ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/4806/05/17
Վարչական գործ թիվ ՎԴ/4806/05/17
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Դատավորներ՝ |
Ք. Մկոյան |
Կ. Մաթևոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2021 թվականի ապրիլի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՍԻԴՈՅՆԵՐ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «ՄԽԻԹԱՐ ՊԱՊԻԻ ԹՈՌՆԻԿՆԵՐ» ՍՊԸ-ի ընդդեմ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի, երրորդ անձինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, «ՍԻԴՈՅՆԵՐ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Կարմրաշեն համայնքի ավագանու մրցույթ հաստատելու մասին 28.10.2016 թվականի որոշումը, Կարմրաշեն համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ. նշանակության արոտավայրերից 10.8038հա հողատարածքը վարձակալական կարգով Ընկերությանը 25 տարի ժամկետով տրամադրելու մասին թիվ 12 որոշումը, այդ որոշման հիմքով Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի ղեկավարի և Ընկերության միջև 02.12.2016 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը վերացնելու, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից տրված` օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/553 թույլտվության և 22.02.2017 թվականի լեռնահատկացման թիվ Լ-553 ակտի մեջ նշված 18.3հա հողամասը «ՄԽԻԹԱՐ ՊԱՊԻԻ ԹՈՌՆԻԿՆԵՐ» ՍՊԸ-ին 50 տարի ժամկետով վարձակալական իրավունքով տրամադրելուն և համապատասխան վարձակալության պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` «ՄԽԻԹԱՐ ՊԱՊԻԻ ԹՈՌՆԻԿՆԵՐ» ՍՊԸ-ն պահանջել է վերացնել Կարմրաշեն համայնքի ավագանու` մրցույթ հաստատելու մասին 28.10.2016 թվականի որոշումը, Կարմրաշեն համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ․ նշանակության արոտավայրերից 10.8038հա հողատարածքը վարձակալական կարգով Ընկերությանը 25 տարի ժամկետով տրամադրելու մասին թիվ 12 որոշումը, այդ որոշման հիմքով Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի ղեկավարի և Ընկերության միջև 02.12.2016 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, պարտավորեցնել Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքին «ՄԽԻԹԱՐ ՊԱՊԻԻ ԹՈՌՆԻԿՆԵՐ» ՍՊԸ-ին 50 տարի ժամկետով վարձակալական իրավունքով տրամադրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից տրված` օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/553 թույլտվության և 22.02.2017 թվականի լեռնահատկացման թիվ Լ-553 ակտի մեջ նշված 18.3հա հողամասը և կնքել համապատասխան վարձակալության պայմանագիր։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 20.11.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.01.2019 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի (այuուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ www.haypost.amկայքէջից կատարված արտատպումից հետևում է, որ Դատարանի վճիռն Ընկերությունն ստացել է 29.11.2018 թվականին: Դրանից անմիջապես հետո, պահպանելով օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, Ընկերությունը 28.12.2018 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել` այն հանձնելով փոստային կապի ծառայությանը:
Վերաքննիչ դատարանն անգամ չի էլ գնահատել բողոքաբերի կողմից ներկայացված, վերը նշված ապացույցը, չի հայտնել, թե ինչու է այն անհիմն և ինչու չի ընդունվում Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերաքննիչ դատարանը, մերժելով բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, բողոքաբերին զրկել է դատական պաշտպանության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 25.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի խախտում, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն` (...) գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին։ Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ (տե՛ս, Ashingdane v. The United Kingdom թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom թիվ 22083/93 22095/93 գանգատով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:
Մեկ այլ` 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։
ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը, և բողոքը ներկայացվել է դատական ակտն ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե´ս, Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը որդեգրել է այն մոտեցումը, որ բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքն ապացուցված լինելու պարագայում վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure), եթե բողոքը ներկայացվել է դատական ակտն ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում: Այլ կերպ ասած, այն դեպքերում, երբ դատարանը չի կատարում հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը դատավարության մասնակիցներին հանձնելու կամ դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրը նրան ուղարկելու օրենքով իր վրա դրված պարտականությունը, ինչի հետևանքով բողոքարկվող դատական ակտը բողոք բերողի կամքից անկախ նրան հասու է դառնում ուշացումով և բողոքը ներկայացվում է դատական ակտը ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում, ապա բացթողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) ենթակա է վերականգնման։
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 20.11.2018 թվականի վճիռն Ընկերությանն ուղարկելու մասին գրությունը կազմվել է 21.11.2018 թվականին (հավելվածի գ.թ. 11), սակայն գործի հավելվածում բացակայում է նշված դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն Ընկերությանն ուղարկելու նպատակով այն փոստային ծառայությանը հանձնելու մասին անդորրագիրը: Գործի հավելվածում առկա ստացման-հանձնման փոստային հետադարձ ծանուցագրի համաձայն` Դատարանի 20.11.2018 թվականի վճիռն Ընկերության հասցեում` Արագածոտնի մարզ, գ. Դավթաշեն 6-րդ փողոց, թիվ 8 տուն[1], ստացվել է 24.11.2018 թվականին (հավելվածի գ.թ. 12):
Ընկերության ներկայացուցիչը Դատարանի 20.11.2018 թվականի վճռի դեմ փոստային առաքման եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել 28.12.2018 թվականին` միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ Դատարանի վճիռն Ընկերությունն ստացել է 29.11.2018 թվականին, որից հետո մեկամսյա ժամկետում ներկայացրել է վերաքննիչ բողոքը (հավելվածի գ.թ. 15ա-42): Միաժամանակ, Ընկերության ներկայացուցիչը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է www.haypost.am կայքից կատարված քաղվածքը, ըստ որի` թիվ RL022628849AM առաքանին հաճախորդից ընդունվել է 23.11.2018 թվականին և հասցեատիրոջն է հանձնվել 29.11.2018 թվականին (հավելվածի գ.թ. 28):
Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, և վերաքննիչ բողոքի ընդունումը` պատճառաբանելով, որ Դատարանի 20.11.2018 թվականի վճիռն Ընկերությունն ստացել է 24.11.2018 թվականին, սակայն վերաքննիչ բողոքը փոստային առաքման ծառայությանն է հանձնվել 28.12.2018 թվականին, այսինքն` բողոքը բերվել է ՀՀ սահմանադրական դատարանի 26.04.2016 թվականի թիվ ՍԴՈ-1268 որոշմամբ երաշխավորված ժամկետից հետո:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը։
Ընկերության կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված www.haypost.am կայքի քաղվածքում (հավելվածի գ.թ. 28) առկա տվյալներից երևում է, որ թիվ RL022628849AM առաքանին 23.11.2018 թվականին ժամը 11:36:07-ին հանձնվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան բաժանմունք, 26.11.2018 թվականին ժամը 11:02:59-ին հասել է հասցեատիրոջ բնակավայր` գտնվելու վայրը v.Katnaghbyur (Talin) և նույն հասցեում այն հանձնվել է 29.11.2018 թվականին ժամը 4:20:45-ին:
Փաստորեն www.haypost.am կայքի քաղվածքը չի պարունակում որևէ տվյալ, որը թույլ կտար եզրահանգում անել այն մասին, որ թիվ RL022628849AM առաքանին ուղարկվել է Դատարանի կողմից, հասցեագրված է եղել Ընկերությանը և վերջինիս հասցեում` Արագածոտնի մարզ, գ. Դավթաշեն 6-րդ փողոց, թիվ 8 տուն, ստացվել է:
Ինչ վերաբերում է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հ. Ավագյանի 18.02.2019 թվականի թիվ Ել. 2/3-702 գրության պատճենին, որն Ընկերության ներկայացուցիչն առանձին դիմումով ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացրել 11.02.2019 թվականին վճռաբեկ բողոքը բերելուց հետո, այն է՝ 26.02.2019 թվականին, ապա թեև այն Վերաքննիչ դատարանում ներկայացված չի եղել, այդուհանդերձ դրանով ևս վերոգրյալ փաստերը չեն հաստատվում:
Այսպես. ի պատասխան Ընկերության ներկայացուցչի 18.02.2018 թվականի հարցման` «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հ. Ավագյանը նույն օրվա թիվ Ել. 2/3-702 գրությամբ հայտնել է, որ. «(…) թիվ RL022628849AM պատվիրված առաքանին, հասցեագրված «Սիդոյներ» ՍՊԸ-ին, ՀՀ, Թալին, գյուղ Դավթաշեն հասցեով, 23.11.2018թ. ընդունվել է «Հայփոստ» ՓԲԸ Երևանի թիվ 0013 փոստային բաժանմունքում, մշակվել է Փաստի տեսակավորման և փոխանակման կենտրոնում (ՓՏՓԿ), որտեղից ուղարկվել է հասցեն սպասարկող և հանձնումն իրականացնող փոստային բաժանմունք: «Հայփոստ» ՓԲԸ Կաթնաղբյուրի թիվ 0507 փոստային բաժանմունքում առաքանին ստացվել է 26.11.2018թ., կատարվել է առաքանու հասցեական առաքում և 29.11.2018թ. ստորագրությամբ հանձնվել է նշված հասցեում` Արթուր Մարգարյանին (…)»:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ գրությունը չի պարունակում www.haypost.am կայքի քաղվածքում առկա տվյալներից տարբերվող այնպիսի տվյալ, որը թույլ կտա եզրահանգում անել այն մասին, որ թիվ RL022628849AM առաքանին ուղարկվել է Դատարանի կողմից: Նշված գրությունից երևում է միայն, որ թիվ RL022628849AM պատվիրված առաքանին հասցեագրված է եղել Ընկերությանը ՀՀ, Թալին, գյուղ Դավթաշեն հասցեով և 29.11.2018 թվականին ստորագրությամբ հանձնվել է Արթուր Մարգարյանին: Ավելին, գործի հավելվածում առկա է թիվ RL022628849AM առաքանու ծրարի պատճենը (հավելվածի գ.թ. 29), որից նույնպես չի երևում, որ այն առաքվել է Դատարանի կողմից:
Այսպիսով, գործի հավելվածում առկա տվյալների համաձայն` 23.11.2018 թվականին ժամը 11:36:07-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան բաժանմունք է հանձնվել Ընկերությանը հասցեագրված ծրար, որը 26.11.2018 թվականին ժամը 11:02:59-ին հասել է հասցեատիրոջ բնակավայր` գտնվելու վայրը v.Katnaghbyur (Talin) և նույն հասցեում այն հանձնվել է 29.11.2018 թվականին ժամը 4:20:45-ին:
Գործում առկա է նաև Դատարանի կողմից ուղարկված առաքանու ստացման, հանձնման/գրանցման ծանուցագրի պատճենը, որով հաստատվում է, որ Դատարանի վճռի օրինակը` ստորագրությամբ ստացվել է Ընկերության հասցեում` Արագածոտնի մարզ, գ. Դավթաշեն 6-րդ փողոց, թիվ 8 տուն, 24.11.2018 թվականին:
Վերոգրյալ փաստակազմի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն 24.11.2018 թվականը դիտարկել է որպես Դատարանի վճիռն Ընկերության կողմից ստացված լինելու ամսաթիվ ու այն ընդունել որպես դատավարական ժամկետի հաշվարկման ելակետ: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատավարական ժամկետը հաշվարկել է ոչ թե վճռի հրապարակման օրվանից, այլ հիմք է ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի 26.04.2016 թվականի թիվ ՍԴՈ-1268 որոշմամբ երաշխավորված ժամկետը, այն է` բողոքարկվող դատական ակտը բողոք բերող անձի կողմից ստանալու օրվանից, որպիսի պարագայում ևս բողոքը ներկայացվել է մեկամսյա ժամկետի խախտմամբ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև գործի հավելվածում առկա չէ Դատարանի վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դատավարության մասնակիցներին հանձնելու կամ դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրը նրանց ուղարկելու փաստը հաստատող թույլատրելի ապացույց, այդուհանդերձ սույն գործով նշված հանգամանքը որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական ժամկետը հաշվարկելու համար, որպես ելակետ, հիմք է ընդունել ոչ թե վճռի հրապարկման, այլ նշված վճիռը Ընկերության հասցեում ստացված լինելու ամսաթիվը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, (…):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում։
Տվյալ դեպքում Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը վերանայում է Վերաքննիչ դատարանի 25.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը` իրավական գնահատական տալով նշված դատական ակտի հիմնավորվածությանն ու պատճառաբանվածությանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա և Վերաքննիչ դատարանի տիրապետության ներքո գտնվող ապացույցներից որևէ մեկով օբյեկտիվորեն հնարավոր չէր եզրահանգում կատարել այն մասին, որ Դատարանի վճիռն Ընկերությունը ստացել է 29.11.2018 թվականին, իսկ Դատարանի կողմից ուղարկված վճիռն Ընկերության հասցեում ստացված լինելու մասին փոստային հետադարձ ծանուցագիրը (հավելվածի գ.թ. 12) կասկածի տակ դնելու որևէ հիմք առկա չէ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մինչև փաստաթղթերի հատուկ առաքման սակագները փոստային կապի ազգային օպերատորի կողմից հաստատվելը նույն օրենսգրքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում առաքանին ուղարկելը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնումը ստացականով:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, և վերաքննիչ բողոքի ընդունումը, կայացրել է պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: