Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1125/02/17

2021 թ.      

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1125/02/17

Նախագահող դատավոր՝  Ա.Սմբատյան

Դատավորներ՝

 Ն.Մարգարյան

 Ա.Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

            

2021 թվականի հուլիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Դեագա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի (այսուհետ` Համայնք)` Համայնքի ղեկավարի 09.03.2017 թվականի թիվ Ե-519 ակտը (գրությունը) անվավեր ճանաչելու և Ընկերության հաշվից կատարված 4.137.503 ՀՀ դրամի չափով պահումը վերադարձնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի 09.03.2017 թվականի թիվ Ե-519 ակտը (գրությունը) և պարտավորեցնել հետ վերադարձնել «Դեագա» ՍՊԸ-ի հաշվից կատարված 4.137.507 ՀՀ դրամի չափով պահումը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 24.07.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2018 թվականի որոշմամբ Համայնքի ղեկավարի տեղակալի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.07.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքի ղեկավարը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Արմինե Ղասաբողլյանը:

 

2.1Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասը, մինչդեռ պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող 17.06.1998 թվականին ընդունված, 01011999 թվականից ուժի մեջ մտած և 09042018 թվականից ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք)53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսվել է պայմանագրի փոփոխման և լուծման այլ կարգ։ Մասնավորապես՝ Համայնքի թվով 9 մանկապարտեզների հետ կնքված պայմանագրերի համաձայն՝ գնորդն իրավունք ունի հրաժարվելու պայմանագիրը կատարելուց և պահանջելու վերադարձնել ապրանքի համար վճարված գումարը, եթե հանձնվել է անպատշաճ որակի, պայմանագրում նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք։ Նման պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ պայմանագիրը միակողմանի կարող է փոփոխվել կամ լուծվել միայն դատական կարգով։

Անտեսվել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայություններ» ՊՈԱԿ-ի 22.02.2017 թվականի անասնաբուժական փորձաքննության թիվ N 465 եզրակացությունը։

Համայնքապետարանը պահպանել է կնքված պայմանագրի պահանջները՝ կողմին մատակարարված ապրանքի անպատշաճ որակի մասին ծանուցելու պարտականությունը։ Ընկերությունը պատշաճ կարգով ծանուցվել է իրենց կողմից մատակարարված ոչ պատշաճ որակի մսի, ինչպես նաև պայմանագիրը լուծելու մասին, սակայն շուրջ երեք ամսվա ընթացքում որևէ կերպ չի արձագանքել կատարված պատշաճ ծանուցումներին: Ուստի, Համայնքապետարանը պահպանել է ծանուցման կարգը, ինչն անտեսվել է ստորադաս ատյանների կողմից:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը և հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոքում չկա որևէ իրավական հիմնավորում առ այն, որ ստորադաս դատարանները որևէ դատական ակտ կայացնելիս թույլ են տվել նյութական կամ դատավարական նորմերի խախտում:

Ընեկերությունը չի ստացել ծանուցում և ողջ դատավարության ընթացքում Համայնքը չհիմնավորեց այդ հանգամանքը: Ինչ վերաբերում է էլէկտրոնային ծանուցումներին, ապա դրանցով չի հիմնավորվում, որ Ընկերությունը ստացել է այդ ծանուցումները:

 Համայնքի ղեկավարը միակողմանի առանց դատարան դիմելու չէր կարող լուծել Ընկերության և թվով 9 մանկապարտեզների միջև կնքված պայմանագրերը, քանի որ պայմանագրի լուծումը կամ փոփոխումը հնարավոր է միայն դատական կարգով։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

 1) ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի մանկապարտեզների 2017 թվականի կարիքների համար սննդամթերքի ձեռքբերման նպատակով Ընկերության և Համայնքի մանկապարտեզների միջև կնքվել է թվով 9 սննդամթերքի մատակարարման գնման պայմանագրեր:

Պայմանագրերի 3.1.7 կետի համաձայն՝ գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը:

Պայմանագրերի 3.1.7.1 կետի համաձայն՝ վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝

ա)մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք, որը չի կարող փոխարինվել գնորդի համար ընդունելի ժամկետում,

 բ)ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 1 օրից ավելի:

Պայմանագրերի 3.2.4 կետի համաձայն՝ գնորդը պարտավոր է ապրանքի քանակի, տեսականու, որակի մասին պայմանագրի պայմանները խախտելու մասին վաճառողին ծանուցել թերությունները հայտնաբերելուց հետո անմիջապես կամ այն բանից հետո` ողջամիտ ժամկետում, երբ պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լինի`ելնելով ապրանքի բնույթից և նշանակությունից (հատոր 1, գ.թ. 11-142):

2) Համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի 09.03.2017 թվականի թիվ Ե-519 գրության համաձայն՝ Աբովյանի համայնքապետարանը, ղեկավարվելով ՀՀ Կառավարության 10.02.2011 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» թիվ 168-Ն որոշման 36-րդ կետի 17) ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի կողմից կազմակերպված ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ 15-2-16/29 ծածկագրով գնման գործընթացի շրջանակներում Ընկերության հետ կնքված պայմանագրերի թիվ 31 և թիվ 32 չափաբաժիններով տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, անորակ և գործածության համար ոչ պիտանի տավարի ոսկրոտ և փափուկ միս մատակարարելու վերաբերյալ կազմված Աբովյան համայնքի մանկապարտեզների պատասխանատու ստորաբաժանումների արձանագրություններն ու եզրակացությունները, Համայնքի մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների և տնօրենների խորհրդակցության 15.02.2017 թվականի արձանագրությունը, Աբովյանի քաղաքային համայնքի ենթակայության մանկապարտեզների կողմից սննդամթերքի ձեռքբերման գործընթացը պարբերաբար ուսումնասիրելու նպատակով անկախ հանձնաժողովի փետրվարի 8-ի, 13-ի և 20-ի արձանագրությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 22.02.2017 թվականին տրված եզրակացությունը, լուծում է ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակներում «Դեագա» ՍՊԸ-ի հետ կնքված ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-2/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-3/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-4/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-5/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-6/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-7/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-9/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-10/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-12/2 ծածկագրերով պայմանագրերի թիվ 31 և 32 չափաբաժինները:

Միաժամանակ տեղեկացվել է, որ Ընկերությունը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո 5 բանկային օրվա ընթացքում Աբովյանի թվով 9 մանկապարտեզների հաշվեհամարներին փոխանցել ընդհանուր 1.177.410 ՀՀ դրամ տուժանք, որպես պայմանագրերի կատարման ապահովումներ թիվ 31 և 32 չափաբաժիններով չմատակարարված ապրանքի ընդհանուր գումարի 10 տոկոսը (հատոր 1, գ.թ. 9-10)

3) ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» ՊՈԱԿ-ի 22.02.2017 թվականի անասնաբուժական փորձաքննության (000013, 000014) թիվ 465 եզրակացության  (այսուհետ՝ Փորձաքննության եզրակացություն) համաձայն՝ N2 և N3 մանկապարտեզներից փորձաքննության վերցված մսի նմուշը և դրան համապատասխանող խմբաքանակը պիտանի չէ օգտագործելու սննդում (հատոր 2, գ.թ. 24-25)

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և իրավահարաբերության ծագման պահին գործող Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ

1մատակարարման պայմանագիրը լուծելու առանձնահատկություններին,

2Նախկին օրենսգրքի կարգավորումների շրջանակում ապացուցման պարտականությանը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների, առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`

1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք.

3) քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.

4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով.

5) գիտության, գրականության, արվեստի ստեղծագործություններ, գյուտեր և մտավոր գործունեության այլ արդյունքներ ստեղծելու հետևանքով.

6) այլ անձին վնաս պատճառելու հետևանքով.

7) անհիմն հարստացման հետևանքով.

8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով.

9) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է քաղաքացիական իրավական հետևանքների առաջացում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 538-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխել կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) թույլատրվում է, եթե պայմանագրի մյուս կողմն էականորեն խախտել է պայմանագիրը (466 հոդվածի 2-րդ կետ):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մատակարարի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`1) մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, որոնց թերությունները չեն կարող վերացվել գնորդի համար ընդունելի ժամկետում. 2) բազմիցս խախտվել են ապրանքների մատակարարման ժամկետները:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ կարող են նախատեսվել մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելու կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելու այլ հիմքեր:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մատակարարման պայմանագիրը համարվում է փոփոխված կամ լուծված` այդ մասին կողմերից մեկի ծանուցումը մյուս կողմի ստանալու պահից, եթե ծանուցման մեջ նախատեսված չէ կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ պայմանագրի փոփոխման կամ լուծման այլ ժամկետ:

Վերոնշյալ հոդվածների իրավական բովանդակության վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով կողմի՝ գնորդի կամ մատակարարի պահանջով մատակարարման պայմանագիրը լուծելու հիմքերը, ամրագրել է նաև կողմերի իրավունքը՝ սահմանելու մատակարարման պայմանագրով պայմանագիրը լուծելու ինքնուրույն այլ հիմքեր: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրական նման կարգավորումը բխում է պայմանագրի ազատության սկզբունքից, ըստ որի՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Ամփոփելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մատակարարման պայմանագրով կողմերը կարող են սահմանել  պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու ինչպես օրենքով նախատեսված, այնպես էլ՝ այլ հիմքեր, որոնց առկայությունը հիմք է պայմանագիրը լուծելու համար:

 

2. Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նախկին օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներում անդրադառնալով նշված իրավակարգավորումների վերլուծությանը, արձանագրել է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը: ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2020 թվականի որոշումները)։

Վերը նշված հոդվածների վերլուծության և ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործով դատարանը պետք է պարզի գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:  Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում, դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը: Օրենսդիրն այդպես է սահմանել, քանի որ որևէ փաստի վրա հիմնվող կողմն իրազեկ է և դատարանին կարող է ցույց տալ տվյալ փաստի մասին տեղեկություններ պարունակող աղբյուրները: Ենթադրվում է, որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի մանկապարտեզների 2017 թվականի կարիքների համար սննդամթերքի ձեռքբերման նպատակով «Դեագա» ՍՊԸ (վաճառող) և Աբովյան համայնքի (գնորդ) մանկապարտեզների միջև կնքվել է թվով 9 սննդամթերքի մատակարարման գնման պայմանագրեր: ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի 09.03.2017 թվականի թիվ Ե-519 գրության համաձայն՝ Աբովյանի համայնքապետարանը, լուծել է ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակներում «Դեագա» ՍՊԸ-ի հետ կնքված ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-2/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-3/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-4/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-5/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-6/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-7/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-9/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-10/2, ԱԲՀ-ՇՀԱՊՁԲ-15-2-16/29-12/2 ծածկագրերով պայմանագրերի թիվ 31 և 32 չափաբաժինները: Միաժամանակ տեղեկացվել է, որ ընկերությունը պարտավոր է ծանուցումը ստանալուց հետո 5 բանկային օրվա ընթացքում Աբովյանի թվով 9 մանկապարտեզների հաշվեհամարներին փոխանցել ընդհանուր 1.177.410 ՀՀ դրամ տուժանք, որպես պայմանագրերի կատարման ապահովումներ թիվ 31 և 32 չափաբաժիններով չմատակարարված ապրանքի ընդհանուր գումարի 10 տոկոսը: ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի մանկապարտեզների 2017 թվականի կարիքների համար սննդամթերքի ձեռքբերման նպատակով «Դեագա» ՍՊԸ (վաճառող) և Աբովյան համայնքի (գնորդ) մանկապարտեզների միջև կնքված թվով 9 սննդամթերքի մատակարարման գնման պայմանագրերի 3.1.7 կետի համաձայն՝ գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը: Նույն պայմանագրի 3.1.7.1-ի համաձայն` վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝ ա)մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք, որը չի կարող փոխարինվել գնորդի համար ընդունելի ժամկետում, բ)ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 1 օրից ավելի: Համայնքը միակողմանի լուծել է պայմանագրերը` հիմքում դնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» ՊՈԱԿ-ի 22.02.2017 թվականի թիվ 465 եզրակացությունը:

Դատարանը հայցը բավարարել է այն հիմնավորմամբ, որ Համայնքի ղեկավարը միանձնյա, առանց դատարան դիմելու չէր կարող լուծել Ընկերության և Աբովյան համայնքի թվով 9 մանկապարտեզների հետ կնքված պայմանագրերը, քանի որ պայմանագրի լուծումը կամ փոփոխումը կարող է կատարվել միայն դատական կարգով: Միաժամանակ, Դատարանը, պատճառաբանելով, որ չի հիմնավորվել Ընկերության կողմից մատակարարման պայմանագրերով անպատշաճ որակի ապրանք մատակարարելու և պայմանագրի էական խախտում թույլ տված լինելու հանգամանքը, անվավեր է ճանաչել Համայնքի ղեկավարի՝ 09.03.2017 թվականի թիվ Ե-519 ակտը /գրությունը/ և գտել է, որ Ընկերության հաշվից կատարված 4.137.503 ՀՀ դրամ գումարի չափով պահումը չի կարող համարվել իրավաչափ, ուստի նշված գումարը ենթակա է վերադարձման:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի՝ 24.07.2018 թվականի վճիռն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ գործի քննությամբ չի հիմնավորվել պատասխանողի կողմից անպատշաճ որակի ապրանք ստացած լինելու պարագայում պայմանագրի 3.1.2 կետով սահմանված գործողություններից մեկի կատարումը, մասնավորապես՝ գնորդը չի պահանջել որպեսզի անպատշաճ որակի ապրանքը փոխարինվի պատշաճ որակի ապրանքով, ինչպես նաև չի հրաժարվել ապրանքն ընդունելուց, այլ տևական ժամանակ շարունակել է Ընկերությունից գնել ինչպես տավարի փափուկ, այնպես էլ ոսկրոտ միս` դրա դիմաց կատարելով համապատասխան վճարումներ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ գնորդը պետք է ապրանքի ընդունման պահին տեղյակ պահեր մատակարարին մատակարարված ապրանքի որակի վերաբերյալ իր կասկածների ու դրան համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին, մինչդեռ միակողմանի կերպով, առանց նախապես մակատարարին տեղյակ պահելու նշանակել է փորձաքննություն, ինչն էլ հիմք է տվել հայցվորին ունենալու ողջամիտ կասկած առ այն, որ փորձաքննությանը տրամադրված մսի նմուշը նոր թե նախկինում մատակարարված խմբաքանակից է վերցվել, մինչև փորձաքննության տրամադրելն ինչպիսի պայմաններում է միսը պահվել` հաշվի առնելով մսի` որպես արագ փչացող ապրանքի բնույթը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի եզրահանգումներն իրավաչափ են:

Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Կողմերի միջև կնքված պայմանագրերով նախատեսված է եղել գնորդի կողմից պայմանագրի միակողմանի լուծման հիմք, այն է` երբ մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք, որը չի կարող փոխարինվել գնորդի համար ընդունելի ժամկետում (պայմանագրերի 3.7.1 կետ և 3.7.1.1 ենթակետ):

Նշված դրույթի վերլուծությունից բխում է, որ գնորդը նշված կետով սահմանված իր իրավունքից օգտվելու համար պետք է հիմնավորի, որ մատակարարվել է անպատշաճ որակի ապրանք և այդ ապրանքը չի կարող փոխարինվել իր համար ընդունելու ժամկետներում: Համայնքը ի հիմնավորումն անպատշաճ որակի ապրանք մատակարարված լինելու հանգամանքի ներկայացրել է Փորձաքննության եզրակացությունը, որի ուսումնասիրությունից հնարավոր չէ պարզել, թե ինչ մսից է վերցվել փորձաքննության ուղարկված նմուշը, և թե ինչ պայմաններում է այն պահվել մինչ փորձաքննության ուղարկելը:

Վճռաբեկ դատարանն  արձանագրում է, որ առանց վերոնշյալ հարցերը Համայնքի կողմից ապացուցելու չի կարող հիմնավորվել Ընկերության կողմից պայմանագրի էական խախտում թույլ տալու հանգամանքը, ինչն ուղղակիորեն անհիմն է դարձնում Ընկերության հետ կնքված թվով 9 պայմանագրերը լուծելը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ Փորձաքննության եզրակացության նմուշները վերցվել են թվով երկու մանկապարտեզից, մինչդեռ լուծվել են թվով ինը մանկապարտեզի հետ կնքված պայմանագրերը:

Անդրադառնալով սույն գործում առկա ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի կողմից հրավիրված նիստի տեսագրությանը, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նշված տեսագրությունում թիվ 2 և 3 մանկապարտեզների ներկայացուցիչներն իրենց ելույթով հայտնում են, որ ապրանքն ընդունելիս այն բացել և հանել են պոլիէթիլենային տոպրակից, միսը եղել է անհոտ, գույնը եղել է լավը, յուղայնությունը նորմալ, միսը չի եղել չորացած, տեսքը եղել է լավը: Ապրանքն ընդունելուց հետո այն մշակել են և դրել սառնարանի վերևի մասում, սառեցման համար: Մսի մշակման ընթացքում որևէ արտասովոր բան չեն նկատել: Բացի այդ նաև հայտնել են, որ ապրանքը ընդունելիս ընդհանրապես իրենք կարևորում են անասնաբույժի կողմից տրված տեղեկանքը, մսի տեսքը, հոտ ունի արդյոք, թե՝ ոչ, գույնը, չորությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձաքննության հանձնված մսի նմուշի ծագման և մատակարարված մսի պահպանման պայմանների վերաբերյալ հարցերը պարզելու տեսանկյունից սույն տեսագրությունը չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ, քանի որ տեսագրությունում առկա տեղեկատվությունը, որը տրամադրվում է մանկապարտեզի աշխատակիցների կողմից, բավարար չէ հաստատելու, որ փորձաքննության համար նմուշը վերցվել է հենց Ընկերության կողմից մատակարարված մսի թարմ չափաբաժնից, ինչպես նաև որ այդ միսը 20.02.2017 թվականին մանկապարտեզի կողմից ընդունվելուց հետո մինչև փորձաքննության հանձնելը պատշաճ պայմաններում է պահպանվել:

 

   Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Դատարանը, հայցը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար, նույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Համայնքի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

     

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

    

Ո Ր Ո Շ Ե Ց
  

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.11.2018 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան