմակերպել օրենսդրությամբ սահմանված իրավասությունների սահմաններում: Հարկադիր կատարողի համար կատարողական գործողությունների հիմքը դատարանի կողմից տրված կատարողական թերթն է, որի հիման վրա հարուցվում է կատարողական վարույթ, և իրականացվում են օրենսդրությամբ նախատեսված կատարողական գործողություններ կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ընդ որում կատարողական գործողությունների եղանակները կախված են համապատասխան կատարողական թերթի պահանջներից, ավելին, կատարողական գործողություններն իրենց մեջ ներառում են նաև համապատասխան կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու նպատակով արդեն իսկ հարկադիր կատարողի կողմից ձեռնարկված միջոցների, կայացված որոշումների, ինչպես նաև որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու վերաբերյալ որոշումների կատարման վերաբերյալ ստուգումը, հսկողությունը, քանզի վերջին հաշվով, կատարողական գործողությունների ամբողջական նպատակը՝ կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելն է:

Վերաքննիչ դատարանը փաստել է՝ ավարտված կատարողական վարույթները 22.01.2018 թվականի որոշումներով չէին կարող վերսկսվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 39-ր հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, քանի որ այդ հիմքերը վերաբերում են կասեցված կատարողական վարույթները վերսկսելուն, ինչպես նաև այն պատճառաբանությամբ, որ 21.01.2018 թվականին, մինչև վերսկսելու մասին որոշումները կայացնելը, հարկադիր կատարողն արդեն իսկ կատարել է պահանջատիրոջ նշված դիմումով արծարծված փաստերը ստուգելու անհրաժեշտ գործողությունը, հետևաբար և վարույթները վերսկսելու անհրաժեշտությունը բացակայում էր: Սակայն Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 22.01.2018 թվականի կատարողական վարույթները վերսկսելու մասին որոշումներն ինքնին նպատակ են հետապնդել կատարողական գործողություններ ծավալել, մասնավորապես՝ ստուգել կատարողական թերթի պահանջների կատարված լինելը, այդ պահանջների խախտված լինելը և այլն: Ավելին, կատարողական գործողությունների ընթացքը հենց փաստում է այդ ամենի մասին, քանզի Ծառայության կողմից ձեռնարկվել են միջոցներ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով՝ կատարողական թերթի պահանջները չկատարելու համար: Մինչ այդ, Ծառայությունը՝ որպես վարչական մարմին, պարտավոր է պահանջատիրոջ կողմից ներկայացված փաստական տեղեկությունները ստուգել, դա պայմանավորված է նաև կատարողական թերթի կատարման էությամբ, իսկ վարչական մարմինը չի կարող այլ կերպ իրականացնել իր կատարողական գործողությունները, քան ընթացիկ կատարողական վարույթ ունենալու պարագայում, ուստի կայացրել է որոշումներ վարույթները վերսկսելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

 1. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/3721/02/15 գործով 04.09.2015 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` Արմեն Մկրտչյանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին` բավարարվել է մասնակի։

Որպես հայցի ապահովման միջոց հայցագնի` 5.582.000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանող Անուշ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա։

Որպես հայցի ապահովման միջոց արգելանք է դրվել նաև Արմեն Մկրտչյանի կողմից 01.08.2015 թվականին կազմված` «վարձատու Անուշ Պարգևի Պողոսյանին պատկանող` Երևան քաղաքի, Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124-րդ բնակարանի համար իր` վարձակալ Արմեն Միշայի Մկրտչյանի կողմից գնված ապրանքա-նյութական արժեքների ցանկը և արժեքը» վերնագրով ցուցակի 2-րդ և 7-րդ սյունակում ըստ արժեքների նշված ընդհանուր 558.600 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վրա (թվարկված են գույքերը) և արգելվել է պատասխանող Անուշ Պողոսյանին՝ նշված կահույքի և իրերի նկատմամբ որևէ գործողություն կատարելը, այդ թվում` օգտագործելը, տեղափոխություններ կատարելը, և/կամ այնպիսի գործողությունների կատարումը, որը կհանգեցնի նշված գույքի մաշվածության, կոմպլեկտայնության կամ արտաքին տեսքի փոփոխության (վնասման)։

Կատարողական թերթում նշվել է, որ որոշումն ուժի մեջ է մտել 04.09.2015 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 23):

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի 17.09.2015 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին» որոշման համաձայն` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/3721/02/15 գործով 04.09.2015 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01389446 կատարողական վարույթ և հայցի ապահովման նպատակով հայցագնի` 5.582.000 ՀՀ դրամի չափով` արգելանք է դրվել պատասխանող Անուշ Պողոսյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 3-րդ, գ.թ. 24):

3. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/3721/02/15 գործով 24.09.2015 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` Արմեն Մկրտչյանի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, բավարարվել է։

Որպես հայցի ապահովման միջոց՝ արգելանք է դրվել պատասխանող Անուշ Պողոսյանի ապօրինի տիրապետման տակ` Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124-րդ բնակարանում գտնվող և հայցվոր Արմեն Մկրտչյանին պատկանող ընդհանուր 6.210.000 ՀՀ դրամի իրերի վրա (թվարկված են իրերը), ինչպես նաև արգելվել է պատասխանող Անուշ Պողոսյանին՝ նշված իրերի նկատմամբ որևէ գործողություն կատարելը, այդ թվում` օգտագործելը, տեղափոխություններ կատարելը, և/կամ այնպիսի գործողությունների կատարումը, որը կհանգեցնի նշված իրերի մաշվածության, կոմպլեկտայնության կամ արտաքին տեսքի փոփոխության (վնասման Կատարողական թերթում նշվել է, որ որոշումն ուժի մեջ է մտել 24.09.2015 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 45):

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» և «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» 06.10.2015 թվականի որոշումների համաձայն` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/3721/02/15 գործով 24.09.2015 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01436022 կատարողական վարույթ և արգելանք է դրվել Անուշ Պողոսյանի ապօրինի տիրապետման տակ` Երևան քաղաքի, Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124-րդ բնակարանում գտնվող և հայցվոր Արմեն Մկրտչյանին պատկանող ընդհանուր 6.210.000 ՀՀ դրամի իրերի վրա (թվարկված են իրերը), ինչպես նաև արգելվել է պատասխանող Անուշ Պողոսյանին՝ նշված իրերի նկատմամբ որևէ գործողություն կատարելը, այդ թվում` օգտագործելը, տեղափոխություններ կատարելը, և/կամ այնպիսի գործողություններ կատարելը, որը կհանգեցնի նշված իրերի մաշվածության, կոմպլեկտայնության կամ արտաքին տեսքի փոփոխության (վնասման) (հատոր 3-րդ, գ.թ. 46-47, 49-50):

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի 30.11.2015 թվականի որոշումների համաձայն` թիվ ԵԱՆԴ/3721/02/15 կատարողական թերթի պահանջը կատարելու վերաբերյալ 17.09.2015 թվականին հարուցված թիվ 01389446 և 06.10.2015 թվականին հարուցված թիվ 01436022 կատարողական վարույթներն ավարտվել են` հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթերի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողություններն ավարտված լինելու հիմքով (հատոր 3-րդ, գ.թ. 33, 51):

6. «Հասցե այցելելու մասին» 25.01.2016 թվականի արձանագրության համաձայն` հարկադիր կատարողը ձեռնարկել է պահանջատիրոջ կողմից տրված հայտարարությամբ նշված հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի տեղակալի, հարկադիր կատարողներ Մ. Կոգանյանի և Էդ. Եղիազարյանի հետ այցելել է Երևան քաղաքի Արգիշտի փողոց, թիվ 11/4 շենք, 124-րդ բնակարան` ստուգելու համար 27.11.2015 թվականին կազմված արձանագրության իրերն օգտագործվել են, թե` ոչ (հատոր 3-րդ, գ.թ. 60):

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 22.01.2016 թվականի որոշումների համաձայն` հիմք ընդունելով պահանջատեր Արմեն Մկրտչյանի 15.01.2016 թվականի դիմումը, 30.11.2015 թվականին ավարտված թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսվել են` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի հիմքով (հատոր 3-րդ, գ.թ. 38, 52):

8. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի «Որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին» 23.02.2016 թվականի որոշման համաձայն` որոշվել է պարտադրել պարտապան Անուշ Պողոսյանին 10.03.2016 թվականին, ժամը` 15:00-ին, ներկա գտնվել հարկադիր կատարողի կողմից Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124-րդ բնակարանում իրականացվող կատարողական գործողություններին, ինչպես նաև պարտադրել նշված հասցեում գտնվող բնակարանի մուտքի դուռը բացելուն (հատոր 3-րդ, գ.թ. 53-54):

9. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ուղղված «Բնակարան մուտք գործելու թույլտվություն ստանալու մասին» դիմումի համաձայն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանը խնդրել է իր վարույթում գտնվող 17.09.2015 թվականի թիվ 01389446 և 06.10.2015 թվականի թիվ 01436022 կատարողական վարույթների շրջանակներում թույլատրել մուտք գործել պարտապան Անուշ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124-րդ բնակարան` համապատասխան կատարողական գործողություններ կատարելու համար (հատոր 3-րդ, գ.թ. 55-58):

10. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.12.2016 թվականի թիվ ԴԴ-17Ե-61763 գրության համաձայն` Անուշ Պողոսյանը հրավիրվել է 01.02.2017 թվականին, ժամը` 16:30-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի կողմից 15.12.2016 թվականին դատարան ներկայացված` «Բնակարան մուտք գործելու թույլտվություն ստանալու միջնորդության մասին» դիմումի քննարկմանը (հատոր 3-րդ, գ.թ. 105)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` էական նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադիր կատարողի կողմից կատարողական գործողությունների իրականացման ընթացքում ծագած իրավահարաբերությունների գնահատման որոշ հարցերի:

 

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, սահմանել է նաև հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան։

Թիվ ՎԴ/3804/05/15 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, թե հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթում կայացված որոշումները վարչական ակտ դիտելու համար դրանք ինչ բնութագրեր պետք է ունենան, իսկ այդպիսիք չլինելու դեպքում օրենքով նախատեսված ինչ հայցատեսակներով ինչպիսի պահանջներ կարող են ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Այս համատեքստում սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն է ստանում վարչական իրավահարաբերության բովանդակության պարզումը: Այս առումով չքննարկելով իրավահարաբերության սուբյեկտային կազմը, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչ իրավական նորմերի կարգավորման տիրույթում է գտնվում այդ իրավահարաբերությունը և արդյոք առկա է կարգավորման ենթակա հասարակական իրավահարաբերություն:

Ընդհանուր առմամբ իրավահարաբերության բովանդակությունն իրավահարաբերության մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների ու պարտականությունների ամբողջությունն է, որի շրջանակը որոշվում է իրավահարաբերությունում սուբյեկտիվ իրավունքներ ու պարտականություններ կրող մասնակից սուբյեկտով և իրավահարաբերության օբյեկտով` որին ուղղված են սուբյեկտիվ իրավունքներն ու պարտականությունները:

Սույն վարչական գործով հայցվորը պահանջել է ճանաչել կատարողական գործողություները վերսկսելու իրավահարաբերության բացակայության փաստը` հայցապահանջի իրավական հիմքում դնելով հարկադիր կատարողի կողմից օրենքի սխալ կիրառման հանգամանքը:

Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ հաշվի առնելով այն փաստը, որ Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի` «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 22.01.2016 թվականի որոշումներով 30.11.2015 թվականին ավարտված թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու ուժով հայցվորի համար` որպես տվյալ իրավահարաբերությունում կողմ, ծագել են որոշակի գործողություններ կատարելու պարտականություններ, այն է` ներկա գտնվել հարկադիր կատարողի կողմից Երևան քաղաքի Արգիշտի փողոցի, թիվ 11/4 շենքի, 124-րդ բնակարանում իրականացվող կատարողական գործողություններին և բացել նշված հասցեում գտնվող բնակարանի մուտքի դուռը, իսկ այդ պահանջը չկատարելու համար կազմվել է նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, մինչդեռ, վերոնշյալ հիմնավորումներով, այդ կատարողական վարույթների վերսկսման իրավահարաբերությունները բացակայել են, հետևաբար` Դատարանը գտել է, որ կատարողական վարույթների վերսկսմամբ խախտվել են հայցվորի իրավունքները, այդ թվում նաև՝ վերջինիս համար սահմանվել են պարտավորություններ, ուստի Դատարանը գտել է, որ Անուշ Պողոսյանը սույն գործով հանդիսանում է շահագրգիռ անձ։

Վերաքննիչ դատարանը մերժելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելով՝ պատճառաբանել է, որ ավարտված կատարողական վարույթի վերսկսման սպառիչ հիմքերի վերաբերյալ վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների պայմաններում բացակայել է վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ավարտված թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու համապատասխան իրավական հիմքը՝ մասնավորապես, ինչպես նաև բացակայել է թիվ 01389446 և թիվ 01436022 ավարտված կատարողական վարույթները կասեցված կատարողական վարույթի վերսկսման կանոններով վերսկսելու հիմքը՝ ընդհանրապես: Հետևաբար 22.01.2016 թվականի որոշումները կայացվել են թիվ 01389446 և թիվ 01436022 ավարտված կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերության բացակայության պայմաններում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև անդրադառնալ թիվ ՎԴ/3804/05/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման կիրառելիությանը` սույն գործի փաստական հանգամանքների վերաբերյալ: Նշված գործով ներկայացված հայցապահանջի հիմքում դրված է եղել հանրային դրամական պահանջի հիմքում դրած վարչական ակտի ուժի մեջ մտնելու, անբողոքարկելի դառնալու անվիճելի փաստի հիման վրա հարկադիր կատարման իրավահարաբերության ծագած լինելու հարցը: Այսինքն նշված գործով Վճռաբեկ դատարանի իրավական դիտարկման և վերլուծության առարկան եղել է հարկադիր կատարման համար անհրաժեշտ վավերապայմանների բացակայության պայմաններում հարուցված կատարողական վարույթի առկայությունը, մինչդեռ սույն գործով հայցապահանջի իրավական հիմքում դրված է այն հանգամանքը, որ Ծառայության կողմից պարտապանի նկատմամբ կիրառվել է սխալ օրենք:

Պետք է նշել, որ քննարկվող դեպքում իրավահարաբերությունը վարույթային է իր բնույթով: Այսինքն իրավահարաբերության սուբյեկտներ կարող են լինել տվյալ վարույթի մասնակիցները, որոնց սուբյեկտիվ իրավունքներն ու պարտականությունները պետք է ուղղվեն այդ իրավահարաբերության օբյեկտին:

Այն պարագայում, երբ առկա է հարկադիր կատարողի կատարողական վարույթը վերսկսելու մասին որոշում և դրան հաջորդել են կատարողական վարույթի այլ գործողություններ, ապա խախտված իրավունքների վերականգնման համար վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակի ընտրության համար առաջնահերթ է դառնում որոշել, թե կատարողական վարույթում նախատեսված ինչ գործողությամբ կամ անգործությամբ է խախտվել վարույթի մասնակցի իրավունքը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ կատարողական վարույթի վերսկսման համար առիթ է հանդիսացել վարույթի մասնակից պարտատիրոջ դիմումը պարտապանի կողմից կատարողական թերթի պահանջները խախտելու մասին: Կատարողական վարույթի պարտատիրոջ դիմումի պահանջն ըստ էության ուղղված է հայցի ապահովման միջոցի մասին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման պահանջների կատարման խախտումների վերացմանը և այդ կապակցությամբ հարկադիր կատարողն օրենքով սահմանված կարգով դիմել է Անուշ Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ հայցվորի իրավունքի ենթադրյալ խախտումը կապված է ոչ թե կատարողական վարույթի վերսկսման իրավահարաբերության առկայության կամ բացակայության հետ, այլ կատարողական թերթի պահանջները խախտելու փաստի առկայությունը որոշելու և պարտապանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարկադիր կատարողի գործողությունների հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը պետք է պարզեր և ի պաշտոնե համապատասխան իրավական գնահատական տար հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթի պահանջները խախտելու փաստի առկայությունը որոշելու գործողությունների իրավաչափությունը:

Ինչ վերաբերում է թիվ ՎԴ/3804/05/15 և թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, ապա դրանք սույն գործով կիրառելի չեն, քանի որ թիվ ՎԴ/3804/05/15 գործով փաստական հանգամանքներն այլ են և վերաբերում են հանրային դրամական պահանջներով անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հարկադիր կատարմանը` մասնավորապես հարկադիր կատարման ներկայացված վարչական ակտի հիման վրա կատարողական վարույթի հարուցմանը, այն պայմաններում, երբ բացակայում է հանրային դրամական պահանջով վարչական ակտի կատարման իրավական հնարավորությունը, այսինքն բացակայում էր բուն իրավահարաբերությունը և ոչ թե օրենքի սխալ կիրառումը։ Իսկ թիվ ՎԴ/0794/05/14 գործով Անահիտ Սարգսյանը վիճարկում է Ծառայության 29.10.2013 թվականի և 10.03.2014 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշումները։ Նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կրկին կատարման ներկայացրած կատարողական թերթի հիման վրա կարող է նոր կատարողական վարույթ հարուցվել, եթե կատարողական թերթը կրկին կատարման է ներկայացվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կրկին կատարման ներկայացված կատարողական թերթի հիման վրա նոր կատարողական վարույթ չի կարող հարուցվել, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է կատարողական թերթ տված դատարանի որոշումը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Մինչդեռ սույն վարչական գործով վեճի առարկա է արդեն իսկ հարուցված և ավարտված կատարողական վարույթի վերսկսման իրավաչափությունը, այսինքն՝ ոչ թե իրավահարաբերության տարրերի առկայության կամ բացակայության փաստի ամրագրումը, այլ հարկադիր կատարողի կոնկրետ գործողության իրավաչափությունը: Հետևաբար կատարողական վարույթում իրավահարաբերության առկայության կամ բացակայության փաստը ճանաչելու հայցատեսակի կիրառման դեպքում խախտված իրավունքի վերականգման համար պետք է բացառվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված մյուս հայցատեսակների կիրառման հնարավորությունը, մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործով կատարողական վարույթի վերսկսման իրավահարաբերության նկատմամբ կիրառելի էր համարել վիճարկման հայցատեսակը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում նշվում են նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որը, ըստ բողոք բերող անձի, հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար:

Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքում որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքեր նշվել են ինչպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այնպես էլ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ պայմանավորված բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու հետ:

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, որպիսի ձևակերպումից բխում է, որ վճռաբեկ բողոքում նշված՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի առկայության մասին հիմնավորումները Վճռաբեկ դատարանը բավարար չի համարել վճռաբեկ բողոքն այդ հիմքով վարույթ ընդունելու համար:

Հիմք ընդունելով այն, թե Վճռաբեկ դատարանն ինչ հիմքով է պայմանավորել սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը՝ հաշվի առնելով ներկայացված վճռաբեկ բողոքի բովանդակությունը, անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմնավոր համարելու համար:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ։

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշման՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ դեպքում առկա լինի առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որում միևնույն նորմը կիրառված լինի կամ կիրառված չլինի հակասող մեկնաբանությամբ:

Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի որոշման մեջ բացակայում է Վճռաբեկ դատարանի ինչպես վերլուծությունը, այնպես էլ՝ եզրահանգումն այն մասին, որ վճռաբեկ բողոքում նշված այլ գործերով ստորադաս դատարանի (դատարանների)՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում (ակտերում) համապատասխան նորմը կիրառվել է կամ չի կիրառվել սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտում նույն նորմին տրված հակասող մեկնաբանությամբ: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը բողոքը չի քննել վերը նշված հիմքի սահմաններում և դրա քննության արդյունքում հաստատված չի համարել բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը:

Ավելին՝ Վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված որոշման մեջ նշել է, որ «վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված նույն օրենսգրքի 151-րդ և 152-րդ հոդվածներով սահմանված դեպքերում։

 Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է դատական սխալի հիմքով՝ Վերաքննիչ դատարանին վերագրելով դատավարական իրավունքի նորմերի խախտում կամ սխալ կիրառում:

Կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելով միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Վերաքննիչ դատարանի դատական ակտը չէր կարող բեկանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով, քանի որ, կարծում եմ, որ այդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար անհրաժեշտ էր ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված հիմքով վարույթ ընդունված բողոք: Մինչդեռ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը տվյալ դեպքում պայմանավորել է բացառապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի դեպքում, կարծում եմ, պետք է եզրահանգում աներ բացառապես այդ հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ:

 Վերը նշվածի հիման վրա հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի հետևության վերաբերյալ այն մասին, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու, և գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

23.07.2021 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/1939/05/16 վարչական գործով 23.07.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 23.07.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անուշ Պողոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայության)՝ թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան, Անուշ Պողոսյան պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության 22.01.2016 թվականի թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները։

Անուշ Պողոսյանը 24.01.2017 թվականին կայացած դատական նիստում ներկայացրել է հայցի առարկայի փոփոխություն՝ խնդրելով ճանաչել Ծառայության թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի` «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» 22.01.2016 թվականի որոշումներով 30.11.2015 թվականին ավարտված թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու ուժով հայցվորի համար` որպես տվյալ իրավահարաբերությունում կողմ, ծագել են որոշակի գործողություններ կատարելու պարտականություններ, այն է` ներկա գտնվել հարկադիր կատարողի կողմից Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124-րդ բնակարանում իրականացվող կատարողական գործողություններին և բացել նշված հասցեում գտնվող բնակարանի մուտքի դուռը, իսկ այդ պահանջը չկատարելու համար կազմվել է նաև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, մինչդեռ, վերոնշյալ հիմնավորումներով, այդ կատարողական վարույթների վերսկսման իրավահարաբերությունները բացակայել են, հետևաբար Դատարանը գտել է, որ կատարողական վարույթների վերսկսմամբ խախտվել են հայցվորի իրավունքները, այդ թվում նաև՝ վերջինիս համար սահմանվել են պարտավորություններ, ուստի Դատարանը գտել է, որ Անուշ Պողոսյանը սույն գործով հանդիսանում է շահագրգիռ անձ։

Վերաքննիչ դատարանը 29.10.2018 թվականի որոշմամբ մերժել է Ծառայության բողոքը և Դատարանի 18.05.2017 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ ավարտված կատարողական վարույթի վերսկսման սպառիչ հիմքերի վերաբերյալ վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների պայմաններում բացակայել է վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ավարտված թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու համապատասխան իրավական հիմքը՝ մասնավորապես, ինչպես նաև բացակայել է թիվ 01389446 և թիվ 01436022 ավարտված կատարողական վարույթները կասեցված կատարողական վարույթի վերսկսման կանոններով վերսկսելու հիմքը՝ ընդհանրապես: Հետևաբար 22.01.2016 թվականի որոշումները կայացվել են թիվ 01389446 և թիվ 01436022 ավարտված կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերության բացակայության պայմաններում:

Վճռաբեկ դատարանը, սակայն, գտել է, որ «(...) քննարկվող դեպքում իրավահարաբերությունը վարույթային է իր բնույթով: Այսինքն իրավահարաբերության սուբյեկտներ կարող են լինել տվյալ վարույթի մասնակիցները, որոնց սուբյեկտիվ իրավունքներն ու պարտականությունները պետք է ուղղվեն այդ իրավահարաբերության օբյեկտին:

Այն պարագայում, երբ առկա է հարկադիր կատարողի կատարողական վարույթը վերսկսելու մասին որոշում և դրան հաջորդել են կատարողական վարույթի այլ գործողություններ, ապա խախտված իրավունքների վերականգնման համար վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակի ընտրության համար առաջնահերթ է դառնում որոշել, թե կատարողական վարույթում նախատեսված ինչ գործողությամբ կամ անգործությամբ է խախտվել վարույթի մասնակցի իրավունքը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ կատարողական վարույթի վերսկսման համար առիթ է հանդիսացել վարույթի մասնակից պարտատիրոջ դիմումը պարտապանի կողմից կատարողական թերթի պահանջները խախտելու մասին: Կատարողական վարույթի պարտատիրոջ դիմումի պահանջն ըստ էության ուղղված է հայցի ապահովման միջոցի մասին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման պահանջների կատարման խախտումների վերացմանը և այդ կապակցությամբ հարկադիր կատարողն օրենքով սահմանված կարգով դիմել է Անուշ Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

(...) հայցվորի իրավունքի ենթադրյալ խախտումը կապված է ոչ թե կատարողական վարույթի վերսկսման իրավահարաբերության առկայության կամ բացակայության հետ, այլ կատարողական թերթի պահանջները խախտելու փաստի առկայությունը որոշելու և պարտապանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարկադիր կատարողի գործողությունների հետ:

(...) Դատարանը պետք է պարզեր և ի պաշտոնե համապատասխան իրավական գնահատական տար հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթի պահանջները խախտելու փաստի առկայությունը որոշելու գործողությունների իրավաչափությունը:

Ինչ վերաբերում է թիվ ՎԴ/3804/05/15 և թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, ապա դրանք սույն գործով կիրառելի չեն, քանի որ թիվ ՎԴ/3804/05/15 գործով փաստական հանգամանքներն այլ են և վերաբերում են հանրային դրամական պահանջներով անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հարկադիր կատարմանը` մասնավորապես հարկադիր կատարման ներկայացված վարչական ակտի հիման վրա կատարողական վարույթի հարուցմանը, այն պայմաններում, երբ բացակայում է հանրային դրամական պահանջով վարչական ակտի կատարման իրավական հնարավորությունը, այսինքն բացակայում էր բուն իրավահարաբերությունը և ոչ թե օրենքի սխալ կիրառումը։ Իսկ թիվ ՎԴ/0794/05/14 գործով Անահիտ Սարգսյանը վիճարկում է Ծառայության 29.10.2013 թվականի և 10.03.2014 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշումները։ Նշված գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու հիմքով կատարողական վարույթն ավարտվելու դեպքում կրկին կատարման ներկայացրած կատարողական թերթի հիման վրա կարող է նոր կատարողական վարույթ հարուցվել, եթե կատարողական թերթը կրկին կատարման է ներկայացվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կրկին կատարման ներկայացված կատարողական թերթի հիման վրա նոր կատարողական վարույթ չի կարող հարուցվել, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է կատարողական թերթ տված դատարանի որոշումը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Մինչդեռ սույն վարչական գործով վեճի առարկա է արդեն իսկ հարուցված և ավարտված կատարողական վարույթի վերսկսման իրավաչափությունը, այսինքն՝ ոչ թե իրավահարաբերության տարրերի առկայության կամ բացակայության փաստի ամրագրումը, այլ հարկադիր կատարողի կոնկրետ գործողության իրավաչափությունը: Հետևաբար կատարողական վարույթում իրավահարաբերության առկայության կամ բացակայության փաստը ճանաչելու հայցատեսակի կիրառման դեպքում խախտված իրավունքի վերականգման համար պետք է բացառվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված մյուս հայցատեսակների կիրառման հնարավորությունը, մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործով կատարողական վարույթի վերսկսման իրավահարաբերության նկատմամբ կիրառելի էր համարել վիճարկման հայցատեսակը (տե՛ս Վճռաբեկ դատարանի որոշման 8-9-րդ էջերը):

 

Նախ՝ գտնում եմ, որ վերոգրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը որևէ գնահատական չի տվել ավարտված կատարողական վարույթի վերսկսման սպառիչ հիմքերի վերաբերյալ վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների պայմաններում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ավարտված թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու համապատասխան իրավական հիմքի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին:

 

Երկրորդ՝ համակարծիք չեմ թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը սույն գործով կիրառելի չլինելու Վճռաբեկ դատարանի դիրքորոշման հետ:

Ընդ որում հարկ եմ համարում ընդգծել, որ թեև բողոք բերող անձը վճռաբեկ բողոքում չի վկայակոչել թիվ ՎԴ/3804/05/15 և թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները՝ անդրադառնալով դրանցով արտահայտած իրավական դիրքորոշումների սույն գործով կիրառելիության հարցին, այդուհանդերձ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանն այնուամենայնիվ անդրադարձել է դրանց՝ համարելով կիրառման ոչ ենթակա, ներկայացնում եմ իմ դիրքորոշումը նշված որոշումներից միայն մեկի առնչությամբ, քանի որ գտնում եմ, որ այդ որոշմամբ արտահայտված դիրքորոշումները սույն գործով կիրառելի են:

Այսպես.

Վկայակոչված թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործով վիճարկման հայցի առարկան են հանդիսացել «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումները։ Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշումները դիտարկել է որպես վարչական ակտեր՝ թույլատրելի համարելով վիճարկման հայցի շրջանակներում դրանց իրավաչափության գնահատումը և դատական վերահսկողության ենթարկելով այդ որոշումների օրենքին համապատասխանությունը:

Այսինքն՝ թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը, ըստ էության, հանգել է նրան, որ «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումները վարչական ակտեր են:

 

Երրորդ՝ հաշվի առնելով վերոգրյալը, գտնում եմ, որ տվյալ դեպքում առկա է եղել (առկա է) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի քննությունը բացառող հանգամանք, ըստ այդմ նաև վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով գործի վարույթը կարճելու հիմք:

ԱյսպեսՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է այս կամ այն գործի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու կամ չլինելու հարցի հետ, (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ անձը կարող է իրացնել դատարանի մատչելիության իր իրավունքը միայն այն դեպքում, երբ դատարանի առջև վերջինիս բարձրացրած հարցը (որպես կանոն՝ իրավունքի մասին վեճը) ենթակա է քննության և լուծման դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանել է, որ դատարանը պարտավոր է մերժել հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության (տե՛ս, Լուսակերտ Սարգսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/7047/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը որդեգրել է այն կառուցակարգը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «հայցը ենթակա չէ դատարանում քննության» արտահայտությունը և նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված՝ «վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության» արտահայտությունն ունեն միևնույն նշանակությունը, որը հանգում է հետևյալին. վարչական դատարանում գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված գործի վարույթը ենթակա է կարճման, եթե այդ գործի հիմքում ընկած վեճը (հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը, հայցադիմումով դատարանի առջև բարձրացված հարցը) ենթակա չէ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին ատյանի որևէ (ինչպես ընդհանուր իրավասության, այնպես էլ մասնագիտացված) դատարանում քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ անձի կողմից դատարանի առջև բարձրացված հարցի՝ դատարանի քննությանը ենթակա լինելու հանգամանքը հանդիսանում է հայց հարուցելու իրավունքի ընդհանուր դրական նախադրյալ, որի առկայության դեպքում միայն անձն իրավունք ունի իր սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության խնդրանքով դիմել դատարան: Հակառակ դեպքում, այսինքն՝ գործը դատարանին ենթակա չլինելու դեպքում, անձն իրավունք չունի հայց հարուցել դատարանում, և դատարանը պարտավոր է վարույթ չընդունել ներկայացված հայցադիմումը (տե՛ս, «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ թիվ ՎԴ/0998/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Վերոգրյալի համատեքստում հարկ եմ համարում ընդգծել, որ օրենսդիրը, դատարանի մատչելիության իրավունքի իրացման ապահովման նպատակով, սահմանել է դատավարական համապատասխան կանոններ, որոնց կիրառմամբ դատարաններն իրավասու են քննել և լուծել իրենց դատին հանձնված վեճերը: Ըստ այդմ՝ դատական պաշտպանություն հայցող անձը պետք է իր իրավունքն իրացնի համապատասխան դատավարական կանոնների հաշվառմամբ:

Այսպես.

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները), ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի    69-րդ հոդվածով նախատեսված ճանաչման հայցը, որի 1-ին մասով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան։

Այսպիսով, օրենսդիրը սահմանել է դատական պաշտպանության դիմելու այն թույլատրելի հայցատեսակները, որոնց միջոցով անձինք կարող են վարչադատավարական կարգով հայցել իրենց ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնում:

Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից ակնհայտ է, որ օրենսդիրը սահմանել է նշված իրավանորմով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու արգելք՝ այդ հայցատեսակով ճանաչման հայցը համարելով թույլատրելի միայն այն դեպքում, եթե չի կարող հայց ներկայացվել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան։

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու մասին հայցապահանջը ենթակա է քննության ՀՀ վարչական դատարանում միայն այն դեպքում, երբ բացառվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան հայց ներկայացնելու օբյեկտիվ հնարավորությունը: Այլ կերպ ասած, եթե անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայցապահանջների ներկայացմամբ, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցը, որպես անթույլատրելի, ենթակա չէ ՀՀ վարչական դատարանի քննությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Սույն գործով ներկայացված հայցադիմումով Անուշ Պողոսյանը նախ պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության 22.01.2016 թվականի թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները, այնուհետև 24.01.2017 թվականին կայացած դատական նիստում փոփոխել է հայցի առարկան՝ խնդրելով ճանաչել Ծառայության թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը։

Հաշվի առնելով թիվ ՎԴ/0794/05/14 վարչական գործով «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշումների, որպես վարչական ակտերի, վիճարկման հայցի առարկա հանդիսանալու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը, գտնում եմ, որ տվյալ դեպքում հայցվորի իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումը վերացնելու նպատակով դատական պաշտպանության դիմելու թույլատրելի հայցատեսակը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցն է, որով հայցվորը կարող է պահպանել վերացնել Ծառայության թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու մասին որոշումները, ինչն ինքնին բացառում է նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու հնարավորությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության.

(․․․)

9) եթե բացահայտվել են սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.

(․․․):

Սույն գործով ներկայացվել է անթույլատրելի կամ որ նույնն է՝ դատարանի քննությանը ոչ ենթակա հայց: Մասնավորապես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված արգելքի, այն է՝ վիճարկման հայց ներկայացնելու հնարավորության պարագայում քննվել է ճանաչման հայց, որպիսի պահանջ պարունակելու դեպքում Անուշ Պողոսյանի հայցադիմումի ընդունումը ենթակա կլիներ մերժման, իսկ վարույթ ընդունելու պարագայում սույն գործի վարույթը ենթակա է կարճման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, ներառյալ՝ այնպիսի դատավորի կողմից, որը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.

2) դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) դատական ակտը ստորագրված և կնքված չէ.

4) դատական ակտը ստորագրված և կնքված չէ այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից.

5) դատական ակտը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.

6) գործից բացակայում է դատական նիստի կամ առանձին դատավարական գործողության կատարման արձանագրությունը.

7) գործը քննվել է ընդդատության կանոնների խախտմամբ.

8) դատական ակտը շոշափում է դատավարության մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները.

9) առկա են սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված` գործի վարույթը կարճելու հիմքերը:

Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով կարճել գործի վարույթը։

Միևնույն ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի   168-րդ հոդվածով նախատեսված՝ բողոքարկվող դատական ակտը վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում վերանայելու կանոնին՝ հարկ եմ համարում արձանագրել, որ այն չի կարող մեկնաբանվել այնպես, որ ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է կաշկանդված լինի վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բոլոր դեպքերում: Նման մեկնաբանության պարագայում ՀՀ վճռաբեկ դատարանը ստիպված կլինի ըստ էության անդրադառնալ և գնահատական տալ բողոքարկված դատական ակտում նյութական իրավունքի նորմերի կիրառելիության հիմնավորվածությանը նույնիսկ այն դեպքում, երբ, օրինակ, բողոքարկված դատական ակտը ստորագրված և կնքված չլինի կամ ստորագրված և կնքված չլինի այն կայացրած դատավորի կամ դատավորների կողմից կամ դատական ակտը կայացրած չլինի այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ, կամ գործը քննված լինի ընդդատության կանոնների խախտմամբ:

Ըստ այդմ, գտնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «Դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման» եզրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի   152-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից: Հարկ եմ համարում նշել, որ օրենսդիրը համանման մոտեցում է ցուցաբերել 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում, ուստի գտնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է մեկնաբանվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդրի արտահայտած տրամաբանության համատեքստում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը (…):

Վերոգրյալ իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ դատական ակտը բեկանելու և գործի վարույթը կարճելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորության կիրառումն օրենսդիրը բնավ չի պայմանավորել վճռաբեկ բողոքը բավարարելու հանգամանքով, ինչը ևս, իմ համոզմամբ, խոսում է այն մեկնաբանման օգտին, որ գործի վարույթը կարճման ենթակա լինելու հիմքի առկայությունը հաստատվելու պարագայում՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ սույն գործով անվիճելիորեն առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված՝ գործի վարույթը կարճելու հիմք, այն է՝ բացահայտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք, մասնավորապես՝ տվյալ դեպքում քննություն իրականացնելով Ծառայության թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու պահանջով ինչպես ստորադաս դատարանները, այնպես էլ Վճռաբեկ դատարանը անտեսել են այն հանգամանքը, որ նշված պահանջը, որպես անթույլատրելի ենթակա չէ դատարանի քննությանը, քանի որ Ծառայության թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու մասին որոշումները վիճարկման ենթակա լինելու փաստն ինքնին բացառում է նույն օրենսգրքի    69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու հնարավորությունը:

Նման պայմաններում գտնում եմ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հիմքով և նույն օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանվեր, իսկ գործի վարույթը կարճվեր:

 

Դատավոր`

ռ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: