Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՇԴ1/0038/01/16

Գործ թիվ ՇԴ1/0038/01/16

Նախագահող դատավոր՝  Կ. Մարդանյան

դատավորներ՝

Ա. Մնացականյան

Մ. Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի հունիսի 25-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Թամարա Արտուշի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հունվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 28100216 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

2016 թվականի հունիսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել թիվ 28100216 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նոր` թիվ 28102516 քրեական գործը հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին։

2016 թվականի հունիսի 30-ին թիվ 28100216 քրեական գործով վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

2016 թվականի հուլիսի 29-ին թիվ 28102516 քրեական գործով Թամարա Արտուշի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

2016 թվականի սեպտեմբերի 29-ին նախաքննության մարմինը ստացել է դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը՝ Թ.Ավետիսյանի անմեղսունակության վերաբերյալ։

Նախաքննության մարմինը 2016 թվականի նոյեմբերի 18-ին որոշում է կայացրել Թ.Ավետիսյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու վարույթ հարուցելու մասին:

2016 թվականի դեկտեմբերի 26-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքն անմեղսունակության վիճակում ենթադրաբար կատարած Թ.Ավետիսյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառել հսկողության համար ազգականին՝ դստերը՝ Հայկանուշ Հայկի Դավայանին հանձնելը:

2016 թվականի դեկտեմբերի 28-ին Թ.Ավետիսյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու միջնորդությամբ գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։ 

 

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքն անմեղսունակության վիճակում կատարած Թ.Ավետիսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը, իսկ կիրառված անվտանգության միջոցը՝ հսկողության համար դստերը՝ Հ.Դավայանին հանձնելը, թողնվել է անփոփոխ՝ մինչև որոշման օրինական ուժի մեջ մտնելը:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ Թ.Ավետիսյանի պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշումը՝ բեկանվել, Թ.Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործով վարույթը կարճվել, իսկ նրա նկատմամբ կիրառված անվտանգության միջոցը՝ հսկողության հանձնելը, վերացվել է։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 13-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի՝ թիվ 28100216 քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին որոշման համաձայն՝ «(…) Թամարա Ավետիսյանի հաղորդման մեջ նշված՝ Արևիկ Ավետիսյանի կողմից հորը՝ Արտուշ Ավետիսյանի, ամուսնու եղբոր՝ Սմբատ Դավայանի կողմից իր ամուսնու՝ Հայկ Դավայանի, տատի՝ Փամփուխ Դավայանի սպանությունների և մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված թիվ 28100216 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ կատարվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննություն, որի ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվել են Թամարա Ավետիսյանի հաղորդման մեջ նշված դեպքերի կատարված լինելու հանգամանքները (…)»1։

5.1. Նախաքննության մարմնի՝ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշման համաձայն` «(…) Թամարա Արտուշի Ավետիսյանը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործությունների մասին սուտ մատնություն է կատարել, որը զուգորդվել է Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակչուհի Արևիկ Սերյոժայի Ավետիսյանին և Արթիկ քաղաքի բնակիչ Սմբատ Ռազմիկի Դավայանին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով:

Այսպես.

Թամարա Արտուշի Ավետիսյանը 2015 թվականի դեկտեմբերի 24-ին Արթիկի քննչական բաժնում նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, գրավոր հաղորդում է տվել այն մասին, որ իբր 1987 թվականի հունիսի 7-ին կամ 17-ին ամուսնու եղբայրը` Արթիկ քաղաքի բնակիչ Սմբատ Ռազմիկի Դավայանը, Արթիկ քաղաքի Գայի 13 հասցեում գտնվող տանը վիճաբանել է իր հետ և ջերմուկի ապակյա տարայով հարվածել է գլխի գագաթային հատվածին, պատճառել մարմնական վնասվածք, որի հետևանքով դարձել է 2-րդ խմբի հաշմանդամ:

Սմբատ Դավայանը 1986 թվականի ապրիլ ամսին Արթիկ քաղաքի Գայի փողոցի 13 հասցեում գտնվող նրանց տանը ծեծել է տատին` Փամբուխ Վարոսի Դավայանին, ով ստացած մարմնական վնասվածքներից 1986 թվականի մայիսի 5-ին մահացել է: 2001 թվականի ապրիլի 7-ին Սմբատ Դավայանի կամ նրա ազգականներից որևէ մեկի ցուցումով Գյումրու մարզային հիվանդանոցի բուժաշխատողներից մեկը ամուսնուն` Հայկ Ռազմիկի Դավայանին, ներարկել է սխալ դեղամիջոցներ, որի հետևանքով վերջինս 2001 թվականի ապրիլի 8-ին մահացել է: Իր եղբոր՝ Արամ Ավետիսյանի կինը՝ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակչուհի Արևիկ Սերյոժայի Ավետիսյանը 2002 թվականի նոյեմբերի 23-ին սպանել է իր հորը՝ նույն գյուղի բնակիչ Արտուշ Եգոռի Ավետիսյանին, 2000 թվականից մինչև օրս իր մորը՝ Հայկանուշ Մովսեսի Ավետիսյանին պահում է գերության մեջ, այսինքն՝ չի թողնում, որ մայրն իր բնակարանում ապրի, բացի այդ բազմիցս ծեծի է ենթարկել հորն ու մորը՝ Արտուշ և Հայկանուշ Ավետիսյաններին, մետաղյա կաթսայով հարվածել է մոր գլխին և կուրացրել վերջինիս»2:

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշման համաձայն` «Դատարանը, վերլուծելով և համակցության մեջ գնահատելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, հաստատված է համարում, որ Թամարա Արտուշի Ավետիսյանը կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներին և գտնում է, որ հանրության համար վտանգավոր վերը նշված արարքը կատարելու պահին Թամարա Արտուշի Ավետիսյանը գտնվել է անմեղuունակության վիճակում և ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ նա ենթակա չէ քրեական պատասխանատվության ու նույն օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն՝ նրա նկատմամբ պետք է նշանակվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց:

(...)

Թամարա Արտուշի Ավետիսյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում նրա հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը և նկատի ունենալով ամբուլատոր դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 98 և 100 հոդվածներով սահմանված նորմերը, գտնում է, որ նա պետք է ազատվի ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվությունից ու պատժից և նրա նկատմամբ պետք է նշանակվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում»4:

 

7. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 26-ի որոշման համաձայն՝ «(...) Վճռաբեկ դատարանը Ա.Մամաջանյանի վերաբերյալ գործով (...) իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ (...) սուտ մատնության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ստուգելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի ենթադրյալ սուտ մատնություն պարունակող հաղորդման կապակցությամբ օրենքով սահմանված կարգով վերջնական որոշման առկայությունը:

(...) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Թամարա Ավետիսյանը 2015 թվականի դեկտեմբերի 24-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ներկայացրել տարբեր ժամանակներում, տարբեր անձանց կողմից կատարված վեց ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ (...)։ Նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով, ապօրինաբար Արտուշ Ավետիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փաստի առթիվ հարուցվել է թիվ 28100216 քրեական գործը (...) և նախաքննություն է իրականացվել Թամարա Ավետիսյանի հաղորդման մեջ նշված բոլոր դեպքերով։ Նշված քրեական գործի նյութերով, Թամարա Ավետիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ, 2016 թվականի հունիսի 30-ին, հարուցվել է թիվ 28102516 քրեական գործը։ Դրանից հետո, նույն օրը, թիվ 28100216 քրեական գործով որոշում է կայացվել վարույթը կարճելու մասին։ Նշված որոշման մեջ նախաքննական մարմինը նշել է, որ Թամարա Ավետիսյանի հաղորդման և բացատրության մեջ նշված հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում, հետևաբար բացակայում է որևէ հանցագործության դեպքը։

(...) [Մ]եջբերված փաստական տվյալները գնահատելով (...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Թամարա Ավետիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահին առկա չեն եղել քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։ Մասնավորապես՝ առկա չի եղել Թամարա Ավետիսյանի հաղորդման կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի վերջնական որոշումը։

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև թիվ 28102516 քրեական գործը հարուցվել (սուտ մատնության փաստով), իսկ թիվ 28100216 քրեական գործով վարույթը (Թ.Ավետիսյանի հաղորդման հիման վրա հարուցված) կարճվել է նույն օրը, սակայն դրանց բովանդակություններից ակնհայտ է, որ թիվ 28102516 քրեական գործը հարուցվել է մինչև թիվ 28100216 քրեական գործով վերջնական որոշում կայացնելը։

(...) ՀՀ վճռաբեկ դատարանը Լ.Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 175-րդ, 180-րդ և 182-րդ հոդվածների դրույթները իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) քրեական գործի հարուցմամբ սկսվում է քրեադատավարական այն վարույթը, որի շրջանակներում իրավասու մարմինն իրավունք է ստանում ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` հանցագործությունը և այն կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ։ Միայն քրեական գործ հարուցելուց հետո է վարույթն իրականացնող մարմինն օժտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական և դատավարական գործողություններ կատարելու լայն լիազորություններով և իրավունք ստանում միջամտելու անձանց իրավունքներին և օրինական շահերին, անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառելու դատավարական հարկադրանքի միջոցներ և այլն: (...)»։

Վերոգրյալը վկայում է այն մասին, որ քրեական գործի հարուցման փաստի հետ չկապված և հարուցման դեպքով չանցնող անձանց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների դեպքերով քրեական գործ չհարուցելու պայմաններում, այդ ենթադրյալ հանցագործությունների դեպքերով նախաքննության իրականացումն անօրինական է։ Նման դեպքում խախտվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի պահանջն առ այն, որ նախաքննությունն իրականացվում է միայն հարուցված քրեական գործով։ ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախաքննությունը փաստացի առանց քրեական գործ հարուցելու իրականացնելն անթույլատրելի է դարձնում այդ մասով իրականացված վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը։

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Թամարա Ավետիսյանի հաղորդման մեջ նշված հինգ ենթադրյալ հանցագործությունների դեպքերով (ապօրինաբար Արտուշ Ավետիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի հետ չկապված) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական և դատավարական գործողություններն իրականացվել են պաշտոնական նախաքննության սկիզբն ազդարարող և դրա համար միակ իրավական հիմք հանդիսացող քրեական գործ հարուցելու որոշման բացակայության պայմաններում։ Ընդ որում հարկ է նշել, որ նշված հինգ ենթադրյալ հանցագործությունների դեպքերի մասին վարույթն իրականացնող մարմինը տեղյակ է եղել մինչև թիվ 28100216 քրեական գործը հարուցելը։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը որևէ իրավական հնարավորություն չուներ ապօրինաբար Արտուշ Ավետիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փաստով հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնել նաև Թամարա Ավետիսյանի հաղորդման մեջ նշված մյուս հինգ ենթադրյալ հանցագործությունների դեպքերով։ Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով քրեադատավարական ընթացակարգը սահմանող հիմնարար դրույթների վերոնշյալ էական խախտումը գտնում է, որ Թամարա Ավետիսյանի հաղորդման մեջ նշված մյուս հինգ ենթադրյալ հանցագործությունների դեպքերի կապակցությամբ ձեռք բերված ապացույցները թույլատրելի համարվել չեն կարող, և որպես անթույլատրելի ապացույցներ չէին կարող օգտագործվել դրանց առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար։ Դրա հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված ենթադրյալ հանցագործությունների դեպքերով քրեական գործ հարուցված չլինելու պայմաններում նախաքննությունն իրականացնող մարմինը թիվ 28100216 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ իրավասու չէր իրավական գնահատական տալ դրանց։

(...) Հիմք ընդունելով վերը նշվածը, Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարում Թամարա Ավետիսյանի գործողություններում սուտ մատնություն կատարելու առկայությունը, ինչը հիմք է նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու համար»4։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 26-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ:

8.1. Ըստ բողոքաբերի` քննարկվող դեպքում առկա են եղել ինչպես քրեական գործ հարուցելու առիթը, այնպես էլ քրեական գործ հարուցելու հիմքերը: Մասնավորապես, թիվ 28100216 քրեական գործի շրջանակներում իր լիազորություններն իրականացնելիս, նախաքննության մարմինը ձեռք է բերել այնպիսի տվյալներ (ենթադրյալ ծանր հանցագործության կատարման մասին հաղորդում տալու փաստ, այդ հաղորդման բովանդակությունն իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ այլոց փոխկապակցված ցուցմունքներ), որպիսիք վարույթն իրականացնող մարմինը ողջամտորեն կարող էր բավարար համարել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործության փաստի առկայությունը հաստատված համարելու համար: Բողոքի հեղինակը նաև նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի և 184-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից ակնհայտ է, որ օրենսդիրը հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի համար սահմանել է պարտավորություն՝ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում իրենց իրավասության սահմաններում հարուցելու քրեական գործ, ձեռնարկելու օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործությունը, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: Ընդ որում, հետաքննության մարմինը և քննիչը հանցագործության մասին տեղեկություններ կարող են ձեռք բերել իրենց վարույթում գտնվող քրեական գործի քննության ընթացքում:

8.2. Բողոք բերած անձն ընդգծել է, որ թիվ 28100216 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նոր` թիվ 28102516 քրեական գործը հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին որոշումը կայացնելուց հետո նույն օրը որոշում է կայացվել թիվ 28100216 քրեական գործով վարույթը կարճելու մասին: Ընդ որում, թիվ 28102516 քրեական գործը հարուցելու և թիվ 28100216 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումներ կայացնելու միջև ընկած սեղմ ժամանակահատվածում որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել, ավելին` թիվ 28100216 քրեական գործով Թ.Ավետիսյանը մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ չի ունեցել:

8.3. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ գործնականում հնարավոր է իրավիճակ, երբ նախաքննության ընթացքում մեղադրվող անձը նույն դեպքի կապակցությամբ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնի, իսկ սույն գործով Վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշման պարագայում վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունենա քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու համար սահմանված տասնօրյա ժամկետում գործով վերջնական որոշում կայացնել: Արդունքում, բողոքաբերը եզրահանգել է, որ քննվող քրեական գործով վերջնական որոշման բացակայությունը քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնելու հիմք չէ:

Վերոշարադրյալի հիման վրա, վճռաբեկ բողոքի հեղինակը փաստարկել է, որ թիվ 28100216 քրեական գործի նյութերով սույն քրեական գործը հարուցելով և առանձնացնելով՝ նախաքննության մարմինը թույլ չի տվել քրեադատավարական օրենքի խախտում, որը «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» սկզբունքի համատեքստում կարող էր հանգեցնել սույն քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների ու դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցների օգտագործման անթույլատրելիության:

9. Ելնելով վերոգրյալից՝ բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Թ.Ավետիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահին առկա չեն եղել քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:

Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում կարող է նոր քրեական գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով»:

 

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական գործ հարուցելու առիթներն են`

1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.

2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.

3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս»:

11.1. Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Սիրվարդ Գևորգյանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(...) [Ք]րեական գործի հարուցման փուլի իրավական նշանակությունն այնպիսի դատավարական կարգի ապահովման մեջ է, որի պայմաններում կբացառվի քրեադատավարական գործիքակազմի անհիմն և աննպատակահարմար կիրառումը, հետևաբար նաև՝ ոչ հանցավոր իրադարձությունների կապակցությամբ անձանց իրավունքների ու օրինական շահերի սահմանափակումները և հանրային ռեսուրսների վատնումը: Դրանով պայմանավորված՝ քննարկվող փուլի առաջնային խնդիրներից է քրեական գործ հարուցելու առիթի օրինականության, ինչպես նաև հիմքերի բավարարության պարզումը:

Քրեական գործ հարուցելու առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն (...): Առիթն օրենքով սահմանված այն աղբյուրն է, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների մասին (...): Ընդ որում, քրեական գործ հարուցելու առիթը պետք է բավարարի օրենքով նախատեսված և՛ ձևական (...), և՛ բովանդակային պահանջներին (...):

Քրեական գործ հարուցելու հիմքը հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են: Ընդ որում, քրեական գործ կարող է հարուցվել միայն հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների բավարարության դեպքում: Դրանց բավարարության գնահատման կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է ոչ թե հանցակազմի բոլոր տարրերի, այլ սոսկ հանցագործության արտաքին հատկանիշների առկայության հավաստումը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ենթադրությունն օբյեկտիվորեն կրում է հավանական բնույթ, քանի որ դրա վերջնական հաստատումը գործի քննության հետագա փուլերի խնդիրն է: Քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ենթադրում է հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների այնպիսի համակցություն, որն օբյեկտիվ դիտորդին հնարավորություն կտա ենթադրություն կատարել հանցագործության հավանական առկայության վերաբերյալ: Հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների դեպքում պետք է հարուցվի քրեական գործ (քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում) (...)»5:

11.2. Անդրադառնալով սուտ մատնության դեպքով քրեական գործ հարուցելու առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն Արթուր Մամաջանյանի գործով որոշման մեջ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) [Թ]եև սուտ մատնությունն ավարտված է համարվում իրավասու մարմնի կողմից հանցագործության կամ հանցավորի մասին կեղծ տեղեկությունները ստանալու պահից, սակայն այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմքերը ձևավորվում են այն ժամանակ, երբ օրենքով սահմանված կարգով հաստատվում է հանցագործության մասին հաղորդման բովանդակության սուտ լինելը: Հակառակ պարագայում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ենթադրյալ սուտ մատնություն պարունակող հաղորդման առիթով իրականացվող քննությանը զուգահեռ քրեական հետապնդում կիրականացվի դրան ուղղակիորեն հակադրվող, այն բացառող քրեական վարույթի շրջանակներում: Վերջինս ոչ միայն կիմաստազրկի անձի իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիքները, այլ նաև լուրջ սպառնալիք կստեղծի քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից իրենց լիազորությունները կամայական գործադրելու տեսանկյունից:

(...) [Ս]ուտ մատնության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ստուգելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի ենթադրյալ սուտ մատնություն պարունակող հաղորդման կապակցությամբ օրենքով սահմանված կարգով վերջնական որոշման առկայությունը»6:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- 2016 թվականի հունվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 28100216 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով,

- 2016 թվականի հունիսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել թիվ 28100216 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նոր` թիվ 28102516 քրեական գործը հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին,

- 2016 թվականի հունիսի 30-ին թիվ 28100216 քրեական գործով վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով,

- 2016 թվականի հուլիսի 29-ին թիվ 28102516 քրեական գործով Թամարա Արտուշի Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

- 2016 թվականի նոյեմբերի 18-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Թ.Ավետիսյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու վարույթ հարուցելու մասին,

- Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքն անմեղսունակության վիճակում կատարած Թ.Ավետիսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց7,

 

- Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ Թ.Ավետիսյանի պաշտպան Ս.Մկրտչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշումը՝ բեկանվել, Թ.Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործով վարույթը կարճվել, իսկ նրա նկատմամբ կիրառված անվտանգության միջոցը՝ հսկողության հանձնելը, վերացվել է։ Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Մամաջանյանի և Լևիկ Պողոսյանի գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին, գտել է, որ Թ.Ավետիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահին առկա չեն եղել քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր։ Մասնավորապես՝ առկա չի եղել Թ.Ավետիսյանի հաղորդման կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի վերջնական որոշումը։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ թեև թիվ 28102516 քրեական գործը հարուցվել (սուտ մատնության փաստով), իսկ թիվ 28100216 քրեական գործով վարույթը (Թ.Ավետիսյանի հաղորդման հիման վրա հարուցված) կարճվել է նույն օրը, սակայն դրանց բովանդակություններից ակնհայտ է, որ թիվ 28102516 քրեական գործը հարուցվել է մինչև թիվ 28100216 քրեական գործով վերջնական որոշում կայացնելը։ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ քրեական գործի հարուցման փաստի հետ չկապված և հարուցման դեպքով չանցնող անձանց կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների դեպքերով քրեական գործ չհարուցելու պայմաններում, այդ ենթադրյալ հանցագործությունների դեպքերով նախաքննության իրականացումն անօրինական է։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Թ.Ավետիսյանի հաղորդման մեջ նշված հինգ ենթադրյալ հանցագործությունների դեպքերով (ապօրինաբար Ա.Ավետիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի հետ չկապված) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական և դատավարական գործողություններն իրականացվել են պաշտոնական նախաքննության սկիզբն ազդարարող և դրա համար միակ իրավական հիմք հանդիսացող` քրեական գործ հարուցելու որոշման բացակայության պայմաններում։ Ընդ որում հարկ է փաստել, որ նշված հինգ ենթադրյալ հանցագործությունների դեպքերի մասին վարույթն իրականացնող մարմինը տեղյակ է եղել մինչև թիվ 28100216 քրեական գործը հարուցելը։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը որևէ իրավական հնարավորություն չուներ Արտուշ Ավետիսյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փաստով հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնել նաև Թ.Ավետիսյանի հաղորդման մեջ նշված մյուս հինգ ենթադրյալ հանցագործությունների դեպքերով։ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով քրեադատավարական ընթացակարգը սահմանող հիմնարար դրույթների վերոնշյալ էական խախտումը, գտել է, որ Թ.Ավետիսյանի հաղորդման մեջ նշված մյուս հինգ ենթադրյալ հանցագործությունների դեպքերի կապակցությամբ ձեռք բերված ապացույցները թույլատրելի համարվել չեն կարող, և որպես անթույլատրելի ապացույցներ չէին կարող օգտագործվել դրանց առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար8։

13 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-11.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը՝ գտնելով, որ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահին առկա չեն եղել քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր, պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործով առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Նախևառաջ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սուտ մատնությամբ քրեական գործ հարուցելիս քննիչն այդ որոշման նկարագրական-պատճառաբանական մասում արձանագրել է, որ Թ.Ավետիսյանի հաղորդման հիման վրա հարուցված թիվ 28100216 քրեական գործով ձեռքբերված ապացույցներով հերքվել են Թ.Ավետիսյանի հաղորդման մեջ նշված դեպքերը9։

Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ 28100216 քրեական գործի նյութերով նոր` սուտ մատնության վերաբերյալ թիվ 28102516 քրեական գործը հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին որոշումը կայացնելուց անմիջապես հետո՝ նույն օրը, որոշում է կայացվել թիվ 28100216 քրեական գործով վարույթը կարճելու մասին: Ընդ որում, ինչպես իրավաչափորեն նշել է բողոք բերած անձը, թիվ 28102516 քրեական գործը հարուցելու և թիվ 28100216 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումները կայացնելու միջև ընկած սեղմ ժամանակահատվածում որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել: Ավելին, թիվ 28100216 քրեական գործով Թ.Ավետիսյանը մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ չի ունեցել[10]։ Ուստի, նման պայմաններում անձի իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիքներն իմաստազրկվելու կամ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից իրենց լիազորությունները կամայական գործադրելու հնարավորության վերաբերյալ Արթուր Մամաջանյանի վերաբերյալ քրեական գործով Վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված մտահոգությունները կոնկրետ դեպքում ողջամտորեն բացակայել են:

Մասնավորապես, ի տարբերություն տվյալ քրեական գործի փաստական հանգամանքների, Արթուր Մամաջանյանի վերաբերյալ քրեական գործով, առանց վերջնական իրավական գնահատական տալու և հերքելու Ա.Մամաջանյանի հաղորդմամբ ներկայացված տեղեկությունները, այդ հաղորդման առնչությամբ քրեական հետապնդում իրականացնելուն զուգահեռ նախաքննության մարմինը որոշում էր կայացրել սուտ մատնության հանցակազմի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: Արդյունքում, Ա.Մամաջանյանի նկատմամբ իրարամերժ վարույթներով զուգահեռաբար իրականացվել էր քրեական հետապնդում. Ա.Մամաջանյանն իր կողմից կաշառք տալու վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքով հարցաքննվել էր որպես կասկածյալ՝ այն դեպքում, երբ ընթացքի մեջ էր եղել կաշառք տալու փաստով իրականացվող նախաքննությունը, որի շրջանակներում նա ունեցել էր մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Ընդ որում, կաշառք տալու փաստի առթիվ իրականացվող վարույթն ավարտվել էր 2015 թվականի դեկտեմբերի 28-ին, որից ընդամենը երկու օր անց` 2015 թվականի դեկտեմբերի 30-ին, սուտ մատնության մեղադրանքով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Մինչդեռ տվյալ դեպքում, սուտ մատնության վերաբերյալ թիվ 28102516 քրեական գործը հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին որոշմամբ Թ.Ավետիսյանի հաղորդման մեջ նշված դեպքերը հերքելուց անմիջապես հետո՝ նույն օրը, որոշում է կայացվել թիվ 28100216 քրեական գործով վարույթը կարճելու մասին: Նման պայմաններում, չափազանց ձևականացված (excessive formalism) կարող է լինել Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ թեև թիվ 28102516 քրեական գործը հարուցվել (սուտ մատնության փաստով), իսկ թիվ 28100216 քրեական գործով վարույթը (Թ.Ավետիսյանի հաղորդման հիման վրա հարուցված) կարճվել է նույն օրը, սակայն դրանց բովանդակություններից ակնհայտ է, որ թիվ 28102516 քրեական գործը հարուցվել է մինչև թիվ 28100216 քրեական գործով վերջնական որոշում կայացնելը։ Հարկ է ընդգծել, որ թեև թիվ 28100216 քրեական գործով վարույթը կարճելը ժամանակագրական առումով հաջորդել է սուտ մատնության փաստով քրեական գործ հարուցելուն, սակայն դրանց միջև սեղմ ժամանակային խզման պայմաններում իրարամերժ վարույթներով քննություն չի իրականացվել, ինչը կարող էր հանգեցնել բովանդակային առումով Թ.Ավետիսյանի իրավունքների ոչ իրավաչափ սահմանափակման։

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Թ.Ավետիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահին առկա չեն եղել քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր, հիմնավոր չէ։

14. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում նաև Վերաքննիչ դատարանի այն փաստարկները, որ վարույթն իրականացնող մարմինն իրավական հնարավորություն չուներ ապօրինաբար Ա.Ավետիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փաստով հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնել նաև Թ.Ավետիսյանի հաղորդման մեջ նշված մյուս հինգ ենթադրյալ հանցագործությունների դեպքերով, դրանց կապակցությամբ ձեռք բերված ապացույցները թույլատրելի համարվել չեն կարող, և որպես անթույլատրելի ապացույցներ չէին կարող օգտագործվել դրանց առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար, և որ նշված ենթադրյալ հանցագործությունների դեպքերով քրեական գործ հարուցված չլինելու պայմաններում նախաքննությունն իրականացնող մարմինը թիվ 28100216 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ իրավասու չէր իրավական գնահատական տալ դրանց։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իր դիրքորոշմամբ տրված գնահատականով քննարկման առարկա է դարձրել թիվ 28100216 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման իրավաչափությունը և ըստ էության փաստացի իրականացրել թիվ 28100216 քրեական գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն այն դեպքում, երբ իր իրավասությունը սահմանափակված էր սուտ մատնության մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների գնահատմամբ։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման համատեքստում կարևոր է ընդգծել, որ այդ ապացույցների թույլատրելիությունը գնահատելիս հաշվի չի առնվել նաև այն առանցքային հանգամանքը, որ անկախ բոլոր դրվագներով քրեական գործ հարուցված լինելու հանգամանքից, վերջիվերջո որպես ապացույց՝ առկա է եղել բոլոր այդ դրվագներով Թ.Ավետիսյանի կողմից տրված հաղորդումը, ինչն էլ հետագայում գնահատվել է որպես սուտ մատնության կատարում։

15. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 175-րդ, 176-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Թամարա Արտուշի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 9-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական: