Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-146-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.10.2005-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.12/51(423) Հոդ.976
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 7-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի) 22-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ  22.

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 146.

Դատական նիստի արձանագրման ձևը


1. Առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:

2. Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:

Հոդված 147.

Պարզ թղթային արձանագրության բովանդակությունը

1. Դատական նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են`

1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) դատական նիստը սկսելու և ավարտելու ժամը.

3) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարի անունը.

4) գործի անվանումը.

5) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին.

6) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին.

7) դատարանի` առանց դատական նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները և նախագահող դատավորի կարգադրությունները.

8) գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների հայտարարությունները, միջնորդությունները և բացատրությունները.

9) վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.

10) տեղեկություններ` ապացույցների հրապարակման, զննման և հետազոտման վերաբերյալ.

11) տեղեկություններ` դատական նիստի դահլիճում կարգի խախտման և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի և խախտողի անձի, ինչպես նաև դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին.

12) առանձին դատական ակտի տեսքով ձևակերպվող որոշումների բովանդակությունը.

13) վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 7-13-րդ կետերով նախատեսված տեղեկությունները դատական նիստերի քարտուղարը արձանագրում է բառացիորեն:

Հոդված 148.

Արձանագրություն վարելը

1. Արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:

2. Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի և քարտուղարի ստորագրությամբ:

3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:

Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

Հոդված 149.

Դիտողությունները պարզ գրավոր ձևով վարվող արձանագրության վերաբերյալ

1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությանը և մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:

2. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է արձանագրությունը ստորագրած նախագահող դատավորը դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:

Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նախագահող դատավորը կայացնում է որոշում։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հոկտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-146-Ն