Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2050/02/17

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2050/02/17

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Տ. Նազարյան

 Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. Հակոբյան
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անահիտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անահիտ Խաչատրյանի ընդդեմ Սոնա Սարգսյանի, Գրիգոր Թրվանդյանի, երրորդ անձինք Լևոն Թրվանդյանի, Մհեր Թրվանդյանի՝ պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Խաչատրյանը պահանջել է Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը ճանաչել վավեր:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 29.04.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2020 թվականի որոշմամբ Անահիտ Խաչատրյան ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 29.04.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Խաչատրյանը (ներկայացուցիչ` Արթուր Քարամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ, 561-563-րդ հոդվածները, 566-րդ և 567-րդ հոդվածների 1-ին և 2-րդ կետերը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ, 302-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ, 53-րդ, 130-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անհիմն հետևություն է արել այն մասին, որ թեև պարտավորագրում առկա են որոշակի նշումներ անշարժ գույքի վաճառքի մասին, այնուհանդերձ այն ստորագրված չէ Անահիտ Խաչատրյանի կողմից, բավարար պայմաններ չի սահմանում անշարժ գույքի առուվաճառքի մասին, նշված չեն անձնագրային տվյալներ, կցված չէ միասնական տեղեկանք գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ, ինչպես նաև պարտավորագիրը չեն ստորագրել գույքի բոլոր համասեփականատերերը, հետևաբար այն չի կարող վավերացվել ոչ նոտարական կարգով, ոչ էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի կարգով: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կողմերի միջև կնքվել է գրավոր գործարք, որի էությունից բխում է, որ պատասխանողը վաճառել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը և ստացել է գումարը, իսկ հայցվորը գնել է նշված գույքը` վճարելով պայմանագրով սահմանված գումարն ամբողջությամբ, այսինքն` կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն պայմանագրի էական պայմանների, այն է` առարկայի և գնի վերաբերյալ, մինչդեռ պատասխանողի անգործության հետևանքով մինչև օրս պայմանագիրը չի վավերացվել նոտարական կարգով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վիճելի բնակարանի համասեփականատերեր են հանդիսացել Անահիտ Խաչատրյանը և նրա երեք որդիները` Գրիգոր, Լևոն և Մհեր Թրվանդյանները, նրանցից երկուսը գործարքի կնքման պահին եղել են անչափահաս և օրենքի ուժով նրանց փոխարեն պարտավորագիրը ստորագրել է նրանց մայրը, իսկ համասեփականատերերից չափահաս` Գրիգոր Թրվանդյանը ստորագրել է պարտավորագիրը, որով հաստատել է, որ տեղյակ է առուվաճառքի գործարքի մասին և չի առարկում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենի համաձայն. «Ես` Սոնա Երջանիկի Սարգսյանս Անահիտ Խաչատրյանից վերցնում եմ վեց հազար հարյուր դոլար Նոր-Նորքի Մոլդովական 29/4 շ. 96/1 բնակարանը վաճառում եմ Անահիտ Խաչատրյանին: Պարտավորվում եմ 2015թ.-ի մարտ-ապրիլ ամսին սեփականաշնորհված բնակարանը հանձնել Անահիտ Խաչատրյանին: Որի համար ստորագրում են` /ստորագրություն/ Սոնա, տղես` Գրիգոր /ստորագրություն/, քրոջս տղան` Հարութ /ստորագրություն/» (հատոր 1-ին, գ.թ. 9-10):

2) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15012014-01-0122 վկայականի պատճենի համաձայն` Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4 շենքի թիվ 96/1 բնակարանի նկատմամբ գրանցված է Սոնա Սարգսյանի, Գրիգոր Թրվանդյանի, Լևոն Թրվանդյանի, Մհեր Թրվանդյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը` 12.12.2013 թվականի թիվ 7206 նվիրատվության պայմանագրի, Երևանի քաղաքապետի 08.01.2014 թվականի 1-Ա որոշման հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 11-12, 51):

3) ՀՀ Երևանի Նոր Նորք համայնքի «Գրանտ» համատիրության 16052017 թվականի թից 134 տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4 շենքի թիվ (524 սենյակ) 96/1 բնակարանում բնակվում է Արման Ալֆրեդի Խաչատրյանը կնոջ և երկու երեխաների հետ (հատոր 1-ին, գ.թ. 14):

4) Արման Խաչատրյանը սույն գործով հայցվոր Անահիտ Խաչատրյանի որդին է (հատոր 1-ին, գ.թ. 15):

5) Անահիտ Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանի կողմից Սոնա Սարգսյանին ուղղված նախապահանջի համաձայն` վերջինիս առաջարկվել է եռօրյա ժամկետում նշել օր և ժամ ցանկացած նոտարական գրասենյակում Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանի առուվաճառքի գործարքը նոտարական կարգով վավերացնելու համար: Սոնա Սարգսյանը նախապահանջը ստացել է 08.05.2017 թվականի (հատոր 1-ին, գ.թ. 23-24, 53-55):

6) Գրիգոր Թրվանդյանը ծնվել է 07.07.1992 թվականին (հատոր 1, գ.թ 112), Լևոն Թրվանդյանը ծնվել է 05.03.2002 թվականին (հատոր 2, գ.թ 14), Մհեր Թրվանդյանը ծնվել է 12.10.2003 թվականին (հատոր 2-րդ, գ.թ 14):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի, Նախկին օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. `

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ գործարքը վավեր ճանաչելու առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:(․․․)։ Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության վերը նշված և բազմաթիվ այլ հոդվածներում ամրագրված են անձի իրավունքների և ազատությունների իրականացման, օրենսդրությամբ դրանց արդյունավետ պաշտպանության երաշխավորումն ապահովելու ելակետային սկզբունքներ ու նորմեր, որոնք համապարտադիր նշանակություն ունեն հասարակական բոլոր, այդ թվում նաև` քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման բնագավառում:

Վերոհիշյալ նորմերի պահանջների կատարման երաշխավորմանն է կոչված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որը սահմանում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, կարգավորում սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների, դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերությունները, պայմանագրային և այլ պարտավորությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերը և կարգը: Քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն ուղղված` քաղաքացիների և իրավաբանական անձանց գործողություններն անմիջականորեն կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հինգերորդ բաժնի 18-րդ գլխում ներառված նորմերով, այդ թվում նաև` 289-րդ և 300-րդ հոդվածներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների, նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել`

1) մանր կենցաղային գործարքներ.

2) նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.

3) օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը): Նույն պարագրաֆով նախատեսված դրույթները կիրառվում են առուվաճառքի պայմանագրի առանձին տեսակների (մանրածախ առուվաճառք, ապրանքների մատակարարում, ապրանքների մատակարարում պետական կարիքների համար, էներգամատակարարում, անշարժ գույքի վաճառք) նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի այդ տեսակների նկատմամբ սույն օրենսգրքի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 471-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ պայմանագիրը կարող է կնքվել, ինչպես այն կնքելու պահին` վաճառողի մոտ առկա ապրանքի, այնպես էլ այն ապրանքի առուվաճառքի վերաբերյալ, որը վաճառողը պետք է պատրաստի կամ ձեռք բերի ապագայում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում ապրանքի բնույթից: Առուվաճառքի պայմանագրի ապրանքի մասին պայմանը համարվում է համաձայնեցված, եթե պայմանագիրը հնարավորություն է ընձեռում որոշել ապրանքի անվանումը և քանակը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 561-րդ հոդվածի համաձայն ` վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք (հոդված 134):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործարքի նոտարական վավերացումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գործարքը կնքելու ուշացման հետ կապված վնասները:

Վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք են օրենքով նախատեսված պայմանագրերը և այլ գործարքներ, կամ այն գործողությունները, որոնք ուղղված են այդպիսի իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Օրենսդիրը հստակեցրել է քաղաքացիական իրավունքների ազատ իրացման շրջանակը (թույլատրելի սահմանները), համաձայն որի` անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ, պայմանով, որ այդ իրավունքների իրականացումը չպետք է վնաս պատճառի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Վերոհիշյալ նորմերի բովանդակությունից հետևում է նաև, որ քաղաքացիական հարաբերություններում անձի հայեցողական այդպիսի ազատ գործողությունների արդյունքում են ծագում, փոփոխվում և դադարում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Քաղաքացիաիրավական հարաբերություններում անձի հայեցողական ազատության և դրա` օրենքով նախանշված շրջանակներում իրականացնելու սկզբունքից է անմիջականորեն բխում պայմանագրերի և այլ գործարքների (բովանդակության, ձևի) նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ կանոնները, որոնցից է գրավոր ձևով կնքվող գործարքների նոտարական վավերացումը: Նոտարական վավերացման են ենթակա հիմնականում երկկողմ և բազմակողմ այն գրավոր գործարքները (պայմանագրերը), որոնք ուղղակիորեն առնչվում են անշարժ գույքի օտարման և այդ գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը, իսկ այդ գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, որպիսի պահանջը չպահպանելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավակարգավորման միջոցների գործադրման հիմքեր և նույնպիսի իրավական հետևանքներ:

Բացի այդ, հարկ է նշել, որ օրենսդիրն ամրագրել է, որ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը, կարող է կնքվել, ինչպես այն կնքելու պահին վաճառողի մոտ առկա ապրանքի, այնպես էլ այն ապրանքի առուվաճառքի վերաբերյալ, որը վաճառողը պետք է պատրաստի կամ ձեռք բերի ապագայում, իսկ առուվաճառքի պայմանագրի ապրանքի մասին պայմանը համարվում է համաձայնեցված, եթե պայմանագիրը հնարավորություն է ընձեռում որոշել ապրանքի անվանումը և քանակը։ Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, եթե պայմանագրից հնարավոր է պարզել գնորդին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ` անշարժ գույքի հասցեն և այլ որոշիչ տվյալներ: Այսինքն՝ երբ համաձայնեցված է պայմանագրի՝ ապրանքի մասին պայմանը:

Միաժամանակ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` վավերացնելով փաստաթուղթը, նոտարը հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը, որն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն:

Փաստորեն, գրավոր գործարքի նոտարական վավերացմամբ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում նախապես անվիճելի են ճանաչվում իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, ինչպիսիք են.

ա) գրավոր ձևով գործարքի կնքումը և դրա` օրենքով նախատեսված կարգի պահպանումը,

բ) պայմանագրի կողմերի ինքնության հաստատումը, նրանց իրավազորությունը և ազատ կամաարտահայտությունը,

գ) գործարքի պայմանների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին և միջազգային պայմանագրերի դրույթներին, ինչպես նաև կողմերի իրական մտադրությանը:

Այսպիսով, գրավոր որոշ գործարքների նոտարական պարտադիր վավերացման ինստիտուտը և այդպիսի գործարքներից ծագող, փոփոխվող և դադարող իրավունքների պետական գրանցման օրենսդրական պահանջը` ելնելով նաև անձի իրավունքների և դրանց երաշխավորված իրացման վերաբերյալ սահմանադրական սկզբունքային դրույթների բովանդակությունից, քաղաքացիական իրավունքների իրականացման ազատության որոշակի սահմանափակում նախատեսելով հանդերձ, կարևոր երաշխիք է ինչպես անձանց իրավունքների (ներառյալ սեփականության իրավունքի) արդյունավետ իրացումն ու պաշտպանությունն ապահովելու, այնպես էլ պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարման, հետևաբար, նաև քաղաքացիական (գույքային) շրջանառության երաշխավորված կայունությունն ապահովելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ մեկնաբանությունից բխում է, որ գրավոր գործարքով պայմանավորված անձանց քաղաքացիական իրավունքների ազատ իրականացման և սահմանադրորեն ամրագրված սկզբունքներով դրանց պաշտպանությունը երաշխավորելու համար, օրենսդիրն անհրաժեշտ է համարել հաստատագրել որոշակի փաստերի իրավաբանական նշանակությունը և դրանց առկայությամբ պայմանավորված իրավակարգավորման համապատասխան միջոցներ ու կառուցակարգային լուծումներ: Այդպիսիք են.

- գործարքի նոտարական ձևը չպահպանելը և դրա իրավական հետևանքը,

- նոտարական վավերացում պահանջող գործարքը կողմերից մեկի կողմից մասնակի կամ լրիվ կատարելը և նոտարական վավերացումից մյուսի խուսափելը, այդ դեպքում քաղաքացիական իրավունքների պաշտպանության միջոցը,

- դատարանի լիազորությունը` գործարքը կատարած կողմի պահանջի դեպքում,

- գործարքը դատական կարգով վավեր ճանաչելը և դրա իրավական հետևանքը,

- գործարքի նոտարական վավերացումից խուսափող կողմի պատասխանատվությունը (պարտավորությունները) մյուս կողմի առջև` կապված գործարքի կնքման ուշացման հետ:

Սահմանելով գրավոր որոշ գործարքների նոտարական վավերացման պարտադիր պայման, օրենսդիրը միաժամանակ հստակեցրել է այդ պայմանի խախտման իրավական հետևանքները, ինչպես նաև խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանության համապատասխան միջոցը: Տվյալ դեպքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն գրավոր գործարքի նոտարական վավերացման օրենսդրական պահանջի կատարումից կողմի խուսափելն այն դեպքում, երբ մյուս կողմը լրիվ կամ մասնակի կատարել է այդ գործարքի պայմանները, վերջինիս համար հիմք են խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու սահմանադրական իր իրավունքն իրացնելու, իսկ դատարանին` իր հայեցողական լիազորության շրջանակներում վավեր ճանաչելու գործարքը, որի արդյունքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Փաստորեն, խոսքը վերաբերում է ոչ թե պայմանագրային պարտավորության կատարումից կողմի` օրենքով նախատեսված կարգով հրաժարվելու ինստիտուտին, այլ` սահմանված կարգով իրավաչափ գործողություն կատարելուց խուսափելուն:

Քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման, դրանց իրականացման, գործարքների (պայմանագրերի) կնքման, կատարման ու խախտված իրավունքների պաշտպանության, դրա հետ կապված վեճերով դատական հայեցողական լիազորության իրավաչափ շրջանակների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի դատական մեկնաբանման, ինչպես նաև միջազգային իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունից հետևում է, որ լուծելով նոտարական վավերացում պահանջող գործարքը վավեր ճանաչելու վերաբերյալ վեճ, յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է պարզել.

- գործարքի օրինականությունը (իրավաչափությունը), գրավոր ձևի պահպանման փաստը,

- գործարքի նոտարական ձևը չպահպանելը և մեղավոր կողմին,

- գործարքի նոտարական վավերացումից կողմի խուսափելը (գործողությամբ կամ անգործությամբ) և դրա հիմքերը,

- նոտարական վավերացում պահանջող գործարքը կողմերից մեկի լրիվ կամ մասնակի կատարելու փաստը և դրա օրինականությունը (իրավաչափությունը):

Ինչպես վկայում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավակիրառական պրակտիկան` կապված անձանց գույքային իրավունքների իրականացման բնագավառում պետության միջամտության թույլատրելիության շրջանակների հետ, ապա այդպիսին իրավաչափ է գնահատվում, եթե.

- իրականացվում է օրենքին համապատասխան,

- պայմանավորված է հանրային շահերով,

- ապահովում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռություն:

Այս պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ցանկացած բնույթի` ներառյալ նոտարական վավերացում պահանջող գործարքների հետ կապված քաղաքացիաիրավական վեճեր քննելիս, դատարանը` որպես պետական մարմին պարտադրված է, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, այդ վեճերը լուծել օրենքին համապատասխան, միաժամանակ անխուսափելիորեն պաշտպանելով ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ու պետական շահերը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 15.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-702 որոշմամբ անդրադառնալով գրավոր գործարքները նոտարական վավերացման ենթարկելու օրենսդրության պահանջին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված՝ գործարքը վավեր ճանաչելու մասին կարելի է խոսել միայն վերոնշյալ հանգամանքների առկայության դեպքում, որոնք միասին անհրաժեշտ են և բավարար, որպեսզի անգամ օրենսդրական պահանջի խախտման, այսինքն՝ նոտարական վավերացման բացակայության պայմաններում գործարքը դատական կարգով ճանաչվի վավեր (տե՛ս, Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանն ընդդեմ «ՍՄԲԱՏԻ ՕՋԱԽ» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/2308/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.09.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանի նկատմամբ 15.01.2014 թվականից գրանցված է Սոնա Սարգսյանի, Գրիգոր Թրվանդյանի, Լևոն Թրվանդյանի, Մհեր Թրվանդյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենի համաձայն. «Ես` Սոնա Երջանիկի Սարգսյանս Անահիտ Խաչատրյանից վերցնում եմ վեց հազար հարյուր դոլար Նոր-Նորքի Մոլդովական 29/4 շ. 96/1 բնակարանը վաճառում եմ Անահիտ Խաչատրյանին: Պարտավորվում եմ 2015թ.-ի մարտ-ապրիլ ամսին սեփականաշնորհված բնակարանը հանձնել Անահիտ Խաչատրյանին: Որի համար ստորագրում են` /ստորագրություն/ Սոնա, տղես` Գրիգոր /ստորագրություն/, քրոջս տղան` Հարութ /ստորագրություն/»:

Պարտավորագիրը կնքելու պահին գույքի համասեփականատերեր Լևոն և Մհեր Թրվանդյաններն անչափահաս էին: Անահիտ Խաչատրյանի և նրա ներկայացուցչի կողմից Սոնա Սարգսյանին առաջարկվել է եռօրյա ժամկետում նշել օր և ժամ ցանկացած նոտարական գրասենյակում առուվաճառքի գործարքը նոտարական կարգով վավերացնելու համար, որը Սոնա Սարգսյանը ստացել է 08.05.2017 թվականին:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, արձանագրել է. ««Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթում բացակայում է հայցվոր Անահիտ Խաչատրյանի ստորագրությունը, իսկ վկաների ներկայությամբ անշարժ գույքի վաճառքի ձև օրենքով սահմանված չէ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-563-րդ հոդվածների համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման, ուստի բնակարանը Անահիտ Խաչատրյանին վաճառելու իրենց կամահայտնությունը Սոնա Սարգսյանը և մյուս համասեփականատերերը կարող են իրագործել օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, գտել է, որ սույն գործի շրջանակներում կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետը և 302-րդ հոդվածի 2-րդ կետը, ուստի վերաքննիչ բողոքում դրանց մասով Դատարանին վերագրվող խախտումներն անհիմն են և չեն բխում գործի նյութերից, քանի որ քննարկվող պարագայում առուվաճառքի գործարքը պատշաճ կնքված չէ:

 

Համադրելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ նախ հարկ է նշել, որ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում բացակայում է սույն գործով հայցվոր Անահիտ Խաչատրյանի ստորագրությունը, ինչն իրավացիորեն արձանագրվել է նաև ստորադաս դատարանների կողմից: Սակայն միևնույն ժամանակ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթում որոշակիորեն սահմանված է փոխանցման ենթակա անշարժ գույքը (ամբողջական հասցեն, գույքը նույնականացնելու համար անհրաժեշտ բավարար տվյալներ):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթում նշված այն հանգամանքը, որ բնակարանը սեփականաշնորհվելու է ավելի ուշ, չի կարող խոչընդոտ հանդիսանալ այն կնքված գործարք (առուվաճառքի պայմանագիր) որակելու համար։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծելով գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ և բավարար պայմանների կարևորությունը՝ նախևառաջ փաստում է, որ սույն գործով հիմնավորվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի պայմանների՝ գործարքի առարկայի և պայմանների վերաբերյալ, գործարքի գրավոր ձևի պահպանման փաստը, քանի որ գործով ներկայացվել է «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը, որը թույլ է տալիս հաստատված համարելու, որ Սոնա Սարգսյանը պարտավորվել է իր և իր որդիների բնակարանը սեփականաշնորհել, հետագայում սեփականության իրավունքով արդեն իսկ իրենց պատկանող Երևան քաղաքի, Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանը 6100 ԱՄՆ դոլարով վաճառել Անահիտ Խաչատրյանին, որով հիմնավորվում է առուվաճառքի վերաբերյալ համաձայնության գրավոր ձևակերպմանն ուղղված գործողությունների կատարումը: Անդրադառնալով գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ մյուս պայմաններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերի համաձայն` հիմնավորվել են այն հանգամանքները, որ մի կողմից՝ Անահիտ Խաչատրյանը կամահայտնություն է դրսևորել և ձեռնարկել է գործողություններ գործարքի նոտարական վավերացումն իրականացնելու համար, իսկ մյուս կողմից` Սոնա Սարգսյանը և Գրիգոր Թրվանդյանը գործողությամբ կամ անգործությամբ խուսափել են գործարքի նոտարական վավերացումից։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ սույն գործով թեև հայցի հիմքում դրված «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը ստորագրվել է միայն Սոնա Սարգսյանի և Գրիգոր Թրվանդյանի կողմից, սակայն գործում առկա ապացույցներից ակնհայտ է, որ գույքի մյուս համասեփականատերեր Լևոն և Մհեր Թրվանդյանները գործարքը կնքելու պահին եղել են անչափահաս և անշարժ գույքի առուվաճառքի գործարք կնքելու օրենքով սահմանված իրավասություն չեն ունեցել, վերջիններիս փոխարեն գործարքը կնքել է նրանց օրինական ներկայացուցիչը`մայրը, ով ստորագրելով «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը ընդունել է, որ ստանում է գույքի արժեքի գումարը և պարտավորվում է համապատասխան ժամկետում ազատել բնակարանը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա ապացույցների համադրության արդյունքում հիմնավորվում է, որ պատասխանողն ունեցել է օրենքով սահմանված անհրաժեշտ լիազորություններ բնակարանն օտարելու համար, մինչդեռ Դատարանը վերը թվարկված փաստերի անտեսման արդյունքում սխալ եզրահանգման է եկել Անահիտ Խաչատրյանի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: Գործի նոր քննության ընթացքում դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, պետք է որոշի հայցի մերժման կամ բավարարման հարցը՝ ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները, հետևաբար այն վավեր ճանաչելու իրավական հնարավորությունը. մասնավորապես՝ գործարքի գրավոր ձևի պահպանվածություն, գործարքի նոտարական վավերացմանն ուղղված գործողությունների կատարում, մյուս՝ մեղավոր կողմի խուսափելը գործարքի նոտարական վավերացումից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. Հակոբյան
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՆԴ/2050/02/17 քաղաքացիական գործով 13.07.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

13.07.2021 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հուլիսի 13-ին գրավոր ընթացակարգով քննելով Անահիտ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Անահիտ Խաչատրյանի հայցի ընդդեմ Սոնա Սարգսյանի, Գրիգոր Թրվանդյանի, երրորդ անձինք Լևոն Թրվանդյանի և Մհեր Թրվանդյանի՝ պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Անահիտ Խաչատրյանը պահանջել է Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը ճանաչել վավեր:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 29.04.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2020 թվականի որոշմամբ Անահիտ Խաչատրյան ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 29.04.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Խաչատրյանը (ներկայացուցիչ Արթուր Քարամյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ, 561-563-րդ հոդվածները, 566-րդ և 567-րդ հոդվածների 1-ին և 2-րդ կետերը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ, 302-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 48-րդ, 53-րդ, 130-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անհիմն հետևություն է արել այն մասին, որ թեև պարտավորագրում առկա են որոշակի նշումներ անշարժ գույքի վաճառքի մասին, այնուհանդերձ այն ստորագրված չէ Անահիտ Խաչատրյանի կողմից, բավարար պայմաններ չի սահմանում անշարժ գույքի առուվաճառքի մասին, նշված չեն անձնագրային տվյալներ, կցված չէ միասնական տեղեկանք գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ, ինչպես նաև պարտավորագիրը չեն ստորագրել գույքի բոլոր համասեփականատերերը, հետևաբար այն չի կարող վավերացվել ոչ նոտարական կարգով, ոչ էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի կարգով: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կողմերի միջև կնքվել է գրավոր գործարք, որի էությունից բխում է, որ պատասխանողը վաճառել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը և ստացել է գումարը, իսկ հայցվորը գնել է նշված գույքը` վճարելով պայմանագրով սահմանված գումարն ամբողջությամբ, այսինքն` կողմերի միջև ձեռք է բերվել համաձայնություն պայմանագրի էական պայմանների, այն է` առարկայի և գնի վերաբերյալ, մինչդեռ պատասխանողի անգործության հետևանքով մինչև օրս պայմանագիրը չի վավերացվել նոտարական կարգով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վիճելի բնակարանի համասեփականատերեր են հանդիսացել Անահիտ Խաչատրյանը և նրա երեք որդիները` Գրիգոր, Լևոն և Մհեր Թրվանդյանները, նրանցից երկուսը գործարքի կնքման պահին եղել են անչափահաս և օրենքի ուժով նրանց փոխարեն պարտավորագիրը ստորագրել է նրանց մայրը, իսկ համասեփականատերերից չափահաս` Գրիգոր Թրվանդյանը ստորագրել է պարտավորագիրը, որով հաստատել է, որ տեղյակ է առուվաճառքի գործարքի մասին և չի առարկում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենի համաձայն. «Ես` Սոնա Երջանիկի Սարգսյանս Անահիտ Խաչատրյանից վերցնում եմ վեց հազար հարյուր դոլար Նոր-Նորքի Մոլդովական 29/4 շ. 96/1 բնակարանը վաճառում եմ Անահիտ Խաչատրյանին: Պարտավորվում եմ 2015թ.-ի մարտ-ապրիլ ամսին սեփականաշնորհված բնակարանը հանձնել Անահիտ Խաչատրյանին: Որի համար ստորագրում են` /ստորագրություն/ Սոնա, տղես` Գրիգոր /ստորագրություն/, քրոջս տղան` Հարութ /ստորագրություն/» (հատոր 1-ին, գ.թ. 9-10):

2) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15012014-01-0122 վկայականի պատճենի համաձայն` Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4 շենքի թիվ 96/1 բնակարանի նկատմամբ գրանցված է Սոնա Սարգսյանի, Գրիգոր Թրվանդյանի, Լևոն Թրվանդյանի, Մհեր Թրվանդյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը` 12.12.2013 թվականի թիվ 7206 նվիրատվության պայմանագրի, Երևանի քաղաքապետի 08.01.2014 թվականի 1-Ա որոշման հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 11-12, 51):

3) ՀՀ Երևանի Նոր Նորք համայնքի «Գրանտ» համատիրության 16052017 թվականի թիվ 134 տեղեկանքի համաձայն՝ Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4 շենքի թիվ (524 սենյակ) 96/1 բնակարանում բնակվում է Արման Ալֆրեդի Խաչատրյանը կնոջ և երկու երեխաների հետ (հատոր 1-ին, գ.թ. 14)

4) Արման Խաչատրյանը սույն գործով հայցվոր Անահիտ Խաչատրյանի որդին է (հատոր 1-ին, գ.թ. 15)

5) Անահիտ Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանի կողմից Սոնա Սարգսյանին ուղղված նախապահանջի համաձայն` վերջինիս առաջարկվել է եռօրյա ժամկետում նշել օր և ժամ ցանկացած նոտարական գրասենյակում Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանի առուվաճառքի գործարքը նոտարական կարգով վավերացնելու համար: Սոնա Սարգսյանը նախապահանջը ստացել է 08.05.2017 թվականի (հատոր 1-ին, գ.թ. 23-24, 53-55):

6) Գրիգոր Թրվանդյանը ծնվել է 07.07.1992 թվականին (հատոր 1, գ.թ 112), Լևոն Թրվանդյանը ծնվել է 05.03.2002 թվականին (հատոր 2, գ.թ 14), Մհեր Թրվանդյանը ծնվել է 12.10.2003 թվականին (հատոր 2-րդ, գ.թ 14)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի, Նախկին օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով. `

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ գործարքը վավեր ճանաչելու առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:(․․․)։ Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության վերը նշված և բազմաթիվ այլ հոդվածներում ամրագրված են անձի իրավունքների և ազատությունների իրականացման, օրենսդրությամբ դրանց արդյունավետ պաշտպանության երաշխավորումն ապահովելու ելակետային սկզբունքներ ու նորմեր, որոնք համապարտադիր նշանակություն ունեն հասարակական բոլոր, այդ թվում նաև` քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման բնագավառում:

Վերոհիշյալ նորմերի պահանջների կատարման երաշխավորմանն է կոչված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, որը սահմանում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, կարգավորում սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների, դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերությունները, պայմանագրային և այլ պարտավորությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերը և կարգը: Քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն ուղղված` քաղաքացիների և իրավաբանական անձանց գործողություններն անմիջականորեն կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հինգերորդ բաժնի 18-րդ գլխում ներառված նորմերով, այդ թվում նաև` 289-րդ և 300-րդ հոդվածներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների, նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել`

1) մանր կենցաղային գործարքներ.

2) նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.

3) օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը): Նույն պարագրաֆով նախատեսված դրույթները կիրառվում են առուվաճառքի պայմանագրի առանձին տեսակների (մանրածախ առուվաճառք, ապրանքների մատակարարում, ապրանքների մատակարարում պետական կարիքների համար, էներգամատակարարում, անշարժ գույքի վաճառք) նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի այդ տեսակների նկատմամբ սույն օրենսգրքի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 471-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝ պայմանագիրը կարող է կնքվել, ինչպես այն կնքելու պահին` վաճառողի մոտ առկա ապրանքի, այնպես էլ այն ապրանքի առուվաճառքի վերաբերյալ, որը վաճառողը պետք է պատրաստի կամ ձեռք բերի ապագայում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում ապրանքի բնույթից: Առուվաճառքի պայմանագրի ապրանքի մասին պայմանը համարվում է համաձայնեցված, եթե պայմանագիրը հնարավորություն է ընձեռում որոշել ապրանքի անվանումը և քանակը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 561-րդ հոդվածի համաձայն ` վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք (հոդված 134):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործարքի նոտարական վավերացումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գործարքը կնքելու ուշացման հետ կապված վնասները:

Վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք են օրենքով նախատեսված պայմանագրերը և այլ գործարքներ, կամ այն գործողությունները, որոնք ուղղված են այդպիսի իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Օրենսդիրը հստակեցրել է քաղաքացիական իրավունքների ազատ իրացման շրջանակը (թույլատրելի սահմանները), համաձայն որի` անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ, պայմանով, որ այդ իրավունքների իրականացումը չպետք է վնաս պատճառի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Վերոհիշյալ նորմերի բովանդակությունից հետևում է նաև, որ քաղաքացիական հարաբերություններում անձի հայեցողական այդպիսի ազատ գործողությունների արդյունքում են ծագում, փոփոխվում և դադարում քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Քաղաքացիաիրավական հարաբերություններում անձի հայեցողական ազատության և դրա` օրենքով նախանշված շրջանակներում իրականացնելու սկզբունքից է անմիջականորեն բխում պայմանագրերի և այլ գործարքների (բովանդակության, ձևի) նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ կանոնները, որոնցից է գրավոր ձևով կնքվող գործարքների նոտարական վավերացումը: Նոտարական վավերացման են ենթակա հիմնականում երկկողմ և բազմակողմ այն գրավոր գործարքները (պայմանագրերը), որոնք ուղղակիորեն առնչվում են անշարժ գույքի օտարման և այդ գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը, իսկ այդ գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, որպիսի պահանջը չպահպանելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավակարգավորման միջոցների գործադրման հիմքեր և նույնպիսի իրավական հետևանքներ:

Բացի այդ, հարկ է նշել, որ օրենսդիրն ամրագրել է, որ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը, կարող է կնքվել, ինչպես այն կնքելու պահին վաճառողի մոտ առկա ապրանքի, այնպես էլ այն ապրանքի առուվաճառքի վերաբերյալ, որը վաճառողը պետք է պատրաստի կամ ձեռք բերի ապագայում, իսկ առուվաճառքի պայմանագրի ապրանքի մասին պայմանը համարվում է համաձայնեցված, եթե պայմանագիրը հնարավորություն է ընձեռում որոշել ապրանքի անվանումը և քանակը։ Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, եթե պայմանագրից հնարավոր է պարզել գնորդին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ` անշարժ գույքի հասցեն և այլ որոշիչ տվյալներ: Այսինքն՝ երբ համաձայնեցված է պայմանագրի՝ ապրանքի մասին պայմանը:

Միաժամանակ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` վավերացնելով փաստաթուղթը, նոտարը հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը, որն ունի օրենքով նախատեսված հանրային հեղինակություն:

Փաստորեն, գրավոր գործարքի նոտարական վավերացմամբ, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում նախապես անվիճելի են ճանաչվում իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, ինչպիսիք են.

ա) գրավոր ձևով գործարքի կնքումը և դրա` օրենքով նախատեսված կարգի պահպանումը,

բ) պայմանագրի կողմերի ինքնության հաստատումը, նրանց իրավազորությունը և ազատ կամաարտահայտությունը,

գ) գործարքի պայմանների համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին և միջազգային պայմանագրերի դրույթներին, ինչպես նաև կողմերի իրական մտադրությանը:

Այսպիսով, գրավոր որոշ գործարքների նոտարական պարտադիր վավերացման ինստիտուտը և այդպիսի գործարքներից ծագող, փոփոխվող և դադարող իրավունքների պետական գրանցման օրենսդրական պահանջը` ելնելով նաև անձի իրավունքների և դրանց երաշխավորված իրացման վերաբերյալ սահմանադրական սկզբունքային դրույթների բովանդակությունից, քաղաքացիական իրավունքների իրականացման ազատության որոշակի սահմանափակում նախատեսելով հանդերձ, կարևոր երաշխիք է ինչպես անձանց իրավունքների (ներառյալ սեփականության իրավունքի) արդյունավետ իրացումն ու պաշտպանությունն ապահովելու, այնպես էլ պայմանագրի կողմերի ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարման, հետևաբար, նաև քաղաքացիական (գույքային) շրջանառության երաշխավորված կայունությունն ապահովելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ մեկնաբանությունից բխում է, որ գրավոր գործարքով պայմանավորված անձանց քաղաքացիական իրավունքների ազատ իրականացման և սահմանադրորեն ամրագրված սկզբունքներով դրանց պաշտպանությունը երաշխավորելու համար, օրենսդիրն անհրաժեշտ է համարել հաստատագրել որոշակի փաստերի իրավաբանական նշանակությունը և դրանց առկայությամբ պայմանավորված իրավակարգավորման համապատասխան միջոցներ ու կառուցակարգային լուծումներ: Այդպիսիք են.

- գործարքի նոտարական ձևը չպահպանելը և դրա իրավական հետևանքը,

- նոտարական վավերացում պահանջող գործարքը կողմերից մեկի կողմից մասնակի կամ լրիվ կատարելը և նոտարական վավերացումից մյուսի խուսափելը, այդ դեպքում քաղաքացիական իրավունքների պաշտպանության միջոցը,

- դատարանի լիազորությունը` գործարքը կատարած կողմի պահանջի դեպքում,

- գործարքը դատական կարգով վավեր ճանաչելը և դրա իրավական հետևանքը,

- գործարքի նոտարական վավերացումից խուսափող կողմի պատասխանատվությունը (պարտավորությունները) մյուս կողմի առջև` կապված գործարքի կնքման ուշացման հետ:

Սահմանելով գրավոր որոշ գործարքների նոտարական վավերացման պարտադիր պայման, օրենսդիրը միաժամանակ հստակեցրել է այդ պայմանի խախտման իրավական հետևանքները, ինչպես նաև խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանության համապատասխան միջոցը: Տվյալ դեպքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն գրավոր գործարքի նոտարական վավերացման օրենսդրական պահանջի կատարումից կողմի խուսափելն այն դեպքում, երբ մյուս կողմը լրիվ կամ մասնակի կատարել է այդ գործարքի պայմանները, վերջինիս համար հիմք են խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու սահմանադրական իր իրավունքն իրացնելու, իսկ դատարանին` իր հայեցողական լիազորության շրջանակներում վավեր ճանաչելու գործարքը, որի արդյունքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Փաստորեն, խոսքը վերաբերում է ոչ թե պայմանագրային պարտավորության կատարումից կողմի` օրենքով նախատեսված կարգով հրաժարվելու ինստիտուտին, այլ` սահմանված կարգով իրավաչափ գործողություն կատարելուց խուսափելուն:

Քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման, դրանց իրականացման, գործարքների (պայմանագրերի) կնքման, կատարման ու խախտված իրավունքների պաշտպանության, դրա հետ կապված վեճերով դատական հայեցողական լիազորության իրավաչափ շրջանակների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի դատական մեկնաբանման, ինչպես նաև միջազգային իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունից հետևում է, որ լուծելով նոտարական վավերացում պահանջող գործարքը վավեր ճանաչելու վերաբերյալ վեճ, յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է պարզել.

- գործարքի օրինականությունը (իրավաչափությունը), գրավոր ձևի պահպանման փաստը,

- գործարքի նոտարական ձևը չպահպանելը և մեղավոր կողմին,

- գործարքի նոտարական վավերացումից կողմի խուսափելը (գործողությամբ կամ անգործությամբ) և դրա հիմքերը,

- նոտարական վավերացում պահանջող գործարքը կողմերից մեկի լրիվ կամ մասնակի կատարելու փաստը և դրա օրինականությունը (իրավաչափությունը):

Ինչպես վկայում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավակիրառական պրակտիկան` կապված անձանց գույքային իրավունքների իրականացման բնագավառում պետության միջամտության թույլատրելիության շրջանակների հետ, ապա այդպիսին իրավաչափ է գնահատվում, եթե.

- իրականացվում է օրենքին համապատասխան,

- պայմանավորված է հանրային շահերով,

- ապահովում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռություն:

Այս պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ցանկացած բնույթի` ներառյալ նոտարական վավերացում պահանջող գործարքների հետ կապված քաղաքացիաիրավական վեճեր քննելիս, դատարանը` որպես պետական մարմին պարտադրված է, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, այդ վեճերը լուծել օրենքին համապատասխան, միաժամանակ անխուսափելիորեն պաշտպանելով ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային ու պետական շահերը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 15.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-702 որոշմամբ անդրադառնալով գրավոր գործարքները նոտարական վավերացման ենթարկելու օրենսդրության պահանջին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված՝ գործարքը վավեր ճանաչելու մասին կարելի է խոսել միայն վերոնշյալ հանգամանքների առկայության դեպքում, որոնք միասին անհրաժեշտ են և բավարար, որպեսզի անգամ օրենսդրական պահանջի խախտման, այսինքն՝ նոտարական վավերացման բացակայության պայմաններում գործարքը դատական կարգով ճանաչվի վավեր (տե՛ս, Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանն ընդդեմ «ՍՄԲԱՏԻ ՕՋԱԽ» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/2308/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.09.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանի նկատմամբ 15.01.2014 թվականից գրանցված է Սոնա Սարգսյանի, Գրիգոր Թրվանդյանի, Լևոն Թրվանդյանի, Մհեր Թրվանդյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենի համաձայն. «Ես` Սոնա Երջանիկի Սարգսյանս Անահիտ Խաչատրյանից վերցնում եմ վեց հազար հարյուր դոլար Նոր-Նորքի Մոլդովական 29/4 շ. 96/1 բնակարանը վաճառում եմ Անահիտ Խաչատրյանին: Պարտավորվում եմ 2015թ.-ի մարտ-ապրիլ ամսին սեփականաշնորհված բնակարանը հանձնել Անահիտ Խաչատրյանին: Որի համար ստորագրում են` /ստորագրություն/ Սոնա, տղես` Գրիգոր /ստորագրություն/, քրոջս տղան` Հարութ /ստորագրություն/»:

Պարտավորագիրը կնքելու պահին գույքի համասեփականատերեր Լևոն և Մհեր Թրվանդյաններն անչափահաս էին: Անահիտ Խաչատրյանի և նրա ներկայացուցչի կողմից Սոնա Սարգսյանին առաջարկվել է եռօրյա ժամկետում նշել օր և ժամ ցանկացած նոտարական գրասենյակում առուվաճառքի գործարքը նոտարական կարգով վավերացնելու համար, որը Սոնա Սարգսյանը ստացել է 08.05.2017 թվականին:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, արձանագրել է. ««Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթում բացակայում է հայցվոր Անահիտ Խաչատրյանի ստորագրությունը, իսկ վկաների ներկայությամբ անշարժ գույքի վաճառքի ձև օրենքով սահմանված չէ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-563-րդ հոդվածների համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման, ուստի բնակարանը Անահիտ Խաչատրյանին վաճառելու իրենց կամահայտնությունը Սոնա Սարգսյանը և մյուս համասեփականատերերը կարող են իրագործել օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, գտել է, որ սույն գործի շրջանակներում կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետը և 302-րդ հոդվածի 2-րդ կետը, ուստի վերաքննիչ բողոքում դրանց մասով Դատարանին վերագրվող խախտումներն անհիմն են և չեն բխում գործի նյութերից, քանի որ քննարկվող պարագայում առուվաճառքի գործարքը պատշաճ կնքված չէ:

 

Համադրելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ նախ հարկ է նշել, որ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում բացակայում է սույն գործով հայցվոր Անահիտ Խաչատրյանի ստորագրությունը, ինչն իրավացիորեն արձանագրվել է նաև ստորադաս դատարանների կողմից: Սակայն միևնույն ժամանակ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթում որոշակիորեն սահմանված է փոխանցման ենթակա անշարժ գույքը (ամբողջական հասցեն, գույքը նույնականացնելու համար անհրաժեշտ բավարար տվյալներ):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթում նշված այն հանգամանքը, որ բնակարանը սեփականաշնորհվելու է ավելի ուշ, չի կարող խոչընդոտ հանդիսանալ այն կնքված գործարք (առուվաճառքի պայմանագիր) որակելու համար։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծելով գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ և բավարար պայմանների կարևորությունը՝ նախևառաջ փաստում է, որ սույն գործով հիմնավորվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի պայմանների՝ գործարքի առարկայի և պայմանների վերաբերյալ, գործարքի գրավոր ձևի պահպանման փաստը, քանի որ գործով ներկայացվել է «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը, որը թույլ է տալիս հաստատված համարելու, որ Սոնա Սարգսյանը պարտավորվել է իր և իր որդիների բնակարանը սեփականաշնորհել, հետագայում սեփականության իրավունքով արդեն իսկ իրենց պատկանող Երևան քաղաքի, Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանը 6100 ԱՄՆ դոլարով վաճառել Անահիտ Խաչատրյանին, որով հիմնավորվում է առուվաճառքի վերաբերյալ համաձայնության գրավոր ձևակերպմանն ուղղված գործողությունների կատարումը: Անդրադառնալով գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ մյուս պայմաններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերի համաձայն` հիմնավորվել են այն հանգամանքները, որ մի կողմից՝ Անահիտ Խաչատրյանը կամահայտնություն է դրսևորել և ձեռնարկել է գործողություններ գործարքի նոտարական վավերացումն իրականացնելու համար, իսկ մյուս կողմից` Սոնա Սարգսյանը և Գրիգոր Թրվանդյանը գործողությամբ կամ անգործությամբ խուսափել են գործարքի նոտարական վավերացումից։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ սույն գործով թեև հայցի հիմքում դրված «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը ստորագրվել է միայն Սոնա Սարգսյանի և Գրիգոր Թրվանդյանի կողմից, սակայն գործում առկա ապացույցներից ակնհայտ է, որ գույքի մյուս համասեփականատերեր Լևոն և Մհեր Թրվանդյանները գործարքը կնքելու պահին եղել են անչափահաս և անշարժ գույքի առուվաճառքի գործարք կնքելու օրենքով սահմանված իրավասություն չեն ունեցել, վերջիններիս փոխարեն գործարքը կնքել է նրանց օրինական ներկայացուցիչը`մայրը, ով ստորագրելով «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը ընդունել է, որ ստանում է գույքի արժեքի գումարը և պարտավորվում է համապատասխան ժամկետում ազատել բնակարանը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա ապացույցների համադրության արդյունքում հիմնավորվում է, որ պատասխանողն ունեցել է օրենքով սահմանված անհրաժեշտ լիազորություններ բնակարանն օտարելու համար, մինչդեռ Դատարանը վերը թվարկված փաստերի անտեսման արդյունքում սխալ եզրահանգման է եկել Անահիտ Խաչատրյանի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: Գործի նոր քննության ընթացքում դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, պետք է որոշի հայցի մերժման կամ բավարարման հարցը՝ ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները, հետևաբար այն վավեր ճանաչելու իրավական հնարավորությունը. մասնավորապես՝ գործարքի գրավոր ձևի պահպանվածություն, գործարքի նոտարական վավերացմանն ուղղված գործողությունների կատարում, մյուս՝ մեղավոր կողմի խուսափելը գործարքի նոտարական վավերացումից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Նախ ցանկանում եմ կարծիք հայտնել հետևյալի մասին.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:

Նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Մինչդեռ տվյալ դեպքում, կարծում եմ, որ վճռաբեկ բողոքում չեն նշվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածում նշված՝ ինչպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերից որևէ մեկը, այնպես էլ՝ դրա հիմնավորումը, որպիսի հանգամանքից ելնելով՝ կարծում եմ, Վճռաբեկ դատարանը չէր կարող վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, առավել ևս՝ դրա վարույթ ընդունելը պայմանավորել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ անդրադառնալ Վճռաբեկ դատարանի վերը նշված պատճառաբանություններին:

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ու նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի և 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի, Նախկին օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը։

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 24.01.2020 թվականի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով, այսինքն՝ համարելով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել բացառապես դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

Նախ ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ եթե Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ապա պարտավոր էր ՀՀ քաղաքացիական դատարավարության օրենսգրքին 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ իր կողմից կայացված որոշման մեջ նշել նաև նշված հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները, որպիսիք տվյալ դեպքում չեն նշվել: Դրանից ելնելով՝ գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել Վերաքննիչ դատարանի կողմից արդարադատության բուն էությունը խաթարող նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում թույլ տրված լինելով:

 

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի կարգավորումը, և այն, թե տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը բողոքի քննության արդյունքում վճռաբեկ բողոքի որ հիմքի առկայությունն է բավարար համարել Վերաքննիչ դատարանի 24.01.2020 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանն իրավունք ուներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով իրեն վերապահված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու լիազորությունն իրացներ բացառապես այն դեպքում, երբ իր որոշման մեջ նշեր այն շարժառիթները, որոնցով չի համաձայնվել դատական ակտը կայացրած Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ՝ պատճառաբանելով վերջինիս կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների այնպիսի խախտում թույլ տալը, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթ, ըստ էության, նշել է, որ՝

- սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, Վերաքննիչ դատարանին վերագրել է բացառապես Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում՝ առանց անդրադառնալու նույն օրենսգրքի 48-րդ հոդվածը խախտված լինելու հիմնավորումներին: Ավելին՝ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի առումով Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ չի հիմնավորել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու տվյալ հիմքի առկայությունը՝ չի նշել, թե այդ խախտումը որքանով է խաթարել արդարադատության բուն էությունը, որպիսին անհրաժեշտ էր հաստատված համարելու համար, որ թույլ է տրվել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Միևնույն ժամանակ ցանկանում եմ իմ կարծիքը հայտնել այն մասին, որ Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում, քանի որ հենց գործում առկա ապացույցների ճիշտ գնահատման արդյունքում է հետևություն արել, որ սույն գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետը և 302-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի չեն:

Նման պայմաններում, կարծում եմ, որ վերը նշված շարժառիթը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի այնպիսի խախտում թույլ տալը վերագրելու համար, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, իսկ դրա հիմքով՝ դատական ակտը բեկանելու համար:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

13.07.2021 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՆԴ/2050/02/17 սնանկության գործով 13.07.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 13.07.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Անահիտ Խաչատրյանի (ներկայացուցիչ Արթուր Քարամյան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.01.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անահիտ Խաչատրյանի ընդդեմ Սոնա Սարգսյանի, Գրիգոր Թրվանդյանի, երրորդ անձինք Լևոն Թրվանդյանի, Մհեր Թրվանդյանի՝ պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործը հարուցվել է Անահիտ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը ճանաչել վավեր:

Դատարանը, հայցը մերժելով, արձանագրել է. ««Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթում բացակայում է հայցվոր Անահիտ Խաչատրյանի ստորագրությունը, իսկ վկաների ներկայությամբ անշարժ գույքի վաճառքի ձև օրենքով սահմանված չէ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-563-րդ հոդվածների համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման, ուստի բնակարանը Անահիտ Խաչատրյանին վաճառելու իրենց կամահայտնությունը Սոնա Սարգսյանը և մյուս համասեփականատերերը կարող են իրագործել օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու միջոցով»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, գտել է, որ սույն գործի շրջանակներում կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետը և 302-րդ հոդվածի 2-րդ կետը, ուստի վերաքննիչ բողոքում դրանց մասով Դատարանին վերագրվող խախտումներն անհիմն են և չեն բխում գործի նյութերից, քանի որ քննարկվող պարագայում առուվաճառքի գործարքը պատշաճ կնքված չէ:

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ. «(…)«Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում բացակայում է սույն գործով հայցվոր Անահիտ Խաչատրյանի ստորագրությունը, ինչն իրավացիորեն արձանագրվել է նաև ստորադաս դատարանների կողմից: Սակայն միևնույն ժամանակ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթում որոշակիորեն սահմանված է փոխանցման ենթակա անշարժ գույքը (ամբողջական հասցեն, գույքը նույնականացնելու համար անհրաժեշտ բավարար տվյալներ):

(…) «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթում նշված այն հանգամանքը, որ բնակարանը սեփականաշնորհվելու է ավելի ուշ, չի կարող խոչընդոտ հանդիսանալ այն կնքված գործարք (առուվաճառքի պայմանագիր) որակելու համար։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծելով գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ և բավարար պայմանների կարևորությունը՝ նախևառաջ փաստում է, որ սույն գործով հիմնավորվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի պայմանների՝ գործարքի առարկայի և պայմանների վերաբերյալ, գործարքի գրավոր ձևի պահպանման փաստը, քանի որ գործով ներկայացվել է «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը, որը թույլ է տալիս հաստատված համարելու, որ Սոնա Սարգսյանը պարտավորվել է իր և իր որդիների բնակարանը սեփականաշնորհել, հետագայում սեփականության իրավունքով արդեն իսկ իրենց պատկանող Երևան քաղաքի, Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանը 6100 ԱՄՆ դոլարով վաճառել Անահիտ Խաչատրյանին, որով հիմնավորվում է առուվաճառքի վերաբերյալ համաձայնության գրավոր ձևակերպմանն ուղղված գործողությունների կատարումը: Անդրադառնալով գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ մյուս պայմաններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերի համաձայն` հիմնավորվել են այն հանգամանքները, որ մի կողմից՝ Անահիտ Խաչատրյանը կամահայտնություն է դրսևորել և ձեռնարկել է գործողություններ գործարքի նոտարական վավերացումն իրականացնելու համար, իսկ մյուս կողմից` Սոնա Սարգսյանը և Գրիգոր Թրվանդյանը գործողությամբ կամ անգործությամբ խուսափել են գործարքի նոտարական վավերացումից։

(…) սույն գործով թեև հայցի հիմքում դրված «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը ստորագրվել է միայն Սոնա Սարգսյանի և Գրիգոր Թրվանդյանի կողմից, սակայն գործում առկա ապացույցներից ակնհայտ է, որ գույքի մյուս համասեփականատերեր Լևոն և Մհեր Թրվանդյանները գործարքը կնքելու պահին եղել են անչափահաս և անշարժ գույքի առուվաճառքի գործարք կնքելու օրենքով սահմանված իրավասություն չեն ունեցել, վերջիններիս փոխարեն գործարքը կնքել է նրանց օրինական ներկայացուցիչը` մայրը, ով ստորագրելով «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը ընդունել է, որ ստանում է գույքի արժեքի գումարը և պարտավորվում է համապատասխան ժամկետում ազատել բնակարանը: Հետևաբար (…) սույն գործում առկա ապացույցների համադրության արդյունքում հիմնավորվում է, որ պատասխանողն ունեցել է օրենքով սահմանված անհրաժեշտ լիազորություններ բնակարանն օտարելու համար, մինչդեռ Դատարանը վերը թվարկված փաստերի անտեսման արդյունքում սխալ եզրահանգման է եկել Անահիտ Խաչատրյանի պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

(…) սույն քաղաքացիական գործով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացվել, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտվել, որպիսի պարագայում առկա է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն: Գործի նոր քննության ընթացքում դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, պետք է որոշի հայցի մերժման կամ բավարարման հարցը՝ ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները, հետևաբար այն վավեր ճանաչելու իրավական հնարավորությունը. մասնավորապես՝ գործարքի գրավոր ձևի պահպանվածություն, գործարքի նոտարական վավերացմանն ուղղված գործողությունների կատարում, մյուս՝ մեղավոր կողմի խուսափելը գործարքի նոտարական վավերացումից»:

 

Համակարծիք չենք Վճռաբեկ դատարանի վերոգրյալ պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ և գտնում ենք, որ սույն գործով Անահիտ Խաչատրյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործարքի նոտարական վավերացումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գործարքը կնքելու ուշացման հետ կապված վնասները:

ՀՀ սահմանադրական դատարանը 15.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-702 որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման, դրանց իրականացման, գործարքների (պայմանագրերի) կնքման, կատարման ու խախտված իրավունքների պաշտպանության, դրա հետ կապված վեճերով դատական հայեցողական լիազորության իրավաչափ շրջանակների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նորմերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ կետի դատական մեկնաբանման, ինչպես նաև միջազգային իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունից հետևում է, որ լուծելով նոտարական վավերացում պահանջող գործարքը վավեր ճանաչելու վերաբերյալ վեճ, յուրաքանչյուր դեպքում դատարանի խնդիրն է պարզել.

- գործարքի օրինականությունը (իրավաչափությունը), գրավոր ձևի պահպանման փաստը,

- գործարքի նոտարական ձևը չպահպանելը և մեղավոր կողմին,

- գործարքի նոտարական վավերացումից կողմի խուսափելը (գործողությամբ կամ անգործությամբ) և դրա հիմքերը,

- նոտարական վավերացում պահանջող գործարքը կողմերից մեկի լրիվ կամ մասնակի կատարելու փաստը և դրա օրինականությունը (իրավաչափությունը): Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե պայմանագրային պարտավորության կատարումից կողմի` օրենքով նախատեսված կարգով հրաժարվելու ինստիտուտին, այլ` սահմանված կարգով իրավաչափ գործողություն կատարելուց խուսափելուն:

Ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված բովանդակությունից՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված՝ գործարքը վավեր ճանաչելու մասին կարելի է խոսել միայն վերոնշյալ հանգամանքների առկայության դեպքում, որոնք միասին անհրաժեշտ են և բավարար, որպեսզի անգամ օրենսդրական պահանջի խախտման, այսինքն՝ նոտարական վավերացման բացակայության պայմաններում գործարքը դատական կարգով ճանաչվի վավեր (տե՛ս, Ա/Ձ Ավետիք Աղաբեկյանն ընդդեմ «ՍՄԲԱՏԻ ՕՋԱԽ» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/2308/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.09.2019 թվականի որոշումը):

Անդրադառնալով գործարքի օրինականության (իրավաչափության) առանձնահատկություններին՝ հարկ ենք համարում նշել, որ գործարքի օրինականությունը (իրավաչափությունը) կհամարվի պահպանված, եթե դրանում պահպանվել են նմանատիպ գործարքի՝ օրենքով սահմանված կանոնները: Միաժամանակ հարկ է նշել, որ գործարքի գրավոր ձևը պետք է համարել պահպանված, եթե դրանում պահպանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածով սահմանված պայմանագրի գրավոր ձևին ներկայացվող պահանջները:

Նշվածից ելնելով` հարկ է ուշադրության արժանացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին վերաբերող իրավակարգավորումները:

Այսպես.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրերի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 18 գլխում նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին կանոնները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 561-րդ հոդվածի համաձայն ` վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք (հոդված 134):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 562-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450 հոդվածի 3-րդ կետ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով տեղեկություն կամ հաղորդագրություն (փաստաթուղթ) փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու դրա իսկությունը և ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է պայմանագրի կողմից (…):

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի գրավոր ձևը պահպանված է համարվում, եթե պայմանագիր կնքելու գրավոր առաջարկն ընդունված է նույն օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 566-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագրում պետք է նշվեն տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակիորեն սահմանել գնորդին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ` համապատասխան հողամասում կամ այլ անշարժ գույքի կազմում անշարժ գույքի դիրքը որոշող տվյալներ: Պայմանագրում այդ տվյալների բացակայության դեպքում հանձնման ենթակա անշարժ գույքի մասին պայմանը համարվում է չհամաձայնեցված, իսկ համապատասխան պայմանագիրը` չկնքված:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը երկկողմ կամ բազմակողմ գործարք է, որում պետք է արտահայտվի բոլոր կողմերի համաձայնեցված կամքը: Օրենսդիրն ամրագրել է, որ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, այսինքն՝ նման պայմանագիրը վավեր ճանաչելու համար առնվազն անհրաժեշտ է, որ գործարքի բոլոր մասնակիցների կողմից կազմված և ստորագրված լինի գրավոր փաստաթուղթ, որը կարտահայտի նրանց կամքը գործարքը քննելու և դրա պայմանների կապակցությամբ։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ օրենսդիրն իմպերատիվ ամրագրել է, որ անշարժ գույքի վաճառքի պայմանագրում, ի թիվս այլնի, պետք է նշվեն տվյալներ, որոնցով առերևույթ հնարավոր է պարզել գնորդին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ` համապատասխան հողամասում կամ այլ անշարժ գույքի կազմում անշարժ գույքի դիրքը որոշող տվյալներ: Հետևաբար այն դեպքում, երբ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով որոշակիորեն հնարավոր չէ պարզել փոխանցման ենթակա անշարժ գույքը, ապա համապատասխան պայմանագիրը համարվում է չկնքված:

 

Սույն գործը հարուցվել է Անահիտ Խաչատրյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վավեր ճանաչել Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը: Որպես վավեր ճանաչելու ենթակա գործարք՝ հայցվորի կողմից վկայակոչվել և դատարան է ներկայացվել «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենը, որն ունի հետևյալ բովանդակությունը.

«Ես` Սոնա Երջանիկի Սարգսյանս Անահիտ Խաչատրյանից վերցնում եմ վեց հազար հարյուր դոլար Նոր-Նորքի Մոլդովական 29/4 շ. 96/1 բնակարանը վաճառում եմ Անահիտ Խաչատրյանին: Պարտավորվում եմ 2015թ.-ի մարտ-ապրիլ ամսին սեփականաշնորհված բնակարանը հանձնել Անահիտ Խաչատրյանին: Որի համար ստորագրում են` (ստորագրություն) Սոնա, տղես` Գրիգոր (ստորագրություն), քրոջս տղան` Հարութ (ստորագրություն)» (հատոր 1-ին, գ.թ. 9-10, 49-50):

Վերոգրյալ իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ հարկ ենք համարում ընդգծել, որ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենը ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և քննարկման առարկա դառնալ դրա վավեր ճանաչելու հարցը, ավելին՝ ճանաչվի վավեր, քանի որ դրանում բացարձակապես բացակայում է տվյալ գործարքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանը:

Այսպես.

Պահպանված չէ գործարքի գրավոր ձևը, քանի որ առկա չէ ենթադրյալ գործարքի կողմերի ստորագրությամբ կազմված մեկ փաստաթուղթ, այսինքն, բացակայում է երկկողմ գործարքը: Ինչ վերաբերում է «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթին, ապա դրանում բացակայում է Անահիտ Խաչատրյանի՝ որպես գնորդի ստորագրությունը: Նման պայմաններում խոսք չի կարող լինել գործարքի գրավոր ձևը պահպանված լինելու, ուստիև այն որպես օրինական (իրավաչափ) դիտարկելու մասին: Նման պայմաններում անգամ եթե կողմերից որևէ մեկը չխուսափեր պայմանագիրը նոտարական վավերացման ներկայացնելուց, միևնույնն է «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը՝ որպես անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, չէր կարող վավերացվել՝ նկատի ունենալով, որ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի՝ որպես անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի օրինականությունը (իրավաչափությունը), գրավոր ձևը պահպանված չէ, ինչն իրավացիորեն արձանագրվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, արձանագրելով հանդերձ, որ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենի վրա բացակայում է սույն գործով հայցվոր Անահիտ Խաչատրյանի ստորագրությունը, այդուհանդերձ փաստել է գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանների առկայությունը, հետևաբար այն վավեր ճանաչելու իրավական հնարավորությունը:

Բացի այդ, վերլուծության ենթարկելով «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը՝ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, եզրահանգել է, որ այն, որպես գործարք, կնքվել է ավելի վաղ, քան Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանի նկատմամբ 15.01.2014 թվականին գրանցվել է Սոնա Սարգսյանի, Գրիգոր Թրվանդյանի, Լևոն Թրվանդյանի և Մհեր Թրվանդյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

Այսպես. Վճռաբեկ դատարանի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթում նշված այն հանգամանքը, որ բնակարանը սեփականաշնորհվելու է ավելի ուշ, չի կարող խոչընդոտ հանդիսանալ այն կնքված գործարք (առուվաճառքի պայմանագիր) որակելու համար։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծելով գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ և բավարար պայմանների կարևորությունը՝ նախևառաջ փաստում է, որ սույն գործով հիմնավորվում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի պայմանների՝ գործարքի առարկայի և պայմանների վերաբերյալ, գործարքի գրավոր ձևի պահպանման փաստը, քանի որ գործով ներկայացվել է «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը, որը թույլ է տալիս հաստատված համարելու, որ Սոնա Սարգսյանը պարտավորվել է իր և իր որդիների բնակարանը սեփականաշնորհել, հետագայում սեփականության իրավունքով արդեն իսկ իրենց պատկանող Երևան քաղաքի, Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանը 6100 ԱՄՆ դոլարով վաճառել Անահիտ Խաչատրյանին, որով հիմնավորվում է առուվաճառքի վերաբերյալ համաձայնության գրավոր ձևակերպմանն ուղղված գործողությունների կատարումը: Անդրադառնալով գործարքը վավեր ճանաչելու համար անհրաժեշտ մյուս պայմաններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերի համաձայն` հիմնավորվել են այն հանգամանքները, որ մի կողմից՝ Անահիտ Խաչատրյանը կամահայտնություն է դրսևորել և ձեռնարկել է գործողություններ գործարքի նոտարական վավերացումն իրականացնելու համար, իսկ մյուս կողմից` Սոնա Սարգսյանը և Գրիգոր Թրվանդյանը գործողությամբ կամ անգործությամբ խուսափել են գործարքի նոտարական վավերացումից»:

Նախ՝ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի վրա բացակայում է դրա կազմման օրվա մասին նշումը, որպիսի պարագայում պարզ չէ, թե Վճռաբեկ դատարանն ինչի հիման վրա է եզրահանգել, որ «Պարտավորագիրը» ստորագրվել է մինչև «բնակարանը սեփականաշնորհելը» և որ Սոնա Սարգսյանը պարտավորվել է իր և իր որդիների բնակարանը սեփականաշնորհել, հետագայում սեփականության իրավունքով արդեն իսկ իրենց պատկանող Երևան քաղաքի, Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանը 6100 ԱՄՆ դոլարով վաճառել Անահիտ Խաչատրյանին: Ընդ որում, «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի բովանդակությունից բնավ չի բխում Վճռաբեկ դատարանի վերոգրյալ հետևությունը:

Երկրորդ՝ Վճռաբեկ դատարանի նշված եզրահանգման պարագայում հետևությունը կարող էր լինել միայն այն, որ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը, որպես անշարժ գույքի առուվաճառքի գործարք, ստորագրվել է գույքի սեփականատեր չհանդիսացող, այսինքն՝ գույքն օտարելու իրավունք չունեցող անձը, ինչն ինքնին գործարքն առոչինչ ճանաչելու հիմք է:

Փաստորեն Վճռաբեկ դատարանի որոշումն իրարամերժ դիրքորոշումներ է պարունակում, քանի որ մի կողմից հաստատված է համարվում, որ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը ստորագրվել է ավելի վաղ, քան Երևան քաղաքի Նոր-Նորքի Մոլդովական 29/4-րդ շենքի թիվ 96/1 բնակարանի նկատմամբ 15.01.2014 թվականին գրանցվել է Սոնա Սարգսյանի, Գրիգոր Թրվանդյանի, Լևոն Թրվանդյանի և Մհեր Թրվանդյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, մյուս կողմից, անտեսելով այն հանգամանքը, որ գույքի սեփականատեր չհանդիսանալու պայմաններում Սոնա Սարգսյանն իրավունք չուներ կնքելու անշարժ գույքի օտարման գործարք, այդուհանդերձ եզրահանգում է արվել, որ գործարքն օրինական է:

Այսպիսով, գտնում ենք, որ «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ճանաչվել վավեր, քանի որ պահպանված չէ դրա գրավոր ձևը, որպիսի պարագայում այն չի կարող գնահատվել նաև օրինական (իրավաչափ) և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի հիմքով վավեր ճանաչվել, ինչն իրավացիորեն արձանագրել է նաև Վերաքննիչ դատարանը:

Վերը նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Անահիտ Խաչատրյանի հայցը մերժելու մասին Դատարանի վճիռը, կայացրել է իրավաչափ դատական ակտ, ուստի համաձայն չենք Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ, ուստի գտնում ենք, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Դատավոր

Ռ. Հակոբյան

Դատավոր

ՍՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան