ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ՍնԴ/1735/04/19
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1735/04/19
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան
Դատավորներ՝ |
Հ. Ենոքյան |
Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հունիսի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Հովհաննես Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ
Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Հովհաննես Գրիգորյանին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 28.11.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 22.01.2020 թվականի «Հովհաննես Վոլոդյայի Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի նախնական ցուցակը որպես վերջնական հաստատելու միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշմամբ հաստատվել է Հովհաննես Գրիգորյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության` 22.01.2020 թվականի դրությամբ. պարտատեր` Կոմիտե, պահանջի չափը` 1.291.483 ՀՀ դրամ, չապահովված պահանջ` «է» հերթ:
Դատարանի 06.02.2020 թվականի «Որոշման մեջ առկա գրասխալը ուղղելու վերաբերյալ» որոշմամբ Դատարանի 22.01.2020 թվականի «Հովհաննես Վոլոդյայի Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի նախնական ցուցակը որպես վերջնական հաստատելու միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշման մեջ կատարվել է գրասխալի ուղղում: Որոշվել է Կոմիտեի 100.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը կարդալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի «դ» հերթի պահանջ, իսկ 1.191.483 ՀՀ դրամը` չապահովված «է» հերթի պահանջ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.01.2020 թվականի «Հովհաննես Վոլոդյայի Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի նախնական ցուցակը որպես վերջնական հաստատելու միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով Կոմիտեն, այլ քաղաքացիական գործով հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձման ենթակա դատական ծախսերի մասով որպես պահանջատեր, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում և կարգով ներկայացրել է 1.291.483 ՀՀ դրամի չափով պահանջ, որն առաջացել է թիվ ԵԿԴ/0746/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.10.2017 թվականի վճռի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 26.04.2018 թվականին կայացված որոշման հիման վրա: Ընդ որում, հաշվի առնելով, որ այդ պահանջը հանդիսանում է դատական ծախսի գծով պարտավորություն` Կոմիտեն խնդրել է այն գրանցել որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթի պահանջ:
Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը` «դատական ծախս» եզրույթի վերաբերյալ, չի բխում գործող իրավակարգավորումներից և չի կարող համարվել իրավունքի նորմին տրված իրավական, համոզիչ և օբյեկտիվ մեկնաբանություն:
Հաշվի առնելով վերը նշվածը` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի առնչությամբ առկա է միասնական դատական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ՍնԴ/1735/04/19 սնանկության գործով որոշումը վերացնել` հնարավորության դեպքում կայացնելով նոր դատական ակտ»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կոմիտեն 23.12.2019 թվականին դատարան մուտքագրված դիմումով խնդրել է գրանցել իր` 1.291.483 ՀՀ դրամի չափով պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հերթում` պահանջի հիմքում դնելով թիվ ԵԿԴ/0746/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.10.2017 թվականի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 26.04.2018 թվականի որոշումը և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կայացված կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշումը (գործի հավելված, գ.թ. 10-11):
2) Դատարանի 22.01.2020 թվականի որոշմամբ հաստատվել է Հովհաննես Գրիգորյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության 22.01.2020 թվականի դրությամբ.
պարտատեր` Կոմիտե, պահանջի չափը` 1.291.483 ՀՀ դրամ, պահանջների հերթն ըստ խմբերի` չապահովված պահանջ «է» հերթ (գործի հավելված, գ.թ. 16-18):
3) Դատարանի 06.02.2020 թվականի որոշմամբ 22.01.2020 թվականի «Հովհաննես Վոլոդյայի Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի նախնական ցուցակը որպես վերջնական հաստատելու միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշման մեջ կատարվել է գրասխալի ուղղում: Որոշվել է Կոմիտեի 100.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը կարդալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի «դ» հերթի պահանջ, իսկ 1.191.483 ՀՀ դրամը` չապահովված «է» հերթի պահանջ (գործի հավելված, գ.թ. 22-23):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված «դատական ծախսեր» հասկացությունը պետք է մեկնաբանել որպես բացառապես նույն գործի շրջանակներում առաջացած դատական ծախս, թե՞ այն իր մեջ կարող է ներառել նաև այլ գործերով դատական ծախսերը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված բոլոր պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասերը համարվում են չապահովված պահանջներ, այդ թվում` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պահանջները և պարտապանի գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, որոնց առաջնահերթությունը սահմանված է նույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասով:
Օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով սպառիչ կերպով սահմանել է պարտատերերի չապահովված պահանջների բավարարման հերթականությունը: Մասնավորապես, նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրվել է, որ դատական ծախսերի տեսքով պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են «դ» հերթում, իսկ չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների, բավարարվում են «է» հերթում:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ բոլոր այն պահանջները, որոնք ապահովված չեն գրավով կամ երաշխիքով (երաշխավորությամբ) համարվում են չապահովված պահանջներ: Այդ պահանջների առաջնահերթությունը սահմանված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասով: Ընդ որում, նույն իրավանորմով օրենսդիրն ամրագրել է նաև պահանջների բավարարման հերթականությունը: Մասնավորապես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով ամրագրված է, որ որպես չապահովված պահանջներ, կարող են բավարարվել դատական ծախսերը: Միաժամանակ, օրենսդիրը նույն հոդվածի 1-ին մասի «է» կետում ամրագրել է, որ բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների` բավարարման են ենթակա չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները: Ընդ որում, գործող իրավակարգավորումներից բխում է, որ սնանկ ճանաչված անձի պարտատերերի վերջնական ցուցակում գրանցված չապահովված պահանջները բավարարման են ենթակա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հերթականությամբ: Նշվածն իր ամրագրումն է գտել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասում, ըստ որի` յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:
Նկատի ունենալով, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում ամրագրել է, որ որպես պարտատիրոջ չապահովված պահանջ` բավարարման են ենթակա դատական ծախսերը, առանց սահմանելու, թե այդ ծախսերը որ գործի շրջանակներում կարող են առաջացած լինել, Վճռաբեկ դատարանը սույն վեճին իրավաչափ լուծում տալու և վերոգրյալ հարցադրմանը պատասխանելու համար, հարկ է համարում անդրադառնալ «դատական ծախս» հասկացությանը:
Այսպես, մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը (տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
Նշվածի համատեքստում, հաշվի առնելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով համապարփակ կարգավորման չեն ենթարկվել սնանկության գործերով առաջացած դատական ծախսերին առնչվող իրավահարաբերությունները, ինչպես նաև չեն ամրագրվել այդ ինստիտուտին վերաբերող հասկացությունների սահմանումները, Վճռաբեկ դատարանը «դատական ծախս» հասկացությունը հարկ է համարում մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթների համատեքստում:
Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հարկադիր սնանկության դիմում դատարան ներկայացնելու համար շահագրգիռ անձը պետք է պետական տուրք վճարի, որն ընդգրկվում է կոնկրետ դիմումի կապակցությամբ հարուցված գործով դատական ծախսերի կազմում և ենթակա է բաշխման քաղաքացիադատավարական նորմերով սահմանված կարգով (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Սևանի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Ստալ Ստիլ» ՍՊԸ-ի թիվ ԳԴ/0017/04/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2020 թվականի որոշումը):
Օրենսդրի տրամաբանությունից հետևում է, որ դատական ծախսերի բաշխման նպատակը դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետության ապահովման մաս է կազմում, հետևաբար` մեկ գործով առաջացած դատական ծախսը, տվյալ գործի առանձնահատկություններով պայմանավորված, մեկ այլ գործի շրջանակներում չի կարող պահպանել իր «դատական ծախս» կարգավիճակը և դիտարկվել որպես այդպիսին: Նշված հետևությանը Վճռաբեկ դատարանը հանգում է` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում: Այսինքն` օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածում տալով դատական ծախսի հասկացության ընդհանրական սահմանումը, դրա վերաբերյալ դրամական պահանջի ծավալը պայմանավորել է բացառապես կոնկրետ դատական գործի շրջանակներում առաջացած դատական ծախսերից։
Վերոգրյալից հետևում է, որ պետական տուրքը կոնկրետ գործի քննության շրջանակներում առաջացած, պետական մարմնի` դատարանի լիազորությունների իրականացմամբ պայմանավորված և օրենքով սահմանված գործողությունների համար գործին մասնակցող անձանցից ՀՀ պետական բյուջե գանձվող պարտադիր վճար է: Այն, կոնկրետ գործի շրջանակներում ծագած և գործի քննության հետ կապված ծախս է, որն օրենսդրի կողմից ընդգրկվել է դատական ծախսերի մեջ: Այսինքն, պետական տուրքը քաղաքացիական դատավարությունում դիտարկվում է որպես դատական ծախս, որն առաջանում է կոնկրետ գործի շրջանակներում, որի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում, և որը համապատասխանաբար բաշխվում է կոնկրետ գործին մասնակցող անձանց միջև:
Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «դատական ծախս» հասկացությունը կիրառելի է միայն կոնկրետ գործի համար և կոնկրետ գործի շրջանակներում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում ամրագրված «դատական ծախս» հասկացությունը պետք է մեկնաբանել որպես կոնկրետ սնանկության գործի շրջանակներում առաջացած դատական ծախս: Այլ կերպ` մեկ քաղաքացիական գործով վճարման ենթակա պետական տուրքի գումարը մեկ այլ գործի շրջանակներում դատական ծախս համարվել չի կարող և այն կարող է ընդգրկվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում` որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտադիր վճարների գծով պահանջ։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 28.11.2019 թվականի վճռով Կոմիտեի դիմումը բավարարվել է` Հովհաննես Գրիգորյանը ճանաչվել է սնանկ: Միաժամանակ վճռվել է Հովհաննես Գրիգորյանից հօգուտ Կոմիտեի բռնագանձվելիք 100.000 ՀՀ դրամ պետական տուրքը` որպես դատական ծախս, գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում:
Կոմիտեն 23.12.2019 թվականին դատարան մուտքագրված դիմումով խնդրել է գրանցել իր` 1.291.483 ՀՀ դրամի չափով պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հերթում` պահանջի հիմքում դնելով թիվ ԵԿԴ/0746/02/16 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.10.2017 թվականի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.04.2018 թվականի որոշումը և ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կայացված կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշումը:
Դատարանի 22.01.2020 թվականի «Հովհաննես Վոլոդյայի Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի նախնական ցուցակը որպես վերջնական հաստատելու միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշմամբ հաստատվել է Հովհաննես Գրիգորյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության 22.01.2020 թվականի դրությամբ` պարտատեր` Կոմիտե, պահանջի չափը` 1.291.483 ՀՀ դրամ, չապահովված պահանջ` «է» հերթ: Հետագայում, Դատարանի 06.02.2020 թվականի «Որոշման մեջ առկա գրասխալը ուղղելու վերաբերյալ» որոշմամբ Դատարանի 22.01.2020 թվականի «Հովհաննես Վոլոդյայի Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի նախնական ցուցակը որպես վերջնական հաստատելու միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշման մեջ կատարվել է գրասխալի ուղղում: Որոշվել է Կոմիտեի 100.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը կարդալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի «դ» հերթի պահանջ, իսկ 1.191.483 ՀՀ դրամը` չապահովված «է» հերթի պահանջ:
Դատարանը 22.01.2020 թվականի որոշմամբ, անդրադառնալով Կոմիտեի կողմից դատարան ներկայացված պահանջի առաջնահերթությանը, արձանագրել է, որ «Սնանկության մասին ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված դատական ծախսերի մեջ ներառվում են միայն սույն սնանկության գործի քննությամբ պայմանավորված դատական ծախսերը: Թե՛ քաղաքացիական, թե՛ սնանկության գործերի քննության ընթացքում առաջացած դատական ծախսերը «դատական ծախս» են միայն տվյալ գործի շրջանակներում, ուստի թիվ ԵԿԴ/0746/02/16 քաղաքացիական գործով պետական տուրքի գծով դատական ծախսը սույն սնանկության գործով ընդգրկվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի չապահովված պահանջների հերթում:
Վերաքննիչ դատարանը, 30.04.2020 թվականի որոշմամբ մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը, իրավացիորեն արձանագրել է. «(...) բողոքաբերի կողմից նշված քաղաքացիական գործով վճարման ենթակա պետական տուրքի գումարը` ընդհանուր 1.191.483 ՀՀ դրամի չափով սույն սնանկության վարույթի շրջանակներում դատական ծախս չի համարվում և ըստ այդմ` նշված չափով պահանջը չի կարող գրանցվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված հերթում: Նշված հերթում կարող են գրանցվել միայն սույն սնանկության վարույթի շրջանակներում առաջացած դատական ծախսերի գումարները /պետական տուրք, փաստաբանի վարձատրություն և այլն/, ինչպես որ գրանցվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պահանջը` 100.000 ՀՀ դրամի չափով` որպես սույն գործով վճարված պետական տուրքի գումար, իսկ այլ գործի շրջանակներում դատական ծախսերի շրջանակներում առաջացած պարտավորության գումարները ենթակա են գրանցման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում` որպես չապահովված պահանջ, որն առաջացել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ չկատարված պարտավորությունների արդյունքում»:
«Դատական ծախս» հասկացության մեկնաբանման, դրա կիրառելիության և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի դրույթների վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև` նկատի ունենալով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու և իրավունքի զարգացմանը նպաստելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորության պատշաճ իրացման անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վճռաբեկ բողոքով ներկայացված փաստարկներն անհիմն են: Տվյալ դեպքում, ինչպես արդեն վերը նշվեց, թիվ ԵԿԴ/0746/02/16 քաղաքացիական գործով պետական տուրքի գծով դատական ծախսը սույն սնանկության գործով չի կարող համարվել «դատական ծախս», քանի որ այլ գործերով առաջացած դատական ծախսերը «դատական ծախս» են միայն տվյալ գործի շրջանակներում: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն մասին, որ թիվ ԵԿԴ/0746/02/16 քաղաքացիական գործով պետական տուրքի գծով դատական ծախսը սույն գործով գրանցման է ենթակա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում, վերոգրյալ պատճառաբանությունների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը համարում է իրավաչափ:
Միաժամանակ հարկ է նշել, որ անկախ այն հանգամանքից, որ Կոմիտեն, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ուժով, պետական բյուջե բռնագանձվող դատական ծախսերի մասով, համարվում է պահանջատեր, այդուհանդերձ` Կոմիտեի պահանջը` մեկ այլ գործով առաջացած դատական ծախսը սնանկության վարույթում ևս «դատական ծախս» համարելու վերաբերյալ, չի կարող դիտվել իրավաչափ, քանի որ այդ պահանջը որպես «դատական ծախս» կարող է որակվել բացառապես այն գործի շրջանակներում, որի ընթացքում առաջացել է:
Նման պայմաններում, հիմք ընդունելով վերը շարադրվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում ամրագրված «դատական ծախս» եզրույթն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 30.04.2020 թվականի որոշումը վերացնելու համար, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 22.01.2020 թվականի «Հովհաննես Վոլոդյայի Գրիգորյանի սնանկության գործով պարտատերերի նախնական ցուցակը որպես վերջնական հաստատելու միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշումն անփոփոխ թողնելով, կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|