ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2021 թվականի ք. Երևան |
թիվ 135-Ա |
ԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ` ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թվականի հունիսի 14-ին հայտ է ներկայացրել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը (այսուհետ նաև՝ Ընկերություն)։ Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտ չի ներկայացվել։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ նաև՝ Կարգ) 16-րդ կետի համաձայն հայտին կից ներկայացվել է.
1. փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,
2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,
3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,
4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,
5. էթիկայի կանոնագիր,
6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,
7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:
2021 թվականի հունիսի 23-ի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դռնբաց նիստում Ընկերությունը մինչև 30 րոպե տևողությամբ հրապարակել է իր հայտը և կից փաստաթղթերը։
Ընկերության հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Ընկերության հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է․
«ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթի համաձայն Ընկերությունը հեռարձակում է իրականացնելու ամենօրյա պարբերականությամբ՝ 24-ժամյա ռեժիմով, հիմնականում հեռարձակելով սեփական և հայրենական արտադրության հաղորդումներ և պլանավորում է ժամանակի ընթացքում սեփական արտադրության հաղորդումների մասնաբաժինը դարձնել եթերաժամի 70 %-ը, իսկ հայերեն հաղորդումները կազմելու են ամսական ընդհանուր ժամաքանակի առնվազն 55 %-ը: Ընկերությունը ապահովելու է հեռարձակվող հաղորդումների թեմատիկ, բովանդակային բազմազանությունը։ Լրատվական հաղորդումների ծավալը կազմելու է նվազագույնը 15 %, իսկ լրատվական հաղորդումներում տեղական լրատվության ծավալը՝ առնվազն 60 %։ Տեղական, մշակութային, սոցիալական և մարզական առօրյան լուսաբանող հաղորդումների ծավալը կազմելու է հայրենական արտադրության հաղորդումների առնվազն 7 %-ը, իսկ հայկական երաժշտական հաղորդումների ծավալը՝ հայրենական արտադրության երաժշտական հաղորդումների ծավալի առնվազն 36 %-ը։
Բազմակարծությունը խթանելու կարողության վերաբերյալ Ընկերությունը նշել է, որ ղեկավարվելու է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության և բազմակարծության սկզբունքով՝ ապահովելով կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի, դավանանքի և ստեղծագործական ազատությունը։
Ընկերության ֆինանսական միջոցները ձևավորվելու են գովազդային ծառայությունների և եթերաժամերի վաճառքից, հովանավորչությունից, բանկային ֆինանսավորումից, հիմնադիրների ներդրումներից։ Որպես նախնական ֆինանսավորման աղբյուր կհանդիսանա Ընկերության հիմնադրի ներդրումը և որպես այն հիմնավորող փաստաթուղթ ներկայացվել է բանկի կողմից տրված տեղեկանքը՝ «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության հիմնադրի բանկային հաշվին առկա մնացորդի վերաբերյալ։
Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ Ընկերությունը ներկայացրել է օգտագործվելիք տեխնիկական միջոցների ցանկը։
Աշխատակազմի վերաբերյալ ներկայացվել է Ընկերության կառուցվածքում նախատեսվող ստորաբաժանումների և դրանցում ներառվող հաստիքների նախնական գծապատկերը, ինչպես նաև ստորաբաժանումների գործառույթների նկարագրությունը։
Ինչ վերաբերում է ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներին, Ընկերությունը նշել է, որ ծրագրում ի թիվս այլ հաղորդումների, նախատեսված են նաև մշակութային հաղորդումներ և մշակութային ու գիտակրթական հաղորդումների ծավալը կազմելու է օրվա եթերաժամի առնվազն 10 %-ը։
Անհրաժեշտ է ընդգծել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դիտարկմամբ սահմանափակ ռեսուրսի՝ հաճախականության օգտագործման միջոցով հեռարձակվող լսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։
Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկության միջոցով կատարում են մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:
Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով վերցրել են հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկները և փոխանցել հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկներում նշված թվագրումով գնահատման թերթիկները տրամադրել է հանձնաժողովի անդամներին:
Վարկանիշային քվեարկությունից առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվի է առնում՝
1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,
2. հայերեն հաղորդումների գերակայությունը,
3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,
4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,
5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,
6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,
7. գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով, որը 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում վերոնշյալ 7 կետերը, սակայն մրցույթի բոլոր՝ գործող և նախկինում մեդիածառայություն մատուցող չհանդիսացող մասնակիցների համար մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով Կարգի 32-րդ կետի համաձայն սահմանվել է, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ Կարգի 37-րդ կետի 1-6-րդ ենթակետերում նշված յուրաքանչյուր չափանիշ գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվերով՝ 20 միավորային սանդղակով: Գնահատման թերթիկի ձևը հաստատվել է Կարգի Ձև N 2-ով:
Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկությամբ Ընկերության հայտը գնահատել են հետևյալ միավորներով.
հ/հ |
Գնահատման չափորոշիչը |
«ԷՖ ԹԻՎԻ» ՍՊԸ | ||||||
Գնահատման թերթիկի համարը | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||
1 |
սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը |
16 |
17 |
17 |
15 |
16 |
17 |
17 |
2 |
հայերեն հաղորդումների գերակայությունը |
15 |
16 |
17 |
16 |
16 |
18 |
16 |
3 |
բազմակարծությունը խթանելու կարողությունը |
9 |
9 |
9 |
15 |
11 |
10 |
11 |
4 |
տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները |
10 |
10 |
10 |
14 |
10 |
11 |
10 |
5 |
աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը |
8 |
8 |
9 |
15 |
8 |
10 |
9 |
6 |
ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեք ների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդում ների գերակայությունը |
11 |
9 |
11 |
17 |
9 |
11 |
11 |
Ամփոփիչ միավորները |
69 |
69 |
73 |
92 |
70 |
77 |
74 | |
Վարկանիշային միավորը |
524 |
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի համաձայն անցողիկ շեմ է համարվում տվյալ մրցույթում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, իսկ 34-րդ կետի համաձայն մեկ մասնակցի դեպքում վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցը: Տվյալ մրցույթում անցողիկ շեմը 280 միավորն է, որը «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը հաղթահարել է։
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը ճանաչել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել ՀՀ Արարատի մարզի տարածքում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիա:
2․ «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը տրամադրել ՀՀ Արարատի մարզում՝ գ. Զովաշեն՝ 94.0 ՄՀց, ք. Վեդի՝ 94.7 ՄՀց և ք. Արտաշատ՝ 94.3 ՄՀց հաճախականությունները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2021 թ. օգոստոսի 13 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 օգոստոսի 2021 թվական: