Գլխավոր տեղեկություն
Համար
N 1297-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.08.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1297-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՀԱՆՐԱԳԻՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՆՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՀԱՆՐԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1218-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3.1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու առանձնահատկությունները՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի «Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» N 1218-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


09.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 6-ի N 1297-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՀԱՆՐԱԳԻՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները վարում են էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ մուտքագրվում են ներկայացված հանրագրերը:

2. Հանրագիրը ենթակա է գրանցման պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանում հանրագիրն ստանալու օրը:

3. Թղթային եղանակով ներկայացված հանրագրերը հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանում մուտքագրվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, իսկ էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրերը՝ ինքնաշխատ եղանակով:

4. Եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում դիտարկվում է որպես հանրագիր, ապա այն մուտքագրվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյան:

5. Անանուն հանրագիրը, ինչպես նաև այն հանրագիրը, որում նշված չէ հետադարձ կապի վերաբերյալ որևէ տեղեկություն, ենթակա չէ գրանցման և քննարկման:

6. Հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանում նշվում են՝

1) հանրագրի վերնագիրը.

2) ֆիզիկական անձի դեպքում` հանրագիրը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

3) իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

4) կոլեկտիվ հանրագրի դեպքում` նաև հանրագիր ներկայացրած այն պատասխանատու անձը, որը լիազորված է հանդես գալու հանրագիրը ներկայացնողների անունից.

5) հանրագիրը ներկայացուցչի միջոցով ներկայացվելու դեպքում՝ նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման կամ գործունեության վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

6) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.

7) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների անունը, ազգանունը կամ անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


09.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 6-ի N 1297-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՆՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ՀԱՆՐԱԳՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ, ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հանրագիրը կարող է ներկայացվել էլեկտրոնային հարթակի միջոցով, որտեղ մուտք գործելիս հանրագիր ներկայացնող անձը, կոլեկտիվ հանրագրի դեպքում՝ գլխավոր նախաձեռնողը, ներկայացուցիչը, իրավաբանական անձի դեպքում՝ կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը կամ իրավաբանական անձի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը նույնականացվում են։

2. Էլեկտրոնային հարթակում պետք է լրացվեն հետևյալ տեղեկությունները՝

1) հանրագրի վերնագիրը.

2) ֆիզիկական անձի դեպքում` հանրագիրը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

3) իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.

4) կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.

5) կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների անունը, ազգանունը կամ անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն.

6) ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը.

7) այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որին ուղղված է հանրագիրը.

8) հանրագիր ներկայացնող անձի առաջարկը, ինչպես նաև հիմնավորումը` ցանկության դեպքում.

9) կից փաստաթղթեր և այլ նյութերը անհրաժեշտության դեպքում:

3. Հանրագիրը պետք է ստորագրվի այն ներկայացրած անձի, կոլեկտիվ հանրագրի դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի, ներկայացուցչի, իրավաբանական անձի դեպքում՝ կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կամ իրավաբանական անձի կողմից օրենքով սահ մանված կարգով լիազորված անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

4. Էլեկտրոնային հարթակում նոր հանրագիր ներկայացնող անձը էլեկտրոնային հարթակում նշում է կատարում ներկայացված հանրագրի անհատական կամ կոլեկտիվ լինելու, ինչպես նաև հանրագիրը չհրապարակելու մասին:

5. Հանրագիրը մերժելու հիմքերի բացակայության դեպքում թղթային եղանակով կամ էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագիրը ոչ ուշ, քան ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից նշում՝ հանրագիրը չհրապարակելու մասին:

6. Ներկայացված հանրագիրը էլեկտրոնային հարթակում հրապարակվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից:

7. Ներկայացված հանրագիրը էլեկտրոնային հարթակում չի հրապարակվում, եթե պարունակում է մարդու և քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ:

8. Հանրագիրը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ենթակա է լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննարկման, եթե առկա չեն հանրագրի քննարկումը մերժելու հիմքերը:

9. Անհրաժեշտության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում մասնագիտական հմտություններ և գիտելիքներ օգտագործելու նպատակով իրավունք ունեն հանրագրի քննարկմանը ներգրավելու մասնագետների, ինչպես նաև ձևավորելու առանձին հանձնաժողով կամ այլ աշխատանքային խումբ:

10. Եթե էլեկտրոնային հարթակում հանրագիր նախաձեռնած անձը ներկայացնում է անհատական հանրագիր, ապա հրապարակված հանրագրին այլ անձինք չեն կարող միանալ:

11. Եթե էլեկտրոնային հարթակում հանրագիր նախաձեռնած անձը ներկայացնում է կոլեկտիվ հանրագիր, ապա հանրագրի աջակիցները հանրագրին կարող են միանալ հանրագիրը էլեկտրոնային հարթակում հրապարակվելուց հետո 30-օրյա ժամկետում:

12. Էլեկտրոնային հարթակում հրապարակված և որպես կոլեկտիվ ընտրված հանրագիրը համարվում է անհատական, քանի դեռ սույն որոշմամբ սահմանված ժամկետում որևէ անձ չի միացել հանրագրին:

13. «Հանրագրերի մասին» ՀՀ oրենքով սահմանված ժամկետում և հիմքերի առկայության դեպքում էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաև պատասխանն ուղարկվում են հանրագիր ներկայացրած անձի, իսկ կոլեկտիվ հանրագրի դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի և հանրագրի աջակիցների ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեին և հրապարակվում էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագիրը չհրապարակելու մասին նշում:

14. Հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումները, ինչպես նաև պատասխանը էլեկտրոնային հարթակում հրապարակելու դեպքում նշվում են հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումների կամ հանրագրի պատասխանի ներկայացման ամսաթիվը, ինչպես նաև այն ներկայացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


09.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2021 թվական: