Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0268/02/18

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0268/02/18

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան  

Դատավորներ՝

Հ. Ենոքյան

 

Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Գևորգ Հովհաննիսյանից և Արթուր Ավդալյանից համապարտության կարգով, հօգուտ իրեն բռնագանձել 388.000 ՀՀ դրամ, որից` 103.000 ՀՀ դրամը` որպես ավտոմեքենային պատճառված և բյուրոյի կողմից հատուցված վնաս, 15.000 ՀՀ դրամը` որպես նշանակված փորձաքննության դիմաց Բյուրոյի կողմից վճարված գումար, 270.000 ՀՀ դրամը՝ որպես Արևշատ Թադևոսյանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված անձնական վնաս: Միաժամանակ խնդրել է տրամադրված ժամկետի ավարտից՝ 31.12.2017 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի կողմից ապօրինի պահված 373.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, ինչպես նաև Բյուրոյի կողմից նախապես վճարված 7.760 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Գևորգ Հովհաննիսյանից, Արթուր Ավդալյանից, համապարտության կարգով, հօգուտ Բյուրոյի բռնագանձել 388.000 ՀՀ դրամ, որից` 103.000 ՀՀ դրամը` որպես ավտոմեքենային պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնաս, 15.000 ՀՀ դրամը` որպես նշանակված փորձաքննության դիմաց Բյուրոյի կողմից վճարված գումար, 270.000 ՀՀ դրամը՝ որպես Արևշատ Թադևոսյանին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված անձնական վնաս: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.01.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 12.07.2019 թվականի վճիռը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու պահանջը մերժելու մասով, մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել հետևյալ կերպ` «Գևորգ Զավենի Հովհաննիսյանից և Արթուր Վաղինակի Ավդալյանից հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության սկսած վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը բռնագանձել 373.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները։

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության հայցը` 373.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 31.12.2017թ., ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսի գումարները բռնագանձելու մասով, մերժել»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ցանկացած դեպքում, երբ անձը դիմում է դատական պաշտպանության՝ հայցելով դրամական միջոցների բռնագանձում, ապա պարտավորության ծագումը կախված է պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից: Այդ տրամաբանությամբ պետք է մերժվեն մինչև դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը պահանջվող բոլորը տույժերը, տոկոսները բռնագանձելու պահանջները, քանի որ դրամական միջոցներ վճարելու պարտավորության ծագումը կախված է պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից, հարցի դրական լուծումից:

Փաստն այն է, որ տվյալ դեպքում դատարանը ոչ թե ստեղծել է պարտավորություն, այլ՝ արդարադատություն իրականացնելու միջոցով, իրեն տրված իշխանության ուժով հաստատել այդ պարտավորության առկայությունը, որը ներառում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է «Մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով բեկանել թիվ ԵԴ/0268/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020թ. հունվարի 17-ի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջները, ինչպես նաև անդրադառնալ դատական ծախսերի բաշխմանը»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 02.09.2016 թվականին, ժամը՝ 04:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 30/2 հասցեի մոտակայքում սեփականության իրավունքով Գևորգ Զավենի Հովհաննիսյանին պատկանող և Արթուր Վաղինակի Ավդալյանի վարած «ՕՊԵԼ» մակնիշի 34 PL 192 հ/հ-ի ավտոմեքենան բախվել է սեփականության իրավունքով «ԷՅՋԻ ԸՆԴ ՔԵՅ ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ-ին պատկանող և Արևշատ Թադևոսյանի կայանած «ՕՊԵԼ» մակնիշի 566 OF 61 հ/հ-ի ավտոմեքենային (այսուհետ նաև՝ Ավտոմեքենա), ապա վրաերթի ենթարկել Ավտոմեքենայի մոտ գտնվող Արևշատ Թադևոսյանին և վերջինիս անզգուշությամբ պատճառել մարմնական վնասվածքներ:

2) Համաձայն ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի տվյալների՝ նկարագրված պատահարի պահին «ՕՊԵԼ» մակնիշի 34 PL 192 հ/հ-ի ավտոմեքենայի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել, իսկ Ավտոմեքենայի վերաբերյալ առկա է եղել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ում կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր:

3) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 23.05.2017 թվականի թիվ ԵԱՔԴ/0223/01/16 օրինական ուժի մեջ մտած դատավճռով Արթուր Վաղինակի Ավդալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 150.000 ՀՀ դրամի չափով՝ առանց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկման (հատոր 1-ին, գ.թ. 12-22):

4) «ՕՊԵԼ» մակնիշի 566 OF 61 հ/հ-ի ավտոմեքենայի սեփականատեր «ԷՅՋԻ ԸՆԴ ՔԵՅ ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ-ի տնօրենը 21.11.2016 թվականին հատուցում ստանալու համար դիմում է ներկայացրել Բյուրո (հատոր 1-ին, գ.թ. 27-28):

5) Դիմումի հիման վրա Բյուրոն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով և Բյուրոյի կանոններով սահմանված կարգով նշանակել է պատահարի հետևանքով առաջացած վնասների գնահատման փորձաքննություն՝ փորձաքննության կատարումը հանձնարարելով ԱՊՊԱ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ին (հատոր 1-ին, գ.թ. 30):

6) Փորձաքննության իրականացման համար Բյուրոն «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ին վճարել է 15.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 31):

7) «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ի՝ 01.12.2016 թվականի ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի գնահատման թիվ ՇԳՀ/11/297 հաշվետվության համաձայն՝ պատահարի հետևանքով Ավտոմեքենային պատճառված վնասի չափը կազմել է 103.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 32-37

8) Բյուրոն 26.10.2017 թվականին ընդունել է թիվ ՀՈ/17-148 որոշումը՝ «ԷՅՋԻ ԸՆԴ ՔԵՅ ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ-ին պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ և վերոնշյալ գումարը փոխանցվել է տուժողին (հատոր 1-ին, գ.թ. 38-39

9) Բյուրոն ստացել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի 26.05.2017 թվականի թիվ RGS-03, № 2860/1 գրությունը և կից փաստաթղթերը, ըստ որոնց՝ պատահարի հետևանքով պատճառված անձնական վնասների հատուցում ստանալու համար Արևշատ Թադևոսյանը 06.09.2016 թվականին հատուցում ստանալու համար դիմում է ներկայացրել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին, որը 29.05.2017 թվականին ստացվել է Բյուրոյի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 40-44):

10) Արևշատ Թադևոսյանի առողջությանը պատճառված վնասների առնչությամբ Բյուրո է ներկայացվել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՊՓԲԸ-ի 15.09.2016 թվականի թիվ 218 վճարային հաշիվը՝ Արևշատ Թադևոսյանին 220.000 ՀՀ դրամ արժողությամբ բժշկական ծառայություններ մատուցելու վերաբերյալ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի 14.04.2017 թվականի տեղեկանքը, ըստ որի՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն նշված գումարը փոխհատուցել է (հատոր 1-ին, գ.թ. 45-46):

11) «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՊՓԲԸ-ի 05.09.2016 թվականի թիվ 5558, 08.09.2016 թվականի թիվ 5655 և 10.09.2016 թվականի թիվ 5694 դրամարկղային մուտքի օրդերների և կից ՀԴՄ կտրոնների համաձայն՝ Արևշատ Թադևոսյանին մատուցվել է ընդհանուր 50.000 ՀՀ դրամ արժողությամբ բժշկական ծառայություններ և դրա դիմաց կատարվել են վճարումներ (հատոր 1-ին, գ.թ. 47-52):

12) Դատաբժշկական փորձագետի 26.09.2016 թվականի թիվ 2058/հ եզրակացությունը և դրա 03.11.2016 թվականի լրացումը (հատոր 1-ին, գ.թ. 55-58):

13) Բյուրոն ընդունել է 26.10.2017 թվականի թիվ ՀՈ/17-147 որոշումը՝ Արևշատ Թադևոսյանին պատճառված անձնական վնասները հատուցելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 59):

14) Բյուրոյի կողմից հատուցման ենթակա անձնական վնասների ընդհանուր չափը կազմում է 270.000 ՀՀ դրամ, որից 220.000 ՀՀ դրամը՝ որպես բուժման կապակցությամբ արդեն իսկ կատարված կանխավճար, իսկ 50.000 ՀՀ դրամը՝ որպես տուժողի կողմից իր առողջության վերականգնման համար կատարված ծախս: Նշված գումարները համապատասխանաբար փոխանցվել են «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին և Արևշատ Թադևոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 60-61):

15) Բյուրոն 30.10.2017 թվականի ծանուցմամբ պատասխանողներից պահանջել է Բյուրոյին վճարել պահանջվող գումարները՝ վճարման համար տրամադրելով 2 ամիս ժամկետ՝ սկսած ծանուցման ելքի ամսաթվից, սակայն պատասխանողները որևէ գումար չեն վճարել Բյուրոյին, որևէ համաձայնություն ձեռք չի բերվել (հատոր 1-ին, գ.թ. 64):

16) Բյուրոյի կողմից 30.10.2017 թվականին ուղարկված ծանուցումը Գևորգ Հովհաննիսյանը ստացել է 03.11.2017 թվականին, իսկ Արթուր Ավդալյանին ուղարկված ծանուցումները հետ են եկել «Չպահանջված» և «Տեղափոխված» նշումներով (հատոր 1-ին, գ.թ. 62-63)։

17) 21.11.2016 թվականին Բյուրոյի կողմից տրված տեղեկանքի համաձայն` ըստ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում 21.11.2016 թվականի դրությամբ առկա տվյալների` 34 PL 192 հ/հ ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության վերաբերյալ 02.09.2016 թվականի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր առկա չէ (հատոր 1-ին, գ.թ. 25):

18) 25.10.2017 թվականին Բյուրոյի կողմից տրված տեղեկանքի համաձայն` ըստ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում 25.10.2017 թվականի դրությամբ առկա տվյալների` ASTRA 1.6 մակնիշի 566 OF 61 հ/հ-ի ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրության վերաբերյալ առկա է 30.11.2015-30.11.2018 թվականների ժամանակահատվածի համար «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ում 26.11.2015 թվականին կնքված թիվ SI328094 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 26):

19) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 30.11.2016 թվականին տրված թիվ 17-7-25915 գրության համաձայն՝ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ «OPEL ASTRA 1.6I» մակնիշի 34 PL 192 համարանիշի ավտոմոբիլը 05.12.2012 թվականից մինչ օրս հաշվառված է քաղաքացի Զավեն Հովհաննիսյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 23):

20) «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 13.12.2016 թվականի թիվ 7100 վճարման հանձնարարականի համաձայն` Բյուրոն «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ին փոխանցել է 15.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 31):

21) Արդշինբանկ» ՓԲԸ-ի 17.11.2017 թվականի թիվ 125173 վճարման հանձնարարականի համաձայն` Բյուրոն «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին փոխանցել է 220.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 60):

22) «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 11.12.2017 թվականի թիվ 124865 վճարման հանձնարարականի համաձայն` Բյուրոն Արևշատ Թադևոսյանին փոխանցել է 50.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ո՞ր պահից սկսած է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ՝ նաև վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե´ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները, ի թիվս այլ դեպքերի, կարող են ծագել այլ անձին վնաս պատճառելու հետևանքով: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ոչ միայն հստակեցրել է «վնաս» հասկացությունը և սահմանել դրա շրջանակները, այլ նաև նույն հոդվածի 1-ին կետով ամրագրել է, որ իր իրավունքների խախտման դեպքում անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ առկա լինի իրավաբանական փաստերի հետևյալ կազմը.

1. վնասի առկայությունը,

2. պատասխանող կողմի անիրավաչափ գործողությունը,

3. պատճառական կապը:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերոգրյալ կարգավորումները կիրառելի են նաև ապահովագրության ոլորտում` վնասից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով, որից ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: (...): Այսինքն` ապահովագրական հատուցումը պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, ապահովագրական հատուցում է նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդհոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը: Հարկ է նշել նաև, որ ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում վնաս պատճառած անձից հետադարձ պահանջի իրավունքն անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին: Օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, և որոնց նկատմամբ ապահովագրական հատուցումն իրականացվում է Երաշխավորման ֆոնդի հաշվին:

Այսպիսով, այն դեպքերում, երբ ապացուցվում է, որ ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում այլ անձանց պատճառվել է վնաս, վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժած անձանց վնասների հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից: Նման պարագայում, Բյուրոն հետագայում վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք է ստանում:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունք, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, սակայն վիճելի է մնացել, թե որ պահից սկսված պետք է այդ պարտավորության նկատմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` 1. պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: 2. Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում: (...) (տե´ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն ընդդեմ Արամ Խաչունցի թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես. պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը` մասնավորապես նշելով, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն ընդդեմ Արամ Խաչունցի թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով 23.02.2021 թվականին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ նույն հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են օրենսդրի կողմից սահմանված կոնկրետ պահանջների դեպքում: Մասնավորապես, 1. երբ պարտավորությունն ունի դրամական բնույթ, 2. երբ անձն ապօրինի պահել է ուրիշի դրամական միջոցները, 3. երբ խուսափել է դրանք վերադարձնելուց, 4. երբ օգտագործել է դրանք վճարման այլ կետանցով, կամ 5. երբ այլ անձի հաշվին անհիմն ստացել կամ խնայել է գումար: Միաժամանակ օրենսդիրը հստակեցրել է, որ տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը, և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:

Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ։ Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պարտավորության կատարման ապահովման եղանակ է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը։ Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ խնայվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար:

Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ և 409-րդ հոդվածներով սահմանվել են պարտավորության խախտման հասկացությունը և պարտավորության խախտմամբ առաջացած վնասները հատուցելու կարգը: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածով արձանագրվել է, որ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: Նույն օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով ամրագրվել է, որ 1. պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները, 2. վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ հոդվածը սահմանել է պարտապանին պարտավորության կետանցող որակելու փաստական հանգամանքների կազմը: Ըստ այդմ` նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարման կետանց թույլ տված պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատվություն է կրում կետանցով պատճառված վնասների և կետանցի ժամանակ պատահաբար առաջացած կատարման անհնարինության հետևանքների համար:

Քննարկվող պարագայում նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով Բյուրոյի փաստարկը պարտավորության ժամկետանց վերադարձման վերաբերյալ եղել է Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի կողմից վիճելի գումարը համապատասխան ժամկետներում չվերադարձնելու հանգամանքը, ուստի վերը ներկայացված իրավանորմերի համադրմամբ հարկ է բացահայտել, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանի մոտ որ պահից սկսած է ծագել պարտավորության կետանցը: Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:

Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ

1. եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

3. Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` նշված ժամկետում պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

Այսպիսով, պատասխանելով վերոգրյալ հարցադրմանը և վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահով: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ, այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 Սույն գործի փաստերի համաձայն` տուժող «ԷՅՋԻ ԸՆԴ ՔԵՅ ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ-ի տնօրենը 21.11.2016 թվականին ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել Բյուրո: Դիմումի հիման վրա Բյուրոն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով և Բյուրոյի կանոններով սահմանված կարգով նշանակել է պատահարի հետևանքով առաջացած վնասների գնահատման փորձաքննություն՝ փորձաքննության կատարումը հանձնարարելով ԱՊՊԱ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ին։ Փորձաքննության իրականացման համար Բյուրոն «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ին վճարել է 15.000 ՀՀ դրամ։ Բյուրոն 26.10.2017 թվականի թիվ ՀՈ/17-148 որոշմամբ բավարարել է «ԷՅՋԻ ԸՆԴ ՔԵՅ ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը՝ որոշելով նրան վճարել 103.000 ՀՀ դրամ։ Համաձայն 25.01.2018 թվականի թիվ 171102053685001 վճարման հանձնարարականի՝ Բյուրոյի կողմից «ԷՅՋԻ ԸՆԴ ՔԵՅ ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ-ին է փոխանցվել 103.000 ՀՀ դրամ։

 Բյուրոն 29.05.2017 թվականին ստացել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ RGS-03, 2860/1 գրությունը՝ կից փաստաթղթերը, որոնց համաձայն՝ պատահարի հետևանքով պատճառված անձնական վնասների հատուցում ստանալու համար Արևշատ Թադևոսյանը 06.09.2016 թվականին հատուցում ստանալու համար դիմում է ներկայացրել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին, որը 29.05.2017 թվականին Բյուրոյի կողմից ընդունվել է: Բյուրոն 26.10.2017 թվականին ընդունել է թիվ ՀՈ/17-147 որոշումը՝ Արևշատ Թադևոսյանին պատճառված անձնական վնասները հատուցելու վերաբերյալ: Բյուրոյի կողմից հատուցման ենթակա անձնական վնասների ընդհանուր չափը կազմում է 270.000 ՀՀ դրամ, որից 220.000 ՀՀ դրամը՝ որպես բուժման կապակցությամբ արդեն իսկ կատարված կանխավճար, իսկ 50.000 ՀՀ դրամը՝ որպես տուժողի կողմից իր առողջության վերականգնման համար կատարված ծախս: Նշված գումարները համապատասխանաբար փոխանցվել են «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին և Արևշատ Թադևոսյանին:

 Բյուրոյի կողմից 388.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Գևորգ Հովհաննիսյանին և Արթուր Ավդալյանին ուղղված 30.10.2017 թվականի թիվ Բ/17-05261 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցման 7-րդ կետի համաձայն` որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարն առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ առաջարկվել է ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 97.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ:

Դատարանը 12.07.2019 թվականի վճռով, գործում առկա ապացույցների գնահատման արդյունքում, հանգել է հետևության, որ Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի կողմից տուժողներ «ԷՅՋԻ ԸՆԴ ՔԵՅ ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ-ին և Արևշատ Թադևոսյանին պատճառված վնասը Բյուրոյի կողմից հատուցելու պայմաններում վերջինիս հայցը` հատուցված վնասի պահանջի մասով, ենթակա է մասնակիորեն բավարարման: Նույն վճռով Դատարանը Բյուրոյի պահանջը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվեգրման և բռնագանձման մասով, մերժել է` պատճառաբանելով, որ «(...) 31.12.2017թ. սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի ուժով 373.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի համաձայն հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու պահանջն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ պահանջը հաստատող բավարար ապացույցներ չեն ներկայացվել»:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մասնակիորեն բավարարել է Բյուրոյի բողոքը` արձանագրելով, որ «(...) տվյալ դեպքում պատասխանողների հայցվորին դրամական միջոցներ վճարելու պարտավորության ծագումը կախված է հայցվորի հետադարձ պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից, ուստի այդ պարտավորությունը չի կարող ծագած և կետանցված համարվել նախքան այդ հարցի դրական լուծումը, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները պատասխանողներին չեն կարող հաշվեգրվել մինչև համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար, այսինքն` տոկոսների հաշվեգրումը չի կարող սկսվել հայցվորի մատնանշած օրվանից (373.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 31.12.2017 թվականից), և տվյալ ժամանակահատվածին վերաբերող մասով հայցը բավարարելու վերաբերյալ նոր դատական ակտ կայացնելու մասին բողոք բերած անձի պահանջը ենթակա է մերժման: Խնդրո առարկա տոկոսները կարող են հաշվեգրվել միայն նրան համապատասխան դրամական պարտավորություն վերագրող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կամովին և անհապաղ չկատարվելու դեպքում` այդ ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող և մինչև պարտավորության կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար»:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար հիմք է դրամային պարտավորության առկայությունը, և այդ հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվարկման պարտավորության կետանցի օրվանից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքով վիճելի գումարները Բյուրոյին վճարելու պարտավորությունը:

Սույն քաղաքացիական գործով կողմերի միջև իրավահարաբերությունները, որոնք ծագել են ապահովագրության ոլորտում, ի սկզբանե հանդիսացել են եռակողմ` Բյուրոյի, տուժող կողմի` «ԷՅՋԻ ԸՆԴ ՔԵՅ ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ-ի և Արևշատ Թադևոսյանի, և վնաս պատճառած անձի` Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի միջև: Այսինքն` Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի կողմից «ԷՅՋԻ ԸՆԴ ՔԵՅ ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ-ին և Արևշատ Թադևոսյանին պատճառված վնասի արդյունքում Բյուրոյի կողմից, «ԷՅՋԻ ԸՆԴ ՔԵՅ ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ-ի, Արևշատ Թադևոսյանի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի դիմումների հիման վրա, վերջիններիս հատուցվել է Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի կողմից պատճառված վնասը, իսկ Բյուրոն ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք: Նշված փաստը հաստատվել է նաև ստորադաս դատարանների կողմից:

Այսինքն՝ Բյուրոյի համար, ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով, առկա է հետադարձ պահանջի ուժով տուժողներին վճարած 388.000 ՀՀ դրամ գումարը, որպես իրեն պատկանող գումար, Գևորգ Հովհաննիսյանից և Արթուր Ավդալյանից ստանալու իրավունք, իսկ Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի մոտ` այդ գումարը Բյուրոյին վճարելու պարտավորություն:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի մոտ ծագում է հայցվորին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորություն, դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի մոտ ծագում վիճարկվող գումարի վերադարձման պարտավորությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, որի դեպքում վերջինս պարտավորված կլիներ կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ հանգամանքի վրա հասնելով կամ ավարտով, արձանագրում է, որ տվյալ դեպքում պատասխանողների մոտ Բյուրոյի հանդեպ պարտավորությունը պետք է ծագեր ոչ թե Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, այլ այդ վճռով ընդամենը հաստատվել է արդեն իսկ առկա` Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե Դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման համաձայն` պարտավորության կետանցի պահը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը վրա է հասնում պահանջի իրավաբանական փաստի իրացման արդյունքում: Ընդ որում, նույն հոդվածի իրավակարգավորումից հետևում է նաև, որ պարտավորությունը պարտատիրոջ կողմից պահանջված կարող է համարվել բոլոր այն դեպքերում, երբ պարտապանն իրազեկված է պահանջի մասին: Նշվածից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա կատարման օրը կամ ժամանակահատվածը (այսինքն, երբ պարտավորությունը ժամկետային է):

Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե Բյուրոյի կողմից ներկայացված հետադարձ պահանջը՝ չափի առումով, որ մասով է հիմնավոր, այս դեպքում ևս ելակետային պետք է համարել ոչ թե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ՝ տվյալ չափով այն պարտավորության կետանցի պահը, որն ի սկզբանե առկա է եղել պարտապանի մոտ, սակայն վերջինս այն չի կատարել: Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «հայցվորին դրամական միջոցներ վճարելու պարտավորության ծագումը կախված է հայցվորի հետադարձ պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից, ուստի այդ պարտավորությունը չի կարող ծագած և կետանցված համարվել նախքան այդ հարցի դրական լուծումը, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները պատասխանողներին չեն կարող հաշվեգրվել մինչև համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար»:

Հետևաբար սույն վեճի լուծման և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, վերը ներկայացված իրավանորմի կիրառմամբ, նախ հարկավոր է տարանջատել Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի կողմից Բյուրոյի հանդեպ վճարման պարտավորության ծագման պահը վճարման ծանուցման պահից:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի մոտ ծագել է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորություն, դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի մոտ ծագել վիճարկվող գումարի վերադարձման պարտավորությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, երբ պատասխանող կողմը պարտավորված է եղել կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

Քննարկվող պարագայում, Բյուրոն 26.10.2017 թվականին որոշումներ է կայացրել «ԷՅՋԻ ԸՆԴ ՔԵՅ ԷԼԻՏԱՐ» ՍՊԸ-ին և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին համապատասխանաբար 103.000 ՀՀ դրամ ու 270.000 ՀՀ դրամ (որից՝ 220.000 ՀՀ դրամը՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին, 50.000 ՀՀ դրամը՝ Արևշատ Թադևոսյանին) վճարելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 38, 59): Միաժամանակ Բյուրոյի կողմից Գևորգ Հովհաննիսյանը և Արթուր Ավդալյանը ծանուցվել են «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» մասին: Այն է` Բյուրոյի կողմից 388.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ՝ ներառյալ փորձաքննության իրականացման համար «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ին վճարված 15.000 ՀՀ դրամը, 30.10.2017 թվականի թիվ Բ/17-05261 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցման 7-րդ կետի համաձայն` Գևորգ Հովհաննիսյանին և Արթուր Ավդալյանին որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է հատուցումը վճարելու որոշման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարը՝ առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների:

Սույն գործով հիմնավորվել է, որ Բյուրոյի կողմից Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի անվամբ ուղարկված ծանուցումով առաջարկվել է նույն ծանուցումը ստանալուց հետո` երկամսյա ժամկետում, Բյուրոյին վճարել վիճելի գումարները:

Փաստորեն, տվյալ դեպքում Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի մոտ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի (կամ հանգամանքի) վրա հասնելով (կամ ավարտով), ուստի սույն վեճին լուծում տալու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նախ պարզել, թե երբ են Գևորգ Հովհաննիսյանը և Արթուր Ավդալյանը իրազեկվել Բյուրոյի պահանջի մասին, այնուհետ նաև քննության առարկա դարձնել սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման` ողջամիտ ժամկետի կիրառման հարցը, հետևյալ պատճառաբանությամբ.

Քննարկվող պարագայում, Բյուրոյի կողմից Գևորգ Հովհաննիսյանին և Արթուր Ավդալյանին ուղղված ծանուցումով պարտավորությունը կատարելու համար վերջիններիս տրվել է երկամսյա ժամկետ: Բյուրոյի կողմից Գևորգ Հովհաննիսյանին ուղարկված ծանուցումը վերջինիս կողմից ստացվել է 03.11.2017 թվականին, սակայն Արթուր Ավդալյանին ուղարկված ծանուցումը, հետ է վերադարձվել «Չպահանջված» և «Տեղափոխված» նշումներով, ինչը հիմք է եզրակացնելու, որ վերջինս օբյեկտիվորեն չէր կարող ծանուցմամբ նախատեսված ժամկետում կատարել պարտավորությունները: Նման պայմաններում, այն հարցը, թե երբ է Արթուր Ավդալյանը վիճելի գումարը Բյուրոյին վճարելու պարտավորության մասին տեղեկացել, սույն գործով ունի էական նշանակություն: Ուստի, Վերաքննիչ դատարանը սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար պետք է պարզեր նշված ժամանակահատվածը և դրա հաշվառմամբ վիճելի գումարների նկատմամբ կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կանոնները:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, ի թիվս այլնի, կարգավորվում են նաև Բյուրոյի կանոններով: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բյուրոյի կողմից վիճարկվող գումարի վերադարձման պարտավորության վերաբերյալ Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի իրազեկման օրը պարզելու համար դատարանը որպես չափորոշիչ պետք է ընդունի Բյուրոյի կանոններով նախատեսված` ծանուցումներն անձանց կողմից պատշաճ ստացված լինելու ժամկետների հաշվարկման կարգը: Միաժամանակ, նկատի ունենալով, որ Բյուրոյի կողմից 103.000 և 270.000 ՀՀ դրամ պարտավորությունների վերաբերյալ Գևորգ Հովհաննիսյանը և Արթուր Ավդալյանը ծանուցվել են 30.10.2017 թվականի թիվ Բ/17-05261 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրացման» ծանուցումով, ուստի դատարանը պետք է ղեկավարվի նշված ծանուցման կազմման պահին գործող խմբագրությամբ Բյուրոյի կողմից սահմանված կանոններով:

 Ըստ այդմ, 30.10.2017 թվականի թիվ Բ/17-05261 ծանուցման կազմման պահին գործող խմբագրությամբ` 01.04.2017 թվականին ընդունված և 01.11.2017 թվականին ուժը կորցրած թիվ RL 1-001 ԱՊՊԱ ընդհանուր պայմանների 2-րդ գլխի 9-րդ կետի համաձայն` կանոններով նախատեսված կարգով ծանուցումներն անձի կողմից համարվում են պատշաճ ստացված և վերջինների կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետները ծանուցող անձի կողմից սկսվում են հաշվարկվել՝ պայմաններով նախատեսված կարգով ծանուցումներն անձի կողմից համարվում են պատշաճ ստացված և վերջինների կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետներն ապահովագրողի կողմից սկսվում են հաշվարկվել`

(...) 2) ծանուցումն ստորագրությամբ առձեռն հանձնվելու դեպքում՝ հանձնելու օրվան հաջորդող օրվանից,

3) պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում՝ հետպատասխան տեղեկացման մեջ նշված ծանուցման ստացման կամ որևէ հիմքով նամակը փոստի ծառայության կողմից հետ վերադարձվելու հաջորդող օրվանից, (...):

Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, սույն վեճի լուծման համար, հարկ է հստակ տարանջատել Գևորգ Հովհաննիսյանի և Արթուր Ավդալյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտավորության ծագման պահը, պարզել, թե որ ժամանակահատվածում է պատասխանողը համարվում Բյուրոյի պահանջի մասին իրազեկված, այդ հիմքով ճշտել կետանցի օրը և նոր միայն կիրառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը:

 

Նման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների բռնագանձման մասով, բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների բռնագանձման մասով, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.01.2020 թվականի որոշումը և գործն այդ մասով ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան