Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-121-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (24.09.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.24/40(412) Հոդ.768
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են հողերի բերրիության պահպանության և բարձրացման, հողատարումից և աղակալումից պաշտպանման, գյուղատնտեսական շրջանառության մեջ սակավ բերրի հողերի ընդգրկման նպատակով գյուղատնտեսական հողերի մելիորացիայի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

գյուղատնտեսական հողերի մելիորացիա (այսուհետ՝ մելիորացիա)՝ ջրային, օդային ու ջերմային անբարենպաստ ռեժիմներ, անբավարար քիմիական և ֆիզիկական հատկանիշներ ունեցող հողերի բարելավում` հիդրոտեխնիկական, կուլտուրտեխնիկական, քիմիական, ագրոտեխնիկական և այլ մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու միջոցով այդ հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ներառելու նպատակով.

մելիորացվող հողեր՝ հողեր, որոնց սակավ բերրիությունը բարելավվում է մելիորատիվ միջոցառումների իրականացման շնորհիվ.

մելիորացված հողեր՝ հողեր, որոնց վրա իրականացվել է մելիորացիա.

մելիորատիվ հողեր՝ մելիորացվող, ինչպես նաև մելիորացիայի ենթակա հողեր.

հիդրոտեխնիկական մելիորատիվ համակարգեր (այսուհետ՝ մելիորատիվ համակարգեր)՝ հիդրոտեխնիկական կառուցվածքների համակարգ, որն ապահովում է հողի ջրային, աղային, օդային, ջերմային և սնուցման օպտիմալ ռեժիմները.

մելիորատիվ միջոցառումներ՝ մելիորատիվ համակարգերի շինարարություն, վերանորոգում, վերականգնում և շահագործում, ջրարբիացման իրականացում, հակահողատարային և դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնում, հողի ֆիզիկական և ագրոքիմիական հատկանիշների բարելավմանն ուղղված աշխատանքներ, այդ աշխատանքների գիտական և արտադրատեխնիկական ապահովում:

Հոդված 3. Մելիորացիայի մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում մելիորացիայի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, օրենքներով և իրավական այլ ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Մելիորացիայի տեսակները

Մելիորատիվ միջոցառումների բնույթից ելնելով` տարանջատվում են մելիորացիայի հետևյալ տեսակները`

հիդրոտեխնիկական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է բարելավելու չորային, ճահճակալված, գերխոնավ, աղակալված, հողատարված, լվացված և այլ կարգի հողերի ջրային, աղային, օդային, ջերմային և սնուցման ռեժիմները` ոռոգում, ցամաքեցում, աղուտների աղազերծում և լվացում, հակասողանքային, հակահեղեղային, հակահողատարային և այլ մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու միջոցով.

ագրոտեխնիկական մելիորացիա` հողապաշտպան, ջրակարգավորիչ և այլ բնույթի մելիորատիվ միջոցառումների համակարգ, որն իրականացվում է հակահողատարային և դաշտապաշտպան անտառաշերտեր հիմնելու միջոցով.

կուլտուրտեխնիկական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որի նպատակն է հողերի մաքրումը քարերից, կոճղերից, բուսական ծածկույթից և այլ առարկաներից, հողերի ռեկուլտիվացիան և այլն.

քիմիական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է հատուկ քիմիական նյութեր կիրառելու միջոցով բարելավելու հողերի քիմիական և ֆիզիկական հատկանիշները:


Գ Լ ՈՒ Խ  2

ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Մելիորացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) իրավասություններն են`

1) պետական քաղաքականության որոշումը.

2) ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.

3) պետական սեփականության մելիորատիվ համակարգերի տիրապետումը, տնօրինումը և օգտագործումը.

4) մելիորատիվ միջոցառումների պետական ծրագրերի ընդունումը և դրանց իրականացման ապահովումը:

Հոդված 6. Լիազորված պետական մարմինների իրավասությունները

Մելիորացիայի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմինների իրավասություններն են`

1) ծրագրերի մշակումը և իրականացումը.

2) հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի վարումը.

3) գրունտային ջրերի մակարդակների մոնիտորինգի վարումը.

4) կոլեկտորադրենաժային ցանցերի շահագործման կազմակերպումը.

5) մելիորատիվ միջոցառումների ծրագրավորումը.

6) մելիորատիվ համակարգերի անձնագրավորումը.

7) մելիորատիվ հողերի հաշվառման և մոնիտորինգի կազմակերպումը.

8) մելիորացիայի բնագավառի ստանդարտներ և նորմեր սահմանող իրավական ակտերի նախագծերը կառավարության քննարկմանը ներկայացնելը.

9) հողերի մելիորատիվ վիճակի գնահատումը մելիորատիվ միջոցառումների իրականացումից առաջ և հետո:


Գ Լ ՈՒ Խ  3

ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ


Հոդված 7. Մելիորատիվ միջոցառումների իրականացումը

Մելիորատիվ միջոցառումները կարող են իրականացվել միայն հողամասի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի համաձայնությամբ:

Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից կամ նրանց պատվերով մելիորատիվ միջոցառումների ծրագրավորման դեպքում մելիորացիայի տեսակները և իրականացման ծավալները որոշվում են կառավարության սահմանած նորմերին և ստանդարտներին համապատասխան:

Մելիորացիայի տեսակը որոշվում է` հաշվի առնելով մելիորացվող տարածքի բնակլիմայական առանձնահատկությունները և գյուղատնտեսության կարիքները:

Հոդված 8. Մելիորատիվ միջոցառումների իրականացման նպատակով հողերի օգտագործումը

Մելիորացիայի ենթակա հողերը մելիորատիվ միջոցառումների անցկացման ամբողջ ժամանակահատվածում, հողամասի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի և մելիորացիա իրականացնողի միջև կնքված պայմանագրի համաձայն, օգտագործվում են մելիորացիա իրականացնողի կողմից:

Հոդված 9. Մելիորացված հողերի տնօրինումը

Իրավասու մարմնի հետ կնքված պայմանագրի համաձայն պետական սեփականության հողամասերի վրա սեփական միջոցներով աղազերծման մելիորատիվ աշխատանքներ իրականացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կառավարության կողմից հաստատված կարգով տրամադրվում է այդ հողամասի ուղղակի գնման (կամ առանց մրցույթի վարձակալման) իրավունք:

Համայնքային սեփականության հողամասերի վրա սեփական միջոցներով աղազերծման մելիորատիվ աշխատանքներ իրականացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց այդ հողամասի ուղղակի վաճառքի (կամ առանց մրցույթի վարձակալման) պայմանները սահմանվում են համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով:

Հոդված 10. Մելիորատիվ համակարգերի շահագործումը և պահպանումը

Մելիորատիվ համակարգերի շահագործումը և պահպանումն իրականացնում է սեփականատերը և (կամ) օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման, տիրապետման իրավունք ստացած անձը:

Հոդված 11. Մելիորատիվ միջոցառումների իրականացման բնապահպանական և  էներգետիկ անվտանգության պահանջները

Մելիորատիվ միջոցառումների իրականացումը չպետք է խախտի էներգետիկական տեղակայանքների բնականոն աշխատանքը կամ հանգեցնի դրանց վնասմանը:

Մելիորատիվ միջոցառումներն իրականացվում են՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության ջրային, հողային, էներգետիկայի, անտառային և բնապահպանական ոլորտների օրենսդրության պահանջները:


Գ Լ ՈՒ Խ  4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ


Հոդված 12. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-121-Ն