Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-91-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (18.06.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.08/35(407) Հոդ.628
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 4-ին

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-112, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով`

«զ) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով (սահմանափակելով) կամ շուկայից նրանց դուրս մղելով:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`


ա) 1-ին մասի «ա» կետի 3-րդ թվարկման «գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման» բառերը փոխարինել «գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման)» բառերով.

բ) 1-ին մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ մասեր`

«11. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված` ապախոշորացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը ենթակա է կատարման տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում:

12. Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման (հետազոտության) համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է քննարկման (հետազոտության) ընթացքը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնել իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում պարտականությունից կամ պատասխանատվությունից:»:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 25. Հանձնաժողովի անդամների եկամուտների հայտարարագրումը

 

Հանձնաժողովի անդամներն իրենց եկամուտների հայտարարագրերը ներկայացնում են օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում գրանցված տնտեսվարող սուբյեկտները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և տրամադրված ձևերով պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված (ձեռքբերված) ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի և գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ` մինչև նշված վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 15-ը:»:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածում`

ա) 6-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Նիստում պատասխանատվության միջոցների կիրառման հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը նիստից առնվազն 10 օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա և ժամի մասին՝ նշելով քննարկման ենթակա հարցի բնույթը:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մաս`

«11. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:»:

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 36. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և նրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանն ուղղված իրավախախտումները (հակամրցակցային համաձայնությունները), որոնք արտահայտվել են՝

- խտրական գների սահմանմամբ,

- ապրանքային շուկայում գների բարձրացմամբ կամ իջեցմամբ,

- շուկայի բաժանմամբ տարածքային սկզբունքով` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների շրջանների,

- այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով կամ շուկայից նրանց դուրս մղելով՝

առաջացնում են տուգանքի նշանակում՝ հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով:

3. Գերիշխող դիրքի չարաշահումը, որն արտահայտվել է՝

- իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների սահմանմամբ, օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրմամբ,

- առևտրի կամ արտադրության արդիականացման սահմանափակմամբ՝ ի վնաս սպառողի շահերի, այդ թվում՝ արհեստական պակասորդի ստեղծմամբ՝ արտադրության չհիմնավորված կրճատման, ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով,

- որոշակի գործընկերների նկատմամբ խտրական պայմանների կիրառմամբ,

-պայմանագրի կողմին լրացուցիչ պարտավորությունների կատարման պարտադրմամբ, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ,

- տնտեսական լծակների կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի պարտադրմամբ,

- այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով (սահմանափակելով) կամ շուկայից նրանց դուրս մղելով`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի երկու տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի երկու տոկոսի չափով:

5. Անբարեխիղճ մրցակցությունը, որն արտահայտվել է`

- տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթության առաջացմամբ,

- տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկմամբ,

- հասարակության մոլորեցմամբ,

- տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասմամբ,

- չբացահայտված տեղեկատվության նկատմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի հազարապատիկի չափով:

6. Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի հինգհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի երկուհազարապատիկի չափով:

7. Հանձնաժողովի աշխատակիցների վրա սույն օրենքով և Հանձնաժողովի կանոնադրությամբ դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի մինչև հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 37.  Հանձնաժողովի որոշումը չկատարելը

 

Տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովի որոշումը (բացառությամբ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու մասին որոշման) չկատարելը` որոշման մեջ նշված ժամկետում`

առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի հազարապատիկի չափով:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ       

 Ռ. Քոչարյան


2005 թ. մայիսի 30
Երևան
ՀՕ-91-Ն