Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.08.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/10036/05/18 

2021 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10036/05/18

Նախագահող դատավոր՝

Ա. Թովմասյան

Դատավորներ՝

Կ. Ավետիսյան

Կ. Բաղդասարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի օգոստոսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գևորգ Բաղդասարյանի ընդդեմ Ծառայության՝ 31.08.2018 թվականի թիվ ԱԴ 672261 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գևորգ Բաղդասարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 31.08.2018 թվականի թիվ ԱԴ 672261 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 30.11.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և
Դատարանի
30.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Ժիրայր Կարապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերն անհիմն են, չեն համապատասխանում գործում եղած ապացույցներին և հակասում են ՀՀ օրենսդրությանը։ Դրանք կայացվել են նյութական և դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծմանը։

Սույն գործով ինչպես հայցվորը, այնպես էլ ստորադաս դատարաններն ընդունում են իրավախախտման փաստի առկայությունը, սակայն դա կապում են այլ մարմնի գործողությունների հետ, ինչը վարչական պատասխանատվությունից ազատելու հիմք հանդիսանալ չի կարող։

Տվյալ դեպքում անձը պետք է և կարող էր գիտակցել, որ տրանսպորտային միջոցը վարում է ընդհանուր օգտագործման ճանապարհով և պետք է ունենա գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Միաժամանակ, եթե արարքը պայմանավորված է եղել այլ անձանց կամ մարմինների գործողություններով, ապա անձը զրկված չէ հետադարձ պահանջի իրավունքով դիմել այդ անձանց կամ մարմինների դեմ՝ իր կրած վնասների հատուցման հայցով։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության I Գումարտակի VII դասակի տեսուչ Հրայր Սիմոնյանի կողմից 31.08.2018 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի համաձայն` WOLKSVAGEN մակնիշի B007MP21 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ժամը 21:50-ին Սայաթ-Նովա պողոտայում երթևեկել է առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի, որը նախատեսված է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն արձանագրության համաձայն՝ վարորդը հրաժարվել է այն ստորագրելուց, բացատրություն տալուց և որոշման պատճենը ստանալուց (գ.թ. 22).

2) Նշված արձանագրության հիման վրա Ծառայության կողմից կազմվել է թիվ ԱԴ 672261 որոշումը, որով Գևորգ Բաղդասարյանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 5)։

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

 Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՞ք այլ պետական մարմինների կողմից լիազորությունների ենթադրյալ ոչ պատշաճ իրականացնելը և դրա արդյունքում անձի՝ օրենքով սահմանված իրավական պարտականության մասին ենթադրաբար չծանուցելը հիմք են արարքի կատարման մեջ անձի մեղքը բացառելու և վերջինիս վարչական պատասխանատվության չենթարկելու համար։

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում. արդյոք, տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ (...)։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի համակցված վերլուծությանը, իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել՝ կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով՝ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին (տե՛ս, Արսեն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4936/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

 Նմանատիպ իրավական դիրքորոշում արտահայտել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ նշելով, որ վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Հետևաբար` մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը:

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվություն է նախատեսել առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով վարելու համար: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված զանցանքի ոտնձգության օբյեկտը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է:

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խնդրո առարկա իրավանորմով նախատեսված պատասխանատվության առաջացման համար անհրաժեշտ է զանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող նշված պայմանների միաժամանակյա առկայությունը, այն է՝ տրանսպորտային միջոց վարելը Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով և տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի բացակայությունը: Այսինքն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու իրավական պարտականության մասին ծանուցված լինելն օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ չէ, ուստի այն չի կարող հանդիսանալ վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ խնդրո առարկա իրավախախտման սուբյեկտը հակաիրավական, մեղավոր արարքը կատարած անձն է, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարողը:

Անդրադառնալով զանցակազմի սուբյեկտիվ կողմին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն իրավախախտի հոգեբանական վերաբերմունքն է հակաիրավական արարքի և դրա հետևանքների նկատմամբ, որը, որպես ընդհանուր կանոն, կարող է արտահայտվել մեղքի երկու ձևով էլ, ինչպես դիտավորության, այնպես էլ անզգուշության: Վարչական իրավախախտման փաստակազմից յուրաքանչյուրի բացակայությունը հանգեցնում է հենց իրավախախտման փաստի բացակայությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե անձը գիտակցում է, որ տրանսպորտային միջոցը վարում է ՀՀ տարածքում գտնվող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհով առանց տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու, ապա առկա են բոլոր անհրաժեշտ և բավարար պայմաններն անձի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական պատասխանատվությունը կիրառելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում անձի մեղքի առկայությունը կամ բացակայությունը չի կարող պայմանավորված լինել օրենքով սահմանված իրավական պարտականության մասին այլ պետական մարմինների կողմից ծանուցված լինելու կամ չլինելու հանգամանքով: Վճռաբեկ դատարանը հավելում է, որ այս դեպքում գործում է «օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից» («ignorantia non est argumentum») հանրահայտ սկզբունքը: Այսինքն՝ այլ պետական մարմինների կողմից լիազորությունների ենթադրյալ ոչ պատշաճ իրականացնելը և դրա արդյունքում անձի՝ օրենքով սահմանված իրավական պարտականության մասին ենթադրաբար չծանուցելը հիմք չեն արարքի կատարման մեջ անձի մեղքը բացառելու և վերջինիս վարչական պատասխանատվության չենթարկելու համար։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Գևորգ Բաղդասարյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 31.08.2018 թվականի թիվ ԱԴ 672261 որոշումը, այն հիմնավորմամբ, որ վարչական իրավախախտման մեջ բացակայել է իր մեղքի առկայությունը, իսկ վարչական ակտը կայացվել է պետական մարմինների կողմից իրենց պաշտոնական լիազորությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում: Նշված վարչական ակտով Գևորգ Բաղդասարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, այն է՝ տրանսպորտային միջոցը վարել է չունենալով գործող ԱՊՊԱ պայմանագիր:

Դատարանը 30.11.2018 թվականի վճռով հայցը բավարարել է՝ վարչական ակտը ճանաչել է անվավեր՝ այն օրենսդրական պահանջների խախտմամբ կայացված լինելու հիմքով, պատճառաբանելով, որ Գևորգ Բաղդասարյանը մաքսային մարմինների կողմից չի նախազգուշացվել պարտադիր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պահանջի մասին և անձի կողմից ծանուցված չլինելու կասկածի առկայության պայմաններում, վարչական մարմինը չի ձեռնարկել բավարար միջոցներ պարզելու համար անձի մեղքի առկայությունը: Արդյունքում՝ Դատարանը գտել է, որ վարչական վարույթի նյութերի ուսումնասիրությունից չի բխում անձի մեղավոր լինելու հանգամանքը, ուստի անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության։

Վերաքննիչ դատարանը Ծառայության վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ վարչական մարմինը պարտավոր էր պարզել մաքսային մարմնի կողմից հայցվորին ՀՀ տարածքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականության մասին ծանուցելու փաստը, քանի որ միայն ծանուցման և դրա վրա հայցվորի ստորագրության առկայությամբ կարող էր հաստատվել հայցվորի մեղքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավախախտում կատարելու մեջ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Գևորգ Բաղդասարյանը տրանսպորտային միջոցով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, և վերջինիս պնդմամբ մաքսային մարմինների կողմից չի նախազգուշացվել պարտադիր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պահանջի մասին։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերջինս տրանսպորտային միջոցը վարել է Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի:

Ծառայության 31.08.2018 թվականի թիվ ԱԴ 672261 որոշմամբ Գևորգ Բաղդասարյանը ենթարկվել է վարչական տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով՝ առանց տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելու համար։

Նշված վարչական ակտը անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջի քննությունն իրականացնելիս՝ և՛ Դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը ելակետային են համարել խնդրո առարկա իրավախախտման կատարման մեջ հայցվոր Գևորգ Բաղդասարյանի մեղքի առկայության հարցի պարզումը, որը պայմանավորել են մաքսային մարմնի կողմից իր պարտականության կատարման թերացման հետ: Մասնավորապես՝ ստորադաս դատարանները կարևորել են մաքսային մարմնի՝ տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս ԱՊՊԱ պայմանագրի կնքման վերաբերյալ գրավոր ծանուցման տրամադրման պարտականության ենթադրյալ ոչ պատշաճ կատարումը (ՀՀ կառավարության 12.05.2011 թվականի «Հայաստանի հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» թիվ 702-Ն որոշում):

Մինչդեռ վերոշարադրյալ իրավական և փաստական հանգամանքների համակարգված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ստորադաս դատարանները քննարկման առարկա են դարձրել սույն վեճի լուծման համար նշանակություն չունեցող հարց՝ մաքսային մարմնի գործողությունները և թերացումները, և անտեսել են այն հանգամանքը, որ հայցվոր Գևորգ Բաղդասարյանի մեղավորությունն օրենքով իր վրա դրված ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականության չկատարման մեջ պայմանավորված չէ այլ վարչական մարմինների կողմից ծանուցման պարտականության կատարման կամ չկատարման հանգամանքով:

Հետևաբար, հիմք ընդունելով մաքսային մարմնի կողմից չծանուցելու արդյունքում թույլ տված թերացումը, և այն անուղղակիորեն կապելով վարչական ակտն օրենքի խախտմամբ կայացված լինելու հետ, ստորադաս դատարանները կայացրել են չհիմնավորված դատական ակտեր: Փաստորեն ստորադաս դատարանները գործի համար ոչ էական հանգամանքները դարձնելով ելակետ և դնելով գործի լուծման հիմքում՝ եկել են ոչ իրավաչափ եզրահանգման:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավախախտումը կատարելու մեջ Գևորգ Բաղդասարյանի մեղավորությունը առկա չլինելու հիմքով Ծառայության որոշումն անվավեր ճանաչելով՝ Դատարանը եկել է ոչ իրավաչափ եզրահանգման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշում, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը)։

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից։ Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից (տե՛ս, Քրիստինա Գևորկյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6661/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը)։

Հաշվի առնելով, որ Գևորգ Բաղդասարյանը իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից, և նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, իսկ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Ծառայության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Գևորգ Բաղդասարյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` Գևորգ Բաղդասարյանի հայցը մերժել։

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: